Skip to main content

Աշխարհակարգ

 

Ի՞նչ է աշխարհակարգը

Երբ երիտասարդ գիտնական էի, 1961թ Քանզասում կոնֆերանսի ժամանակ դիմեցի նախագահ Հարրի Թրումենին: Հարցին, թե իր նախագահության ո՞ր ձեռքբերումներով է ամենաշատը հպարտանում, Թրումենը պատասխանեց. «Նրանով, որ մենք լիովին ու ամբողջապես ջախջախեցինք մեր թշնամիներին, իսկ հետո նրանց վերադարձրինք ազգերի հանրություն: Հաճելի է մտածել, որ միայն Ամերիկային է նման բան հաջողվել»: Գիտակցելով Ամերիկայի վիթխարի հզորությունը՝ Թրումենն առաջին հերթին հպարտ էր ամերիկյան հումանիզմով ու ժողովդավարական արժեքներին հավատարմությամբ: Նա ուզում էր, որ իրեն հիշեն ոչ այնքան որպես հաղթանակած երկրի նախագահ, որքան թշնամիներին հաշտեցրած պետության ղեկավար:

Թրումենի բոլոր հետնորդներն այս կամ այն կերպ հետևել են այս պատմության մեջ արտացոլված նրա համոզմունքներին, և նույնպես հպարտացել են ամերիկյան փորձի նշված բաղադրիչներով: Այդ ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում նրանք ամեն կերպ սատարում էին ազգերի այն հանրությանը, որն ամերիկյան կոնսենսուսն էր արտացոլում. անշեղորեն ընդլայնվող այդ աշխարհակարգի պայմաններում պետությունները պահպանում էին ընդհանուր կանոններն ու նորմերը, զարգացնում էին շուկայական տնտեսական համակարգեր, խուսափում էին տարածքային նվաճումներից, հարգում էին ազգային ինքնիշխանությունը և կառավարման մասնակցային ու ժողովրդավարական համակարգեր էին հաստատում: Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ամերիկյան նախագահները՝ երբեմն պերճախոսությամբ ու ջերմեռանդորեն, շարունակաբար կոչ էին անում մյուս երկրների կառավարություններին՝ հետևողական լինել մարդու իրավունքների պաշտպանության ու ամրապնդման գործում: Շատ դեպքերում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից այս արժեքների պաշտպանությունն առանձին երկրներում մարդու գոյության պայմանների էական փոփոխություններ է արձանագրել:

Այդուհանդերձ, «կանոնների վրա հիմնված» այս համակարգն այսօր խնդիրներ ունի: Այլ երկրներին ուղղված կոչերը՝ «պատշաճ պատասխանատվություն» ստանձնել, «21-րդ դարի կանոններով» խաղալ, միասնական համակարգում «գործընթացի պատասխանատու մասնակից» լինել, վկայում են, որ համակարգի միասնական սահմանում չկա, և անհասկանալի է, թե ինչը կարող է համարվել «արդարացի» ներդրում: Արևմտյան աշխարհից դուրս գտնվող տարածաշրջանները, որ նվազագույն մասնակցություն են ունեցել գործող կանոնների մշակմանը, կասկածի տակ են դնում առկա ձևակերպումներով այդ կանոնների արդյունավետությունը ու հստակ հասկացնել են տալիս, որ աշխատելու են դրանք փոխելու ուղղությամբ: Այսպիսով, թեև հիմա «միջազգային հանրությանն» ապավինում են առավել, քան երբևէ, այն իրենից հստակ կամ համաձայնեցված նպատակների, մեթոդների ու սահմանափակումների համախումբ չի ներկայացնում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհակարգի հայեցակարգի փնտրտուքները համառ, երբեմն էլ՝ գրեթե հուսահատ բնույթ ունեն: Աննախադեպ փոխկախվածության հետ մեկտեղ քաոս է սպառնում. զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, պետությունների քայքայումը, շրջակա միջավայրի աղճատման ազդեցությունը, ցեղասպան գործողությունների շարունակումը, նոր տեխնոլոգիաների ներդրման ձգտումները սպառնում են սովորական հակամարտությունները սրել այն աստիճան, որ մարդն այլևս չի կարողանա ընկալել ու վերահսկել դրանք: Տեղեկատվության հաղորդման ու ստացման նոր եղանակները միավորում են տարածաշրջաններն առավել, քան երբևէ: Տեղական իրադարձությունները գլոբալ նշանակություն են ստանում, բայց այնպես, որ անհնար է դրանք լիարժեք իմաստավորել, մինչդեռ պահանջվում է, որ պետական առաջնորդներն ակնթարթորեն արձագանքեն դրանց, թեկուզ և կարգախոսների ձևով: Մի՞թե մենք թևակոխում ենք մի ժամանակաշրջան, որտեղ որևէ կարգ չճանաչող ուժերն են ապագան որոշելու:

Աշխարհակարգի տարատեսակները

Եկեք ինքներս մեզ չխաբենք. իրականում գլոբալ «աշխարհակարգ» երբևիցե գոյություն չի ունեցել: Այն, ինչ այսօր համարվում են «կարգեր», ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում մոտ 400 տարի առաջ՝ գերմանական Վեստֆալիա մարզում տեղի ունեցած խաղաղության կոնֆերանսում, որին մնացած աշխարհամասերի ու քաղաքակրթությունների մեծ մասը չէր մասնակցում կամ նույնիսկ տեղյակ էլ չէր այդ մասին: Կենտրոնական Եվրոպայում 100-ամյա կրոնական հակամարտություններն ու քաղաքական ցնցումները վերաճեցին 1618-1648թթ. Երեսնամյա պատերազմին՝ մի  «հրդեհ», որտեղ քաղաքական ու կրոնական վեճերը միահյուսվել էին, իսկ զինվորականները «տոտալ պատերազմ» էին մղում բնակավայրերի դեմ, և արդյունքում Կենտրոնական Եվրոպայի բնակչության գրեթե քառորդ մասը զոհ գնաց ռազմական գործողություններին, հիվանդություններին ու սովին: Ուժասպառ մասնակիցները հանդիպեցին, որպեսզի քննարկեն արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված միջոցառումները: Բողոքականության հաստատման ու տարածման հետևանքով կրոնական միասնությունը խաթարվել էր, իսկ քաղաքական բազմազանությունը հետևանք էր պատերազմին մասնակցող ու պարտությունից խուսափել ձգտող քաղաքական միավորների բազմաքանակության: Արդյունքում ստացվեց այնպես, որ ժամանակակից աշխարհին բնորոշ առանձնահատկությունները Եվրոպայում հաստատվեցին. քաղաքական միավորների բազմազանություն, որոնցից ոչ մեկի հզորությունը բավարար չէ մյուսներին հաղթելու համար, ինչպես նաև տարբեր սկզբունքներին, գաղափարական մոտեցումներին ու ներքին պրակտիկաներին հավատարմությամբ հանդերձ այնպիսի «չեզոք» կանոններ ունենալու հավաքական ձգտում, որոնք կկարգավորեն մասնակիցների վարքագիծն ու կմեղմեն հակամարտությունները:

Վեստֆալյան խաղաղությունը գործնականում հարմարեցում էր իրականությանը, և ոչ թե յուրահատուկ բարոյական ընկալում էր: Այն հիմնված էր անկախ պետությունների համակեցության վրա, որոնք ձեռնպահ էին մնում միմյանց ներքին գործերին միջամտելուց և մեկմեկու հավակնություններն ուժերի ընդհանուր հավասարակշռման միջոցով էին ստուգում: Եվրոպայում մրցակցության ժամանակ միակ ճշմարտության կամ ունիվերսալ կանոնի որևէ ձգտում գերիշխող չդարձավ: Փոխարենը պետություններից յուրաքանչյուրն իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությամբ օժտվեց: Յուրաքանչյուրը համաձայնում էր հարևանի ներքին կառուցակարգերն ու կրոնական համոզմունքները ճանաչել որպես կենսական իրողություն ու ձեռնպահ էր մնում դրանք վիճարկելուց: Այժմ արդեն բնական ու ցանկալի համարվող ուժերի հավասարակշռության պայմաններում տիրակալների հավակնությունները հակակշռում էին միմյանց և առնվազն տեսականորեն սահմանափակում էին հակամարտությունների ծավալները: Պատմության բերումով Եվրոպայում ձևավորված մասնատվածությունն ու բազմազանությունը սեփական փիլիսոփայական աշխարհայացքով առանձնացող նոր աշխարհակարգի առանձնահատկություններ դարձան: Այդպիսով հրդեհի մարմանն ուղղված եվրոպացիների ջանքերը ձևավորեցին և կանխորոշեցին ժամանակակից մոտեցումը. բացարձակի մասին դատողություններն իրենց տեղը զիջեցին կիրառականությանն ու էկումենիզմին, փորձ արվեց հաստատել կարգեր՝ հիմնվելով բազմազանության ու զսպման վրա:

Վեստֆալյան խաղաղությունը 17-րդ դարում մշակած պատվիրակները, բնականաբար, չէին ենթադրում, որ գլոբալ համակարգի հիմքեր են դնում: Նրանք նույնիսկ փորձ չարեցին գործընթացում հարևան Ռուսաստանին ներգրավել, որը մղձավանջային «խառնակ ժամանակաշրջանից» հետո այդ նույն ժամանակ սեփական կարգերը հաստատեց, ըստ որում՝ ամրագրելով Վեստֆալյան համակարգից արմատապես տարբերվող սկզբունքներ՝ բացարձակ միապետություն, ուղղափառությունն՝ իբրև միասնական պետական կրոն և տարածքային ընդլայնում բոլոր ուղղություններով: Մյուս խոշոր ուժային կենտրոնները ևս (այնքանով, որքանով տեղյակ էին) Վեստֆալյան համաձայնությունները չէին ընկալում որպես իրենց ու իրենց տարածքներին վերաբերող:

Աշխարհակարգի գաղափարն իրացվեց ժամանակի պետական գործիչներին հայտնի աշխարհագրական տարածքում. մոտեցումը հետագայում կրկնվեց մյուս տարածաշրջաններում: Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ ժամանակի տեխնոլոգիաները չէին նպաստում, նույնիսկ խոչընդոտում էին միասնական գլոբալ համակարգի ստեղծմանը; Քանի որ միմյանց հետ մշտական հիմունքներով փոխգործակցելու միջոցներ, տարբեր տարածաշրջանների հզորությունները համեմատելու հնարավորություններ չունեին, տարածաշրջաններից յուրաքանչյուրն իր սեփական կարգերը դիտարկում էր ուրույն, իսկ մյուսներին, որոնք կառավարվում էին անընդունելի եղանակներով, համարվում էր «բարբարոս», ուստի չէին կարող ընկալվել այլ կերպ, քան որպես սպառնալիք: Յուրաքանչյուրն իր կարգերը համարում էր օրինակելի ու ողջ մարդկության կազմակերպման լեգիտիմ միջոց և կարծում էր, որ կառավարման իրենց եղանակն է կանոնակարգում աշխարհը:

Եվրասիա մայրցամաքի՝ Եվրոպայի հակադարձ կողմում Չինաստանն էր, որ իրեն հիերարխիկ և տեսականորեն ունիվերսալ հայեցակարգի վրա հիմնված կարգերի կենտրոն էր համարում: Չինական համակարգը գործում էր հազարամյակներ շարունակ. այն գոյություն ուներ դեռ այն ժամանակ, երբ Հռոմեական կայսրությունը, հիմնվելով ոչ թե ինքնիշխան պետությունների իրավահավասարության, այլ կայսեր ենթադրյալ անսահման հավակնությունների վրա, միայնակ կառավարում էր ողջ Եվրոպան: Չինական հայեցակարգում եվրոպական ընկալմամբ ինքնիշխանություն գոյություն չուներ, քանզի կայսրն իշխում էր «այն ամենի վրա, ինչն առկա է երկնքի տակ»: Կայսրը քաղաքական ու մշակութային գլուխն էր մի հղկված ու ունիվերսալ հիերարխիայի, որը սկիզբ էր առնում աշխարհի կենտրոնից՝ Չինաստանի մայրաքաղաքից, ու տարածվում էր մարդկության մնացած հատվածների վրա: Վերջիններս դասակարգվում էին ըստ բարբարոսության, ինչը կախված էր այն հանգամանքից, թե չինական գիրն ու մշակութային ձեռքբերումները որքանով էին յուրացված (այդ կոսմոգրաֆիան այսօր էլ գործում է): Այս տեսանկյունից Չինաստանը պետք է կանոնակարգեր աշխարհը, մյուս հանրություններին, առաջին հերթին գրավելով իր մշակութային հրաշագեղությամբ ու տնտեսական բարեկեցությամբ, ապա նրանց ներգրավեր այնպիսի հարաբերությունների մեջ, որոնք ճիշտ կառավարվելու դեպքում կարող էին կյանքի կոչել ցանկալի նպատակը, այն է՝ «ներդաշնակությունը երկնքի տակ»:

Եվրոպայի ու Չինաստանի միջև ընկած տարածաշրջանի մեծ մասում գերիշխում էր իսլամի աշխարհակարգի՝ միանգամայն այլ ունիվերսալ հայեցակարգը, որն աշխարհը միավորող ու հաշտեցնող աստվածաշնորհ միանձնյա կառավարման ուրույն տեսլական ուներ: 7-րդ դարում կրոնական սքանչացման ու կայսերական ընդլայնման աննախադեպ ալիքի շնորհիվ իսլամը տարածվեց երեք աշխարհամասերում: Արաբական աշխարհի միավորման, Հռոմեական կայսրության մնացորդների նվաճման ու Պարսից կայսրության ենթարկեցման արդյունքում իսլամն առաջատար կրոն դարձավ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայի շատ հատվածներում ու Եվրոպայի մի մասում: Ունիվերսալ կարգերի իսլամական տարբերակը ենթադրում էր ճշմարիտ հավատքի տարածում «պատերազմի ողջ տարածքում», ինչպես մուսուլմաններն անվանում են անհավատներով բնակեցված բոլոր տարածքները, քանի որ ըստ Մուհամեդ մարգարեի խոսքի՝ աշխարհը դատապարտված է դառնալ միասնական ու ձեռք բերել ներդաշնակություն: Մինչ Եվրոպան բազմապետական կարգեր էր կառուցում, թուրքական Օսմանյան կայսրությունը վերածնեց «աստվածահաճո» միանձնյա կառավարման հավակնությունները և իր իշխանությունը տարածեց արաբական հողերի, Միջերկրական ծովի ավազանի, Բալկանների ու Արևելյան Եվրոպայի վրա: Օսմաններն, իհարկե, տեղյակ էին Եվրոպայում միջպետական կարգերի երևան գալու մասին, բայց եվրոպական համաձայնություններում նրանք ոչ թե ընդօրինակման մոդել, այլ դեպի արևմուտք հետագա ծավալման հնարավորություն էին տեսնում: Դեռևս 15-րդ դարում սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողը բազմաբևեռության նախատիպ համարվող իտալական քաղաք-պետություններին զգուշացրել էր. «Դուք 20 քաղաքներ եք… Մշտապես տարաձայնությունների մեջ եք… Աշխարհում պետք է լինի մի կայսրություն, մի հավատք, մի իշխանություն»:

Միաժամանակ Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին՝ «Նոր աշխարհում», աշխարհակարգի այլ տեսլականի հիմքերն էին դրվում: Մինչ Եվրոպան 17-րդ դարում ընկղմված էր քաղաքական ու կրոնական հակամարտությունների մեջ, պուրիտան գաղթականները նպատակ դրեցին «հեռու անհայտ տեղերում» կյանքի կոչել Աստծո պատվիրաններն ու ձերբազատվել իշխանության եղած (իսկ իրենց կարծիքով՝ կոռումպացված) կառուցվածքից: Ինչպես նահանգապետ Ջոն Ուինթրոփն էր քարոզում 1630թ. Մասաչուսեթս ուղևորվող նավի վրա, այնտեղ նրանք պատրաստվում էին «բլրի վրա քաղաք» կառուցել և աշխարհին ոգևորել իրենց արդարացի սկզբունքներով և իրենց օրինակի ուժով: Աշխարհակարգի ամերիկյան տեսլականի համաձայն՝ հենց մյուս ժողովուրդները ևս յուրացնեն կառավարման այն սկզբունքները, որոնք բնորոշ էին ամերիկացիներին, բնական ճանապարհով պետք է նվաճվեին խաղաղությունն ու ուժերի հավասարակշռությունը, իսկ թշնամանքն ու վաղեմի դատաստանները պետք է թողնվեին անցյալում: Արտաքին քաղաքականության խնդիրն, այդպիսով, ոչ այնքան ամերիկյան նեղ շահերի իրացումն էր, որքան որ ընդհանուր սկզբունքների տարածումը: Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն կդառնա Եվրոպայում ձևավորված կարգերի գլխավոր պաշտպանը: Բայց և այնպես, թեև ԱՄՆ-ն իր հեղինակությամբ ամրապնդեց եվրոպական ջանքերը, ակնհայտ էր որոշակի երկիմաստություն. ամերիկյան տեսլականը հենվում էր ոչ թե եվրոպական ուժերի հավասարակշռման համակարգն ընդունելու, այլ ժողովրդավարական արժեքների տարածման միջոցով խաղաղության հասնելու վրա:

Նշված բոլոր հայեցակարգերի շարքում Վեստֆալյան սկզբունքներն են, որ այս գրքի շրջանակներում դիտարկվում են որպես միակ համընդհանուր ճանաչում ունեցող հիմք մի բանի, ինչը կարելի է բնորոշել որպես առկա աշխարհակարգ: Ընդգրկելով բազմաթիվ քաղաքակրթություններ ու տարածաշրջաններ՝ Վեստֆալյան համակարգը՝ որպես միջպետական ու միջազգային աշխարհակարգի հիմք, տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, քանի որ եվրոպական ժողովուրդներն իրենց սահմանների ընդարձակմանը զուգահեռ ստիպում էին ընդունել միջազգային կարգերի մասին սեփական պատկերացումները: Չնայած նրանք հաճախ էին մոռանում գաղութների ու գաղութացված ժողովուրդների նկատմամբ ինքնիշխանության սկզբունքը կիրառել, այդուհանդերձ, երբ այդ ժողովուրդները սկսեցին անկախություն պահանջել, նրանք հենց Վեստֆալյան համակարգն էին վկայակոչում: Ազգային անկախության, ինքնիշխան պետականության, ազգային շահի ու այլոց գործերին չմիջամտելու սկզբունքներն արդյունավետ փաստարկ դարձան գաղութարարների հետ վեճի ժամանակ թե՛ ազատագրական պայքարի ընթացքում, և թե՛ նորակազմ պետությունների պաշտպանության ժամանակ:

Ժամանակակից, այժմ արդեն գլոբալ Վեստֆալյան համակարգը, որն ընդունված է անվանել միջազգային հանրություն, միջազգային իրավական ու կազմակերպական կառույցների ընդարձակ ցանցի միջոցով ձգտում է նվազեցնել աշխարհի անարխիկ էությունը՝ փորձելով նպաստել բաց առևտրին ու միջազգային ֆինանսական համակարգի կայուն գործունեությանը, միջազգային վեճերի կարգավորման բոլորի համար ընդհանուր սկզբունքներ հաստատել ու սահմանափակել պատերազմների մասշտաբները: Պետությունների այս միջազգային համակարգը ներկայումս ընդգրկում է բոլոր մշակույթներն ու տարածաշրջանները: Նրա ինստիտուտները փոխգործակցման չեզոք ձևաչափեր են ապահովում տարբեր հասարակությունների համար՝ անկախ վերջիններիս դավանած արժեքներից:

Այդուհանդերձ, Վեստֆալյան սկզբունքները բոլոր կողմերից վիճարկվում են, հաճախ նաև՝ հանուն աշխարհակարգի: Եվրոպան ձգտում է օտարվել իր իսկ նախագծած միջպետական հարաբերությունների համակարգից ու միավորված ինքնիշխանության հայեցակարգով շրջանցել այն: Բախտի քմահաճույքով Եվրոպան, որ հնարել էր ուժերի հավասարակշռման հայեցակարգը, ներկայումս գիտակցված ու էականորեն սահմանափակում է իր նոր ինստիտուտների իշխանության ծավալը: Իր ռազմական կարողությունները նվազեցրած Եվրոպան ունիվերսալ նորմերի նկատմամբ ոտնձգություններին արձագանքելու քիչ հնարավորություններ ունի:

Մուսուլմանական կրոնի արմատական մեկնաբանումների հիմքով ձգտելով համաշխարհային հեղափոխության՝ երկու ուղղության՝ սուննի ու շիա ջիհադականները շարունակում են մասնատել հասարակություններն ու կազմաքանդել ազգային պետությունները Մերձավոր Արևելքում: Բուն պետության, ինչպես նաև դրա վրա հիմնված միջպետական տարածաշրջանային համակարգի գաղափարները ներկայումս վտանգված ու թիրախավորված են պետության նախատեսած սահմանափակումներն ապօրինի համարող գաղափարախոսությունների ու ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Վերջիններս որոշ երկրներում կառավարական զինված ուժերից ավելի ուժեղ են:

Ասիան, որ ինքնիշխան պետականության հայեցակարգն ընդունած տարածաշրջանների շարքում ամենատպավորիչ հաջողությունն է գրանցել, միևնույն է, կարոտախտով է հիշում այլընտրանքային սկզբունքները, ի ցույց է դնում տարածաշրջանային մրցակցության ու պատմական հավակնությունների այնպիսի օրինակներ, որոնք մեկ դար առաջ ավերեցին եվրոպական կարգերը: Երկրներից գրեթե յուրաքանչյուրն իրեն համարում է «երիտասարդ վիշապ» ու բաց դիմակայության հասնող տարաձայնություններ է սադրում:

ԱՄՆ-ն մերթ ջանքեր է գործադրում Վեստֆալյան համակարգը պահպանելու ուղղությամբ, մերթ էլ քննադատում է ուժերի հավասարակշռման ու ներքին գործերին չմիջամտելու հիմնարար սկզբունքները՝ դրանք համարելով հնացած ու բարոյազուրկ, ըստ որում՝ երբեմն մեկն ու մյուսն անում է միաժամանակ: Խաղաղ աշխարհակարգ ստեղծելու առումով ԱՄՆ-ն շարունակում է պնդել իր արժեքների կարևորությունն ու իրեն իրավունք է վերապահում դրանք առաջ մղել ողջ աշխարհում: Բայց և այնպես, երկու սերունդների կյանքի ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմներից հետո (սրանցից յուրաքանչյուրը սկսվել է իդեալիստական մղումներով ու հանրային լայն աջակցությամբ և ավարտվել է համազգային տրավմայով), Ամերիկան այսօր փորձում է հավասարակշռել իր սկզբունքներն ու տակավին ակնհայտ հզորությունը:

Բոլոր խոշոր ուժային կենտրոններն այս կամ այն կերպ կիրառում են Վեստֆալյան կարգի տարրերը, բայց նրանցից ոչ մեկն իրեն այդ համակարգի բնական պաշտպան չի համարում: Նրանք բոլորն էլ էական ներքին փոփոխություններ են ապրում: Կարո՞ղ են արդյոք այդօրինակ տարբեր մշակույթներ, պատմություն ու աշխարհակարգի տեսության սեփական ավանդույթներ ունեցող տարածաշրջաններն ընդունել որևէ գլոբալ համակարգի լեգիտիմությունը:

Այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է այնպիսի մոտեցում, որն ընդունում է ինչպես մարդու կենսապայմանների բազմազանությունն, այնպես էլ մարդուն բնորոշ ազատության ձգտումը:

Այս իմաստով աշխարհակարգը պետք է ստեղծվի, այլ ոչ թե պարտադրվի: Սա հատկապես ճիշտ է ակնթարթային հաղորդակցության ու հեղափոխական բնույթի քաղաքական փոփոխությունների դարաշրջանում: Ցանկացած աշխարհակարգի կենսունակության համար անհրաժեշտ է, որ այն արդարացի ընկալվի ոչ միայն առաջնորդների, այլև շարքային քաղաքացիների կողմից: Այն պետք է արտացոլի երկու ճշմարտություն. կարգերն առանց ազատության, եթե նույնիսկ ինչ-որ պահի դրանք վսեմացվում են, ի վերջո սեփական հակակշիռ են ծնելու, իսկ մյուս կողմից՝ առանց խաղաղության պահպանմանը միտված կարգերի՝ ազատությունը չի կարող ապահովվել ու ամրապնդվել: Կարգերն ու ազատությունը, որ երբեմն ներկայացվում են որպես մարդկային փորձի հակառակ բևեռներ, պետք է փոխկապակցված դիտարկվեն: Ի վիճակի՞ են այսօրվա առաջնորդները հանուն այդ հավասարակշռության վեր կանգնել ընթացիկ հրատապ հոգսերից:

Լեգիտիմություն և ուժ

Այս հարցերի պատասխանը պետք է հաշվի առնի կարգերի երեք մակարդակ: Աշխարհակարգը նկարագրում է տարածաշրջանի կամ քաղաքակրթության հայեցակարգը, որը ներառում է համալիր արդարացի պայմանավորվածություններ ու ամբողջ աշխարհի համար կիրառելի ուժերի բաշխում: Միջազգային կարգերը նշված մոտեցումների կիրարկումն են մոլորակի նշանակալից հատվածի վրա, ըստ որում ընդգրկման տարածքը պետք է լինի բավարար չափով մեծ, որպեսզի ազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա: Եվ վերջապես տարածաշրջանային կարգերը, որ հիմնված են նույն սկզբունքների վրա և կիրառվում են որոշակի աշխարհագրական հատվածում:

Նկարագրված մակարդակներից յուրաքանչյուրը հիմնված է երկու բաղադրիչի վրա. առաջինը թույլատրելի գործողությունների ծավալները սահմանող և բոլորի համար ընդունելի կանոնների ամբողջությունն է, իսկ երկրորդը՝ ուժերի հավասարակշռությունը, որը կանոնների խախտման դեպքում պետք է զսպի և թույլ չտա, որ քաղաքական միավորներից մեկը ենթարկեցնի մյուսներին: Գոյություն ունեցող մեխանիզմների լեգիտիմության շուրջ փոխհամաձայնությունն ինչպես հիմա, այնպես էլ նախկինում չի բացառում մրցակցությունն ու դիմակայությունը, սակայն երաշխավորում է, որ մրցակցությունը կլինի առկա կարգերի շրջանակներում և չի դառնա այդ կարգերի արմատական վերափոխման սպառնալիք: Ուժերի հավասարակշռությունն ինքնին խաղաղություն չի ապահովում, բայց եթե այն հանգամանորեն մշակված է ու հարգվում է անվերապահորեն, ապա կարող է սահմանափակել արմատական դիմակայությունների մասշտաբն ու հաճախականությունը և թույլ չտալ, որ դրանք գլոբալ աղետի վերածվեն:

Որևէ գրքով հնարավոր չէ ներկայացնել աշխարհակարգի մասին բոլոր պատմական մոտեցումները և միջազգային հարաբերությունների ներկայիս բնույթը ձևավորող բոլոր պետություններին: Այս աշխատանքում հիմնական ուշադրությունը սևեռվել է այն տարածաշրջանների վրա, որոնց հայեցակարգերն առավել մեծ ազդեցությունն են թողել աշխարհակարգի մասին ժամանակակից ընկալումների վրա:

Լեգիտիմության և ուժի միջև հավասարակշռությունը չափազանց բարդ է ու նուրբ. որքան փոքր է դրա կիրառման աշխարհագրական տարածքը, որքան ներդաշնակ են դրա շրջանակներում առկա մշակութային սկզբունքները, այդքան հեշտ է հասնել կենսունակ համաձայնության: Բայց ժամանակակից աշխարհը գլոբալ աշխարհակարգի կարիք ունի: Թեկուզ ձեռք մեկնելու չափի մոտ, բայց միմյանց հետ պատմականորեն ու արժեքային կապ չունեցող քաղաքական միավորների բազմազանությունն առավելապես հակամարտություն է ծնում, քան կարգուկանոն:

Քսանամյա թշնամանքից հետո՝ 1971թ. Չինաստանի հետ կապը վերականգնելու նպատակով Պեկին կատարած իմ առաջին այցի ընթացքում նկատեցի, որ ամերիկյան պատվիրակության համար Չինաստանը «հանելուկների ու գաղտնիքների երկիր է»: Վարչապետ Չժոու Էնլայն արձագանքեց. «Ինքներդ կտեսնեք, որ Չինաստանում ոչ մի գաղտնիք էլ չկա: Երբ ավելի մոտիկից ծանոթանանք, ձեզ համար այլևս խորհրդավոր չենք լինի»: Այնուհետև հավելեց, որ Չինաստանում ապրում է 900 միլիոն մարդ, և նրանք իրենց երկրում ոչ մի անսովոր բան չեն տեսնում: Մեր օրերում աշխարհակարգի սահմանման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանրույթների կարծիքը, որոնց հայացքները մինչև վերջերս ինքնաբավ էին: Բոլոր ժողովուրդների համար բացահայտման ենթակա գաղտնիքը մեկն է՝ ինչպե՞ս մեկ աշխարհակարգի մեջ լավագույնս համատեղել պատմական տարբեր փորձերն ու ավանդույթները:

Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...