Skip to main content

Սեպտեմբերի 11-ի ստվերի ներքո

 

Նախարարական խորհրդի այս տարեկան հավաքը Բուխարեստում ցույց է տալիս, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը գործում է և լավ է գործում: Իր ամենատարբեր փոփոխությունների միջոցով ԵԱՀԿ-ն ոչ միայն հաղթահարել է կտրուկ վերափոխումները միջազգային և մասնավորապես եվրոպական անվտանգության միջավայրում, այլև այն հաղթահարել է ամենամեծ մարտահրավերը՝ կասկածամտությունը: Այս 25 տարիների ընթացքում անորոշություն է արտահայտվել վերջինիս հարմարվելու կարողության, կասկածներ են արտահայտվել նրա ճկունության վերաբերյալ, ցինիզմ է դրսևորվել նրա այդ առաքելության շարունակման առնչությամբ: Անցյալ տարվա դժվարին նախարարական խորհուրդը, միաձայն ընդունված փոքրաթիվ փաստաթղթերով, վստահության վերականգնման հարցում շատ բան չտվեց:

Մենք պետք է ընդունենք, որ ռումինական նախագահությանը շատ դժվարին խնդիր էր բաժին հասել՝ այս տարի մեզ նորմալ հուն վերադարձնելու առումով: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում նախագահության կողմից ներդրված ջանքերի և այստեղ ընդունված ԵԱՀԿ բարեփոխումների մասին ծրագրի համար: Հույս ունենք, որ այնտեղ տեղ գտած միջոցառումները բարեհաջող կերպով կլուծեն մեր կազմակերպության առաջ ծառացած խնդիրներից մի քանիսը. մեր հիմնասյունային հարթությունների միջև հավասարության բացակայությունը, նոր խմբավորումների անհամամասն կշռի պատճառով որոշակի պատվիրակությունների աստիճանական դուրս մղումը, կամ՝ վստահելիության խնդիրը, որը ծագեց փաստացի քողարկվածության և թափանցիկության վերաբերյալ արարողակարգային հղումների միջև հակասությունից, վերջապես՝ տեղերում մեր գործողությունների աշխարհագրական բաժանման հավասարակշռվածության բացակայության խնդիրը, որը բացառապես միայն որոշակի ժողովուրդների պիտակավորելու չարդարացված մի միտում է ենթադրում:

Այս վերջին խնդիրը կարգավորելու նպատակով մեր առաքելությունը մի համապարփակ առաջարկ է ներկայացրել ԵԱՀԿ առաքելությունների նոր տեսակի վերաբերյալ: Այն մասնավորապես կոչ է անում հատուկ աշխատանքային խմբեր ստեղծել, որոնք տեղայնացված չեն, շրջագայում են, ունենալով գործողությունների համար հաստատագրված ժամանակ և հետամուտ լինելով որևէ խնդրի լուծմանը կամ վտանգի կարգավորմանը, որտեղ էլ որ այն լինի: Անդրազգային հանցագործությունը, ներառյալ թմրանյութերի ու մարդկանց ապօրինի տեղափոխումը, և անգամ ահաբեկչությունը, բոլորն էլ համապատասխան նյութ են այսպիսի աշխատանքային խմբերի համար՝ անկախ նրանից, թե հետքերն ուր են տանում ողջ ԵԱՀԿ տարածքում: Մենք վստահ ենք, որ արժե փորձարկել այս նոր մոդելը՝ նշված անհավասարակշռությունը հարթելու նպատակով, չնայած իրենց տարածքներում տեղական առաքելություններ ունենալուն դեմ արտահայտվող անդամ երկրների չհաղթահարվող դիմադրությանը:

Պարոն նախագահ, աշխարհը փոխվել է անցյալ տարվա հանդիպումից հետո: Մենք ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պատվիրակությունն ենք, որ նշում է, թե ԵԱՀԿ նախարարական խորհուրդը հավաքվել է սեպտեմբերի 11-ի իրադարձությունների տպավորությունների ներքո: Մենք պետք է կրկնենք, որ զայրույթի կամ հուսախաբության ոչ մի աստիճան չի կարող արդարացնել այդ օրը Միացյալ Նահանգների հողի վրա ողջ մարդկության հոգեբանության դեմ իրագործված բռնությունը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ցույց տվեց, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է խոցելի, ապա մենք բոլորս ենք խոցելի: Այն համերաշխությունը, որը բխում էր մեր անվտանգությանը սպառնացող իրական վտանգներից անկեղծ էր և կշարունակվի: Վտանգները, որ տարբերակում չեն դնում հարուստի ու աղքատի, մեծի ու փոքրի, հզորի ու տկարի, արևելքի ու արևմուտքի միջև, անհրաժեշտ և դյուրին են դարձնում միավորվելը:

Ահաբեկչության դեմ պայքարի մասին ԵԱՀԿ որոշումը և Բուխարեստի գործողությունների ծրագիրը այս համերաշխության առհավատաչյան են: Որևէ այլ բան չէր կարող արժանվույնը հատուցել մեր կազմակերպության վստահելիությանը: Բայց մինչ մենք հետևում էինք, թե ինչպես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեզ բոլորիս միավորող այս վճռորոշ փաստաթղթի մշակման ծանր պարտավորությունը ստանձնած մարդիկ նվիրական ջանքեր էին գործադրում, մենք չէինք կարող չնկատել, թե որքան դժվար է մեր գործընկերներից շատերի համար ընդունել, որ այս հին հիվանդության նոր կապանքները նոր մտածողություն, նոր մոտեցումներ, նոր միջոցներ, նոր առաջնայնություններ, նոր սխեմաներ են պահանջում:

Մարդկությունը հաճախ տուժել է, խուսափելով տալ «չարիքի» բնորոշումը, վախենալով այն արդարացնել, դրանով իսկ պարտվելով չարիքի դեմ մղվող ճակատամարտում: Մենք պիտի չվախենանք հասկանալուց: Ինչպես նաև, վճռական լինելով միասնաբար պայքարել միջազգային ահաբեկչության դեմ, պիտի չխուսափենք սառը դատողությամբ նրա զորության գաղտնիքը և մեխանիզմները ուսումնասիրելուց:

Պարոն նախագահ, ահաբեկչության վախն այնքան իրական է, որ չենք կարող ցինիկ պատեհապաշտությանը թույլ տալ ծավալվելու և քաղաքական, սոցիալական կամ տնտեսական յուրաքանչյուր հակառակորդի բնորոշելու «ահաբեկչական գործողություններ» պիտակով: Ահաբեկչությունը անմեղ կյանքերի անողոք զոհաբերումն է՝ անտարբերությամբ ու առանց խտրականության: Բռնատիրության դեմ զինված ապստամբությունն ահաբեկչություն չէ, ոչ էլ, անպայման, անջատողականություն: Ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ իրավական հասարակությունը, ո՛չ էլ ժողովրդի՝ ազատության և ճնշումից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը չեն ապահովվում ռեպրեսիվ վարչակարգերի անառարկելի պահպանումով՝ հանուն կայունության կամ ստատուս քվոյի:

Պարոն նախագահ, շատ ավելի մտածված, տարբերակված, և հետևաբար արդյունավետ արձագանք է պահանջվում այլ կարգի հակամարտությունների համար ևս: Ես խոսում եմ այն հակամարտությունների մասին, որոնք ծագում են ռազմական ճնշման, խաղաղ եղանակով ինքնորոշման հասնելու իրենց իրավունքի մերժման դեմ ժողովրդի կողմից պայքար մղելու աներկբա պահանջից:

Խաղաղ կարգավորման սպասող այսպիսի մի հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի լուծումը Մինսկի գործընթացի միջոցով ԵԱՀԿ ամենակարևոր խնդիրներից է:

Պարոն նախագահ, դիվանագիտական որևէ երկիմաստ խոսք չի կարող թաքցնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի տղամարդիկ, կանայք ու երեխաները վաստակել են իրենց պատմական հայրենիքում, առանց օտար գերիշխանության ու ենթակայության, խաղաղ ապրելու իրավունքը: Լեռնային Ղարաբաղի անջատումը Խորհրդային Ադրբեջանից թե՛ օրինական էր, թե՛ խաղաղ ու արդարացի: Քայքայվող Խորհրդային Միության մայրամուտին, երկար ժամանակ ենթակայության տակ եղած և մշտապես իրավազրկված ժողովուրդը փորձեց վերականգնել իր իրավունքները: Ինչպես Ադրբեջանն այլևս չէր կամենում ընդունել խորհրդային ժառանգությունը և հեռացավ Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը չէր կամենում այլևս ապրել այն պայմաններում, որոնք տասնամյակներ առաջ կամայականորեն պարտադրվել էին Ստալինի կողմից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիմադրությունը կամայական ու ճնշող պայմաններին հանգեցրեց առավել բռնության և ինքնապաշտպանության իրենց օրինական կամքն ու իրավունքը ռազմական ճանապարհով խեղդելու փորձերի: Ներկա զինադադարը արդյունք է այն պատերազմի, որը հաջորդեց դրան: Անհավասար պայքար մղվեց այն պետության դեմ, որը փորձում էր իր կարգերն ու իշխանությունը վերահաստատել մի ժողովրդի վրա, որը հրաժարվում էր ենթարկվել իր վստահությունը չվայելող իշխանությանը:

Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավաբանորեն ուժ չունեն: Տարածքային ամբողջականության սկզբունքի բացարձակ ու կույր պաշտպանումը ոչ մի օգուտ չի տա Ադրբեջանին, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Ազգերի լիգան չընդունեց Ադրբեջանի պահանջներն այն ժամանակ, մենք չենք ընդունում դրանք այսօր: Ղարաբաղի ժողովրդի հանդեպ նրա ինքնիշխանության պահանջը նաև բարոյապես ուժ չունի: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը զրկել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը հիմնական սոցիալական ու տնտեսական իրավունքներից և մշտապես բռնի հարձակումներ է գործել:

Այստեղից են բխում բանակցային գործըթնացի դժվարությունները: Այստեղից են բխում Մինսկի խմբի համանախագահների առջև ծագող դժվարությունները՝ գործընթացն առաջ մղելու իրենց անկոտրում ու գնահատելի ջանքերում: Այստեղից է բխում դադարած բանակցությունների վերջին փուլում քննարկվող վստահության ամրապնդման միջոցառումների տրամաբանությունը, քանի որ մեկ անգամ ևս այս տարի վստահությունն ու վստահելիությունն են կարծես թե դարձել Ադրբեջանի դիրքորոշումների ելևէջումների, խաղաղության հանդեպ անորոշության ու պատերազմական նկրտումների հիմնական զոհը:

Այս փոփոխական դիրքորոշումները, որոնց վրա ամեն դեպքում  չի կարելի հիմնվել, արտացոլված են այս հանդիպմանն ընդունված ու չընդունված փաստաթղթերում: Վերջնական հայտարարությունը (որն, իմիջայլոց, դեռ վստահ չենք, թե կընդունվի), որպես այդպիսին, կարևոր է ոչ այնքան նրա համար, թե ինչ է պարունակում, որքան նրա համար, թե ինչ է բաց թողնված: Այդ փաստաթղթի սահմանափակությունն ու հարցականի տակ դրված ճակատագիրը արդյունք են փոխադարձ զիջումների հիմնարար ու կարևոր գաղափարը հաստատելու Ադրբեջանի չկամության: Այնքան կարճ է Ադրբեջանի հիշողությունը և այնքան մակերեսային խաղաղության հասնելու նրա հաստատակամությունը, որ անգամ չի կամենում այս հայտարարությունում որևէ հղում ընդունել Փարիզի ու Քի Վեստի հանդիպումներին: Պարոն նախագահ, ի՞նչ պիտի հասկանանք, եթե Ադրբեջանը չի կարողանում ճանաչել բանակցությունների վերջին փուլը որպես մյուս փուլին անցնելու աստիճան: Եթե մեր բանակցային գործընկերը չի կարողանում փոխզիջման գնալ թղթի վրա, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ նա կարող է դա գործնականում անել:

Ադրբեջանի վերանայման քաղաքականությունը համատարած է, քանի որ կիրառում է որակումներ, հնարում է թվեր, նորովի պատմություն է կերտում, շփոթում է քննարկումները, վերասահմանում է բառերը և մեղադրանքներ է հորինում: Այս մեղադրանքներին անդրադառնալու նպատակով է Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարորեն ընտրված նախագահը ընդհանուր հրավեր հղում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստուգել քարոզչական նպատակներով հնչող Ադրբեջանի անհիմն մեղադրանքների իսկությունը: Նրա նամակը տարածվել է:

Պարոն նախագահ, հայերը պատրաստ են ամենայն լրջությամբ շարունակելու բանակցությունները, պատրաստ են փոխզիջումների, քանի որ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանը մի վայր է, որտեղ մենք ապրում ենք միասին և ոչ թե մի տեղ, որտեղ կարող ենք միայնակ ապրել՝ անկոտրում ու աներկբա, վերացական մի աշխարհում: Մենք վստահ ենք, որ համանախագահների օգնությամբ գուցե նախնական, հարաճուն առաջընթաց կարելի է գրանցել, պահել ու ամրապնդել:

Պարոն նախագահ, մենք պետք  է նաև խուսափենք Ադրբեջանի և այլոց կողմից այս առիթի ձևախեղումից, նրանց, ովքեր հավատում են, թե ահաբեկչության դեմ պայքարն իրենց թույլ է տալիս հագնել ահաբեկչության վիրավորված զոհի թիկնոցը և դրանով իսկ միակողմանի փոխհատուցումներ ստանալ: Այսպիսի թյուր ընկալումները դժվարացնում են իրական զիջումների հասնելու հնարավորությունը: Միջազգային հանրությունն ու հատկապես ԵԱՀԿ-ն պետք է ձգտեն չխրախուսել այսպիսի կեղծիքները: Հակամարտությունների մեծ մասը, որոնց առնչվում է ԵԱՀԿ-ն վերջին տասնամյակում, ունեցել են իրենց հին, հաստատուն, ազգային առասպելները, որ թշնամություն ու ոխ են հրահրել: Ցավալի կլինի, եթե ներկա ողբերգական իրադարձությունները ակամայից խրախուսեն նորանոր առասպելների ու ինքնակոչ մարտիրոսների առաջացումը:

Պարոն նախագահ, այս տարի լրանում է Ալֆրեդ Նոբելի 100-ամյակը, մի մարդու, որին հիշում են իր երկու նվաճումների համար. պայթուցիկի՝ կործանարար միջոցի հայտնագործման և իր անունը կրող Խաղաղության մրցանակի հիմնադրման համար: Այսօր նրան հիշում են այս երկու՝  միմյանց կարծես թե հակասող նվաճումների համար: Եթե միջազգային հանրությունը, իր ամենատարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով, ներառյալ այս կազմակերպությունը, իրապես ու հաստատակամորեն անդրադառնա սեպտեմբերի 11-ի բազմաթիվ մարտահրավերներին, ապա այդ օրը նույնպես պետք է առանձնանա երկու թվացյալ հակադիր, սակայն նշանակալի իրադարձությամբ. այն կհիշատակվի ոչ միայն իբրև ողջ մարդկությանը բաժին հասած ահաբեկչության, այլ նաև այն իմաստնության համար, որ այդ օրվանից ի վեր որդեգրել է կասկածամտության ու բռնության ակնհայտ ուղու փոխարեն ըմբռնողության ու անվտանգության դժվարին ուղին ընտրած մարդկությունը:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...