Արցախի Հանրապետություն
Արցախի Հանրապետությունը հայկական պետական կազմավորում է
Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում կամ Արևելյան Անդրկովկասում:
Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի
2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ), Շահումյանի շրջանի և Գետաշենի
ենթաշրջանի վերամիավորմամբ:
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
կայացել է անկախության մասին համահանրապետական հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող
132328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108736-ը (82.2%), անկախությանը «կողմ» է
քվեարկել 108615 քաղաքացի (քվեարկողների 99.89%-ը):
1991 թվականի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքը կազմում
էր 5.3 հազար քկմ (ԼՂԻՄ՝ 4.4 հազար քկմ, Շահումյանի շրջան՝ 600քկմ, Գետաշենի ենթաշրջան՝
300 քկմ):
1991-1994թթ. արցախյան պատերազմից հետո տեղի ունեցան սահմանների
զգալի փոփոխություններ: Ադրբեջանը զավթեց Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանն
ամբողջությամբ ու Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածներ: Այդ ընթացքում
Արցախին հաջողվեց ազատագրել պատմական Ղարաբաղի մի մասը:
1994-2020թթ. Արցախի Հանրապետության տարածքը կազմում էր
11.5 հազար քկմ:
2020թ. երրորդ արցախյան պատերազմի արդյունքում, Թուրքիայի
աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը օկուպացրեց Արցախի
Հանրապետության տարածքի գերակշիռ մասը: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության վերահսկողության
տակ գտնվող փաստացի տարածքը կազմում է մոտ 2.9 հազար քկմ:
Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը փաստորեն սահման
չունի, այլ ունի միայն շփման գծեր, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված բնագծերն
անընդունելի են Արցախի համար:
Պատմական Արցախ նահանգ
Արցախն ունի շատ հին պատմություն և միշտ եղել է հայոց պետականության
ու հայկական քաղաքակրթության անբաժանելի մասը: Ըստ «Աշխարհացույց»-ի՝ Արցախ նահանգն
ուներ 12 գավառ, իսկ տարածքը կազմում էր 11.5 հազար քկմ:
Ժողովրդական ստուգաբանության համաձայն, «Արցախ» անվանման
արմատ է դիտվում արձ/արձն-ը որը նշանակում է քար, ժայռ: Աղձ/արձ արմատն ընկած է նաև
պատմական Հայաստանի մի շարք տեղանունների հիմքում և նշանակում է ժայռոտ, լեռնային,
քարքարոտ միջավայր ունեցող կամ այդպիսի տարածքում գտնվող:
Արցախ անունը կապվում է նաև սար և ցախ բարդության հետ՝ լեռնային
ու անտառային նշանակություններով: Այդ անվան մեջ ծագումնաբանորեն առկա են արեգակի և
լուսնի պաշտամունքը խորհրդանշող բառեր կամ բառարմատներ: Ար-ը խորհրդանշում է արեգակը:
Ցախ-ը (նախանվանումը դրափոխությամբ՝ խաց) կաս արմատի տարբերակներից մեկն է, որը վերաբերում
է լուսնին՝ ունենալով նաև սուրբ, պաշտամունք նշանակությունը: Այսպիսով, Արցախն ունի
լեռնային սրբացված տարածք իմաստը:
«Ղարաբաղ» հասկացությունը
Պատմական Ղարաբաղն ավելի լայն հասկացություն է, քան Արցախը
Այն ներառում է պատմական Հայաստանի Արցախ և Ուտիք նահանգների մեծ մասը, Սյունիք նահանգի
զգալի հատվածը, Փայտակարան նահանգի որոշ հատվածներ: Պատմական Ղարաբաղի ընդհանուր տարածքը
կազմում է շուրջ 27 հազաև քկմ:
Ըստ տարածված վարկածի՝ Ղարաբաղ բառը բաղկացած է ղարա՝ սև
և բաղ՝ այգի արմատներից: Սակայն լեզվաբանական ուսումնասիրությունները թույլ են տալիս
նաև եզրակացնել հետևյալը. կարա արմատը հին հայկական ծագում ունի, նշանակում է՝ գերագույն:
Այս բառարմատը հայոց լեզվում պահպանվել է, մասնավորապես, կարապետ բառի մեջ, որը նշանակում
է գերագույն, առաջնորդ: Իսկ բագ-ը հին հայկական հնդեվրոպական բառ է, որը նշանակում
է Աստված, պաշտամունք և այլն:
Ղարաբաղը բաղկացած է լեռնային և դաշտային հատվածներից: Ընդհանրացնելով՝
կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը պատմական Ղարաբաղի լեռնային մասն է, դաշտայինը՝
տափաստանային: Սահմանը նրանց միջև պայմանականորեն կարելի է տանել Նավթալան-Թարթառ-Տիգրանակերտ-Մարտունի-Հորադիզ-Մերձարաքսյան
որոշ հատվածներ գծով, որից արևելք Դաշտային Ղարաբաղն է, իսկ արևմուտք՝ Լեռնայինը: Պատմական
Ղարաբաղի դաշտային և լեռնային հատվածների տարածքները գրեթե հավասար են:
13-րդ դարից հետո Ղարաբաղի ազգային-կրոնական պատկերը սկսեց
կտրուկ փոխվել: Թյուրքական քոչվոր ցեղերին աստիճանաբար հաջողվեց իրենց տիրապետությունը
հաստատել Դաշտային Ղարաբաղում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում շարունակում էր գերակշռել
հայ ազգաբնակչությունը: Այստեղ պահպանվեցին նաև հայկական տարբեր պետական կազմավորումներ,
մասնավորապես՝ մելիքություններ:
Հյուսիսային Արցախ
Հյուսիսային Արցախը պատմաքաղաքական հասկացություն է, որն
իր մեջ ներառում է Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների այն հատվածները, որոնք Ղարաբաղի
աշխարհագրական և քաղաքական տարածքի մաս չեն կազմել: 10-11-րդ դարերում այստեղ գոյություն
է ունեցել հայկական Փառիսոսի թագավորությունը: Այս տարածքը ժամանակին կոչվել է նաև
Գարդմանք:
Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Հյուսիսային Արցախի մեծ
մասը ներառվեց Ելիզավետպոլ նահանգի համանուն գավառում և նույն նահանգի Ղազախ գավառում:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրամասը միացվեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը
և տրոհվեց վարչական մի քանի շրջանների՝ Գետաբեկ, Դաշքեսան, Թոուզ, Խանլար, Կասում-Իսմայիլով,
Ղազախ, Շամխոր:
Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը, որոնք պատմական
Ղարաբաղի մաս էին կազմում, Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո սկսեցին դիտարկվել
որպես Հյուսիսային Արցախի մաս:
Հյուսիսային Արցախի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 12 հազար
քկմ:
Արցախյան պետականությունը և նրա տեղն ու
դերը հայկական պետականության պատմության մեջ
Արցախը միշտ եղել է հայոց բոլոր պետությունների անբաժան մասը՝
Արատտա (մ.թ.ա.29-16-րդ դարեր), Հայասա (մ.թ.ա. 16-13-րդ դարեր), Վանի թագավորություն/Ուրարտու
(մ.թ.ա 860-590թթ.), Երվանդունիների թագավորություն (մ.թ.ա. 570-201թթ.), Արտաշեսյան
թագավորություն (մ.թ.ա. 189-1թթ.), Արշակունիների թագավորություն (66-428թթ.), Բագրատունիների
թագավորություն (885-1045թթ.), Զաքարյանների պետություն (1200-1360թթ.):
Արցախը Հայաստանի այն եզակի հատվածներից է, որին հաջողվում
էր պահպանել փաստացի ինքնիշխանությունն և ինքնավարությունը, նույնիսկ այն դեպքերում,
երբ Հայաստանը կորցնում էր իր անկախությունը: Հայաստանի անկախության վերականգնումից
հետո Արցախը միանում էր հայկական պետությանը:
Փաստացի անկախ պետականություն Արցախում գոյություն է ունեցել
տարբեր ժամանակահատվածներում, մասնավորապես՝ 5-6-րդ, 10-12-րդ և 16-19-րդ դարերում:
Արցախյան ամենահայտնի պետական կազմավորումներից էին Փառիսոսի
թագավորությունը (10-11-րդ դարեր), Խաչենի իշխանությունը (9-17-րդ դարեր), Քթիշի իշխանությունը
(9-10-րդ դարեր), Ծարի իշխանությունը (15-17-րդ դարեր), Դիզակի իշխանությունը (16-րդ
դար), Քշթաղի մելիքությունը (15-17-րդ դարեր), Խամսայի մելիքությունը (17-18-րդ դարեր),
Ղարաբաղի խանությունը (18-19-րդ դարեր):
Արցախահայությունը նաև մեծ դերակատարություն է ունեցել Կիլիկյան
Հայաստանի կայացման և զարգացման գործում: Կիլիկիան Հայաստանի երկրորդ թագավորական հարստությունը՝
Հեթումյանները, հյուսիս-արցախյան իշխանական տոհմից էին: Նրանց հետ Կիլիկիայում է հանգրվանել
արցախահայության մի ստվար հատված:
Խաչենի և Առանի իշխան, Արցախի թագավոր Հասան Ջալալը և Կիլիկյան
Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն ծավալեցին մեծ դիվանագիտական և պետականակերտ գործունեություն:
Հասան Ջալալի բազմաշերտ քաղաքականության, Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում այցելությունների
և Մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից
փրկվեց ոչ միայն Արցախը, այլև ողջ Արևելյան Հայաստանը և Արևմտյան Հայաստանի մի մասը:
Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին թշնամիների դեմ պայքարում:
Ի դեպ, հենց Հասան-Ջալալի աջակցությամբ մոնղոլների հետ բանակցություններ
սկսեց նաև Հեթում Ա-ն, ինչի շնորհիվ հաջողվեց մոնղոլական արշավանքներից փրկել նաև Կիլիկիան
և Արևմտյան Հայաստանի մյուս մասերը: Այս ականավոր դիվանագետների և պետական այրերի շնորհիվ
Արցախն ու Հայաստանը գոյություն ունեն մինչ օրս:
Արցախի քաղաքական-հասարակական կյանքում առանձնահատուկ դեր
է ունեցել Գանձասարը, որտեղ մշակվել և կյանքի են կոչվել աշխարհաքաղաքական տարբեր նախաձեռնություններ,
ինչպես նաև որդեգրվել է 17-18-րդ դարերի ազգային-ազատագրական պայքարի արտաքին քաղաքական
կողմնորոշումը: Հենց այստեղից են Արցախի մելիքներն ու հոգևոր դասն առաջին անգամ պաշտոնապես
նամակով դիմել Ռուսաստանին՝ օգնություն հայցելու նպատակով (1670-1671թթ.):
Ղարաբաղի խանություն (1747-1822թթ.)
Արցախյան պետականության պատմության մեջ իր տեղն ունի նաև
Ղարաբաղի խանությունը: Այն ներառել է Արևելյան Անդրկովկասի մի պատկառելի հատված և զբաղեցրել
մոտ 27 հազար քկմ տարածք:
Թեպետ, ներկայիս Ադրբեջանի իշխանությունը փորձում է Ղարաբաղի
խանությունը ներկայացնել որպես ոչ հայկական պետական կազմավորում, այդ միավորումն իրականում
ստեղծվել է Արցախի հասարակական-քաղաքական և կրոնական վերնախավի կողմից՝ աշխարհաքաղաքական
նպատակներով: Այդ համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Ղարաբաղի խանի իշխանությունը կրում
էր նոմինալ բնույթ. որոշում կայացնելու իրական լծակները գտնվում էին հայ մելիքների
ձեռքում: Շուշին մայրաքաղաք դարձնելու որոշումը ևս հայոց ավագանին էր կայացրել: Խանը
և նրա ընտանիքի անդամները Շուշիում նույնիսկ հուղարկավորվելու իրավունք չունեին:
Այսպիսով, Ղարաբաղի խանության ստեղծման նպատակն էր՝ այն հետագայում
դարձնել վերածնված հայոց պետականության հիմք, իսկ Շուշին՝ պետության մայրաքաղաք կամ
կարևորագույն կենտրոններից մեկը: Այդ գաղափարը արտացոլված էր անգամ մայրաքաղաք Շուշիի
կառուցման փիլիսոփայության մեջ:
Պատմական Հայաստանի տարբեր վայրերից Շուշի տեղափոխվեցին մարդիկ,
ձևավորվեցին համապատասխան թաղամասեր՝ հաշվի առնելով վերաբնակիչների թե՛ աշխարհագրական,
թե՛ մասնագիտական առանձնահատկությունները:
Այսպես՝ Ղազանչի թաղամասը բնակեցվեց Վասպուրական նահանգի
Ղազանչի գյուղաքաղաքի բնակիչներով, որոնք մեծամասամբ արհեստավորներ էին, Ագուլեցոց
թաղամասը՝ Վասպուրական նահանգի Ագուլիս քաղաքից եկած բնակիչներով, որոնք արհեստավարժ
վաճառականներ էին, Մեղրեցոց թաղամասը՝ Սյունիքի Մեղրի գյուղաքաղաքի բնակիչներով, որոնց
մեծամասնությունը մասնագիտացված էր գյուղատնտեսության մեջ և Ղարաբաղցոց թաղամասը՝ արցախցիներով,
որոնք ռազմական ոլորտի գիտակներ էին: Բոլոր այդ թաղամասերում գոյություն ունեին համապատասխան
վանքեր և տաճարներ (Ղազանչեցոց՝ Քրիստոս Ամենափրկիչ, Ագուլեցոց՝ սուրբ Մարիամ Աստվածածին,
Մեղրեցոց՝ սուրբ Մարիամ Աստվածածին և Ղարաբաղցոց՝ Հովհաննես Մկրտիչ):
Մայրաքաղաքում կար նաև մահմեդական թաղամաս, իսկ ռուսական
կայսրության մաս կազմելուց հետո՝ այնտեղ բնակություն հաստատեցին նաև ռուսներ:
Այս նախագիծը կարելի է դասել հայոց և համաշխարհային պատմության
բացառիկ աշխարհաքաղաքական նախաձեռնությունների շարքին:
Ղարաբաղը ռուսական կայսրության կազմում
(1813-1918թթ.)
19-րդ դարի սկզբից սկսվեց Անդրկովկասի միավորումը Ռուսաստանին:
1813թ. Ղարաբաղի Գյուլիստան բնակավայրում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց համանուն
պայմանագիր, որի համաձայն՝ Պարսկաստանը Ռուսաստանին զիջեց Դաղստանը, Վրաստանը, Աբխազիան,
Արևելյան Հայաստանի մի մասը և Արևելյան Անդրկովկասը: 1828թ. կնքվեց ռուս-պարսկական
Թուրքմենչայի պայմանագիրը, որը վերահաստատեց Գյուլիստանի պայմանագրի դրույթները և Ռուսաստանի
մաս ճանաչեց Պարսկական կայսրության Երևանի և Նախիջևանի նահանգները:
Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու սկզբնական փուլում
Ղարաբաղը պահպանեց իր վարչատարածքային սուբյեկտայնությունը և ուներ նահանգի, այնուհետև՝
գավառի կարգավիճակ, որի տարածքը համընկնում էր Ղարաբաղի խանության տարածքի հետ:
1848թ. Ղարաբաղ գավառը վերանվանվեց Շուշիի, որը հետագայում
բաժանվեց 4 գավառների՝ Շուշի, Ջևանշիր, Կարյագինո և Գորիս, ընդ որում՝ Գորիս գավառը
լրիվությամբ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, իսկ Շուշի, Կարյագինո և Ջևանշիր
գավառները զբաղեցնում էին տարածքներ և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Դաշտային Ղարաբաղում:
Վերոհիշյալ գավառները մաս էին կազմում Ելիզավետպոլ նահանգի, որի մեջ մտնում էր նաև
Հյուսիսային Արցախը:
Վարչատարածքային փոփոխությունների արդյունքում Ղարաբաղի որոշ
տարածքներ մտցվեցին այլ վարչատարածքային միավորների մեջ: Այսպես՝ պատմական Գյուլիստան
մելիքության հյուսիսային հատվածը (ժամանակակից Գետաշեն, Շահումյան) տրվեց Ելիզավետպոլ
գավառին, Դաշտային Ղարաբաղի մի հատվածը միավորվեց Բաքվի նահանգի հետ: Այսպիսով՝ պատմական
Ղարաբաղի գերակշիռ մասը և Հյուսիսային Արցախն ամբողջությամբ հայտնվեցին Ելիզավետպոլ
նահանգի կազմում, իսկ Ղարաբաղի մի փոքր հատվածը՝ Բաքվի նահանգի:
Այնուամենայնիվ, Շուշին պահպանեց իր կարգավիճակը որպես Ղարաբաղի
ընդհանուր կենտրոն, ավելին՝ այն դարձավ հայկական մշակութային, քաղաքական և տնտեսական
կարևորագույն կենտրոններից մեկը: Արցախցիները շարունակեցին ակտիվ դերակատարություն
ունենալ հայ ժողովրդի կյանքում՝ մասնակցելով և առաջնորդելով հայ ժողովրդի ազգային-ազատագրական
պայքարն Արևմտյան և Արևելյան Հայաստանում:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1917թ. դեկտեմբերի սկզբին
Ղարաբաղում ստեղծվեցին ինքնակառավարման մարմիններ, որոնք փաստացի իշխանություն էին
հանդիսանում Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքում: Այսպես կրկին վերականգնվեց ինքնիշխան
Լեռնային Ղարաբաղի պետությունը, որն իր փաստացի ինքնիշխանությունը պահպանեց մինչև
1921թ.:
1918թ. մայիսի վերջին թուրքական աշխարհաքաղաքական ծրագրերի
իրականացման արդյունքում արևելյան Անդրկովկասում առաջին անգամ ստեղծվեց Ադրբեջան պետությունը,
որը, Թուրքիայի հետ ընդհանուր սահման ունենալու նպատակով, սկսեց հավակնել տարբեր տարածքների,
այդ թվում՝ Արցախին: Բայց ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ նույնիսկ Ազգերի լիգան
չընդունեցին այդ հավակնություններն ու դրանց օրինականությունը: Արհեստական Ադրբեջան
պետության ստեղծումն Արցախի համար ճակատագրական փոփոխությունների պատճառ դարձավ և բացասական
ազդեցություն ունեցավ հետագա պատմության ընթացքի վրա:
1920թ. սկսվեց Անդրկովկասի խորհրդայնացումը: 1921թ. բոլշևիկներն
իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար Արցախը բռնակցեցին Ադրբեջանական խորհրդային
հանրապետությանը: Սակայն, նույնիսկ բոլշևիկները չկարողացան հաշվի չառնել Արցախի և նրա
պետականության պատմությունը և Արցախին տրամադրեցին ինքնավար մարզի կարգավիճակ: Արցախի
ժողովրդի համար այդ որոշումն անընդունելի էր, և արցախահայությունը միշտ ձգտում էր վերականգնել
պատմական արդարությունը:
Ադրբեջանական պետությունը և նրա ձևավորման
առանձնահատկությունները
Պատմական Ադրբեջան (Ատրպատական)
Պատմական Ադրբեջանը ձևավորվել է որպես քաղաքական միավոր,
բայց ժամանակի ընթացքում դարձել նաև աշխարհագրական հասկացություն:
Ադրբեջան միավորն առաջացել է մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր
Մակեդոնացու արշավանքների հետևանքով Աքեմենյան Պարսկաստանի աշխարհակալության կործանման
արդյունքում, պատմական Մարաստանի (Մեդիա) հյուսիսային հատվածում: Ատրպատ անունով գործչի
կողմից ստեղծված պետությունը կոչվեց Ատրոպոտենա, Ատրպատական, պարսկերեն և արաբերեն
թարգմանությամբ՝ Ադրբեդական, Ադրբեջան: Ատրպատը եղել է Աքեմենյան պետության ազգությամբ
իրանցի բարձրաստիճան պաշտոնյա, ըստ որոշ գիտնականների՝ Մարաստանի նահանգապետ: Ատրպատի
կողմից հիմնադրված Ատրպատականն Աքեմենյան կայսրության կործանումից հետո փաստորեն իրանական
միակ պետական կազմավորումն էր:
Ատրպատականը համարվում էր զրադաշտության բնօրրան և Զրադաշտի
ծննդավայր:
Արշակունյաց Պարսկաստանի (Պարթևստան) ժամանակաշրջանում Ատրպատականում
էր գտնվում պետության երկրորդ գլխավոր կրոնական սրբավայրը, իսկ Սասանյան Պարսկաստանի
ժամանակ՝ այն դարձավ առաջին գլխավոր կենտրոն:
Արաբական տիրապետության ժամանակ Ատրպատականը Իրանի անկախության
և ազգային զրադաշտական կրոնի համար մղվող պայքարի միջուկն էր: Այս պայքարի ամենահայտնի
դրվագներից է Բաբեկի ապստամբությունը (816-837թթ.):
Արաբական արշավանքներից ի վեր Ատրպատականը եղել է Իրանում
գոյություն ունեցած գրեթե բոլոր պետական կազմավորումների քաղաքական, մշակութային և
հոգևոր կենտրոնը: Դա է պատճառը, որ Իրանը նվաճելու նպատակ ունեցող բոլոր ուժերի համար
կարևորագույն հրամայականներից մեկը հենց Ատրպատականի/Ադրբեջանի գրավումն է:
Ժամանակի ընթացքում Ատրպատականը/Ադրբեջանն աշխարհագրորեն
ընդլայնվեց և ներառեց պատմական Հայաստանի Վասպուրական, Նոր Շիրական, Փայտակարան նահանգների
որոշ հատվածներ (Ուրմիո լճի ավազանն ամբողջովին)՝ հյուսիսում Արաքս գետը դարձնելով
իր աշխարհագրական և վարչական սահմանագիծը:
Մինչև 1950թ. Ադրբեջանական նահանգն Իրանում կազմում էր մեկ
ընդհանուր միավոր, որի վարչական կենտրոնը Թավրիզ քաղաքն էր: Դրանից հետո Իրանում տեղի
ունեցան մի շարք վարչատարածքային փոփոխություններ:
Ներկա դրությամբ պատմական Ադրբեջանում գոյություն ունեն Արևելյան
ու Արևմտյան Ադրբեջաններ և Արդեբիլ նահանգը: Արևմտյան Ադրբեջանի տարածքը կազմում է
մոտ 37.4 հազար քառ կմ, վարչական կենտրոնը Ուրմիան է: Արևելյան Ադրբեջանը զբաղեցնում
է 45.6 հազար քառ. կմ տարածք, վարչական կենտրոնը Թավրիզն է: Արդեբիլ նահանգի տարածքը
17.9 հազար քառ. կմ է, վարչական կենտրոնն Արդեբիլ քաղաքն է:
Անդրկովկասյան Ադրբեջան
1918թ. մայիսի 27-ին Արևելյան Անդրկովկասում հռչակվեց Ադրբեջանի
Հանրապետությունը: Այս կազմավորման ձևավորումը և ընտրված անվանումը, բնականաբար, որևէ
պատմական, աշխարհագրական առնչություն չունեին պատմական Ադրբեջանի հետ: Արևելյան Անդրկովկասը
ընդգրկում է պատմական Հայաստանի և Աղվանքի տարածքները, որոնց սահմանը Քուր գետն է:
Հետագայում այստեղ ձևավորվեցին նաև այլ պետական կազմավորումներ, որոնցից մեկի՝ բավականին
երկար ժամանակ Արևելյան Անդրկովկասի Քուրի ձախափնյա շրջանը կոչվել է Շիրվան:
Մինչև 1918թ. որևէ փաստաթղթում և աղբյուրում Անդրկովկասի
տարածքում Ադրբեջան միավորի առկայություն չի հիշատակվում: «Ադրբեջան» անվանման ընտրությունը
զուտ աշխարհաքաղաքական էր և հանդիսանում էր Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերի կարևոր
մասը: Նպատակներից մեկը Անդրկովկասը և Բաքվի նավթը զավթելն էր (1917թ. դրությամբ Բաքվի
նավթը կազմում էր ռուսական կայսրության նավթարդյունահանման 98%-ը, Բաքուն աշխարհի առաջատար
նավթային շրջաններից մեկն էր): Մյուս գերնպատակն էր՝ կլանել պատմական Ադրբեջանը և գրավել
Իրանը:
Այսպիսով՝ Արևելյան Անդրկովկասում հռչակված Ադրբեջանական
ժողովրդավարական հանրապետությունը համընկնում էր բազմաթիվ ընդարձակ տարածքների: Սկզբնական
փուլում Ադրբեջանը վերահսկում էր Գանձակը՝ իր մերձակայքով: Միայն թուրքական բանակի
ներխուժման և առաջխաղացման արդյունքում 1918թ. սեպտեմբերի վերջին գրավվեց Բաքուն: Սահմանների
անորոշության մասին փաստել է նաև Ազգերի լիգան, որը նաև այս հանգամանքն է հիմք ընդունել,
երբ մերժել է Ադրբեջանի անդամակցությունը:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Արևելյան Անդրկովկասում
հաստատվեց Մեծ Բրիտանիան, որը փաստացի վերահսկում էր Բաքվի նավթը և ընդարձակ այլ տարածքներ,
տեղակայելով այնտեղ իր զորքերը:
1920թ. ապրիլի 28-ին տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդայնացում,
և Ադրբեջանը վերափոխվեց Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության (ԱԽՍՀ):
Այստեղ պետք է նշել, որ մինչև Ադրբեջանի խորհրդայնացումը տեղի բոլշևիկները նպատակ ունեին
ուղղակի միանալ Խորհրդային Ռուսաստանին որպես Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներ: Նրանց
համար «Ադրբեջան» անվանումը խորթ էր, և դրա ներմուծումը դիտարկվում էր որպես իմպերիալիստական
նպատակներ հետապնդող նախաձեռնություն: Այդ կարծիքին էր նաև խորհրդային պետության բարձրագույն
ղեկավարությունը: Սակայն, Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանի ճանաչումը և առկա իրողություններն
ի վերջո հանգեցրին Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ստեղծման: Այս
գործընթացում առանցքային դեր խաղաց հայտնի հեղափոխական և խորհրդային պետության ականավոր
պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը: Նա համոզեց խորհրդային պետության բարձրագույն
ղեկավարությանը (Օրջոնիկիձե, Ստալին, Լենին), որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Խորհրդային
Ադրբեջանի ստեղծումը բխում է խորհրդային պետության և համաշխարհային հեղափոխության շահերից:
Մինչև 1924թ. ԱԽՍՀ-ն միակ միութենական հանրապետությունն էր,
որտեղ գերակշռում էր մահմեդական բնակչությունը: Կենտրոնական Ասիայի հանրապետություններն
այդ ժամանակ ունեին ինքնավարությունների կարգավիճակ՝ Ռուսաստանի կազմում: Խորհրդային
Ադրբեջանի առկայությունը դիտարկվում էր որպես կարևոր գործիք Արևելքում և գաղութներում
հակաիմպերիալիստական և ազգային ինքնորոշման շարժումներ հրահրելու նպատակով, որի համատեքստում
մահմեդական աշխարհում Խորհրդային Ադրբեջանը ներկայացվում էր որպես մոդեռնիզացման, ազատության
և ազգերի ինքնորոշման ու հավասարության վառ օրինակ:
Բացի դրանից, Բաքուն Խորհրդային Միության նավթարդյունաբերության
ամենախոշոր կենտրոնն էր: Բաքվում գործում էին Արևելքում հեղափոխական շարժումներ հրահրելու
և կառավարելու համար ստեղծված կառույցներ, որտեղ աճեցվում էին պրոֆեսիոնալ հեղափոխականներ:
Այս գործոնները մեծապես նպաստեցին Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշռի մեծացմանը, ինչը վերջինիս կողմից հմտորեն օգտագործվեց, մասնավորապես՝ իր կազմի մեջ բազմաթիվ, այդ թվում նաև հայկական տարածքներ մտցնելու նպատակով:
Ադրբեջանցիներ
Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը գլոբալ և տարածաշրջանային
աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է:
Որպես առանձին ժողովուրդ և ազգ բնորոշող եզրույթ «ադրբեջանցիներ»
բառն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1936թ.: Այս ժողովրդի ձևավորումն ավելի
լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ Իրանի վերջին հարյուրամյակների
պատմությանը:
Մինչև Անդրկովկասի միացումը Ռուսական կայսրությանը, Իրանի
թյուրքական զանգվածը որպես առանձին ազգ, ժողովուրդ ձևավորված չէր: Սակայն, այն առանցքային
դերակատարություն ուներ Իրանի հասարակական-քաղաքական կյանքում: Հենց թյուրքական և պարսկական
տարրերն են 1501թ. համատեղ վերականգնել իրանական պետականությունը՝ ձևավորելով Սեֆյանների
կայսրությունը: Այդ ժամանակից ի վեր Իրանը կարելի է դիտարկել պարսկա-թյուրքական պետական
կազմավորում: Թյուրքական զանգվածը, բաղկացած լինելով տարբեր ցեղերից, իրեն նույնականացնում
էր շիա մահմեդականների կամ պարզապես իրանցիների հետ:
Ռուսաստանին Անդրկովկասի միացումից հետո տարածաշրջանում լուրջ
էթնոաշխարհաքաղաքական փոփոխությունների անհրաժեշտություն ծագեց: Անդրկովկասի մահմեդականները,
շարունակելով Իրանի քաղաքական-կրոնական ավանդույթները, իրենց անվանում էին կամ մահմեդականներ,
կամ պարսկաստանցիներ: Նման իրողությունը վտանգներ էր պարունակում, քանի որ պարսկական
ինքնագիտակցություն ունեցող զանգվածը կարող էր ժամանակի ընթացքում ձգտել Պարսկաստանի
հետ վերամիավորման: Մյուս կողմից՝ մահմեդական զանգվածի գրեթե կեսը թյուրքախոս էր: Նրանց
թուրք կոչելը նույնպես վտանգավոր էր, քանի որ տվյալ դեպքում վերջիններիս մոտ կարող
էր առաջանալ թուրքական կողմնորոշում: Հետևաբար, աշխարհաքաղաքական տեսանկյունից ավելի
նպատակահարմար էր մահմեդական զանգվածը բաժանել ըստ ազգային պատկանելության: Որոշվեց
թյուրքական զանգվածին անվանել կովկասյան թաթարներ: Հաշվի առնելով, որ Ռուսական կայսրությունում
կային տարբեր թաթարական ազգություններ (Ղրիմի, Աստրախանի, Սիբիրի, Վոլգայի), որոնք
իրարից տարբերվում էին և ընդհանուր էթնիկ սահմաններ չունեին, կովկասյան թաթարների ստեղծումն
աշխարհաքաղաքական առումով ավելի քիչ վտանգ էր պարունակում:
Ինչ վերաբերում է լեզվին, ապա առաջին անգամ թյուրքական լեզվի
«ադրբեջանական բարբառ» հասկացությունը կիրառել է ռուս մտավորական, դեկաբրիստ Ալեքսանդր
Բեստուժև-Մառլինսկին 1837թ.՝ որպես այդ բարբառի բնօրրան մատնանշելով Ատրպատականը: Սակայն,
այս մոտեցումը մնաց լոկ տեսական-գիտական, և նոր ժողովրդի լեզուն կոչվեց կովկասյան թաթարական
լեզու: Այսպիսով, կովկասյան թյուրքական զանգվածի՝ որպես առանձին ժողովրդի ձևավորման
հիմքը դրվեց 19-րդ դարի կեսերին: Այնուամենայնիվ, կովկասյան թաթարների՝ որպես առանձին
ազգի ձևավորումն ամբողջությամբ ավարտին չհասցվեց:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո «կովկասյան թաթարներ»
անվանումը փոխարինվեց «թյուրքեր» անվանմամբ: Նման փոփոխության պատճառն այն էր, որ հեղափոխականները
ցանկանում էին հրաժարվել ցարական անցյալից, և դա դիտարկվում էր որպես քայլ պանթյուրքիզմի
դեմ պայքարում: ԽՍՀՄ բոլոր թյուրքական ժողովուրդները ներկայացվում էին որպես մեկ միասնական
զանգված, որն արդեն իսկ իրականացրել է համատեղ ապրելու իր իղձը, բայց ոչ թե իմպերիալիստական
պանթյուրքիստական կայսրությունում, այլ՝ բանվորագյուղացիական ազատ երկրում:
Մինչև 1936 թվականն Ադրբեջանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն
էր, որի անունն ածանցյալ չէր ժողովրդից: Սակայն, 1933թ. Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի
իշխանության գալուց հետո ակնհայտ դարձավ, որ երկրորդ աշխարհամարտն անխուսափելի է, և
ինչպես 1918թ., Թուրքիան կարող է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Այստեղ
ամենամեծ վտանգներից մեկն այն էր, որ ադրբեջանական ԽՍՀ թյուրքերի մոտ կարող էր Թուրքիայի
հետ միանալու ձգտում առաջանալ, ինչը ազգային ինքնագիտակցության տեսանկյունից տրամաբանական
կլիներ:
Այդ իսկ պատճառով 1936թ. որոշում կայացվեց միաձուլել թյուրքական,
իրանական և կովկասյան (դաղստանյան) տարբեր էթնիկ տարրեր և ձևավորել նոր ժողովուրդ՝
որպես հիմք ընդունելով Ադրբեջան վարչատարածքային միավորի անվանումը: Այսպես ստեղծվեց
ադրբեջանական ժողովուրդը, սակայն այդ գործընթացը նույնպես դեռ չի ավարտվել: Առնվազն
երեք ժողովուրդներ՝ իրանալեզու թալիշները (մոտ 800 հազար), կովկասյան լեզգիները
(300 հազար) ու ավարցիները (150 հազար) չեն ձուլվել ադրբեջանական ժողովրդին և պահպանել
են իրենց ինքնությունը:
Հենց ադրբեջանական ժողովրդի ձևավորման գործընթացի անավարտ
լինելն է անչափ բարդացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, քանի
որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն անմիջապես կարող է բերել այդ ժողովուրդների
ազգային-ազատագրական պայքարի բռնկման:
Իրավիճակն էլ ավելի էր բարդանում՝ հաշվի առնելով, որ ազգային
փոքրամասնություններ ապրում են նաև հարևան երկրներում. թալիշները՝ Իրանում, լեզգիներն
ու ավարցիները՝ ՌԴ Դաղստանի Հանրապետությունում: Նման նախադեպեր եղել են: Օրինակ,
1919թ. և 1993թ. թալիշները հռչակել են իրենց պետականությունը, 1991թ. լեզգիները հռչակել
են Լեզգիստանի Միացյալ Հանրապետության ստեղծումը՝ Ադրբեջանի և Դաղստանի լեզգիաբնակ
տարածքների միավորմամբ:
Հարկ է նշել, որ Իրանում բնակվող թյուրքալեզու զանգվածի մոտ գրեթե բացակայում է ադրբեջանական ազգային ինքնագիտակցությունը, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը 1990-ական թթ. վերջին ԱՄՆ-ում Պարսկաստանի թյուրքալեզու համայնքը ներկայացնող գործիչների հետ հանդիպումից հետո:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագումը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918 թվականին,
երբ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ արևելյան Անդրկովկասում ստեղծվել է Ադրբեջան
անվանմամբ արհեստական պետությունը: Ադրբեջան անվանումը երբեք չի տարածվել Անդրկովկասի
որևէ հատվածի վրա:
Թուրքիայի համար այս պետության ստեղծումը մի շարք աշխարհաքաղաքական
շարժառիթներ ուներ.
· հավակնություններ
Բաքվի նավթի նկատմամբ
· Անդրկովկասի
միջոցով ներթափանցում Հյուսիսային Կովկաս, Վոլգայի շրջան, Կենտրոնական Ասիա և արդյունքում՝
թյուրքական ցեղերի կողմից բնակեցված ընդարձակ տարածքների բռնակցում Թուրքիային
· Թուրքիայի
հովանու ներքո պանիսլամական սունիական պետության ստեղծում, որի իրագործման հիմնական
խոչընդոտն Իրանն էր, քանի որ վերջինս շիա մահմեդական երկիր էր, որը բաժանում էր Մերձավոր
Արևելքի և Թուրքիայի սունի զանգվածը Կենտրոնական Ասիայի և հնդկա-պակիստանյան սունի
զանգվածից:
Իրանը ոչնչացնելու համար առանցքային էր պատմական Ատրպատական
կամ Ադրբեջան նահանգը, որը դարեր շարունակ հանդիսանում էր Իրանի հոգևոր-մշակութային
և քաղաքական կենտրոնը: Անդրկովկասում ստեղծելով Ադրբեջան միավորը՝ Թուրքիան ձգտում
էր «լեգիտիմացնել» և քողարկել իր աշխարհաքաղաքական նպատակները: Եթե գոյություն ունեին
երկու Ադրբեջաններ, տրամաբանական էր, որ նրանք պետք է միավորվեին, և այդպիսով բուն
իրանական Ադրբեջանի բռնազավթումը կներկայացվեր որպես բնական, պատմական, ազգային շարժում:
Բացի այդ, անհրաժեշտ էր նաև հուսալի և հնարավորինս ընդարձակ
ցամաքային կապ ապահովել նորաստեղծ Ադրբեջանի և Թուրքիայի միջև:
Բնական է, որ նորաստեղծ Ադրբեջան պետությունը սկսեց հավակնություններ
ներկայացնել տարբեր ժողովուրդների բնօրրանը հանդիսացող տարածքների նկատմամբ, որպեսզի
և՛ ընդլայնի իր տարածքը, և՛ ցամաքային սահման ունենա Թուրքիայի հետ: Այդ տարածքների
թվում էր նաև Արցախը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. իրավական, քաղաքական և մարդասիրական հարթություններ
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տերմինաբանություն
Հակամարտության ճիշտ և հայամետ անվանումն է ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտություն, ինչը ցույց է տալիս, որ այն Ադրբեջանի և Արցախի միջև է, և սանձազերծվել
է հենց Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանում օգտագործվում է այլ տերմինաբանություն՝ հայ-ադրբեջանական
հակամարտություն կամ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտություն:
Ադրբեջանական տերմինաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը
հայկական կողմին է մեղադրում հակամարտության սանձազերծման մեջ, և որ հակամարտությունը
չի սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ ավելի լայն է, և հանդիսանում է պայքար հայ
և ադրբեջանցի ժողովուրդների միջև: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է նաև օրինականացնել
իր տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության (Երևան, Սյունիք, Սևանա լճի ավազան
և այլն) նկատմամբ:
Հակամարտության ժամանակագրությունը
Հակամարտությունը ծագեց 1918թ., երբ Ադրբեջանը, գլխավորապես
Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով, տարածքային պահանջներ ներկայացրեց
բոլոր հարևանների նկատմամբ՝ թիրախավորելով նաև Ղարաբաղը: Արցախն այդ պահանջները, բնականաբար,
չընդունեց, և այդպիսով ծագեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը:
1918-1920թթ. Արցախն ինքնակառավարվող պետական կազմավորում
էր, ուներ պետականության բոլոր հատկանիշները, այդ թվում՝ ինքնապաշտպանական ուժեր:
Այդ ողջ ընթացքում Արցախը ստիպված էր դիմակայել ադրբեջանա-թուրքական
զինված ագրեսիաներին և ճնշումներին, որի ամենածանր դրվագներից էր Շուշիի կոտորածը
(1920թ. մարտի 22-26-ը): Արցախը ենթարկվում էր նաև Մեծ Բրիտանիայի ճնշումներին, որն
իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով (հիմնականում Բաքվի նավթին տիրանալու և բոլշևիկյան
հեղափոխությունը դեպի իր գաղութներ և կախյալ տարածքներ թույլ չտալու նպատակով) փորձում
էր վերադասավորումներ իրականացնել Անդրկովկասում և Արցախը բռնակցել Ադրբեջանին:
1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային իշխանության
հաստատումից հետո Կարմիր բանակը խորհրդային կարգեր հաստատեց նաև Ղարաբաղում: Ռուսաստանը
Ղարաբաղը ճանաչեց վիճելի տարածք:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Խորհրդային
Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորին, բոլորին, բոլորին»
ուղերձով, որտեղ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական
կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու
և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչելու
մասին:
Ադրբեջանի 1920թ. նոյեմբերի 30-ի հռչակագիրը սկզբունքորեն
կարևոր կետ է ղարաբաղյան հիմնախնդրի պատմության մեջ: Երկու հանրապետությունների միջև
ստորագրվեց լիարժեք միջազգային համաձայնագիր՝ իրավասու պետական մարմինների կողմից կամավոր
պատրաստված հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսանկյունից տեղի ունեցավ կամավոր
զիջում (ցեսիա)՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) կողմից վիճելի տարածքի նկատմամբ
հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մեկ այլ պետության (տվյալ դեպքում՝ Հայաստանի):
Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն իրավաբանորեն մտնում էին հայկական պետության
կազմի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված էր:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի
1921թ. հուլիսի 4-ի լիագումար նիստի ընթացքում նույնպես հաստատվեց Լեռնային Ղարաբաղը
հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Պետք է նշել, որ այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղի
տարածքը գերազանցում էր հետագայում ձևավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը:
Սակայն, Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ
Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Որպես հիմնավորում նշվեց տնտեսական նպատակահարմարությունը:
Այս որոշումը նույնպես աշխարհաքաղաքական էր, դրա գերնպատակներից էր՝ օգտագործել Ադրբեջանական
խորհրդային հանրապետությունը, որն այդ ժամանակ միակ մահմեդական խորհրդային հանրապետությունն
էր, մահմեդական Արևելքում հեղափոխություններ ու հակագաղութային շարժումներ հրահրելու
և իմպերիալիստական գերտերությունների դիրքերը թուլացնելու համար:
1923թ. հուլիսի 7-ի հրամանագրով ձևավորվեց ԼՂԻՄ-ը, որի կազմի
մեջ մտավ պատմական Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի միայն մի մասը: ԼՂԻՄ-ի տարածքը կազմում
էր 4.4 հազար քկմ:
Արցախահայությունը չհամակերպվեց նման որոշման հետ, և ազգային-ազատագրական
պայքարը թևակոխեց այլ հարթություն: Պարբերաբար բարձրացվում էր Հայաստանի հետ վերամիավորման
հարցը. 1920-ական թթ., 1945թ., 1960-ական թթ. և վերջապես 1988թ. փետրվարին, երբ մեկնարկեց
արցախյան ազգային-ազատագրական պայքարի ամենամասշտաբային և երկարատև փուլը, որը շարունակվում
է առ այսօր:
1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության
լիազոր ներկայացուցիչների համագումարում ստեղծվեց ԼՂԻՄ Ազգային խորհուրդը: Մարզային
ինքնակառավարման ներկայացուցչական մարմինը կոչված էր ղեկավարելու մարզը՝ մինչև ժողովրդական
պատգամավորների մարզային խորհրդի և Կոմունիստական կուսակցության մարզկոմի գործունեության
վերականգնումը:
Ազգային խորհուրդն ունեցել է 80 անդամ, նախագահ և 2 տեղակալներ:
Ազգային խորհրդի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի
կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը: 1989թ. դեկտեմբերի 1-ին Ազգային
խորհրդի և Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհրդի համատեղ
նիստում որոշում ընդունվեց ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին: Ազգային խորհուրդը գործել
է մինչև ԼՂՀ հռչակումը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ը:
1988 թվականից ի վեր ազգային-ազատագրական պայքարն ընդհանուր
առմամբ ունեցել է 2 փուլ՝ Հայաստանի հետ վերամիավորման ժամանակահատված (1988-1991թթ.)
և անկախ պետության կերտման ժամանակաշրջան (1991թ. սեպտեմբերի 2-ից առ այսօր):
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի պատճառով Ադրբեջանն
իրականացրել է հայ ազգաբնակչության ջարդեր պատմական Արցախի մի շարք հատվածներում, կոտորածներ
և տեղահանություններ Խորհրդային Ադրբեջանի Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ քաղաքներում,
Հյուսիսային Արցախի հայաթափում, ինչպես նաև սանձազերծել է 3 լայնածավալ պատերազմներ՝
1991-1994թթ., 2016թ. և 2020թ.:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գոյության տարիները
(1923-1991թթ.) կարելի է համարել արցախյան պետականության ևս մի ժամանակահատված: ԼՂԻՄ-ը,
ժողովրդի կամքին հակառակ բռնակցված լինելով Ադրբեջանական խորհրդային հանրապետությանը,
այնուամենայնիվ, պահպանել է իր հայկականությունը: Ադրբեջանական ԽՍՀ-ն իրավունք չուներ
վերացնել ԼՂԻՄ-ի ինքնավար կարգավիճակը, ավելին՝ որոշ գործառույթներ գտնվում էին միութենական
կենտրոնի իրավասության ներքո:
ԼՂԻՄ-ի կարգավիճակն ամրագրված էր ԽՍՀՄ Սահմանադրության մեջ:
ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն՝ ԼՂԻՄ-ը դասվում էր այն ինքնավարությունների շարքին,
որոնց ինքնորոշման իրավունք էր վերապահվում: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը
հանդիսանում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում, ապա ինչպես նրա վերացումը,
այնպես էլ նրա կարգավիճակի և սահմանների փոփոխությունները հնարավոր էին միայն ժողովրդի
կամարտահայտությամբ: Ձևավորման սկզբնական շրջանում ԼՂԻՄ-ն ուներ իր սահմանադրությունը,
զինանշանը, որոնք սակայն հետագայում վերացվեցին՝ ԽՍՀՄ օրենսդրության մեջ փոփոխություն
կատարելու արդյունքում:
ԼՂԻՄ-ը Խորհրդային Միության միակ ինքնավար կազմավորումն էր,
որը 1989թ. փաստացի դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և անցավ միութենական
կենտրոնի ուղիղ կառավարման տակ, ինչի արդյունքում նրա կարգավիճակը փաստորեն նույնացվեց
միութենական հանրապետության կարգավիճակի հետ:
Կազմավորման սկզբնական շրջանում այն կոչվում էր Ինքնավար
Մարզ Լեռնային Ղարաբաղի, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի մեծ է,
իսկ ինքնավար մարզը նրա միայն մի մասն էր զբաղեցնում: Այնուհետև, Ադրբեջանի նպատակասլաց
ջանքերի արդյունքում մարզը վերանվանվեց ԼՂԻՄ-ի: Սրանով Ադրբեջանը փորձեց պատմական Լեռնային
Ղարաբաղը նույնականացնել ԼՂԻՄ-ի հետ, որը պատմական Լեռնային Ղարաբաղի միայն մի մասն
է ներառել իր սահմանների ներքո: Ադրբեջանը նաև խախտեց 1921թ. ձեռք բերված պայմանավորվածությունն
առ այն, որ Շուշին պետք է լիներ ԼՂԻՄ-ի մայրաքաղաք:
ԼՂԻՄ-ի գոյության ողջ ընթացքում Ադրբեջանը վարում էր խտրական
քաղաքականություն, որի նպատակն էր խոչընդոտել սոցիալ-տնտեսական զարգացումը և փոխել
մարզի ազգագրական պատկերը: Դա առավել պատկերավոր է երևում, եթե համեմատենք 1923թ. և
1989թ. մարդահամարների տվյալները. 1923թ. հայ ազգաբնակչությունը կազմում էր 98%, ադրբեջանականը՝
1.5%, իսկ արդեն 1989թ.՝ 75% և մոտ 25% համապատասխանաբար: 1999թ. մայիսի 12-ին հրապարակված
պաշտոնական մի շարք նյութերում արդեն անկախ Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ի ազգագրական
պատկերի այդ փոփոխությունները համարել են Հեյդար Ալիևի ամենամեծ ներդրումներից մեկը:
1991թ. Ադրբեջանի իշխանությունները լուծարեցին ԼՂԻՄ-ը՝ կոպտորեն
խախտելով Խորհրդային Միության սահմանադրությունը և գործող օրենքները: 1991թ. նոյեմբերի
6-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի
Ինքնավար Մարզի լուծարման մասին» օրենքը, որի համաձայն, այստեղ նոր վարչատարածքային
բաժանում մտցվեց և բոլոր բնակավայրերը ստացան ադրբեջանական անվանումներ: 1991թ. նոյեմբերի
28-ին ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն այս որոշումը համարեց անօրինական:
Միևնույն ժամանակ կոմիտեն ԼՂՀ հռչակումը հակասահմանադրական չճանաչեց՝ դրանով իսկ ընդունելով
ԼՂՀ կազմավորման լեգիտիմությունը:
ԼՂԻՄ-ը, վերամիավորվելով Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանների
հետ, 1991թ. սեպտեմբերի 2-ին էվոլյուցիոն կերպով դարձավ նորահռչակ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետություն (Արցախի Հանրապետություն): ԼՂՀ ձևավորումը լիովին համապատասխանում
էր միջազգային նորմերին և այն ժամանակ գործող խորհրդային օրենքներին, մասնավորապես՝
«ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին»
օրենքին, որն ընդունվել է 1990թ. ապրիլի 3-ին:
1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի
ժամանակ ընտրողների 98.89%-ը կողմ քվեարկեց ԼՂՀ անկախությանը: Ադրբեջանական ազգաբնակչությանը
տրամադրվել էին ադրբեջաներեն լեզվով համապատասխան քվեաթերթիկներ, սակայն նրանք բոյկոտեցին
հանրաքվեն, ինչը նույնպես կարող է դիտարկվել որպես մասնակցության մի ձև: Եթե նույնիսկ
դրանք մասնակցեին և դեմ քվեարկեին, ապա դա չէր փոխի հանրաքվեի արդյունքները՝ հաշվի
առնելով, որ ադրբեջանցիները կազմում էին ԼՂԻՄ-ի բնակչության 25%-ը, իսկ Շահումյանի
շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հետ միասին համամասնությունն էլ ավելի էր նվազել:
1991թ. դեկտեմբերի դրությամբ հայերը կազմում էին ԼՂՀ բնակչության 85%-ը:
ԼՂԻՄ-ը էվոլյուցիոն կերպով վերածվել է ԼՂՀ-ի: Այս համատեքստում
խիստ վտանգավոր է Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների (1991թ. և
1994-2020թ. դրությամբ) նույնականացումը ԼՂԻՄ-ի սահմանների հետ, անկախ նրանից մենք
վերահսկում ենք այդ տարածքները, թե՝ ոչ: Եթե տեղի ունենա ԼՂԻՄ-ի և Արցախի Հանրապետության
սահմանների նույնականացում, ապա դա հարված կլինի ԼՂՀ ձևավորման օրինականությանը և կլեգիտիմացնի
Ադրբեջանի և Թուրքիայի պնդումներն առ այն, որ հայկական կողմն օկուպացրել է Ադրբեջանի
տարածքները:
Արցախի Հանրապետության անկախության հռչակման
օրինականությունը
Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման անքակտելի իրավունքն իրացրել
է ԽՍՀՄ այն ժամանակ գործող սահմանադրության և միջազգային իրավունքի հետ խիստ համապատասխանությամբ:
ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու
իրավունքի մասին դրույթը ներառվել է 1922, 1936 և 1977 թվականների խորհրդային սահմանադրություններում:
Խորհրդային վերջին սահմանադրության 72-րդ հոդվածը հիմք է հանդիսացել 1990թ. ապրիլի
3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի
մասին» N1409-I օրենքի ընդունման համար:
Օրենքի երրորդ հոդվածով ինքնավարություններին անջատման իրավունք
է տրվում: Ըստ այդ հոդվածի՝ «ինքնավար հանրապետությունները և ինքնավար կազմավորումներն
ու կոմպակտ ապրող ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել
ԽՍՀՄ-ում կամ անջատվող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև բարձրացնել
իրենց պետական և իրավական կարգավիճակի հարցը»:
ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու
ժամանակ ինքնավարությունների և կոմպակտ բնակվող ազգային խմբերի կարծիքներն ու շահերը
հաշվի առնելու անհրաժեշտությունը լիովին տեղավորվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի
(և ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի/ԽՍՀՄ Սահմանադրության
29-րդ հոդված) և ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխիքների մասին սահմանադրական
և միջազգային իրավական դրույթներով սահմանված իրավական շրջանակներում:
Ղարաբաղյան շարժման էությունը բավականին դիպուկ բնութագրել
է Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գիտնական և մարդու իրավունքների պաշտպան
Անդրեյ Սախարովը, ասելով. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը պատվախնդրության հարց է,
իսկ հայերի համար Ղարաբաղը կյանքի ու մահվան հարց է»:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարելի է դասել միջազգային
հարաբերություններում առկա ամենաբարդ հակամարտությունների շարքին: Գրեթե նման բարդություն
ունի արաբա-իսրայելական հակամարտությունը: Դա պայմանավորված է ինչպես հակամարտության
աշխարհաքաղաքականության մեջ ներգրավված երկրների, նրանց շահերի ու նպատակների բազմազանությամբ,
այնպես էլ Ադրբեջան պետության և ադրբեջանական ժողովրդի ձևավորման ու գոյության առանձնահատկություններով:
Ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգայնացվեց մինչև Ադրբեջանի և
Հայաստանի խորհրդայնացումը: Նրա կարգավորմամբ փորձեցին զբաղվել տարբեր երկրներ:
Թուրքիան, որի նպատակն էր ոչնչացնել Արցախը և այդ տարածքը
բռնակցել Ադրբեջանին, շեշտը դրեց ուժային կարգավորման տարբերակի վրա: Այդ քաղաքականության
կիզակետը դարձան տասնյակ հազարավոր հայերի սպանությունները Շուշի քաղաքում 1920թ.:
Կարգավորման գործընթացով զբաղվում էր նաև Մեծ Բրիտանիան,
որն իր շահերից ելնելով սատարում էր Ադրբեջանին:
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչեց
վիճելի տարածք: Հայաստանի խորհրդայնացումից հետո ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացումը
դադարեց, և այն մի քանի տասնամյակ մնում էր Խորհրդային Միության իրավական-քաղաքական
տիրույթում:
Ծագող հարցերը լուծվում էին «ներքին կարգով» և ամեն ինչ արվում
էր, որպեսզի հակամարտությունը չբռնկվի և համաժողովրդական բնույթ չստանա:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման նորագույն փուլի մեկնարկից
հետո՝ 1988 թվականից մինչև ԽՍՀՄ փլուզումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ
զբաղվում էին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները:
Հարցի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվեցին մի շարք փորձեր
և կիրառվեցին համապատասխան մեխանիզմներ, ինչպես, օրինակ, Վոլսկու կոմիտեի կամ հատուկ
կառավարման կոմիտեի ձևավորումը:
Հատուկ կառավարման կոմիտեն ստեղծվեց 1989թ. հունվարի 12-ին՝
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով: Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ
նշանակվեց Արկադի Վոլսկին, ով ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյա էր, Խորհրդային Միության
կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Կոմիտեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական կենտրոնական իշխանության
և կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված էր ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների
խորհրդի և նոր գործադիր կոմիտեի լիազորություններով:
Ազգամիջյան հակամարտությունների կարգավորման համատեքստում
հատուկ կառավարման կոմիտեն աննախադեպ երևույթ էր Խորհրդային Միության պատմության մեջ:
ԼՂԻՄ-ը դուրս բերվեց Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմից և հայտնվեց միութենական
կենտրոնի ուղիղ ենթակայության տակ: ԼՂԻՄ-ը փաստացի ստացավ միութենական հանրապետության
կարգավիճակ: Տնտեսական ոլորտում ԼՂԻՄ-ն առանձին կետով մտցվեց ԽՍՀՄ պետական բյուջե:
ԼՂԻՄ-ը ղեկավարում էր պաշտոնյա, ով հանդիսանում էր Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ գերագույն խորհրդի անդամ
և ԼՂԻՄ-ի ղեկավար նշանակվելուց հետո էլ պահպանեց իր այդ կարգավիճակը:
Այնուամենայնիվ, Արցախում, Հայաստանում, Ադրբեջանում և ԽՍՀՄ-ում
մի շարք քաղաքական զարգացումների արդյունքում 1989թ. փետրվարի 15-ին հատուկ կառավարման
կոմիտեն լուծարվեց:
ԽՍՀՄ թուլացմանը, նրա կենտրոնական իշխանության և ինստիտուտների
խարխլմանը զուգահեռ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին սկսեցին
ներգրավվել մի շարք միութենական հանրապետություններ:
Այստեղ հիշատակման արժանի է Ժելեզնովոդսկի կոմյունիկեն:
1991թ. սեպտեմբերի 20-23-ը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների
գլխավորած պատվիրակությունն այցելեց հակամարտող կողմերի մայրաքաղաքներ, իսկ սեպտեմբերի
23-ին Ժելեզնովոդսկում 4 երկրների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց «ՌԴ նախագահ
Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդական առաքելության
մասին համատեղ կոմյունիկեն»: Փաստաթղթի ստորագրմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ներկայացուցիչները,
սակայն միայն դիտորդի կարգավիճակով: Կոմյունիկեում դատապարտվում էր իրավիճակը կարգավորելու
կենտրոնական իշխանության անկարողությունը և նշվում, որ միջնորդական առաքելության նպատակն
է սկսել բանակցություններ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով: Հատուկ ընդգծված
էր Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունների անխախտելիությունը: Փաստաթղթում հստակ
թվարկված էին կարգավորման համար անհրաժեշտ նախապայմանները, որոնցից առաջնայինը կրակի
դադարեցումն էր: Չեղյալ հայտարարվեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի
բոլոր հակասահմանադրական ակտերը, սակայն պարզ չէր, թե որոնք են այդ ակտերը: Եթե Հայաստանի
մասով այս կետը վերաբերում էր 1989թ. ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միավորման մասին ՀԽՍՀ Գերագույն
խորհրդի որոշմանը, ապա այդ դրույթի իրականացումը հենց սկզբից անհաջողության էր մատնված:
Ըստ կոմյունիկեի՝ բոլոր զինված կազմավորումները ենթակա էին զինաթափման: Նախատեսվում
էր երկու շաբաթվա ընթացքում կապուղիների վերագործարկում, տեղահանված բնակչության վերադարձ,
պատանդների ազատ արձակում:
ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գործընթացը միջազգայնացվեց: Հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվեցին
և իրենց միջնորդությունն առաջարկեցին տարբեր երկրներ և կազմակերպություններ:
Թուրքիան, ինչպես և նախկինում, լիովին սատարեց Ադրբեջանին:
Հետագա տարիներին Թուրքիան ակտիվ և անմիջական մասնակցություն ունեցավ նաև Արցախի դեմ
սանձազերծված բոլոր 3 պատերազմներին: Ավելին, Թուրքիան ակնհայտ և միանշանակ ադրբեջանամետ
դիրքորոշում ունի, ակտիվորեն փորձում է անմիջականորեն մասնակցել բանակցային գործընթացում,
նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը դառնալու փորձեր է ձեռնարկել,
որոնք կասեցվել են հիմնականում հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ:
Իրանի միջնորդական ջանքերը
ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին
երկրներից էր, որը միջնորդական ջանքեր առաջարկեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության
խաղաղ կարգավորման համար:
1992թ. փետրվարին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայեթին հակամարտության
կարգավորման հարցով բանակցություններ անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների
հետ:
1992թ. մարտի 21-ին Իրանի միջնորդությամբ հայտարարվեց ժամանակավոր
հրադադար, որի պահպանմանն ուղղված կողմերի ջանքերը համակարգելու համար Իրանից ներկայացուցիչներ
ուղարկվեցին Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Սակայն, հրադադարն անժամկետ հիմքերով երկարաձգելու
փորձերը հաջողությամբ չպսակվեցին:
1992թ. մայիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի և Հայաստանի
նախագահների և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովի եռակողմ հանդիպումը:
Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր: Սակայն, Թեհրանի հանդիպմանը
ԼՂՀ ներկայացուցիչների բացակայության և ռազմական գործողությունների թեժացման պատճառով
համաձայնությունները կյանքի չկոչվեցին:
1992թ. հունիսին նախագահական ընտրություններում Ադրբեջանի
ազգային ճակատի հաղթանակից հետո Իրանը հարկադրված էր դադարեցնել միջնորդական գործունեությունը,
քանի որ Ադրբեջանի նոր նախագահ Աբուլֆազ Էչիբեյը մերժում էր Իրանի ցանկացած միջնորդական
նախաձեռնություն:
Առ այսօր պաշտոնական Թեհրանը պահպանում է իր հավասարակշռված մոտեցումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, կարևորում խաղաղ կարգավորումը և այս համատեքստում պարբերաբար առաջարկում իր միջնորդությունը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության
կազմակերպություն (ԵԱՀԿ)
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
առավել ակտիվ ներգրավվածություն ունի ԵԱՀԿ-ն: Մինչև 1994թ. կազմակերպությունը կոչվում
էր ԵԱՀԽ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողով:
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր
տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի,
Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Կազմակերպության գործունեության
գերակայություններից են հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի
կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով,
ունեն քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ: ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անդամակցում են 1992թ. հունվարի
30-ից:
ԵԱՀԿ նախագահություն
ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկն ամեն տարի ռոտացիոն կարգով
ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը: Նախագահող երկրի արտաքին գործերի նախարարը մեկ տարվա
ընթացքում իրականացնում է ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները:
ԵԱՀԿ գործող նախագահի գործունեությանն աջակցում են նախորդ
և հաջորդ տարիների գործող նախագահները՝ միասին կազմելով ԵԱՀԿ եռանախագահություն:
Մինսկի խորհրդաժողով և ԵԱՀԿ Մինսկի խումբ
1992թ. մարտի 24-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ Խորհրդի
արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում
ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների
(Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա,
Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված
և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ:
Խորհրդաժողովը նախատեսվում էր անցկացնել 1992թ. հունիսի
23-ին: Նույն տարվա մայիսի 1-ին Ավագ պաշտոնյաների կոմիտեի 10-րդ նստաշրջանի ժամանակ
որոշում ընդունվեց խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ:
Սակայն, Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից Շուշիի ազատագրումից
և Լաչինի միջանցքի բացումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ առանց 1992թ. ապրիլի
դրությամբ գործող ստատուս քվոյի վերականգնման Մինսկի խորհրդաժողովի անցկացումն անհնարին
է:
Հակամարտող կողմերի միջև տարաձայնությունները հաղթահարելու
և երկխոսությունը վերականգնելու նպատակով 1992թ. հունիսի 1-5-ը Իտալիայի հրավերով Հռոմում
տեղի ունեցավ Մինսկի խորհրդաժողովի 11 մասնակից պետությունների հանդիպումը, որին հետևեցին
ևս 4 հանդիպումներ (1992թ. հունիսի 15-20-ը, հունիսի 29-ից հուլիսի 6-ը, հուլիսի
31-ից օգոստոսի 5-ը, սեպտեմբերի 7-10-ը): Հռոմում բանակցությունների 5 փուլերի ավարտից
հետո ակնհայտ դարձավ, որ հակամարտող կողմերի միջև բազմաթիվ հարցերի շուրջ խիստ տարաձայնությունների
պատճառով Մինսկի խորհրդաժողովը չի գումարվելու:
Արդյունքում, ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի մասնակից պետությունների
ներկայացուցիչների արտակարգ հանդիպումը վերածվեց հանդիպումների մի ամբողջ շարքի և հանգեցրեց
օժանդակ կառույցի՝ Մինսկի խմբի կազմավորմանը: Մինսկի խումբն ուղղակի մանդատ չունի:
Նրա գործունեությունը հիմնված է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ Խորհրդի առաջին
լրացուցիչ նիստի որոշման և մի շարք այլ փաստաթղթերի վրա, ինչպիսին է 1992թ. մայիսի
1-ի Մինսկի խորհրդաժողովի կանոնակարգը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն
Ռուսաստանի և ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերը միավորելու համար 1994թ.
դեկտեմբերին ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովում Մինսկի գործընթացի և Մինսկի խմբի համանախագահության
ինստիտուտ հիմնելու որոշում ընդունվեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ռուսաստանը կլինի
Մինսկի խմբի մշտական համանախագահը, իսկ երկրորդ համանախագահն ամեն տարի կփոխվի: Առաջին
համանախագահները դարձան Ռուսաստանն ու Շվեդիան (1996թ. ապրիլից Շվեդիային այդ պաշտոնում
փոխարինելու եկավ Ֆինլանդիան):
1995թ. մարտին հաստատվեց համանախագահների մանդատը:
1997թ. փետրվարին ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը,
որում մշտական հիմունքներով ներառվեցին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:
2022թ. ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը,
փաստորեն, սառեցվեց, ինչը պայմանավորված էր Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների
համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացմամբ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարություններից
մեկում նշեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի
հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ
Իգոր Խովաևը նշանակվեց Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի
ու Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով, իսկ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը
դարձավ Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական:
Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն
առանձին են ներգրավված և՛ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, և՛ Հայաստան-Ադրբեջան
հարաբերությունների կարգավորման գործընթացում:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ
1995թ. օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը նշանակեց գործող
նախագահի անձնական ներկայացուցիչ հակամարտության հարցով, որի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ
Մինսկի խորհրդաժողովը (պաշտոնի ամբողջական պաշտոնական անվանումը): 1997թ. հունվարին
անձնական ներկայացուցիչ նշանակվեց դեսպան Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան), որը 1996թ. հուլիսից
կատարում էր անձնական ներկայացուցչի պարտականությունները:
ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբ
Բարձր մակարդակի պլանավորման խումբը ստեղծվել է ԵԱՀԿ/ԵԱՀԽ
անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 1994թ. Բուդապեշտում կայացած
հանդիպման որոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեության
ակտիվացման նպատակով:
Բարձր մակարդակի պլանավորման խմբի մանդատը հաստատվել է ԵԱՀԿ
գործող նախագահի կողմից 1995թ. մարտի 23-ին և ունի անսահմանափակ ժամկետ: Մանդատի համաձայն՝
բարձր մակարդակի պլանավորման խումբն կոչված է գործող նախագահին ներկայացնել առաջարկություններ
Լեռնային Ղարաբաղի համար ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման պլանի մշակման, կառուցվածքի
որոշման և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն այնպիսի
հարցերի շուրջ, ինչպիսիք են այդ ուժերի թիվն ու բնութագրերը, դրանց հրամանատարության
և ղեկավարման կառուցվածքները, նյութատեխնիկական ապահովումը, զորակազմի և ռեսուրսների
բաշխումը, գործառնությունների իրականացման կանոնները և այդ ուժերում մասնակցող պետությունների
հետ պայմանավորվածությունները:
Բարձր մակարդակի պլանավորման խումբն ձևավորվում է ԵԱՀԿ անդամ
պետությունների կողմից գործուղված ռազմական մասնագետներից, ինչպես նաև ներառում է ԵԱՀԿ
քարտուղարության կողմից վարձակալվող քաղաքացիական անձնակազմ: Սկզբնական շրջանում խումբը
բաղկացած էր 35 հոգուց, ներկայումս՝ 9-ը, որոնցից երկու սպա Ռուսաստանից են, մեկը՝
Թուրքիայից:
Բարձր մակարդակի պլանավորման խմբի կազմը փոփոխվում է ռոտացիոն
կարգով, սակայն, ձևավորված պրակտիկայի համաձայն, Թուրքիան ու Ռուսաստանը ներկայացված
են մշտական հիմունքներով:
Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչները պարբերաբար
մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի
և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում անցկացվող հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներին:
2016թ. ապրիլյան պատերազմից հետո Արցախի իշխանությունները
(ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ) և ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը
կրկնապատկեցին ջանքերը՝ բարձր մակարդակի պլանավորման խումբն Թուրքիայի ներկայացուցչի
անդամակցությունը բացառելու ուղղությամբ՝ Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու
պատճառով: ԵԱՀԿ-ում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ-ում
ՀՀ առաքելության միջև ձեռք բերվեց փոխզիջումային պայմանավորվածություն՝ ԵԱՀԿ բարձր
մակարդակի պլանավորման խմբում Թուրքիայի ներկայացուցչի գործունեությունը նվազագույնի
հասցնելու և դիտարկումներին մասնակցությունն ամբողջովին բացառելու վերաբերյալ:
Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար
սպանած Ռամիլ Սաֆարովին 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնելուց հետո պաշտոնական
Ստեփանակերտի պնդմամբ Բարձր մակարդակի պլանավորման խմբի կազմում Հունգարիայից որևէ
դաշտային օգնական այլևս չընդգրկվեց:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերը
1993թ. Արցախի՝ որպես հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակը
ճանաչվեց միջազգային հանրության կողմից, ինչը հետագայում արտացոլվեց ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի բանաձևերում, որոնց հղում է կատարում Ադրբեջանը, այնպես էլ 1994թ. ԵԱՀԽ Բուդապեշտի
գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում: Այս հարցը վերջնականորեն պարզաբանվեց ԵԱՀԿ գործող
նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, որը 1995թ. մարտի
31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ կառավարման խորհրդի նիստում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ
և «հաստատեց ԵԱՀԿ կողմից ավելի վաղ ընդունված որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ,
այսինքն՝ հակամարտության մեջ ընդգրկված երկու անդամ-պետությունների, ինչպես նաև երրորդ
հակամարտ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունը բանակցային ամբողջ գործընթացին,
ներառյալ՝ Մինսկի համաժողովը»:
1993 թվականից ի վեր Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող
փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ: Տվյալ
հարցի վերաբերյալ վերջնական պարզաբանում տրվել է 1994թ. Բուդապեշտում անցկացված ԵԱՀԽ/ԵԱՀԿ
գագաթաժողովում: Ըստ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հակամարտ կողմերն
այն կողմերն են, որոնք հաստատել են 1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանավորվածությունները.
«Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագիրը կնքվել
է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Միջնորդների առաջարկները հակամարտության
կարգավորման վերաբերյալ
1995-1997թթ.՝ Համաձայնագիր զինված հակամարտության դադարեցման
մասին (քաղաքական մեծ պայմանագիր): Այս փաստաթղթի վրա աշխատանքն իրականացվել էր ԵԱՀԿ
Մինսկի խմբի հովանու ներքո լիարժեք ձևաչափով բանակցությունների շրջանակներում: Կողմերին
չհաջողվեց վերջնական համաձայնության գալ փաստաթղթի շուրջ, և լիարժեք ձևաչափով բանակցությունների
դադարեցումից հետո 1997թ. սկզբին փաստաթղթի վրա աշխատանքն ընդհատվեց:
1997թ. հուլիս՝ Համապարփակ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման մասին (փաթեթային տարբերակ): Այս տարբերակով ենթադրվում
էր, որ հակամարտության հետ կապված բոլոր հարցերը (կարգավիճակ, սահմաններ, քաղաքական
և մարդասիրական հարցեր) պետք է կարգավորվեին մեկ փաթեթով: Հայկական կողմերն այս գաղափարն
ընդունելի համարեցին, Ադրբեջանը՝ մերժեց:
1997թ. դեկտեմբեր՝ Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի զինված
հակամարտության դադարեցման մասին (փուլային տարբերակ), ըստ որի առաջարկվեց անորոշ ժամկետով
հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ
կապված խնդիրների քննարկումը, իսկ առաջին փուլում լուծել հակամարտության և պատերազմի
հետևանքների վերացման հետ կապված խնդիրները (մասնավորապես, ենթադրվում էր Արցախի պաշտպանության
բանակի դուրսբերում նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներից՝ բացառությամբ Լաչինի շրջանի):
Այս տարբերակն ընդունվեց Ադրբեջանի կողմից, մերժվեց՝ Արցախի և Հայաստանի կողմից:
1998թ. նոյեմբեր՝ առաջարկություն Լեռնային Ղարաբաղի զինված
հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին (ընդհանուր պետություն),
որը նախատեսում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձև ունեցող պետական և տարածքային
կազմավորում է, որը Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն է կազմում»: Բոլոր կողմերն
ընդունեցին այս տարբերակը որպես բանակցությունների վարման հիմք: Սակայն, ունեին տարբեր
նպատակներ այս համատեքստում:
Ադրբեջանը փորձում էր Լեռնային Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակով
վերադարձնել իր կազմ և այդպիսով վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը»:
Պաշտոնական Ստեփանակերտն այդ տարբերակը դիտարկում էր որպես
միջազգային հանրության կողմից Արցախը որպես Ադրբեջանի հետ հավասար կարգավիճակ ունեցող
սուբյեկտ ճանաչելու հնարավորություն, իսկ ընդհանուր պետությունը՝ որպես իրավահավասար
պետությունների համադաշնություն:
Պաշտոնական Բաքուն ուզում էր մերժել այս տարբերակը, սակայն
փորձում էր դա անել Արցախի ձեռքերով: Բաքվին չհաջողվեց հասնել իր նպատակին, և Ադրբեջանն
ինքը մերժեց այս առաջարկը՝ այսպիսով իրավական և քաղաքական առումով փակելով Արցախի հետ
իրավահավասարության հիմունքներով ընդհանուր պետություն ձևավորելու հնարավորությունը:
2001թ. ապրիլի 3-6-ը կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների
հանդիպումը Քի Վեսթում՝ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի միջնորդությամբ: Հանդիպման
ընթացքում կողմերին առաջարկվեց կնքել շրջանակային համաձայնագիր, որը ենթադրում էր,
որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի հետ միասին կմիանա Հայաստանին, իսկ Ադրբեջանը
հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության հետ: Հետագայում Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ պայմանավորվածություններից:
Քի Վեսթում առաջարկված լուծումները ի ցույց դրեցին, որ միջազգային հանրությունը սկսել
է հասկանալ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
2007թ. նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի
շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին պաշտոնապես փոխանցվեց կարգավորման
հիմնարար սկզբունքների տեքստը (հետագայում կոչվեց «Մադրիդյան»): «Մադրիդյան սկզբունքների»
հիմքում ընկած էր «հետաձգված հանրաքվեի» բանաձևը, որն առաջին անգամ քննարկվել էր
2006թ. փետրվարի 10-ին Ռամբույե (Փարիզ) ամրոցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների
հանդիպման ժամանակ:
Մադրիդյան սկզբունքներն ունեցել են մի քանի հրատարակություններ:
Վերջնական տարբերակը հրապարակվել է 2009թ. հուլիսի 10-ին: Դրա առանցքային տարրերի հիմքում
միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքներն են՝
·
ուժի կամ
ուժի սպառնալիքի չկիրառում
·
ժողովուրդների
ինքնորոշման իրավունք
·
տարածքային
ամբողջականություն
Մադրիդյան սկզբունքների 6 տարրերն են.
·Լեռնային
Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում ԼՂ ժողովրդի կամարտահայտման միջոցով, որի արդյունքները
միջազգային իրավական ուժ կունենան
· ԼՂ-ին միջազգային
հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակի տրամադրում, մինչև վերջնական կարգավիճակի
որոշումը
· Հայաստանի
և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի ապահովում
· Բոլոր փախստականների
և տեղահանված անձանց վերադարձ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումից հետո
· Անվտանգության
միջազգային երաշխիքների ապահովում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահների ներկայություն
· Տարածքների վերադարձ
Մինչև Արցախում հանրաքվեի անցկացումը Քարվաճառը պետք է մնար հայկական ու վերահսկվեր միջազգային ուժերի կողմից:
2016թ. առաջարկված «Լավրովի պլանը» «Մադրիդյան սկզբունքների» վերափոխված տարբերակն էր:
Միավորված ազգերի կազմակերպություն
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող
տարբեր հարցեր պարբերաբար քննարկման առարկա են դառնում ՄԱԿ-ում: ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի կողմից 1993թ. ընդունվել է 4 բանաձև.
· 822 բանաձևը
(ապրիլի 30) պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի
հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից: Կոչ է արել բոլոր
կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության
կարգավորման բանակցությունները:
· 853 բանաձևը
(հուլիսի 29) հակամարտության կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձևի պահանջները,
դատապարտել է տարածաշրջանում թշնամական բոլոր գործողությունները, մասնավորապես՝ հարձակումները
քաղաքացիական անձանց վրա և բնակավայրերի ռմբակոծություններն ու հրետակոծությունները,
դատապարտել է նաև Աղդամի շրջանի գրավումը:
· 874 բանաձևը
(հոկտեմբերի 14) կոչ է արել շահագրգիռ կողմերին, ի աջակցություն ԵԱՀԽ Մինսկի խմբին,
մշտական ու արդյունավետ դարձնել ՌԴ կառավարության աջակցությամբ ձեռնարկված ուղիղ շփումների
արդյունքում հաստատված հրադադարը:
· 884 բանաձևը
(նոյեմբերի 12) դատապարտել է կողմերի միջև հաստատված հրադադարի վերջին խախտումները,
որոնք հանգեցրել են ռազմական գործողությունների վերսկսման, մասնավորապես, դատապարտել
է Զանգելանի շրջանի ու Հորադիզի բռնազավթումը:
Ադրբեջանական կողմը մշտապես շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի 4 բանաձևերը՝ դրանք ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
ընդգծող միջազգային փաստաթղթեր: Սակայն, դա միակողմանի մոտեցում է և չի արտացոլում
բանաձևերի ողջ էությունը:
Օրինակ՝ 822 բանաձևում չկա և ոչ մի նախադասություն, որտեղ
Լեռնային Ղարաբաղն անգամ նշված լինի որպես Ադրբեջանի Հանրապետության մաս: Ավելին՝ բոլոր
բանաձևերում Արցախը, փաստորեն, ճանաչվում է որպես առանձին ռազմաքաղաքական միավոր: Դա
են փաստում, մասնավորապես, այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «տեղական հայկական զինված
ուժեր» եզրույթը, ՀՀ-ին ուղղված կոչերը՝ ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի վրա:
ՌԴ դերը բանակցություններում և ռազմական գործողությունների դադարեցման գործում
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
միշտ առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը և՛ որպես ԵԱՀԿ
Մինսկի խմբի անդամ, և՛ որպես տարածաշրջանային ու գլոբալ ազդեցիկ երկիր: Հենց ՌԴ-ի անմիջական
միջնորդությամբ կանգնեցվեցին առաջին, երկրորդ և երրորդ արցախյան պատերազմները:
Բիշքեկյան արձանագրություն
Բիշքեկյան արձանագրությունը Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի,
ՌԴ Դաշնային ժողովի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994թ. մայիսի
4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատված փաստաթուղթ է, որտեղ
հակամարտող կողմերին կոչ էր արվում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝
հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի Մոսկվայում ստորագրված արձանագրությունը: Բիշքեկի
արձանագրությամբ որոշվեց կնքել համաձայնագիր, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը
և կվերացվեին դրա հետևանքները: Նախատեսվում էր.
·
ստեղծել
ռազմական գործողությունների չվերսկսումն ապահովող մեխանիզմ
·
դուրս բերել
զորքերը գրավված տարածքներից
·
վերականգնել
հաղորդակցման ուղիների գործունեությունը
·
ապահովել
փախստականների անվտանգ վերադարձը
Բիշքեկյան արձանագրության տակ ստորագրել են ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետությունը: Բիշքեկյան
արձանագրության ստորագրումից մի քանի օր հետո ստորագրվեց նաև կրակի և ռազմական գործողությունների
դադարեցման մասին համաձայնագիրը: Ադրբեջանն այն ստորագրեց 1994թ. մայիսի 9-ին, Հայաստանի
Հանրապետությունը՝ մայիսի 10-ին, Արցախի Հանրապետությունը՝ մայիսի 11-ին: Այն ուժի
մեջ մտավ 1994թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, կամ ավելի ճիշտ՝ 00:01-ից, և այսպիսով
ավարտվեց առաջին արցախյան պատերազմը: Համաձայնագիրն անժամկետ էր:
Հակամարտության կարգավորման հիմնական տարրերը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
գոյություն ունեն հետևյալ համաձայնեցված ընդհանուր սկզբունքները.
·
Համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ
Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ բոլոր հարցերը
պետք է համաձայնեցված լինեն բոլոր կողմերի միջև, և ցանկացած թերի համաձայնություն չի
կարող հիմք հանդիսանալ, առավել ևս՝ լինել հակամարտության կարգավորման բանաձև:
·Պաշտոնական Երևանն ընդունելի է համարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի պաշտոնական Ստեփանակերտի
համար
Արցախի կարգավիճակը
Արցախի կարգավիճակը մեզ համար կարմիր գիծ է: Արցախը երբեք
չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ կհանգեցնի
նոր արյունահեղության, պատերազմի կամ հայաթափման: Ադրբեջանի կազմում Արցախն ապագա չունի:
Փախստականներ
Փախստականների վերադարձը կարող է լինել միայն հայելային,
այն է՝ ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձ տեղի ունենալ չի կարող, եթե իրենց
նախկին բնակավայրեր (Բաքու, Գանձակ, Սումգայիթ, Հյուսիսային Արցախ և այլն) չվերադառնան
հայ փախստականները:
Բացի դրանից, փախստականների հարցը գտնվում է հումանիտար տիրույթում,
իսկ այդպիսի հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան միայն բոլոր կարևորագույն քաղաքական
հարցերի լուծումից հետո, որոնցից են, մասնավորապես, կարգավիճակի և սահմանների հարցերը:
Ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության ուժային լուծման փորձերը
Ադրբեջանի համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման
ուժային տարբերակը միշտ եղել է առաջնահերթություն:
1918-1991
թվականներ
1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող
Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ
և ջարդեր, որոնցից ամենազանգվածայինը Շուշիի (1920թ.) և Բաքվի (1918թ.) ջարդերն էին:
Խորհրդային տարիներին հնարավորություն չունենալով ռազմական
տարբերակով լուծել արցախյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանը դիմում էր տարբեր տիպի տնտեսական
և քաղաքական ճնշումների՝ նպատակ ունենալով տնտեսապես գաղութացնել Արցախը, բոլոր հարթություններում
կախման մեջ դնել Ադրբեջանից, փոխել ժողովրդագրական պատկերը՝ նվազեցնելով հայ ազգաբնակչության
տեսակարար կշիռը և միաժամանակ ավելացնելով ադրբեջանցիների թվաքանակը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ժամանակակից փուլի հենց
ամենասկզբից Ադրբեջանը հրաժարվեց քաղաքական երկխոսությունից: Լեռնային Ղարաբաղի բնակչությանն
ահաբեկելու ադրբեջանական քաղաքականության առաջին դրսևորումներից մեկը դարձավ հայերի
կոտորածը Սումգայիթում 1988թ. փետրվարին, որին հետևեց հայկական ջարդերի ալիք Ադրբեջանի
տարբեր քաղաքներում՝ Բաքվում, Մինգեչաուրում, Կիրովաբադում: 1988 թվականից սկսած Ադրբեջանը
աստիճանաբար շրջափակման մեջ էր գցում Լեռնային Ղարաբաղը: 1989թ. Լեռնային Ղարաբաղն
կորցրեց ցամաքային հաղորդակցության բոլոր ուղիները՝ հայտնվելով լիակատար շրջափակման
մեջ: Արտաքին աշխարհի հետ միակ կապն օդային էր՝ խիստ սահմանափակումներով:
1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին ադրբեջանական իշխանություններն
իրականացրին խոշոր ռազմաոստիկանական «Օղակ» գործողությունը, որի թիրախը դարձան Հյուսիսային
Արցախի բնակավայրերը, Շուշիի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր: Հատկապես թեժ մարտեր
եղան Գետաշենի ենթաշրջանում, որի բնակչությունը հերոսաբար մարտնչեց ադրբեջանական հրոսակների
դեմ:
Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում 1991թ. դրությամբ
700 հազար հայ դարձավ փախստական, շուրջ 40 հազարն ապաստան գտավ Արցախում:
Արցախյան
առաջին պատերազմ
1991թ. հոկտեմբեր ամսին մեկնարկեց արցախյան առաջին և ամենաերկարատև
պատերազմը: Այն պաշտոնապես ավարտվեց 1994թ. մայիսի 12-ին: Արցախյան առաջին պատերազմում
գրանցվեցին պատմական, դարակազմիկ հաղթանակներ, հաջողվեց ազատագրել պատմական Ղարաբաղի
տարածքների մի մասը:
Պատերազմը կարելի է պայմանականորեն բաժանել 3 փուլի.
Առաջին փուլ՝ 1991թ.- 1992թ. հունիս
Չեզոքացվեցին ԼՂՀ-ում առկա բոլոր ադրբեջանական հենակետերը,
մայիսի 8-9-ը ազատագրվեց Շուշին, իսկ մայիսի 18-ին՝ Բերձորը: Արցախի Հանրապետությունը
ճեղքեց շրջափակումը և վերականգնեց ցամաքային կապը ՀՀ-ի հետ:
Երկրորդ փուլ՝ 1992թ. հունիս- 1993թ. հունվար
Ադրբեջանին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ
և Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ փաստորեն օկուպացնելով Արցախի Հանրապետության տարածքի
մոտ կեսը: Արցախի ինքնապաշտպանության ուժերն անցան պաշտպանական մարտերի՝ թույլ չտալով
Ադրբեջանին զարգացնել իր ագրեսիան:
Երրորդ փուլ՝ 1993թ. հունվար- 1994թ. մայիս
Արցախի պաշտպանության բանակը հակահարձակման անցավ: Արդյունքում
ազատագրվեց Մարտակերտի շրջանի բռնազավթված հատվածի մեծ մասը (բացառությամբ Լենինավանի,
Չայլուի և մի շարք այլ հատվածների), պատմական Ղարաբաղի մի շարք տարածքներ՝ Քաշաթաղ,
Քարվաճառ, Ջրական, մերձարաքսյան շրջաններ, Տիգրանակերտ և այլն: Արցախի Հանրապետությունը
մոտ 350 կմ (Մռավի լեռնաշղթայից մինչև Արաքս) ընդհանուր սահման ունեցավ ՀՀ-ի հետ և
մոտ 125 կմ սահման՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Պատերազմն ավարտվեց համապատասխան փաստաթղթերի կնքմամբ, ՌԴ
միջնորդությամբ:
Պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցավ շուրջ 6000 զոհ:
Մոտ 60 հազար հայ դարձավ փախստական կամ տեղահանվեց: Ադրբեջանի կորուստները մի քանի
անգամ ավելի էին:
Արցախյան
երկրորդ՝ ապրիլյան պատերազմ
2016թ. ապրիլի 2-5-ը ադրբեջանական կողմը, Թուրքիայի անուղղակի
մասնակցությամբ, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Արցախի Հանրապետության դեմ՝ փորձելով
սրընթաց պատերազմի միջոցով կարճ ժամանակում գրավել Արցախը: Բայց հայկական կողմին հաջողվեց
դիմակայել բազմակի անգամ գերազանցող, օտարերկրյա վարձկաններով համալրված ադրբեջանական
բանակին:
Այսպիսով, արցախյան երկրորդ պատերազմը նույնպես հաղթական
էր մեզ համար, ավելին՝ դա համաշխարհային ռազմական պատմության այն հազվադեպ դեպքերից
էր, երբ հաջողվեց բլից կրիգը կասեցնել հենց սկզբնական փուլում:
Հայկական կողմն ունեցավ 102 մարտական, 4 քաղաքացիական կորուստ:
Ադրբեջանական կողմի կորուստների իրական թիվն առ այսօր գաղտնի
է պահվում: Տարբեր հաշվարկներով Ադրբեջանն ունեցել է առնվազն 1000 զոհ, ռազմական տեխնիկայի
մեծաթիվ կորուստ:
2016թ. ապրիլի 5-ին ՌԴ միջնորդությամբ պատերազմական գործողությունները
դադարեցվեցին և կրկին ուժի մեջ մտավ 1994թ. Կրակի և ռազմական գործողությունների դադարեցման
մասին համաձայնագիրը:
Թեպետ երկրորդ պատերազմը տևողությամբ ամենակարճն էր, այն
արդեն նոր տիպի պատերազմ էր, որտեղ առանձնահատուկ շեշտ էր դրվում ոչ կոնտակտային մարտերի
վրա: Քառօրյա պատերազմի ժամանակ, օրինակ, ավելի շատ արկեր են օգտագործվել, քան առաջին
պատերազմի ողջ ընթացքում:
Արցախյան
երրորդ՝ 44-օրյա պատերազմ
Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին՝
Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով ագրեսիայի ծավալմամբ:
Արցախի ամբողջ պատմության կտրվածքով 44-օրյա պատերազմը հետևանքների
առումով ծանրագույններից էր:
Այս պատերազմը տարբերվում էր մնացած բոլոր ագրեսիաներից նրանով,
որ Արցախի դեմ բացեիբաց պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան,
և միջազգային ահաբեկիչների մի ստվար զանգված:
Պատերազմի առանձնահատկություններից էր նաև նրա ոչ կոնտակտային
բնույթը, հրթիռահրետանային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը:
Երրորդ պատերազմը կանգնեցվեց 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի,
Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի համատեղ հայտարարությամբ:
Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց իր տարածքի ավելի քան
75%-ը: 44-օրյա ագրեսիայի ընթացքում ավելի քան 110 հազար արցախցիներ ստիպված եղան լքել
իրենց տները: Ռազմական գործողությունների դադարեցւոմից հետո նրանց մեծ մասը վերադարձավ
Արցախ: 2022թ. մայիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից 16 հազար ներքին
տեղահանված անձ վերադարձել է Արցախի Հանրապետություն, ավելի քան 23 հազարը մնացել է
ՀՀ-ում:
Պատերազմի ընթացքում մենք ունեցանք հազարավոր զոհեր և վիրավորներ:
Առ այսօր Ադրբեջանում դեռ կան հայ ռազմագերիներ և բազմաթիվ պատանդներ, որոնց առկայությունն
Ադրբեջանը ժխտում է:
Ադրբեջանը հայ ռազմագերիներին և պատանդներին օգտագործում
է որպես լծակ իր ռազմաքաղաքական պահանջները հայկական կողմերին պարտադրելու համար: Նման
օրինակ է 2021թ. հունիսի 15-ին հրապարակված տեսանյութի բովանդակությունը, որտեղ օկուպացված
Շուշի գնալու ճանապարհին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների զրույցին միջամտում է Թուրքիայի
նախագահի տիկինը՝ Էմինե Էրդողանը և Ալիևին խորհուրդ տալիս հայ գերիներին փոխանակել
Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզների հետ: Սա միջազգային մարդասիրական նորմերի և
բարոյականության ոտնահարման ճչացող օրինակ է:
Երրորդ պատերազմի դադարեցման գործում մեծ դերակատարություն
ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը: Զինադադարից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության
գոտում առաջին անգամ տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր, որոնք հակամարտության գոտում
խաղաղության և կայունության պահպանման կարևորագույն գրավականն են:
Պատերազմից հետո հատուկ ռեժիմ սահմանվեց Լաչինի միջանցքում,
որը, ունենալով 5 կմ լայնություն, գտնվում է ռուս խաղաղապահ առաքելության գոտում;
Ակնայում գործում է նաև հրադադարի դիտարկման ռուս-թուրքական
համատեղ կենտրոն:
Ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության մարդասիրական ասպեկտը
Բաքվի հակվածությունը հակամարտության ուժային լուծմանը ի
հայտ է բերել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Բաքվի քաղաքականության
պատճառով հակամարտությունը տեղափոխվել է էթնիկ զտումների տիրույթ. իրականացվել են բազմաթիվ
կոտորածներ և ցեղասպան գործողություններ: Դաժանությամբ առանձնանում են Բաքվի, Սումգայիթի,
Կիրովաբադի, Մարաղայի կոտորածները:
Այս իրադարձություններին առ այսօր միջազգային հանրությունը
չի տվել ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական գնահատական:
Մարաղայի
կոտորած
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական ՕՄՈՆ-ը հրի մատնեց Մարաղա
գյուղը և ոչնչացրեց տեղի բնակչությանը: Տարբեր տվյալներով Մարաղայի ողբերգական իրադարձությունների
ընթացքում սպանվեց 80-100 հոգի, այդ թվում՝ 30 կին: 40-ից ավել մարդ ստացավ տարբեր
աստիճանի վիրավորում, իսկ 63-ը՝ գերեվարվեց:
Խոջալուի
դեպքերը
Ադրբեջանական կողմն իր քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական
քարոզչության մեջ թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար առանցքային ուղղություն է
դարձրել «Խոջալուի ցեղասպանությունը»:
Խոջալուում իսկապես տեղի է ունեցել զանգվածային կոտորած,
որի զոհ են դարձել բազմաթիվ անմեղ քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ,
ծերեր, ինչն իսկապես դասվում է ցեղասպան արարքների շարքին: Սակայն, այդ ոճրագործությունը
այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի և Ազգային ճակատ ադրբեջանական ընդդիմադիր
ռազմական խմբավորման միջև իշխանության համար պայքարի արդյունք էր:
Ինքը՝ Այազ Մութալիբովը, ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի
(02.04.1992թ.) լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում պաշտոնապես հայտարարել
է, որ ոճրագործությունը կատարել են Ազգային ճակատի գրոհայինները՝ նպատակ ունենալով
այն ներկայացնել որպես գործող վարչակարգի թուլության արդյունք և զավթել իշխանությունը:
Խոջալուի կոտորածի իրական պատկերը ներկայացրել են նաև հեռուստալրագրող, Սանկտ Պետերբուրգի
լրագրողների միության անդամ Սվետլանա Կուլչիցկայան, ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը,
ադրբեջանցի հեռուստաօպերատոր Չինգիզ Մուստաֆաևը, ով Խոջալուի դեպքերից ամիսներ անց
սպանվել է:
Մշակութային
ցեղասպանություն
Ադրբեջանի կողմից իրականացվում է նաև մշակութային ցեղասպանության
քաղաքականություն: Նրա վերահսկողության տակ հայտնված հայկական հուշարձանները՝ եկեղեցիներ,
խաչքարեր, շենք-շինություններ, գերեզմանոցներ հիմնականում ոչնչացվում են, հաճախ դիտավորյալ
թիրախավորվում պատերազմական գործողությունների ընթացքում:
Մի շարք հայկական մշակութային կոթողներ ադրբեջանական կողմը
փորձում է ներկայացնել որպես աղվանական (օրինակ՝ Դադիվանքը), ինչը նույնպես մշակութային
ցեղասպանություն է: Ընդ որում, այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի բարձրագույն
ղեկավարության կողմից, այդ թվում նաև հրապարակային եղանակով: Մասնավորապես, 2021թ.
մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական
եկեղեցի, նշել է. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել,
այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն
տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր
մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն աղվանական տաճարն են պղծել հայերը: Բայց մենք
վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ
են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել»:
Հայաստանի և Սփյուռքի գործընկերների հետ համագործակցությամբ՝
արցախյան կողմը մշտապես աշխատում է Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հարթակներում
ներկայացնելու ուղղությամբ: Այս գործում ունենք նաև ձեռքբերումներ: Մասնավորապես,
2022թ. մարտի 10-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության
ոչնչացման մասին» բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում
իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը:
Իսկ 2020թ. հոկտեմբերի 12-ին UNESCO-ն կողմերին կոչ է արել
զերծ մնալ ցանկացած տեսակի մշակութային ժառանգություն վնասելուց:
Միջազգային
ահաբեկիչներ և օտարերկրյա վարձկաններ
Բազմաթիվ փաստագրված ապացույցներ կան, որ Ադրբեջանը, Արցախի
դեմ սանձազերծած պատերազմների ընթացքում, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը,
իր զինված ուժերի կազմում ընդգրկում եմ օտարերկրյա վարձկանների և միջազգային ահաբեկչական
խմբավորումների:
1991-1994թթ. հազարավոր վարձկաններ, հիմնականում չեչեններ
և աֆղաններ, նաև թուրք ռազմական խորհրդականներ և թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»
(«Բոզկուրտ») կազմակերպության զինյալներ ադրբեջանական բանակի պատերազմել են Լեռնային
Ղարաբաղի դեմ:
Ապրիլյան պատերազմում ևս վարձկաններ էին ներգրավված:
2020թ. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան են տեղափոխվել բազմաթիվ
ահաբեկիչներ և մարդասպաններ Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից, ընդ որում՝
պատերազմի ավարտից ցայսօր այդ ահաբեկիչների մի մասը մնում է օկուպացված տարածքներում:
Այս մասին պաշտոնական հայտարարություններ են արել տարբեր
երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
· 2020թ. հոկտեմբերի
1-ին ԱՄՆ Պենտագոնի խոսնակը հաստատել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տասնյակ թռիչքներ
են իրականացվել՝ հարյուրավոր սիրիացի գրոհայինների հակամարտության գոտի տեղափոխելու
նպատակով:
· 2020թ. նոյեմբերի
1-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանը չի հանդուրժի վարձկաններին
իր տարածքի մերձակայքում: Այս թեմայով հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի
և Իրանի նախագահների, ինչպես նաև՝ ԱԳ նախարարների միջև:
· 2020թ. հոկտեմբերի
6-ին Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել
է. «Ղարաբաղում թեժացող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է միջազգային տարբեր
ահաբեկչական կառույցների զինյալների: Մեզ չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող
է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր զինադաշտ, որտեղից գրոհայինները
հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարակից պետություններ, այդ
թվում՝ Ռուսաստան»:
· 2020թ. հոկտեմբերի
1-ին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ԵՄ գագաթաժողովում հայտարարել է, որ գրոհային-ջիհադիստները
Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիայնթափ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին
մասնակցելու համար: Մակրոնը բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից:
· Սիրիայի
նախագահ Բաշար ալ-Ասադը «Ռիա նովոստի» գործակալությանը 2020թ. հոկտեմբերի 6-ին տված
հարցազրույցում հաստատել է ղարաբաղյան պատերազմին սիրիացի զինյալների մասնակցության
փաստը:
Ավելին, ՌԴ տարածքում (Չեչնիայի Հանրապետություն, Վոլգոգրադի
մարզ) վնասազերծվել են գրոհայիններ, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախ տեղափոխված
ահաբեկչական կազմավորումների անդամ էին:
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության
առանցքային հասկացությունները
Արտաքին քաղաքականության առաջնահերթություններն
ու խնդիրները
·
Արցախի Հանրապետության
միջազգային ճանաչում
· Ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության վերջնական կարգավորում խաղաղ բանակցությունների միջոցով՝ Արցախի լիարժեք
մասնակցությամբ
· Տարբեր պետությունների,
նրանց սուբյեկտների, միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ հարաբերությունների
հաստատում ու զարգացում, համագործակցության աշխարհագրության ընդլայնում: Այստեղ որպես
կարևոր միջոց օգտագործվում է նաև մարդասիրական բաղադրիչը, որը թույլ է տալիս ճկուն
ձևով շրջանցել քաղաքական զանազան խոչընդոտներ:
·
Արցախի շահերի
պաշտպանություն ազդեցիկ միջազգային կառույցներում
·
Արցախը ճանաչելի
դարձնելուն ուղղված քայլեր
Առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության
պահպանումը, որի առանցքային հիմքերից են Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանային
գործընթացներում, նրա տեղն ու դերը հայկական քաղաքական, ազգային և մշակութային տիրույթում
(Հայաստան, Սփյուռք): առանց սուբյեկտայնության պահպանման անհնարին կլինի վարել արդյունավետ
արտաքին քաղաքականություն:
Արցախի ռազմաքաղաքական ներուժը
Արցախն ունի իր ուրույն դերակատարությունն Անդրկովկասում աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական
հավասարակշռության պահպանման գործում:
Արցախի՝ որպես Անդրկովկասում հայկական ինքնուրույն միավորի
գոյությունը ձևավորում է ուժերի մի ռազմաքաղաքական դասավորություն, նրա գոյություն
չունենալը՝ լրիվ այլ:
Հայկական Արցախի վերացումը մահացու հարված կլինի Հայաստանի
Հանրապետությանը, գոյաբանական վտանգներ կառաջացնի Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ինչպես
նաև Եվրոպայի համար, քանի որ այստեղ կներթափանցեն և գերիշխող կդառնան վտանգավոր ծայրահեղական
և ծավալապաշտական հոսանքներ, մասնավորապես՝ պանթյուրքիզմը:
Արցախը նաև մեծ արժեք է համայն հայության համար: Այն ոգևորման և համախմբման առանցք է Սփյուռքում և Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման
գործընթացը
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր պետականաշինության
և արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է: Արցախի միջազգային ճանաչումն
ընթանում է տարբեր մակարդակներում՝
· Մունիցիպալ
միավորներ՝ կոմունաներ, քաղաքներ
· Վարչատարածքային
միավորներ՝ շրջաններ, նահանգներ
· Պետություններ.
Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը սատարող և դե ֆակտո ճանաչող բանաձևեր
են ընդունել մի շարք երկրների օրենսդիր մարմիններ:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սերտորեն փոխկապակցված
է երկկողմ հարաբերությունների հաստատման և զարգացման հետ: Սակայն Արցախի Հանրապետությունը
ճանաչումը չի դիտարկում որպես երկկողմ հարաբերությունների հաստատման ու զարգացման նախապայման,
ինչը թույլ է տալիս ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել, զարգացնել ու խորացնել
միջազգային կապերն ու փոխգործակցությունը:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում հայությունը
հանդես է գալիս միասնականորեն: Արցախը համապատասխան աջակցություն է ստանում Հայաստանի
Հանրապետությունից և Սփյուռքից: Այս գործընթացում ակտիվորեն ներգրավված են Հայ Դատը,
հայկական ավանդական կուսակցությունները, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ բարեգործական
ընդհանուր միությունը, տարբեր այլ կազմակերպություններ և անհատներ:
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են հետևյալ
պետությունները, վարչական միավորումները, պետական կառույցները՝
· Աբխազիայի
Հանրապետություն՝ 2006թ. նոյեմբերի 17-ին
· Հարավային
Օսիայի Հանրապետություն՝ 2006թ. նոյեմբերի 17-ին
· Մերձդնեստրի
Մոլդովական Հանրապետություն՝ 2001թ. հուլիսի 4-ին
· Ամերիկյան
10, ավստրալիական 1 նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանների կողմից ընդունվել են բանաձևեր՝
ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի
· ԱՄՆ Ռոդ-Այլենդ
նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև (17 մայիսի, 2012թ.)
· ԱՄՆ Մասաչուսեթս
նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև (6 օգոստոսի, 2012թ.)
· Ավստրալիայի
Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև (25 հոկտեմբերի, 2012թ.)
· ԱՄՆ Մեն
նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև (10 ապրիլի, 2013թ.)
· ԱՄՆ Լուիզիանա
նահանգի Սենատի բանաձև (30 մայիսի, 2013թ.)
· ԱՄՆ Կալիֆոռնիա
նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև (8 մայիսի և 27 օգոստոսի, 2014թ.)
· Իսպանիայի
Բասկերի երկրի խորհրդարանի բանաձև (12 սեպտեմբերի, 2014թ.)
· ԱՄՆ Ջորջիա
նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև (3 մարտի, 2016թ.)
· ԱՄՆ Հավայի
նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև (29 մարտի, 2016թ.)
· ԱՄՆ Միչիգան
նահանգի Սենատի բանաձև (28 սեպտեմբերի, 2017թ.)
· ԱՄՆ Կոլորադո
նահանգի Սենատի բանաձև (24 ապրիլի, 2019թ.)
· ԱՄՆ Նյու
Ջերսի նահանգի Քլիֆսայդ Փարք շրջանի խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը (14
նոյեմբերի, 2020թ.)
· ԱՄՆ Նևադա
նահանգի խոշորագույն Քլարկի շրջանի կառավարությունը ճանաչել է Արցախի անկախությունը
(17 նոյեմբերի, 2020թ.)
· ԱՄՆ Նյու
Ջերսի նահանգի Ռիջֆիլդի տարածաշրջանի կառավարությունը ճանաչել է Արցախի անկախությունը
(25 նոյեմբերի, 2020թ.)
· ԱՄՆ Կալիֆոռնիայի
Օրընջ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը (8 դեկտեմբերի, 2020թ.)
· ԱՄՆ Այդահո
նահանգի Սենատի բանաձև (24 ապրիլի, 2021թ.)
· ԱՄՆ Նյու
Ջերսի նահանգի Սենատի բանաձև (30 հուլիսի, 2021թ.)
Արցախը փաստացի ճանաչած քաղաքներն ու մունիցիպալ միավորներն
են.
· 23 ապրիլի,
2013թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆոռնիա)
· 10 սեպտեմբերի,
2013թ.՝ Լոս-Անջելես (ԱՄՆ, Կալիֆոռնիա)
· 5 նոյեմբերի,
2013թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆոռնիա)
· 20 ապրիլի, 2016թ.՝ Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)
Երկկողմ հարաբերությունների և Արցախի ճանաչման տեսանկյունից առանձնակի կարևորություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, մասնավորապես, քույր քաղաքների միջև պայմանագրերի կնքումը:
Բարեկամական հարաբերություններ են հաստատված Արցախի և ԱՄՆ-ի,
Ֆրանսիայի, Բասկերի երկրի (Իսպանիա), Բրազիլիայի ու Լիբանանի քաղաքների և համայնքների
միջև.
·
1998թ. մայիսի
22-ին Վիլյորբան (Ֆրանսիա)- Ստեփանակերտ քաղաքներ
·
2005թ. հոկտեմբերի
26-ին Մոնտեբելո (ԱՄՆ, Կալիֆոռնիա)- Ստեփանակերտ քաղաքներ
·
2012թ. մայիսի
9-ին Լոս Անջելես (ԱՄՆ, Կալիֆոռնիա)- Շուշի քաղաքներ
·
2013թ. հունիսի
11-ին Լե-Պեն-Միրաբո (Ֆրանսիա)-Մարտունի քաղաքներ
·
2013թ. նոյեմբերի
26-ին Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆոռնիա)- Բերձոր քաղաքներ
·
2014թ. փետրվարի
21-ին Վիեն (Ֆրանսիա)- Հադրութ քաղաքներ
·
2014թ. ապրիլի
22-ին Պիկո Ռիվերա (ԱՄՆ, Կալիֆոռնիա)-Քարվաճառ քաղաքներ
· 2014թ. սեպտեմբերի
13-ին Դոնոստիա/Սան Սեբաստիան (Բասկերի երկիր)- Ստեփանակերտ քաղաքներ
· 2014թ. հոկտեմբերի
5-ին Բուրգ-լե-Վալանս (Ֆրանսիա)-Շուշի քաղաքներ
· 2014թ. հոկտեմբերի
28-ին Բըրբանք (ԱՄՆ, Կալիֆոռնիա)- ԱՄՆ, Կալիֆոռնիա- Հադրութ քաղաքներ
· 2014թ. նոյեմբերի
19-ին Բուկ-Բել-էր (Ֆրանսիա)- Ասկերան քաղաքներ
· 2015թ. մայիսի
17-ին Վալանս (Ֆրանսիա)- Ստեփանակերտ քաղաքներ
· 2015թ. մայիսի
18-ին Վիլյորբան (Ֆրանսիա)- Շուշի քաղաքներ
· 2015թ. մայիսի
20-ին Սարսել (Ֆրանսիա)- Մարտակերտ քաղաքներ
· 2016թ. փետրվարի
3-ին Ֆրանկու դա Ռոշա (Բրազիլիա)- Ստեփանակերտ քաղաքներ
· 2017թ. սեպտեմբերի
25-ին Դեսին-Շարպիո (Ֆրանսիա)-Ճարտար քաղաքներ
· 2017թ. նոյեմբերի
20-ին Ալֆորվիլ (Ֆրանսիա)-Բերձոր քաղաքներ
· 2017թ. ապրիլի
3-ին Բուր-դե-Պեաժ (Ֆրանսիա)-Մարտունի քաղաքներ
· 2018թ. մայիսի
17-ին Բուրջ Համուդ (Լիբանան)-Մարտակերտ քաղաքներ
· 2018թ. մայիսի
18-ին Այնճար (Լիբանան)-Կովսական քաղաքներ
· 2018թ. հոկտեմբերի
21-ին Սենտ Էտիեն (Ֆրանսիա)- Շուշի
· 2018թ. հոկտեմբերի
22-ին Առնուվիլ (Ֆրանսիա)-Շեխեր
· 2019թ. հուլիսի
23-ին Ռայդ (Ավստրալիա)- Ստեփանակերտ քաղաքներ
· 2019թ. սեպտեմբերի
20-ին Իզեր նահանգ (Ֆրանսիա)- Հադրութի շրջան
2015թ. մայիսի 17-ին համագործակցության հռչակագիր է ստորագրվել
Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի (Ռոն-Ալպ տարածաշրջան) և Արցախի միջև:
Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստական և ագրեսիվ քաղաքականության
հետևանքով որոշ երկրների քաղաքներ կասեցրել են Արցախի քաղաքների հետ նախկինում կնքված
համապատասխան բանաձևերը:
· 2021թ. մայիսի
29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի
Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության
հռչակագիրը չեղարկելու մասին:
· 2021թ. հունիսի
11-ին Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ,
Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության
հռչակագրերը:
· 2022թ. հունիսի
սկզբին Իսպանիայի Ամպոստա և Արցախի Ասկերան քաղաքները դարձել են քույր քաղաքներ:
Խորհրդարանական դիվանագիտություն
Արցախի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն
ունի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչը Արցախի Հանրապետության չճանաչված լինելու
պարագայում հնարավորություն է տալիս գործնական կապեր հաստատել տարբեր երկրների խորհրդարանների
և հասարակական-քաղաքական շրջանակների հետ:
Այս համատեքստում հատուկ կարևորություն ունի բարեկամական
խմբերի ու շրջանակների ձևավորումն ու նրանց գործունեությունը:
· 2013թ. փետրվարի
26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի հետ Բարեկամության
խումբ: 2017թ. հուլիսի 5-ին խումբն ընդլայնվեց և վերափոխվեց Լիտվա-Արցախ բարեկամության
շրջանակի, որին միացան Լիտվայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական
գործիչներ:
· 2013թ. մարտի
19-ին Ֆրանսիայում ձևավորվեց Արցախի հետ Բարեկամության խումբ, որում ընդգրկված են քաղաքական
գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և Ֆրանսիայի սենատորներ:
· 2014թ. հոկտեմբերի
15-ին Եվրախորհրդարանում Արցախի Հանրապետության անկախության 23-ամյակին նվիրված հանդիսավոր
միջոցառման ընթացքում հայտարարվեց Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման գործընթացի
մեկնարկի մասին:
· 2017թ. հոկտեմբերի
18-ին Բելգիայի ֆլամանդական խորհրդարանում հայտարարվեց Արցախի հետ Բելգիայի ֆլամանդանցի
պատգամավորների բարեկամության խումբ ստեղծելու մասին:
· 2017թ. հոկտեմբերի
20-ին Բրյուսելի Վալոնական խորհրդարանում հայտարարվեց Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս
պատգամավորների, հասարակական և գիտական գործիչների բարեկամության շրջանակ ստեղծելու
մասին:
· 2019թ. մարտի
19-ին Կանադայի Համայնքների պալատում ստեղծվեց «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ»
խումբը: Այդ նախաձեռնությանն ի պատասխան՝ մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային
ժողովում ստեղծվեց «Արցախ-Կանադա» բարեկամության խումբը, որում ընդգրկվեցին ներկայացուցիչներ
բոլոր խմբակցություններից:
· 2019թ. օգոստոսի
1-ին հայտարարվեց Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:
Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ,
ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և
ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի
գործիչներ: Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 57 գործիչներ:
2021թ. դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի սենատը հավանություն է
տվել Արցախի մասին տեղեկատվություն ստանալու համար միջազգային խմբի ստեղծմանը:
Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և
դրանից հետո Արցախի անկախությունը ճանաչած և ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող
փաստաթղթերը
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված
լայնածավալ պատերազմի ընթացքում 23 օտարերկրյա պետությունների (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա,
Բելգիա, Գերմանիա, Ավստրալիա, Հունաստան, Կիպրոս, Արգենտինա, Ուրուգվայ, Իսպանիա, Կատալոնիա,
Բասկերի երկիր, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ,
Մոլդովա, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստրի մոլդովական հանրապետություն) պետական
կառույցներ, օրենսդիր մարմիններ, նահանգներ և քաղաքներ Արցախի անկախությունը ճանաչող
և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան դատապարտող
և/կամ արցախահայերին աջակցող 151 բանաձևեր են ընդունվել:
Արցախի անկախությունը ճանաչող և/կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման
իրավունքը սատարող (ընդհանուր առմամբ 101) բանաձևեր են ընդունել.
· Ֆրանսիայի
սենատը, ազգային ժողովը, 6 շրջաններ (Կորսիկա, Իլ-դը-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օկսիտանիա,
Օ-դը Ֆրանս, Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազուր), 4 մետրոպոլներ (Գրենոբլ, Էկս Մարսել, Նիցցա-Կոտ-դ'Ազուր
և Մեծ Լիոն), 6 դեպարտամենտներ (Օ-դը-Սեն, Բուշ-դյու-Ռոն, Իզեր, Օտ-Գարոն, Վալ-դը-Մարն
և Ալպ-Մարիտիմ), 32 քաղաքներ (Փարիզ, Ալֆորվիլ, Լիմոնե, Վիեն, Դեսին-Շարպիո, Սենտ Էտիեն,
Մոնպելիե, Սարսել, Կլամար, Իսի-լե-Մուլինո, Վալանս, Մարսել, Քաշան, Մարտիգ, Մերե, Շարվիյո-Շավանյո,
Գարդան-Բիվե, Ժիեր, Էկս-ան-Պրովանս, Բուրգ-լե-Վալանս, Անիեր, Սեն-Շամոն, Բուկ-Բել-էր,
Անտոնի, Լիլ, Կուրբըվուա, Նիցցա, Սիմիան Կոլոնգ, Մյոդոն-լա-Ֆորե, Պլան-դը-Կյուկ, Վիլյորբան
և Սեպտեմ-լե-Վալոն):
· Իտալիայի
1 շրջան (Լոմբարդիա), 15 քաղաքներ (Միլան, Պալերմո, Ազոլո, Չերկիարա դի Կալաբրիա, Կարբոնյանո,
Պիզա, Չեզենայի, Ֆորլի, Բերչետո, Արկոյի, Վիարեջջոյի, Ֆորտե դեյ Մարմի, Դրենա, Բլեջջո
Սուպերիորե, Ռինյանո Ֆլամինիո)
· Ուրուգվայի
1 նահանգ (Պայսանդու), 1 քաղաք (Մոնտեվիդեո)
· ԱՄՆ 1 նահանգ
(Միչիգան), 5 շրջաններ (Ֆրեզնո, Քլիֆսայդ Փարք, Քլարկի, Ռիջֆիլդ), 6 քաղաքներ (Ֆրեզնո,
Ֆորտ Լի, Ֆաուլեր, Գլենդեյլ, Արևմտյան Հոլիվուդ, Բրբանք)
·
Կանադայի
1 քաղաք (Լավալ)
·
Իսպանիայի
1 քաղաք (Սանտա Պաու)
·
Կատալոնիայի
2 քաղաքներ (Ամպոստա, Բերգա)
·
Բասկերի
երկրի 1 քաղաք (Ալկիսիա)
·
Մեծ Բրիտանիայի
1 քաղաք (Դերբի)
·
Շվեյցարիայի
1 քաղաք (Ժնև)
·
Նիդեռլանդների
խորհրդարանը
·
Ավստրալիայի
2 նահանգ (Նոր Հարավային Ուելս, Հարավային Ուելսի)
Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և/կամ Արցախին աջակցող (ընդհանուր
առմամբ 50) բանաձևեր են ընդունել.
·Բելգիայի
սենատը, խորհրդարանի ներկայացուցիչների պալատը, Ֆլանդրիայի խորհրդարանը, Վալոնիայի
խորհրդարանը
·
Ավստրիայի
խորհրդարանը
·
Լյուքսեմբուրգի
խորհրդարանը
·
Նիդեռլանդների
խորհրդարանը (21 բանաձև)
·
Կիպրոսի
խորհրդարանի ներկայացուցիչների պալատը
· Հունաստանի
բոլոր քաղաքապետարանների կենտրոնական միությունը, 17 քաղաքներ (Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս,
Լարիսա, Դիդիմոտիխո, Ամինդեո, Պիրեա, Նեա Զմիռնի, Նիկեա-Այիոս Իոաննիս Ռենդի, Վարի-Վուլա-Վուլյաղմենիս,
Վիրոնա, Նեապոլիս-Սիկես, Քսանթի, Սերրես, Կավալա, Սիրոս-Էրմուպոլ, Վիսալտիա)
· ԱՄՆ 1 քաղաք
(Ֆիտչբուրգ)
· Ավստրալիաի
1 քաղաք (Ռայդ), 1 արվարձան (Սիդնեյ քաղաքի Ուիլոգբի արվարձանը)
· Կատալոնիայի
1 քաղաք (Սանտ Իլարի Սակալմ)
Նյութի աղբյուրը՝ Դավիթ Բաբայան- «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը»
Comments
Post a Comment