Skip to main content

Ռասիզմ, այլատյացություն, անհանդուրժողականություն

 

Մեր կառավարությունը միանում է այս խորհրդաժողովի գումարման առթիվ հարավաֆրիկյան ժողովրդին և իշխանություններին ուղղված ջերմ շնորհավորանքներին: Հարավային Աֆրիկայի ընտրությունը, մի տարածաշրջան, որտեղ ճշմարտությունը հաղթանակել է անարդարության նկատմամբ, վկայությունն է այն բանի, որ այս նոր դարում աշխարհը պատրաստ է ընդունել սեփական պատասխանատվությունը և հանդիսավոր կերպով ազդարարել իր հանձնառության մասին՝ մարտնչելու ընդդեմ ռասիզմի ու ցեղասպանության, ինչպես նաև այլատյացության ու խտրականության դեմ, որոնք ծնունդ են տալիս այդ երևույթներին:

Եթե մենք այստեղ արդյունավետ կատարենք մեր աշխատանքը, ապա այս խորհրդաժողովը կճանաչվի որպես ՄԱԿ-ի ամենից կարևոր համագումարներից մեկը: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, մենք աներեր պիտի գտնվենք մեր այն համոզմունքի մեջ, որ մարդկությունը, որպես մեկ ընտանիք, հանձնառու է կանխարգելմանը, կրթական-բացատրական աշխատանքին և պաշտպանությանը, որոնք նպատակ ունեն մեկընդմիշտ արմատախիլ անելու ռասիզմը, ազգային խտրականությունը, այլատյացությունը և հարակից անհանդուրժողականությունը: Այս ծանր պատասխանատվության բեռը կիսում ենք ամենքս, քանզի, եթե այլ պատճառ էլ չլինի, մեր ժողովուրդներից յուրաքանչյուրը, իր երկարամյա պատմության հոլովույթներում, այս կամ այն կերպ ճաշակել է նման մոլեռանդության դառը հետևանքները՝ կամ որպես զոհ, կամ որպես նախահարձակ կողմ: Իսկ ամենակարևորն այն է, որ նման սարսափներից զերծ աշխարհում մեզ բոլորիս բարգավաճ կյանք է սպասում:

Պարոն նախագահ, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային օրենքները վաղուց ի վեր արգելել են պետությունների կողմից արտոնված բռնությունն ընդդեմ անհատների և պետությունների վրա պատասխանատվություն են դրել՝ պաշտպանելու անհատներին բռնությունից: Սակայն պետությունների կողմից մարդկանց խմբերի դեմ հրահրվող բռնությունը սանձող նման միջազգային սահմանափակումների բացակայությունն, իրականում, միջնորդություն է հարձակվողի օգտին: Նման վարքագծի դատապարտումը ոչ միայն թույլ կտա հարձակման զոհերին պաշտպանելու իրենց, այլև կարող է կանխարգելել նման բռնությունները՝ սադրիչներին հասկացնելով, որ ոտնձգությունները կհակադարձվեն: Միջազգային արդյունավետ հակազդեցությունը կարող է օգնել կանխելու խտրականության ծայրահեղ դրսևորումների տարածումը, ինչը, վերահսկողությունից դուրս լինելու պարագայում, անշրջելի սարսափների կարող է հանգեցնել: Նման սարսափների ենք մենք ականատես անգամ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ մեր սեփական տարածաշրջանը, և ես վստահ եմ, որ մենք միայնակ չենք մեր այն հիասթափության մեջ, որ բազմազանության ու համաշխարհային ինտեգրացիայի խոստումները մնում են կիսակատար, և որ անմեղ քաղաքացիներ հետապնդումների են ենթարկվում ընդամենը ազգային պատկանելիության, կրոնական դավանանքի կամ ազգային ծագման պատճառներով: Նման ռասիստական հետապնդումների գագաթնակետը, հայերի պարագայում, եղավ ցեղասպանությունը:

Պարոն նախագահ, Հայաստանն ու հայ ժողովուրդը քաջագիտակ են այն փոխշաղկապվածությանը, որ գոյություն ունի ռասիզմի այդ բարձրագույն դրսևորման՝ ցեղասպանության և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև: Այս երկու, արտաքուստ տարաբնույթ երևույթները, խորապես փոխկապակցված են: Ամենևին էլ զարմանալի չէ, որ անհրաժեշտության դեպքում՝ ճնշամիջոցների գործադրմամբ մեկ այլ խմբի նկատմամբ գերիշխանություն հաստատելու իշխող քաղաքական կամ ազգային խմբի վճռականությունը պետք է, վերջիվերջո, ճնշողներին մղի ընդվզման, ազատության որոնումների ու բռնիշխանական լծի թոթափման, կարճ ասած՝ սեփական ճակատագիրը տնօրինելու: Ժողովրդի ֆիզիկական, մշակութային և որպես համախմբի գոյատևումն ապահովելու այս բնազդն է, թերևս, որ շատ հաճախ որպես արդարացում է օգտագործվում ճնշման ծայրահեղ ձևի՝ տվյալ ժողովրդի ակտիվ, համակարգված ու ծրագրված ֆիզիկական բնաջնջման՝ ցեղասպանության համար: Եթե հանդգնում ես կամենալ լինել ազատ ու անկախ, սեփական ճակատագիրդ տնօրինել և տեր լինել քո իսկ նախնիների պատմական բնօրրանում, ապա արժանի ես մահվան:

1915թ. հայերը ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանության, որովհետև ցանկանում էին լինել ազատ ոտնձգություններից, կամայականություններից, իրավազրկումից ու ֆիզիկական սպառնալիքներից: Նրանք, փաստացիորեն, հանդգնել էին ազդարարել, որ արժանի են պաշտպանության, ապահովության ու ազատության: Հետևաբար, նրանք պատժվեցին, ենթարկվեցին հալածանքների ու դատապարտվեցին ոչնչացման՝ որպես անհավատարիմ ապստամբներ: Հայերի ցեղասպանությունը, մինչև իսկ մերօրյա ժամանակներում, ոմանց կողմից մերժվում է՝ որպես ապստամբների ու այլամիստների արդարացված, հասկանալի, մեծածավալ ջարդ:

Հայերը նաև խորապես գիտակցում են, որ ցեղասպանությունը, որպես քաղաքական լծակ, շարունակվեց կիրառվել անցյալ դարավերջին ևս, հենց այսպիսի թողտվության ու ժխտման հետևանքով: Սակայն, եթե միջազգային հանրությունը պատասխանատու չէր բուն ոճրագործության համար, ապա միջազգային հանրությունը պատասխանատու է ոճրագործությունը չդատապարտելու համար:

Այդ պատճառով էլ համոզված եմ, որ սա մի հիանալի առիթ է ողջունելու այն անհատներին, երկրներին ու խորհրդարաններին, որոնք քաջություն ունեցան ճանաչելու և դատապարտելու ցեղասպանության մերօրյա առաջին դրսևորումը: Ես ողջունում եմ ոչ միայն նրանց արարքի էթիկական ու բարոյական խիզախությունը, այլ նաև նրանց կողմից պատասխանատվության ստանձման գիտակցումը անցյալի սխալների հանդեպ՝ դրանք հաղթահարելու ու ապագային նայելու համար:

Հատկապես կուզենայի այդ առումով նշել Ֆրանսիան և Ուրուգվայը, Ռուսաստանի դուման, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի և այլ խորհրդարաններ և կոչ անել մյուսներին ճանաչել և ընդունել անցյալի հանցագործությունները, ինչպիսին 1915թ. հայոց ցեղասպանությունն է: Պատմությունը վկայում է, որ այս անարդարության ժամանակին չճանաչումն ու չդատապարտելը հանգեցրին միլիոնավոր այլ մարդկանց անպատմելի տառապանքներին երկրորդ աշխարհամարտի տարիներին և դրանից հետո:

Պարոն նախագահ, այսօր, արդի աշխարհում, մենք շարունակում ենք պայքարել անցյալի սխալների դեմ: Լեռնային Ղարաբաղի հայությունը արդեն ավելի քան մեկ տասնամյակ պայքար է մղում խորհրդային կայսրության ժամանակներում սկիզբ առած խտրականությունից, բռնությունից, կամայականություններից, իրավազրկումից ու ֆիզիկական սպառնալիքներից զերծ լինելու համար: Մոլեռանդության ու այլատյացության հետևանքների ցայտուն օրինակ է 1921թ. Բաքվի ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնելու պատմությունը:

Դրանից ճիշտ մեկ տարի առաջ՝ 1920թ., Ազգերի լիգան հրաժարվել էր ճանաչել Ադրբեջանը՝ Արևելյան Անդրկովկասի հայաբնակ տարածքների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա նկրտումների պատճառով: Ազգերի լիգային ուղղված Ադրբեջանի Հանրապետության դիմումագրի կապակցությամբ գրված հուշագրում Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը նշում է արել. «Հետաքրքրական է նկատել, որ այս տարածքը (իմա՝ Ադրբեջանը), 40 հազար քառակուսի մղոն մակերեսով, երբեք նախկինում որպես պետություն գոյություն չի ունեցել»:

Եվ հենց այդ «նախկինում պետություն չհանդիսացող տարածքին» էր, որ խորհրդային իշխանությունների կողմից նվիրաբերվեց հայաբնակ, հայերի կողմից կառավարվող և պատմականորեն Լեռնային Ղարաբաղը: Արդյունքում՝ հաջորդող տասնամյակների ընթացքում հայերը շարունակաբար ենթարկվեցին համակարգված կոտորածների, տեղահանումների, անջատման, խտրականության և անհանդուրժողականության այլաբնույթ դրսևորումների:

Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականությունից և ճնշումներից ձերբազատվելու միակ ուղին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն էր: Հայերը դրան էին հետամուտ խորհրդային իշխանության 7 տասնամյակների ընթացքում և շարունակեցին պայքարը հանուն մարդու հիմնարար այս իրավունքի, երբ սկսվեց «վերակառուցումը» և հետո՝ Խորհրդային Միության՝ փլուզման ելևէջներում: Սակայն Ղարաբաղում բնակվող հայերի մարդու իրավունքների ժխտումը Ադրբեջանի կողմից չդադարեց:

Մոտ մեկ տասնամյակ առաջ հայերի դեմ զանգվածային կոտորածներ ու ջարդեր կազմակերպվեցին Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում: Սա, իր հերթին, հանգեցրեց Ադրբեջանից հայերի զանգվածային արտագաղթի: 1988-1994թթ. Հայաստանն ապաստան տվեց շուրջ 500 հազար փախստականների: Այդ ժամանակներից սկսած Հայաստանի կառավարությունն ամեն ջանք գործադրել է փախստականների հոգսերը թեթևացնելու համար: Հայաստանում փախստականներին տրվեցին Հայաստանի քաղաքացիների բոլոր իրավունքներն ու արտոնությունները: Դրան հակառակ, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փախստականներին օգտագործել քարոզչական նպատակներով՝ նրանց պահելով գաղթականների ճամբարներում:

Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, քրդերը, հրեաները, ռուսները, հույները, ասորիները և այլոք, վայելում են հավասար իրավունքներ և օրենքի հավասար պաշտպանությունը: Մեր տարածաշրջանում մենք պատրաստ ենք լիովին կենսագործելու հանդուրժողականության քաղաքականություն և վայելելու նրա պտուղները:

Պարոն նախագահ, գլխավոր քարտուղար Քոֆի Անանը վերջերս մեզ հիշեցրեց, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է այն հավատով, որ երկխոսությունը կհաղթի անհամաձայնությանը, որ բազմազանությունը համընդհանուր արժեք է, և որ աշխարհի ժողովուրդները շատ ավելի միավորված են իրենց ընդհանուր ճակատագրով, քան՝ բաժանված իրենց տարբեր ինքնություններով:

Այսօր աշխարհը ռասիզմի և ռասայական խտրականության բոլոր դրսևորումներից ազատագրելու և մեզ շաղկապող ճակատագիրը հուսատու ու խոստումնալից դարձնելու մեր ջանքերը հասել են ծայրահեղ կետի: Այս խորհրդաժողովը եզակի հնարավորություն ունի նոր գործակցության հիմքերը դնելու պետությունների ու քաղաքացիական հասարակությունների միջև՝ շեշտելով ռասիզմի ավանդական, ինչպես նաև նորօրյա դրսևորումների դեմ պայքարի հարաճուն կարևորությունը: Տարածաշրջանային հանդիպումները, սեմինարները և ազգային մակարդակում կատարված աշխատանքը մեծապես նպաստել են այս խորհրդաժողովի գումարմանը, որտեղ արձագանքում են զոհերի ձայնն ու կոչը, և դրանք լսելի են ամենքի կողմից:

Դեռևս շատ ջանքեր են պահանջվում կառավարություններից՝ եզրափակիչ հռչակագրում հստակորեն արտահայտելու ռասիզմի դեմ պայքարելու իրենց քաղաքական կամքը: Հանդուրժողականության և փոխըմբռնման վրա հիմնված երկխոսություն է նաև պահանջվում գործողությունների ծրագրի իրականացման համար:

Պարոն նախագահ, կուզենայի Ձեզ հավաստիացնել, որ մեր կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնելու այս խորհրդաժողովի նպատակները: Մենք դա անում ենք թե՛ բարոյական, և թե՛ գործնական նկատառումներից ելնելով: Մենք տառապել ենք ծայրահեղ անհանդուրժողականությունից, և ամենևին չենք ցանկանում, որ նման ճակատագիր վիճակվի որևէ այլ ժողովրդի: Մենք նաև զոհ ենք դարձել կեղծ հավասարագնահատման և հասկանում ենք, որ դա միայն քաջալերում է ճնշողներին: Միաժամանակ, աշխարհն այնքան է փոքրացել, որ չենք կարող մեզ բաժին ընկած սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծել մեկս մյուսի հաշվին: Մինչ արդի տեխնոլոգիաների ու զանգվածային տեղեկատվության միացյալ հզորություններն ի սպաս կդրվեն փարատելու ցեղի, գույնի, ծագման, ազգային պատկանելության, կրոնի, լեզվի, մշակույթի, խավի, դասակարգի և այլ կարգավիճակների հետ կապված սնահավատություններն ու մտավախությունները, նման բազմակերպությունն ու բազմազանությունը վերացնելու ձգտման փոխարեն՝ մեզ մի համընդհանուր հնարավորություն է ընձեռվում օգտվելու այդ բազմազանությունից և կառուցելու ավելի առողջ ու պայծառ հասարակություն հանուն գալիք սերունդների:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...