Skip to main content

Ամբերդ

 

Ամբերդ ամրոցը կառուցվել է Հայաստանի պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառում: Այն գտնվում է ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնմամբ ձևավորված հրվանդանին, 2200 մետր բարձրության վրա:

Ամբերդը միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության ինքնատիպ համալիր հուշարձաններից է՝ իր ճարտարապետական հորինվածքով ու պատմական դերակատարությամբ: Այն հանդես է գալիս ներամրոցային ներդաշնակված կառուցապատմամբ, որով համատեղվում են պաշտպանական, վարչակառավարման, ծիսապաշտամունքային, բնակելի և տարանպատակ այլ կառույցներ: Այս հանգամանքը նպաստում է մեկ այլ, առավել դժվարին ճարտարապետահորինվածքային իրագործման՝ հնարավոր դարձնելով ամրոցի և բարձրադիր՝ իր ձևույթով բարդ տեղանքի սերտ միասնությունը, համահունչ ամբողջացումը:

10-14-րդ դարերի ընթացքում այն իր մեջ ներառում էր պարսպապատեր, դարպասներ, դղյակ-միջնաբերդ, գաղտնուղիներ, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցին, բնակելի շինություններ: Առ այսօր պահպանվել են եկեղեցին, մատուռը, բաղնիքը, պարսպամուտքերը, որոնք վերականգնվել են, ինչպես նաև դղյակ-միջնաբերդի, պարսպապատերի ու տարատեսակ այլ կառույցների ավերակներն ու առանձին մանրամասներ:

Ամբերդն իր իսկ տարեգիրն է՝ պատմամշակութային հուշարձաններով, վիմական արձանագրություններով, հնագիտական պեղումների արդյունքում ի հայտ եկած գտածոներով, ինչն ամբողջանում է մատենագրական տեղեկություններով: Սկզբնաղբյուրային այս տվյալների ամբողջական, քնահամեմատական հետազոտությունները պատմագիտության ասպարեզում ուրվագծում են բազմադարյա ժամանակաշրջան՝ պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, որով և ներկայանում է մերօրյա Ամբերդ ամրոցը:

Ամբերդի հիմնադրման և վաղ շրջանի պատմության հարցում գիտնականները տարակարծիք են: Քննարկումները վերաբերում են ժամանակային ընդարձակ միջակայքի՝ նախաքրիստոնեական ժամանաշրջանից մինչև 10-րդ դարի երկրորդ կես: Վիմագրական և մատենագրական տվյալները վավերագրում են Ամբերդի մուտքը պատմական ասպարեզ 10-րդ դարի առաջին քառորդում և անկումը՝ 14-րդ դար:

Ամրոցը պատմության մեջ հանդես է գալիս հիմնականում Ամբերդ կամ Անբերդ անվանաձևերով, որոնց ծագմանը, ստուգաբանությանը և կիրառման ժամանակագրությանը նվիրված են մի շարք ուսումնասիրություններ:

ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի N312-Ն, ապա նույնի լրացված ու փոփոխված 2017թ. մայիսի 18-ի N541-ն որոշմամբ՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը հաստատվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ընդգրկելով 45.07 հա տարածք:

«Ամբերդ ամրոց» արգելոցի պատմամշակութային հարուստ ժառանգության գիտական ուսումնասիրումն ունի շուրջ հարյուրամյա պատմություն:

Ամբերդի պատմական ժամանակագրությունը

Արագածի հարավային լանջից դեպի Մասիս և Արարատյան դաշտ բացվող տեսարանը խոսուն վկայություն է Ամբերդ ամրոցի ռազմավարական կարևորության և քաղաքական կյանքում ունեցած նշանակալի դերակատարության մասին: Դա են վկայում պատմական տեղեկությունները՝ պահպանված հայկական գրավոր սկզբնաղբյուրներում:

Վարդան Արևելցին առաջիններից է, ում հաղորդումը «Հաւաքումն պատմութեան» մեջ ուրվագծում է Բագրատունյաց ժամանակաշրջանում Ամբերդի կարևորությունը՝ «… Մեռաւ Գագիկ, տուեալ զթագավորութիւնն երից որդւոց իւրոց… Զթագն տայ Յովանիսի, և զԱնի և զՇիրակ, զսուրբ Գրիգոր Ձորովն Աշոցաց, զԱնբերդ՝ և զդաշտն այրարատեան…»: Հայոց արքա Գագիկ Ա Բագրատունու կտակի համաձայն՝ Ամբերդ անառիկ ամրոցը 11-րդ դարում ներկայանում է ոչ միայն Այրարատյան հարթավայրի, այլև Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի պաշտպանական համակարգը կազմող շուրջ մեկ տասնյակ ամրոցների շարքում կարևոր մի հանգույց: Այն անվտանգության երաշխիք էր ռազմական ոտնձգությունների դեմ և Բագրատունիների տիրապետությունը տարածաշրջանում ապահովող քաղաքական հենասյուն:

Ամբերդը, ռազմաքաղաքական կարևորությունից բացի, նաև ներկայանում է որպես միջնադարյան հոգևոր-եկեղեցական նշանակալի կենտրոններից մեկը՝ 11-րդ դարից սկսած լինելով եպիսկոպոսական աթոռ: Ամբերդի եկեղեցու՝ առաջնորդանիստ կարգավիճակում գործունեության մասին արժեքավոր տեղեկություն է հաղորդում մատենագիրներից Կիրակոս Գանձակեցին: Պատմիչն անդրադառնալով 1243թ. Սսի երկրորդ ժողովում Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի գլխավորությամբ սահմանված 25 կանոններին և դրանց առաքմանը «յԱրևելս»՝ Հայաստանի արևելյան վարդապետների կողմից վավերացման համար, անվանապես հիշատակում է իրենց համաձայնությունը տված եպիսկոպոսներին, որոնց շարքում նաև «եպիսկոպոսն Անբերդոյ Մկրտիչն» է: Եպիսկոպոսական աթոռների թվարկման հերթականության համաձայն (թեև Ամբերդի եպիսկոպոսը հիշատակվում է վեցերորդը՝ Բջնիի եպիսկոպոսից հետո)՝ նրան հաջորդում են հռչակավոր Հաղպատի «… և այլ եպիսկոպոսքն, որք ի կողմանս կողմանս», ինչպես նաև հանրահայտ վանահայրություններ Սանահինը, Գետիկը, Հաղարծինը, Կեչառիսը, Սաղմոսավանքը, Այրիվանքը: Ըստ այդմ, հավաստվում է Ամբերդի թեմական առաջնորդանիստ լինելու առնվազն 200-ամյա անընդմիջելի պատմությունը՝ մինչև Զաքարյան իշխանապետության ժամանակաշրջան: Թեմի սահմանները, ինչպես վկայում են գրավոր աղբյուրները, հիմնականում ներառում են պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառն ամբողջությամբ:

Այսպիսով՝ Ամբերդը ներկայանում է միջնադարյան ռազմաքաղաքական և հոգևոր-եկեղեցական նշանակալի կենտրոն, որի մասին մեկ այլ վկայություն պետք է համարել այն հանգամանքը, որ Արագածոտն գավառի համար միջնադարում լայն տարածում է գտնում «գաւառն Ամբերդոյ» անվանումը, ինչը, ինքնին, արդյունք էր պատմական այդ ժամանակահատվածում ամրոցի կարևորության ու հեղինակավոր դերակատարության:

Ամբերդը մինչև 10-րդ դար

Ամբերդի պատմությունը ամբողջանում է մատենագրական տեղեկությունների, վիմական արձանագրությունների, հնագիտական առարկաների և պատմագիտահետազոտական արդյունքների համատեղմամբ:

Թորոս Թորամանյանը և ուրիշներ Ամբերդի պատմության առնչությամբ կարծիք են հայտնում, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում այն եղել է կիկլոպյան ամրոց՝ հիմք ընդունելով պարսպաշարի հնագույն հատվածի որոշ հատկանիշներ և «տեղի բնական ամրության» հանգամանքը: Ամբերդի՝ հնագույն ժամանակներից ամրացված լինելու կարծիքին է նաև Մնացականյանը, այն տարբերությամբ սակայն, որ պատմական այդ շերտը նա համարում է կորսված, իսկ պահպանված հուշարձանները թվագրում է 10-րդ դար:

Ճարտարապետներ Տոկարսկին և Խալփախչյանը իրականացրած հնագիտական և ճարտարապետահատակագծային հետազոտության արդյունքում համոզմունք են հայտնում, որ Ամբերդի կառուցապատումը սկիզբ է առնում 7-րդ դարասկզբին: Մի դեպքում հիմք ընդունելով չպահպանված եկեղեցու (ենթադրաբար նախորդել է Վահրամաշեն եկեղեցուն) ճարտարապետական առանձին մանրամասների հատկանիշները, իսկ մյուս դեպքում՝ Ամբերդի կառուցապատման զարգացման և շինությունների հատակագծային առանձնահատկությունները՝ նրանք համոզմունք են հայտնում, որ Ամբերդ ամրոցը դղյակ-միջնաբերդի և եկեղեցու հետ 7-րդ դարասկզբում զբաղեցրել է հրվանդանի հյուսիսային մասը և միայն 11-րդ դարում՝ Պահլավունի իշխանների օրոք է ընդգրկել ողջ հրվանդանը:

Հայտնաբերված հնագիտական առարկաների ուսումնասիրման արդյունքները, սակայն, հիմքեր չեն տրամադրում Ամբերդի ոչ միայն նախաքրիստոնեական, այլև վաղ միջնադարյան պատմական ակունքները հաստատելու համար: Ամրոցի տարածքում հայտնաբերված խեցեղենը, ըստ տիպաբանական տարբերակիչ հատկանիշների, Իզմաիլովան ներկայացնում է երկու խմբով՝ կանաչ և բազմագույն ջնարակով: Այլ վայրերի գտածոների հետ համեմատական քննության արդյունքում՝ ամրոցի տարածքում հայտնաբերված խեցեղենը ևս թվագրում է 12-13-րդ դարեր, իսկ միջնաբերդի ներսինը՝ ուշ միջնադարով: Նույնօրինակ աշխատակարգի կիրառմամբ նա եկեղեցական կառույցի մանրամասները, որոնք Տոկարսկին վերագրում էր 7-րդ դար, նույնպես թվագրում է 12-13-րդ դարեր:

Հարությունյանը Ամբերդին նվիրված իր աշխատության մեջ, քննելով ամրոցի կառուցման ժամանակագրությունը, ստորին շեմը համարում է 10-րդ դար: Ուսումնասիրողը թվագրումը պայմանավորում է արաբների կողմից Բյուրականի ամրոցի ու եկեղեցու ավերմամբ, որոնք մինչ այդ ծառայում էին գավառի վարչական ու թեմական կենտրոն: Նա բացառում է որևէ ամրաշինության և եկեղեցու առկայություն Բագրատունիներին նախորդող ժամանակաշրջանում և, մատենագրական հիշատակություններից բացի, վկայակոչում է Ամբերդի ու նրան առնչվող վիմական արձանագրությունները: Դրանցից ժամանակագրորեն առաջինը վերաբերում է 1026թ. Վահրամ Պահլավունու կողմից Ամբերդի եկեղեցու կառուցմանը, հաջորդը՝ 1200թ. Զաքարե ամիրսպասալարի կողմից Ամբերդի ազատագրմանը սելջուկներից, ինչը վկայվում է նաև Հաղարծնի՝ 13-րդ դարի երկրորդ տասնամյակով թվագրվող արձանագրությամբ: Բագրատունիների օրոք 10-րդ դարի երկրորդ կեսին կառուցված ամրոցը, լինելով տարածաշրջանի վարչական ու պաշտպանական կենտրոն, 11-րդ դարի առաջին քառորդի ավարտին դառնում է արդեն թեմական առաջնորդանիստ:

Վահրամաշեն Ամբերդը

Բագրատունյաց Հայաստանի քաղաքական, ռազմական, հոգևոր-եկեղեցական կյանքում կարևոր դերակատարում ունեցող Ամբերդը Գագիկ Ա-ի օրոք ներկայանում է արքունապատկան, որը թագաժառանգի իրավունքով ստանում է Հովհաննես-Սմբատը: Իր գահակալման հաջորդ տարին նա Ամբերդը տնօրինման է հանձնում նորանշանակ սպարապետ Վահրամին, ով Պահլավունի հնամենի իշխանական տոհմից էր: Այս հանգամանքը պատմական հիմնարար նշանակություն է ունենում Ամբերդի համար:

Վահրամ Պահլավունին իրեն վստահված Ամբերդում կարճ ժամանակ անց՝ 1026թ. ավարտին է հասցնում եկեղեցու շինարարությունը: Այդ մասին հավաստող արձանագրության համաձայն՝ «Յամի ՆՀԵ ես իշխանս Վահրամ շինեցի զկաթուղիկէս Աթոռ Հայրապետական…», Ամբերդի եկեղեցին դառնում է Բյուրականի թեմի իրավահաջորդը՝ որպես առաջնորդանիստ: Վահրամաշեն անվանված սուրբ Աստվածածին եկեղեցին երկու տասնամյակ այդ կարգավիճակում գործելով՝ դառնում է տարածաշրջանի հոգևոր-եկեղեցական ծաղկուն կենտրոններից և հայոց եկեղեցու ազդեցիկ աթոռներից մեկը:

Եկեղեցու կառուցումը դառնում է շինարարական և ռազմավարական մեծածավալ ծրագրի հիմնաքար, որով Ամբերդը կոչված էր լինել նախ տարածաշրջանի, ապա նաև համապետական նշանակության կենտրոն:

Եկեղեցաշինությանը զուգընթաց՝ Վահրամ Պահլավունին ձեռնամուխ է լինում ամրոցի պաշտպանունակության բարձրացմանը և ժամանակի ռազմարվեստի պահանջներին համապատասխան արդիականացմանը: Վերանորոգվում կամ վերստին կառուցվում են ամրոցի պաշտպանական կառույցները՝ միջնաբերդը, պարիսպները, աշտարակներն ու մուտքերը, անցկացվում են գաղտնուղիներ, ապահովվում է ջրի մշտական մատակարարումը և պահպանումը՝ գետնափոր ջրագծի ու ջրամբարների կառուցմամբ:

Այդքանով հանդերձ, Ամբերդի տարածաշրջանային նշանակությունը Վահրամ Պահլավունու մեկ այլ ձեռնարկի շնորհիվ բարձրացնում է համապետական կարևորության: Սպարապետի ջանքերով իրականացվում է Անիի պաշտպանական ամրոցաշղթայի կազմակերպումը՝ Վահրամաբերդի, Տիգինիսի, Մաղասաբերդի, Թալինի և մի շարք այլ վայրերի պաշտպանական կառույցների ամրացմամբ ու արդիականացմամբ: Այս շարքում Ամբերդին վիճակված էր առանցքային դերակատարում ապահովել Շիրակի թագավորության պաշտպանությունը հարավից և արևելքից: Արդյունքում՝ Ամբերդը 11-րդ դարասկզբին պատմության ասպարեզ է մուտք գործում նոր շունչ ստացած՝ շնորհիվ Վահրամ Պահլավունու, ում պատվին ոչ միայն եկեղեցին, այլև ամրոցն ամբողջությամբ կարող է արժանիորեն կոչվել Վահրամաշեն:

11-րդ դարակեսին երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները պայմանավորում են նաև Ամբերդի հետագան: Գագիկ Բ Բագրատունին 1045թ. խաբեությամբ հրավիրվում է Կ.Պոլիս և Կոստանդին Մոնոմախ կայսեր հարկադրանքով հրաժարվում գահից ու Անիից: Ստեղծված անորոշ իրավիճակում հայերը փորձում են քաղաքական հակակշիռ գտնել՝ հանձնելով Անին վրաց արքունիքին: Այս ձեռնարկին միանում են Անին օղակող բոլոր ամրոցների իշխանները՝ բացառությամբ Վահրամ Պահլավունու: Ամբերդը դառնում է կործանված Բագրատունյաց թագավորության վերջին ամրոցը, որ հանձնվում է թշնամուն Վահրամ Պահլավունու զոհվելուց հետո միայն՝ 1048թ.:

Ամբերդի գրավման ռազմավարական նշանակությունը Զաքարյանների օրոք

Հայաստանը բյուզանդացիներից հետո նվաճած սելջուկները, նկատի ունենալով Ամբերդի ռազմավարական կարևորությունը, ոչ միայն չեն ավերում, այլև ամրացնում են կայազորով, ինչպիսին և ներկայանում է Զաքարյանների կողմից ազատագրման նախօրեին: Հայ-վրացական միացյալ զորքերը գլխավորած Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները, դուրս մղելով սելջուկներին Հայաստանի հյուսիսային շրջաններից, ձեռնամուխ են լինում Արագածոտնի ու Շիրակի ազատագրմանը: Հայստանում հյուսիսից հարավ ճանապարհին «դարպասի» դեր էր կատարում Ամբերդ ամրոցը, որին տիրելուց հետո միայն հնարավոր էր ազատագրել հարավային շրջանները, հատկապես Բագրատունյաց նախկին մայրաքաղաք Անին:

Ամբերդն ազատագրվում է 1200թ.: Ռազմավարական այդ կարևոր հաղթանակին է նվիրված Զաքարե ամիրսպասալի կանգնեցրած խաչքարը, որի վիմական արձանագրությունը հայտնում է. «Ի ՈԽԹ (649+551=1200) թուականիս ես Զաքարե Ամիրսպասալար հայոց և վրաց, որդի մեծին Սարգսի, առի զանառիկ ամրոցս զԱնբերդոյ յախնայծին որդոյն Հաքարու… »: Խաչքարը գտնվում է Անտառուտ գյուղի եկեղեցու հարավային մուտքի մոտ՝ պատվանդանի վրա:

Ամբերդի գրավմանը հաջորդում են քաղաքամայր Անիի ու ողջ Շիրակի, ինչպես նաև Արարատյան հարթավայրի ազատագրումը, ինչը հավաստվում է Զաքարյանների թողած Հաղարծնի արձանագրությամբ՝ «Կամաւն Ամենակալին աստուծոյ այս մեր գիր և յիշատակի է և արձան մշտնջենաւոր որդեաց մեծին Սարգսին յազգէ Բագրատունեան Իւանէի և Զաքարէի, յորժամ նախախնամութիւնն Աստուծոյ էհաս յարարածս և ետ տիրել սեփական ժառանգութեան նախնեացն մերոց, ետ ի ձեռս մեր յառաջ զանառիկ դղեակն զԱնբերդ և թագաւորանիստ քաղաքն յԱնի և յապա զամուրն Բջնի, զՄարանդ մինչև Գաւզանդ ի Թէվրիզ, Կարնոյ քաղաքէն մինչև Խլաթ, զՇաքի և Շիրուան, զԲարտա մինչև ի Պելուկան և այլ բազումս իւրեանց սահմանօքն, զոր աւելորդ համարեցաք յիշատակել…»:Այսպիսով՝  Զաքարյանների օրոք հայկական տարածքների մեծ մասի ազատագրման ավարտը ազդարարվում է Ամբերդ ամրոցի գրավմամբ:

Ամբերդը՝ Այրարատյան կողմնակալության վարչական կենտրոն

13-րդ դարի առաջին տասնամյակում ավարտվում է սելջուկ-թուրքական տիրապետությունից Հայաստանի զգալի հատվածի ազատագրումը Զաքարյան իշխանական տոհմի գլխավորությամբ: Ազատագրված տարածքները, գրեթե առանց բացառության, վրաց գահակալների կողմից տրվում են Զաքարյաններին՝ սեփականության կամ տիրապետության իրավունքով:

Հայաստանի տարածքում Զաքարյան ընտանիքի երեք ավագ ներկայացուցիչների՝ Զաքարեի, Իվանեի և նրանց հորեղբորորդի Զաքարեի գլխավորությամբ ստեղծվում են ներքին լիակատար ինքնավարությամբ առանձին տիրապետություններ:

Ամիրսպասալար Զաքարեի տիրապետության միջուկը կազմում է Բագրատունյաց նախկին Շիրակ-Անի թագավորության տարածքը՝ Անի նստավայրով, ինչպես նաև ենթակա էին Լոռիի մի հատվածը, Արագածոտնը և հարակից գավառները՝ մինչև ներքին Բասեն:

Իվանե աթաբեկի տիրապետության կազմի մեջ՝ Դվին կենտրոնով, մտնում են Լոռիի մյուս մասը, Այրարատ նահանգի արևելյան մի քանի շրջաններ, Սևանա լճի շրջակայքը, Վայոց ձորը, հյուսիսարևելյան Սյունիքի մի քանի շրջաններ:

Զաքարեի ու Իվանեի զարմիկ Զաքարեի տիրապետությունն ընդգրկում էր Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառները՝ վերջինիս Գագ ամրոցն ունենալով կենտրոն:

Վարչատարածքային կառավարման տվյալ կառուցվածքով պայմանավորված՝ տեղի է ունենում թե՛ հին և թե՛ նոր կազմավորված իշխանական տների ենթակայության հստակ բաժանում՝ հիմնականում Զաքարե և Իվանե Զաքարյանների տիրապետությունների միջև: Ամրագրվում է ենթակա իշխանական տներից յուրաքանչյուրի պատկանելությունը գերապետերից որևէ մեկին: Իշխանական տների իրավատնտեսական պատկանելությունը որոշակի տիրապետության և այն գլխավորող գերապետին որոշվում է նրանց կալվածքների՝ հատկապես ո՛ր տիրապետության կազմում գտնվելու հանգամանքով: Գերապետերի իշխանության ներքո միաժամանակ ստեղծվում են կողմնակալություններ, որոնք վարչատարածքային ընդարձակ իշխանատիրույթներ էին:

Պատմական տվյալների համաձայն՝ Զաքարե ամիրսպասալարի գերիշխանությանն էին ենթարկվում Վաչուտյանների, Պահլավունիների, Հոնենց և այլ իշխանական տներ, իսկ Իվանե աթաբեկի ենթակայության տակ էին Օրբելյանները, Խաղբակյանները և նրանցից սերող Պռոշյանները, Դոփյանները, Շահառունիները, Մահևանյանները:

Զաքարյանների իշխանապետության ժամանակաշրջանում Ամբերդին վիճակված էր դառնալ Հայաստանի վարչատարածքային լայնածավալ և առանցքային կարևորություն ունեցող իշխանատիրույթներից մեկի՝ Այրարատյան կողմնակալության կենտրոն: Այն ստեղծվում է Զաքարե ամիրսպասալարին ենթակա և վստահվում Վաչուտյան իշխանական ընտանիքի հիմնադիր Վաչեին, ինչի մասին վկայում են թե՛ մատենագրական, թե՛ վիմագրական աղբյուրները:

Զաքարիա սարկավագի հաղորդմամբ «Վաչէ, որ սիրեցաւ ի Զաքարէէ եւ եղեւ հաւատարիմ տան նորա: Եւ վասն միամիտ ծառայութեան իւրոյ կարգեաց զնա իշխանաց իշխան եւ ետ նմա մեծութիւն եւ իշխանութիւն ամենայն Արագածոտանն, Շիրակայ, Նգայ, Անբերդու եւ յամենայն եզերաց նորա՝ մինչեւց ցերասխաձոր: Եւ հրամայեաց շինել եկեղեցիս և վանորայս…»: Կողմնակալ նշանակվելու մասին վկայում է նաև Վաչեն՝ Հովհաննավանքի կաթողիկե եկեղեցու 1217թ. արձանագրությամբ. «ՈԿԶ (666+551=1217) Ի ծագմանէ շնորհացն Աստուծոյ ի հիմնանալ և լուսաւորիլ եկեղեցեացս գաւառիս Այրարատու ի ձեռն երկուց եղբարց հարազատաց Զաքարիայի եւ Իվանէի եւ արդարածնունդ զաւակաց սոցա Շահանշահի եւ Աւագի ես Վաչէ իշխանաց իշխան որդի Սարգսի Վաչուտանց սիրեցեալ ի սոցանէ մեծաւ պատւով վասն հաւատարիմ ծառայութեան իմո կոչեցա ի գործ վերակացության գաւառիս…»:

Այրարատյան կողմնակալության սահմաններում, ինչպես կարծում է Տիգրան Պետրոսյանցը, Նիգ-Արագածոտնի ընդարձակ տարածքը Վաչուտյանների կողմից տնօրինվում էր սեփականության իրավունքով, իսկ Շիրակի պատկանելությունը համարում է վիճելի՝ այլ փաստերի բացակայությամբ պայմանավորված:

Վաչուտյան Վաչեն և նրա կին Մամախաթունը վկայվում են բազմաթիվ վիմական արձանագրություններում՝ որպես մի շարք շինությունների կառուցման և վերանորոգման բարերարներ: Այսպես՝ Հովհաննավանքի վերոնշյալ 1217թ. արձանագրության համաձայն՝ նրանք հիշատակվում են նույն եկեղեցու կառուցմանը օժանդակողներ, Հոռոմոսի 1229թ. արձանագրությամբ՝ նշխարատան կառուցողներ, Սանահինի 1211թ. արձանագրությամբ՝ եկեղեցու խորաններից մեկի վերանորոգողներ: Նույնաբովանդակ տեղեկություններ են հաղորդում նաև Կեչառիսի և Տեղերի վիմագրերը:

Տնտեսական և հոգևոր վերելք ապրող կողմնակալության կենտրոն Ամբերդը ապրում է իր զարգացման ժամանակաշրջանը, որը, սակայն, տևում է մինչև մոնղոլական արշավանքներ: Դրանք համընկնում են Վաչեին հաջորդող ավագ որդու՝ Քուրդ Վաչուտյանի իշխանության տարիներին: Ամբերդը գրավվում է մոնղոլների կողմից և ամայացվում: Հետևում է ավերված Ամբերդից եպիսկոպոսական աթոռի տեղափոխումը Հովհաննավանք, որը 1243 թվականից սկսած դառնում է Վաչուտյանների իշխանատիրույթի նոր հոգևոր կենտրոն:

Հայաստանում մոնղոլական տիրապետության դեմ համառ պայքարից հետո՝ 1236թ Շահնշահ և Ավագ Զաքարյան իշխանապետերի ու այլ իշխանների հետ Քուրդ Վաչուտյանը նույնպես հայտնում է իր հպատակությունը նվաճողներին: Հովհաննավանքում 1250թ. նա կազմել է տալիս մի արձանագրություն, որով ներկայացնում է ժամանակի դժվարին պայմաններում նույնքան դժվարին այդ որոշման՝ թշնամուն հպատակվելու և գործակցելու անհրաժեշտությունը. «… Ես Քուրդ, որդի Վաչէի և ամուսին իմ Խորիշահ հաճո եղել այլազգի զաւրացն նետողաց, գանձն իմ եդի ի վերա եկեղէցեաց Հաոց եւ վասն առ Աստուած սիրոյն կրկին հաստատեցաք զմիաբանութիւն մեր…»: Արձանագրությունը վկայում է, որ Վաչուտյան իշխանները մոնղոլներից արդեն ետ էին ստացել իրենց տիրույթների մեծ մասը, որտեղ տնտեսական ու հոգևոր կյանքը վերստին սկսում է արթնանալ;

Ավերված ու ամայացած Ամբերդի նկատմամբ Վաչուտյանների իրավունքները մոնղոլները վերականգնում են միայն 1280թ., որը կրկին դառնում է նրանց իշխանատիրույթի վարչական կենտրոն: Այդ կարգավիճակում ամրոցը մնում է մինչև Լենկթեմուրի արշավանքները, երբ հիմնովին ավերվում է: Վաչուտյանները դառնում են Ամբերդի վերջին տերերը, որոնց հետ ավարտվում է ռազմաքաղաքական, վարչատնտեսական նշանակալի դերակատարում ունեցած ամրոցի դարավոր պատմությունը:

Երկարատև ընդմիջումից հետո, ինչպես վկայում են պատմահնագիտական հուշարձանները, երբեմնի անառիկ ամրոցը վերստին կյանքի է կոչվում 15-րդ դարում՝ վերածվելով պարզ բնակատեղիի: Հնագիտական պեղումների արդյունքների համաձայն՝ միջնաբերդ-ամրոցը սկսում է ծառայել որպես սովորական բնակարան: Այդ նոր կարգավիճակում ամրոցի կյանքը տևում է մինչև 17-րդ դարը, ինչի մասին փաստում են այստեղ պահպանված խաչքարերն ու տապանաքարերը:

Ամբերդի պատմահնագիտական հուշարձանները

Ամբերդ ամրոցը պատմամշակութային հուշարձանահամալիր է: Կառուցված բնական դժվարամատչելի հրվանդանին՝ ամրոցի անառիկությունը հուսալի են դարձնում հրվանդանի խոցելի հատվածները եզերող աշտարակավոր պարիսպները: Միջնաբերդ-պալատի հյուսիսային պարսպաշարի շարունակությամբ ձևավորվող ամրոցը առանձնացած է հրվանդանի հիմնամասից: Միջնաբերդը, ներքին և արտաքին պաշտպանական կառույցներն ամբողջացնում են հիմնական հուշարձանախումբը բաղնիքի, ջրամբարի, եկեղեցու, ինչպես նաև դեպի կիրճ տանող գաղտնուղիների հետ միասին:

Ամբերդի համար ռազմավարական ու կենսական նշանակություն ունեցող ճանապարհները հատուկ նկատառմամբ երկուսն են, որոնք ձգվում են Ամբերդաձորի և Արքաշենի ձորի կողմերից: Ներկայիս անմխիթար ճանապարհներից Արքաշենի ձորում պահպանված հատվածները վկայում են ժամանակի փոխադրամիջոցների երկկողմանի երթևեկի հնարավորության մասին:

Ամրոցի կառուցապատումը, ըստ պատմահնագիտական տվյալների, ժամանակագրորեն իրականացվել է եռահատված: Միմյանց հաջորդում են Բագրատունիների, Զաքարյանների և 13-րդ դարից մինչև ամրոցի վերջնական կործանումն ընդգրկող ժամանակաշրջանները:

Ամբերդի պարիսպները և մուտքերը

Ամրոցի պաշտպանական բաղադրիչ պարսպապատերը՝ բուրգերով ամրացված, կառուցվել են մեծածավալ բազալտե որձաքարերով և կրաշաղախով: Միջնաբերդի արևմուտքում Ամբերդաձորի մուտքն է, որտեղից պարիսպը մոտ 40 մետր իջնում է ներքև, ապա թեքվում հարավ և միանում ժայռին: Թեև հրվանդանի հարավարևելյան հատվածում տեղանքը ժայռոտ է, այնուամենայնիվ, խոցելիությամբ պայմանավորված՝ այստեղ նույնպես պարսպաշարի կառուցման աշխատանքներ են իրականացվել: Այս հատվածում բացակայում են պարսպակից բուրգերը: Ընդհանուր հատակագծում պարիսպները ձգվում են միջնաբերդի ուղղությամբ և միանում վերջինիս: Կառուցողական առաջին շրջանում ամրոցն ունեցել է երկու մուտք՝ մեկը Ամբերդաձորի (արևմուտքից), մյուսը՝ Արքաշենի (արևելքից) ձորի կողմերից:

Պարիսպների հյուսիսարևելյան հատվածը առավել խոցելի է, ինչը պայմանավորվում է տեղանքով: Այդ իսկ պատճառով այստեղ այն համալրված է եռաշար համակարգով և խիտ տեղաբաշխված աշտարակներով: Բուրգից բուրգ ձգվող յուրաքանչյուր հատված պաշտպանական առանձին միավոր է: Նրանց տեղաբաշխման համակարգը, ինչպես և միջնաբուրգերի՝ եզրայինների նկատմամբ դեպի ներս դիրքը, թույլ են տվել խոցել թշնամուն ոչ միայն կողային հատվածներից կամ անկյուններից, այլև՝ թիկունքից: Բարձր աշտարակները հնարավորություն էին տալիս նետահարել թիրախը շուրջ 80 մետր հեռավորությունից:

Պարսպաշարի երկրորդ հատվածը կառուցողական սկզբունքներով նման է առաջինին: Պաշտպանական գործողությունների փոխգործակցությունը ապահովելու նպատակով՝ այս հատվածում պարիսպը ետ կամ առաջ մղելու փոխարեն փոփոխվել են բուրգերի չափսերը, որոնք պայմանավորվում են յուրաքանչյուր բուրգի տեղադրությամբ և դիրքով: Աշտարակները տարբեր են թե՛ չափսերով, թե՛ կառուցվածքով (աղեղնաձև, ձվաձև): Վաչուտյանների կառավարման շրջանում պարսպաշարը հատվածաբար վերակառուցվել է:

Պալատի հյուսիսային մասում պահպանվել են մոտ 13-15 մետր բարձրությամբ աշտարակներ: Դեպի ներքև թեքվածությունը պայմանավորում է ամեն հաջորդ աշտարակի բարձրությունը՝ նախորդի հետ համեմատ: Պահապանների միջև տեսողական կապն իրականացվել է յուրաքանչյուր հատվածի չորրորդ աշտարակի միջոցով. հյուսիսարևելյան կողմում պարսպաշարի երեք հատվածների տվյալ հերթահամարի աշտարակները գտնվում են մի գծի վրա: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Ամբերդի կայազորն ուներ ինչպես գլխավոր, այնպես և առանձին ստորաբաժանումների հրամանատարներ:

Կառուցողական երկրորդ շրջանում Ամբերդն արդեն ընդգրկում է ողջ հրվանդանը: Կառուցվում են նոր պարիսպներ, որի շնորհիվ ամրոցի հարավային և արևմտյան մասերը փակվել են կրկնապարիսպներով, իսկ Ամբերդաձորի դարպասը համալրվում է ևս մեկ մուտքով: Բագրատունիների օրոք Ամբերդաձոր իջնող պարսպաշարը թեքվում էր հարավ: 12-13-րդ դարերում պարիսպների գիծը շարունակվում է՝ հասնելով ներքևի անանցանելի ժայռերին: Պաշտպանական համակարգը լրացվել է աշտարակներով: Հատկանշական է, որ ներքևից թշնամու հարձակման հավանականությամբ է պայմանավորված աշտարակների հիմնային թեքվածությունը դեպի գետ: Արքաշենի ձորի կողմից նոր մուտք կառուցելու նպատակով՝ պարսպապատը հատվել է: 1964թ. պեղումների արդյունքում բացվում է դարպասների արևելյան կողմը: Առավել բարձր պաշտպանունակության նպատակով՝ մուտքից մոտ 15 մետր դեպի դուրս կառուցվել է կրկնադարպասների երկրորդ մուտքը: Աշտարականման պատերը առաջ են մղված՝ հարվածի դեպքում թշնամուն ծուղակը գցելու նպատակով: Աղեղնակամար մուտքն ունի մոտ 2 մետր լայնություն:

Այս շրջանի ամենանշանակալի կառույցը Ամբերդաձորի դարպասի կրկնամուտքն է՝ իր ուղղանկյուն աշտարակով: Կառուցվածքով այն հիշեցնում է Արքաշենի դարպասը: Արևմուտքից միանալով պարիսպներին՝ այն պաշտպանության տակ է առնում հին դարպասը: Պարիսպը շարունակվում է միջնաբերդի ուղղությամբ և ամփոփում վերջինիս փոքր դուռը: Ամբերդաձորի մուտքը մի կողմից պաշտպանված է քառանկյուն, եռահարկ աշտարակով, մյուս կողմից՝ պարսպով: Աշտարակը կառուցված է կրաշաղախով և մանրաքարերով: Դարպասի վերևի հատվածում տեսանելի են երկու պատուհաններ, որոնք դյուրացնում էին դիմացի հրապարակի վերահսկումը:

Քառանկյունաձև աշտարակները Ամբերդում ի հայտ են գալիս կառուցողական երկրորդ շրջանից: Դրանց տանիքները ծառայում էին պաշտպանական հարթակ, որոնցից դյուրին էր մարտեր մղել: Այս աշտարակների հարկաբաժինները հավանաբար եղել են զորանոցներ:

Ամբերդի կառուցողական երրորդ շրջանը սկսվում է Վաչուտյանների իշխանության օրոք՝ 13-րդ դարի վերջերից: Այս ժամանակահատվածում պարսպապատերի պաշտպանական հնարավորությունները սահմանափակվում են: Կիսաշրջանաձև 4 բուրգերով պարիսպ է կառուցվում Արքաշենի դարպասից հյուսիս, որը ձգվում է ամրոցի արևելյան ժայռերի ուղղությամբ, ներառում դղյակը, բաղնիքը, ջրամբարը և մյուս կառույցները՝ դուրս թողնելով Արքաշենի դարպասը և ամրոցի մեծ մասը: Նշված պարսպից բացի՝ այլ կառուցումներ չեն իրականացվում: Ամբերդի պարիսպները մեծամասամբ շարված են կրաշաղախով և տաշված քարերով, հանդիպում է նաև կիկլոպյան շարվածք: Առանձին քարերի վրա առկա են վարպետների նշաններ:

Միջնաբերդը

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում մնացած կառույցների նկատմամբ իշխող դիրք ունի միջնաբերդ-պալատը: Այն հրվանդանի բաժանարարն է և միաժամանակ՝ Ամբերդի պաշտպանական համակարգի առանցքային դերակատարը: Շենքի մակերեսը շուրջ 1500 քմ է: Եռահարկ է, կառուցված է կարծր բազալտի խոշոր քարերով: Առավելաբար պահպանվել են երկու հարկերի պատերը և երրորդ հարկից՝ որոշ հատվածներ: Հարկաբաժինները միմյանցից բաժանվել են փայտածածկով՝ գերանների վրա հենված: Առաջին երկու հարկերում կան սեղանաձև հատակագծով հնգյակ սենյակներ, որոնք ունեն միաշար, միջանցիկ դասավորություն: Սենյակներից ներքին պատով անջատված նախասրահը անկանոն հատակագիծ ունի: Դղյակը ծառայել է թե՛ պաշտպանական կառույց և թե՛ բնակարան:

Պալատ-միջնաբերդը ունեցել է հարուստ ներքին հարդարանք՝ պատված լինելով զարդաքանդակներով, գործվածքներով, ճրագներով: Միջնաբերդի պատուհանները միայն հարավային կողմում են և ներամրոցահայաց: Այս ճակատամասը պաշտպանական նշանակությունից բացի՝ արևկող է, ինչը կարևոր էր ջերմապահովման տեսանկյունից: Առաջին հարկում լուսամուտների բացվածքները նեղ են, իսկ վերևում՝ լայն, տեղ-տեղ՝ կամարաձև: Առկա են ակոսներ, որոնք նախատեսված են եղել երկաթե ցանցերի համար: Շինարարական երկրորդ շրջանում դղյակն ամրացվել է պարիսպների երկրորդ շարքով: Աշտարակների պատերը ունեն թեքություն՝ ապահովելու համար հարձակվողների նկատմամբ վերահսկողությունը:

Սկզբնական շրջանում միջնաբերդի միակ մուտքը եղել է հարավից՝ ներամրոցային տարածքից: Դռնանցքի չափերը բավականին փոքր են, որը փակվել է ներսից՝ գերաններով ամրացված բազալտե դռնով: Աստիճանները տանում են միջանցք, որտեղից մուտք ունեին բոլոր սենյակները:

Հյուսիսարևմտյան կողմից բացվել է երկրորդ մուտքը, որը նեղ միջանցքով տանում է հին և նոր պարիսպների միջանկյալ տարածություն՝ հավանաբար ծառայելով մթերքի կամ զենքի պահեստ: Տվյալ մուտքի չափերը նույնպես փոքր են՝ 1.7 մետր բարձրություն և 0.9 մետր լայնություն: Մուտքի անվտանգությունն ապահովվում է 13-րդ դարում կառուցված պարսպով: Պատի ներսից կցված աստիճանները բարձրանում են պաշտպանության համար նախատեսված վերին հարթակ: Նոր մուտքի և պարսպի կառուցումը դյուրացնում էր ամրոցի և միջնաբերդի պահապանների միջև ուղիղ կապը: Վաչուտյանների կառավարման շրջանում է, որ միջնաբերդն ամրացվում է և վերածվում պալատի: Կատարվում են որոշակի ընդլայնման աշխատանքներ: Նախկինում կիրառված խոշոր և տաշված քարերի փոխարեն ամրոցի նոր հավելումների համար կիրառվել են կիսատաշ և համեմատաբար մանր քարեր:

Եկեղեցին և մատուռը

Ամրոցի հուշարձանների շարքում է ևս մեկ կարևոր կառույց՝ Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին, որը հայտնի է Վահրամաշեն անվամբ: Գտնվում է ամրոցի կենտրոնական հատվածում՝ միջնաբերդից հարավ: Ըստ հյուսիսային դռան բարավորի ներսի կողմից արված արձանագրության՝ կառուցվել է 1026թ.: Դրսից ուղղանկյունաձև, ներսից խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է, պատկանում է «գմբեթավոր դահլիճ» տիպին: Ընդհանուր հորինվածքը բարձրացված է եռաստիճան պատվանդանի վրա: Եկեղեցու անկյուններում կան կրկնահարկ ավանդատներ, որոնց երկրորդ հարկ տանող քարե աստիճանները բացակայում են: Հավանաբար, օգտագործվել են փայտյա շարժական սանդուղքներ:

Եկեղեցին պսակված է հովհարաձև վեղարով ավարտվող 12 նիստանի թմբուկով, որի անկյունները զարդարված են գնդաձև խարիսխներ ու խոյակներ ունեցող զույգ որմնասյուներով: Որմնաշարից գմբեթ անցումն իրականացվում է առագաստների ու կամարների միջոցով: Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով՝ տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ: Պատերը սրբատաշ են, երեսպատված մեծաչափ, բայց ոչ հաստ քարե սալերով: Կառուցված է տեղական բազալտով և ամուր կրաշաղախով: Շինության արտաքին մասի ճարտարապետական լուծումները զուսպ են, համաչափությունները՝ ներդշնակ:  Արևելյան ճակատի վրա կան ճառագայթաձև ավարտով ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են: Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային, հարավային մեծ մուտքը 2 կողմից զարդարված է կամարակապ սյունափնջերով:

Ամբերդի եկեղեցին ճարտարապետական և հորինվածքային որոշակի ընդհանրություններ ունի Շիրակի եկեղեցաշինական դպրոցը ներկայացնող Մարմաշենի մեծ, Խծկոնքի սուրբ Սարգիս եկեղեցիների հետ, ինչը տեղիք է տվել կարծելու, որ նշված կառույցները նույն ճարտարապետի գործերն են: 1970-1975թթ. ընթացքում եկեղեցին վերանորոգվել է, ամրացվել են ծածկի և քիվի թափված քարերը, թմբուկի կիսասյուները, քայքայված հարավային ճակատը:

Ամբերդ ամրոցի տարածքում կա ևս մեկ պաշտամունքային շինություն՝ մատուռը, որը գտնվում է ջրամբարի և բաղնիքի միջանկյալ գոտում: Հայտնաբերվել է 1936թ. պեղումների ընթացքում, երբ այստեղ ի հայտ են եկել նաև մարդկային կմախքի մնացորդներ, ինչը հիմք է ծառայում ենթադրել մատուռի՝ որպես դամբարան ծառայելու մասին: Մատուռը ներկայումս վերանորոգված քառանկյուն հատակագծով փոքր շինություն է՝ 5.5 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ: Շարված է բազալտե սրբատաշ քարերով: Մուտքը հարավից է, արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ: Թվագրվում է մոտավորապես 12-13-րդ դարեր:

Ջրամատակարարումը և գաղտնուղիները

Ջրամատակարարումը ամրոցի համար առանցքային և կենսական նշանակություն ուներ: Արտաքին ջրամատակարարման անապահովությամբ է պայմանավորվում միջնադարյան ամրոցներում ջրամբարի կառուցման անհրաժեշտությունը: Ջուրը կավե խողովակներով Ամբերդ մատակարարվել է մի քանի կմ հեռավորությունից: Ամրոցում եղել են մեծ և փոքր ջրամբարներ: Թաղակապ փոքր ջրամբարը կառուցվել է անմիջապես պալատի ներսում, սենյակներից մեկի հատակի տակ: Ունի մոտ 45 խմ տարողություն, ներսից պատված է ջրակայուն կրաշաղախի հաստ շերտով: Կավե խողովակներով բերված ջրի մի մասը վերևից լցվել է այստեղ, մյուս մասը մատակարարել ավելի քան 100 խմ տարողությամբ մեծ ջրամբարը: Վերջինիս կառուցման եղանակը նման է առաջինին, գտնվում է միջնաբերդից դուրս, հարավային կողմում: Պաշարման դեպքում, հավելյալ ջրի ապահովման նպատակով իբրև ջրամբար կարող էին կիրառվել նաև բաղնիքն ու կաթսայատունը:

Կլոր հատակագծով մոտ 17 մետր տրամագծով շինության մնացորդներ կան եկեղեցուց արևմուտք: Դրա պահպանված մասում բարձրությունը հասնում է 2.5 մետրի: Ներսից ծեփված է ջրակայուն կրաշաղախով: Հավանական է, որ ծառայել է անասուններին ջուր մատակարարելու համար նախատեսված ավազան: Ջրամատակարարման կավե խողովակների հայտմաբերման և ոչնչացման դեպքում՝ ջրամբարների պաշարը պիտի բավականացներ մի քանի շաբաթ:

Ամրոցները մշտական ջրով ապահովելու համար օգտվում էին նաև գաղտնուղիների ընձեռած հնարավորություններից: Ամբերդ ամրոցի գաղտնուղիները նախատեսված էին Ամբերդաձորից ջուր ստանալու համար: Գաղտնուղիներից մեկի ավերակները սկսվում են ամրոցի հարավային մասից և հասնում մինչև գետը: Կառուցման համար օգտագործվել են մեծածավալ սալաքարեր: Ներսի տարածությունը հարմարեցված էր մարդկանց կամ բեռնակիր անասունների ազատ տեղաշարժի համար: Բարձրությունը 170-180 սմ է, լայնությունը՝ մոտ 150 սմ: Գաղտնուղու մուտքը սկսվում է պարսպի ետնամասից, որի ապահովության համար երկու կողմերի հանդիպակաց ժայռերի գլխին կառուցվել են պատեր:

Ամրոցում գործել է մեկ այլ՝ չափերով փոքր գաղտնուղի ևս, որը սկսվում է արևմտյան պարսպի մոտից և նույնպես իջնում Ամբերդաձոր: Ջրամատակարարումից բացի՝ գաղտնուղիները ծառայել են նաև արտաքին աշխարհի հետ կապի միջոց:

Կատարված պեղումների ընթացքում Ամբերդում մթերանոցներ, հացահատիկի ամբարներ չեն հայտնաբերվել, թեև ենթադրվում է դրանց առկայությունը:

Բաղնիքը

Հայաստանի միջնադարյան կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել բաղնիքը: Ամբերդի բաղնիքը միջնադարյան Հայաստանի կենցաղային շինարարության կարևոր հուշարձաններից է, այն գտնվում է արևելյան պարսպին կից՝ միջնաբերդից մոտ 70 մետր հեռավորության վրա: Հատակագծում ուղղանկյուն է՝ սրբատաշ քարերով և կրաշաղախով կառուցված: Ունի երեք բաժանմունք՝ հնոց, լողարան և հանդերձարան, վերջին երկուսը գրեթե նույն մակերեսով գմբեթակիր սենյակներ են: Մուտքը մեկ աստիճան ցածր է գետնի մակարդակից և չունի պատուհաններ:

Ջեռուցման սենյակն ունի կամարակապ ծածկ, չափերով ավելի փոքր է մյուս երկու սենյակներից: Ներսի տարածքը պատված է կրաշաղախի հաստ շերտով: Լողարանում եղել են որմնանկարների հետքեր: Բաղնիքի տաքացման համար կիրառվել է դեռևս անտիկ շրջանից հայտնի հիպոկաուստ համակարգը: Տաք օդն ու ծուխը հնոցից մտել են լոգարան, ապա հանդերձարանի հատակի տակ անցկացված կավե խողովակներով և պատերի միջով՝ դուրս եկել տանիք: Արդյունքում ջեռուցվել է ամբողջ բաղնիքը:

Ջուրը բաղնիք է հասել կավե խողովակներով, որոնց հետքերը պահպանվել են ջեռուցման սենյակում: Տաք ջուրը լողարան է մղվել երկաթյա խողովակներով, որտեղ ջրի հոսքը կարգավորվել է բրոնզե ծորակներով: Կեղտոտ ջուրը բաղնիքից հեռացվել է հատակի տակով անցնող կավե մեծ խողովակներով: Բաղնիքի թվագրության վերաբերյալ հստակ մոտեցումներ չկան, հավանաբար, կառոցվել է Բագրատունիների շրջանում, թեև երկաթյա խողովակներն ու բրոնզե ծորակները վերագրվում են Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանին:

Կենցաղային նշանակության այլ շինություններ

Ամրոցի տարածքում բազմաթիվ են ժամանակագրորեն ուշ շրջանին առնչվող բնակարանների ավերակներն ու հետքերը: Տեսանելի են բնակելի սենյակների, պատերի ու օժանդակ կառույցների մնացորդներ: Սրանք ընդարձակ, մոտ 40-50 քմ մակերեսով սենյակներ են՝ ծածկված փայտե գերաններով: Ամրոցի արևմտյան պարսպին կից 1963թ. պեղվել է 13-րդ դարով թվագրվող բնակարան՝ իր երկու օժանդակ կառույցներով: Հիմնական սենյակը մոտ 30քմ տարածություն ունի, որի պատերից մեկի դերը կատարում է պարիսպը: 1964թ. Ամբերդի հարավային ծայրամասում բացվել է մեկ այլ բնակելի շինության հատված, որտեղ գտնվել են կենցաղային առարկաներ և մեծ քանակությամբ խեցեղեն: Այն կազմված է մոտ 8քմ սալահատակ սենյակից և թոնրատնից: Պատերը շարված են առանց կրաշաղախի՝ բազալտե տաշված քարերով: Նմանատիպ ևս մի սենյակ պեղվել է նաև 1968թ.:

Ամբերդ ամրոցն ունեցել է նաև կամուրջ և ջրաղաց, որոնց մասին կան հիշատակություններ եկեղեցու արձանագրություններում: Ջրաղացից որոշ հետքեր պահպանվել են Ամբերդաձորում: Ամրոցում եղել է նաև ձիթհան, ինչի մասին վկայում է հարավային մասում գտնված ձիթհան-քարը:

Ամբերդի ձորում կան տարբեր չափսերի բնական քարայրներ, որոնց մի մասը, որոշակի ձևափոխություններից հետո, օգտագործվել են որպես կացարաններ: Քարայրների բաց հատվածներում շարվել են պատեր, դրվել բազալտե սալերից դռներ: Որոշ տեղերում պահպանվել են նաև կարասաձև հորեր:

Գերեզմանոցները

Ամբերդի գերեզմանոցները գտնվում են ամրոցի տարածքից դուրս: Դրանցից մեկը տեղակայված է բարձունքին՝ ամրոցի հյուսիսային կողմում, մոտ 200 մետր հեռավորության վրա: Գերեզմանոցի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր, իսկ 12-14-րդ դարերի տոհմական գերեզմանոցները և մատուռները մեկուսի են: Երկրորդ գերեզմանոցում թաղումներն կատարվել են 10-11-րդ դարերում՝ մինչև մոնղոլական արշավանքները: Այս գերեզմանոցը ամրոցից հեռու է մոտ կես կմ, գտնվում է Արքաշենի ձորի հակառակ կողմում: Այստեղ կան տապանքարեր, բուսական ու երկրաչափական մոտիվներով զարդարված խաչքարեր:

Ամրոցի ներսում բավականին խիտ թաղումներ են կատարվել եկեղեցու հյուսիսային կողմում: Պեղված 200քմ հողատարածքում միմյանց վրա, մի քանի շարքով կատարվել են 1000-ից ավելի թաղումներ: Դրանց մեջ բավականին շատ են երեխաները, ինչը հավանաբար, պայմանավորված է մոնղոլական արշավանքների ժամանակ երկարատև պաշարման ընթացքում առաջացած սովով ու համաճարակներով: Եկեղեցու տարածքում թաղումները շարունակվել են նաև 16-17-րդ դարերում, երբ Ամբերդն արդեն հասարակ բնակավայր էր: Այս շրջանից նույնպես պահպանվել են մի շարք մահարձաններ:

Ամբերդի խաչքարերից ուշադրության է արժանի ամրոցի ազատագրման կապակցությամբ Զաքարե ամիրսպասալարի կողմից 1200թ. կանգնեցված արձանագիր խաչքարը: Ունի 1.4 մետր բարձրություն, աչքի է ընկնում իր կատարողական ճոխությամբ և վարպետությամբ, ներկայումս գտնվում է Անտառուտ գյուղի եկեղեցու մոտ:

Պեղումների արդյունքները և գտածոները

Վերջին հարյուրամյակում Ամբերդում մի քանի փուլերով կատարված հնագիտական պեղումների ընթացքում բացվել են պաշտպանական կառույցների, պարիսպների, աշտարակների, միջնաբերդի, նաև հոգևոր-պաշտամունքային, կենցաղային և քաղաքացիական նշանակության շինություններ կամ մանրամասներ: Ըստ այդմ՝ ամրոցի թե՛ պատմության, թե՛ հուշարձանների ճարտարապետական-մշակութային հատկանիշներին վերաբերող գիտական արդյունքները համալրվում են պեղումների տեսական և նյութական բազմաթիվ տվյալներով: Հայտնաբերվել են մեծաքանակ երկաթե զենքեր, աշխատանքային գործիքներ և կենցաղային իրեր, եկեղեցական սպասք ու երկաթյա մեծ խաչեր: Գտնվել են նաև ջնարակած և շինարարական խեցեղեն, նկարազարդ կարասներ, գավաթներ, թասեր, հախճապակյա անոթներ և դրամներ: Հայտնաբերված առարկաներն արժևորվում են որքան Հայաստանի, նույնքան Մերձավոր Արևելքի պատմահնագիտական հետազոտությունների տեսանկյունից:

Առաջին հնագիտական աշխատանքները Ամբերդում սկսվում են Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1922թ. Էջմիածնից գիտարշավ է կազմակերպվում դեպի Ամբերդի հովիտ՝ հնությունները ուսումնասիրելու և վիմական արձանագրությունները գրառելու նպատակով:Արշավախմբի կազմում էին Թորամանյանը, Հովսեփյանը, նկարիչ Տարագրոսը: Արշավախումբը Ամբերդում իրականացնում է հուշարձանների պատմաճարտարապետական գնահատման, գիտական նկարագրության, վիմագրերի ընդօրինակման աշխատանքներ:

Հաջորդ արշավախումբը 1923թ. հնագիտական ուսումնասիրություններ է իրականացնում Արագածի լանջերին: Արդյունքները ամփոփվում են Թորամանյանի կողմից և հրատարակվում «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» աշխատության մեջ:

Նույն կառույցի կողմից, սակայն արդեն «Հնության կոմիտե» վերանվանված, 1936թ. Ամբերդում Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ: Պեղվում են պալատ-միջնաբերդը, բաղնիքն ու հարակից տարածքը, Ամբերդաձոր տանող գաղտնուղին և այլ հատվածներ: Ընթացքում բացվում են պալատի մի քանի սրահներ, միջնաբերդի ջրամբարը և մուտքը, նաև բաղնիքի սենյակներն ու ջրամատակարարման կավե և երկաթե խողովակները: Հավաքագրվում և վերծանվում են Ամբերդի և շրջակա վայրերի վիմական արձանագրությունները:

Ամբերդում հանգամանալից պեղումներ են իրականացվում ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից 1963-1972թթ.: 1963 թվականի վերսկսված պեղումների նպատակն էր ուսումնասիրել Արքաշենի դարպասից արևմուտք ձգվող պարսպապատը և պարզել դրա կառուցման ժամանակը: Պարսպապատի արտաքին մասում՝ բուրգի մոտ, հայտնաբերվում է օժանդակ կառույցներով սալահատակ սենյակ, որը, հավանաբար, բնակարանի մաս էր կազմում, սրան կից գտնվել է նաև թոնրատուն: Նշված սրահները պատված են եղել մոխրի հաստ շերտով, ինչը վկայում է ուժգին հրդեհի մասին: Պեղումների արդյունքներից հնարավոր է եզրակացնել, որ օժանդակ կառույցներով բացված սենյակը վերաբերում է ամրոցը Զաքարե ամիրսպասալարի կողմից գրավելու և այն Վաչուտյաններին հանձնելու շրջանին: Ամենուրեք առկա հրդեհի հետքերից ենթադրելի է, որ մոնղոլական արշավանքների ժամանակ Ամբերդը, լուրջ դիմադրություն ցույց տալով, նվաճվել և ավերվել է: Պեված նոր պարսպապատը կառուցվել է մոնղոլական արշավանքներից հետո: 16-17-րդ դարերում Ամբերդը նորից վերաբնակեցվել է, պարսպապատը, ինչպես և ամրոցի հիմնական պարիսպներից շատերը քանդվել են և տեղում բացվել են ճանապարհներ:

1964թ. պեղումների ժամանակ հայտնաբերվում են պարսպի առանձին մասեր, աշտարակներ, չափագրվում են ամրոցի պարսպապատերն ու ճարտարապետական կառույցները: Ամրոցի պարսպապատերի առանձին հատվածների անմշակ, մեծաչափ որձաքարերով շարվածքը, ինչպես նաև հարավային ծայրում տաշված մեծ քարերի առկայությունը հիմք են հանդիսացել փնտրել նախնադարյան կամ ուրարտական հետքեր: Ուրարտական մշակութային շերտեր հայտնաբերելու նպատակով 1936թ. սկսված պեղումները շարունակվում են մինչև 1964թ.: Մոտ 10 մետր երկարությամբ խրամատ է անցկացվում, բացվում է մի սենյակ, որտեղ հատակը քանդվում է 1 մետր խորությամբ, սակայն միջնադարից բացի այլ մշակութային շերտեր չեն հայտնաբերվում:

1965-1966թ. բարեկարգման և պեղման աշխատանքներ են իրականացվում եկեղեցու հարակից տարածքում: Եկեղեցու բակում հայտնաբերվում է 13-րդ դարով թվագրվող մասսայական գերեզմանոց, որն առնչվում է մոնղոլական արշավանքների ժամանակաշրջանին: Պեղումների ընթացքում հայտնաբերվում են եկեղեցուն վերաբերող բազմաթիվ մանրամասներ, բացվում է հողով լցված հյուսիսային մուտքը:

1968թ. և հետագա տարիներին մաքրման, պեղման և ուսումնասիրման աշխատանքները ներառում են Ամբերդի տարբեր հատվածները, այդ թվում պարիսպները, աշտարակները, ամրոցի հին ու նոր մուտքերը, բնակարանային համալիրները, կենցաղային նշանակության կառույցներն ու միջնաբերդը:

1970թ. մեկնարկում են Ամբերդի վերականգնման աշխատանքները՝ պետական ծրագրի շրջանակներում: Թամանյանի հեղինակած նախագծով վերականգնվում և ամրակայվում են Վահրամաշեն եկեղեցին: Ամրոցային համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ կատարվել են 2005-2007թթ.ևս: Ներկայումս վերականգնված են նաև բաղնիքը, մատուռը, մասամբ՝ Արքաշենի դարպասն ու ջրամբարը: Ամրոցի ներսում, հուշարձանների հասանելիությունը ապահովելու համար, հարթեցվել և սալապատվել են մուտքերն ու հիմնական ուղիները:

Թեև Ամբերդում երբևէ մեծածավալ պեղումներ չեն կատարվել, այնուամենայնիվ, հայտնաբերված հնագիտական նյութը ոչ միայն բավականին հարուստ է, այլև աչքի է ընկնում իր կարևորությամբ: Հայտնաբերված առարկաների մեջ գերակշռում է խեցեղենը, սակավ նյութ է պահպանվել գործվածքներից, կաշվից, փայտից և այլ՝ համեմատաբար հեշտ քայքայվող հումքից պատրաստված առարկաներից:

Մետաղյա առարկաների մեջ գերակշռում են երկաթյա իրերը. 10-16-րդ դարերի ընթացքում զենքերը պատրաստում էին երկաթից, համեմատաբար շատ են նաև բրոնզե առարկաները: Հաշվի առնելով Ամբերդի պաշտպանական հզոր համակարգը և բազմամարդ կայազորը՝ ենթադրվում է, որ ամրոցի տարածքում զենքի սեփական արհեստանոց է եղել: Հայտնաբերվել են տափակ, տերևաձև, կլոր և նիստավոր նիզակներ: Դրանք, հավանաբար, տարբեր նպատակների են ծառայել, ըստ կառուցվածքի նախատեսվելով հեծելազորի և հետևակի համար: Ամբերդից գտնված նետասլաքները մեծամասամբ թվագրվում են 12-13-րդ դարերով: Հանդիպում են քառանիստ, եռանիստ, շեղանկյունաձև, տերևաձև նետասլաքներ: Դաշույնների և դանակների միայն մի մասն է որպես զենք ծառայել, սրա մասին են վկայում սուր հատվածի և բռնակի միջև առկա ելուստները, զենքը չսահելու և գործածողին չվնասելու համար:

Հաշվի առնելով, որ վահանները հիմնականում պատրաստվել են փայտից և կաշվից, միայն պահպանված մետաղյա հատվածներով կարելի է վերականգնել դրանց կառուցվածքը: 1968թ. միջնաբերդի պեղումներից հայտնաբերված վահանի մետաղյա մասերը ամբողջացնում են պատկերը դրա չափի և ձևի մասին: Վահաններն օգտագործվել են հետևակի և հեծելազորի կողմից: Պատրաստման համար հիմնական նյութ հանդիսացող փայտը զգալիորեն թեթևացնում էր վահանների ծանրությունը: Պեղումներից հայտնաբերվել են նաև կացիններ, կենցաղում լայն կիրառում ունեցող դանակներ, մուրճեր, գամեր, պայտեր և այլ առարկաներ: Դանակների մեծ մասը երկաթից են, ունեցել են ոսկորից և փայտից պատրաստված կոթեր, որոնք քայքայվել են:

Հատկանշական են Ամբերդից հայտնաբերված երկաթե խաչերը, որոնցից երկուսը՝ մոտ 20սմ երկարությամբ, գտնվել են 1963թ.: Երեք խաչերից մեկը՝ չափսերով փոքրը, օգտագործվել է եկեղեցական արարողությունների ժամանակ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանում պահվում է 10-րդ դարով թվագրվող և Աշոտ Երկաթին վերագրվող մեծ երկաթյա խաչը: Ինչպես այս, այնպես էլ Ամբերդից հայտնաբերված երկու մեծ խաչերը հիմնային հատվածում ունեն ձողի վրա ամրանալու հարմարանքներ: Հավանական է՝ Էջմիածնի խաչի օրինակով Ամբերդի խաչերը նույնպես տարվել են զորքի առջևից: Ամբերդի երկու միաչափ խաչերը թվագրվում են 12-րդ դարի վերջով և 13-րդ դարի սկզբով, հայտնաբերվել են նոր պարսպի արտաքին մասում:

Գտնված բրոնզե և պղնձե առարկաների մեջ կարևոր են հավանգներն ու աշտանակները, մոմակալները, զարդարանքի առարկաները: Ներկայումս Էրմիտաժում պահվող քանդակազարդ հավանգներից մեկն ունի կլոր կառուցվածք, տրամագիծը՝ 20սմ: Կազմված է երեք զարդագոտիներից՝ կենդանական և բուսական մոտիվներով: 1964թ. հայտնաբերվել է պղնձե թասի կափարիչ, պահպանված մասից ենթադրելի է, որ ունեցել է կլոր ձև: Առանձնահատուկ է այն, որ իբրև բռնակ օգտագործվել է առյուծի քանդակը՝ 4սմ բարձրությամբ:

Ամբերդից հայտնաբերված խեցեղենը հիմնականում բաժանվում է երկու մեծ խմբերի՝ հասարակ և ջնարակած: Գտնվել են դրոշմազարդ կարասներ, կճուճներ, սափորներ, քրեղաններ, կաթնամաններ, խուփեր, ինչպես նաև ձիթաճրագներ: Վերջիններս օգտագործվում էին լուսավորության նպատակով և լայն կիրառում ունեին հասարակ ժողովրդի շրջանում, իսկ աշտանակները և մոմակալները մատչելի էին իշխաններին և ունևոր դասին: Ամբերդի ջնարակած խեցեղենի վաղ օրինակները վերաբերում են 10-11-րդ դարերին: Բնորոշվում են թափանցիկ, կանաչ, դեղին գույնի ջնարակների տակ արված գծազարդերով: 12-13-րդ դարերում Ամբերդի խեցեղենի առանձնահատկություններից է մեծամասամբ կանաչ, թափանցիկ ջնարակապատումը: Նկարազարդումներն արված են փորագրման և գծագրման միջոցով: Հայտնաբերվել են նաև հախճապակե անոթներ, ապակե սրվակներ մեծամասամբ բեկորների տեսքով: Ամբերդի հնագիտական գտածոների թվում կան մոտ 200 դրամներ: Սելջուկյան, բյուզանդական և վրացական օրինակների շարքում հետաքրքիր են Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա արքայի հատած երկու դրամները:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...