Skip to main content

Առանց վախի ապրելու իրավունք

 

Այս հրաշալի քաղաքում ընդամենը երկու շաբաթ առաջ աննախադեպ քանակությամբ երկրների ղեկավարներ էին հավաքվել խոսելու նոր հազարամյակում աշխարհի առջև կանգնած մարտահրավերների և իրենց երկրների ձեռքբերումների ու ապագայի իրենց պատկերացումների մասին: Իհարկե, արտահայտված բազմաթիվ կարծիքները տարբեր տեսանկյուններ, շեշտադրումներ և մոտեցումներ էին ներկայացնում, բայց նաև հստակ է, որ աշխարհի առաջնորդները մեկնեցին գագաթաժողովից համընդհանուր արժեքների, սկզբունքների և ավելի խաղաղ ու բարեկեցիկ աշխարհ ունենալու գաղափարին իրենց հավատարմությունը վերահաստատած: Այս ամենը հստակ արտացոլված էր գլխավոր քարտուղարի զեկույցում և Հազարամյակի հռչակագրում, որը մեզ առաջիկա տարիների համար ընդհանուր օրակարգի նախագիծ է առաջարկում:

Սա համաշխարհային օրակարգ է համաշխարհային նպատակների համար, բայց ինչպես հաճախ ասվում է, ցանկացած քաղաքականություն տեղական է, և ամեն ինչ սկսվում է տնից: Հետևաբար, ի վերջո ամեն պետություն ինքնուրույն պետք է փոփոխություն նախաձեռնելու պատասխանատվություն ստանձնի սեփական երկրում ու սեփական տարածաշրջանում, որպեսզի միասին որակապես փոխեն աշխարհը: Հայաստանը գիտակցում է իր պատասխանատվությունը և պատրաստակամ է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և բարեկեցությունը բարձրացնելու գործում իր լուման ներդնել:

Գլխավոր քարտուղարի Հազարամյակի զեկույցը համաշխարհային մարտահրավերները խմբավորում է երեք բացահայտ խորագրերի ներքո՝ ազատություն կարիքից, ազատություն վախից և ապագա սերունդների ազատություն՝ պահպանելու սեփական կյանքն այս մոլորակի վրա:

Գլոբալիզացիան պետք է խթանի տնտեսական զարգացումն աշխարհում, որպեսզի ապագա սերունդները կարողանան պահպանել իրենց կյանքն ու հնարավոր դարձնեն այնպիսի տնտեսական ինքնաբավությունը, որը մենք բոլորս ենք ցանկանում մեր հասարակությունների համար: Աշխարհում կառավարությունների համար հիմնական խնդիրն այսօր հաստատուն քաղաքականության ու համապատասխան կառուցվածքային փոփոխությունների իրականացումն է, որը հնարավորություն է տալիս դիմագրավել գլոբալիզացիայի ներկայացրած մարտահրավերներին, օգտվել նրա ընձեռած հնարավորություններից՝ առանց նրա վտանգներին զոհ գնալու:

Միևնույն ժամանակ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված հեղափոխությունը համաշխարհային շուկան բացել է նոր դերակատարների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինտերնետը դարձել են տնտեսական զարգացումը խթանող շարժիչ և միևնույն ժամանակ, ճիշտ օգտագործելու պարագայում՝ մեծ համահարթեցնող: Նրանք խոստումնալից են անսահման առաջընթացի առումով և թույլ են տալիս անգամ փոքր ու դեպի ծով ելք չունեցող երկրներին իրենց կյանքի գրեթե բոլոր բնագավառներում օգտվելու համաշխարհային հասանելիությունից: Հայաստանը լիովին գիտակցում է սա և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը դարձրել է իր տնտեսական աճի առանցքը: Մենք արդեն գործնական քայլեր ենք ձեռնարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության զարգացումը խթանելու ուղղությամբ և արտասահմանյան ներդրողների հետ մեկտեղ նախնական աշխատանքներ ենք սկսել մայրաքաղաքի ծայրամասերից մեկում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերական կենտրոն ստեղծելու նպատակով:

Միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը պետք է համապատասխանի առկա մտավոր ներուժը և տաղանդը նոր հմտություններով օժտելուն ներկայացվող այս պահանջին: Մենք կապահովենք, որպեսզի կրթական ծրագրերը ներառեն համակարգչային գրագիտությունն ու ինտերնետային գիտելիքների ուսուցումը: Մինչև 2005 թվականը մեր բոլոր դպրցները կունենան համակարգչային կարողություններ՝ անսահմանափակ ինտերնետային մուտքով:

Ազատությունը կարիքից և ազատությունը վախից ձեռք ձեռքի են քայլում: Առանց ազատ, ժողովրդավարական, բաց համակարգի՝ ներսում, և խաղաղության ու կայունության՝ մեր հարևանությամբ, հնարավոր չէ տնտեսական բարեկեցության հասնել: Հայաստանի անկախության հաստատումից անցած այս 9 տարիների ընթացքում մենք մեծ ջանքեր ենք գործադրել մեր հասարակության մեջ ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքն արմատավորելու համար: Այս տարի՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությամբ այդ գործընթացներն անշրջելի կդառնան: Անդամակցությունից բխող պարտավորությունները կամրապնդեն ու կզորացնեն այն ամենը, ինչին հասել ենք մինչ օրս:

Տնտեսական բարգավաճումը նույնպես խարսխվում է տարածաշրջանային կայունության վրա: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը կախված են հավասար տնտեսական զարգացումից և երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև բազմաշերտ տնտեսական համաձայնությունների ձեռքբերումից: Ակնհայտ է, որ համակեցության նոր միջավայրը նոր մոտեցումներ է պահանջում միջազգային կազմակերպություններից: Տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրացիան քաղաքականապես ու տնտեսապես թելադրող է դարձել: Սա հատկապես կիրառելի է Կովկասի համար, որն սկսում է իրեն դրսևորել որպես մի տարածաշրջան, որտեղ մրցակցում են քաղաքական ու տնտեսական շահերը:

Մենք մեր անվտանգությունը ոչ միայն երկկողմ հարթության վրա ենք դիտարկում, այլև տարածաշրջանային՝ ավելի լայն եվրոպական համատեքստում: Մենք համոզված ենք, որ հեռանկարում մեր ազգային անվտանգությունը խարսխված պիտի լինի տարածաշրջանային կայունության վրա:

Մենք համոզված ենք, որ տնտեսական համագործակցությունը կօգնի մեզ հաղթահարել քաղաքական խնդիրները և կօժանդակի քաղաքական հարցերի լուծմանը: Կայուն ու ժողովրդավարական Կովկասը դեռևս կայացման փուլում է: Այնուհանդերձ, տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման խոստումը չպետք է ստվերի ի հայտ եկած փխրուն հավասարակշռությունը: Մենք ընդունում և ողջունում ենք այն կառուցողական դերը, որ կարող են ու պետք է խաղան ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը և Անկախ պետությունների համագործակցությունը տարածաշրջանային հավասարակշռությունն ամրապնդելու համար: Հայաստանը մտադիր է իր համագործակցությունն ընդլայնել այս կազմակերպությունների շրջանակներում և ավելի շատ ներգրավվել տարբեր տարածաշրջանային կառույցների աշխատանքներին: Սակայն այս տարաբնույթ մարմինները չպետք է, իրենց սկզբունքների անհավասար կամ անհետևողական կիրառման արդյունքում, սրեն առկա տարածաշրջանային անհավասարությունները:

Հայաստանը համոզված է, որ Կովկասին անհրաժեշտ է կայունության ու անվտանգության տարածաշրջանային համակարգ, և մենք պատրաստ ենք աշխատել այն ստեղծելու ուղղությամբ: Մենք առաջինն էինք, որ անցյալ տարի՝ Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում, առաջարկեցինք սկսել տարածաշրջանի համար կայունության դաշինքի հանգեցնող համապարփակ տարածաշրջանային անվտանգությանը տանող մի գործընթաց: Հայաստանը որդեգրել է և կհետևի իր փոխլրացման քաղաքականությանը, այն է՝ հավասարապես հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որոնք քաղաքական կամ տնտեսական շահեր ունեն Կովկասում: Այս մոտեցումը բավականին արդյունավետորեն է գործել վերջին մի քանի տարիների ընթացքում, և համոզված ենք, որ այն իր նպաստն է բերել տարածաշրջանում բևեռացման ու լարվածության թուլացմանը:

Այնուհանդերձ, տարածաշրջանի վրա շարունակում է իր բացասական ազդեցությունն ունենալ Հայաստանի ու մեր հարևան Թուրքիայի միջև պաշտոնական հարաբերությունների բացակայությունը: Թեև իր անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ընտրություն կատարեց հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին, Թուրքիան պնդեց և շարունակում է պնդել որոշ պայմանների վրա, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղին ու հայոց ցեղասպանության ճանաչմանը:

10 օր առաջ, Հազարամյակի գագաթաժողովին, նախագահ Քոչարյանը խոսեց այս հարցի մասին և իր ձեռքը մեկնեց մեր հարևանին, որպեսզի մենք միասին կարողանանք ուղիներ գտնել ապրելու անցյալի ճշմարտությամբ՝ առանց վտանգելու ապագայի խոստումը: Ցավոք, Թուրքիայի արձագանքը հաստատեց, որ նրանք շարունակում են ընթանալ մի ուղով, որտեղ պատմության հանդեպ վախը սահմանափակում է գործելու իրենց ազատությունը:

Սակայն չկա ազգային պատմություն դատարկության մեջ: Որպեսզի կարողանան հաղթահարել հակամարտությունների, պատերազմների ու ատելության իրենց պատմությունները, Ֆրանսիան ու Գերմանիան, Անգլիան ու Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան ստիպված էին միասնաբար հաղթահարել այդ անցյալը: Իրոք, շատ ազգեր են իրենց բարոյական ու հոգեկան վերածնունդը գտել սեփական մեղքերի քավության մեջ, ճշմարտության միջոցով վերարժևորելու, իրենց անցյալին պարզ հայացքով նայելու մեջ: Պարտահատուցումն ու հաշտեցումն առանց ճշմարտության հավերժորեն անհասանելի կլինեն:

Հազարամյակի գագաթաժողովի հռչակագիրը արծարծում է վախից ազատ լինելու իրավունքի՝ հայերի համար մի շատ կարևոր թեմա: Հազարամյակի հռչակագիրը ապահովում է գաղութային գերիշխանության կամ օտար տիրապետության տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղում թե՛ գաղութային գերիշխանություն էր խորհրդային իշխանության կողմից, թե՛ օտար տիրապետություն՝ Ադրբեջանի կողմից, որի իրավասությանն էր հանձնվել հայկական տարածքը 1923թ. անօրինական կերպով ու անարդարացիորեն: Մի ժողովրդի համար, որի հայրենակիցները սահմանից այն կողմ էին, բայց անհասանելի, այսպիսի բաժանարար գործողությունն ու դրան հետևած ենթակայության կրկնակի շերտը անհանդուրժելի էր: Խորհրդային Միության իշխանության տասնամյակների ընթացքում և ԽՍՀՄ փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերը հանդես եկան իրենց ինքնորոշման իրավունքի պահանջատիրությամբ, ինչի մերժումը հանգեցրեց ռազմական հակամարտության, փախստականների ու զոհերի:

Վերջին 6 տարիների ընթացքում հակամարտության ռազմական փուլը դադարել է, իսկ հայերը հավատարիմ են մնում տևական կարգավորման հասնելու իրենց ձգտմանը, որը խաղաղություն ու անվտանգություն կբերի Լեռնային Ղարաբաղին՝ Հայաստանի հետ անխափան աշխարհագրական կապով: Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և ցանկանում ենք շեշտել նրանց ներդրումը զինադադարի պահպանման գործում: Նույն եռանդով մենք պատրաստ ենք պահպանելու մեր ուղիղ կապերը Ադրբեջանի հետ՝ փոխզիջման հասնելու նպատակով: Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ավելի արդյունավետ կլինեն, քանի որ հենց Ղարաբաղի ժողովուրդն է, որ ի վերջո պիտի որոշի սեփական ճակատագիրն ու ապագան:

Իր զեկույցում գլխավոր քարտուղարը արդարացիորեն նշում է, որ այսօր ավելի շատ պատերազմներ են մղվում պետությունների ներսում, քան նրանց միջև: Այնուհանդերձ, ոչ մի փորձ չի արվում այս նոր մարտահրավերին ավելի արդյունավետ, իմաստալից ու իրատեսական լուծում տալու ուղղությամբ:

Յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկվի սեփական չափանիշներով, իր ժողովրդի ու քաղաքական ղեկավարության գործողություններով և ձեռք բերած համաձայնություններով: Իսկ միջազգային հանրությունը կարող է ոչ միայն իր աջակցությունն ապահովել ու հնարավոր խթան դառնալ ձևափոխումների այս գործընթացի համար, այլև մտավոր, հայեցակարգային մոդելներ առաջարկել թվացյալ անզիջում հակամարտությունների լուծմանը հանգեցնող համապատասխան համաձայնությունների համար: Մենք հավատացած ենք, որ հակամարտող կողմերին ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն տվող համապատասխան շրջանակներ մշակելիս, հավաստիացումները պետք է ճկուն կերպով ձևակերպվեն և առանձնահատուկ ուղղվածություն  ունենան դեպի որոշակի տեսակի հակամարտությունների լուծումը: Եթե թույլ կտաք փոխաբերություն օգտագործել, մենք պետք է մտածենք «կերպն ի հետևանք գործառնության» ձևով: Երևան եկող հնարավոր լուծումների գործառնությունը և վերջնական խաղաղ պայմանագրի լայն ուրվագիծը պետք է հիմնվեն, մեր կարծիքով, միջոցների կամ սկզբունքների վրա, որոնք տվյալ խնդրի համար են մշակված, առանձնահատուկ են և գուցե անգամ՝ եզակի: Համոզված ենք, որ առանց նման առանձնահատուկ մոտեցման, ընդհանուր, շարքային բանաձևերը հարմար չեն լինի այն հակամարտության լուծման համար, որում մենք այս պահին խորապես ներգրավված ենք, և որի երկարատև լուծումը մեր մտահոգության առարկան է:

Մեզ համար խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում նշանակում է մեր հարևան Ադրբեջանի հետ թշնամության ու հակամարտության դրությունը վերափոխել համագործակցության ու ամրապնդված անվտանգության իրավիճակի: Մենք կցանկանայինք մտածել այն օրվա մասին, երբ Ղարաբաղը մեր երկու երկրները բաժանող անդունդից կվերածվի կամրջի՝ կառուցված հօգուտ այդ խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր ժողովուրդների:

Հազարամյակի գագաթաժողովի կողմից ընդունված քաղաքական փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ուղեցւոյցն է գալիք տարիների համար: Հայաստանը վստահ է, որ այս կազմակերպությունը, հաշվի առնելով նրա ակնառու դերակատարումն ու պատմությունը, կարողություն ունի առավել արդյունավետորեն դիմակայելու նոր մարտահրավերներին: Վերջին 5 տասնամյակի ըթնացքում կուտակված հսկայական փորձը կարող է հաջողությամբ կիրառվել ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության հասնելու համար:

Այնուամենայնիվ, և վերջապես պատասխանելով այսօրվա նոր մարտահրավերներին ու նոր պահանջներին, ՄԱԿ-ի բարեփոխումները պետք է իրականացվեն այս աշխույժ կազմակերպությունն ուժեղացնելու համար: Անվտանգության խորհրդի առաջարկվող ընդլայնմամբ այդ ռազմավարական մարմինը կդառնա առավել ներկայացուցչական ու իր որոշումները կկայացնի ավելի մեծ իրավազորությամբ:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...