Skip to main content

Աշխարհը փոխվել է սեպտեմբերի 11-ից հետո

 

Պարոն նախագահ, արդեն սովորական խոսք է դարձել, որ աշխարհը, հատկապես միջազգային հարաբերությունները փոխվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի այդ ողբերգական երեքշաթիից ի վեր, երբ հազարավոր անմեղ մարդիկ իրենց կյանքով վճարեցին ժողովրդավարական առաջադեմ աշխարհը խավարտչին ու հետադիմական անհանդուրժողականության ուժերի հետ հյուծիչ և քաոսային ճակատամարտի թակարդը նետելու մի խումբ կրոնամոլների մոլեռանդ ատելության ու նրանց մահաբեր մտադրության գինը:

Թույլ տվեք առաջին հերթին այս առնչությամբ միանշանակորեն հայտարարել ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի կառավարության շարունակվող մասնակցության մասին: Մենք հայտարարել ենք մեր ազգային հանձնառության մասին և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործողության ծրագրերին համահունչ քայլեր ենք ձեռնարկել: Մեր գործողություններն ու նախաձեռնությունները ընդունվել են ըստ արժանվույն և օգտակար համարվել:

Այնուամենայնիվ, չնայած սեպտեմբերի 11-ի իրադարձություններն իրապես իրենց ազդեցությունն ունեցան և շարունակում են ունենալ նույնիսկ ԵԱՀԿ-ի վրա, վերջինիս գերակայությունների, գործառնությունների և նրա առաջ կանգնած մարտահրավերների վրա, այլ հարաբերությունների աստիճանական զարգացումը և տարածաշրջանային ուժերի վերախմբավորումը կարևորություն ձեռք բերեցին առաջնայնության մեր նոր մարտադաշտի՝ ահաբեկչության դեմ պայքարի հանդեպ: Չափազանցություն չի լինի ասել, որ, ներգրավվելով Բալկանների տարբեր ճգնաժամերում, ԵԱՀԿ-ն ինքն էլ ձևափոխվեց: Այդ ներգրավումը փոխակերպեց նաև նրա հարաբերությունները Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ այս կառույցներն իրենք էլ ենթարկվում էին հիմնարար փոփոխությունների տեղական, տարածաշրջանային և համաշխարհային ուժերի ազդեցության ներքո:

Այս ամենը հաշվի առնելով՝ միամիտ կլիներ ակնկալել, որ մարտահրավեր չի նետվի ԵԱՀԿ-ին՝ նրա դերի, նրա կառույցների, նրա մեթոդների արդյունավետության, նրա միջոցների, գործելակերպի, ներքին զարգացումների, ինչպես նաև ներքին կազմակերպչական հավասարակշռության առնչությամբ:

Բյուջեի խնդրում ստեղծված ներկա փակուղին, որն այդքան արագորեն ծագեց կազմակերպությունը բարեփոխելու ռումինական նախագահության մեկամյա եռանդուն ջանքերից հետո, վկայությունն է այն բանի, որ մեր դժվարությունները լոկ կառավարման բնույթի չեն: ԵԱՀԿ-ն մաքառում է իր շուրջը պտտվող ուժերի և բազմաթիվ անդամ պետությունների՝ եվրոպական ու եվրատլանտյան կառույցներ կոչվող տարբեր բաղկացուցիչների հանդեպ դիրքավորվելու ցանկության դեմ: Կան իհարկե հոռետեսներ և մերժողներ, որոնք կանխատեսում են ԵԱՀԿ վախճանը կամ նրա քայքայումն ու վերածումը այս կամ այն առավել արդյունավետ և ուժեղ խմբի մնացորդային կցորդի: Մենք ո՛չ կամենում ենք տեսնել և ո՛չ էլ ցանկանում ենք կանխատեսել ԵԱՀԿ-ի դուրս մղումը: Մեզ համար, այն հեշտությամբ փոխարինելի չէ: Բազմաթիվ պատճառներով:

Նախ եկեք անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Կան մարդիկ, որոնք վերջին  տարիների ընթացքում ԵԱՀԿ ներգրավումը ձախողում են համարում: Կասկած չկա, որ մենք ևս ցանկանում ենք, որպեսզի Մինսկի գործընթացի, դրանից բխող այլ գործընթացների և համանախագահների ներկա ձեռնարկի միջոցով խաղաղությունը հասանելի դառնա: Բայց դա այդպես չէ, և դրա համար մենք չենք կարող շարունակել մեղադրել այդ միջնորդներին: Հայաստանի կառավարությունը գնահատում է համանախագահների համադրված ջանքերը, որոնք շարունակում են ստեղծագործ լուծումներ փնտրել, և մենք գոհ էինք անցյալ տարի, երբ համանախագահներն ու նրանց միջոցով Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարությունը գործընթացն առաջ մղեցին Փարիզում և Քի Վեստում: Ի մի բերելով նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի երկկողմ ուղիղ բանակցությունները, համանախագահները փորձեցին եզրագծեր սահմանել, որոնք հայտնի դարձան փարիզյան սկզբունքներ անվանումով, որպես հիմք, որպես ըմբռնում՝ հետագա առաջընթացը դրա վրա կառուցելու համար:

Բուխարեստում մենք բոլորս ականատես եղանք Ադրբեջանի հետևողական ջանքերին, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հանվի ցանկացած հղում Փարիզին, տարածաշրջանային համագործակցությանը կամ վստահության ամրապնդման միջոցառումներին: Համագործակցության կամ վստահության ամրապնդման հարցերով քննարկմանը հետամուտ լինելը ենթադրում է փոխզիջման գնալու, բոլորին ընդունելի լուծումներ որոնելու պատրաստակամություն:

Նման լուծումը պետք է հաշվի առնի, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի իրավական պահանջներն ինքնին թերի են: 1920թ. Ազգերի լիգան մերժեց ճանաչել անկախ Ադրբեջանի՝ Ղարաբաղը ներառող տարածքի նկատմամբ ինքնիշխան վերահսկողության հայտը և դրա հիման վրա մերժեց Լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումը: Ինչ վերաբերում է ադրբեջանական երկրորդ և ներկա հանրապետությանը, ապա նրա անջատումը Խորհրդային Միությունից համընկավ Ղարաբաղի անջատմանը Ադրբեջանից՝ խորհրդային սահմանադրությամբ սահմանված քայլերին համապատասխան: Ադրբեջանը չի կարող խորհրդային օրենքներով և ակտերով հիմնավորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հայտը, միաժամանակ մերժելով խորհրդային սահմանադրության վավերականությունը Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախացման համար նախատեսված մեխանիզմների հարցում, մեխանիզմներ, որոնց մանրակրկիտ կերպով հետևել է Ղարաբաղի ժողովուրդը: Հետաքրքիր է, որ դրանք հենց այն նույն մեխանիզմներն են, որոնք կիրառել է Ադրբեջանը իր սեփական անկախությանը հասնելու համար:

Վերոնշյալը հաշվի առնելով է, պարոն նախագահ, որ մենք ցանկանում ենք գնահատել համանախագահների աշխատանքը և հանձնառությունը, նրանց հանգիստ, հաստատակամ, համբերատար գործունեությունը՝ գործընթացը կենդանի պահելու, այն աշխուժացնելու, նրան մեկ այլ հնարավորություն ընձեռելու և, ամենակարևորը, այն մտայնությունը չկիսելու հարցում, որ հետընթացը մահացու հարված է երկու երկրներում նախընտրական արշավի այս տարում: Մենք անազնիվ և անարդարացի ենք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ԵԱՀԿ-ի 10-ամյա ենթադրյալ ձախողման շարունակական քննադատությունը և պախարակումները: Խաղաղության բացակայության պայմաններում, ԵԱՀԿ-ն, նրա ներկայությունը, նրա դիտորդական դերակատարությունը, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, համանախագահների հաճախակի այցերը և շարունակվող ներգրավվածությունը, ինչպես նաև գործող նախագահի վերջին ուղևորությունը Հարավային Կովկաս, այդ բոլորը նպաստում են հարաբերական անդորրին: Չկա թեժ պատերազմ: Կա կայուն հետաքրքրվածություն: Երբեմն-երբեմն էլ՝ հուսադրող ու նախնական ծրագրեր: Օրինակ, դուք բոլորդ տեսել եք համանախագահների մամլո հաղորդագրությունը, որտեղ մանրամասնվում են գործընթացն ակտիվ պահելու նրանց վերջին առաջարկները: Ներմուծելով որոշ նոր ընթացակարգային քայլեր, ինչպես, օրինակ, նախագահական հանդիպումների միջև երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով նախագահների անձնական ներկայացուցիչների նշանակումը, համանախագահները հստակորեն ցույց են տալիս իրենց շարունակվող ներգրավվածությունը: Նրանք կգումարեն և կվարեն նախագահական ներկայացուցիչների այս նոր նիստերը և այդպիսով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ հարցեր կորոնեն՝ ուսումնասիրման ու քննարկման համար:

Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը ողջունում և գնահատում է ԵԱՀԿ-ի այս շարունակվող դերը և մտադիր է լիովին աջակցել համանախագահների վերջին ջանքերին: Մենք ի վիճակի չենք հեշտությամբ գտնելու այլընտրանքային մեխանիզմներ կամ փոխարինող կազմակերպություններ, թեև մենք նաև գիտակցում ենք, որ հակամարտությունների կարգավորման տարբեր փուլերում, հատկապես հետհակամարտային վերականգնման փուլում, Եվրոպական Միությունը, առանձին երկրների հետ միասին, կարող է կարևոր, վճռական դեր խաղալ: Սակայն մենք դեռ չենք հասել դրան:

Մինսկի խմբի համանախագահները, ովքեր տարածաշրջանում էին գտնվում վերջերս, ներկայացրեցին իրավիճակը երկու նախագահներին: Նրանք հանդիպեցին նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, որովհետև վաղուց իշխում է այն ըմբռնումը, որ խաղաղ գործընթացն ի վերջո չի կարող առաջ շարժվել առանց Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանությունների մասնակցության: Հիմնվելով բուն ԵԱՀԿ նորմերի և սկզբունքների վրա, ոչինչ չի կարող փոխարինել ժողովրդավարական ընտրությունների միջոցով առաջնորդներին օրինականություն շնորհելու ազատ և արդարացի քվեին:

Պարոն նախագահ, Ղարաբաղի բնակչությունը չի կարող հավերժ ապրել անորոշության և տնտեսական մեկուսացման մեջ: Այն ձգտում է ոչ միայն խաղաղության, այլև ժողովրդավարության ու բարեկեցության: Ինքնորոշման իրավական և սահմանադրական իրենց իրավունքի համար, ինչպես նաև իրենց ինքնապահպանման համար նրանք պայքարել են ու հաղթել:

Բայց այսօր հատկանշական է, որ այդ նույն բնակչությունը ցանկանում է, պատրաստ է և համոզված, որ միայն իրավացի և արդար բանակցված կարգավորման միջոցով կարելի է հասնել նրան, ինչի համար պայքարել են, այն է՝ խաղաղ և անվտանգ կեցության իրենց հողի վրա:

Հայերս կամավոր կերպով ենք դարձել ԵԱՀԿ անդամ, քանզի հավատում ենք նրա սկզբունքներին. մեր անհատական անվտանգությունը իրապես կախված է մեր հավաքական անվտանգությունից: Մենք ցանկանում ենք հասնել այն կայունությանը և առաջընթացին, որ բխում է անվտանգությունից, և մենք գիտենք, որ չկա անվտանգություն առանց համագործակցության: Մենք գիտենք նաև, որ սա նույնքան ճշմարիտ է մեր հարևանի համար, որքան մեզ համար: Հուսով ենք, որ կկարողանանք հասնել նման համագործակցության և անվտանգության այս ատյանի միջոցով՝ միասին:

Պարոն նախագահ, կցանկանայի մի քանի խոսք ասել Հայաստանում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ:

Մեր անկախությունը, այս էլ արդեն երկրորդը, այժմ 10 տարեկան է: Այս կարճ ժամանակահատվածում մենք շատ փորձությունների միջով ենք անցել. ի սկզբանե տնտեսության փլուզում, տարածաշրջանային առևտրի և հաղորդակցության ուղիների խափանում, զինված հակամարտություն մեր սահմաններում, հայ փախստականների ներհոս Ադրբեջանից և պատերազմ Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջը: Անշուշտ, ինչպես կար, այժմ էլ շարունակվում է մեր սահմանների շրջափակումը արևելքում՝ Ադրբեջանի և արևմուտքում՝ Թուրքիայի կողմից, ինչպես նաև՝ մեր հյուսիսային սահմանների անհուսալիությունը Վրաստանի հետ, որտեղ սկզբնական տարիներին մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը և որտեղ դեռ չի հաստատվել համընդհանուր հանգստություն:

Չնայած այս ամենին, Հայաստանը գրանցել է էական, տեսանելի, տևական առաջընթաց: Մեր տնտեսությունը կրկին վերելք է ապրում: Մենք իրականացրել ենք նախագահական իշխանության սահմանադրական, կանոնավոր փոխանցում, անցկացրել ենք արդարացի խորհրդարանական ընտրություններ և կատարել ենք մեծ քայլեր համակարգված ազատ շուկայի հաստատման ուղղությամբ: Բարեփոխումներն ընթանում են բոլոր ոլորտներում, թեև աշխատանքը դեռևս ավարտված չէ: Եվ մարդու իրավունքների բարելավումն ու քաղաքացիական հասարակության ամրապնդումը շարունակում են մնալ մեր գործունեության կենտրոնում և մեր կառավարության առաջնայնությունների շարքում:

Անցումային այս դժվարին շրջանում  անդամակցությունը և մեր մասնակցությունը տարբեր եվրոպական կառույցներում վճռական դեր է խաղում մեր ձեռնարկած բոլոր ջանքերում: Թե՛ Եվրոպայի խորհրդում, թե՛ ԵԱՀԿ-ում և թե՛ Եվրոպական Միության հետ համագործակցության տարբեր ձևաչափերում մեզ ուղղություն են տալիս, խրախուսում և աջակցում և գնահատական են տալիս մեր գործողություններին ու առաջընթացին: Մենք ևս գնահատում ենք նրանց դերը: Մեր հեռանկարները եվրոպական են իրենց բնույթով, և մեր գործողություններն ուղղված են ապագայի մեր ծրագրերը մեր հեռանկարներին համապատասխանեցնելուն:

Թույլ տվե՛ք, պարոն նախագահ, այստեղ արտահայտել մեր կառավարության գնահատանքն այն աշխատանքի առնչությամբ, որ ձեռնարկել և մեծ հաջողությամբ է առաջ տանում ԵԱՀԿ Երևանի գրասենյակը: Թույլ տվեք հատկապես նշել առաքելության ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվի խիստ կառուցողական ղեկավարության մասին: Նա ընդամենը երկու տարում հասավ և՛ իշխանությունների, և՛քաղաքացիական հասարակության համագործակցությանն ու մասնակցությանը: Բոլոր ոլորտներում, սկսած կոռուպցիայի դեմ պայքարից, բարեփոխումներից, մինչև բնապահպանական քաղաքականության ու քաղաքացիական մասնակցության խրախուսման խնդիրները, Երևանի գրասենյակը հետևողական ու հաստատակամ է եղել: Վերջերս, հարավկովկասյան մյուս առաքելությունների հետ նրա գործադրած ջանքերի արդյունքում գրասենյակի օրակարգում ավելացավ տարածաշրջանային համագործակցության ոլորտը: Մենք դա համարում ենք տեղին և հեռանկարային տեսակետից շատ օգտակար: Մենք լիովին սատարում ենք այս նախաձեռնությունները և ցանկանում ենք ամենայն լրջությամբ ու բարյացակամությամբ ուսումնասիրել մեր բոլոր հարևանների հետ համագործակցության յուրաքանչյուր առաջարկված նախագիծ: Մենք նաև ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն և մեր գործընկերները նույնչափ հետևողականորեն նաև մեր բոլոր հարևաններին՝ ներառյալ Ադրբեջանին, կհամոզեն, որ անհրաժեշտ է կողմ լինել համագործակցությանը և ուսումնասիրել ամեն պատեհ առիթ հնարավոր համատեղ գործողությունների համար, ամրապնդել վստահությունը, հաղթահարել թշնամությունը և վերականգնել հավատը:

Մենք հատկապես խրախուսում ենք համագործակցությունը ջրային պաշարների անդրսահմանային կառավարման ոլորտում և ակնկալում, որ Բաքվի նախապատրաստական սեմինարը, որ հյուրընկալելու է մեր հարևանը տնտեսական համակարգողի գրասենյակի հետ միասին, կապահովի, որպեսզի համագործակցությունն ուսումնասիրելու առաջադրանք ունեցող այդ հանդիպումը իրականացնի նախանշված նպատակը:

Եվ վերջապես, պարոն նախագահ, որպես ավելի դրական դիտարկում, թույլ տվեք մեզ նաև գովասանքի խոսք ասել այն հսկայական ներդրումի առնչությամբ, որին, մենք կարծում ենք, ԵԱՀԿ-ն ունակ է՝ իր այլ հաստատությունների՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի միջոցով: Նրանք հանդես են գալիս որպես ժողովրդավարացման և հակամարտությունների կանխման բացառիկ գործիք: Նրանք այս կազմակերպության համեմատական առավելության վկայությունն են: Նրանք պետք է ստանան իրենց գործունեության համար անհրաժեշտ ամեն կարգի աջակցություն և միջոցներ: Նրանք պետք է հասանելի լինեն և ներկա գտնվեն ԵԱՀԿ տարածքի յուրաքանչյուր անկյունում՝ առանց հոնանավորչության ու խտրականության: Իրենց պատշաճ բարոյական հեղինակությամբ լիարժեքորեն գործելու և խոսելու համար նրանց պետք է սատար կանգնի իրենց լիազորություններով օժտող կազմակերպությունն իր բարոյական հեղինակությամբ, այսինքն՝ ողջ ԵԱՀԿ-ն, Մշտական խորհուրդը, նրա նախագահությունը և նրա քարտուղարությունը: Ունենալով կոնսենսուսի մեխանիզմը, մեր կազմակերպությունը պետք է շարունակի գիտակցել, որ այս սկզբունքը պարզապես բեռ չէ, այլ հանդիսանում է ԵԱՀԿ բացառիկության և նրա ուժի երաշխիքը: Զոհաբերել կամ զիջել այդ սկզբունքը հանուն նպատակահարմարության՝ գայթակղություն է, որը պետք է դիմադրության արժանանա: Հակառակը՝ մենք պետք է ընդունենք, որ ոչինչ ավելի չի նպաստում այս կազմակերպության աշխատանքին, որքան թափանցիկությունը, բացությունը, խորհրդակցական բնույթը, հավասարակշռությունը և վճռականությունը՝ իրագործելու այն, ինչ քարոզվում է:

Պարոն նախագահ, մենք բոլորս այստեղ, ներգրավված լինելով ահաբեկչության, ազգային և էթնիկական հուսախաբությունների նոր ու հին սպառնալիքների, անդրազգային հանցագործության, տևական տնտեսական մեկուսացման և ժողովրդավարության պակասի ու մարդու իրավունքների ոտնահարման շարունակվող օրինակների դեմ պայքարում, կարող ենք հստակորեն եզրակացնել, որ ԵԱՀԿ աշխատանքը դեռևս ավարտված չէ: Հելսինկիի տեսլականը մնում է չիրագործված:

Իմ կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր չթուլացող մասնակցությունն ու աջակցությունը: Ուզում եմ, այսպիսով, եզրափակել, մեջբերելով Սենեկային՝ այդ իմաստուն հին հռոմեացուն. «Մենք չենք համարձակվում ոչ այն պատճառով, որ խնդիրները բարդ են, այլ խնդիրներն այսքան բարդ վիճակում են այն պատճառով, որ մենք չենք համարձակվում»:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...