Skip to main content

Հայաստան-Սփյուռք՝ երկկողմանի ճանապարհ

 

Դուք արդեն մի քանի օր է Հայաստանում եք: Ձեզանից ոմանք, վստահ եմ, առաջին անգամ են Հայաստան գալիս, բայց մեծամասնության համար առաջին այցելությունը չէ, և վստահ եմ, որ բոլորիդ համար, բոլորիդ աչքերին տեսանելի են Հայաստանի և՛ հաջողությունները, և՛ թերացումները, դրականն ու բացասականը: Ես չգիտեմ՝ դուք ինչ ակնկալիքներով եք եկել, բայց վստահ եմ, որ ակնկալիքներ ունեցել եք: Խոսքը խորհրդաժողովի մասին չէ, խոսքը Հայաստանից ակնկալիքների մասին է, ձեր տեսնելիքից ակնկալիքների մասին է, որովհետև մենք բոլորս մեր գիտակցության մեջ, մեր մտքում, մեր երազներում պատկերացնում ենք մեր Հայաստանը և ձգտում ենք հասնել դրան: Բայց որպեսզի մենք կարողանանք Հայաստանը ճիշտ տեսնել, ճիշտ ընկալել, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ճիշտ հարաբերակցությունը, ճիշտ հավասարակշռությունը գտնել մեր ակնկալիքների և մեր երկրի հնարավորությունների: Եթե մենք կարողացանք դա անել, կարծում եմ, որ մենք Հայաստանն ավելի լավ կհասկանանք և խույս կտանք հուսախաբություններից:

Պետություն կառուցելը հեշտ գործ չէ. ես եղել եմ ստեղծման պահից, տեսել եմ վայրիվերումները: Ճիշտ է՝ կարելի է ակնկալիքներ ունենալ, բայց պետք է նաև լինել իրատես: Մենք կառուցել ենք մի պետություն, որը, կարծում եմ, արդեն բավական ամուր է, տնտեսապես զարգանում է: Եվ իսկապես, եթե այսօր Հայաստանը համեմատության մեջ դիտարկենք նման պետությունների հետ, հակառակ մեր սահմանափակ հնարավորությունների, հակառակ պատերազմի, հակառակ շրջափակմանը, այսօր մենք մրցակցության մեջ ենք մեր հարևանների հետ և դեռևս հաղթում ենք՝ տնտեսական ոլորտում, քաղաքական կայունության առումով մենք հաղթում ենք, առաջ ենք մեր բարեփոխումների առումով, բայց, ամենամեծ հարցը, որ այսօր մենք մեզ պետք է տանք՝ արդյո՞ք մենք կկարողանանք այս մրցակցությունը պահպանել: Ահա սա է խնդիրը: Կկարողանա՞նք մենք մեր զավակներին, մեր հաջորդ սերունդներին հանձնել մի Հայաստան, որը մրցունակ կլինի այս տարածաշրջանում, որն իր հարևաններից ավելի զարգացած կլինի, հարևաններից ավելի ժողովրդավարական կլինի: Այսօր մենք առջևում ենք, բայց կկարողանա՞նք արդյոք այդ մարտահրավերին դիմանալ:

Ինձ համար, գոնե, հետաքրքրական զուգադիպություն էր, որ այս խորհրդաժողովը համընկավ Հայաստանի Հանրապետության դեսպանների տարեկան հավաքին, և զուգադիպությունն ինձ համար սա է, որովհետև մենք մի քանի օր առաջ մի ամբողջ մեկուկես օր քննարկել ենք Հայաստանի դիվանագիտության առաջ կանգնած մարտահրավերները և տվել ենք գնահատականներ: Այսօր իրավիճակը մեր տարածաշրջանում շատ արագ է փոխվում, Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներն այսօր նույնը չեն, ինչ որ եղել են տասը տարի առաջ, հինգ տարի առաջ և ընդամենը նույնիսկ մեկ կամ երկու տարի առաջ:

Դրանք բազմաթիվ են՝ Բաքու-Ջեյհան նավթատարի գործարկումը, տրանսկասպյան գազամուղի կառուցման հեռանկարը, որն էապես մեծացրել է Ադրբեջանի կշիռը և լծակները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների համար, օրեցօր Թուրքիայի ու Ադրբեջանի մերձեցումը և Թուրքիայի արդեն հրապարակային, բաց աջակցությունը, թափանցիկ աջակցությունը Ադրբեջանին՝ ռազմական, քաղաքական, տնտեսական առումներով, օրեցօր նոր դրսևորումներ ստացող թուրքական կառավարության՝ ցեղասպանության ժխտման և չճանաչման պետական քաղաքականությունը, այս տարածաշրջանում ինքնորոշման խնդիրներ ունեցող երկրների միավորումը և ընդհանուր ճակատի ստեղծումը, մեզ համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարևանի՝ Իրանի նկատմամբ պատժողականության  տրամադրությունների դրսևորումները և, վերջապես, մեր տարածաշրջանում հնարավոր բաժանարար գծերի ստեղծումը: Ահավասիկ, մի քանի մարտահրավերներ, որ մենք մեր հանդիպման ժամանակ կարողացել ենք թվարկել: Սրանք, թերևս, արտաքին քաղաքականության մարտահրավերներն են: Հայաստանն ունի նաև ներքաղաքական մարտահրավերներ:

Մենք պետք է կարողանանք առողջացնել մեր քաղաքական դաշտը, մենք պետք է կարողանանք վերացնել կոռուպցիան, մենք պետք է կարողանանք վերացնել հովանավորչությունը, մեր կառավարության կառույցներն ավելի արդյունավետ դարձնել, պետք է կարողանանք աղքատությունը վերացնել, մենք պետք է կարողանանք ազատ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, մենք պետք է կարողանանք աշխատատեղեր ստեղծել, մենք պետք է կարողանանք արժանավայել կյանք ապահովել, մենք պետք է կարողանանք, իսկապես, մեր ժողովրդի բարոյահոգեբանական տրամադրությունները և մթնոլորտը փոխել: Սրանք մարտահրավերներ են, բայց ոչ միայն Հայաստանի. սրանք Հայաստանի մարտահրավերներն են, Արցախի մարտահրավերներն են և Սփյուռքի մարտահրավերներն են:

Ես համաձայն եմ, որ չկա Հայաստան, առանց սփյուռքի, չկա Ղարաբաղ, առանց Հայաստանի, որ մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, մենք ունենք մի ինքնություն: Այսօր չկա Հայաստան-Սփյուռք-Արցախ տարանջատում: Սփյուռքը մեզ պարտադրվել է դեռևս հեռավոր անցյալից՝ Անիի կործանումից: Սփյուռքը մեզ պարտադրվել է Կիլիկիայի անկումից, սփյուռքը մեզ պարտադրվել է ցեղասպանությամբ, սփյուռքը մեզ պարտադրվել է խորհրդային շրջանի անարդարությամբ, և վերջապես, սփյուռքը մեզ շարունակում է պարտադրվել մեր նորագույն պատմության անկախության առաջին տարիներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով: Դա է սփյուռքի իրականությունը. այն մեզ պարտադրված է: Այսօր մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տարագիրներին ետ վերադարձնենք, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով, մտքով, վերադարձնենք նվիրումով դեպի Հայաստան, դրա համար էլ երկքաղաքացիության հարցն այսօր իսկապես դառնում է առաջնայնություն, և ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ մինչև տարեվերջ, հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կընդունի այդ օրենքը, որի հիմքում կլինի քաղաքացիություն տալու ամենաազատական քաղաքականությունը:

Սա անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար, սա անհրաժեշտություն է մեր ազգի համար, սա անհրաժեշտություն է մեր ապագայի համար, սա անհրաժեշտություն է այն կրիտիկական զանգվածի համար, որի մասին արդեն խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այդ կրիտիկական զանգվածը մեզ անհրաժեշտ է, երեք միլիոնը մեզ համար շատ քիչ է, մենք պետք է լինենք 5 միլիոն, պետք է լինենք 10 միլիոն, պետք է լինենք մեր կարողականությամբ 15-20 միլիոնի համազոր, որպեսզի իսկապես արդյունավետությամբ դիմագրավենք այդ մարտահրավերները:

Իհարկե, Հայաստան-սփյուռք հարաբերությունները, սփյուռքահայի և հայաստանցու մերձեցումն ունի իր բարդությունները, սա հեշտ խնդիր չէ, մենք այս խնդիրներին պետք է բաց բաց աչքով նայենք, չթաքցնենք, խոսենք դրանց մասին: Երբ մենք կազմակերպում էինք այս քննարկումը, մենք մոտեցանք մեր մեծերից, արվեստագետ հայրենադարձներից մեկին՝ խնդրելով մասնակցել այս քննարկումներին, հատկապես հայրենադարձության քննարկումներին: Նա մեզ ասաց.  «Գիտեք, այդ շրջանն ինձ համար այնքան է ցավոտ, որ ես չեմ կարող դրա մասին խոսել, այդ շրջանն այնքան է ցավոտ, որ ես չեմ կարող բեմի վրա լաց չլինել»: Եվ նա հրաժարվեց մասնակցել: Իսկապես, հայրենադարձների համար ծանր շրջան է եղել, մենք պետք է խոսենք դրա մասին, անդրադառնանք դրան, գնահատական տանք, որպեսզի խուսափենք հայրենադարձության բարդություններից, կարողանանք այս անգամ ճիշտ անել այնպես, որ Հայաստանն ինքը ներքաշի բոլորիս, և ոչ թե մենք, որպես պետական քաղաքականություն, գնանք մեր հայրենակիցների հետևից:

Հայաստանի մարտահրավերները որքան սփյուռքինն են, այնքան էլ սփյուռքի մարտահրավերներն են Հայաստանինը, սա չի կարող միակողմանի ճանապարհ լինել, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Սփյուռքը, որը մեր կարևորագույն հատվածն է, որը Հայաստանի համար անհրաժեշտություն է ամեն ինչով, պետք է հզորանա, բայց նա բազմաթիվ խնդիրներ ունի այսօր՝ այլասերում, հայապահպանության մարտահրավերներ, քաղաքական պառակտումներ, անվստահելիություն, իրար դեմ պայքար, այդ բոլորն այսօր սփյուռքի առաջ կանգնած լուրջ խնդիրներ են, և Հայաստանը պետք է իր մասնակցությունը բերի այդ խնդիրների լուծմանը: Ինչպիսի՞ միջոցներով, դա կարելի է քննարկել: Այստեղ հնչեցին տարբեր կարծիքներ, բայց իսկապես կարելի է գտնել ամենանախընտրելի ձևը մեր համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Բայց Սփյուռքի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը, Պետրոս Թերզյանը խոսեց դրա մասին, մեր նոր սերնդի ինքնության խնդիրն է, այն հարցը, թե մեր նոր սերունդն իր ինքնությունը ինչի՞ հետ է կապում, արդյոք նա կապում է ցեղասպանությա՞ն հետ, երկրաշարժի՞ հետ, Ղարաբաղի՞ խնդրի հետ, թե՞ կապում է այսօրվա, ներկա Հայաստանի հետ, անկախ Հայաստանի հետ: Ես կարծում եմ նա միայն ու միայն կապում է ներկա Հայաստանի հետ: Բայց այդ ներկա Հայաստանը պետք է լինի իր պատկերացման Հայաստանը, այն Հայաստանը, որի մասին նա լսել է իր նախնիներից, այն Հայաստանը, որ իր ծնողներն են երազել: Եթե մենք չկարողանանք տալ այդ Հայաստանը այս սերնդին, հաջորդ տարիների ընթացքում մենք կորցնելու ենք այդ սերունդը:

Ահավասիկ, սրանք են խնդիրները: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության անհրաժեշտություն կա:

Նուբար Աֆեյանը քիչ առաջ Վիլյամ Սարոյանից մի մեջբերում արեց, որ քաջածանոթ  բոլորիս. «Եթե հանդիպեն երկու հայեր աշխարհի ցանկացած վայրում, տեսեք, թե ինչպես նրանք կստեղծեն մի նոր Հայաստան»: Նուբարը դրան տվեց իր մասնագիտական մեկնաբանությունը համակարգչային լեզվով, ես ուզում եմ դրան իմ մասնագիտական մեկնաբանությունը տալ՝ քաղաքական-ազգայնական տեսակետից. եթե այսօր Արցախը, Հայաստանը ու Սփյուռքը միանան, կտեսնեք, թե մենք ինչ հրաշքներ կգործենք: Ես համոզված եմ, որ 21-րդ դարը մե՛րն է լինելու:

Նյութի աղբուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...