Skip to main content

Մեր ինքնության սկզբնաղբյուրը Հայաստանն է

 

Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այսօր ինձ հրավիրելու և նման հարգարժան անձանց առջև ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի, հատուկ նվիրումով է վերաբերվում Հայաստանին և հայերին, և որ այդ նվիրումն անգամ ավելի երկար պատմություն ունի, քան Հայաստանի անկախությունը: Գիտեմ, որ դա ձեզ համար կենսակերպ է՝ երկակի կենսակերպ. մեկը՝ ձեր մասնագիտական կյանքում, մյուսը՝ հայկական համայնքում: Պետք է մեր երախտիքը հայտնենք Չարլի և Ջուլի Ղալյաններին մեզ իրենց տանը հյուրընկալելու և մեր նվիրումը վերահաստատելու առիթ ընձեռելու համար: Այս անգամ նվիրաբերում ենք Հայ դատի հանձնախմբին՝ բարի համբավով և բոլորիս համար ընդունելի տեսլականով այս կազմակերպությանը: Թույլ տվեք սկզբից ևեթ ասել, որ Հայ դատի հանձնախմբի նոր ծրագիրը՝ Վաշինգտոն քաղաքում իր գործունեությունը նոր շենքում ծավալելու առումով, ճիշտ որոշում է՝ կայացված ճիշտ ժամանակին:

Ազատ, անկախ Հանրապետության գոյության փաստով վերափոխվեցին մեր մարտահրավերները և պարտականությունները: Ավելին, նոր հարաբերություններ կերտվեցին սփյուռքը և մեզ ընդունող պետությունների միջև: Դա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին՝ որպես հյուրընկալ պետության, որտեղ մեկ հարյուրամյակից ավելի իրականություն են դառնում հայերի երազանքները: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ԱՄՆ-ի համար նույնպես բարեբախտություն է՝ ունենալ այսպիսի միգրանտների համայնք, ովքեր ունեն նույն հավակնությունները, ինչ ԱՄՆ հիմնադիր հայրերը, և հավակնոտ ու եռանդուն աշխատանքի շնորհիվ կարողացել են փախստականների համայնքը վերածել հաջողված նախադեպի:

Չենք կարող մոռանալ, որ ԱՄՆ ոտք դրած առաջին հայերը մարդիկ էին, ովքեր փախչում էին՝ աներևակայելի արհավիրքներ կանխատեսելով: Փախստականների հաջորդ ալիքը եկավ՝ փախչելով արդեն իրականություն դարձած աներևակայելի արհավիրքներից: Հետո եկան այլ ներգաղթողներ, ովքեր այլևս ոչ թե փախչում էին, այլ՝ որոնում, որոնում էին նոր հեռանկարներ, հորիզոններ, հնարավորություններ:

Բարեբախտաբար, փնտրելով նորը, նրանք շարունակում էին պաշտպանել և անգամ երկրպագել հինը: Ամերիկան խիզախորեն և հրապարակայնորեն առաջ է մղում համընդհանուր արդարության գաղափարը: Ամերիկան անհատականության, տարբերության և յուրօրինակության ջատագով է: Ամերիկյան այդ իդեալներն ամերիկահայերի մեջ ամրապնդեցին իրենցից խլված տարածքի և սեփական կենսակերպն ունենալու իրավունքի գիտակցությունը: Այդ հավատը՝ ոչ միայն հայության, այլ նաև՝ Հայաստանի հանդեպ, տասնամյակներ շարունակ ոգու սնունդ էր, որը վերջիվերջո անհնարը վերածեց պարզապես անհավանականի: Արդարացի կլինի ասել, որ այդ երազանքի պահապանը Դաշնակցությունն էր: Նրանք էին պաշտպանում ոչ միայն անցյալ, այլ նաև՝ ապագա ունեցող ժողովուրդ լինելու հայոց երազանքը:

Անհավատալի է, սակայն, անհավանականը դարձավ իրականություն: Հայաստանը դարձավ անկախ: Այսօրվա դրամահավաքի միջոցառման նպատակը հայկական բարեկեցիկ սփյուռքի համար նոր համայնքային կենտրոնի կառուցումը չէ, այլ՝ բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի շահերի պաշտպանության կենտրոնի շինարարությունը: Այսօր ես այստեղ եմ՝ որպես սփյուռքի զավակ և Հայաստանի արտաքին գործերի նախարար, որպեսզի դրդեմ ձեզ օգտվել Վաշինգտոնում գտնվող նոր շենքից, այս նոր կենտրոնից, այս լրացուցիչ ռեսուրսներից, խանդավառությամբ և անխոնջ եռանդով պաշտպանելու Հայաստանի իրավունքները և շահերը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ համայն աշխարհում:

Հաճախ եմ ասել, որ մեզ համար բարեբախտություն է, չնայած Երևանի և Վաշինգտոնի միջև ընկած աշխարհագրական ահռելի տարածությանը, գործընկերներ լինել ահաբեկչության դեմ պատերազմում, հանդես գալ զենքի չտարածման օգտին, տարածաշրջանային անվտանգության միջոցով փնտրել համաշխարհային խաղաղություն, սատարել իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական ու տնտեսական ազատությունների պաշտպանությանը:

Արդյունքն այն է, որ անկախացումից ի վեր Հայաստանը և ամերիկահայերը միասին լուրջ հաջողությունների են հասել. ԱՄՆ մեծածավալ աջակցությունը Հայաստանին, առևտրի արտոնությունները, ռազմական աջակցության հավասարակշռությունը, առաջընթացը ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման գործընթացներում, Հայաստանի աշխարհագրական, պատմական և տնտեսական զարգացումը խոչընդոտող գործոնների մասին հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքականության մշակման վրա ներազդողների տեղեկացվածության բարելավումը:

Ես նաև ասել եմ և չեմ կարող գերագնահատել դրա նշանակությունը, որ նույնիսկ չեմ պատկերացնում, թե ուր կհասներ Հայաստանն առանց սփյուռքի: Դուք Հայաստանը մշտապես պահում եք ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում: Դուք Հայաստանի և ԱՄՆ շահերի միջև ամենօրյա կապն եք: Դուք մեծ դեր եք ունեցել տարածաշրջանում ԱՄՆ ներկայության շարունակականությունը և հավասարակշռությունը ապահովելու հարցում: Եվ, իհարկե, դուք անգնահատելի աշխատանք եք տարել՝ ապահովելու, որ Հայաստանին տրամադրվող տեխնիկական, ժողովրդավարության զարգացման և այլ կարգի օգնությունը զգալի և շարունակական լինի: Մեր հաջորդ առաջադրանքը դիվանագիտական այնպիսի աջակցության ձգտելն է, որ համարժեք կլինի մեզ տրամադրված նյութական աջակցությանը:

Ի վերջո, ձեր և մեր օրակարգի բոլոր բաղկացուցիչները մեկ նպատակ ունեն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունն ու անվտանգությունը: Սա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հիմնավոր կարգավորման հասնելու մեր ձգտմանը, թե՛ ժողովրդավարական և անցյալի համար զղջացող Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր ջանքերին, և հատկապես, տնտեսական հետագա զարգացման մեր միտվածությանը:

Բարեբախտաբար, ստիպված չեմ ներկա գտնվող հաջողակ գործարարներին համոզել, որ տնտեսական գործոնից է կախված գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ քաղաքականությունը: Ըստ իս, Հայաստանը և սփյուռքը պետք է որոշեն, որ մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հայ կարողանա արժանապատիվ կյանք վարել, կարողանա հույս ունենալ, կարողանա հավատ տածել ապագայի նկատմամբ, իմանա, որ իր երեխաները կրթություն կստանան, որ իր ընտանիքը կարող է օգտվել բժշկի ծառայություններից: Դա է ժողովրդավարական հասարակություն ունենալու ճանապարհը: Հուսահատ մարդիկ հավատ չունեն ոչ իրենց, ոչ իրենց առաջնորդների նկատմամբ, նրանք չեն պաշտպանում իրենց ձայները, նրանց միևնույն է, թե ով կհաղթի, կամ թե ով իրենց ընտրակաշառք կտա հաղթելու նպատակով: Ցանկանում ենք ունենալ ապագայի, սեփական ուժերի նկատմամբ հավատ տածող ժողովւրդ, որը կունենա բավարար կամք՝ պատասխանատվություն ստանձնելու և պատասխան պահանջելու իր առաջնորդներից, որը կցանկանա և կկարողանա ապահովել իր սահմանների անվտանգությունը և հայրենի երկրի պաշտպանությունը:

Այդ պատճառով, Հայաստան-սփյուռք հաջորդ խորհրդաժողովի ընթացքում, այս տարվա սեպտեմբերին, Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության վերացման հավակնոտ և լայնատարած ծրագիր է նախաձեռնվելու:

Ինչո՞ւ հիմա:

Նախ, մենք ցանկանում ենք հենվել արդեն ցուցաբերվող միջազգային օժանդակության վրա: Հաջորդ 5 տարիներին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան ճանապարհներ և ոռոգման ջրի ցանց է կառուցելու Հայաստանի գյուղական շրջաններում: Բացի այդ, Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամը նոր առատաձեռն ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակներում դպրոցներ ու ճանապարհներ են կառուցվելու Երևանում ու Երևանից դուրս: Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից մեծածավալ ծրագրեր են իրականացվում Հայաստանի տարբեր շրջաններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպես ծրագրեր ունի Հայաստանի տարբեր մարզերում և, իհարկե, Ղարաբաղում: Ցանկանում ենք հենվել առկա ծրագրերի վրա և լրացուցիչ միջոցներ գտնել գյուղերի համապարփակ զարգացումն ապահովելու համար:

Պատկերացրեք, որ գյուղերից մեկը մի քանի տարի անց կունենա ոռոգման ջուր և ճանապարհներ, օրինակ, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի շնորհիվ: Բայց պատկերացրեք, որ նույն գյուղը չի ունենա խմելու ջուր, առողջապահական ծառայություններ, դպրոց, գազ կամ էլեկտրականություն: Պատկերացրեք, որ 21-րդ դարում երեխաները հասակ են առնում ճանապարհներ, ջուր և էլեկտրականություն ունեցող, սակայն հեռախոսից, հեռուստացույցից և ինտերնետից զրկված գյուղական համայնքում: Չենք կարող նման բան թույլ տալ: Այժմ, պատկերացրեք, թե որքան բան կարող ենք անել միասին, եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի գործարար հանրությունը, միջազգային կազմակերպությունները և սփյուռքահայությունը համադրեն իրենց ջանքերը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ցուցաբերած օժանդակությանը և ծրագրերին: Պատկերացրեք պետություն, որտեղ զարգացումը համապարփակ է, հավասարաչափ և արդար:

Նման մոտեցումը հիմա որդեգրելու երկրորդ պատճառը տնտեսական զարգացման ընթացքի պահպանումն է: Արձանագրել ենք տնտեսական բարձր աճ, որն իհարկե, մասամբ պայմանավորված է ցածր ելակետով: Մեր տնտեսությունը փլուզված էր, իսկ հիմա, որքան ավելի շատ աճի տնտեսությունը, այնքան ավելի դժվար կլինի երկնիշ տնտեսական աճ պահպանել: Անհրաժեշտ է լրացուցիչ օժանդակություն և միջամտություն. ուրեմն ինչու չուղղել լրացուցիչ օժանդակությունն այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում:

Ի վերջո, Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում առաջատար դեր է ունեցել այս տարածաշրջանում: Կարող է անակնկալ լինել, սակայն իսկապես այդպես է: Վրաստանն ունի ավելի բարենպաստ աշխարհագրական դիրք և ելք դեպի ծով: Ադրբեջանն արդեն մեծ ծավալի նավթ է վաճառում՝ վերջին մի քանի տարիներին օրական 300 հազար տակառից ավելի, սակայն Համաշխարհային բանկի տվյալներով, 1 շնչին բաժին ընկնող եկամուտը դեռևս ավելի մեծ է Հայաստանում: Դրանով պետք է հպարտանալ, սակայն պետք է նաև աշխատել այդ ցուցանիշները պահպանելու ուղղությամբ: Պետք է պահպանել մեր ունեցած առավելությունը՝ նույնիսկ Ադրբեջանի պարագայում նավթից ակնկալվող լրացուցիչ եկամուտների հեռանկարի պայմաններում: Դա մեզ կհաջողվի միայն այն դեպքում, եթե համարձակորեն համախմբենք մեր ռեսուրսները և հստակորեն որպես մեր նպատակ հռչակենք համապարփակ տնտեսական զարգացումը:

Դա կանենք սփյուռքի խորհրդաժողովի ընթացքում:

Այդ խորհրդաժողովը կանցկացվի Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին զուգահեռ: Այս 1.5 տասնամյակի ընթացքում երկար ուղի ենք անցել: Որքան էլ դա անհավանական կարող էր թվալ, մենք գոյատևել ենք: Հաջորդ 15 տարիների ընթացքում պետք է Հայաստանը դարձնենք ձեր երազների երկիրը: Դա հնարավոր է, եթե սփյուռքից Հայաստանի ակնկալիքները և Հայաստանից սփյուռքի ակնկալիքներն ավելի մեծ չափով համապատասխանեցվեն իրար: Խորհրդաժողովը կանդրադառնա նաև այդ խնդիրներին: Այլ կերպ ասած՝ անկախությունն իր հետ բերում է տնտեսական ասպարեզում հաջողության հասնելու անհրաժեշտության գիտակցումը: Գյուղական զարգացման ծրագիրն անդրադառնում է այդ մտահոգությանը և սփյուռքին հնարավորություն ընձեռում մասնակցելու այդ գործին: Միաժամանակ, անկախությունն իր հետ բերում է ինքնության, Հայրենիք-սփյուռք հարաբերությունների, լեզվի և կրոնի, քաղաքական կուսակցությունների և սփյուռքի կառույցների վերաբերյալ հարցադրումներ: Եթե մեր ավանդական կազմակերպությունները նախկինում այդ հարցերում ունեին որոշակի տեսակետներ, այսօրվա երիտասարդների մոտեցումները նույն հարցերին շատ տարբեր են: Նրանք հին հարցերին փնտրում են նոր պատասխաններ: Խորհրդաժողովի երկրորդ կեսը նվիրված կլինի հենց այդ խնդրին՝ հետևյալ խորագրով. «Նոր պատասխաններ հին հարցերին. ազգ-պետությունը 21-րդ դարում»:

Այդպիսով, անդրադարձած կլինենք ժողովրդի և պետության առջև ծառացած երկու՝ ինքնության և զարգացման հիմնախնդիրներին. ով ենք մենք և ինչպիսին ենք ուզում դառնալ:

Երկրորդի մասին արդեն խոսել ենք: Բաղձալի նպատակին հասնելու միակ միջոցը տնտեսական հզորությունն է:

Պետք է խոստովանենք, որ առաջին հարցի բովանդակությունը՝ մեր ինքնությունը, փոխվել է: Մեր ինքնությունն այլևս չի բնորոշվում Վարդան Մամիկոնյանով և Արամ Խաչատրյանով: Այսօր մենք հայեր ենք, մեր ինքնության սկզբնաղբյուրը Հայաստանն է: Մենք այլ ընտրություն չունենք. պետք է Հայաստանը դարձնենք այն պետությունը, որով կհպարտանանք: Դա կարող ենք անել միայն թիրախային տնտեսական զարգացման, ակտիվ դիվանագիտության և ակտիվ շահապաշտպանության միջոցով:

Մեր դիվանագիտական աշխատանքը բարդ է: Ապրում ենք բարդ տարածաշրջանում: Պատկերացրեք, Իրանը և աշխարհում նրա խնդիրները, Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, վրաց-ռուսական լարվածությունը հյուսիսում: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի վրա, և մենք պետք է խուսափենք դրանցից, փորձելով շրջանցել դժվարությունները փոխլրացման հավասարակշիռ քաղաքականությամբ:

Փոխլրացման այդ քաղաքականությունը պետք է տարածվի նաև սփյուռքի նկատմամբ: Փոխլրացնելով մեր ջանքերը ձերով, համակարգելով մեր գործակցությունը, մեզ ցուցաբերվող մեծածավալ նյութական օժանդակությունը վերածելով դիվանագիտական օժանդակության, մեր դիվանագետների աշխատանքը պետք է լրացվի ձեր աշխատանքով, և ձեր երազանքները կլրացվեն մեր գործերով:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»


Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...