Skip to main content

Հայաստանը որպես քառուղիների վայր

 

Պաշտոնավարող արտգործնախարարին հաճախ չէ հնարավորություն ընձեռվում հանդես գալու այնպիսի կարկառուն լսարանի առաջ՝ մարդիկ, ովքեր առասպելներ են կերտում և առասպելներ կործանում: Սակայն, ինչպես գիտեք, յուրաքանչյուր հնարավորություն նաև մարտահրավեր է ենթադրում: Այսօր իմ խնդիրն է այս երկու կարգերն իրարից տարբերակել: Այստեղ՝ ԱՄՆ-ում, խնդիրն ավելի բարդանում է վերլուծական կենտրոնների առկայությամբ: Դրանց գործունեության և տեղեկատվության արդեն սովորական դարձած փոխանակումն ու շրջապտույտը կառավարության քաղաքականությունն իրականացնող մարմինների և գիտական համայնքի միջև հետապնդում է բոլորիս վերլուծական անաչառությունը պահպանելու նպատակը:

Անշուշտ, պետք է արդարամիտ լինեմ և ընդունեմ, որ այդ երկուսի միջև սահմանագծերը կարող են աղոտ լինել, եթե սահմանագծեր ընդհանրապես կան: Իմ երկրում՝ Հայաստանում, չկան նման բաժանարար գծեր, քանի որ հստակ ու աննկատ տարանջատմամբ առանձնացող ինքնուրույն հաստատությունները և քաղաքացիական հասարակությունն ընդհանուր առմամբ դեռևս զարգացում են ապրում:

Պատմությունից բոլորիս հայտնի է, որ Մետաքսի մեկ եզակի ճանապարհ երբեք գոյություն չի ունեցել: Միգուցե, եթե Ստալինի և Մաոյի եղբայրությունը չավարտվեր բաժանությամբ, յուրատեսակ եզակի ու ժամանակակից Մետաքսի ճանապարհի մտահղացում առաջանար. այն կձգվեր խորհրդային ազդեցության տակ գտնվող Արևելյան Եվրոպայի կենտրոնից մինչև Չինաստան՝ ամբողջությամբ կոմունիստական իշխանության ներքո: Սակայն, ինչպես և անցյալում, դա երբեք չէր կարող տեղի ունենալ: Մետաքսի ճանապարհը երբեք չի գտնվել գերիշխող կենտրոնացած տնօրինության ձեռքում, որը կկարողանար այն պահպանել, կառավարել, շահագործել և մենատիրաբար օգտվել դրա պտուղներից:

Այսօրվա Մետաքսի ճանապարհը հայեցակարգային կառույց է՝ բազմաթիվ հնարավորությունների միախառնման արդյունք: Այն նախապայմանավորված է այն ենթադրությամբ, որ քարտեզի վրա առկա միջակա բոլոր կետերը, առաջնորդվելով զուտ սեփական շահերով և առանց խոչընդոտների հետապնդելով առևտրից իրենց առավելագույն շահը կորզելու բանական նպատակը, կմիաձուլվեն նոր համակարգում: Այդպիսով, տեսականորեն, նրանք կարագացնեն իրենց տնտեսությունների անցումը շուկայական համակարգի, կխրախուսեն փոխադարձ կախվածությամբ պայմանավորված համագործակցության զարգացումն ու ժողովրդավարական կառավարումը՝ դառնալով, վերջիվերջո, առավելաբար արևմուտքի գերիշխանությամբ առանձնացող քաղաքական-տնտեսական համակարգի մասնակիցներ:

Եթե մտացածին այդ կառույցի տրամաբանությունը լիներ նույնչափ բնական և ակնբախ, որքան դա պատկերացնում են դրա ջատագովները, այդ ուղու միջնամասում Հայաստանի տեղն ու դերը պետք է որ անվիճելի լիներ: Հայաստանի ու հայերի մասին ամենաուշագրավ գրքերից մեկի խորաթափանց հեղինակ Ֆիլիփ Մարսդենն իր գիրքը վերնագրել է «Քառուղիների վայր»: 3000 տարի շարունակ Հայաստանը եղել է երթևեկության հնամենի խաչմերուկը՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առևտրի, փոխանակումների և ժողովուրդների գաղթերի ոլորտներում: Այդուհանդերձ, մեր ամբողջական, իրավահավասար և ակտիվ մասնակցությունն այդ նախագծերին այսօր բախվում է ակնհայտ խոչընդոտների:

Մենք, սկզբունքորեն, չունենք որևէ կասկած, որ ԱՄՆ-ն, հանդիսանալով այս նախաձեռնության և դրա կենսագործման ճարտարապետն ու ջատագովը, իր այդ մեծ ծրագրի շրջանակներում նախատեսել է Հայաստանի տեղն ու դերն այդ երևակայական խաչմերուկում ոչ թե աշխարհագրական կամ տնտեսական փոփոխականներից և չափանիշներից ելնելով, այլ առաջնորդվելով աշխարհաքաղաքական և ռազմավարական նկատառումներով:

Ակնհայտ է, որ Մետաքսի ճանապարհի հարցերի շուրջ այս խորհրդաժողովը պետք է անդրադառնա մեր տարածաշրջանում կայունության հեռանկարներին, քանի որ այդ նախաձեռնության հաջող իրականացման համար անհրաժեշտ է խաղաղություն հաստատել Կովկասում: Այդ ռազմավարական նկատառումները արդյունավետորեն կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ է նրբորեն գնահատել տարածաշրջանի իրավիճակը և այնտեղ առկա հարաբերությունները: Թյուրըմբռնումների առկայությունը և դրանց չափազանց լինելը բացասաբար են անդրադառնում ինչպես Մետաքսի ճանապարհի զարգացման, այնպես էլ դրա մաս կազմող միավորների առաջընթացի վրա:

Ուստի և Հայաստանը կարևորում է, որ իր գործողությունները, մտադրությունները և հարաբերությունները ընկալվեն ճիշտ և համապատասխան համատեքստում:

1991թ. Հայաստանի անկախության ձեռքբերումից ի վեր, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները զտվել են խաչաձևվող և մասամբ համընկնող 4 տարբեր շրջանակներում: Դա, անշուշտ, որևէ կերպ չի նսեմացնում երկկողմ հարաբերությունների բնագավառը, որտեղ ԱՄՆ-ն շատ դրական և աջակցող դեր է կատարել: Տնտեսական և մշակութային փոխանակումների, մակրոտնտեսական բարեփոխումների և տեխնիկական աջակցության, ինչպես նաև, ամենակարևորը, ժողովրդավարության զարգացման ոլորտներում ԱՄՆ օգնությունը Հայաստանին, որը հաճախ նաև խրախուսվում էր մեր սփյուռքի կարևոր հատվածի՝ ամերիկահայ համայնքի լուրջ ազդեցությամբ, շատ արժեքավոր է եղել: Երկկողմ բնագավառում չի արձանագրվել որևէ խնդրահարույց հարց, ոչ էլ, ի դեպ, այդ հարաբերություններն այդչափ էական են դարձել, որպեսզի լուրջ ազդեցություն ունենան մեր ռազմավարական, տարածաշրջանային, անվտանգության կամ կենսական շահերի վրա:

Փոխարենը, անհրաժեշտ է նշել, որ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն էական նշանակություն են ձեռք բերել 4 հետևյալ շրջանակներում՝ Հայաստանի Հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի հարաբերությունների ամբողջականությունը տարածաշրջանի կտրվածքով, և, մասնավորապես, Իրանի հետ:

Ակնհայտ է, որ այս ոլորտներից յուրաքանչյուրի առանձին  վերլուծության փորձը զուտ տեսական հարմարության նպատակով է կատարվում, քանի որ դրանք եղել են և շարունակվում են լինել փոխադարձաբար խորապես և էականորեն ներհյուսված: Նմանապես ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պարզ ուղին բռնելու համար անհրաժեշտ է սթափ գնահատել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարկ տալ հայ-թուրքական հարաբերություններին՝ դրանք հասցնելով գոնե ցանկալի մակարդակի, արդարացիորեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տարածաշրջանային գործընթացներում ապահովել Իրանի դրական ներգրավումը:

Թույլ տվեք սկսել հայ-ռուսական հարաբերություններից: Մեր փոխադարձ տնտեսական, ռազմական և քաղաքական շաղկապվածությունը լայնածավալ և նշանակալի է: Այն, ինչպես և ԱՄՆ-ի պարագայում, շարունակում է կրել այդ երկրում առկա մեծաքանակ և ակտիվ հայ համայնքի զգալի և հարաճուն ազդեցությունը:

Անցած շրջանում, իհարկե, ստեղծվել է առասպել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի կախվածության մասին: Այն կառուցվել է Հայաստանի կողմից, մասնավորապես՝ այլ երկրների հետ հարաբերվելիս, իր շահերը սահմանելու և հետապնդելու տարընթերցումների և ենթադրությունների վրա, թե, իբր, Հայաստանի խուսանավելու բացարձակ հնարավորությունները սահմանափակված են իր ճկունության էականորեն հարաբերական հնարավորությամբ:

Նման տարընթերցումները և ենթադրությունները բազմաթիվ են: Տարիներ առաջ խոսում էին, թե մենք, իբր, հաղթում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմի դաշտում Ռուսաստանի շնորհիվ: Ապա թե, իբր, Հայաստանը Ռուսաստանի արևմտյան սահմանապահ բերդն է, որին ստիպել են խոչընդոտել ՆԱՏՕ-ի ընդարձակմանը կամ արևմուտքի ներթափանցմանն այս տարածաշրջան: Այսօր երբեմն անգամ ասում են, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:

Սրանք առասպելներ են: Դրանք, հավանաբար, ծագել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական դաշինքի փաստից: Այդ դաշինքի շարժառիթները, սակայն, բխում են հենց Հայաստանի շահերից՝ որպես պաշտպանություն մեր արևմտյան հարևանի որոշ ակնհայտ և ցուցադրական սպառնալիքներից: Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունն իրականում որևէ կերպ չի խոչընդոտել ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությանն ու շոշափելի համագործակցությանը: Անգամ մինչև միջազգային ահաբեկչության դեմ պատերազմի սկիզբը, Ամերիկան ինքն էր զսպվածություն ցուցաբերում Հայաստանի հետ ռազմական համագործակցություն ծավալելու հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանում իր դաշնակիցներին, բարեկամներին կամ հակառակորդներին չվիրավորելու կամ չգրգռելու շարժառիթները:

Օրինակ, եթե ԱՄՆ-ն համարեր, թե Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ռուսները բացառապես ներկայացնում են Հայաստանի դիրքորոշումը, կամ էլ՝ հակառակը, ապա, վստահաբար, մենք մինչև այսօր արդեն լսած կլինեինք դրա մասին, իսկ նման ենթադրությունը վաղուց արդեն տապալված կլիներ Մինսկի գործընթացը:

Ավելին՝ Հայաստանը ո՛չ հրավիրվել է և ո՛չ էլ ինքն իրեն է հրավիրել ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի միջոցով ակտիվ և շահագրգիռ մասնակցություն է ցուցաբերում այդ գործընթացին: Ինչպես այս, այդպես էլ այլ դեպքերում մեզ երբեք չի առաջարկվել ավելին, քան մենք ցանկացել ենք կամ պատրաստ ենք եղել ընդունել: Հայաստանը, ի տարբերություն այլոց, երբեք չի ձևացրել, թե իբր պատրաստ է հյուրընկալել կամ հատուկ գործընկերություն հաստատել ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով, որ նման ռազմական ներգրավվածության շնորհիվ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն մեզ օգնության կհասնեն Լեռնային Ղարաբաղի հարցում այնպես, ինչպես Կոսովոյի դեպքում էր: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կոսովոյի հակառակ նախադեպի վերածելու Ադրբեջանի ռազմավարությունը մենք միշտ էլ համարել ենք ոչ այլ ինչ, քան խորը մոլորություն կամ ցանկալին որպես իրական ներկայացնելու միամտություն: Ինչպես տարածաշրջանում, այդպես էլ դրանից դուրս նրանք միակը չեն, որ շրջանառության մեջ են դրել այն առասպելը, թե իբր Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանը դարձնում է հնարավոր թշնամի, կամ տարածաշրջանային սպառնալիք:

Ճշմարտությունն իրականում բոլորովին այլ է: Որքան ավելի լայն, խորը և ռազմավարական առումով ավելի փոխպայմանավորված լինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, այնքան ավելի մեծ դեր, կարևորություն և նշանակություն կարող է ունենալ Հայաստանն այդ եռանկյունու մեջ: Սա արդեն առասպել չէ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակում ԱՄՆ-Թուրքիա-Հայաստան եռանկյունին պակաս երկիմաստ է: Միգուցե այն նույնիսկ հակառակն է, և հենց Հայաստան-Թուրքիա շփումն է ընկած ԱՄՆ-Թուրքիա-Հայաստան եռանկյունու հիմքում: Դիտորդներին մնում է ենթադրել, թե որն է այստեղ իրականություն, և որն է առասպել:

Երևանից և, հավանաբար, մի շարք այլ դիտակետերից թվում է, թե Թուրքիայի հարաբերությունները հարևան և անգամ ոչ հարևան շատ երկրների հետ իրականացվում են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների հատուկ լույսի ներքո՝ լինի դա Եվրոպական Միությանը անդամակցելու Թուրքիայի թեկնածությունը, կամ Իսրայելի հետ ռազմավարական համագործակցությունը, կամ էլ Թուրքիայի դերն Աֆղանստանում և Իրաքում: Նման գործընկերության մեջ արտասովոր ոչինչ չկա, սակայն փոխադարձ հանձնառությունների ցանցն այնքան խիտ է դառնում, որ տարօրինակ կերպով սկսում է սահմանափակել հնարավորությունները երկու կողմերի համար: Դա մեզ որոշակի բարդություններ և հիասթափություններ է պատճառում, անգամ եթե քաջ գիտակցում ենք, թե ինչու որոշակի խոստումներ կյանքի չեն կոչվում:

Հայաստանը համոզված է, որ ելնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական և տնտեսական շահերից՝ կայունություն, առևտուր ու էներգամատակարարում, ԱՄՆ-ն այդ բազմաթիվ ակնհայտ պատճառներով պիտի ողջունի հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը: Առկա են նաև ոչ այնքան ակնհայտ պատճառներ, որոնց շարքում են ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների ճնշման թուլացումը և Թուրքիայից դրանց ուշադրության շեղումը, ինչպես նաև բոլոր հնարավոր միջազգային կառույցներում Թուրքիայի հանդեպ Հայաստանի բացասական դիրքորոշման կամ անգամ վետոյի գրգռիչ հանգամանքի չեզոքացումը: Այդպիսով, հնարավոր կլինի նվազեցնել հայ-թուրքական տարաձայնությունների հրապարակային գինը, ինչն իր ակնհայտ ու անհաշտ դրսևորումներն է ունենում եվրոպական կառույցներում: Դա իր հերթին կնպաստի մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի վարկանիշի բարելավմանը, կամ գոնե թույլ կտա շեղել ուշադրությունն այդ վարկանիշից, ինչպես 1915թ. ցեղասպանության ժխտումից:

Այստեղ հավաքվածներից շատերի համար գաղտնիք չէ, որ գոնե վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ն խոստացել էր փորձել Թուրքիային համոզել, որպեսզի վերջինս ձեռնարկի որոշակի, հարաճուն, երբեմն նշանակալի և խորհրդանշական քայլեր Հայաստանի հետ գործակցային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Քաջատեղյակ լինելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ԱՄՆ-ն փորձել է Թուրքիային ուղղորդել դեպի որոշ քայլեր, օրինակ, երկաթուղային հաղորդակցության վերագործարկումը կամ առևտրի համար ցամաքային սահմանների բացումը: Սթրոբ Թալբոթն անձամբ էր մասնակցում այդ ջանքերին: Սակայն անցել է 4 տարի, և մինչ այսօր չկան ո՛չ երկաթուղային հաղորդակցություն, ո՛չ դիվանագիտական հարաբերություններ, ո՛չ էլ բա սահմաններ: Հայաստանը քաջ գիտակցում է, որ սրա պատճառն այն չէ, որ Թուրքիային այս ուղղությամբ քաջալերելու ԱՄՆ փորձերը ձախողվեցին, քանի որ դա ակնհայտորեն բխում էր հենց ԱՄՆ շահերից: Այս իրողությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ տեսանկյունից Թուրքիայի դերը Իրաքի հարցի, Իսրայելի հետ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության պաշտպանության քաղաքականության շրջանակներում, էլ չասած Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին, չափազանց կարևոր է՝ վտանգելու համար հանուն հայ-թուրքական դրական օրակարգի:

Նման դիմադրության պատճառները բազմաթիվ են, և դրանք ամենևին էլ գաղտնիք չեն: Առաջինն է «վիրավորվածությունը» ցեղասպանության հարցում հայերի իբր թե անհիմն մեղադրանքներից: Ապա, գալիս են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Թուրքիայի ներքին քաղաքականության փոխկապակցվածության գործոնները: Սակայն իր կրտսեր գործընկերոջը՝ Թուրքիային, դեպի Հայաստանի հետ համագործակցություն ուղղորդելու ԱՄՆ անկարողությունը Երևանում ավելի շուտ ընկալվում է որպես կողմնապահության դրսևորում, այլ ոչ այդ երկուսի փոխադարձ կախվածությունից բխող սահմանափակումների արդյունք: Այդ առասպելն իր հերթին ծանր է նստում մեր՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վրա:

Ամփոփելով՝ պետք է անցնեմ Հայաստանի արտաքին քաղաքականության իմ արդեն նշած խնդիրների երրորդ շրջանակին, որտեղ էականորեն հատվում են մեր և ԱՄՆ շահերը, որն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Հայաստանի տեսանկյունից սա, թերևս, ամենաառանցքային խնդիրն է: Անկասկած, հենց այդ պատճառով է, որ իմ դասախոսությունն այս հավաքույթի կազմակերպիչները վերնագրել էին «Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները»: Երանի, թե կարողանայի ամենայն համոզվածությամբ ձեզ ասել, թե ինչպիսին են այդ հեռանկարները: Իրականում, կարող եմ միայն ասել, որ այդ հարցի պատասխանը զգալիորեն կախված է հենց ԱՄՆ-ից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակ չկարգավորված հակամարտությունը չէ տարածաշրջանում, սակայն այն միակն է, որի մեջ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան ակտիվ և հետևողական ներգրավվածություն են ցուցաբերել: Բոլորս էլ ակնկալում ենք, որ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության և համագործակցության հարցերի լայն շրջանակն ինչպես համաշխարհային, այդպես էլ տարածաշրջանային մակարդակներում իրենց ազդեցությունը կունենան այս հակամարտության կարգավորման և նրա վերջնական լուծման փորձերի յուրաքանչյուր հանգամանքի վրա:

Ճշմարտությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ըստ էության, պայքար է հանուն ազգային ինքնորոշման: Սակայն ահռելի տարբերություններ կան արդի երկարատև որոշ հակամարտությունների փաստացի կարգավիճակների համեմատական բնութագրերում: Կարծում եմ, որ իրականում ազգային ինքնորոշման շարժումները կարելի է բաժանել 4 տարբեր խմբերի՝ համաձայն դրանց տարածքների, ներառյալ՝ «ապստամբների» կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ պետությունների վերահսկողության համեմատական աստիճանի և անջատողական շարժումների նվաճած ազգային ինքնորոշման մակարդակի:

Քվեբեկն ու Հյուսիսային Իռլանդիան, օրինակ, պատկանում են առաջին խմբին: Թե՛ Կանադայի, թե՛ Միացյալ Թագավորության պարագայում պահպանվել է նրանց տարածքային ամբողջականությունը, իսկ այդ նահանգները վայելում են ինքնորոշման այնպիսի բարձր մակարդակ, որ կարող են հանրաքվեներ անցկացնել և անգամ որոշումներ կայացնել իրենց իրավական և քաղաքական կարգավիճակի վերաբերյալ:

Արդի անջատողական շարժումների ճնշող մեծամասնությունը պատկանում է երկրորդ խմբին: Այդ շարժումները պայքարում են առանց ինքնորոշման որևէ մակարդակ ունենալու, իսկ պետությունը շարունակում է խնդրո առարկա տարածքի լիակատար վերահսկողություն իրականացնել: Քրդերի պայքարը Թուրքիայում պատկանում է հենց այս խմբին:

Երրորդ խմբին պատկանող դեպքերը պայմանականորեն կարելի է «եզրային» անվանել: Պետությունն ի վիճակի չէ ճնշել ապստամբներին, սակայն վերջիններս էլ այնքան ուժեղ չեն, որ կարողանան մշտապես վերահսկել իրենց տարածքը: Նման դեպքերում նժարը կարող է թեքվել մերթ դեպի մեկ, մերթ դեպի մյուս կողմը: Արևելյան Պակիստանը, որը հետագայում դարձավ Բանգլադեշ, հենց այսպիսի վիճակում էր 1960-ականներին, մինչև այն ճանաչվեց միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն: Նման իրավիճակում էր նաև Լեռնային Ղարաբաղը մինչև 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից անվերապահ զինադադարի ստորագրումը, որը տեղի ունեցավ Ղարաբաղի հայտարարած անկախությունը ջախջախելու գործում Ադրբեջանի ձախողման արդյունքում:

Արդի պայմաններում Լեռնային Ղարաբաղի դեպքը պատկանում է չորրորդ խմբին: Ադրբեջանն ընդհանրապես որևէ կերպ չի վերահսկում այդ տարածքները, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը լիակատար ինքնիշխանություն է վայելում:

Այս բոլոր հակամարտություններում միջնորդները երկու քաղաքական նպատակ են հետապնդում: Դա նախ և առաջ պետության փլուզմանը դիմակայելն է, ապա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն է: Այդ նպատակով, միևնույն ժամանակ, պաշտպանվում է պետության տարածքային ամբողջականությունը և, զուգահեռաբար, պահանջվում է քաղաքական, քաղաքացիական և մարդու իրավունքների լիակատար պաշտպանություն բոլոր՝ ներառյալ «ապստամբ» փոքրամասնությանը պատկանող քաղաքացիների համար: Միջազգային հանրությունը միևնույն երգն է երգում արդի աշխարհում մղվող տասնյակ նման պայքարների համար: Երբեմն բանն անգամ հասնում է որոշակի ինքնավարություն առաջարկելուն: Դա արվում է այն հույսով, որ նման իրավունքների տրամադրումը կսառեցնի անջատվելու նպատակով բանեցվող ճնշումները: Խնդիրը, սակայն, այն է, որ այս երկու նպատակներին հնարավոր չէ հասնել բոլոր հակամարտությունների պարագայում: Դա հատկապես դժվար է այն դեպքում, երբ ազգային ինքնորոշման շարժմանն առաջարկվում են իրավունքներ, որոնք այն արդեն իսկ նվաճել ու պաշտպանում է: ԱՄՆ-ում հաճախ կարելի է լսել հետևյալ առաջարկը՝ «հարկավոր է միաժամանակ ջանքեր գործադրել կենտրոնական կառավարության կողմից ժողովրդավարության խորացման ուղղությամբ և, մյուս կողմից, խրախուսել հնարավոր անջատողական շրջաններին՝ օգտվել առևտրատնտեսական զարգացման ու քաղաքական համագործակցության առավելություններից»: Բրոմանման այս դեղամիջոցը Լեռնային Ղարաբաղին առաջարկելը նշանակում է արհամարհել այս հակամարտության տասնամյակների զարգացումը և դրա իրավական ու պատմական հիմքերը: Լեռնային Ղարաբաղն արդեն վայելում է իր ընտրած կառավարության կողմից երաշխավորվող քաղաքական, քաղաքացիական և մարդու իրավունքները: Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում այդ նույն իրավունքներն առաջարկել և, միաժամանակ, ակնկալել, թե այն կհրաժարվի իր ինքնորոշման իրավունքից անտրամաբանական է և անընդունելի: Սա կարող է աշխատել երկրորդ խմբի հակամարտությունների դեպքում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի պարագայում:

Վերջապես, հերթը հասավ Հայաստանի հարաբերությունների ու կապերի չորրորդ շրջանակին, որը ներառում է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Եվրոպայի գոտին: Այդտեղ, ունենալով Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և այլոց հետ պատմական, տնտեսական և առևտրային կապեր, ինչպես նաև սփյուռքահայ համայնքներ, որտեղ հարափոփոխ դաշինքներ ու քաղաքական միավորումներ են ձևավորվում, մենք պարզապես չենք կարող անտեսել կամ էլ չմասնակցել այդ տարածաշրջանի զարգացումներին: Պարտադիր չէ, որ մեր բոլոր բարեկամները բարեկամաբար տրամադրված լինեն միմյանց նկատմամբ, իսկ մեր թշնամիներն էլ մեր գործընկերների հակառակորդները լինեն: Տարածաշրջանի կայունությանը նպաստելու մեր ունակությունը մեծապես կախված է այդ ոչ միատարր և արտաքուստ անհամատեղելի դերակատարների հետ հարաբերություններ կառուցելու մեր կարողության արդյունավետության աստիճանից: Բոլոր ուղղություններով իրականացվող փոխլրացման այդ քաղաքականությունը մեր ընտրությունն ու կամովին ստանձնած բեռն է, սակայն երբեմն մեզ փորձում են հարկադրել ի վնաս մեզ այս կամ այն կողմի միջև ընտրություն կատարել կամ որևէ մեկի կողմը բռնել: Գաղտնիք չէ, որ մեր աշխարհաքաղաքական իրավիճակից և մեր շուրջ եղած հակամարտություններից ու թշնամանքի մթնոլորտից ելնելով, ինչպես նաև մեր տրամադրության տակ եղած սահմանափակ ռեսուրսների պատճառով, խուսանավելու մեր հնարավորությունները մեծ չեն:

Թեև Իրանի հետ մեր ընդհանուր սահմանը կարճ է ու լեռնային, այն մեզ գործնական այլընտրանքի հնարավորություն է ընձեռել, չնայած այն կարևոր տարընթերցումներին, որոնք կարելի է արձանագրել առնվազն ԱՄՆ-ի ու մեր միջև: Փորձից և անհրաժեշտությունից ելնելով՝ Իրանի հետ մեր հարաբերությունները չեն կարող մակերեսային կամ պատեհապաշտ բնույթ կրել: Ոչ էլ դրանք անվտանգության որևէ իրական կամ էական սպառնալիք են ստեղծում որևէ մեկի համար: Դրանք որևէ կերպ չեն խախտում ռազմավարական հավասարակշռությունը: Այդ հարաբերությունների տնտեսական նշանակությունն անգամ նվազագույն է ոչ միայն համաշխարհային, այլ նույնիսկ տարածաշրջանային առևտրի չափանիշներով: Այստեղ մենք գործ ունենք երկու հարևանների համագործակցության հետ, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի չափով դիմադրում է իրեն մեկուսացնելու և լուսանցք մղելու փորձերին: Այդպիսով, երկուսիցս յուրաքանչյուրը հույս է տածում, որ մյուսն իր համար կամրջի դեր կկատարի դեպի արտաքին աշխարհի այն մասերը, որոնց հետ նա ավելի լավ կապեր ունի: Հայաստանը կուզենար, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համատեքստում ուսումնասիրվեին իր երկկողմանի հարաբերությունները Իրանի հետ, և Հայաստանը կարողանար օգտակար լինել այդ երկուսի միջև որևէ երկխոսությանը: Իսկ, մասնավորապես, առևտրին և տարանցիկ ուղիներին անդրադառնալով, նշեմ, որ եթե որևէ մեկը մեզ կարող է առաջարկել այլ ուղիներ, մենք պատրաստ ենք նրանց համակ ուշադրությամբ լսել:

Հավատացած ենք, որ Իրանը դրականորեն ներգրավելու Հայաստանի ունակությունը կարող է և պետք է լավագույնս օգտագործվի որպես կայունության և համագործակցության գործոն տարածաշրջանային կառույցների և հաստատությունների ընդարձակ շրջանակներում: Սրանից են կախված մեր անվտանգությունն ու բարեկեցությունը: Ուստի ցանկանում ենք, որ ճանաչվի մեր նմանօրինակ քաղաքականության օրինականությունը, այն աջակցություն ստանա, ինչպես նաև դրական կիրառում գտնի մեր բոլոր այն բարեկամների կողմից, ովքեր շահագրգիռ են մեր տարածաշրջանի խաղաղության ու զարգացման հարցերով: Իսկ այն տեսակետը, թե Հայաստանն իբր պետք է կատարի կամ, ավելի վատ, արդեն իսկ ընտրություն է կատարել իր բարեկամների և ուղղությունների հարցում, ևս մի սնանկ առասպել է:

Այժմ տեսնում եք, թե ինչպես շրջապտույտ կատարելով, վերադառնում ենք դեպի Մետաքսի ճանապարհը: Ելնելով այն տեղից և դերից, որ Հայաստանն ինքն է իրեն առանձնացրել այդ ավելի մեծ պատկերում, մեր երկիրը Մետաքսի ճանապարհից դուրս պահելուն կամ լուսանցք գցելուն ուղղված աճպարարությունները կարող են միայն վտանգել այդ ճանապարհի ամբողջական ներուժը: Լինելով խաղաղության և կայունության գործիք՝ այն չպետք է դառնա ոմանց պարտադրանքի գործիքը՝ մեկուսացմամբ պատժելու համար նրանց, ում ցանկանում են տեսնել միայն թշնամու կամ առճակատման դիրքերից:

Տարածաշրջանի համատեքստում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իմ նկատառումներն ամենևին չեն նշանակում, թե մենք այնչափ միամիտ ենք, որ ակնկալենք, թե այդ հարաբերությունները հանկարծ կենտրոնական տեղ կգրավեն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում: Ընդհակառակը, մենք քաջատեղյակ ենք, թե ինչ այլ հարցեր են ներառված այդ օրակարգում: Մյուս կողմից, դուք ինքներդ տեսաք, թե ինչ կենտրոնական տեղ են զբաղեցնում այդ հարաբերությունները մեր սեփական արտաքին քաղաքականության շրջանակներում:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»


Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...