Skip to main content

Իսկական խաղաղության ընդհանուր տեսլականը

 

Թույլ տվեք Բուլղարիային հայտնել Հայաստանի կառավարության երախտագիտությունը ԵԱՀԿ  նախարարների խորհրդի 12-րդ հանդիպումը հյուրընկալելու համար: Կուզենայինք նաև մեր պատվիրակության գնահատանքի խոսքն ուղղել 2004 թվականի նախագահության համար նախարար Սոլոմոն Պասսիին ու Սոֆիայի նրա թիմին, ինչպես նաև Վիեննայում Բուլղարիայի բազմաշնորհ ու անձնվեր առաքելությանը, որ 54 պատվիրակությունների հետ ամենօրյա դժվարին ու ծանր աշխատանք էր տանում:

Ցանկանում ենք նաև ողջունել Մոնղոլիայի՝ որպես գործընկերոջ ներգրավումն այս կազմակերպությունում, որն ավելի համապարփակ է ու լայնածավալ, քան աշխարհի որևէ այլ նման կազմակերպություն:

Հելսինկիի եզրափակիչ ակտի 30-րդ տարելիցի և ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպության 10-ամյակի նախաշեմին, մենք պետք է հետադարձ հայացք նետենք ներկան գնահատելու և ապագան նախանշելու համար:

Բոլորս պետք է ընդունենք, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, որպես եվրոպական անվտանգության հիմք,կենսունակ գտնվեց՝ երեք տասնամյակ շարունակ կարևորագույն փոփոխություններով անցնելով: Վերաձևավորվեց Եվրոպայի քաղաքական պատկերը: Հիմնարար սկզբունքները ցույց տվեցին իրենց կարևորությունը և ճկունությունը: Այնուամենայնիվ, քաղաքական լուծումները, որոնց հիմքում ընկած են ԵԱՀԿ շրջանակում առկա քաղաքական զարգացումները, ավելի անկայուն են և հաճախ լարվածության ու կաթվածի պատճառ են դառնում: Կազմակերպության ներսում այսօր կան ուժային տարբեր բևեռներ: Հայաստանը, կիսելով դրանց բոլորի արժեքներն ու փորձը, միևնույն ժամանակ չի կարող ամբողջականորեն դրանցից որևէ մեկի մասը դառնալ: Դրա փոխարեն մենք կարող ենք լինել համախոհներ, գործընկերներ, հարևաններ, ընկերներ: ԵԱՀԿ-ն հիմնադրվել է որպես բազմակարծության, բազմակողմ ու համագործակցային դիվանագիտության փորձ, որի նպատակն է անվտանգություն և կայունություն հաստատել նախկինում բաժանված Եվրոպայում: Այս նախադրյալն ու նպատակները մինչ օրս ուժի մեջ են ու շարունակական զարգացման կարիք են զգում:

Այս լույսի ներքո ենք մենք տեսնում բարեփոխումների կոչերը: Այս հիմնահարցը հանդիսացել է բազմաթիվ մեկնաբանությունների առարկա, որոնցից ոչ բոլորն են ճշգրիտ ու արդար: Մենք չենք կարող մի կողմից քարոզել ճկունություն, իսկ մյուս կողմից՝ դեմ արտահայտվել նոր պայմաններին հարմարվելուն: Նույնիսկ ամենաարդար համակարգերը կանոնակարգված են և բոլորի համար հավասարապես պետք է ապահովեն որոշումներ կայացնող օղակների մատչելիության հնարավորություններ: Սա է համաձայնության հիմքը, որը և դարձնում է ԵԱՀԿ-ն այդքան արդյունավետ: Սխալներն առավելապես բխում են որդեգրված գործելաոճից, այլ ոչ թե առկա կառուցվածքից:

Հաշվի առնելով այսօր ԵԱՀԿ-ում ձևավորված համատեքստը՝ Հայաստանի կառավարությունն առաջարկում և լիովին պաշտպանում է «բազմակարծության հավասարակշռություն» նոր կարգախոսը, որը միևնույն ժամանակ նպատակ է և կիրառելի գործնական հիմնադրույթ: Իր բնույթով սա նոր միտք չէ, այլ ուղղակի հին գաղափարին նոր կյանք տալու որոշում է: Մենք պետք է ջանք չխնայենք այս նպատակին հասնելու համար, որը կարևոր է բոլորիս համար և կծառայի ԵԱՀԿ արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, մենք հույս ունենք, որ գալիք սլովենական նախագահությունը ջանք չի խնայի, որպեսզի իրականացնի «բազմակարծության հավասարակշռությունը»: Մենք վստահ ենք, որ նրանք պատրաստ են այդ նպատակի իրագործմանը:

Մենք մեծ հույսեր ենք կապում, որ մեր որոշմամբ ստեղծվող Ականավոր անձանց հանձնախմբի աշխատանքը կլինի օգտակար, և նրանք կկարողանան խորը և լայնախոհ տեսանկյունից դիտարկել կառուցվածքային փոփոխությունների առջև կանգնած ԵԱՀԿ խնդիրները: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանց աշխատանքը կլինի առավել օգտավետ ու հուսալի, եթե նրանք իրավամբ նշանավոր լինեն որպես անձնավորություններ, այլ ոչ թե որպես այս կամ այն երկրի կողմից նշանակված ներկայացուցիչներ:

Կարիք չկա ասելու, որ մենք աջակցում ենք այն բազմաթիվ որոշումներին, որոնք ընդունվում են և հավանության արժանանում Սոֆիայի նախարարական հանդիպմանը: Թույլ տվեք ինձ պարզապես մասնավորեցնել այն մի քանիսը, որոնք հատուկ կարևորություն են ներկայացնում մեզ համար: Ահաբեկչությունն ու տարբեր միջոցներով դրա դեմ պայքարն, անշուշտ, միջազգային հանրության առաջնայնությունն է: Հարկ ենք համարում նշել նաև գենդերային հավասարության առաջխաղացման 2004թ. գործողությունների ծրագիրը, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության վերահսկողության բարձրացմանն ուղղված Անվտանգության համագործակցության համաժողովի փաթեթը: Եվ վերջապես, ես կցանկանայի շնորհավորել բոլորիս այն աշխատանքի համար, որը մենք կատարեցինք հանդուրժողականություն քարոզելու և խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ՝ առանց տարբերություն դնելու անհանդուրժողականության զոհերի միջև:

Պարոն նախագահ, սա արդեն իմ յոթերորդ նախարարական ժողովն է, և ամեն տարի ես հույս եմ փայփայում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաջորդ տարվա օրակարգում այլևս չի լինի: Այս տարի նույնպես ունեինք, ես կասեի շարունակում ենք ունենալ այդ հույսը: Արտաքին գործերի նախարարների միջև կայացած 4 հանդիպումների և 2 նախագահների միջև Աստանայում կայացած երկարատև հանդիպման արդյունքում մենք լուրջ հիմքեր ունեցանք համարելու, որ կարգավորումը կարող է և հեռու չլինել: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ Ադրբեջանը բարձրացրեց «հայկական վերաբնակեցումների» հարցը և առաջադրեց այն ՄԱԿ-ում: Այսպիսով, մենք դեմ առ դեմ հայտնվեցինք այն իրողությանը, որ խաղաղ գործընթացին կյանք ներշնչելու Հայաստանի ցանկությունը հանդիպեց սխալ հաշվարկված ու ապակառուցողական արձագանքի:

Հենց Ադրբեջանի 15 տարի առաջ ցուցաբերած կարճատես ու սխալ արձագանքի պատճառով մենք հայտնվեցինք ներկա վիճակում: Պատմությունը, քաղաքականությունն ու մամուլը գրանցել են վկայություններ առ այն, թե ինչպես հայերի ինքնորոշման խաղաղ պահանջները հանդիպեցին զինված հարձակման: Հայերն իրենք իրենց են պաշտպանել, ինչպես նմանատիպ իրադրություններում աշխարհով մեկ միջազգային խաղաղապահ զորքերը պաշտպանել են ուրիշներին: Ադրբեջանի բարձրացրած ցանկացած խնդիր, որը նա կարմիր դրոշի պես ծածանում է ի տես բոլորի՝ փախստականներ, տարածքներ, բնակավայրեր, այդ բոլորը նրանց կողմից սանձազերծած զինված հակամարտության արդյունք է:

Կարող եք իմ ասածը հիմք չընդունել: Եվրոպայի խորհրդի պատգամավորների մի խումբ, որոնք որպես չեզոք դիտորդներ Լեռնային Ղարաբաղում էին գտնվում ռազմական թեժ գործողությունների ժամանակ, 1992թ. արձանագրել են հետևյալը. «Ադրբեջանական վերջին հարձակումների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ ավերվել են գյուղեր, կոտորածի են ենթարկվել խաղաղ բնակիչներ, բռնաբարվել են երեխաներ: Հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի հստակ առավելությունը Լեռնային Ղարաբաղի ունեցած մարդկային ուժի, զենքի ու սարքավորումների, վառելիքի ու սննդի մատակարարման մակարդակի, հրթիռների արձակման և օդային ռմբակոծման հաճախականության համեմատությամբ, կարելի է ենթադրել, որ մինչև Ղարաբաղի անկումը ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եթե ոչ ավելի քիչ: Ակնհայտ է, որ դրան, ամենայն հավանականությամբ, հաջորդելու են ցեղասպանությունն ու տեղահանումը»:

Ադրբեջանի ռազմական արձագանքի և հայերի գոյատևելու անկոտրում կամքի հետևանքով ի հայտ եկան 100 հազարավոր փախստականներ: Ի տարբերություն իմ գործընկերոջ, ես կասեմ, որ փախստականներ կան երկու կողմից: Իսկապես, կան կես միլիոնից ավելի ադրբեջանցի փախստականներ: Բայց, պարոն նախագահ, կան նաև գրեթե կես միլիոն հայ փախստականներ, որոնք փախուստի են դիմել թե՛ Ադրբեջանի մայրաքաղաքից, և թե՛ հակամարտության անմիջական գոտուց:

Ահա այս բոլոր փախստականները սպասում են խնդրի կարգավորմանը:

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղում այդ ուղղությամբ պետական քաղաքականություն չի վարվում: Սակայն այդպիսի քաղաքականություն կա Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի համապատասխան հրամանագրով Ադրբեջանի փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեին հրահանգվել է փախստականներ բնակեցնել նախկինում ամբողջությամբ հայաբնակ տարածքներում, ինչպիսիք են՝ Շահումյանն ու Գետաշենը, ինչպես նաև՝ Հյուսիսային Մարտակերտում, որն Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի մասն է:

Նույն հրամանագրով, Նավթի պետական հիմնադրամը 18 միլիոն դոլար է հատկացրել այդ տարածքներում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու համար: Դա այն դեպքում, երբ այդ շրջանների նախկին հայ բնակիչները գտնվում են հակամարտության գոտում և նրա անմիջական շրջակայքում՝ սպասելով հարցի կարգավորմանը, որպեսզի վերադառնան իրենց տները:

Անցած ամիս ՄԱԿ-ի մի զեկույցում Ադրբեջանին հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և շտկել իրավիճակը, որպեսզի այն հայերը, ում սեփականությունն ապօրինաբար բռնազավթվել է փախստականների ու ժամանակավոր տեղահանվածների կողմից, ստանան այլընտրանքային կեցության վայր:

Այսպիսին է փախստականների և բնակավայրերի շուրջ ստեղծված վիճակը: Այլ կերպ ասած, չկա նոր հումանիտար ճգնաժամ: Երկու կողմերի համար իրավիճակը հավասարապես բարդ է, որը պետք է ոչ թե շահարկվի, այլ քննարկվի՝ որպես մեր առջև ուրվագծվող բարդ գործընթացի մի մաս: Չնայած նենգափոխման այս մարտավարությանը, գործընթացն անհույս չէ: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մինսկի գործընթացին, որն իրականացվում է երեք համանախագահների միջոցով, և Ադրբեջանից ակնկալում ենք նմանատիպ պարտավորության ստանձնում:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կկիսի իրական խաղաղության վերաբերյալ մեր պատկերացումը: Խաղաղ տարածաշրջանի այդ պատկերացումը ռազմավարական է: Այն չպետք է վտանգվի «ճարպիկ» քայլերով ու հակընդդեմ գործողություններով: Դրանք միայն կխեղեն կամ կհետաձգեն լուրջ բանակցությունները:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...