Skip to main content

Դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում

 

Նախ, ուզում եմ ողջունել այս նախաձեռնությունը: Կարծում եմ, որ ընտրված թեման այժմեական է և կարևոր, հատկապես վերջերս հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված տարաբնույթ հայտարարությունների, կողմ և դեմ կարծիքների պայմաններում: Այս իմաստով, նման քննարկումը կարող է որոշ հստակություն մտցնել, հաշվի առնելով այս հարցում մասնագիտական կարծիքի կարևորությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, սահմանների բացումը մեծ հաշվով օգուտ է Հայաստանին: Թեև չի բացառվում, որ ինչ-որ ոլորտներում այն կարող է իր բացասական հետևանքները թողնել, սակայն գտնում ենք, որ տնտեսական և քաղաքական առումով հարաբերությունների նորմալացումը բխում է Հայաստանի շահերից: Ուստի փորձում ենք բանակցությունների միջոցով հայ-թուրքական հարաբերություններում հասնել դրական տեղաշարժերի:

Ինչպես գիտեք, բանակցությունները հիմնականում ընթանում են երկու երկրների արտգործնախարարների միջև: Այս տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի և իմ միջև տեղի է ունեցել երկու հանդիպում: Վերջինը Նյու Յորքում էր, ընդամենը 10 օր առաջ: Մենք մեր առջև խնդիր ենք դրել դրական տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում և հիմնական կենտրոնացումը բևեռել ենք սահմանների բացման վրա: Եվ գիտակցելով հանդերձ, որ սահմանի բացումը միանգամից և ամբողջական չի կարող լինել, խնդիր ենք դրել՝ թեկուզ փոքր, դրական տեղաշարժեր արձանագրել այդ ոլորտում:

Գիտեք, որ առ այսօր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հիմնական խոչընդոտը եղել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը որպես նախապայման ներկայացնելը: Եվ քանի դեռ մեր երկկողմ հարաբերությունները կապվում էին այդ հարցի կարգավորման հետ, որևէ հույս չկար, թե մենք կարող էինք դրական տեղաշարժ արձանագրել այդ ուղղությամբ:

Սակայն վերջերս նկատվում է, որ թուրքական կողմը մեր երկկողմ հարաբերությունները ալևս չի ուզում նույն ուժգնությամբ կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ինչպես նախկինում: Եվ սա դրական զարգացումների հույս է ներշնչում:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգից դեռևս չի հանվել որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման: Ուղղակի կապվածությունն այնքան ամուր չէ, ինչքան նախկինում: Այստեղ կուզենայի մի փոքր տարբերակում մտցնել երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջև: Մեկը կարելի է անել առանց մյուսի: Միջազգային պրակտիկայում օրինակներ կան, երբ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկու երկրների միջև այս կամ այն պատճառով հարաբերությունները վատթարանան և սահմանները փակվեն՝ առանց դիվանագիտական հարաբերությունները խզելու: Մյուս կողմից, կան երկրներ, որոնք նորմալ հարաբերություններ ունեն, բայց դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել: Մեկը մյուսին չի բացասում կամ չի բացառում:

Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ երկկողմ հարաբերություններում, հատկապես՝ սահմանների հարցում, դրական տեղաշարժ արձանագրել: Այս ճանապարհով մենք խուսափում ենք որոշ բարդ խնդիրներից, ինչպիսիք են Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիրը և հայոց ցեղասպանության հարցը: Այս հարցերը, իհարկե, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգում հավանաբար կբարձրացվեն, երբ հերթը գա դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Այսօր, երբ խոսքը միայն մթնոլորտի բարելավման, սահմանների բացման կամ այդ հարցում ինչ-ինչ տեղաշարժեր արձանագրելու մասին է, այդ երկու խնդիրները և նաև այլ հարցեր դեռևս օրակարգային հարցեր չեն:

Այսպիսով, մենք որդեգրել ենք փուլային մոտեցում՝ դրական տեղաշարժ արձանագրել, հատկապես սահմանների հետ կապված մթնոլորտը բարելավել: Դրանից հետո միայն՝ բանակցությունների մեջ մտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, որտեղ առավել բարդ խնդիրներ կլինեն մեր առջև: Մենք գտնում ենք նաև, որ բավարար քաղաքական կամքի դրսևորման դեպքում կկարողանանք նույնիսկ բարդագույն երկկողմ խնդիրները հաղթահարել այնքանով, որքանով դրանք վերաբերում են զուտ երկկողմ հարաբերությունների ոլորտին և չեն կապվում երրորդ երկրի խնդիրներին:

Համենայն դեպս, այսօրվա դրությամբ երկխոսությունը կարելի է համարել սկսած, բանակցությունների մթնոլորտը բավական դրական է, երկուստեք կա ցանկություն, բայց միաժամանակ կան լուրջ բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Որոշում է կայացվել բանակցությունները շարունակել և հատկապես Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո մենք հույս ունենք, որ նորից կհանդիպենք և որոշ հարցերի շուրջ արդեն պատասխաններ կունենանք:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»


Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...