Skip to main content

Մխիթարյան միաբանության 300-ամյա հոբելյանը

 

Այսօր նշանավոր իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում, երբ համայն հայությունը խանդավառությամբ, հպարտությամբ ու պարծանքով նշում է Մխիթարյան միաբանության 300-ամյակը:

Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի ու անզուգական այս հաստատությունը, կարելի է ասել, հայ քաղաքակրթության հիրավի գլուխգործոցն է՝ հոգևոր ու մշակութային մի սքանչելի կոթող:

Ուստի թույլ տվեք այս պատմական օրը սրտի անհուն բերկրանքով շնորհավորել Մխիթարյան անդամներին և մեզ բոլորիս:

Միաբանության հոբելյանն ինձ համար ունի երկակի և առանձնակի նշանակություն ոչ միայն որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն եմ, այլ նաև այն պատճառով, որ ես բախտ եմ ունեցել Հալեպում ուսանել Մխիթարյան ուսումնական հաստատությունում, որն իր անզուգական դրոշմն է դրել իմ հետագա կրթության ու դաստիարակության վրա:

Այս օրերին միաբանության 300-ամյա հոբելյանը առանձնակի շուք, իմաստ ու բովանդակություն է ստանում հատկապես նրանով, որ 227 տարի բաժանումից հետո 2000թ. հուլիսի 19-ի պատմական ժողովով կայացավ Մխիթարյան միաբանության վերամիավորումը, որը եկավ մեկ անգամ ևս հաստատելու մխիթարյանների հեռատես իմաստնությունը, փաստելով միաբանության և միասնության այն առաքելական ոգին, որ դրել էր մեծ Աբբահայրը միաբանության ստեղծման հիմքում, և որը սրբությամբ պահպանվել է Վենետիկի և Վիեննայի միաբանների կողմից:

Վերամիավորման փաստը ունի շատ ավելի մեծ խորհուրդ, և այն դուրս է գալիս մխիթարյանների հարաբերությունների շրջանակից, ստանում է համազգային իմաստ և հնչեղություն, քանզի այսօր ավելի քան երբևէ բոլոր բնագավառներում մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն է համախմբվածությունը, միասնականությունը՝ պատմական ներկա բարդ ժամանակահատվածում մեր ժողովրդին նետված մարտահրավերներին դիմակայելու և հայ ժողովրդի բոլոր հատվածների միջև ծառացած վիթխարի խնդիրները լուծելու համար:
Այսօր պատմական պատկառելի հեռավորությունից առավել տեսանելի է դառնում միաբանության բուն գաղափարը և նրա հիմնադրման հիմքում դրված միասնականության կարևորությունը:

Հայ ժողովրդի միությունը, միասնականությունը՝ ազգային և հոգևոր-մշակութային շրջանակներում՝ սա է եղել Սեբաստացու գերագույն նպատակը:

Նպատակադրվելով նպաստել մեր ժողովրդի հոգևոր, մշակութային, կրթական զարգացման գործին՝ մեծ Աբբահայրը խորապես հասկացել է, որ համազգային տարողության յուրաքանչյուր խնդիր լուծելու լավագույն միջոցը միասնականությունն է:

Սիրելի հայրենակիցներ, անգնահատելի և անչափելի է Մխիթարյան միաբանության դերն ու նշանակությունը մեր ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում: Շնորհիվ Մխիթարյան միաբանության՝ ավետարանական ճշմարտություններ են ճառագել մեր կյանքում, բացվել են մարդկային գիտության նորանոր ուղիներ, շառավիղվել են հայոց պատմության, լեզվի, գրականության, արվեստի զարգացման էջերը:

Այստեղ իրենց կազմավորման ընթացքն են ապրել մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ՝ հոգևոր, թե աշխարհիկ, այստեղ են իրենց տաղանդի փայլատակումներն ապրել շատ ու շատ գործիչներ, ստեղծելով հայ ոգու և մտքի դրսևորման անզուգական գործեր:

Մխիթարյան միաբանությունը հայ ոգու և մտքի պատմության ոսկեգույն էջերից մեկն է, և ի բարեբախտություն մեր ժողովրդի, այսօր էլ այդ տարեգիրքը բաց է, և գրվում են նորանոր ոսկե տողեր՝ ի փառս և ի զարգացում մեր ժողովրդի:

Մխիթարյան միաբանության գործունեությամբ և աներևակայելի ձեռքբերումների շնորհիվ է, որ վերջին 300 տարվա պատմության ընթացքում «Մխիթարյան» անունը դարձել է պարտադրող ներկայություն, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային զարգացումների խորհրդանիշ: Եվ միանգամայն իրավացի էր մեր ժամանակների հայ սփյուռքի խոշորագույն դեմքերից մեկը՝ Վահե Օշականը, երբ գրում էր. «… Ս. Ղազարը մեծագույն բարիք է հայության համար: Մարդ չի կարող զսպել իր հիացմունքն ու հպարտությունը այն համառ և հավատավոր աշխատանքի հանդեպ, որը պահպանում է հայ մշակույթի արմատները և սփյուռքի հիմքերը: Վենետիկի Մխիթարյան հաստատությունը ուլտրաճառագայթներ է արձակել 4 կողմը ցիրուցան եղած, երկնող մարդկանց համար»:

Սիրելի հայրենակիցներ, խորհրդանշական է, որ միաբանության 300-ամյակը զուգադիպում է քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Միաբանության 300-ամյակի հանդիսությունները ոչ միայն հարգանքի տուրք են, այլև լավագույն հանրագումար՝ անդրադառնալու և ներկայացնելու միաբանության հոգևոր-մշակութային արժեքները, և մեկ անգամ ևս խոսելու մեր անցյալի, նրա պատմամշակութային արժեքների մասին, փորձելու նորից իմաստավորել և գնահատել արվածը, որովհետև պատմությունը մնայուն ընթացք է, առանց նրա հնարավոր ճանաչողության, իմացության և արժևորման դժվար է առաջ տանել ներկան և կանխատեսել ապագան:

Սա հատկապես վերաբերում է Մխիթարյան միաբանությանը, քանզի կարծում եմ, որ հայ իրականության մեջ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների պատճառով, մինչ օրս տրված չէ այն մեծ գնահատականը, որին արժանի է միաբանությունը: Ավելին՝ վստահորեն կարելի է նշել, որ միաբանությունը ամբողջապես ճանաչված չէ մեր ժողովրդի կողմից: Մինչ օրս հավուր պատշաճի գնահատված չեն Մխիթարյան մեծագույն դեմքերը:

Սիրելի հայրենակիցներ, այս հանդիսավոր օրը խոսելով Մխիթար Սեբաստացու և մխիթարյանների պատմական առաքելության մասին, և որպեսզի առավել տեսանելի լինի նրա դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, հարկ եմ համարում մի փոքր անդրադառնալ այն պատմական ժամանակահատվածին, երբ մեծն Սեբաստացին սկսեց իր գործունեությունը և հիմնադրեց միաբանությունը:

Միանգամից ասեմ. հայ ժողովրդի երկու հատվածի համար էլ ծանր ու մռայլ էր պատկերը. պարսկա-թուրքական սահմանը այն մեծ անջրպետն էր, որ բաժանում էր մեր ժողովրդի երկու հատվածները: Սակայն հայ իրականությունը անտարբեր չէր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր շուրջը և հատկապես Եվրոպայում. իսկ այնտեղ արդեն թևածում էր Լուսավորության ոգին, և սկսվում էր փայլուն մի շրջան, որը հայտնի է իբրև Լուսավորության դար:

Միաժամանակ հայ իրականության արևմտյան և արևելյան հատվածների կյանքում էլ տեղի էին ունենում չափազանց կարևոր և հետաքրքիր իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանությունը մեկն էր՝ փորձել ուղիներ գտնել ազգի վիճակը վերափոխելու և բարելավելու համար:

Արևելյան հատվածում՝ Ղարաբաղի մի քանի մելիքությունների լիազորությամբ Իսրայել Օրին ճանապարհորդում էր Եվրոպայում, բախում եվրոպական տերությունների դռները, որպեսզի կարողանար ազատության դուռ բացել մեր ժողովրդի համար: Ազատագրության փնտրտուքը նրան բերեց Ռուսաստան, և 1701թ. նա Մոսկվայում արդեն ծրագրեր էր մշակում ռուսական արշավանքի համար: Ղարաբաղը և Սյունիքը սպասման մեջ էին, շուտով այնտեղ բռնկվելու էր մեր ժողովրդի ազգային-ազատագրական առաջին իսկական, կազմակերպված պայքարը:

Այդ նույն ժամանակ հասունանում էին հայ ժողովրդի հոգևոր-մտավոր, կրթամշակութային վերածննդի ու դաստիարակության փնտրտուքները, առանձին անհատներ փորձեր էին անում հայ ժողովրդին հաղորդակից դարձնել Եվրոպայի մշակույթին:

Այսպիսով, արևելյան մասում ծավալվում են քաղաքական-ազատագրական, արևմտյան մասում՝ հոգևոր-մշակութային շարժումները: Եվ ահա արևմտյան այս հոգևոր-մշակութային շարժման ռահվիրան դարձավ Մխիթար Սեբաստացին:

Հարկ եմ համարում նշել մի շատ կարևոր հանգամանք. ինչպես մեր ժողովուրդն էր մասնատված, այդպես էլ այդ շարժումներն էին անջատված: Մի կողմում քաղաքական-ազատագրական շարժումն էր, մյուս կողմում՝ հոգևոր-մշակութայինը: Սակայն դրանք չմիացան միմյանց, մնացին կղզիացած, առանձին-առանձին:

Մխիթար Սեբաստացին և Իսրայել Օրին միմյանց չէին ճանաչում, թեև երկուսն էլ հավասարապես պետք էին հայերին: Ահա այսպիսին էր իրավիճակը, երբ պատմական ասպարեզ է իջնում մի խոշոր վիթխարի դեմք՝ Մխիթար Սեբաստացին, և իր մի խումբ միաբաններով, իր վրա վերցնում չափազանց բարդ ու պատասխանատու առաքելություն՝ ապահովելու մի ժողովրդի հոգևոր-մշակութային առաջընթացը, միջնորդ դառնալու համար Եվրոպայի և հայերի միջև:

1700թ. Կոստանդնուպոլսում Մխիթարը հավաքում է իր համախոհներին ու բացատրում, թե ինչպիսի միաբանություն է ցանկանում ստեղծել, ներկայացնում իրավիճակը, որ ստեղծված հանգամանքներում հնարավոր չէ միաբանությունը հաստատել ո՛չ Կոստանդնուպոլսում, ո՛չ էլ Հայաստանում և հարկ է ընտրել այնպիսի երկիր, որտեղ հարմարություններ կան վանք ու միաբանություն հաստատելու համար, և ընտրությունը կանգ է առնում հունական Մորեա երկրամասի վրա, որը գտնվում էր Վենետիկի իշխանության ներքո:

Ահա այդ երջանիկ օրվանից հայ իրականության մեջ 300 տարի վառվում է այն մեծ լուսատուն, որը կոչվեց Մխիթարյան միաբանություն:

Իսկ 1717թ. իր հիմնադրության տարեդարձին այն վերջնականապես հաստատվում է Սուրբ Ղազար կղզու բարեբեր հողում:

Այդպիսին էր պատմական իրավիճակը, և այսօր, պատմական պատկառելի հեռավորությունից կարող ենք մի հանգամանք վստահորեն փաստել, որ այն, ինչ արվեց այդ երկու շարժումների կողմից, այն սերմերը, որ ցանվեցին, եղան շատ արգասաբեր, հետագայում տվեցին իրենց հրաշալի պտուղները:

Վստահորեն կարելի է ասել, որ մի ամբողջ դար, մինչև 19-րդ դարի կեսերը, այն հայ իրականության մեջ այն բացառիկ հաստատությունն էր, որ կենարար լույս ու գիտություն էր պարգևում մեր ժողովրդին: Աներևակայելի բեղմնավոր գործունեությամբ Սուրբ Ղազարը դարձավ այնպիսի երևույթ, որի նմանը չի տեսել մեր պատմությունը:

Անգնահատելի է միաբանության մշակութային դերը մեր ժողովրդի պատմության մեջ: Մխիթար Աբբահայրը եղավ եկեղեցու այն առաջին հիմնադիրներից, որ ազգային մշակույթը դարձրեց առաքելության գլխավոր նպատակը: Բացի այն, որ երեք դար շարունակ անխոնջ մեղվի պես ստեղծել են հոգևոր-մշակութային արժեքներ, միաբանությունն իր վրա է վերցրել նաև հայ մշակութային արժեքների հավաքման և պահպանման առաքելությունը, և այն նվիրվածությունը, որով մխիթարյանները կատարեցին այդ գործը, պարզապես կարելի է անվանել մշակութային խիզախություն և հերոսություն:

Դեռևս միաբանության հիմնադրման օրվանից Մխիթար Աբահայրը պատվիրում էր Մխիթարյան հայրերին, որ ամեն տեղ փնտրեն և որտեղ էլ հանդիպեն հայկական ձեռագրերի ու մատյանների, ամեն գնով բերեն և տեղափոխեն մենաստան: Եվ հոգևոր հայրերը այդ գործում կանգ չեն առել ոչ մի զոհողության առջև:

Ձեռագրեր հավաքելու նմանատիպ աշխատանքի արդյունքն է, որ Սուրբ Ղազարը, Մատենադարանից հետո, հայկական ձեռագրերի մեծագույն հավաքածուն ունեցող կենտրոնն է: Միաբանությունում է գտնվում հնատիպ գրքերի արժեքավոր հավաքածուն. սկսած առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագրքից»: Պատմական մեծ արժեք ունեն արխիվային նյութերը:

Թերևս բացառիկ ու գրեթե կատարյալ է հայ պարբերական մամուլի հավաքածուն: Եզակի են հայ միջնադարյան հուշարձանների արձանագրությունները: Մխիթար Սեբաստացու հանձնարարականով միաբանների կողմից ոչ միայն ցուցակագրվել ու չափագրվել են Արևմտյան Հայաստանի միջնադարյան հուշարձանները, այլև նրանց վրա եղած արձանագրությունները:

Մեծ արժեք ունեն եկեղեցական ոսկյա և արծաթյա սպասքը, հայկական հախճապակյա հազվագյուտ հավաքածուն: Ուշագրավ ու ինքնատիպ է հայ տպագրական առարկաների և գործիքների հավաքածուն, ազգագրական նյութերը և կիրառական արվեստի նմուշների հավաքածուները:

Հարուստ ու ինքնատիպ է նաև գեղանկարների հավաքածուն, որոնց մեջ իրենց արժեքով առանձնանում են Հովհաննես Այվազովսկու շուրջ 15 ստեղծագործություններ:

Պատկերը ամբողջական լինելու համար նշենք, որ միաբանությունը տնօրինում է նաև ոչ հայկական մշակութային գանձեր:

Մխիթարյան միաբանությունը մեր պատմության մեջ մնայուն տեղ ունի որպես մատենագիտական և հրատարակչական հաստատություն: Մինչև 1700թ. հայ գրքի տպագրությունը հաշվում էր շուրջ 180 անուն գիրք՝ սկսած 1512 թվականից, իսկ միաբանությունը մինչև Աբբահոր մահը արդեն հրատարակել էր 55 անուն գիրք: Միաբանությունը հայ տպագրական արվեստը բարձրացրեց նոր աստիճանի և ամենակարևորը՝ Մխիթարին հաջողվեց կազմակերպել հրատարակչական խմբային աշխատանք:

Մխիթարը և իր միաբանությունը բոլորովին նոր խոսք ասացին հայ տպագրության մեջ և ասպարեզ բերեցին այնպիսի մեծագործություններ, որոնք պետք է առաջացնեին բոլորի հիացմունքը, հայ հրատարակչական արվեստը հասցնելով որակական նոր մակարդակի:

1733թ. Աբբահայրը Բորթոլիի տպարանից դուրս հանեց իր հրատարակած Աստվածաշունչը: Դա մի աննախադեպ, սքանչելի գործ էր: Աբբահայրը ոչինչ չէր խնայել այն փառահեղ դարձնելու համար՝ պղնձի վրա քանդակած նուրբ պատկերներ, գեղեցիկ ծաղկագրեր, մաքուր տպագրություն՝ թանկարժեք թղթի վրա: Այն մեր իրականության մեջ հայտնի է «Աբբայի աստվածաշունչ» անունով:

1749թ. լույս աշխարհ է գալիս հայ հոգևոր-մշակութային գոհարներից մեկը՝ Հայկազյան բառարանը, որը մի դարագլուխ է մեր պատմության մեջ: Ամենից առաջ այն հիմնավորապես հաստատում էր, որ Սուրբ Ղազար կղզում գիտեն աշխատել հավաքական ուժերով, համառ տոկունությամբ, հիմնավոր, գիտական պատրաստվածությամբ:

Գործը սկսվել էր 1722թ. և, ընդհատումներից հետո, ավարտվեց 1745թ.: Այդ տարիներին Մխիթարը և իր աշակերտները ստեղծեցին մի հարուստ բացատրական բառարան, որն իր նախադեպը չուներ, և որի արժեքը ուղղակի անգնահատելի է:

Բառարանի հրատարակությունը մխիթարյանների համար ունենում է մեկ այլ կարևոր նշանակություն ևս, այն կատարյալ և վերջնական հաղթանակ էր, միաբանության անսահման, բարձրագույն հեղինակության հաստատումը: Աստվածաշունչը և Հայկազյան բառարանը Աբբահոր անձեռակերտ կոթողներն են:

Խոսելով միաբանության մատենագիտական, հրատարակչական գործունեության մասին, անհնար է հիացմունքով չհիշատակել հայ պարբերական մամուլի թագն ու պսակը կազմող «Բազմավեպի» մասին:

Այն եզակի է իր տեսակի մեջ, միակ հայ պարբերականն է, որ այդ ժամանակ հիմնադրվելով հրատարակվում է մինչև օրս: Շնորհիվ Գաբրիել Այվազովսկու և մի խումբ խանդավառ միաբանների խիզախ և հերոսական ջանքերի, սեփական նախաձեռնության նկատմամբ ունեցած ազգային կարևորության գործի խորը գիտակցության՝ 1843թ. մայիսին լույս աշխարհ եկավ «Բազմավեպը», և ինչպես պարզվեց հետո, այն դարձավ մեր մշակույթի կոթողներից մեկը, հիրավի դառնալով մեր ժողովրդի հոգու և մտքի պատմության ոսկեզօծ էջը:

Անգնահատելի ու վիթխարի է միաբանության կրթաուսումնական գործունեությունը: Մխիթարյան ուսումնական հաստատությունները եղել են լույսի և գիտության այն աղբյուրը, որ երեք դար շարունակ ողողում է հայ իրականությունը:

Երկար կարելի է խոսել միաբանության գործունեության մասին, այն հսկայածավալ աշխատանքների մասին, որ միաբանությունը կատարել է գիտության, կրթության, պատմագիտության, հայագիտության, թարգմանության և այլ բնագավառներում: Եվ հուսով եմ, որ այս օրերին հանգամանալից կխոսվի դրանց մասին:

Բնականաբար, այսօր անդրադառնալով միաբանությանը և խոսելով նրա մասին, անհնար է չանդրադառնալ նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացու դյուցազնական կերպարին:

Մխիթար Աբբահայրը մեզ է ներկայանում որպես հայ վանականի, հոգևորականի, առաքյալի, հայրենասերի, գիտնականի, հրատարակչի, մատենագրի, դաստիարակի բացառիկ տիպար, որն աղոթեց, նվիրվեց գործեց, ստեղծեց, թարգմանեց ու հրատարակեց հանուն հայ ազգի հոգևոր զարթոնքի, նրա զարգացման և բարգավաճման:

Ես կուզենայի անդրադառնալ առանձնապես Սեբաստացի դիվանագետին: Չնայած նրա կենսագիրների և նրա կերպարին անդրադարձողների մոտ երբեմն շոշափվել է նրա դիվանագիտական կարողությունների դրսևորման խնդիրը, բայց այն մինչև օրս մեծ Աբբահոր չուսումնասիրված և չգնահատված կողմերից է, ինչպես նրա գործունեության նաև այլ բնագավառները:

Թերևս հարց է առաջանում. ի՞նչ կապ կարող է ունենալ հոգևորական առաջնորդը, միաբանության ղեկավարը՝ դիվանագիտության հետ: Հարկ եմ համարում նշել, որ Սեբաստացին ոչ թե դիվանագետ էր զբաղմունքով ու կոչումով, այլ իր գործունեության ձևերով, բոլոր խնդիրները դիվանագիտական կարողություններով և հմտություններով հարթելու անզուգական տաղանդով:

Մի փոքր շեղվելով նշեմ, որ մեր ժողովրդի պատմության մեջ նա այն բացառիկ ազգային գործիչներից էր, որն իր վրա վերցրեց խնդրի լուծումը, առաքելությունը իրականացնում էր մարդկային, հասարակական-քաղաքական հարաբերությունների, ժամանակի, միջավայրի, ռեալ իրականության բոլոր հանգամանքների վերլուծման և հաշվառման դիվանագիտական հմտությամբ, նրբությամբ ու ճկունությամբ:

Այդ է վկայում նրա ողջ գործունեությունը, սկսած Կոստանդնուպոլսից մինչև կյանքի վերջը: Իբրև խոշոր երևույթ, բնականաբար Մխիթարյան միաբանությունը շատ վեճերի և պայքարի առարկա պետք է դառնար, և եթե մտովի տեղափոխվենք այն պատմական ժամանակաշրջանը, երբ կատաղի պայքար էր գնում հայ լուսավորչականների և կաթոլիկների միջև, միանգամայն պարզ կդառնա այն իրավիճակը, որի պայմաններում Մխիթարը և նրա միաբանները գործեցին,պայքարեցին և հաստատվեցին:

Այս դաժան պայքարի պայմաններում, հիանալի ըմբռնելով իրավիճակը, նա հակամարտության չգնաց, այլ ընտրեց հաշտության, համբերատարության, փոխըմբռնման ճանապարհը՝ բոլոր վեճերը տեղափոխելով մտքի, մշակույթի, գրականության, գիտության ասպարեզ: Դրանք այն հզոր միջոցներն էին, որոնցով հնարավոր էր հաղթահարել տգիտությունը, հեռացնել անհանդուրժողականությունը, հայ ազգին հեռու պահելով անտեղի և իմաստազուրկ գժտություններից:

Հիրավի, դա անսխալ ուղի էր, անխորտակելի զենք: Հարյուրավոր տարիների ընթացքում Սուրբ Ղազարից լույս էր ճառագում, և աստիճանաբար հայ իրականության մեջ միաբանությունը դառնում էր տիրապետող, և անգամ նրա ամենամոլեռանդ հակառակորդները Մխիթարյանների գրքերը համարում էին իրենց տան զարդը, կարդում, ուսումնասիրում էին դրանք և այդպիդի գրքեր հրատարակողներին համարում հարգանքի ու պատվի արժանի հայեր:

Մխիթար Աբբահայրը և մխիթարյանները կարողացան դառնալ մեր ժողովրդի մտավոր զինակիցը, հենարանը և հեղինակությունը, և ըստ էության միաբանությունը դարձավ մի յուրատեսակ ակադեմիա մեր ժողովրդի համար, որին աստիճանաբար հարմարվեց, ընդունեց, հպատակվեց հայ ազգը:

Աբբահայրը դարձել էր այնպիսի հեղինակություն, որ կաթոլիկ կարդինալներից մի քանիսը նրան արժանի էին համարում անգամ պապական գահին:

Աբբահայրը վախճանվեց՝ չտեսնելով իր մտքի և հոգու հրաշքը՝ Հայկազյան բառարանը, բայց նա հեռանում էր հանգիստ խղճով, իրենից հետո թողնելով ապահով մի օթևան, որի մեջ պետք է թևածեր հայ ոգին և փայլատակեր հայ միտքը: Երջանիկ էր Մխիթարը ժառանգների կողմից, որոնք վառ պահելով Մեծ Աբբահոր ոգին, բազմացրեցին, զարգացրեցին Սուրբ Ղազարը, այն դարձնելով մեր մշակույթի անձեռակերտ գանձերից մեկը:

Եվ այսօր՝ միաբանության հիմնադրման 300-ամյակի հանդիսության օրը մեծագույն հարգանքի տուրք մատուցելով Մխիթար Աբբահորը, հարկ եմ համարում նաև հարգանքի տուրք մատուցել այն բոլոր աբբահայրերին, որոնց ղեկավարման տարիներին միաբանությունը դիմացել է ժամանակի քննությանը, ապրել ծայրաստիճան դժվարին ժամանակներ, բայց պահպանել իր ոգին, հավատարիմ մնացել իր առաքելությանը, երբեք չի դադարել գործելուց, տքնանքով ու քրտնաջան գործունեությամբ հարստացրել է մեր ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքը, ոսկե էջեր գրելով մեր մշակույթի տարեգրքում:

Իսկ այսօր ես առանձնապես ցանկանում եմ շնորհավորել վերամիավորված միաբանության ընդհանուր Աբբահայր Հայր Եղիա վարդապետ Քիլաղպեանին, որին ոչ միայն բախտ է վիճակվել լինել վերամիավորված միաբանության առաջին աբբահայրը, այլև իր ուսերին կրել այն վիթխարի պատասխանատվությունը, որ իր հետ բերում է այն:

Ուստի, սիրելի Աբբահայր, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություններ, ցանկանալով ուժ ու կորով, Մխիթարյան իմաստություն, մեր ժողովրդի հոգու և մտքի այս անձեռակերտ կոթողը՝ Մխիթարյան միաբանությունը պահպանելու և զարգացնելու, Մխիթարյան ոգին ու նվիրվածությունը վառ պահելու, ի փառս և ի հպարտություն մեր ժողովրդի:

Սիրելի հայրենակիցներ, բնականաբար, հոբելյանական արարողությանը նվիրված իմ համառոտ ելույթում, թերևս, հնարավոր չէր անդրադառնալ միաբանության վիթխարածավալ գործունեության բոլոր կողմերին և ուղղություններին, տալ միաբանության ներքին և արտաքին կյանքի լիարժեք գնահատականը, ներկայացնել Մխիթարյան հոգևոր-գաղափարական ամբողջության բոլոր կողմերը:

Այս օրերին շարունակ հնչելու են «Մխիթարյան ոգի», «Մխիթարյան կոչում», «Մխիթարյան աշխատանք», «Մխիթարյան դեր», «Մխիթարյան ինքնություն» և համանման այլ մտքեր, որոնք բոլորը միասին կազմում են մեկ ընդհանուր գաղափարախոսություն, աշխարհայացք, հոգևոր-մշակութային ինքնատիպ արժեք և կազմում այն հրաշագործությունը, որը կոչվում է Մխիթարյան միաբանություն:

Սակայն, այնուամենայնիվ կուզենայի անդրադառնալ Մխիթարյանների ինքնության, ազգային նկարագրի մեկ կողմին, որը կոչվում է հայրենասիրություն:

Բացառիկ ու ինքնատիպ է Մխիթարյան հայրենասիրությունը, այն ինքնամոռաց է, խոհուն, հաստատակամ, լի սեփական արածի կարևորության արժանապատիվ գիտակցությամբ, հեռու արտաքին շղարշներից, ինքնագովությունից և ցուցամոլությունից:

Արդեն միաբանության ստեղծման ողջ գաղափարական հիմքը հայ ժողովրդի լուսավորության և ոգու վերազարթոնքն էր, որին ամբողջովին նվիրվեցին մխիթարյանները: Հայրենասիրության, հայ ժողովրդի բաառիկ նվիրվածության անզուգական օրինակ է մխիթարյանների ողջ գործունեությունը, սիրո, պաշտամունքի մի իսկական սքանչելի ներբող է նրա հայրենասիրական ոգին, որը շլացուցիչ իմաստությամբ ու պարզությամբ ամփոփված է Հայկազյան բառարանի առաջաբանում Սեբաստացու հետևյալ տողերում.

«Խոնարհ սրտով քեզ եմ նվիրում, ով հայ ժողովուրդ, իմ երկար տարիների աշխատանքիս պտուղը, իբրև սիրո ձոն: Սրտագին տենչում եմ, իմ վաստակս քեզ պարգևելու, որովհետև ինչ որ իմն է, այն քեզ է պատկանում, և ինչ որ քոնն է, այն էլ իմն է: Այդ պատճառով ինձ համար պարծանք է քեզ ծառայելը, որովհետև ի սկզբանե, ի վեր, ինչպես ես, այնպես էլ Միաբանությունը կոչված է հայ ժողովրդի մշակույթին ծառայելու»:

Ծառայել հարազատ ժողովրդին, նպաստել նրա հոգևոր-մշակութային վերազարթոնքին ու բարգավաճմանը, պահպանել նրա ավանդույթները և նկարագիրը վերականգնել և զարգացնել նրա լեզուն, սերունդներին կրթել և դաստիարակել ազգային, բարոյական և գիտության լույսով:

Հայրենասիրությունը և ազգասիրությունը այսպես ըմբռնելը աստվածային առաքելություն էր, որը առինքնող դրոշի նման 300 տարի ծածանվում է Մխիթարյան վանքի վրա:

Մխիթարյան միաբանության հայրենասիրությունը անբաժան է հայկականությունից:

Մխիթարը հոգ էր տարել, որպեսզի միաբանությունը լինի հայ ծեսով. ժամերգությամբ, պատարագով, ծիսական մատյաններով, ծիսական տոներով ու պահքով, և հատկապես միաբանների կազմով, որոնք բաղկացած պետք է լինեին միայն հայերից:

Միաբանության հայրենասիրական և հայկականության այս դիմագիծը այնքան խորն ու ցայտուն է, որ նույնիսկ ժամանակին եղել են անհատներ, որոն չկարողանալով թափանցել միաբանության գաղափարական էության, համոզմունքների ու սկզբունքների մեջ, նրանց կպցրել են «ազգայնամոլության» զանազան պիտակներ: Միաբանության այդ ոգեշնչումը, հայրենասիրությունը, հայկականությունը բխում էր հարազատ ժողովրդի նկատմամբ տածած անսահման սիրուց, նրա արժանիքների նկատմամբ ունեցած հպարտությունից, նրա վիճակը բարելավելու, կարիքները հոգալու անձնվեր նվիրվածությունից, որը կոչվում է «Հայկական ոգի»:

Թանկագին եղբայրներ, ավարտելով խոսքս, թույլ տվեք մեկ անգամ ևս շեշտել, որ շնորհիվ աներևակայելի բեղուն գործունեության Սուրբ Ղազար կղզին արդեն 300 տարի վերածվել է փոքր Հայաստանի՝ նրա պես հայկական: Իր ոգով և նկարագրով այն դարձել է, հիրավի, մի սքանչելի Հայոց տուն, արժանացել հայոց բոլոր մեծամեծների հիացմունքին ու դրվատանքին, մեր ժողովրդին պարգևելով Մխիթար Սեբաստացի, Գաբրիել Այվազովսկի, Ալիշան, Չամչյան և այլ մեծագույն գործիչներ:

Եվ որքան իրավացի էր Արշակ Չոպանյանը, երբ գրում էր. «… Ոչ մի հայկական հաստատություն, այնքան խորունկ և տևական ազդեցություն չի ունեցել Հայոց վրա, որքան Մխիթարյան Տունը»:

Ուստի մաղթում եմ, որ ընդմիշտ շեն ու բարգավաճ մնա այդ Տունը և մշտապես հուրհրա հայոց կրակը, լույս ու բերկրանք պարգևելով հայ ժողովրդին:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...