Skip to main content

Ալեքսանդր Մակեդոնացի

 

Ալեքսանդր III Մակեդոնացին ծնվել է ք.ա. 356թ. հուլիսի 20-ին Պելլա մայրաքաղաքում: Նրա անվան ստուգաբանությունը հետևյալն է. հունարեն ալեքսո բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», (աներ) բառը՝ «մարդ, այր»:

Փիլիպոսի ամբողջ սերնդից միայն Ալեքսանդրը դարձավ իր հոր արժանավոր զավակը, նրա խորթ եղբայրները միջակ ընդունակությունների տեր կամ նույնիսկ թուլամիտ մարդիկ էին:

Բնածին զինվոր Փիլիպոսի համար արվեստն ու կրթությունը օտար ոլորտներ էին, բայց, լինելով լայն աշխարհայացքի տեր, նա ցանկանում էր, որ երիտասարդ սերունդը դաստիարակվեր բարձրարժեք մշակութային մթնոլորտում: 13 տարեկան Ալեքսանդրի դաստիարակության համար հայրը հրավիրեց Արիստոտելին, այն ժամանակ դեռ քիչ հայտնի հույն գիտնականին, որը թագաժառանգին, նրա տարեկից ընկերների հետ միասին, ուսուցանեց և կրթեց 4 տարի: Ալեքսանդրը ստացավ լավագույն գիտելիքները բնագիտության, պատմության, գրականության ու արվեստի բնագավառներում, ծանոթացավ բարոյագիտության, փիլիսոփայության ու քաղաքագիտության հիմունքներին:

Ասում են, թե Փիլիպոսն իր տղային ուսուցանելու համար փիլիսոփային վարձահատույց եղավ՝ վերականգնելով նրա հայրենի քաղաք Ստագեյրան, որն ավերել էին մակեդոնացիք:

Ալեքսանդրի մանկության ընկերները, ընտրյալ վերնախավի զավակները հետագայում դարձան նրա մերձավոր շրջապատը:

Արիստոտելի առաջադեմ հայացքները, խորաթափանց մտածելակերպը, բազմաոլորտ գիտելիքներն ու իմաստնությունը չէին կարող չհրապուրել երիտասարդ Ալեքսանդրին: Ուսուցիչը բացահայտում էր հունական մշակութային ու մարդասիրական արժեքները և սովորեցնում, որ երջանկությունը ոչ թե հաճույքներից օգտվելն է, այլ գիտակցված գործունեություն՝ հանուն հոգևոր պահանջների բավարարման:

Արիստոտելից ազդված արքայազնը դարձավ Հոմերոսի «Իլիականի» երկրպագուն: Նա ներքին կապ և ընդհանուր գծեր էր գտնում իր ու հունական հերոս Աքիլլեսի միջև: Ըստ ընտանեկան ավանդության, Ալեքսանդրի տոհմածառը սկիզբ էր առնում 2 առասպելական հերոսներից. մայրական կողմից՝ Աքիլլեսից, հայրական կողմից՝ Հերակլեսից: Ուստի բնական էր, որ արքայազնը անչափ հպարտանում էր այդպիսի նախնիներով, երազում տիրանալ նման փառքի և անմահացնել իր անունը:

Ալեքսանդրը տարիների ընթացքում սովորություն դարձրեց իր արշավանքներին ներգրավել գիտնականների, որոնց հավաքած նյութերը հետագայում մեծ դեր խաղացին հեռավոր ու անհայտ երկրների ուսումնասիրման գործում: Անգնահատելի է նաև նրա զինակից պատմիչների ներդրումը, որոնց աշխատությունները դարձան Մակեդոնացու մասին գրականության հիմքը:

Պատմիչները գրում են, որ արդեն երիտասարդ տարիքից Ալեքսանդրը համակվում է այն գաղափարով, որ իր առաքելությունն է հունական վեհապանծ քաղաքակրթությունը տարածել «բարբարոսական» աշխարհում: Երբ Ալեքսանդրը գահ բարձրացավ, Արիստոտելը նրան ընծայեց պետության մասին իր հիմնարար աշխատությունը, հուսալով, որ ուսումնատենչ գերազնվագույն սանը մի օր կյանքի կկոչի նրա դրույթները: Փիլիսոփան խիստ կարևորում էր պետության դերը մարդկանց բարոյական դաստիարակության գործում և համոզված էր, որ իդեալական է այն քաղաքական կառույցը, որն ապահովում է քաղաքացու ու պետության շահերի ներդաշնակությունը: Մյուս կողմից, նա վստահ էր, որ ազգի ապագա առաջնորդ Ալեքսանդրը պետք է դրսևորեր իրեն որպես հեգեմոն ու հելլենների բարեկամ, իսկ «բարբարոսներին» վերաբերվեր որպես անասունների ու բույսերի: Այդ ժամանակներում բոլոր մարդկանց իրավահավասարության գաղափարը խորթ էր ինչպես շարքային մարդու, այնպես էլ Արիստոտելի նման գիտնականի համար: Սակայն հետագայում Ալեքսանդրը, գտնվելով իր հաջողությունների գագաթնակետում, ժխտեց ուսուցչի ուսմունքի այդ կողմը, քանզի դա հակասում էր նրա աշխարհակալական պատկերացումներին: Այդ հարցում Մակեդոնացին կարողացավ վեր բարձրանալ իր շրջապատից ու իր ժամանակից:

Չնայած իրենց հարաբերություններում տեղ գտած հակասություններին, Ալեքսանդրը մինչև իր կյանքի վերջը աշխատում էր հոգալ փիլիսոփայի կարիքները: Երբ Արիստոտելը տեղափոխվեց Աթենք, Ալեքսանդրը նրան աջակցեց ստեղծել իր դպրոցը՝ լիկեյոսը: Արիստոտելյան դպրոցի նյութերը երկար տարիներ պահվում էին Եգիպտոսի հանրահայտ Ալեքսանդրյան գրադարանում: Չնայած մեզ հասած ձեռագրերը կազմում են մեծ մտածողի գիտական ժառանգության փոքր մասը, նրանք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը և համարվում են մարդկության փիլիսոփայական մտքի գլուխգործոցը:

Պատանի Ալեքսանդրը ստացավ նաև զինվորական դաստիարակություն մանկական ու պատանեկան ռազմախաղերի շնորհիվ՝ փորձառու մասնագետների հսկողությամբ:

Դեռևս մանուկ Ալեքսանդրը բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ էր անում արքունիքում հայտնված պարսիկ վտարանդիներին՝ իրենց հայրենիքի պատմության, աշխարհագրության, բնական պաշարների, ավանդույթների ու բնակիչների մասին: Ալեքսանդրը կարծես, ցանկանում էր ավելի մոտիկից ծանոթանալ հարևան հզոր պետության հետ և մտքում փառասեր ծրագրեր էր հղանում իր ապագա անելիքների վերաբերյալ: Հատուկ ակնածանքով էր նա ուսումնասիրում պարսից տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի պատմությունը: Հետագայում, Արևելյան արշավանքի ժամանակ, Ալեքսանդրը երկու անգամ այցելեց Կյուրոսի դամբարանը պարսից հին մայրաքաղաք Պասարգադեում: Երկրորդ այցի ժամանակ պարզվեց, որ արքայի շիրիմը կողոպտվել էր, իսկ մասունքները՝ ցիրուցան արվել: Ալեքսանդրը խստորեն պատժվեց տեղի կուսակալին ու պահակներին և կարգադրեց վերականգնել դամբարանը:

Խորաթափանց Փիլիպոսը տեսնում էր, թե ինչպես էր տարիների ընթացքում աճում որդու փառամոլությունը: Ըստ հայտնի ավանդության, երբ Ալեքսանդրին հաջողվեց սանձահարել խոյաձև գլխով մի անհնազանդ փառահեղ նժույգի, հիացած Փիլիպոսը բացականչեց. «Որդի՛ս, քեզ արժանի թագավորություն փնտրիր, քանզի Մակեդոնիան քեզ համար շատ փոքր է»: Նժույգ Բուկեփալոսը դարձավ Ալեքսանդրի անբաժան ընկերը: Տարիներ անց, արևելյան արշավանքի ժամանակ, Բուկեփալոսին առևանգել էր սկյութական մի ցեղ: Երբ կատաղած Ալեքսանդրը սպառնաց, որ կոչնչացնի տեղի բնակիչներին, Բուկեփալոսը փառքով վերադարձվեց տիրոջը: Ալեքսանդրը հավերժացրեց ձիուն՝ հեռավոր Հնդկաստանում իր հիմնած քաղաքներից մեկն անվանելով Բուկեփալիա:

Ալեքսանդրն ու Փիլիպոսը հազվադեպ էին շփվում՝ վերջինիս գերզբաղվածության պատճառով: Երիտասարդ արքայազնը հիանում էր հոր սխրանքներով, թեպետ ներքուստ վախ ուներ, որ «… հայրը կկատարի բոլոր հերոսություններն ու իրեն բաժին չի թողնի»: Զգալով որդու մտահոգությունը՝ Փիլիպոսը արքայազնին մասնակից է դարձնում տարբեր քաղաքական ու ռազմական անցքերին: Ք.ա. 340թ. նա Ալեքսանդրին կարգադրում է ընդհատել ուսումը, վերադառնալ մայրաքաղաք Պելլա ու իր բացակայության ժամանակ իր անունից ստանձնել երկրի կառավարումը: Իսկ 2 տարի անց Ալեքսանդրը ձեռք է բերում նաև իր առաջին մարտական փորձը՝ մասնակցելով Քերոնեայի հաղթական ճակատամարտին:

Մանկամարդ գեղեցկուհի Կլեոպատրան՝ Փիլիպոսի յոթերորդ ու վերջին կինը, որի հետ նա ամուսնացավ ք.ա. 337թ., մակեդոնական ազնվազարմ տոհմից էր: Նրա քեռին՝ Ատալոսը, թագավորի մերձավոր շրջապատի ամենաազդեցիկ դեմքերից էր: Փիլիպոսի ու Օլիմպիադայի միջև սաստկացած թշնամանքը ծանր էր անդրադառնում Ալեքսանդրի վրա: Իսկ թագավորի նոր ամուսնությունը ակնհայտորեն խարխլում է Փիլիպոսի ու 18-ամյա Ալեքսանդրի առանց այդ էլ լարված հարաբերությունները: Հարսանյաց հանդեսի ժամանակ հյուրերից մեկը, գինուց արբեցած, իր կենացաճառում նորապսակներին մաղթում է լույս աշխարհ բերել օրինածին ժառանգ: Կատաղած Ալեքսանդրը նրա երեսին է շպրտում գինով լի գավաթը, գոռալով. «Իսկ ես, սրիկա, քո կարծիքով բի՞ճ եմ»: Հարբած Փիլիպոսը փորձում է լռեցնել Ալեքսանդրին, սակայն կորցնում է հավասարակշռությունն ու վայր ընկնում: Ալեքսանդրը հեգնանքով բացականչում է. «Նայե՛ք, այս մարդը մտադիր է կտրել Հելլեսպոնտոսը, մինչդեռ չի կարողանում հաստատուն քայլերով մի գահավորակից մյուսին անցնել»: Ընտանեկան բախումը հղի էր քաղաքական լուրջ հետևանքներով: Օլիմպիադան հեռացավ Մակեդոնիայից և ապաստանեց եղբոր՝ Էպեյրոսի թագավորի արքունիքում, իսկ Ալեքսանդրը տեղափոխվեց Իլլիրիա: Եվ միայն հույն հարևանների միջամտությունը հանդարտեցրեց կրքերը: Անելանելի իրավիճակն ավարտվեց ողբերգությամբ՝ Փիլիպոսի սպանությամբ:

Ք.ա. 336թ. արգեադների տոհմական մայրաքաղաք Էգեում, տոնախմբության ժամանակ, երբ Փիլիպոսը մերձավորներով շրջապատված քայլում էր դեպի հրապարակ, նրա վրա հարձակվեց և մահացու դանակահարեց թիկնապահ Պավսանիոսը: Թագավորին ուղեկցող թիկնազորը բռնեց ու առանց քննելու սրախողխող արեց հանցագործին: Ըստ պաշտոնական վարկածի, հանցանքը կատարվել էր անձնական վիրավորանքի հողի վրա: Երկրորդ ենթադրությունը կապված էր Պարսկաստանի գաղտնի մասնակցության հետ: Սակայն մինչ այժմ էլ պատմաբանները տարակարծիք են վերոնշված վարկածների վերաբերյալ: Փիլիպոսին վերացնելը ձեռնտու էր Օլիմպիադային (ու, ենթադրաբար, Ալեքսանդրին): Բանն այն է, որ Փիլիպոսի ու Կլեոպատրայի նորածին զավակը գահի լիիրավ հավակնորդ և լուրջ մրցակից կարող էր դառնալ Ալեքսանդրի համար: Բացի դրանից, Ալեքսանդրը հիմքեր ուներ երկյուղելու, որ Փիլիպոսը մտադիր չէր իրեն ներգրավել Պարսկաստանի դեմ պատրաստվող արշավանքում:

Փիլիպոս II-ի մահից 27 տարի անց նրա ամբողջ տոհմն իսպառ վերացավ, և արգեադների հարստությունը հեռացավ պատմության ասպարեզից:

Արևելյան արշավանքի նախօրեին: Մակեդոնիա

Փիլիպոսի մահը տակնուվրա արեց ամբողջ հունական աշխարհը: Հակամակեդոնական ուժերը հուսադրող ազդակ ստացան, որ կիրականանա Փիլիպոսի երկաթե ճիրաններից դուրս պրծնելու իրենց երազանքը: Տոնական զգեստ հագած անխոնջ Դեմոսթենեսը ցնծաձայն ծաղրակոծում էր «դեռահաս» Ալեքսանդրին: (Հելլադան քաջ ծանոթ էր Փիլիպոսին, բայց նրա որդին դեռ անճանաչ էր շատերի համար): Միջին Հունաստանի գրեթե բոլոր պոլիսները եռանդուն պատրաստվում էին պատերազմի, մյուս ծածուկ թշնամիներն ուշի ուշով հետևում էին իրադարձությունների ծավալմանը: Հուզումները տարածվեցին դեպի Թեսալիա, գլուխ բարձրացրին Թրակիայի ու Իլլիրիայի կիսավայրենի ցեղերը: Իսկ Պարսկաստանը, ինչպես միշտ, պատրաստ էր աջակցելու ցանկացած հակամակեդոնական ուժի:

Մակեդոնիայում նույնպես վիճակը չափազանց լարված էր: Ատալոսը՝ Փիլիպոսի այրու քեռին, կամեցավ տիրանալ Կլեոպատրայի և Փիլիպոսի նորածին դստեր խնամակալի պաշտոնին և Ալեքսանդրին հեռացնել մակեդոնական գահից:

Այնպես որ Ալեքսանդրը ստիպված էր մտածել ոչ թե Պարսկաստանը նվաճելու, այլ Մակեդոնիան իր ձեռքում պահելու մասին: Եվ այստեղ արքայազնի ամենակարևոր համախոհը՝ մակեդոնական զինվորական ժողովը, Պարմենիոնի և Անտիպատրոսի գլխավորությամբ կանգնեց նրա կողքը և պաշտոնապես բասիլևս (թագավոր) ճանաչեց: Թշնամիների հնազանդեցումը երիտասարդ թագավորից մեծ ջանքեր պահանջեց և 1.5 տարով հետաձգեց արևելյան արշավանքի մեկնարկումը:

Սկզբում Ալեքսանդրը շարժվեց դեպի հարավ՝ Թեսալիա, անանցանելի ժայռերի մեջ աստիճաններ ու արահետներ հատեց և, շրջանցելով թշնամական ուղեկալներին, ներխուժեց երկիր: Այնտեղ կիրառելով հմուտ և առատաձեռն քաղաքականություն, նա իր կողմը գրավեց ազնվազարմ տոհմերին և դարձրեց իր դաշնակիցները: Այնուհետև Ալեքսանդրին հաջողվեց առանց խոչընդոտի կտրել Թերմոպիլյան լեռնանցքն ու մտնել Միջին Հունաստան: Ասում են, որ ճանապարհին Մակեդոնացին այցելեց Դելփիքի սրբազան տաճարը: Ալեքսանդրը միշտ լեզու էր գտնում քրմերի հետ և այս անգամ էլ էր ակնկալում ստանալ աստվածների գուշակությունը: Սակայն տաճարի գլխավոր քրմուհին տրամադրված չէր շփվելու Ալեքսանդրի հետ, ու երբ վերջինս առանց վարանման քարշ տվեց նրան դեպի զոհարան, բացականչեց. «Երիտասարդ, քեզ անհնա՛ր է դիմադրել»: Ալեքսանդրը բաց թողեց քրմուհուն, ասելով, որ այդպիսի գուշակությունը լիովին բավարարում է իրեն:

Երիտասարդ բասիլևսի ռազմական հաջողությունները սարսափեցրին Հելլադային: Պոլիսներից ժամանած դեսպանները թանկարժեք նվերներով ու ներման աղերսանքներով փորձում էին մեղմացնել Ալեքսանդրի զայրույթը: Հելլադայի երբեմնի անհնազանդ քաղաքները իրար հետևից հանձնվում էին Մակեդոնացուն: Հարգելով Աթենքի ծովային ու մշակութային կենտրոն լինելը, Ալեքսանդրը ցուցադրաբար ներում շնորհեց նրան: Կրկին Կորինթոսում հրավիրված ժողովում Ալեքսանդրը հեգեմոն հռչակվեց ու նրան հանձնվեց պարսիկների դեմ արշավանքի հրամանատարությունը, ինչը մինչ այդ վստահվել էր Փիլիպոսին: Հենց այստեղ, Կորինթոսում, նա հանդիպեց կինիկ փիլիսոփա Դիոգենեսին, որը հայտնի էր իր բացարձակ քամահրանքով աշխարհիկ բարիքների հանդեպ: Ասում են, որ երբ Ալեքսանդրը իր շքախմբով մոտեցավ խոտին պառկած փիլիսոփային ու հարցրեց, թե արդյո՞ք նրան որևէ բան պետք չէ, Դիոգենեսը պատասխանեց. «Մի քիչ էն կողմ գնա, արևը փակում ես»: Տպավորված երիտասարդը հետագայում մտախոհ ասել է. «Եթե ես չլինեի Ալեքսանդրը, կուզենայի լինել Դիոգենես»:

Ալեքսանդրի բացակայության ժամանակ Օլիմպիադան անգթաբար բնաջնջում էր որդու թշնամիներին: Մարդասպանի ձեռքից ընկավ Ատալոսը: Ողբերգական ճակատագիր վիճակվեց այրիացած Կլեոպատրային. նորածին դուստրը սպանվեց մոր ծնկների վրա, այնուհետև հերթը հասավ և դժբախտ կնոջը: Խոստովանենք, որ հետագայում Ալեքսանդրը հանդիմանեց մորն այդ դաժան արարքի համար:

Ամենավտանգավոր փուլը, կարծես, անցած էր: Անհրաժեշտ էր հեռու ճամփա ընկնելուց առաջ ապահովել թիկունքում մնացող դրացիների չեզոքությունը: Ու Ալեքսանդրը նախաձեռնում է հյուսիսային արշավանքը թրակիական ու իլլիրիական լեռնցիների դեմ, որի ընթացքում նա հասավ մինչև Իստրոս (Դանուբ) գետը: Բալկանյան ժողովուրդների հնազանդեցումը ոչ միայն ապահովեց Ալեքսանդրի թիկունքի անվտանգությունը, այլև համալրեց նրա զորքը «բարբարոսական» ջոկատներով:

Մինչ Ալեքսանդրը կռվում էր հյուսիսում, Հելլադայում սուտ լուր տարածվեց նրա մահվան մասին: Անվերջ դավեր նյութող Աթենքն ու Թեբեն նորից ապստամբեցին: Այս անգամ երիտասարդ բասիլևսը խղճահարություն չունեցավ ոչ ոքի հանդեպ. նա կոտորեց «յոթնադարպաս Թեբեի» բնակիչներին և ողջ մնացածների վայնասունի տակ բաբաններով հիմնահատակ ավերեց քաղաքը, անվնաս թողնելով միայն բանաստեղծ Պինդարոսի հուշատունը: Հնադարյան քաղաքի ողբալի ճակատագիրն այնպես ահաբեկեց աթենացիներին, որ նրանք հանձնվեցին Ալեքսանդրին, երբ տեղեկացան նրա մոտենալու մասին: Հետագայում ալեքսանդրամետ պատմաբանները փորձում էին արդարացնել Թեբեի ջարդը՝ իբրև պետական շահերից բխող անհրաժեշտություն:

Վերջիվերջո, կարգուկանոն հաստատելով և հավատարմության հավաստիացումներ ստանալով բոլոր պոլիսներից՝ բացառությամբ Սպարտայի, Ալեքսանդրը, որպես Հելլադայի լիիրավ առաջնորդ, անցավ մտահղացած արշավանքին:

Սակայն նա չէր պատրաստվում հետևել Փիլիպոսի մշակած ծրագրերին: Ճիշտ է, արշավանքի նպատակներին նա ավելացրեց նաև վրեժխնդրությունը հոր սպանության համար: Սակայն երիտասարդ թագավորի համար Մակեդոնիան հիրավի «շատ փոքր էր» և, մի կողմ դնելով մասնավոր խնդիրները, նա պատրաստվում էր իրականացնել վաղեմի երազանքը՝ համահելլենական գաղափարի ներքո մերձեցնել աշխարհի բոլոր ժողովուրդներին:

Փիլիպոսի զինակիցներ Պարմենիոնն ու Անտիպատրոսը խորհուրդ են տալիս հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու արկածախնդիր քայլերի չդիմել. չէ՞ որ անհաջողության դեպքում կործանման եզրին կհայտնվեր ամբողջ հելլենական աշխարհը: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ տարեց զինվորների կանխատեսումներն ու խորհուրդներն ավելի քան տեղին էին, բայց ասողին լսող էր պետք:

Արևելյան արշավանքի նախօրեին: Պարսկաստան

Ինչպիսի՞ն էր Պարսկաստանի դիրքորոշումը տվյալ հանգամանքներում: Արքունիքն առանձնապես տագնապով չէր դիտում երիտասարդ մակեդոնացի առաջնորդի պատրաստությունները, քանզի հիմք ուներ կարծելու, որ Մակեդոնիայի ուժերից վեր է հակադրվել իրեն: Կուսակալները զեկուցում էին, որ սահմանագծի կայազորները հեշտությամբ կջախջախեն Ալեքսանդրին, և որ պարսից բանակի մարտական ոգին բարձր է ինչպես երբեք…

Այդ ժամանակ Արյաց տիրակալության արքան էր Դարեհ III Կոդոմանոսը, ով եղավ Աքեմենյանների հարստության վերջին տիրակալը: Այդ ապաշնորհ անձնավորությունը պատմության մեջ մտավ լոկ Ալեքսանդրի հետ առնչվելու կապակցությամբ: Դարեհ III-ը գահակալել էր 45-ամյա տարիքում, նույն տարում, երբ Ալեքսանդրը Մակեդոնիայի թագավոր դարձավ: Ունենալով արքայական ծագում, նա, սակայն, Աքեմենյանների երկրորդական ճյուղի ներկայացուցիչն էր: Իսկ գահին էր բազմել պալատական հեղաշրջման արդյունքում, ստանալով արքունիքի ամենազոր դեմքի՝ ներքինի Բագոասի աջակցությունը: (Շուտով Բագոասը հիասթափվեց իր հովանավորյալից և փորձեց գահազրկել նրան, բայց Դարեհը առաջ անցավ և թունավորեց ծերունուն): Մինչ Պարսկաստանի արքա դառնալը՝ Դարեհը հյուսիսային մարզ Հայաստանի կուսակալն էր: Հասարակ կուսակալից մինչև երկրի տիրակալը կատարած գլխապտույտ թռիչքը Դարեհին նետեց արքայական կյանքի վայելքների գիրկը, և նա տրվեց հաճույքներին չտես գավառացու պես:

Պարսից արքունիքը բզկտվում էր ներքին խժդժություններից, որոնք խլեցին Դարեհից այն թանկագին ժամանակը, որն անհրաժեշտ էր պատերազմին նախապատրաստվելու համար: Մինչդեռ Ալեքսանդրը, ստանձնելով համահելլենական առաջնորդի դերը, երազում էր շուտափույթ տիրանալ ամենաքաղցր պատառին՝ հարստաշատ Պարսկաստանին:

Ալեքսանդրի ներխուժումից միայն օրեր առաջ պարսիկները ձեռնարկեցին զսպողական քայլեր, ստեղծելով տեղական կուսակալների հատուկ ռազմախորհուրդ: Այն գլխավորում էր հույն ազնվատոհմիկ Մեմնոն Հռոդոսցին, որը պարսկական բանակում ծառայելիս դրսևորել էր իրեն որպես փայլուն զորավար: Նա իր տրամադրության տակ ուներ 60 հազարանոց բանակ, որի մեծ մասը կազմում էին հույն վարձկանները: Մեմնոնը հանդես եկավ Ալեքսանդրին դիմադրություն ցույց տալու հիմնավորապես մտածված ծրագրով. նահանջելով Փոքր Ասիայի արևելյան մասը՝ երկրի խորքը ներքաշել Մակեդոնացու բանակը, և, կիրառելով խանձած հողի մարտավարությունը, կտրել թշնամուն պարենային գծերից: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, դա կարող էր դառնալ Ալեքսանդրի առաջընթացը կասեցնելու ամենագործուն միջոցը: Սակայն այդ ծրագիրը մերժվեց պարսիկ զորապետների ու կուսակալների կողմից: Նրանք չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդ, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ տիրանալ հաղթողի դափնիներին: Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ենթարկվել խորհրդի որոշմանը:

Արևելյան արշավանքի մեկնարկումը: Գրանիկոս գետի ճակատամարտը

Ք.ա. 334թ. մայիսին սկսվում է Ալեքսանդրի առասպելական արևելյան արշավանքը: Անտիպատրոսի տրամադրության տակ թողնելով 12.000 զինվոր՝ Մակեդոնիան պաշտպանելու և Հունաստանում կարգուկանոն պահպանելու համար, Ալեքսանդրը, գլխավորելով իր շուրջ 50 հազարանոց բանակը, նավերով կտրում է Հելեսպոնտոս նեղուցը, և իր նիզակը խրում այն ժամանակ պարսից տերությանը պատկանող Փոքր Ասիայի հողը: Այսուհետև ուր իր ոտքն էր դնելու մակեդոնացի զինվորը, այն Ալեքսանդրի համար դառնալու էր հայրենի հող:

Մի քանի օրից Մակեդոնացին սրտի տրոփյունով այցելեց Տրոյայի փլատակներն ու, որպես Աքիլլեսի ժառանգորդ և երկրպագու, պսակ դրեց նրա շիրիմին ու զոհ մատուցեց աստվածներին: Հենց այդ սրբավայրի հարևանությամբ, Գրանիկոս գետի ափին, տեղի ունեցավ Ալեքսանդրի առաջին հաղթական ճակատամարտը:

Պարսից զորքը դիրքավորվեց Գրանիկոս գետի բարձրադիր ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր ափին: Պարմենիոնը, մտահոգվելով գետի հոսանքի ուժգնությամբ ու կավոտ ափի դժվար անցանելիությամբ, փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և անհրաժեշտ պատրաստությունները տեսնել: Ալեքսանդրը, որ մշտապես արհամարհում էր վտանգը, նետեց. «Հելեսպոնտոս կտրած բանակը չպե՛տք է վախենա գետանցումից»:

Բարձունքի վրա անշարժ կանգնած պարսից զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին, երբ նրանք ավարտեն գետնանցումը: Այդ նպատակով պարսիկները ափի երկայնքով տեղադրել էին իրենց ընտրանի հեծելազորին, իսկ հույն վարձկանների հետևակին՝ երկրորդ գծում: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. զառիվայր ափին տեղաբաշխված հեծելազորն ի սկզբանե զրկված էր գրոհելու հնարավորությունից, իսկ նրա հետևում գտնվող մարտունակ հունական ջոկատները փաստորեն սեղմվեցին ծուղակում: Պարսիկների տրամադրած նման բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Մակեդոնացու ուշադրությունից: Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ: Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի ելավ սպիտակ փետրափնջով զարդարված փայլուն սաղավարտով և միանգամից դարձավ հակառակորդի բաղձալի թիրախը:

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը հեծելազորով արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնը, իր վրա ընդունելով հակառակորդի հարվածը: Մարտը թեժացավ Ալեքսանդրի շուրջը: Թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա տապալեց մի քանի թշնամու՝ իր օգնականից խլած նիզակով: Հետո ճեղքվեց թագավորի սաղավարտը, իսկ երբ նրա դիմաց հայտնվեց տապարով զինված պարսիկ հեծյալը՝ Ալեքսանդրի մանկության ընկեր ու ստնտուի եղբայր Կլիտոսը թրի հարվածով կտրեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Այս ընթացքում Պարմենիոնի զորաթևը, հոսող ջրի մեջ դոփդոփելով, ներքևից վերև դիմադրում էր պարսիկներին: Վերջապես, բարեհաջող ավարտելով գետանցումը, նրանք դիմեցին գրոհի և թշնամուն փախուստի մատնեցին:

Գրանիկոս գետի ճակատամարտում հաղթանակը հիմնականում ապահովեց հեծելազորը: Տեղանքի կտրտվածության պատճառով մակեդոնական փաղանգը չմասնակցեց ճակատամարտին: Բացահայտվեց նաև, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսկական տեգերը: Գրանիկոսում սպանվեցին Դարեհի ավագ որդին, մի քանի անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև ջախջախվեց հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորության: Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և քաջալերեց նրանց: Կարելի է պատկերացնել, թե որքա՛ն ոգեշնչող էր զինվորների համար իրենց տարեկից բասիլևսի սրտացավ վերաբերմունքը: Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթայակապ ուղարկեց տաժանավայր, հիմնավորելով այդ պատիժը Կորնթոսյան համաժողովի վճռով, որն արգելում էր հույներին ու մակեդոնացիներին ծառայել պարսկական բանակում:

Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (մոտ 100 հոգի), իսկ պարսիկների հազարավոր զոհերի մասին: Ինչպես հայտնի է, պատմությունը հաղթողներն են գրում, այնպես որ վերապահությամբ մոտենանք այդ տեղեկություններին:

Ալեքսանդրը Փոքր Ասիայում

Գրանիկոս գետի ճակատամարտում հաղթանակից հետո Ալեքսանդրը շարժվում է Փոքր Ասիայի ափամերձ գծին զուգահեռ: Այժմ նրա համար հույժ կարևոր էր ոչ միայն վերադարձնելը ժամանակին թշնամու ձեռքն ընկած հունական գաղութները, այլև պարսկական նավատորմիղին մեկուսացնելն իր Միջերկրածովյան նավահանգիստներից: Նվաճելով այդ տարածքները ցամաքային ուժերի միջոցով, Ալեքսանդրը հասկացավ, որ հունական նավատորմի օգնության կարիքն առժամանակ չի ունենա և ցրեց այն:

Դարեհի տաղանդաշատ զորավարը՝ Գրանիկոս գետի ճակատամարտում պարտված Մեմնոնը, փորձեց պատերազմական գործողությունները տեղափոխել Մակեդոնիա և Հունաստան, սակայն հանկարծամահ եղավ: Մեմնոնի մահը ծանր հարված էր Դարեհի համար. նա զրկվեց Ալեքսանդրին համազոր իր միակ զորավարից: Հրավիրված զինվորական խորհրդակցության ժամանակ մեկ ուրիշ հույն զորավար՝ Խարիդեմոսը, առաջարկեց հույն վարձկաններից և պարսից ընտրանի ջոկատներից խառը զորք կազմել և իրեն վստահել պատերազմի ղեկավարությունը: Պարսից մեծամեծների հետ թեժ վեճի ժամանակ Խարիդեմոսը փորձեց պնդել, թե պարսիկներն առանց հույների օգնության անզոր են պայքարելու Մակեդոնացու դեմ, և որ Դարեհ արքան կկործանվի, եթե իր խորհուրդը չլսի: Դարեհը և՛ որպես պարսիկ, և՛ որպես ամենազոր տիրակալ՝ վիրավորված այս խոսքերից, ձեռքը դրեց Խարիդեմոսի գոտուն: Դա նշանակում էր, որ վերջինս դատապարտված է մահվան: Թիկնապահները դուրս տարան հույն զորավարին ու խեղդամահ արեցին: Ասում են, թե Խարիդեմոսի վերջին խոսքերն էին. «Դու շուտով կզղջաս, որ չկարողացար գնահատել ինձ: Ինձ համար վրեժ առնողը հեռու չէ»:

Այս դեպքերից հետո Դարեհը ստիպված եղավ անձամբ գլխավորել պարսկական բանակն ու հայտարարեց նոր զորահավաք: Ք.ա. 333թ. աշնանը նա Բաբելոնից դուրս եկավ Ալեքսանդրին ընդառաջ:

Մինչդեռ Ալեքսանդրը խորանում է փոքրասիական տիրույթներում: Ք.ա. IV դարի Փոքր Ասիան, մանավանդ նրա առափնյա մասը հարուստ, արգավանդ ու զարգացած երկիր էր: Մակեդոնացիներին դիմադրություն ցույց տվեցին միայն երկու հունական քաղաքներ՝ Միլետոսն ու Հալիկառնասոսը, որոնք, սակայն, շուտով գրավվեցին ու պատժվեցին: Այնուհետև չհանդիպելով լուրջ դիմադրության, Ալեքսանդրը գրավեց Փոքր Ասիայի վարչական ու առևտրական կենտրոնները և տարանցիկ ճանապարհները: Տեղական բնակչությունը, ինչպես հույները, այնպես էլ բնիկներն ի դեմս Ալեքսանդրի տեսնում էին իրենց փրկչին, որը բոլորին առատորեն խոստանում էր ամեն տեսակ բարիքներ, կամ՝ անտարբեր էին վերաբերվում տիրոջ փոխվելուն: Ալեքսանդրը ինքնավարություն էր պարգևում նրանց, ովքեր ձգտում էին թոթափել պարսից լուծը ու ինքնակամ հանձնվում, և պատժում էր ըմբոստներին: Յուրաքանչյուր քաղաքում թողնելով մակեդոնական կայազոր, նա անարգել առաջ էր շարժվում:

Փռյուգիա կուսակալության գլխավոր քաղաք Գորդիոնում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հարստացրեց Ալեքսանդրի մասին առասպելաբանությունը: Քաղաքի միջնաբերդում տեղադրված էր մի սրբազան սայլ, որի առեղն ամրացված էր լծին հնարամիտ կապած հանգույցով: Ըստ ավանդության, ով կարողանա քանդել հանգույցը, նա կտիրի Ասիային: Ալեքսանդրը չկարողացավ քանդել հանգույցը և կտրեց այն թրով, ասելով. «Ահա և հանգույցը քանդվեց»: Այդտեղից առաջացած «կտրել Գորդյան հանգույցը» արտահայտությունը նշանակում է դժվար կացությունից ելք գտնելու հնարամտություն:

Հետագա ճանապարհն անցնում էր Հայկական լեռնաշխարհի բերրի դաշտերով ու հորդառատ գետերի երկայնքով: Քիդնոս գետի պաղ ջրերի մեջ անզգույշ լողանալու պատճառով թագավորը ծանր հիվանդացավ և ինչ-որ ժամանակ կենաց ու մահու կռիվ էր տալիս: Բայց թագավորի հիվանդությունը արշավանքի ընդհանուր ընթացքի վրա նկատելի հետևանքներ չունեցավ:

Օրեցօր հակառակորդները մոտենում էին իրար: Կտրելով ժայռապատ Կիլիկյան դարպասները՝ Տավրոսի ու Կապադովկիայի լեռների միջով անցնող նեղ ճանապարհը, Ալեքսանդրը մտավ Ասորիք: Այստեղ տեղի ունեցավ Արևելյան արշավանքի երկրորդ մեծ ճակատամարտը:

Իսոսի ճակատամարտը

Հակառակորդներն իրար մոտեցան, տակավին անտեղյակ լինելով մեկը մյուսի տեղադիրքի մասին: Վերջապես, Ալեքսանդրին զեկուցեցին, որ Դարեհի զորքը կանգնած է իր թիկունքում, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան կողմում՝ Իսոս ծոցի ափին, Մուսա լեռան մոտակայքում, այժմյան Իսկանդերուն քաղաքի մոտ:

Բանակները ճամբարվեցին Պինարոս գետակի հովտում, պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունամակեդոնացիները՝ հարավում: Այս ճակատամարտում մասնակիցների ստույգ թիվն անհայտ է. ենթադրաբար Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրինը երեք անգամ:

Իսոսի դաշտավայրը խցկված էր Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում ընդամենը 2.5 կիլոմետր էր: Այդպիսի տեղանքն առավել նպաստավոր էր փոքրաթիվ ու արագաշարժ հունամակեդոնական բանակի համար:

Հարթ տեղանքն ու գետի ծանծաղությունը հարմար էին հեծելազորի գործողությունների համար, ուստի Դարեհը Պինարոսի գետաբերանում տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը՝ հեծյալներին, այդ թվում և հայոց այրուձին: Արքան մտադիր էր հուժկու թևային գրոհով շրջափակել մակեդոնացիներին թիկունքից: Նախատեսելով թշնամու այդպիսի քայլերը, Ալեքսանդրը լրացուցիչ հեծյալներով ուժեղացրեց Պարմենիոնի թևը: Իսկ ինքը, առաջնորդելով հեթայրներին, հետևակին ու մնացած հեծելազորներին, դիրքավորվեց դաշտավայրի աջ կողմում, բլուրների ստորոտում:

Շքախմբով շրջապատված Դարեհը կանգնած էր մարտակառքի մեջ, իր զորքի կենտրոնում: Նրա շուրջը մոգերը աղոթում ու կրակապաշտական ծեսեր էին կատարում: Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի վիթխարի ճամբարը՝ կանանցով ու պերճանքի առարկաներով: Վստահ լինելով, որ հաղթելու է՝ Դարեհը կարգադրել էր Ալեքսանդրին ողջ բռնել:

Ալեքսանդրի հաջողության գրավականն էին ինքնատիպ մարտավարությունն ու զինվորների արհեստավարժությունը: Ճակատամարտից առաջ նա իր նժույգով սլացավ շարքերի առջևով, քաջալերելով զինվորներին ու բարձրացնելով նրանց մարտական ոգին: Ալեքսանդրի նպատակը հետևյալն էր. մինչ Պարմենիոնի ձախ թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհն աջ թևում, ճեղքել թշնամու գիծն ու նետվել գլխավոր թիրախի՝ Դարեհի ուղղությամբ: Այդպիսով, առճակատող կողմերն ընդունել էին նույնանման մարտավարություն: Հարցն այն էր, թե նրանցից ո՞վ առաջ կանցներ:

Ալեքսանդրը փայլուն իրականացրեց իր մտահղացումը: Հեթայրներն աջ կողմից շրջանցեցին թշնամուն ու մխրճվեցին նրա հետևակի մեջ: Այնուհետև Ալեքսանդրը թեքեց դեպի ձախ իր ջոկատը, և ընդունելով սեպաձև բռունցքի դասավորություն, հարվածեց պարսիկների առաջնային գծին: Թշնամու խառնաշփոթ շարքերի միջով նա սլացավ դեպի Դարեհը: Վերջինս ապշած դիտում էր, թե ինչպիսի արագությամբ ու կազմակերպվածությամբ էին մակեդոնացիք կատարում իրենց վերադասավորումները: Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև: Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելի էին խորացել թշնամու շարքերի մեջ, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը պատռվեց և բացվածքի մեջ ներխուժեցին թշնամու փորձառու հույն վարձկանները: Մակեդոնացիք, տալով բազմաթիվ զոհեր, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը հակառակորդի հուժկու հարվածների տակ:

Սակայն Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ Դարեհին: Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, չնկատելով ազդրի վիրավորվելը, նա իր թիկնազորով սրընթաց շարժվում էր Դարեհի կողմը: Պարսիկ թիկնապահներից շատերը զոհվեցին իրենց արքային պաշտպանելիս: Դարեհը, տեսնելով իր շուրջը տեղի ունեցող սպանդը, իջավ մարտակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտի վրայով, հեծնեց իր նժույգն ու փախուստի դիմեց: Նրա հետևից վազող զինվորները գոռում էին. «Արքան փախչո՛ւմ է»: Լսելով այդ գոռոցն ու տեսնելով իրենց զորքի նահանջը, պարսիկ հեծյալները ետ շրջեցին նժույգները: Գազազած մակեդոնացիք հետապնդում էին թշնամուն, իսկ պարսիկ հեծյալները, տրորելով իրենց հետևակին, խուճապահար նահանջում էին: Բոլորի առջևում քառատրոփ սլանում էր Դարեհը, նրան կրնկակոխ հետապնդում էր Ալեքսանդրը: Սակայն լուր ստանալով Պարմենիոնի կորուստների մասին, Ալեքսանդրը անմիջապես դադարեցնում է հետապնդումը և վերադառնում մարտադաշտ: Երբ պարզվում է, որ Պարմենիոնը այլևս օգնության կարիք չունի, Ալեքսանդրը նորից նետվում է Դարեհի հետևից, սակայն նա կորցրել էր թանկագին ժամանակը և ստիպված էր դադարեցնել հետապնդումը:

Երբ Ալեքսանդրը վերադարձավ ճամբար, այնտեղ արդեն տոնում էին հաղթանակը: Մակեդոնացիների ձեռքն էին ընկել Դարեհի գումակում գտնվող գանձերն ու կանանոցը, այդ թվում արքայի մայրը, կինը, դուստրերն ու մանկահաս որդին: Ալեքսանդրը հիրավի ասպետ էր, նա ոչ միայն չնսեմացրեց, այլ նույնիսկ մեծարեց Դարեհի կանանց, թույլ տալով նրանց շարունակել իրենց վայել ապրելակերպը: Դարեհի կինը շուտով մահացավ ծննդաբերությունից, բայց մայրն ու դուստրերը դեռ մի քանի տարի գտնվում էին Ալեքսանդրի հովանու ներքո: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները ջերմացան, ու մեծն տիկին Սիսիգամբիսը մայրական հոգատարություն էր ցուցաբերում Ալեքսանդրի հանդեպ: Ասում են, որ երբ տարիներ անց նրան հայտնեցին Ալեքսանդրի մահվան մասին, նա վշտից սովամահ եղավ: Ինչ վերաբերում է արքայազարմ օրիորդներին, ապա հետագայում նրանք դարձան Ալեքսանդրի ու նրա ազնվատոհմիկ ընկերների տիկնայք:

Իսոսի ճակատամարտի ելքը վճռեց ոչ այնքան մակեդոնական բանակի մարտունակությունը, որքան հակառակորդ զորավարների անկարողությունը: Դարեհը չցուցադրեց տոկունություն և նահանջեց, սակայն չմոռանանք, որ նահանջեց ո՛չ սովորական ախոյանից:

Պատմիչները նշում են պարսկական բանակի մեծ կորուստները: Իսոսի ճակատամարտի արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Պարսկաստանի արևմտյան տիրույթները և ամրապնդվեց Էգեյան ծովի ավազանում: Չնայած Իսոսի ճակատամարտը չդարձավ բեկումնային, սակայն ազդարարեց Աքեմենյան Պարսկաստանի փլուզման սկիզբը:

Ինչ վերաբերում է Մակեդոնացու բանակին, ապա այն խոշոր համալրումներ ստացավ թե՛ աննախադեպ նվաճումներով ոգևորված հելլենական աշխարհից, թե՛ գրաված բազմամարդ երկրամասերից, և թե՛ իր կողմն անցած պարսիկ գնդերի հաշվին:

Պատմաբան Մ.Օհանյանը նշում է, որ Իսոսի ճակատամարտին անդրադառնալիս թարգմանական վրիպակի պատճառով անհետացել են այն տողերը, որոնք Արիանոսի փոխանցմամբ, փաստում են Մակեդոնացու դեմ պարսից բանակի կազմում կռվող հայոց բանակի մասնակցությունը: Մինչդեռ այն եղել է թվաքանակով երրորդը՝ պարսկական և մարական բանակներից հետո:

Ալեքսանդրը Ասորիքում: Տյուրոսի գրավումը

Ք.ա. 332թ. Ալեքսանդրը մտավ Ասորիք: Դամասկոսում նա տիրացավ Դարեհի հարուստ գանձարանին: Այնտեղ Ալեքսանդրը ունեցավ մեկ այլ, անձնական ձեռքբերում՝ նրան ներկայացրին գեղեցկուհի Բարսինեին, Փռյուգիայի կուսակալի դստերը և զորավար Մեմնոնի այրուն: Բարսինեն ստացել էր հելլենական դաստիարակություն և իր ժամանակի խելացի ու ազնվական տիկնանցից էր: Բարսինեն դարձավ Ալեքսանդրի կյանքի ուղեկիցը՝ մինչև նրա ամուսնությունը Հռոքսանեի հետ, և Ալեքսանդրից ունեցավ Հերակլես անունով որդի:

Հենց այստեղ, Դամասկոսում, Ալեքսանդրը ստացավ առաջին նամակը Դարեհից: Արքայից արքան, դիմելով Ալեքսանդրի գթասրտությանը, փրկագին էր առաջարկում գերված կանանոցը վերադարձնելու համար: Դարեհը նաև պատրաստ էր Եփրատից արևմուտք ընկած տարածքները զիջելու գնով համոզել Ալեքսանդրին, որ սկսեն հաշտության բանակցություններ: Մակեդոնացու պատասխանը որոշ առումով կարելի է համարել ծրագրային: Նախ և առաջ նա փաստեց իր նվաճումներն ու տրամաբանորեն ժխտեց սակարկումների անհրաժեշտությունը, քանզի զավթած տարածքներն այնպես էլ արդեն իրենն էին: Մերժելով Դարեհի մյուս բոլոր առաջարկները, Ալեքսանդրը հայտարարեց, որ իբրև աստվածների ընտրյալ ու համահելլենական դաշինքի առաջնորդ, ինքը մտադիր է տապալել Դարեհին ու բազմել պարսից գահին: Ուստի և պահանջեց, որ Դարեհը անձամբ իրեն՝ Ալեքսանդրին հռչակի Աքեմենյանների օրինական գահակալ: Անհնազանդության դեպքում Մակեդոնացին խոստացավ գտնել ու պատժել Դարեհին՝ որտեղ էլ որ նա թաքնված լինի: Բանակցությունների ժամանակ Ալեքսանդրը փաստորեն առաջին անգամ բարձրաձայն հայտարարեց ամբողջ Պարսից տերությունը նվաճելու իր մտադրությունը: Մինչ այդ հույների ու մակեդոնացիների տարածքային հավակնությունները հստակորեն ձևակերպված չէին, սովորաբար նրանք սահմանափակվում էին Փոքր Ասիայով:

Ալեքսանդրը, տեսնելով, որ իր բանակը տրամադրված է շարունակելու հաջող, շահավետ և իր համար դեռևս ոչ այնքան ծանր պատերազմը, ոգևորությամբ առաջ է շարժվում: Այժմ նրա առջև բաց էին բոլոր ճանապարհները, բայց նա ընտրեց Փյունիկիան, բնածին ծովահենների հիասքանչ երկիրը (ներկայիս Լիբանանը) և նրա գլխավոր քաղաք Տյուրոս նավահանգիստը: Քաղաքի հիմնական մասը գտնվում էր կղզու վրա, մայրցամաքից 800 մետր հեռու և պաշտպանված էր վիթխարի պարիսպներով: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Տյուրոսը դարձել էր Միջերկրական ծովում պարսկական նավատորմի կարևոր հենակետը և խոշոր առևտրային հանգույց: Զարմանալի չէր, որ քաղաք-կղզու բնակիչները ակնկալում էին Ալեքսանդրից ստանալ որոշակի արտոնություններ, մանավանդ որ ապավինում էին իրենց հզոր արևմտյան գաղութի՝ Կարթագենի օգնությանը: Բայց երբ Ալեքսանդրը կտրականապես զրկեց նրանց պահանջներ առաջադրելու իրավունքից՝ տյուրոսցիներն ըմբոստացան:

Ալեքսանդրը անհնազանդություն չէր հանդուրժում, իսկ Տյուրոսի անառիկ դիրքը բնավ խոչընդոտ չէր նրա համար: Նա որոշեց հողաթումբ կառուցել դեպի կղզի ու դրա վրայով քաղաքի պարիսպներին մոտեցնել պաշարողական մեքենաները: Թմբի շինարարությունը լուրջ ինժեներական գործ էր. մակեդոնացիները շրջակա բնակավայրերից հավաքեցին բանվորական ուժ, շինանյութ ստանալու համար ավերեցին մոտակա ավանները և հատեցին լիբանանյան հայտնի մայրի ծառի անտառները: Տյուրոսի բնակիչներն ի պատասխան կառուցեցին մի ամբողջ պաշտպանական համակարգ: Քաղաքի բազմաթիվ արհեստանոցներում ռմբագնդեր էին պատրաստվում, մարդիկ նավերով անակնկալ հարձակումներ ու հրկիզումներ էին կազմակերպում, ծեծկռտոցներ սարքում պատնեշ կառուցողների հետ: Գերագույն ճիգերի շնորհիվ նրանց հաջողվեց երկու անգամ ավերել գրեթե ավարտված հողաթումբը: Քաղաքի պաշարումը տևեց 7 ամիս, և Ալեքսանդրի համբերությունը սպառվեց: Նրա ինժեներները առաջարկեցին նախադեպը չունեցող մի լուծում՝ քարկոծել Տյուրոսի պարիսպները նավերի ու լաստանավերի վրա տեղադրված քարանետ զենքերով: Այդ նորարարությունը թույլ տվեց սաստկացնել գնդակոծման ուժգնությունը, և քաղաքի պարիսպները չդիմացան: Հուլիսյան խաղաղ մի օր, երբ ո՛չ քամին, ո՛չ ալիքները չէին խոչընդոտում պաշարողներին, պարսպի մեջ առաջացած ճեղքից Տյուրոս ներխուժեցին մակեդոնացիները Ալեքսանդրի գլխավորությամբ:

Երեք հազարամյա պատմություն ունեցող Տյուրոսը վերածվեց սպանդանոցի: Ողջ մնացած բնակիչներին գերեվարեցին կամ գամեցին ճանապարհների երկարությամբ տեղադրած խաչերին: Մոտ 15000 մարդու հաջողվեց փրկվել հարևան Սիդոնում:

Հետագայում Ալեքսանդրը վերականգնեց Տյուրոսը և հիմնովին բարեկարգեց նրա նավահանգիստը: Ինչ վերաբերում է սպասումները չարդարացրած հողաթմբին, ապա ժամանակի ընթացքում այնտեղ նստվածք կուտակվեց, և կղզին միացավ մայրցամաքին: Ասում են, որ կառույցի հետքերը դեռ նշմարելի են:

Տյուրոսի գրավումից հետո Ալեքսանդրը ուղղություն վերցրեց դեպի Եգիպտոս:

Ալեքսանդրը Եգիպտոսում: Անցում Միջագետքով

Տյուրոսից հետո Ալեքսանդրը չէր շտապում անմիջապես մարտի բռնվել Դարեհի հետ: Նա հասկանում էր, որ արքան, ում տրամադրության տակ էին անծայրածիր երկրի պաշարները, կդադարեցներ դիմադրությունը սոսկ այն դեպքում, երբ ջախջախիչ պարտության մատնվեր վերջին վճռական մարտում: Ու Ալեքսանդրը թեքվում է դեպի Եգիպտոս, թշնամուն տալով ուժերի համախմբման հնարավորություն:

Եգիպտոսը իր աշխարհագրական դիրքի և զարգացած տնտեսության շնորհիվ տարածաշրջանի կարևորագույն ու ազդեցիկ պետությունն էր, որը հնազանդության մեջ էր պահում հարևան Ասորիքին, Հրեաստանին, Կիպրոսին: Նեղոս գետի բնականոն վարանումներն առատորեն ոռոգում էին առափնյա ցորենի դաշտերն ու ապահովում հարուստ բերք, դարձնելով Եգիպտոսը հին աշխարհի շտեմարանը: Զարմանալի չէր, որ Եգիպտոսը շարունակ եղել էր պարսիկների ու հույների կռվախնձորը:

Ք.ա. 525-ք.ա. 450թթ. Եգիպտոսը գտնվում էր պարսից իշխանության տակ: Կամբյուսես II արքան տապալեց եգիպտական XXVI հարստության փարավոն Փսամտիկ III-ին և իրեն հռչակեց պարսից հարստության առաջին փարավոնը: Աքեմենյանները բարձր էին գնահատում իրենց նոր տարածքային նվաճումը և ձգտում էին Եգիպտոսում մշտապես հաստատվել: Սակայն, չնայած գործադրած ճիգերին, Աքեմենյաններին չհաջողվեց նվաճել տեղացիների համակրանքը, ու անհնազանդ Եգիպտոսն այդպես էլ չդարձավ Արյաց տերության լիարժեք մաս: Ք.ա. 460-ք.ա. 454թթ. երկրում խռովություններ ծավալվեցին, այն ներքաշվեց հունապարսկական պատերազմների մեջ և որոշ ժամանակ անց անկախացավ: Եգիպտոսի ընդվզումն այն աստիճան էր մտահոգում Պարսկաստանին, որ ք.ա. 344թ. նա Հունաստանին առաջարկեց համատեղ ուժերով զսպել անհնազանդ երկիրը: Եգիպտոսը որպես կուսակալություն կրկին ընդգրկվեց Պարսկաստանի կազմում Ալեքսանդրի արշավանքից ընդամենը 10 տարի առաջ:

Փյունիկիայից դեպի Եգիպտոս տանող ճանապարհն անցնում էր Պաղեստինով: Գազա քաղաքի բնակիչները, հետևելով տյուրոսցիների օրինակին, այնպես կատաղորեն դիմադրեցին մակեդոնացիներին, որ միջնաբերդը հաջողվեց գրավել միայն երկամսյա պաշարումից հետո: Այդ ընթացքում Ալեքսանդրը, ինչպես միշտ գտնվելով գրոհայինների առաջին շարքերում, մի քանի անգամ վիրավորվեց: Գրավելով Գազան, նա հրամայեց ոչնչացնել ամրոցի պաշտպաններին, ստրկացնել կանանց ու երեխաներին, իսկ քաղաքը բնակեցնել հարևան սեմական ցեղերով: Նշենք, որ չկան տեղեկություններ՝ մտել էր, արդյո՞ք Ալեքսանդրը Երուսաղեմ, թե՞ ո՛չ:

Վերջապես, Ալեքսանդրը մոտեցավ Եգիպտոսին: Եգիպտացիք միանգամայն պատրաստ էին ընդունելու մակեդոնական հաղթանակող առաջնորդին: Դա լավ էր հասկանում նաև այնտեղի պարսիկ կուսակալը, որը սկսել էր բանակցություններ վարել Մակեդոնացու հետ դեռ Փյունիկիայում նրա գտնվելու ժամանակ: Եգիպտոսը մակեդոնական թագավորին ընդունեց որպես երկար սպասված ազատագրողի: Իզուր չէր, որ Ալեքսանդրը, ցանկանալով նշանավորել իր հայտնվելը Նեղոսի ափերին, նախօրոք Մեմփիս էր ուղարկել արվեստագետների մի խումբ՝ հելլենական ոճով տոնակատարություններ կազմակերպելու համար:

Ալեքսանդրը գիտակցում էր, որ հունական աշխարհի հետ տնտեսական կապերի խթանման ու պաշտպանիչ գոտու ստեղծման համար Եգիպտոսը պետք է ունենար հարմար նավահանգիստ: Նա օգտվում է տեղանքին քաջածանոթ մարդկանց խորհուրդներից և ընտրում նոր քաղաքի ամենահարմար վայրը՝ Նեղոսի գետաբերանը: Տարածքին չէին սպառնում ջրհեղեղներ, կլիման մեղմ էր ու բարենպաստ, ամենուրեք բխում էին քաղցրահամ ջրի աղբյուրներ: Այդպես հիմնադրվեց Մակեդոնացու առաջին քաղաքը՝ մեծն Ալեքսանդրիան, Եգիպտոսի ապագա փառքն ու պարծանքը:

Եգիպտական առեղծվածային մշակույթը, կրոնը, ծեսերն ու ճարտարապետությունը Ալեքսանդրի պաշտամունքի առարկան էին, որոնց մասին նա երազում էր դեռ մանուկ հասակից: Հին հեղինակները հաղորդում են, թե ինչպիսի շլացուցիչ տպավորություն գործեցին նրա վրա Եգիպտոսի վիթխարի բուրգերը, որոնք արդեն այդ ժամանակ հազարամյա պատմություն ունեցող կոթողներ էին: Մեմփիս քաղաքում, Պտահի տաճարում Ալեքսանդրին հռչակեցին փարավոն, նա եգիպտական աստվածներին զոհ մատուցեց և մարմնամարզական մրցումներ անցկացրեց: Այնուհետև թագավորն ուխտագնացություն կատարեց Լիբիական անապատի Սիվա օազիսը՝ Ամոն աստծո քրմի մոտ, որին երկրպագում էին ոչ միայն եգիպտացիները, այլև հույներն ու մակեդոնացիք: Այդ ուխտագնացությունը ուներ քաղաքական նպատակ. Ալեքսանդրը, հավանաբար ենթադրում էր, որ բոլորի կողմից հարգված քրմի բարենպաստ գուշակությունը կօգնի իր իղձերի իրականացմանը:

Շփումը հինավուրց մշակույթի հետ Ալեքսանդրին դրդեց մտորել կյանքի իմաստի, հավատի, իր անձի աստվածային առաքելության մասին: Ալեքսանդրը ներքին սարսուռով էր նկատում իր արտասովոր լինելն ու հանճարեղության նշանները: Ավելի ու ավելի ակնհայտ էր, որ երիտասարդ բասիլևսը օժտված է գերբնական զորությամբ, որը մղում էր նրան դեպի գերագույն առաքինություն: Այդ պահերին սխրանք գործելու խելահեղ մոլուցքից Ալեքսանդրը կորցնում էր գլուխը և կյանքը վտանգի ենթարկում: Եգիպտոսի քրմերը դրա բացատրությունը տվեցին. նրանք ավետեցին Ալեքսանդրի աստվածային ծագման մասին իրենց հայտնությունը՝ բասիլևսի մահկանացու մայրը բեղմնավորվել էր արևափայլ Ամոն աստծուց:

Ինչպե՞ս ընդունեց Ալեքսանդրի աստվածային ծագման մասին հայտնությունը ժողովրդավարական արժեքների մթնոլորտում մեծացած նրա շրջապատը: Զինվորները լռում էին՝ չցանկանալով վիրավորել իրենց սիրելի թագավորին, թեպետև առեղծվածային երկհայրությունը նրանց հասկացողությունից վեր էր: Իսկ մակեդոնական ազնվատոհմիկ վերնախավն «ըմբռնումով» մոտեցավ երիտասարդի «քմահաճությանն» ու ենթարկվեց հանգամանքներին:

Սակայն Ալեքսանդրը քրմերի գուշակությունն ընդունեց մեծագույն լրջությամբ. նա, վերջապես, ստացավ իրեն տանջող հարցերի իմաստալի պատասխանը: Աստվածացման արարողությունից հետո Ալեքսանդրի համոզմունքն իր արտասովորության նկատմամբ հասնում է գագաթնակետին: Նա դառնում է անհանդուրժող ու դյուրաբորբոք, իրեն վեր է դասում շրջապատից, ապավինելով իր ամենազոր հովանավորին՝ աստվածային հորը:

Ալեքսանդրը սկսում է հագնել քրմերի սրբազան հանդերձանքը, ճակատը զարդարել եգիպտական փարավոնների խորհրդանիշով՝ երկեղջյուր թագով, ինչի պատճառով արևելյան ավանդույթը նրան անվանում է Իսկանդեր Զուլկարնայն (երկեղջյուր):

Եգիպտոսում և Արևելյան Միջերկրայքում հաստատվելն Ալեքսանդրին հնարավորություն ընձեռեց ստեղծել սեփական նավատորմիղը: Այն պիտի չեզոքացներ թշնամի սպարտացիներին ու կրետացիներին, սանձահարեր ծովահեններին ու, ամենակարևորը՝ անխափան կապ ապահովեր Մակեդոնիայի հետ: Ինչ վերաբերում է հակառակորդ Աքեմենյան նավատորմին, ապա Իսոսի ճակատամարտում պարտությունից և Տյուրոս նավահանգստի կորստից հետո այն հայտնվել էր անելանելի վիճակում և ստիպված էր մեծ մասամբ անցնել Մակեդոնացու կողմը: Ալեքսանդրը Արևելյան Միջերկրայքի պարագծով նավահանգիստներ է հիմնում, իսկ Նեղոսի գետաբերանում խարսխում մի ամբողջ նավատորմ:

Վրա հասավ ք.ա. 331 թվականը: Իսոսի ճակատամարտից անցել էր երկու տարի և հասունացել էր Դարեհի հետ վճռական բախման պահը: Պետք էր շարժվել Պարսկաստանի խորքը, դեպի արևելք: Կասկած չկար, որ թշնամին սպասելու էր Ալեքսանդրին այդ ճանապարհի որևէ հատվածում: Կտրելով սիրիական անապատն ու հետևում թողնելով Եփրատը, Ալեքսանդրը մտավ Միջագետքի տափաստանը և շարժվեց դեպի 500 կմ հեռավորության վրա հոսող Տիգրիսը: Ամռանը դա արևախանձ հարթավայր էր՝ ծածկված կիզիչ փոշու հաստ շերտով: Վերջապես, զորքը կանգնեց արագընթաց Տիգրիսի ափին, որտեղից դեպի հյուսիս գտնվում էր Վանա լիճը, իսկ առջևում ու դրան անկարելի էր հավատալ՝ պարսիկների հայրենիքը: Հենց այդտեղ Ալեքսանդրի հետախուզությունը տեղեկացրեց, որ Դարեհը իր մեծաքանակ զորքով բանակել է Գավգամելայում (ներկայիս Իրաքի Էրբիլ քաղաքի մոտակայքում):

Գավգամելա

Գավգամելայի ընդարձակ հարթավայրը հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: Ըստ ժամանակակիցների, Դարեհի բանակը գերազանցում էր Ալեքսանդրինը մոտ 5 անգամ: Այն ուներ 200 000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մանգաղակիր մարտակառք ու 15 մարտական փիղ:

Մինչ Դարեհը սպասում էր Ալեքսանդրին, հրամայեց հարթել տեղանքն ու լցնել փոսերը՝ իր մարտակառքերի գրոհը հեշտացնելու համար: Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը հոգնեցրեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լավ հանգստացավ:

Այդ ճակատամարտի առանձնահատկությունը ուժերի անհավասարությունն էր: Երբ բանակները շարվեցին դեմ-դիմաց, պարզվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կմ էր, իսկ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այդպիսով, Մակեդոնացու առաջնահերթ խնդիրն էր խուսափել թշնամական շրջափակումից:

Հակառակորդները դիրքավորվեցին հետևյալ կերպ: Դարեհը իր առաջապահ մասում ճակատի երկարությամբ շարեց հեծյալներին, երկրորդ գծի թևերում՝ հետևակին, իսկ ինքը, ինչպես Իսոսի ճակատամարտի ժամանակ, մնաց կենտրոնում: Ալեքսանդրը, զգուշանալով շրջափակումից, կիրառեց զորքերի եռաճակատ դասավորություն: Նա կենտրոնում տեղադրեց փաղանգը, իսկ ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր գնդերը: Մինչ այժմ Ալեքսանդրի փաղանգը առիթ չէր ունեցել ցուցաբերել իր հնարավորությունները, բայց Գավգամելայում հաստատելու էր իր փառավոր համբավը:

Հայկական զորքի մասնակցությունը Դարեհ III-ի զինյալ ուժերի կազմում հիշատակում են և՛ անտիկ, և՛ ավելի ուշ դարաշրջանի հեղինակները: Ըստ Արիանոսի և Ռուփոսի, Գավգամելայում արյաց աջ և ձախ զորաթևերում ներկայացված էին Հայաստանի միացյալ ուժերը՝ կուսակալ Երվանդի ու զորավար Միթրաուստեսի գլխավորությամբ: Ցավոք, տեղեկությունները, որոնք լույս կսփռեին գնդերի քանակի, դասավորվածքի և գործողությունների ընթացքի վրա՝ միմյանց հակասում են:

Ռազմարվեստում գործում է մի կարևոր սկզբունք, ըստ որի հակացուցվում է ընտրած մարտավարության կտրուկ փոփոխությունը մարտի ընթացքում: Ալեքսանդրը մտադրված էր հարկադրել թշնամուն խախտել կանոնները և կատարել չնախատեսված ու հապճեպ վերադասավորումներ:

Երբ հակառակորդ կողմերը դիրքավորվեցին, Ալեքսանդրը շարժեց իր գլխավորած թևը, բայց ոչ թե առաջ, ինչպես սպասում էր թշնամին, այլ դեպի աջ: Դրանով նա տեղափոխեց մարտադաշտը դեպի չմաքրված, խորդուբորդ հատվածը և դժվարացրեց պարսկական մարտակառքերի գրոհը: Ալեքսանդրի աջակողմյան տեղաշարժը, սակայն, ծառայում էր էլ ավելի կարևոր նպատակի՝ այն խափանում էր թշնամու արագաշարժ հեծելազորի ու դանդաղաշարժ հետևակի միասնականությունը, ինչ հետևանքով նրանց միջև կարող էր ճեղքվածք առաջանալ: Նման հնարավորությունը հաջող օգտագործելու դեպքում Մակեդոնացին կարող էր մխրճվել այդ ճեղքվածքի մեջ ու խառնել թշնամական շարքերը:

Դարեհը, չհասկանալով Ալեքսանդրի զորաշարժը, նետում է իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Սակայն ճակատային գրոհը փաստորեն վերածվում է արագաշարժ մակեդոնական հեծյալների հետևից վազելուն: Եվ ինչպես ակնկալում էր Ալեքսանդրը, պարսիկների շարքերում ճեղք է գոյանում: Հեթայրները արագ վերադասավորվում են ու սեպաձև բռունցքով մխրճվում ճեղքվածքի մեջ: Նրանց թիկունքում թաքնված պելտաստները առաջ են նետվում և իրենց գործողություններով շեղում պարսիկ հեծյալների ուշադրությունը: Դա հնարավորություն է տալիս հետևակին ու փաղանգին միավորվել հեթայրների հետ և բազմապատկել գրոհի սաստկությունը:

Ինչ վերաբերում է պարսիկների մարտակառքերի չեզոքացմանը, ապա այստեղ մակեդոնացիք հատուկ հնարք էին մշակել: Հետևակը միջանցքներ բացեց ու դրանց մեջ քշեց մարտակառքերը: Առաջացած որոգայթներում պարսիկներն ընկան նետաձիգների հարվածների տակ, հատկապես խոցելի դարձան անպաշտպան թևերը: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, ամեհի կենդանիներին խրտնեցրին հատուկ տախտակներով, որոնց վրա խփել էին ցից մեխեր:

Ալեքսանդրի թևում մարտը թեժանում էր: Պարսիկների զանգվածի մեջ թափանցած մակեդոնական ջոկը մասնատվեց, ու այժմ արդեն թշնամին մտավ առաջացած արանքի մեջ: Նրանց մի զորաթևը Բաբելոնի կուսակալ Մազեոսի գլխավորությամբ շրջափակեց Պարմենիոնի գունդը, իսկ մյուսը՝ Բակտրիայի կուսակալ Բեսոսի առաջնորդությամբ, հարձակվեց Ալեքսանդրի զորախմբի վրա:

Այստեղ անհրաժեշտ է վկայակոչել հայոց այրուձիի մասին սկզբնաղբյուրների տեղեկությունները: Ստուգապես հայտնի է, որ հայկական հեծելազորին հաջողվեց կապադովկիացիների հետ նեղել Պարմենիոնին և դուրս գալ նրա թիկունքը: Արիանոսի հավաստմամբ, մակեդոնական ձախ թևին անխուսափելի կործանում էր սպառնում և, հավանաբար, այդպես էլ կլիներ, եթե Ալեքսանդրը նրան օգնության չուղարկեր հեթայրների ու հիպասպիստների ընտրանի ջոկատներին:

Մինչ Պարմենիոնի թևը դիմակայում էր արյաց բանակի կատաղի հարվածներին, Ալեքսանդրը, Արքայից արքային գերելու մոլուցքով բռնված, որոշեց առաջանալ նրա ուղղությամբ, ինչպես դա արեց Իսոսում:

Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնցվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից: Մարտի բեկումնային պահն էր: Մի կողմից՝ Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից՝ սրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը: Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը: Արքային անվայել սարսափով համակված Դարեհը անմիջապես շրջեց մարտակառքը և դարձյալ դիմեց փախուստի: Այդ պահից Գավգամելայի ճակատամարտը դարձավ անկառավարելի ու վերածվեց սպանդանոցի: Ալեքսանդրը նետվեց Դարեհի հետևից, բայց նրան հասավ օգնություն խնդրող Պարմենիոնի սուրհանդակը: Մոլեգնած Ալեքսանդրը ստիպված եղավ ընդհատել Դարեհի հետապնդումն ու ետ վերադառնալ:

Հայկական գնդերը կռվում էին արիաբար և մարտադաշտը լքեցին միայն Դարեհի փախուստից ու մյուս գնդերի ջախջախումից հետո, և «… ոչ ոք նրանց թիկունքը չտեսավ…»:

Գավգամելայի կատաղի մարտում հեթայրները մեծ կորուստներ ունեցան: Ինչ վերաբերում է պարսկական հեծելազորին, ապա նրա մի ստվար զանգվածին հաջողվեց ճողոպրել: Ճակատամարտի ավարտին հաջորդեցին ավանդական ճոխ հուղարկավորությունները, զոհաբերություններն ու պարգևները:

Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո Աքեմենյանների տիրապետությունն այլևս ոտքի չկանգնեց: Ճակատամարտը ունեցավ հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն, համարվում է ռազմական արվեստի գլուխգործոց և դասվում է պատմության մեջ մեծագույնների շարքը: Հին պատմիչների հավաստմամբ, «Մակեդոնացիների սեպաձև հարվածը շրջեց պատմության ընթացքը»:

Գավգամելայի ճակատամարտում պարտությունից հետո հայրենիք վերադարձած հայ իշխանները սկսեցին հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել: Զորավար Միթրաուստեսը հաստատվեց Փոքր Հայքում և հռչակեց այն անկախ թագավորություն: Կուսակալ Երվանդը դարձավ Մեծ Հայքի թագավոր, վերականգնելով Աքեմենյանների կողմից ընդհատված հայոց պետականությունը:

Չնայած Ալեքսանդրը Գավգամելայի ճակատամարտում հաղթանակից հետո իր նվաճած երկրների ցանկում թվարկում էր նաև Հայաստանը, այն հիմնականում մնացել էր նրա ռազմարշավների ուղիներից դուրս: Ստրաբոնը նշում է մի դեպք հայերի ու մակեդոնական բանակի ստորաբաժանումներից մեկի անմիջական բախման մասին: Դա տեղի էր ունեցել հայկական Սպեր գավառի մոտակայքում, որտեղ ուղարկվել էր մի հունական ջոկատ՝ տեղի ոսկու հանքերը գրավելու նպատակով: Հայտնի է, որ հույները պարտություն կրեցին և դուրս մղվեցին Հայաստանից, իսկ հրամանատարը սպանվեց մարտում:

Ուշագրավ է դարերի խորքից մեզ հասած սրտառուչ ու գողտրիկ ժողովրդական մի ավանդություն:

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը՝ անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:

-Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,- զեկուցեցին Մակեդոնացուն,- նրանք լավաշ են կախել աշտարակից:

Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:

-Վերացրե՛ք պաշարումը և շարժվենք առաջ,- կարգադրեց նա,- երևում է հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:

Բաբելոն: Շոշ: Պերսեպոլիս: Ալեքսանդրը Ասիայի տիրակալ

Այն բանից հետո, երբ պարտված Դարեհը իր զորքի մնացորդներով և հավատարիմ մնացած անձանց հետ նահանջեց հյուսիս, Ալեքսանդրը հրաժարվեց նրան անմիջապես հետապնդելու մտքից և անցավ, իր կարծիքով, ավելի կարևոր գործերի: Անհրաժեշտ էր թալանից փրկել արքայական գանձերը և կարգուկանոն հաստատել կայսրության վարչական կենտրոններում: Եվ Ալեքսանդրը շտապում է Բաբելոն, այնուհետև՝ արքայանիստ Շոշ և Աքեմենյանների պաշտոնական մայրաքաղաք Պերսեպոլիս:

Բաբելոն պետությունն ու նրա համանուն մայրաքաղաքը Պարսկաստանի կազմի մեջ էին մտել ք.ա. 539թ., երբ Կյուրոս II Մեծը պարտության մատնեց քաղդեական հարստության վերջին թագավոր Նաբոնիդոսին: Չնայած տեղացիները երախտապարտ էին պարսիկներին իրենց նկատմամբ ցուցադրած հանդուրժողականության համար, տարիների ընթացքում կայսրությունը կորցրել էր իր հեղինակությունը: Այնպես որ Աքեմենյանների ամենամեծ գանձը՝ պանծալի Բաբելոնը, անձնատուր եղավ Ալեքսանդրին նույն հեշտությամ, ինչպես երկու դար առաջ հանձնվել էր Կյուրոս Մեծին:

Բաբելոնի Աստվածային դարպասից Ալեքսանդրին ընդառաջ եկավ մոգերի ու ազնվատոհմիկների պերճափայլ թափորը: Այն գլխավորում էր Գավգամելայի ճակատամարտի պարտությունից հետո Դարեհին լքած կուսակալ Մազեոսը, որը քաղաքի բանալին խոնարհաբար հանձնեց բասիլևսին: Ալեքսանդրի համար մեծ թեթևություն էր, որ հարկ չեղավ պաշարել այդպիսի ամուր քաղաքը: Նա թողեց Մազեոսին նույն պաշտոնին, ընդ որում դա առաջին դեպքն էր, երբ պարսիկը նման բարձր նշանակում էր ստանում: Հետագայում բարձր պաշտոնի արժանացան Մակեդոնացու կողմն անցած բազմաթիվ ազնվատոհմիկ պարսիկներ: Մազեոսին նաև տրվեց արծաթե դրամ հատելու բացառիկ իրավունքը:

Բաբելոնի բնակիչներն ընդունեցին Ալեքսանդրին որպես ազատագրողի ու, պարիսպների վրա կանգնած, բարձրաձայն ողջունում էին հերոսին: Ալեքսանդրը անձամբ էր վարում արքայական շքեղ մարտակառքը: Հաջորդ օրը նա ամբողջությամբ տրամադրեց Դարեհի գանձարանի ու արքայական իրերի ուսումնասիրմանը:

Մարդկության պատմության մեջ առաջին մեգապոլիսը՝ վեհատեսիլ Բաբելոնը, Ալեքսանդրի ու նրա զինակիցների վրա անջնջելի տպավորություն գործեց: 900 հա զբաղեցնող քաղաքը փռված էր Եփրատի ափին և շրջապատված էր 14 մետր բարձրությամբ և բազում կիլոմետրեր ձգվող պարիսպով ու խրամով: Զինվորները զմայլված շրջում էին քաղաքի լայն, ուղղանկյուն փողոցներով, հիանում աշտարակներով, տաճարներով, ամրոցներով, կախովի այգիներով և անթիվ պուրակներով: Այստեղ նրանք ավելի հիմնովին, քան առաջ, ծանոթացան հին արևելյան մշակույթին: Մակեդոնացիք՝ երեկվա հովիվներն ու հողագործ ռամիկները, հետզհետե հրաժարվում էին Արևելքը «բարբարոսական» երկիր համարելու իրենց կարծրատիպ մտածողությունից:

Ալեքսանդրը որոշում է Բաբելոնը դարձնել իր մշտական նստավայրը: Նա հրամայում է բնակիչներին վերականգնել իրենց տաճարները, այդ թվում նաև Բելի տաճարը, որոնք ավերվել էին դեռևս Քսերքսես I-ի հրամանով:

Բաբելոնի փլատակները հայտնաբերվել են 19-րդ դարում այժմյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու:

Այնուհետև Ալեքսանդրը անարգել մտնում է Աքեմենյանների գանձարանը՝ «շուշանաբույր» մայրաքաղաք Շոշը: Ժամանակին այն պատկանել էր հնագույն պետություն Էլամին: Դարեհ I Մեծը ձեռնարկել էր ծավալուն կառուցողական աշխատանքներ ու քաղաքը դարձրել արքայական նստավայր: Ենթադրություն կա, որ Հին կտակարանում հիշատակված «պարսից արքաների պալատները» վերաբերում են հենց Շոշի շինություններին: Քաղաքի ավերակները հայտնաբերվել են ներկայիս Իրանի Խուժիստան նահանգում:

Շոշում մակեդոնական զինխորհուրդը Ալեքսանդրին հռչակեց Ասիայի տիրակալ՝ Մեծն բասիլևս: «Ի՛նչ գերագույն բերկրանքից զրկվեցին նրանք բոլորը, ում բախտ չվիճակվեց տեսնելու Դարեհի գահին բազմած Ալեքսանդրին»,- արցունքն աչքերին ասում էին Ալեքսանդրի վետերանները:

Աքեմենյանների մայրաքաղաքում Ալեքսանդրի ձեռքն ընկան հունապարսկական պատերազմների ժամանակներից Հունաստանից հափշտակված ռազմավարի առարկաներ: Հատկապես արժեքավոր էին աթենացի հերոսների բրոնզե արձանները, որոնք որպես նվաստացման նշան առևանգել և Շոշ էր բերել Քսերքսես I-ը: Ալեքսանդրը շուքով Աթենք վերադարձրեց արձանները, ու դրանք իրենց հին տեղը զբաղեցրին Ակրոպոլիսի մատույցում: Շոշում Ալեքսանդրը նաև հոգ տարավ Իսոսի ճակատամարտում հաղթանակից հետո իր հովանու տակ գտնվող Դարեհի ընտանիքի անդամների մասին, տեղավորելով նրանց այնտեղ, որտեղ առաջ ապրում էին՝ Աքեմենյանների արքայական պալատում:

Այդ օրերին Ալեքսանդրին հայտնեցին մի ուրախալի լուր՝ հայրենիքում գտնվող Անտիպատրոսը պարտության էր մատնել Սպարտայի ռազմատենչ թագավորին: Այդպիսով, անհնազանդ Սպարտան՝ Մակեդոնիայից անկախ վերջին հունական պետությունը, միացավ Կորնթոսյան դաշինքին և Ալեքսանդրի թիկունքում առկա սպառնալիքը վնասազերծվեց: Համալրելով իր զորքը հայրենիքից ժամանած ջոկատներով ու ետ ուղարկելով ցանկացողներին՝ Ալեքսանդրը շարժվեց առաջ:

Հերթի էր Պարսքը՝ պարսիկների բնօրրանը: Ցուրտ ձմռան պայմաններում լեռնցի ցեղերը փորձեցին կանգնեցնել Ալեքսանդրին՝ փակելով դժվարանցանելի կածանները: Այնուհետև նրան անձնազոհաբար դիմադրեցին կուսակալ Արիոբարզանի ջոկատները: Սակայն, վերջիվերջո, Պարսքի դարպասները բացվեցին մակեդոնացիների առջև, և Ալեքսանդրը ոտք դրեց սրբության սրբոց Պերսեպոլիս:

Աքեմենյանների առանձնաշնորհյալ կենտրոնի նվաճումն ուներ գերագույն խորհուրդ մակեդոնացիների համար, և Ալեքսանդրը հարկ համարեց ազատություն տալ իր զինվորների ավազակային բնազդներին: Քաղաքը հանձնվեց բանակի կողոպուտին, նրանցից հետ չմնաց և թագավորը: Օրերից մի օր հարբած Ալեքսանդրը իր ձեռքը վերցրեց բոցավառվող ջահն ու կրակին հանձնեց արքայական հիասքանչ պալատը: Նույնիսկ հին պատմիչները չկարողացան բացատրություն տալ Ալեքսանդրի այդ արարքին: Ըստ Պլուտարքոսի և Ռուփոսի, դա արվել էր Տաիս անունով հետերայի հորդորով, որը լրբաբարո խրախճանքի ժամանակ համոզել էր Մեծն բասիլևսին այրել քաղաքն ու դրանով վրեժխնդիր լինել «բարբարոսներից» Հունաստանին պատճառած չարիքների համար: Որոշ պատմաբաններ, վերլուծելով Ալեքսանդրի դաժանությունը, տալիս են դրան գաղափարական հիմնավորում: Մակեդոնացին չավերեց Շոշը, Բաբելոնն ու Աքեմենյանների մյուս մեծ քաղաքները, քանի որ դրանց միջոցով նա պատրաստվում էր կյանքի կոչել իր կայսրության բազմաթիվ ժողովուրդների մերձեցման հոյակապ ծրագիրը: Այլ բան էր Պերսեպոլիսը. այն ոչ թե պետության ներդաշնակ մասն էր, այլ ինքնամփոփ պորտաբույծ մի քաղաք, որը մարմնավորում էր հպատակ երկրների նկատմամբ կատարած բռնությունները:

Այսօր Պերսեպոլիսի ավերակներն Իրանի ամենահայտնի տեսարժան վայրերն են:

Պերսեպոլիսից հետո Ալեքսանդրը նվաճեց իր պաշտելի պարսից արքա Կյուրոս Մեծի մայրաքաղաք Պասարգադեն:

Աքեմենյաններից զավթած ռազմավարի ծավալի մասին մեզ հասած տեղեկությունները խիստ տարբեր են: Բոլոր պատմիչները հաստատում են, որ նրա չափերը հասնում էին 100 հազարավոր ոսկե ու արծաթե տաղանդների, և նկարագրում են գանձերը փոխադրող հսկայական քարավանները: (Ալեքսանդրը արևելյան արշավանքը սկսել էր գրեթե դատարկ դրամարկղով): Դրամի մի մասն ուղարկվեց Մակեդոնիա, իսկ մյուսը՝ Մարաստանի հին մայրաքաղաք Էքբատան (այժմ՝ Համադան), որը նշանակվել էր կայսրության ֆինանսական կենտրոն: Մարաստանի կուսակալ և մակեդոնական բանակի թիկունքի գլխավոր զորապետ նշանակվեց Պարմենիոնը:

Հելլենների համար պատերազմն ավարտված էր: Նրանք ջախջախեցին Աքեմենյան տերությունը և ոտք էին դնում նոր ու անճանաչ աշխարհ:

Դարեհի մահը

Ալեքսանդրը գիտակցում էր, որ եթե չունենա Արքայից արքա տիտղոսը, ապա, անկախ ռազմական հաջողություններից ու ձեռք բերած հեղինակությունից, երկրի բնակչության համար մնալու է ինքնակոչ օտարերկրացի: Դեռ Դամասկոսում, Իսոսի ճակատամարտում հաղթանակից հետո, Դարեհին ուղղված նամակում Ալեքսանդրը պահանջում էր իրեն ճանաչել Աքեմենյանների ժառանգորդ: Տարած հաղթանակներն այդ խնդրին նոր ազդակ հաղորդեցին, և Մակեդոնացին, լուծելով կայսրության առաջնահերթ հարցերը, սուրաց Դարեհի որոնմանը: Նրա նպատակն էր Դարեհի ձեռքից ստանալ Արյաց պետության տիրակալի տիտղոսը՝ Աքեմենյանների գահաժառանգության օրենքներին համաձայն:

Պատվազրկված Արքայից արքա Դարեհն իր մերձավորների հետ անպտուղ օրեր էր անցկացնում, պատսպարվելով երկրի հյուսիսում, Կասպից ծովի հարավում գտնվող Հյուրկանիայում (Վրկանաց աշխարհում): Դարեհի բանակն իր թագավորի պես հույս էր փայփայում, թե Ալեքսանդրը կհրաժարվի իրենց հետապնդելու մտքից: Բայց երբ տեղեկացրին, որ Մակեդոնացին սրընթաց մոտենում է, արքան ենթարկվեց ճակատագրին և նույնիսկ չփորձեց իր պատիվը փրկել: Այդպիսի բարոյալիք, պառակտված մթնոլորտում մի խումբ իշխաններ, Բակտրիայի կուսակալ Բեսոսի գլխավորությամբ, ընդվզեցին Դարեհի դեմ: Դժվար է ասել, ինչը դրդեց նրանց այդ քայլին՝ պետությունը վերականգնելու հո՞ւյսը, թե անձնական շահը: Ինչևիցե, նրանք համոզված էին, որ Ալեքսանդրին հնարավոր է դիմադրել, եթե երկրի տիրակալ լինի ավելի արժանավորը: Մտադրվելով ստիպել Արքայից արքային հրաժարվել իր տիտղոսից, դավադիրները փախցրին նրան: Ալեքսանդրը, լսելով Դարեհի առևանգման լուրը, էլ ավելի սաստկացրեց հետապնդումը:

Ք.ա. 330թ. ամռանը տեղի ունեցավ անխուսափելին. ներկայիս Թեհրանից դեպի արևելք տանող ճանապարհին Արքայից արքան դանակահարվեց երեկվա հլու հպատակների ձեռքով: Երբ Մակեդոնացին տեղ հասավ, Դարեհն արդեն արյունաքամ ընկած էր խղճուկ սայլում: Պլուտարքոսի նկարագրումով, ողբերգության վայրում Ալեքսանդրը իրեն հատուկ թատերայնությամբ արտահայտեց պահի խորհուրդը՝ ցուցադրաբար հանեց թիկնոցն ու ծածկեց Դարեհին: Մակեդոնացին կարգադրեց Դարեհի աճյունը արքայական պատիվներով հուղարկավորել Պերսեպոլիսի Նակշ-ի Ռուստամ դամբարանում:

Դարեհի այդպիսի վախճանը հաջողություն էր Ալեքսանդրի համար գահաժառանգման ընթացակարգի տեսակետից: Իբրև հաղթող, նա իրավասու էր հանդես գալ որպես բարձր տիտղոսի հավակնորդ և նահատակված արքայի պաշտպան: Մակեդոնացու դիրքորոշումը Բեսոսի խմբին դարձրեց նողկալի դավաճաններ և օրինական արքայի դահիճներ: Նրանք նորից դիմեցին փախուստի, իսկ Բեսոսն իր հեծելազորով ճամփա բռնեց դեպի Բակտրիա, որտեղ, որպես Աքեմենյանների արյունակից, իրեն հռչակեց Արքայից արքա Արտաքսերքսես V:

Ալեքսանդրը նվաճել էր Պարսկաստանի գլխավոր արևմտյան տիրույթները, բայց կանգ առնելու մտադրություն չուներ: Նախ, նրան անհրաժեշտ էր հաստատվել երկրի արևելքում ու բռնել Բեսոսին: Իսկ հետո… շարունակել ռազմարշավն ու տիրանալ հույներին հայտնի ամբողջ աշխարհին: Եվ նրա բանակը, դարձյալ ոգեշնչված սիրած բասիլևսի կախարդիչ հմայքով, պատրաստ էր անձնուրաց հետևել նրան:

Ալեքսանդրը շարժվեց Կասպից ծովի հարավային երկրամասով դեպի արևելք, ուր ամրացել էր Բեսոսից անջատված ազնվատոհմիկների մի խումբ՝ հազարապետ Նաբարզանը, տեղի կուսակալ Թրատաթերնը, Դարեհի պալատական Արտաբազը՝ իր հույն վարձկանների մնացորդներով: Պարսիկները խցանեցին նեղ լեռնանցքը, բայց Մակեդոնացին խառնեց նրանց ծրագրերը, անցնելով սարերի վրայով և հարված հասցնելով թիկունքից: Շուտով ըմբոստները ապաշխարանքով ներկայացան Ալեքսանդրին: Թագավորը, ինչպես միշտ նման հանգամանքներում, ազնվատոհմիկների նկատմամբ բարեգութ գտնվեց և կարգեց նրանց բարձր պաշտոնների: Հույն վարձկանները նույնպես փորձեցին բանակցել Ալեքսանդրի հետ, բայց այստեղ թագավորի վճիռն աներեր էր, ու Համահելլենական դաշինքի դեմ կռված հույները պատժվեցին:

Այն մի քանի ամիսները, որ տևեցին Գավգամելայի ճակատամարտից մինչև Դարեհի մահը, Ալեքսանդրի կարճ կյանքի, թերևս, ամենաերջանիկ օրերն էին: Նա ընդամենը 26 տարեկան էր, Հունաստանը հնազանդված էր, Ասիան փռված էր ոտքերի տակ, և թվում էր, թե ամբողջ կյանքը դեռ առջևում է…

Արևելյան Պարսկաստանից՝ Կենտրոնական Ասիա

Այն պահից, երբ ք.ա. 334թ. Ալեքսանդրը կտրեց Հելեսպոնտոսն ու իր նիզակը խրեց պարսկական հողը, անցել էր 5 տարի: Նա կտրել էր հազարավոր կիլոմետրեր ու իրեն էր ենթարկել պարսից կայսրության արևմտյան տիրույթները: Մինչդեռ երկրի արևելքը, ուր Մակեդոնացին դեռ պատրաստվում էր ոտք դնել, շարունակում էր ապրել իր վաղեմական կյանքով: Արևելյան Պարսկաստանն այն վայրն էր, որտեղ կերտվել էին իրանական դիցարանի խորհրդանիշները, առասպելներ հյուսվել հոգևոր առաջնորդների ու մեծ արքաների մասին:

Անցնելով Մարաստանի Կասպից դարպասներ կոչվող լեռնանցքով և գրավելով Վրկանաց աշխարհն ու Պարթևստանը, Ալեքսանդրի զորքերը մտան Արեյա, Դրանգիանա, Սատտագիդիա և Արաքոսիա (այժմյան Թուրքմենստան, Արևելյան Իրան և Աֆղանստան): Այդ տարածքներն Աքեմենյան կայսրության կազմի մեջ էին ընդգրկվել դեռևս Կյուրոս II-ի ու Դարեհ I-ի ժամանակներից և հուսալի անջրպետող գոտի էին լեռնցիներից ու վաչկատուն ցեղերից՝ իրենց աշխարհագրական դիրքի, տեղանքի, կլիմայի ու չափերի շնորհիվ: Այնտեղ չկային մեծ քաղաքներ, բնակչությունը ապրում էր իրարից մեկուսի գյուղերում և անառիկ բերդերում, որոնց դիրքը թույլ էր տալիս հսկել տարանցիկ ճանապարհները, լեռնային արահետներն ու գետանցումները: Չնայած տեղական ժողովուրդները ծագումով արիներ էին պարսիկների պես, սակայն իրենց փափկասուն ազգակիցներից տարբերվում էին խիստ բարքերով և աստվածապաշտությամբ: Այժմ նրանց բնականոն կյանքին սպառնում էր իրեն Աքեմենյան հռչակած ահագնասաստ Երկեղջյուրը:

Անցյալում էին մնացել հսկայածավալ մարտերը. Ալեքսանդրի դեմ թափ էր հավաքում բոլորովին նոր տիպի դիմադրություն՝ ժողովրդական պայքար: Կենտրոնական Ասիայում Ալեքսանդրը ստիպված եղավ գործ ունենալ այնպիսի մի հակառակորդի հետ, որը սոսկալի էր ո՛չ իր ուժով ու դիմացկունությամբ բաց ճակատամարտում, այլ իր ճարպկությամբ, տեղանքի գիտությամբ, արագաշարժությամբ ու հարձակումների անսպասելիությամբ: Մակեդոնացին հնարավորինս ձգտում էր խուսափել այդպիսի պատերազմից և սկզբում փորձում էր խաղաղասիրաբար դաշնակցել տեղական առաջնորդների հետ: Արեյայի կուսակալ Սատիբարզանը ոնց որ թե ընդունեց դաշնության պայմանները: Բայց հենց որ Ալեքսանդրը հեռացավ այնտեղից՝ նա ապստամբեց, փակեց ճանապարհներն ու կոտորեց որոգայթում հայտնված մակեդոնական կայազորին: Ճանապարհի կեսից ետ դարձած Ալեքսանդրը ժամանակավորապես հանդարտեցրեց վիճակը: Երբ Մակեդոնացու թիկունքում նորից հայտնվեցին Սատիբարզանի ջոկատները, Ալեքսանդրը ոտքի հանեց իր կողմն անցած պարսիկներին, որոնք և ըմբոստ կուսակալի վերջը տվին:

Մինչ Մակեդոնացու զորապետները ետ ու առաջ էին անում անհնազանդ Արեյայում, Դրանգիանայում և Արաքոսիայում, Ալեքսանդրը շարժվեց դեպի հյուսիս, պատրաստվելով կտրել-անցնել Հինդուկուշը: Մարդկային քաղաքակրթության հետքերից զուրկ այդ ամայի վայրերը մտած զորքը ճաշակեց բոլոր հնարավոր զրկանքները՝ քաղց, ցուրտ, ուժասպառություն, հուսահատություն: Ալեքսանդրը, չխնայելով իրեն, ոտքով շրջում էր զորքի մեջ, օգնում բարձրանալ գետնին ընկածներին: Հաղթահարելով լեռնաշղթան, զորքը մտավ Կենտրոնական Ասիա:

Բակտրիա ու Սոգդիանա կուսակալություններն առանձնահատուկ նշանակություն ունեին պարսից տիրակալության համար: Այնտեղով էին անցնում տարանցիկ ճանապարհները, որոնք կապում էին Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և սկյութների տիրույթների հետ:

Պատմական Բակտրիան ընդգրկում էր Ամուդարյա գետի վերին ու միջին հոսանքները, շրջապատված էր Պամիրի ու Հինդուկուշի լեռներով և զբաղեցնում էր ներկայիս հյուսիսային Աֆղանստանի տարածքը: Բակտրիայի մայրաքաղաք Բակտրի հետ ավանդությունը կապում է Զրադաշտ մարգարեի կյանքի կարևորագույն իրադարձությունները: Հաշվի առնելով Բակտրիայի ռազմավարական կարևորությունն ու հարուստ բնական պաշարները, այնտեղի կուսակալի պաշտոնը համարվում էր արտոնյալ և ավանդաբար տրվում էր Աքեմենյանների տոհմի ներկայացուցիչներին:

Բակտրիայից դեպի հյուսիս, այժմյան Ուզբեկստանի ու Տաջիկստանի տարածքներում, Ամուդարյայի ու Սիրդարյայի միջագետքի բերրի գոտում գտնվում էր Սոգդիանան՝ Մարականդ մայրաքաղաքով (այժմ՝ Սամարղանդ): Այստեղից դեպի հյուսիս, Սիրդարյայի մյուս կողմում ընկած էին սկյութական ցեղեր սակերի ու մասքութների (մասագետների) անծայրածիր տափաստանները: Ու եթե առաջին Աքեմենյանների համար սոգդիացիների ու բակտրիացիների հնազանդեցումն անցավ առանց զգալի ցնցումների, ապա սկյութները «… Կյուրոսի ու Դարեհի ատամները ջարդեցին»: Կյուրոս Մեծը իր վախճանը գտավ մասքութների դեմ արշավանքի ժամանակ:

Այսպիսով, ք.ա. 329թ. Ալեքսանդրը ներխուժեց Բակտրիա, որտեղ գտնվում էր Բելոսը իրեն հավատարիմ մնացած մի բուռ համախոհներով: Տեղեկանալով Ալեքսանդրի մոտենալու մասին՝ նրանք փախան Սոգդիանա: Անցնելով Ամուրդայա գետը՝ Բեսոսի մարդիկ այրեցին նավակները, որպեսզի թշնամին չօգտագործի դրանք, և սկսեցին նոր զորք հավաքել:

Սակայն Բեսոսը դարձավ իր իսկ որդեգրած սպասողական մարտավարության զոհը: Նա ակնհայտորեն չուներ քիչ թե շատ համոզիչ գործողությունների ծրագիր: Գտնվելով իրեն քաջածանոթ տեղանքում, նա բաց թողեց Ալեքսանդրին շրջափակելու մի քանի հիանալի հնարավորություն: Զարմանալի չէ, որ Բեսոսի զորքը հետզհետե ցրվեց, ու մենակ մնացած «Արտաքսերքսես V-ը» արդեն որերորդ անգամ փախուստի դիմեց: Բայց՝ ոչ հեռու. շուտով սոգդիացիները նրան մատնեցին Ալեքսանդրին, ու դավաճան Բեսոսը ենթարկվեց դաժանագույն մահապատժի:

Թվում էր, որ Բեսոսի զարհուրելի մահը պիտի ահաբեկեր բնիկներին ու ստիպել նրանց անցնել մակեդոնացիների կողմը: Սակայն բակտրիացիք ու սոգդիացիք, միավորվելով սկյութների հետ, այնպիսի կատաղի պայքար ծավալեցին Ալեքսանդրի դեմ, որ այն վերածվեց հայրենական պատերազմի: Կենտրոնական Ասիայի հնազանդեցումը երկու տարով հետաձգեց Մակեդոնացու առաջխաղացումը, պատճառեց աննախադեպ կորուստներ և դարձավ արևելյան արշավանքի ամենադրամատիկ էջերից մեկը:

Թշնամու փոքրաթիվ ջոկատները վայր էին իջնում իրենց լեռնային բերդերից ու, հարվածելով մակեդոնացիներին, կայծակնապես անհետանում: Մի քանի անգամ Ալեքսանդրի զինվորները մազապուրծ եղան կատարյալ ջախջախումից, ու թագավորը ստիպված էր շտապ փոխել մարտավարությունը, հարմարեցնելով այն պարտիզանական պատերազմի պայմաններին: Ամիսներ շարունակ կատաղի պայքարը մերթ թեժանում էր, մերթ մարմրում: Ալեքսանդրը կրկին ու կրկին լեռներ էր ուղարկում պատժիչ ջոկատներ: Բայց երբ դիմադրությունն առաջնորդեց սոգդիացի մեծատոհմիկ, խիզախ ու եռանդուն Սպիտամենը, ընդվզումն իր գագաթնակետին հասավ: Ալեքսանդրի դաժան հաշվեհարդարները դուրս մղեցին Սպիտամենին դեպի Սիրդարյայի տափաստանները (այժմյան Տաշքենդի հարևանությամբ): Սակայն որոշ ժամանակ անց Սպիտամենը գրավեց Մարականդն ու կոտորեց այնտեղի մակեդոնական կայազորին: Ի վերջո, Ալեքսանդրին հաջողվեց կոտրել դիմադրությունը և ջախջախված Սպիտամենը փախավ մասքութների մոտ: Վերջիններիս առաջնորդները, հավանաբար վախենալով, որ ռազմական գործողությունները կտեղափոխվեն իրենց տափաստանները, սպանեցին Սպիտամենին և նրա գլուխը ուղարկեցին Մակեդոնացուն որպես հնազանդության նշան:

Կենտրոնական Ասիայում Ալեքսանդրը հողին հավասարեցրեց 7 քաղաք ու վայրագորեն կոտորեց 120000 բնակիչ: Մակեդոնացու հաղթանակների արյունոտ հուշարձանը եղավ Սիրդարյայի ափին հիմնած Ալեքսանդրիա Էսհատան, որը մակեդոնական տիրապետության վերջին կետն էր Կենտրոնական Ասիայում: Անհաղթելի Մակեդոնացու դեմ մղած պատերազմը մինչ օրս համարվում է Կենտրոնական Ասիայում ազգային պայքարի հերոսական էջերից մեկը, իսկ տաջիկ ժողովրդի քաջորդի Սպիտամենը՝ ազգային հերոս:

Ուշագրավ դրվագ է ուղղաբերձ սոգդիական ժայռի գրավումը, որի գագաթին պատսպարվել էր քաջարի մի ցեղ: Խաղաղությամբ հանձնվելու Ալեքսանդրի առաջարկին նրանք վերևից ծաղրանքով պատասխանեցին. «Թևավոր զինվորներով լրացրու քո բանակը»: Սոգդիական ժայռի գրավումը Ալեքսանդրի համար պատվի հարց դարձավ: Հայտարարվեց մեծ պարգև ժայռի վրա առաջինը բարձրացողի համար: 300 հմուտ ժայռագնացներից 30-ը անդունդ գլորվեցին: Մնացածներին հաջողվեց պարանների ու հարմարանքների օգնությամբ բարձրանալ այն կողմից, որը համարվում էր դժվարամատչելի ու այդ պատճառով անպաշտպան էր թողնված: Երբ Ալեքսանդրի զինվորները հայտնվեցին սոգդիացիների առջև, ապշած լեռնցիները միանգամից հանձնվեցին: Նույնիսկ ավելին, մակեդոնացիների սխրանքով հիացած՝ նրանք Ալեքսանդրի պատվին խնջույք կազմակերպեցին: Հենց այդտեղ Ալեքսանդրը ծանոթացավ այդ ցեղի ամենազոր առաջնորդի դստեր՝ գեղեցկուհի Հռոքսանեի հետ, որին տեսնելով շուրջպարի մեջ՝ սիրահարվեց ու դարձրեց իր կինը:

Ամուսնությունը Հռոքսանեի հետ դարձավ քաղաքական մեծ գործոն: Այն թույլ տվեց Ալեքսանդրին վերջնականապես լուծել անհնազանդ Բակտրիայի ու Սոգդիանայի խնդիրները: Շքեղ հարսանյաց հանդեսը խորհրդանշեց երեկվա թշնամիների բարեկամությունը:

Այսպիսով, իրադրությունը քիչ-քիչ կարգավորվում էր. Ալեքսանդրը տեղական ցեղերին չէր նեղում, իսկ Հռոքսանեի հետ ամուսնությունը շոյում էր իշխանների ինքնասիրությունը: Եվ միայն հունամակեդոնացիներն էին իրենց արհամարհանքի մատնված զգում դառը օտարության մեջ:

Ալեքսանդրի բախումը զինակիցների հետ: Պարմենիոն

Ալեքսանդրը, լինելով մակեդոնական բանակի լավագույն ռազմիկը, զինվորներին ոգևորում և նրանց սերն էր վայելում ինչպես իր անօրինակ քաջությամբ ու մրրկահույզ խիզախությամբ, այնպես էլ ամենածանր զրկանքներին ու դժվարություններին տոկուն ու անտրտունջ դիմանալով: Լինելով խորաթափանց հոգեբան՝ նա անուններով էր ճանաչում հազարավոր զինվորներին և կարողանում էր սխրանքի կոչել ոչ միայն առանձին մարտիկներին, այլև ամբողջ զորքին: Սակայն բուռն ու կրքոտ խառնվածքը, գերլարված ապրելակերպն ու ոգելից խմիչքների չարաշահումը ծանր անդրադարձան նրա հոգեկան վիճակի վրա: Օժտված լինելով անկրկնելի հմայքով, կենսախնդությամբ, դյուրահավատությամբ և մեծահոգությամբ, Ալեքսանդրը երբեմն համակվում էր ծանր կասկածամտությամբ և մռայլությամբ:

Ալեքսանդրը տրվել էր խրախճանքների և լսում էր իր «բարեկամների» գռեհիկ կատակները, իսկ նրա սեփական ճամբարում արդեն խմորվում էին նոր վտանգներ: Ք.ա. 330թ. աշնանը տեղի ունեցած դեպքերը երևան բերեցին մի շարք խնդիրներ, որոնք հաղթական զորավարը լուծեց իրեն բնորոշ վճռականությամբ. նա կտրեց ողբերգական հակասությունների թնջուկը, հաշվեհարդար տեսնելով մի խումբ զինակիցների, այդ թվում՝ նաև Պարմենիոնի հետ:

Պարմենիոնը Փիլիպոսի ու Ալեքսանդրի ամենաշնորհալի զորավարն էր: Ունենալով ազնվազարմ ծագում, նա վաղ հասակից էր հայտնվել արքունիքում և ծառայել էր դեռ Փիլիպոսի հոր՝ Ամյունտաս թագավորի օրոք: Իսկ Փիլիպոսի ժամանակ Պարմենիոնը դարձավ մակեդոնական բանակի զորավար ու երկրի քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցը: Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնն առաջիններից էր, ով ճանաչեց Ալեքսանդրի իշխանությունը, ինչը, սակայն, չխանգարեց, որ նրանք հետագայում լուրջ տարաձայնություններ ունենան երկրի համար բախտորոշ հարցերի շուրջ:

Մակեդոնական բանակի ամենակարևոր ու խոշոր ստորաբաժանումները կենտրոնացված էին Պարմենիոնի ձեռքում: Նա անձամբ գլխավորում էր հետևազորը, նրա որդի Փիլոտասը ղեկավարում էր հեթայրներին, իսկ մյուս որդին՝ Նիկանորոսը, հիպասպիստներին: Անգնահատելի էր Պարմենիոնի վաստակը Ալեքսանդրի հաղթական ճակատամարտերում, հատկապես՝ Գավգամելայում: Սկզբնական շրջանում պատվախնդիր և ըմբոսը Ալեքսանդրը ստիպված էր հանդուրժել Պարմենիոնի անառարկելի հեղինակությունը: Այդ տարիներին Պարմենիոնը փաստորեն Ալեքսանդրին փոխարինողն էր, նրան էին վստահված պետական կառավարման ամենածանր ու պատասխանատու բնագավառները: Երբ ծագեց նորաստեղծ կայսրության տնտեսական հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, Պարմենիոնը հաստատվեց Էքբատանում, ազատելով Ալեքսանդրին այդ գործերից:

Ալեքսանդրի ու Պարմենիոնի տարաձայնությունները սկսվեցին դեռևս արևելյան արշավանքի ծրագրման փուլում, երբ Փիլիպոսի տարեց զինակիցներից ոմանք հորդորում էին երիտասարդ թագավորին նախօրոք հոգալ երկրի թագաժառանգի մասին և այդ կարևորագույն պետական հարցը չթողնել կույր պատահականության հույսին: Այնուհետև տեղի ունեցավ սուր բախում՝ Իսոսի ճակատամարտում պարտված Դարեհի առաջարկած դաշինքի պայմանների առիթով: Պարմենիոնի համար, ով առմիշտ որդեգրել էր Փիլիպոսի իրատեսական ռազմավարությունը, կասկածից վեր էր, որ Արքայից արքայի առաջարկները միանգամայն ընդունելի են և ծառայում են իրենց նպատակներին: Սակայն դա, ինչպես հայտնի է, հակասում էր Ալեքսանդրի աշխարհակալական նկրտումներին: Ի հակադրություն Պարմենիոնի այն արտահայտությանը, որ «… եթե ես Ալեքսանդրը լինեի, ապա կընդունեի առաջարկը…», Ալեքսանդրը պատասխանեց. «Լինեի ես Պարմենիոնը, այդպես էլ կվարվեի»:

Ալեքսանդրի շուրջը կուտակվող դժգոհության պատճառները մի քանիսն էին: Նախ՝ դա պատերազմի շարունակումն էր: Իսկապես, պարսիկներից վրեժը լուծված էր, ռազմավարի չափերն աներևակայելի էին, զորքը հոգնած էր ու փափագում էր տուն վերադառնալ: Մակեդոնացիները ցանկանում էին իրենց կյանքն ավարտել հայրենի հովիտներում, հարազատների հարգանքով շրջապատված ու հեռավոր երկրներում իրենց կատարած սխրանքները վերհիշելով: Դժգոհության երկրորդ պատճառը Ալեքսանդրի ու նրա «բարեկամների» ապրելակերպն էր: Ցոփ ու շվայտ խրախճանքները, գինարբուքները, լրբաբարո շքեղությունը նողկալի էին վետերանների համար: Ողջ հունական աշխարհը ողողված էր Ալեքսանդրի ոսկեզօծ դղյակների, հարճերի, պարողների ու գեղեցիկ մերսողների մասին ասեկոսեներով: Երրորդ պատճառն էր Ալեքսանդրի հետզհետե օտարացումը իր հայրենակիցներից ու երբեմնի ախոյան պարսիկներին իր մերձավոր շրջապատում ընդգրկելը: Երեկվա թշնամիների հետ հավասարվելն անտանելի էր հունամակեդոնացիների համար: Սակայն Ալեքսանդրը այս հարցին մոտենում էր պետական գործչի տեսանկյունից: Նախ, դառնալով Աքեմենյանների հարստության օրինավոր ժառանգորդ և ընդունելով հունական մշակույթի գաղափարախոսությունը, նա պարտավոր էր միանման վերաբերվել երկրի բոլոր հպատակներին, տեղի չտալով ազգայնամոլության ու խտրականության: Նա գիտակցում էր, որ հենվելով միայն սակավաթիվ հունամակեդոնական զանգվածի վրա, գործնականում անհնարին կլիներ հնազանդ պահել իր վիթխարի բազմազգ կայսրությունը: Ալեքսանդրին անհրաժեշտ էր երկրի բնակչության, հատկապես տեղական ավագանու աջակցությունը, որը, չնայած Դարեհի պարտությանը, երկրում դեռ ամուր դիրքեր էր զբաղեցնում: Եվ ի վերջո, անհրաժեշտ էր հաստատել զինակիցներին, որ «… ամոթ չէ տեղացիներից էլ շատ բաներ ընդօրինակելը»:

Հռչակելով իրեն հունական արժեքների ջահակիր, Ալեքսանդրը, այնուամենայնիվ, սկսում էր հեռանալ դրանց կարևոր սկզբունքից՝ չափավորությունից: Ըստ ամենայնի, նա յուրացրել էր Արիստոտելի այն միտքը, որ ընդունակություններով ու զորությամբ արտասովոր մարդն օրենքից դուրս և օրենքից վեր է, քանզի «նա ինքն է օրենքը»:

Մակեդոնացին տուրք էր տալիս իր բնածին բռնապետական հակումներին և ընդօրինակում վավաշոտ Արևելքի բարքերը: Նա կրում էր Դարեհի խույրը, հրամանները կնքում Դարեհի մատանիով, մարական ստորացուցիչ սովորույթով ճիպոտահարում զանցառուներին, հագնում ամոթալի (հույների տեսակետից) «կանացի» պարսկական զգեստներ և նույնը պարտադրում իր մարդկանց: Ալեքսանդրը աստիճանաբար իր վետերաններին փոխարինում է ստրկամիտ ու շողոքորթ արևելյան շրջապատով: Նա պարսիկներին ընդգրկում է իր հեթայրների կազմի մեջ, պարսիկ երիտասարդներին հունարեն լեզու և մակեդոնական ռազմական արվեստ սովորեցնում: Հատկապես մեծ դժգոհություն առաջացրեց պրոսկինեսիսի կիրառումը, որը պարտադրում էր բասիլևսին ողջունելիս գետնին պառկել, ինչից հետո արժանանում էին նրա համբույրին: Ազատամիտ հույները այդպես խոնարհվում էին միայն աստվածների առջև, և նման արևելյան երկրպագումն ընկալում էին որպես բարբարոսություն ու անպատվություն:

Ալեքսանդրի մերձավորների թվում էր Կալիսթենես անունով մի փիլիսոփա ու պատմիչ, Արիստոտելի ազգականը, որը պրոսկինեսիսի ծիսակարգի ժամանակ հրապարակայնորեն ծաղրեց թագավորին: Առաջին պրոսկինեսի ժամանակ Կալիսթենեսը ոչ միայն երեսնիվայր չպառկեց նրա առաջ, այլև հետո հեգնալից ասաց. «Պա՛հ, թող մի պաչիկ էլ պակաս լինի»:

Ալեքսանդրը խեթով էր նայում այդ խմորումներին և ջանում էր տեղիք չտալ բացահայտ պոռթկումների: Նա կարգադրեց գաղտնի ընթերցել հայրենիք ուղարկվող նամակներն ու երբ տեղեկացավ շիկացող դժգոհության մասին՝ մեկուսացրեց ամենաանզուսպներին: Բայց երբ նրան զեկուցեցին հեթայրների միջավայրում իր դեմ նյութված դավադրության մասին, անակնկալից՝ ասես, կայծակնահար եղավ:

Առաջին դեպքը տեղի ունեցավ Դրանգիանայում: Դա զորապետ Փիլոտասի՝ Պարմենիոնի որդու գործն էր, որը պատմության մեջ մտավ որպես «Փիլոտասի դավադրություն»: Երիտասարդն իրեն համարում էր հանգուցյալ Փիլիպոսի ու հին բանակի ավանդույթների պատվախնդիր շարունակող, ինչի շնորհիվ նրան հաջողվեց որոշ զանգվածների համակրանքը վաստակել: Դա չէր կարող չանհանգստացնել Ալեքսանդրին ու նրա մտերիմ ազդեցիկ դեմքերին՝ Հեփեստիոնեսին, Կրատերոսին, Քենոսին: Ք.ա. 330թ. հոկտեմբերին նրանք Փիլոտասին մեղադրեցին թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Նրանց համոզմամբ, Փիլոտասը դավադիր խմբի պարագլուխն էր, իսկ Պարմենիոնը՝ ոգեշնչողը: Առիթն այն էր, որ Փիլոտասը, տեղեկանալով Ալեքսանդրի դեմ նյութվող մահափորձի մասին, մատնել էր այն անուշադրության և թողել անհետևանք: Գործի քննությունը վարում էր ինքը՝ Ալեքսանդրը: Սարսափելի խոշտանգումներից ջարդված Փիլոտասը խոստովանում է հանցանքն ու զինխորհրդի դատավճռով ենթարկվում մահապատժի: Այնուհետև հերթը հասնում է Պարմենիոնին, որը ճանաչվում է հանցավոր Փիլոտասի դավակից, չնայած վերջինս ժխտում էր հոր մասնակցությունը: Հսկայական հեղինակություն վայելող Պարմենիոնի գործը անհրաժեշտ էր ավարտել հնարավորինս արագ՝ բանակում անցանկալի հուզումներից խուսափելու համար: Ալեքսանդրը իր հավատարիմ անձանց ուղարկում է էքբատան, որտեղ գտնվում էր բանից անտեղյակ 70-ամյա զորավարը: Մարդասպանը հարձակվում է Պարմենիոնի վրա և կտրում նրա վիզը այն պահին, երբ նա կարդում էր իբր որդու ուղարկած նամակը: Պարմենիոնի գլուխն ուղարկվում է Ալեքսանդրին: Դժվարությամբ է հաջողվում հանգստացնել Էքբատանի կայազորին, որը, սահմռկեցուցիչ լուրից ցնցված, դիմեց զենքի: Վախենալով Ալեքսանդրի ցասումից, Պարմենիոնի մարմինը միանգամից հողին չհանձնեցին. դա արվեց ուշացումով, այն էլ զինվորների ճնշման տակ:

Աղմկալի դեպքերը շարունակվեցին ք.ա. 328թ. Կենտրոնական Ասիայում: Այս անգամ Մակեդոնացու զոհը դարձավ մանկության ընկեր Կլիտոսը, որը Գրանիկոս գետի ճակատամարտում փրկել էր Ալեքսանդրի կյանքը: Ողբերգությունը տեղի ունեցավ խրախճանքի ժամանակ, երբ Մակեդոնացու նորաթուխ պարսիկ ընկերներն Ալեքսանդրին հաճոյանալու համար սկսեցին երգել ու, հարբած, ծաղրել հունական հերոսներին, այնուհետև Փիլիպոս II-ի գործերն անվանեցին չնչին: Խորապես դառնացած Կլիտոսը բացականչեց, որ թույլ չի տա նվաստացնել հերոսների հիշատակը և քծնանքով փառաբանել Ալեքսանդրի նվաճումները: Նա հիշեց Եվրիպիդեսի պոեմի այն տողերը, որոնք դատապարտում էին անարդար իշխանությանը, երբ հաղթանակից հետո ամբողջ փառքը վերագրվում է թագավորին, իսկ նրանք, ովքեր իրենց ուսերին են կրել ճակատամարտի ծանրությունը, մոռացվում են: Կլիտոսը հիշեցրեց այն, ինչի մասին Փիլոտասի մահապատժից հետո ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն արտահայտվել: Հարբած Կլիտոսը լուտանք էր թափում Ալեքսանդրի հասցեին, իսկ հետո, պարզելով աջ ձեռքը, ավելացրեց. «Ահա այս նույն ձեռքը, Ալեքսանդր, այն ժամանակ (Գրանիկոսում) փրկեց քեզ»: Կլիտոսն ու Ալեքսանդրը նետվեցին դեմ-հանդիման, բայց բաժակակիցները նրանց հեռացրին միմյանցից: Սակայն Ալեքսանդրը, կորցնելով ինքնատիրապետումը, խլեց թիկնապահից նիզակը և ուժգին նետեց Կլիտոսի ուղղությամբ: Սպանվածն ընկավ նրա ոտքերի տակ: Սթափությունն ակնթարթային էր: Բոլոր պատմիչները միաբերան հաստատում են, որ Ալեքսանդրը այնպիսի սրտաճմլիկ զղջանքի մեջ ընկավ, որ ուզում էր իր կյանքին վերջ տալ:

Արքունիքը երերող ցնցումներն ավարտվեցին «դրանիկների դավադրությամբ», երբ պարզվեց, որ Ալեքսանդրի բանակում ծառայող ազնվատոհմիկ մակեդոնացիների որդիները նրա սպանությունն են ծրագրում: Հինավուրց մակեդոնական սովորույթի համաձայն, այդ երիտասարդներին սպանեցին քարկոծելով:

«Դրանիկների դավադրության» մասնակից ճանաչվեց նաև փիլիսոփա Կալիսթենեսը: Նա երկար տարիներ նվիրումով ծառայել էր իր թագավորին, փառաբանել նրա գործերը, գրի առել նրա հետ կապված բազում հրաշքներն ու խորհրդանշանները, դատապարտել Պարմենիոնին ու Կլիտոսին, գիտականորեն «հիմնավորել» Ալեքսանդրի աստվածային ծագումը: Սակայն Մակեդոնացու որդեգրած ժողովուրդների հավասարության ծրագիրն ու պրոսկինեսիսի պարտադրումը Կալիսթենեսի մեջ սուր բողոք առաջացրին: Լինելով անզուսպ խառնվածքի տեր, նա հաճախ էր խախտում պալատական վարքաձևը և խայթող նկատողություններով գրավում շրջապատի ուշադրությունը: Զարմանալի չէ, որ գտնվեցին «ապացույցներ», որ նա եղել է «դրանիկների դավադրության» մասնակից: Կալիսթենեսը նետվեց զնդան և շուտով մահացավ այնտեղ:

Արևելյան արշավանքի շարունակությունը: «Համաշխարհային օվկիանոս»

Պարսկաստանի արևելյան տիրույթները, որտեղ Բակտրիայից ու Սոգդիանայից հետո հաստատվել էր Ալեքսանդրը, լեռնոտ էին, անհրապույր ու սակավաբնակ: Գիտակցելով, որ արշավանքը շարունակելու համար անհրաժեշտ է հոգալ առաջակետերի ու ենթակառույցների մասին, նա ձեռնարկում է հսկայածավալ շինարարական աշխատանքներ: Հիմնվում ու վերակառուցվում են մի շարք քաղաք-ամրոցներ, որոնք խելամտորեն ընտրված տեղանքի ու բարձրարվեստ հելլենական հատակագծերի շնորհիվ ժամանակի ընթացքում դարձան նշանակալի կենտրոններ: Դրանց թվում են Ալեքսանդրիա Էսհատան (կամ Եզրայինը՝ ներկայիս Խուջանթը), Ալեքսանդրիա Օքսիանան (Թերմեզը), Ալեքսանդրիա Արիոն (Հերաթը), Ալեքսանդրա Մարգիանան (Մերվի օազիսում), Ալեքսանդրիա Արաքոսիան (Կանդահարը), Ալեքսանդրիա Օպիանան (Ղազնին): Քաղաքները բնակեցվում էին բանակի վետերաններով, վարձկաններով ու տեղացիներով, իսկ քաղաքագլուխներին նշանակում էր անձամբ Ալեքսանդրը:

Այն ժամանակաշրջանի աշխարհագրական գիտելիքները, մեղմ ասած, թերի էին: Հին հույները, օրինակ, նույնացնում էին Ազովի և Արալի ծովերը, Կովկասի և Հինդուկուշի լեռնաշղթաները, ինչպես նաև շփոթում Արաքսը Դոնի հետ ու երկուսն էլ համարում Սիրդարյա գետը: Չինաստանի մասին նրանք գաղափար չունեին: Ուստի զարմանալի չէր, որ Մակեդոնացու պատկերացումով, շարունակելով շարժվել դեպի արևելք, նա կհատեր մայրցամաքի եզերքն ու կհասներ «համաշխարհային օվկիանոսին», որը, ըստ հին հույների, ամբողջ էյկումենը շրջահոսող ծովն էր: Ալեքսանդրի համար այդ անիմանալի աշխարհը հոգեհարազատ էր ու հրապուրիչ, նրա շլացուցիչ փայլը երիտասարդին կոչում էր նոր սխրանքների: Արևելյան երկրները նվաճելուց հետո Ալեքսանդրը պատրաստվում էր իր իշխանությունը տարածել արևմուտքում՝ Հերկուլեսյան սյուների (Ջիբրալթարի) ուղղությամբ, այնուհետև՝ հարավ ու հյուսիս, ընդգրկելով այդպիսով ամբողջ աշխարհը: Ակնհայտ էր, որ Ալեքսանդրի նվաճողական ու շինարարական տենչերին այժմ ավելացել էր նորը՝ աշխարհագրական հայտնագործություններ կատարելը:

Դեպի «Օվկիանոս» տանող ուղու վրա ընկած էր Հնդկաստանը, որի արևմտյան տիրույթները (այժմյան Աֆղանստանն ու Պակիստանը) դեռ ք.ա. VI դարից գտնվում էին Աքեմենյանների պետության կազմում: Սակայն հեռավոր աշխարհագրական դիրքն ու բնական խոչընդոտները մեկուսացրել էին երկիրը և նվազագույնի հասցրել այնտեղ Պարսկաստանի ներկայությունը: Տեղացի իշխանները, կարծես, միանգամայն անտեղյակ երկրի քաղաքական պատկանելությունից, շարունակում էին կրել ռաջաների տիտղոսը ու վարել իրենց ուրույն ապրելակերպը: Իր կայսրության ծայրամաս Հինդու կուսակալություն արշավելը Ալեքսանդրի համար իմաստավորվում էր նաև այն առումով, որ համընկնում էր նրա աշխարհակալական ծրագրերի հետ:

Հնդկական արշավանքը: Հյուդասպ գետի ճակատամարտը: Փենջաբի նվաճումը

Ք.ա. 327թ. նորից տենդագին գործունեություն ծավալվեց Ալեքսանդրի ճամբարում՝ սկսվում է Հնդկական արշավանքը: Այս անգամ ճանապարհն անցնում էր Հինդուկուշի այն հատվածով, որը նախորդում է Հիմալայներին: Մեկուսի ու գրեթե անանցանելի այդ տարածքներն այսօր էլ բնակեցված են այն ռազմատենչ ցեղերի ժառանգներով, որոնք կատաղորեն դիմադրեցին Ալեքսանդրին: Դաժանելով ճնշելով նրանց՝ Մակեդոնացին մաքրեց լեռնանցքներն ու առաջ տարավ իր զորքը: Անցնելով այժմյան Աֆղանստանի ու Պակիստանի սահմանով ձգվող Խայբերի լեռնանցքը, Ալեքսանդրը ք.ա. 326թ. գարնանը մտնում է Հնդստան թերակղզու հյուսիսարևմտյան մասը՝ Փենջաբ:

Սկսելով Հնդկական արշավանքը՝ Ալեքսանդրը թագավորական ճամբարը դարձնում է կայսրության շարժական կենտրոն, որտեղից հազարավոր կիլոմետրերով ձգվում էին նվաճած երկրների ու ժողովուրդների կառավարման թելերը:

Հայտնի է, որ այդ ժամանակ Ալեքսանդրի բանակի կազմում կար 120 000 մարդ: Նրանց զգալի մասը օժանդակ ստորաբաժանումներն էին, գումակները, խայտաբղետ զինվորական ընտանիքները, որոնք մարտական գործողությունների ժամանակ մնում էին թիկունքում: Ժամանակի ընթացքում բազմաթիվ կորուստներ կրած ու թուլացած բանակը համալրվեց տեղացի ռազմիկներով: Դա բացասաբար անդրադարձավ զորքի մարտական ոգու և արշավանքի հետագա ընթացքի վրա: Լուրջ փոփոխություններ կրեց նաև բանակի ղեկավար կազմը. իրական ու երևակայական ընդդիմությանը ջախջախելուց հետո առաջ էին քաշվել նոր զորապետներ՝ Սելևկոսը, Պտղոմեոսը, Պերդիկասը, Կրատերոսը, Քենոսը և ուրիշներ:

Անծանոթ տեղանքում Ալեքսանդրին ուրիշ բան չէր մնում, քան օգտվել պատմիչների ու վայրին ծանոթ անձանց խորհուրդներից: Հավաքած տեղեկությունների համաձայն, Հնդկաստանում հոսում էր հորդառատ Ինդոս գետը, որը (ենթադրաբար) իր հարավային հոսանքներում միանում էր Նեղոսին: Ալեքսանդրը, որպես արշավանքի կարևորագույն ծրագիր հռչակում է հետևյալը՝ ուսումնասիրել Ինդոսի ավազանը և ծովային երթուղի մշակել կայսրության արևելյան ու արևմտյան ծայրամասերի միջև:

Այդ խնդիրները լուծելու համար Եգիպտոսից ու Փյունիկիայից Հնդկաստան ուղարկվեցին նավաշինարարներ ու նավաստիներ: Ծովակալ է նշանակվում Ալեքսանդրի մանկության ընկեր հույն Նեարքոսը, որին կարգադրվում է նավատորմիղի ստեղծումը: Նեարքոսի, Հեփեստիոնեսի ու Ալեքսանդրի փայլուն կազմակերպչական ունակությունների շնորհիվ ընդամենը 2 ամսում Ինդոսի ափերին կանգնեց 80 ռազմանավից ու 900 բեռնանավից բաղկացած նավատորմը:

Ինդոսից սկսվում է Հնդկաստանը: Ալեքսանդրը մտավ երկիր, ունենալով նվազագույն գիտելիքներ նրա աշխարհագրության ու կլիմայի մասին. լսել էր միայն, որ դա «հրաշալիքների ու գանձերի երկիր է»: Սակայն Հնդկաստանը դարձավ ողբերգական անակնկալների երկիր: Առաջին իսկ օրերից ծառացավ գլխավոր խնդիրը՝ ծանր արևադարձային կլիման: Գարնանային անտանելի շոգերին հաջորդում էին մուսսոնային հորդառատ անձրևները, որոնք անանցանելի էին դարձնում տեղանքը: Այդ հանգամանքն Ալեքսանդրը չէր նախատեսել իր արշավանքի օրացույցը կազմելիս:

Փենջաբը կամ «Հնգագետքը» գտնվում է Ինդոս գետի 5 վտակների ավազանում: Ալեքսանդրի ժամանակ տարածաշրջանի խոշոր պետություններն էին հին Գանդհարան՝ Տաքսիլես մայրաքաղաքով (այժմյան Պակիստանի Ռավալպինդի քաղաքի մոտակայքում) և նրանից դեպի հարավ գտնվող Պաուրավների թագավորությունը: Այդ երկու տերությունների հակասությունների վրա էր պատրաստվում Ալեքսանդրը կառուցել իր քաղաքականությունը:

Գանդհարայի թագավոր Օմփիսը համաձայնվեց համագործակցել Ալեքսանդրի հետ և հյուրընկալորեն բացեց իր մայրաքաղաքի դռները նրա զինվորների առջև: Հույները ապշահար էին Տաքսիլեսի արտասովոր ճարտարապետությունից, փարթամ այգիներից ու, ամենակարևորը՝ մարդկանց հետ շփվելուց: Այստեղի բնակիչները նույնպես արիներ էին, բայց տարբերվում էին թուխ մաշկով ու բարձր հասակով: Նրանք բամբակե հագուստ էին հագնում ու զարմանալի զարդեր գործածում: Հատկապես արտառոց էին կաստաներն ու այրի կանանց ինքնահրկիզման սովորույթը: Իսկ հնդիկ փիլիսոփաները, ճգնավորնե՛րը, իմաստուննե՛րը… Ալեքսանդրը նույնիսկ հրավիրեց իր մոտ երկու ճգնավորի: Նրանցից մեկը օրերով մտքերի մեջ խորասուզված, մերկ ու անշարժ պառկած էր գետնին, մյուսը, հավասարակշռության համար ձող բռնելով, ամբողջ օրը մի ոտքի վրա կանգնած մտորում էր…

Ալեքսանդրը մտերմացավ Կալանոս անունով հնդիկ փիլիսոփայի հետ, որը մի որոշ ժամանակ նրան ուղեկից եղավ, այնուհետև տկարանալու պատճառով ինքնական կյանքին վերջ տվեց՝ բրահմայական ծիսակարգի համաձայն խարույկի վրա բարձրանալով:

Ալեքսանդրի հաջորդ քայլն էր Պաուրավների հարստության Պորոս ռաջայի տերության նվաճումը: Եռանդուն ու քաջարի Պորոսը հանդգնություն ունեցավ մերժել Ալեքսանդրի դաշնության առաջարկը և պատերազմի ելավ պարտություն չիմացող թշնամու դեմ: Ք.ա. 326թ. ամռանը Հյուդասպ (այժմ՝ Ջելում) գետի ափին տեղի ունեցավ Ալեքսանդրի չորրորդ մեծ ճակատամարտը:

Մուսսոնային վարանումների ժամանակ Հիմալայներից կատաղի ուժգնությամբ հորդացող ջրերը բարդ ռազմատեխնիկական խնդիր էին դարձնում Հյուդասպի անցումը: Ալեքսանդրը կարգադրեց Ինդոսի վրա տեղակայված նավերը մասնատել, ցամաքով տեղափոխել Հյուդասպի ափ ու նորից հավաքել: Տեղում պատրաստվեցին բազմաթիվ մակույկներ, իսկ նժույգների տեղափոխման համար՝ դարմանով լցոնած լաստանավեր: Աշխատանքները կատարվում էին սարսափելի պայմաններում, անանցանելի կուսական լպրծուն անտառներում, ուր վխտում էին անհամար օձեր, գարշելի միջատներ, թունավոր մոծակների ամպեր: Վայրի բնությունը օր օրի նոսրացնում էր վհատության մեջ ընկած հունամակեդոնական զինվորների շարքերը:

Թշնամական բանակները դիրքավորվեցին գետի հակադիր ափերին: Հնդիկների աչքի առաջ գետանցում կատարելը հղի էր վտանգով, ուստի Ալեքսանդրը հատուկ ռազմավարություն մշակեց: Նախ, ծանր հետևակը Կրատերոսի ղեկավարությամբ ձևացրեց գետանցման պատրաստություններ, շեղելով մյուս ափին ճամբարված հակառակորդի ուշադրությունը: Նույն այդ ժամանակ Ալեքսանդրի ղեկավարած հիմնական բռունցքը շարժվեց գետի հոսանքն ի վեր, դեպի 26 կմ հեռավորության վրա գտնվող լողուն միջոցները: Նավերի վրա զորքի գիշերային բեռնման ժամանակ սաստիկ ամպրոպ ճայթեց: Չնայած հորդ անձրևը մոլեգնեց մինչև առավոտ, հաջողվեց աներևակայելին՝ կատարյալ մթության մեջ, ուժգին քամու ու տեղատարափ անձրևի տակ բեռնավորվեցին նավերն ու լաստերը: Լուսաբացին ամբողջ զորքը գետով վար շարժվեց դեպի Պորոսի ճամբարը: Հնդիկների դիտակետը թշնամուն տեսավ այն պահին, երբ ոլորանի հետևից երևաց մակեդոնական նավախումբը և գլխանավից առաջինն ափ ցատկեց Ալեքսանդրը:

Հնդկական բանակն արհեստավարժ էր և, համաձայն Արիանոսի, ուներ 200 մարտական փիղ ու 180 մարտակառք: Փղերին Պողոսը շարել էր ճակատային գծում, պաշտպանելով նրանց թևը հեծելազորով ու մարտակառքերով: Ալեքսանդրը, խուսափելով կենդանիների հետ անմիջական առճակատումից, որոշեց գրոհը սկսել աջ կողմից, թևային հեծելազորի ուժերով: Նա պատրաստվում էր փղերի դեմ հանել իր ծանրազեն հետևակն այն պահին, երբ կռվի դաշտը քաոսի վերածվեր: Ալեքսանդրի մտահղացումը հաջողությամբ պսակվեց, բայց ի՛նչ գնով: Հնդիկ զինվորները ցուցադրեցին զարմանալի տոկունություն. նրանց հեծելազորը հակահարվածի անցավ, փղերը գրոհեցին մակեդոնացիների վրա: Ճակատամարտն ընթանում էր փոփոխակի հաջողությամբ, ու միայն ութերորդ ժամին թշնամու դիմադրությունը կոտրվեց: Հստակ մարտավարությունը, գնդերի փոխգործողություններն ու արագ կատարվող վերադասավորումներն առավելություն էին տալիս հունամակեդոնացիներին: Ալեքսանդրի նետաձիգները հեռվից վիրավորում էին փղերին, ու մոլեգնած աժդահաները մխրճվում էին հնդիկ զինվորների շարքերի մեջ, իսկ ավարտում էր գործը մակեդոնական փաղանգի հանդիպական հարվածը: Հենց ճիշտ պահին օգնության հասած Կրատերոսը ապահովեց կատարյալ հաղթանակը:

Հյուդասպ գետի ճակատամարտը համարվում է մարդկության պատմության ամենափայլուն ճակատամարտերից մեկը: Միևնույն ժամանակ, դա ամենաարյունահեղ ջարդն էր Ալեքսանդրի կենսագրության մեջ: Պորոսի բոլոր զորավարները, երկու որդիներն ու թոռը զոհվեցին, իսկ ինքը, վիրավոր, գերի ընկավ մակեդոնացիներին: Պորոսի առնական տեսքը և զորավարի արժանապատիվ կեցվածքը խորապես ազդեցին Ալեքսանդրի վրա: Երբ նա հարցրեց Պորոսին, թե ինչպե՞ս կցանկանար, որ իրեն պատժեն, վերջինս պատասխանեց. «Արքային վայել ձևով»: Ու Ալեքսանդրը կրկին ցուցադրեց իր կանխամտածված մտահոգությունը. նա Պորոսին թողեց թագավորությունը՝ իր հետ դաշնակցելու և իր գերիշխանությունն ընդունելու պայմանով: Դրանով նա հակակշիռ ստեղծեց Օմփիսի թագավորությանը:

Հյուդասպ գետի ափերին Ալեքսանդրը հիմնեց երկու քաղաք-ամրոց՝ Նիկեան («Հաղթանակի քաղաք») և Բուկեփալիան (ի հիշատակ իր Բուկեփալոս նժույգի):

Հյուդասպ գետի հաղթական ճակատամարտով ավարտվեց Փենջաբի նվաճումը: Սակայն Ալեքսանդրը տեղեկացավ, որ Փենջաբը դեռ իսկական Հնդկաստանը չէ: Գանգես գետի բերրի հովտում, 15 օրվա ճանապարհի հեռավորության վրա, կան հզոր ու հարուստ երկրներ: Ահա ա՛յդ մի Հնդկաստանն է պետք նվաճել: Իսկ Գանգեսից այն կողմ կան տասնյակ այլ երկրներ: «Օվկիանոսը» դեռ անասելի հեռու է… Բայց Ալեքսանդրի համար այդ ամենը խոչընդոտ չէր: Միայն առա՛ջ:

Արևելյան արշավանքի ավարտը: Վերադարձ

Եվ այստեղ անվերջ արշավանքներում հյուծված ու տանջված Ալեքսանդրի զորքն ըմբոստացավ: Քանի՛-քանի՛ հազար խիզախ զինվորներ իրենց վախճանը գտան Գրանիկոսի, Իսոսի, Գավգամելայի հովիտներում: Քանիսնե՛րը հոգիներն ավանդեցին Ասիայի անծայրածիր տափաստաններում, Տյուրոսի պարիսպների տակ, Հինդուկուշի լեռներում, Հյուդասպի ափին: Ամբողջ ճամբարը խլրտում էր դեսուդեն վազվզող զինվորներով, որոնք իրար համոզում, պայմանավորվում, ժողովներ հավաքում ու կրակոտ երդումներ էին տալիս, որ այլևս դեպի արևելք չեն գնա: Տեղի էր ունենում աներևակայելին՝ Ալեքսանդրի բոլոր փայլուն մտահղացումները տապալվում էին: Մակեդոնացին դիմեց քաղաքական գործչի, հոգեբանի, հռետորի, դերասանի իր տաղանդին, նա կոչ էր անում կամավորներին միանալ իրեն, «… իսկ մնացածը թող վերադառնան հայրենիք ու բոլորին պատմեն, թե ինչպես թշնամական երկրում լքեցին իրենց թագավորին»:

Մի քանի օր Ալեքսանդրը դուրս չէր գալիս վրանից, հուսալով, որ զինվորները կփոխեն իրենց մտադրությունը, բայց, ավա՛ղ… Ճամբարը, կարծես, քարացել էր մռայլ լռության մեջ: Բոլորի կարծիքը եզրափակեց Քենոսը. «Աստվածների լավագույն պարգևը բախտի մեջ չափավոր լինելն է… Գնո՛ւմ ենք տուն»: Այստեղ, Ինդոսի արևելյան վտակ Հյուփասիսի (ներկայիս Բիասի) ափին Ալեքսանդրի բոլոր փառասիրական երազանքները խորտակվեցին: Բարոյական այս հարվածին պետք էր արքայավայել դիմակայել, ու Ալեքսանդրը ձևակերպեց արշավանքի ավարտն իբրև «աստվածների կամքով կասեցված»:

Հետադարձ ուղին անհայտ էր և տառապալից: Ջոկատների բաժանված բանակը, զգուշորեն հետազոտելով անծանոթ տեղանքը, մեկ նավերով, մեկ հետիոտն շարժվում էր Ինդոսի վտակների երկայնքով, հուսալով ի վերջո դուրս գալ բնակեցված մի վայր: Վիճակը բարդացնում էին հետապնդող խիզախ և արյունարբու ցեղերը:

Մի վայրում, որի բնակիչները համարվում էին ամենակտվատենչը հնդիկների մեջ, Ալեքսանդրը մահացու վտանգի ենթարկվեց: Ներկայացնենք դեպքը զորավար Պտղոմեոսի փոխանցմամբ: Մի բերդի պաշարման ժամանակ անհամբեր թագավորին թվաց, որ զինվորներն անիմաստ դանդաղում են բերդի պարսպին սանդուղք ամրացնելիս: Նա խլեց սանդուղքը, հենեց պարսպին, և առանց իր շուրջը նայելու, վեր բարձրացավ: Զինվորները ստիպված հետևեցին, բայց նրանց ծանրության տակ սանդուղքը կոտրվեց, ու Ալեքսանդրը երեք զինակիցների հետ հայտնվեց պարսպի վրա՝ թշնամու նետերի տարափի տակ: Մեկ ուրիշը պարսպից վայր կցատկեր իր մարդկանց մոտ, բայց ո՛չ Ալեքսանդրը: Նա թռավ թշնամու ոհմակի մեջ և երեք զինակիցներին ոչինչ չմնաց անելու, քան հետևել նրան: Նրանցից մեկը տեղնուտեղը սպանվեց, Ալեքսանդրի կրծքի մեջ նետ խրվեց, բաց վերքից արյուն և օդ էին բխում, իսկ նա դիմադրում էր մինչև գիտակցություն կորցնելը: Այդ տեսնելով, երկրորդ զինակիցը պառկեց Ալեքսանդրի վրա ու ծածկվեց վահանով: Իսկ երրորդը՝ նրա վերջին պաշտպանը, առյուծի պես կռվում էր: Ներքևում մնացած ջոկատին մի կերպ հաջողվեց իրար վրա կանգնելով ու պարիսպը ջարդելով ներս խուժել: Նրանք համոզված էին, որ Ալեքսանդրը սպանված է ու սարսափելի ջարդ սկսեցին: Ալեքսանդրի ապաքինումը հրաշք էր, բայց նրա առողջությանը լուրջ վնաս էր հասցված: Սակայն թագավորը, ինչպես միշտ, ավելի շատ մտահոգված էր իր անելիքով, քան վերքերով:

Ք.ա. 325թ. ամռանը Ալեքսանդրը հասավ Ինդոսի ընդարձակ գետաբերանը: Այստեղից նա իր զորքերը շեշտակի թեքեց դեպի արևմուտք և բռնեց վերադարձի ուղին:

Բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը Կրատերոսի գլխավորությամբ շարժվում էր համեմատաբար հեշտ ու ծանոթ ճանապարհով՝ Արաքոսիայի միջով: նեարքոսի նավատորմը, հետազոտելով Արաբական ծովի ուղիները և ափերից չհեռանալով, դանդաղ նավում էր դեպի Բաբելոն: Իսկ Ալեքսանդրի զորքը գնում էր ցամաքով՝ առափնյա գծին զուգահեռ: Պայմանավորված էր, որ Ալեքսանդրն ու Նեարքոսը գտնվելու էին հնարավորինս միմյանց տեսադաշտում, ընդ որում թագավորի զորքը նավատորմի համար պաշարներ էր հայթայթելու և պահեստավորելու նախօրոք նշված տեղերում:

Սկզբում ամեն ինչ ընթանում էր ծրագրվածի համաձայն: Բայց երբ Ալեքսանդրի բանակը մտնում է Հեդրոսիայի անապատ (ներկայիս Բելուջիստան), սկսվում են դժվարությունները: Այստեղ տեղանքը հարմար չէր մեծաքանակ զորքի անցնելու համար: Տեղաբնակները սնվում էին ձկով, ապրում ափերին ընկած կետերի կմախքների մեջ, խմում դառն ու աղի ջուր: Նման պայմաններում հայտնված բանակը անասելի զրկանքների ենթարկվեց: Նեխած ջրի կումն ամենաերազելի ըմպելիքն էր: Սատկեցին բոլոր նժույգները, շոգից հյուծվեցին ու մահացան կանայք ու երեխաները, հիվանդներին անօգնական թողնում էին ավազներում: Զորքի հետևից ձգվում էր դիակների շարանը, և թվում էր, որ վաղ թե ուշ բոլորն իրենց գերեզմանն են գտնելու այդ անիծյալ վայրում: Նավատորմի հետ կապը վաղուց ընդհատվել էր: Բայց Ալեքսանդրը չէր կորցնում անսասան հավատն ու հոգեկան կորովը և համառորեն շարունակում էր արշավը, իսկ նրա գիտնականներն անդադար արձանագրում էին իրենց դիտարկումները: Այդպիսի ծանր օրերից մի օր Մակեդոնացուն սաղավարտով ջուր բերեցին, բայց նա այդ հիրավի գանձը՝ ջուրը, թափեց ավազի մեջ, ասելով, որ այդքանը բավական չէ իր զորքի ծարավը հագեցնելու համար:

«Սոված անապատը», տարբեր գնահատումներով, խլեց Ալեքսանդրի զորքի մոտ 60 տոկոսը: Երկու ամիս տևեց այդ մղձավանջային վերադարձը, երբ զորքը վերջապես հասավ Պարսկաստանի բնակեցված տարածքները:

Ամենից շատ Ալեքսանդրին անհանգստացնում էր նավատորմի ճակատագիրը: Ու երբ մի գեղեցիկ օր մակեդոնական ճամբարում հայտնվեց ցնցոտիներով մի ծերուկ, Ալեքսանդրը հազիվ ճանաչեց հավատարիմ Նեարքոսին, որին հրաշքով հաջողվել էր փրկել նավատորմն ու տեղ հասնել: Ալեքսանդրը ուրախությունից լալիս էր: Նավատորմը կատարել էր իր առջև դրված խնդիրը՝ գտել էր Հնդկաստանից դեպի Բաբելոն տանող ծովային ճանապարհը:

Ք.ա. 324թ. մարտին, արևելյան արշավանքի մեկնարկից 10 տարի անց, Ալեքսանդր Մեծի բանակի մասերը վերջապես միացան ու մտան Շոշ: Արևելյան արշավանքն ավարտված էր:

Ալեքսանդրի կայսերական ծրագրերը: «Շոշի պսակադրությունը»

Վերադառնալուն պես Ալեքսանդրը ձեռնամուխ է լինում իր վաղեմի երազանքին՝ իդեալական կայսրության կառուցմանը: Մակեդոնացու տերության բնակչությունը տարացեղ էր ու տարալեզու և գտնվում էր զարգացման տարբեր աստիճաններում: Տնտեսական ու մշակութային կապերն առանձին մասերի միջև ամուր չէին, ու երկիրը հնազանդության մեջ էր պահվում լոկ զենքի ուժով: Գիտակցելով այս ամենը, Ալեքսանդրը կատարում է լայնածավալ բարեփոխումներ և գույքի վիթխարի վերաբաշխում:

Պետականաշինության ասպարեզում Մակեդոնացին փորձում է զուգակցել հելլենական և արևելյան օրենքներն ու ավանդույթները: Ալեքսանդրը կիրառում է կոշտ և ճկուն քաղաքականություն, մի կողմից՝ զսպելով, մյուս կողմից՝ խրախուսելով ու քաջալերելով կայսրության կազմի մեջ մտնող տարբեր ազգերի ու խավերի ներկայացուցիչներին: Նա հավասարակշռում է կուսակալների իշխանությունը՝ մակեդոնացի փոխարքաների նորաստեղծ կառույցի միջոցով: Բոլոր պետական կառույցները ենթարկվում էին անձամբ Ալեքսանդրին:

Հսկայական աշխատանքներ էին ծավալվում Արևելքում հելլենական ապրելաոճի հաստատման ուղղությամբ: Ազնվահունչ հունարենը դառնում է պետական լեզու: Պարսիկ տիրակալների գաղտնարաններում պահված ոսկու ձուլվածքներից մետաղադրամ է հատվում և լայնորեն դրվում շրջանառության մեջ: Արիստոտելին ու նրա դպրոցին հատկացվում է 800 տաղանդ (մոտ 2 տոննա) ոսկի՝ գիտական աշխատանքները շարունակելու համար: Հույները զանգվածաբար տեղափոխվում են Արևելք, բնակություն հաստատում Ալեքսանդրի հիմնած Ալեքսանդրիաներում, այդպիսով տարածելով հելլենական մշակույթն ու գիտելիքները: Սկսում է ձևավորվել մի ուրույն ու եզակի քաղաքակրթություն, որտեղ միահյուսվում են Արևելքի հնագույն մշակույթը և Հունաստանի առաջադեմ գաղափարները:

Շուտով, սակայն, պարզվում է, որ Ալեքսանդրի բացակայության ժամանակ, մանավանդ երբ լուրեր էին տարածվել Հեդրոսիայի անապատում, աղետալի դեպքերի մասին, նրա հպատակներն անկառավարելի էին դարձել: Նրանցից շատերը պատրաստվում էին ինքնուրույնություն հռչակել: Աճում էին կաշառակերությունն ու հափշտակումները, կառավարումը թերի էր, պարսիկներին ու մակեդոնացիք իրար հետ ընդհանուր լեզու չէին գտնում: Բացի դրանից, հունամակեդոնական զանգվածների համար ավելի ու ավելի տեսանելի էր դառնում այն տխուր իրողությունը, որ Հունաստանն ու Մակեդոնիան, կազմելով Ալեքսանդրի կայսրության փոքրագույն մասը, հայտնվել էին նրա ծայրամասը վերածվելու վտանգի առաջ:

Ալեքսանդրին ծանր խոցեց իր մանկության մտերիմ ընկեր Հարպալոսի դավաճանությունը: Կազմակերպչական ու մաթեմատիկական փայլուն ձիրքերի շնորհիվ Հարպալոսը նշանակվել էր արքունի գանձապահ Բաբելոնում: Սակայն չդիմանալով գայթակղությանը և հավատալով իր անպատժելիությանը, Հարպալոսը սկսեց վարել ցոփ ապրելակերպ և մսխել պետական միջոցները: Ալեքսանդրի վերադառնալու լուրը ստանալուն պես նա հափշտակեց գանձարանն ու փախավ Հունաստան՝ հույներին կոչելով ապստամբության: Որոշ ժամանակ անց Հարպալոսը սպանվեց Կրետեում, իսկ նրա հետ կապեր ունենալու մեջ կասկածվող հռետոր Դեմոսթենեսը ստիպված եղավ փախչել Աթենքից:

Մեկ այլ տհաճ անակնկալ էր Տիգրիս գետից դեպի արևելք գտնվող Օպիս (Տիզբոն) քաղաքում բռնկված ապստամբությունը: Առատորեն պարգևատրելով մակեդոնացի զինվորներին, Ալեքսանդրը նրանց հայրենիք վերադառնալու հրաման տվեց: Սակայն վետերանները կտրուկ հրաժարվեցին տուն գնալ՝ մեղադրելով Ալեքսանդրին իրենցից ազատվելու միտման մեջ: Վերջիվերջո թագավորին հաջողվեց վետերանների հետ փոխզիջողական համաձայնության գալ:

Մի խոսքով, Ալեքսանդրը ստիպված եղավ նորից նվաճել իր սեփական կայսրությունը. նա գործում էր վճռական, դաժանորեն և արագ: Վիթխարի և խախուտ պետական շենքը, որ քիչ էր մնում փլվեր իր սեփական ծանրությունից, նորից արյունով շաղախվեց. մահապատժից չխուսափեցին ընդվզյալներից և ոչ մեկը:

Ալեքսանդրը միայնակ չէր. նրա հայացքները կիսում էին տեղացի ազնվատոհմիկներից ոմանք, ովքեր ժամանակի ընթացքում դարձան նրա հավատարիմ համախոհները: Հիշատակենք պարսիկ կուսակալներ Ատրպատեսին, Թրատաթերնին, Օքսիարտեսին, հնդիկ ռաջաներ Օմփիսին ու Պորոսին: Այնպես որ Արևմուտքի ու Արևելքի մերձեցման Ալեքսանդրի ծրագրերը աստիճանաբար տալիս էին իրենց պտուղները:

Վերադառնալով Հնդկաստանից, Ալեքսանդրը կարող էր նվիրվել իր նոր ոգեշնչանքին՝ աշխարհագրական հայտնագործություններին: Հեդրոսիայի անապատով ցամաքային արշավի դժվարությունները հերթական անգամ առաջ քաշեցին ծովային ուղիների կարևորությունը և դրանց հետազոտման անհրաժեշտությունը: Ալեքսանդրը Նեարքոսի հետ ձեռնամուխ եղավ արաբական արշավանքի նախապատրաստմանը: Նախատեսված էր Պարսից ծոցից ծովափնյա երթուղի մշակել Արաբական թերակղզու շուրջը: Մտադրություն կար հետագայում գիտարշավ ուղարկել Աֆրիկա: Ալեքսանդրը արագ էր ընդունում շրջադարձային որոշումներ և առանց տատանման անցնում դրանց կատարմանը: Կայսրության տնտեսական ներուժը շուտափույթ տրամադրվեց վիթխարի ծրագրերի կարիքներին: Տիգրիսը նավարկելի դարձնելու համար ոչնչացվում են դաշտերը ոռոգող ամբարտակները: Հեռավոր Փյունիկիայում ամենայն թափով նավեր են կառուցվում, մասնատվում ու ցամաքով տեղափոխվում Եփրատ, այնուհետև հավաքվում ու խարսխվում հազար նավ տարողություն ունեցող Բաբելոնի նորակառույց  նավահանգստում:

Կայսրության կայացման կարևորագույն հարցն էր հույն ու պարսիկ ժողովուրդների մերձեցումը: Ալեքսանդրը իրեն բնորոշ վճռականությամբ որոշեց արագացնել մերձեցման բնականոն ընթացքը՝ հարկադրաբար պսակադրելով երկու ժողովուրդների ներկայացուցիչներին: Միջոցառումը կատարվեց պարսկական սովորույթի համաձայն և ստացավ պետական նշանակալիություն: Այն անցկացվեց Աքեմենյանների մայրաքաղաք Շոշում և պատմության մեջ հայտնի է որպես «Շոշի պսակադրություն»: Ալեքսանդրը դեռ զավակ չուներ Հռոքսանեից: Թագաժառանգ թողնելու և իր դիրքը ամրապնդելու նպատակով նա ամուսնացավ ևս երկու կանանց հետ, որոնցից մեկը՝ Ստատեյրան, Դարեհի ավագ դուստրն էր, իսկ մյուսը՝ Պարիսատիսը, Դարեհի նախորդ Արտաքսերքսես III-ի կրտսեր դուստրը: Հռոքսանեն շարունակեց մնալ թագուհի: Մտերիմ ընկերներ Հեփեստիոնեսն ու Կրատերոսը ամուսնացան Դարեհի մյուս դուստրերի հետ, Նեարքոսը՝ Բարսինեի դստեր հետ, Պերդիկասը՝ կուսակալ Ատրպատեսի դստեր հետ: Մակեդոնացին չմոռացավ նաև իր երբեմնի ոխերիմ թշնամի Սպիտամենի դստերը, որին կնության տվեց զորավար Սելևկոսին: 90 ազնվատոհմ զույգերի պսակադրությանը հետևեցին ևս 10 հազար զինվորների ու տեղական օրիորդների ամուսնությունները: Ճոխ հանդիսությունները և թանկարժեք օժիտների ու նվերների բաժանումը տևեցին մի քանի շաբաթ: Ալեքսանդրը իր անձնական միջոցներից վճարեց ամուսնացող զինվորների պարտքերը: Հայտնի է, որ բազմաթիվ փեսաներ ներքին դիմադրանքով համաձայնվեցին պսակադրությանը, սակայն ոչ ոք չհամարձակվեց հակաճառել Մեծն բասիլևսին. նրան մարտահրավեր նետողները վերացված էին:

Արվամոլությունն ընդհանրապես ընդունված էր այն ժամանակներում: Ալեքսանդրը ուներ պարսիկ սիրեկան՝ Բագոաս անունով մի ներքինի: Գեղեցկատես ու բարեհոգի երիտասարդը զվարճացնում էր Ալեքսանդրին իր պարով և չէր խառնվում արքունիքի գործերին: Ալեքսանդրի մահից հետո նրան ապաստան տվեց Պտղոմեոսը: Սակայն թագավորը հատկապես մտերմիկ էր մանկության ընկեր Հեփեստիոնեսի հետ: Մակեդոնացին նրան աներևակայելի բարձունքի էր հասցրել, անվանել էր «երկրորդ Ալեքսանդր» և վստահել խորհրդականի ու գործերի կառավարչի պատասխանատու պաշտոնները: Հեփեստիոնեսի անսպասելի մահը Ալեքսանդրի համար սպանիչ էր, վշտից ցնորված պահին նա հրամայեց սպանել ընկերոջը բուժող բժշկին: Սիրեցյալի հուղարկավորությունը կատարվեց պետական մակարդակով: Ալեքսանդրը որոշել էր Հեփեստիոնեսի աճյունի համար եգիպտական Ալեքսանդրիայում կառուցել իր վեհությամբ Քեոփսի բուրգը գերազանցող դամբարան:

Ալեքսանդրի մահը: Կայսրության տրոհումը

Ալեքսանդրի կյանքի վերջին շրջանը լի էր ողբերգական իրադարձություններով, հիասթափություններով, անձնական կորուստներով: Հախուռն խառնվածքը, ռազմական նորանոր նվաճումների մոլուցքը, իր աստվածային ծագման ու անմահության նկատմամբ անսասան հավատը, անհագուրդ ցոփ ու շվայտ ապրելակերպն ու ռազմի դաշտում ստացած բազմաթիվ վերքերը այնպես էին քայքայել նրա առողջությունը, որ արևադարձային տենդով վարակվելը դարձավ վաղահաս մահվան պատճառը: Ք.ա. 323թ. հունիսին Բաբելոնում, 33 տարեկան հասակում, Մեծն Ալեքսանդրը կնքեց իր մահկանացուն:

Մակեդոնացու մահվան պատճառի վերաբերյալ գոյություն ունի նաև թունավորման վարկածը: Երկու ընկերների՝ Հեփեստիոնեսի ու Ալեքսանդրի մահը զարմանալիորեն հաջորդեցին իրար, ընդ որում՝ նմանատիպ հատկանիշներով: Կասկածյալների շրջանը լայն էր: Ալեքսանդրը, բնականաբար, ուներ բազմաթիվ ակնհայտ ու թաքնված թշնամիներ, որոնք կարող էին հանցանքի գնալ և՛ քաղաքական, և՛ անձնական դրդապատճառներով: Պատմիչները, որպես կասկածահարույց, հիշատակում են հետևյալ դեպքերը: Անտիպատրոսը, ով Ալեքսանդրի բացակայության տարիներին Մակեդոնիայում կատարում էր փոխարքայի պարտականությունները, մշտապես ընդհարումների մեջ էր իշխանատենչ Օլիմպիադայի հետ: Արձագանքելով Օլիմպիադայի հերթական դժգոհության նամակին, Մակեդոնացին իր մոտ է կանչում Անտիպատրոսին ու նրա որդիներին, պատրվակելով նորակոչ զորամիավորումները Պարսկաստան բերելու անհրաժեշտությունը: Անտիպատրոսը երկյուղով է ընդունում բասիլևսի կարգադրությունը, հիմնավոր կասկածելով, որ կարող է արժանանալ Պարմենիոնի ճակատագրին: Նա այնտեղ է ուղարկում իր որդի Կասանդրոսին, որը գալով Բաբելոն, Ալեքսանդրի պատվին խնջույք է պատվիրում: Խնջույքի ժամանակ ականատես դառնալով, թե ինչպես են հյուրերից ոմանք երեսնիվայր պառկելով երկրպագում Ալեքսանդրին և գտնելով տեսարանն անհեթեթ, Կասանդրոսը բարձր ծիծաղում է: Զայրույթից մոլեգնած Ալեքսանդրը բռնում է նրան մազերից ու դեմքը պատին մխրճում: Հայտնի է, որ խրախճանքից հետո թագավորը ծանր հիվանդանում է, իսկ երկու շաբաթ անց՝ մահանում:

Վերջերս բրիտանական մասնագետները, հիմնվելով գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների վրա, կրկին անդրադարձան Ալեքսանդրի մահվան առեղծվածին: Ըստ նրանց, թագավորի մահվան պատճառն էր այն ժամանակ շատ տարածված ղանձլամեր բույսի գործածումը, որի մեծ չափաքանակն ազդում է որպես թույն:

Ալեքսանդրի վերջին տեսածը իր բանակի զինվորներն էին, որոնք ներս խուժեցին թագավորի ննջարանը, երբ տեղեկացան նրա մահամերձ լինելու մասին: Այժմ նրա մոտ էին եկել ո՛չ թե Հյուփասիսի ընդդիմադիրները և Օպիսի ապստամբները: Մեռնող զորավարի մահճի մոտով հուշիկ քայլերով անցնում էին նրա Մեծ բանակի զինվորները: Իրենց թագավորի հետ նրանք կիսել էին արշավանքների դժվարությունները, վտանգներն ու հաղթանակները և այժմ ջանում էին որսալ նրա վերջին հայացքը, տեսնել նրա գլխի աննշմարելի շարժումը՝ որպես հրաժեշտի նշան…

Հանճարեղ Ալեքսանդրի ստեղծած կայսրությունը ձգվում էր Բալկանյան թերակղզուց մինչև Հնդկաստան և իր չափերով գերազանցում էր Աքեմենյան Պարսկաստանին: Մակեդոնացին երազում էր դառնալ նոր տիպի համաշխարհային կայսրության գաղափարախոսն ու հիմնադիրը, սակայն հանկարծահաս մահը տակնուվրա արեց պետականաշինության բոլոր ծրագրերը:

Զենքի ուժով ստեղծված կայսրությունը սկսեց տրոհվել Ալեքսանդրի մահից անմիջապես հետո: Առաջին զինված ընդհարումը նրա զորավարների միջև տեղի ունեցավ պալատում՝ Բաբելոնում, դեռևս հողին չհանձնած թագավորի դիակի մոտ: Ասում են, որ մահվան մահիճը շրջապատած ընկերների հարցին, թե ո՞ւմ է նա թողնում թագավորությունը, Ալեքսանդրը մրմնջաց. «Ամենաարժանավորին…»: Մակեդոնացու եռանդուն, փառամոլ ու խիզախ զորապետներից յուրաքանչյուրը համարում էր, որ միայն ինքն է մեծ նվաճողի գործի արժանի հետնորդն ու իբր իրեն էր ժառանգված կայսրությունը: Ի վերջո, ժամանակավորապես պետության փաստական ղեկավար դարձավ Ալեքսանդրի թիկնապահներից մեկը՝ հեղինակավոր զորապետ Պերդիկասը: Հայտնի է, որ Ալեքսանդրը մահից առաջ իր ձեռքով էր Պերդիկասին հանձնել գերագույն իշխանության խորհրդանիշը՝ թագավորական մատանին կնիքով: Եվ որպես հանգուցյալի վերջին պատգամի տնօրինող, Պերդիկասը թագավոր հռչակեց Ալեքսանդրի խորթ եղբորը՝ թուլամիտ Փիլիպոս Արրիդեյոսին:

Հռոքսանեի որդին, որը ծնվեց այդ արարողությունից մի փոքր ժամանակ անց և ով իրավամբ Մակեդոնացու միակ օրինական ժառանգն էր, նույնպես հռչակվեց թագավոր՝ Ալեքսանդր IV, իսկ Պերդիկասը դարձավ երկու թագավորների խնամակալը: Սակայն հաղթեց մի այլ իրավունք՝ ուժեղի իրավունքը, և Ալեքսանդրի բոլոր սխրակիցները, ինչպես և նրա տոհմի բազմաթիվ ներկայացուցիչները, փառամոլ Օլիմպիադայի գլխավորությամբ ագահաբար ներքաշվեցին Ալեքսանդրի ժառանգության բաժանմանը:

Երբ սգո թափորը ոսկյա դագաղում ամփոփված թագավորի աճյունով շարժվում էր դեպի վերջին հանգրվանը՝ Մակեդոնիա, Պտղոմեոսը առևանգեց դին և գաղտնաբար տեղափոխեց եգիպտական Ալեքսանդրիա: Այնտեղ դագաղը ցուցադրված մնաց մոտ 500 տարի, հետզհետե վերածվելով սրբավայրի: Հայտնի է, որ Մակեդոնացուն ընդօրինակելի տիրակալ համարող Հռոմի կայսրերը՝ Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը, Օգոստոսը, Կալիգուլան, այցելել են Ալեքսանդրի դամբարանը: Այնուհետև նրա աճյունը հանելուկային ձևով անհետանում է: Չնայած այսօր էլ պարբերաբար սենսացիոն տեղեկություններ են հայտնվում աճյունի հայտնաբերման վերաբերյալ՝ Մակեդոնացու շիրիմը մնում է անհայտ:

Ք.ա. 322թ. կազմալուծվեց Կորնթոսյան դաշինքը, և առժամանակ լռած Աթենքը, ոգևորվելով անդադրում Դեմոսթենեսի կոչերով, ազատագրական պայքարի ելավ Մակեդոնիայի դեմ: Աթենքի ջախջախումից ու Դեմոսթենեսի մահից հետո նոր թափով ծավալվեց խառնակ ու ավերիչ պայքարը Ալեքսանդրի հետնորդների միջև: Դժվարությամբ ձեռք բերած պայմանավորվածությունները խախտվում էին, զինադադարները հաշտությամբ չէին կնքվում, իսկ զորքի մեջ ավելի ու ավելի բարձր էին հնչում պարսկական հարուստ ավարն արդար բաշխելու պահանջները: Ալեքսանդրի հետնորդները պատմության մեջ մտան որպես դիադոքոսներ, նրանց միջև 20 տարի տևած կռիվները կոչվեցին «դիադոքոսների պատերազմներ»:

Ք.ա. 316թ. Կասանդրոսի հրամանով սպանվեց Օլիմպիադան: Ք.ա. 311թ. դիադոքոսների միջև երկպառակություններն առժամանակ մարեցին, բայց երկու տարի անց սպանվեցին Բարսինեն ու նրա և Ալեքսանդրի որդի Հերակլեսը: Շուտով վայրագ հաշվեհարդարի զոհ դարձան անպաշտպան մնացած Հռոքսանեն ու մանկահասակ թագավոր Ալեքսանդր IV-ը: Այդպիսով, դիադոքոսների պատերազմները նշանավորվեցին Ալեքսանդրի ժառանգների, մոր ու կանանց սպանությամբ:

Դիադոքոսներից ոչ մեկին չհաջողվեց իր ձեռքում կենտրոնացնել Ալեքսանդրի թողած ժառանգությունը: Ի վերջո հաղթեցին նրանք, ովքեր բավարարվեցին տրոհված կայսրության առանձին մասերով: Մակեդոնիան բաժին հասավ Անտիպատրոսի ընտանիքին, Թրակիան՝ Լիսիմաքոսին, Փոքր Ասիան ու Ասորիքը՝ Անտիգոնոսին, իսկ Եգիպտոսին տիրացավ Պտղոմեոսը: Այդպիսով, Ալեքսանդրի մահից 17 տարի անց նրա կայսրության տարածքում հայտնվեցին մրցակից թագավոր-զորապետներ, որոնք իրենց կառավարած երկրամասերը ցանկանում էին վերածել շատ թե քիչ կայուն պետությունների: Ք.ա. 280թ. Ալեքսանդրի բոլոր հետնորդները անհետացան պատմության թատերաբեմից: Վերջիններից մեկը՝ ականավոր զորավար Սելևկոս I Նիկատորը, հաստատվեց կայսրության ընդարձակ արևելյան մասերում:

Ալեքսանդրի կայսրության բեկորների վրա ծլած պետությունները հրաժարվեցին հունական ժողովրդավարությունից և անցան միապետական կարգի: Ինչպես բանաստեղծորեն արտահայտվել էր մի հին հռետոր՝ «… Փիլիպոսի ու Ալեքսանդրի բորբոքած հրդեհի ծխի մեջ խեղդվեց հունական ժողովրդավարությունը»:

Հելլենիզմի դարաշրջան: Դիադոքոսների պետությունները

Ք.ա. երրորդ դարի կեսից Ալեքսանդրի տրոհված կայսրության պարագծով սկսեց ձևավորվել նոր քաղաքական ձևաչափ՝ անկասելի վերելք ապրող Հռոմի, նաև Պարթևստանի, Հայաստանի, Պոնտոսի և սկյութական ցեղերի մասնակցությամբ: Քայքայվող, բայց և տենդագին կերպով իրար ճնշել շարունակող դիադոքոսների պետություններն ընկան նոր քաղաքական վերադասավորումների կիզակետը, մասնատվեցին և ի վերջո կործանվեցին:

Ալեքսանդր Մեծը սկզբնավորեց մի նոր դարաշրջան՝ հելլենիզմը, որը բնորոշվում է Հունաստանի ու Արևելքի քաղաքակրթությունների փոխազդեցությամբ և մերձեցմամբ: Եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել 19-րդ դարի գերմանացի պատմաբան Դրոյզենը, սահմանելով հելլենիզմի տևողությունը Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով մեկնարկած և դիադոքոսների պետությունների անկումով ավարտված ժամանակաշրջանով: Համառոտ ներկայացնենք հելլենիստական պետությունների քաղաքական պատմությունը:

Սելևկյանների տերությունը Փոքր Ասիայի արևելյան շրջաններից մինչև Հնդկաստանի սահմանները ձգվող ու տարբեր ժողովուրդներով և ցեղերով բնակեցված մի վիթխարի տարածք էր: Կասպից ծովի ու Պարսից ծոցի միջև ընկած Իրանում տեղական ցեղերն ապստամբեցին հույն նվաճողների դեմ: Նրանց ազատագրական պայքարի հետևանքով ք.ա. 250թ. առաջացավ անկախ Պարթևական թագավորությունը, որտեղ հունական ազդեցությունը հետզհետե փոխարինվեց տեղացիների համար հոգեհարազատ արևելյանով:

Սելևկյան տերության հյուսիս-արևմուտքում՝ Մեծ Հայքում, ք.ա. երրորդ դարի ավարտին իշխանության եկավ Արտաշեսյանների հարստությունը, որի հիմնադիր Արտաշես I-ը վերամիավորեց Երվանդունիների թագավորության վերջին շրջանում տրոհված պետությունը:

Ոչ պակաս նշանակալից իրադարձություններ ծավալվեցին Սելևկյան կայսրության արևելյան մասում: Ք.ա. երկրորդ դարից այն հայտնվեց երկու հզոր հարևանների՝ Հռոմի ու Պարթևստանի ճնշման տակ: Շուտով պետությունը խարխլելու ընթացքին միացան ներքին պառակտիչ ուժերը, նաև՝ Սելևկյան արքունիքը: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսավ որևէ արտաքին տիրակալի գերիշխանությունն ընդունելու մեջ: Ք.ա. 83թ. ընտրությունը կանգ առավ մեծ հեղինակություն վայելող հայոց թագավոր Տիգրան II Արտաշեսյանի վրա:

Ք.ա. 60-ական թթ. Տիգրան II-ը անհաջողություն կրեց Հռոմի դեմ պատերազմում ու հարկադրված եղավ հրաժարվել իր նվաճումների մեծ մասից: Ասորիքը՝ մեծ թիվ կազմող հելլենիստական քաղաքներով, ենթարկվեց Հռոմին: Նույն ճակատագիրը վիճակվեց Հայաստանի հզոր դաշնակցին՝ Պոնտոսի թագավորությանը, որը ք.ա. 64-ք.ա. 63թթ. կատաղի պայքարից հետո վերածվեց հռոմեական գավառի:

Մակեդոնիան ու Հունաստանը ք.ա. 146թ. նույնպես ենթարկվեցին Հռոմին: Սակավաթիվ մակեդոնացիներն աստիճանաբար կորցրին իրենց լեզուն, մշակութային ինքնությունը և շուտով ձուլվեցին հույների հետ:

Դիադոքոսների պետություններից ամենադիմացկունը եղավ պտղոմեոսյան Եգիպտոսը: Վերջին եգիպտական թագուհի Կլեոպատրա VII-ը հուսակտուր ջանքեր էր թափում երկրի անկախությունը Հռոմից պահպանելու համար: Վիճակը չփրկեցին նույնիսկ սիրային կապերն ազդեցիկ հռոմեական գործիչներ Հուլիոս Կեսարի, իսկ նրա սպանությունից հետո՝ Մարկոս Անտոնիոսի հետ, և ք.ա. 30թ. Եգիպտոսը դարձավ հռոմեական կայսրության գավառը: Հենց այդ տարեթիվն է ավանդաբար նշում հելլենիզմի դարաշրջանի ավարտը:

Ալեքսանդրի մահից հետո նրա հավատարիմ զինակիցը՝ Մարաստանի կուսակալ պարսիկ Ատրպատեսը, առանձնացավ իր կուսակալության հյուսիսում և իրեն թագավոր հռչակեց: Այդպիսով Կասպից ծովի հարավում ստեղծվեց Փոքր Մեդիա կամ Ատրպատական պետությունը:

Սելևկյան պետությանը պատկանող Կենտրոնական Ասիայում՝ Պարթևստանի ու Հնդկաստանի միջև ստեղծվեց Հունաբակտրիական անկախ թագավորությունը: Այն սկզբում ընդգրկում էր Բակտրիան, Սոգդիանան, Մարգիանան, այնուհետև տարածվեց մինչև հյուսիսային Հնդկաստան: Հունաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու Հունաբակտրիական պետությունում հաջողությամբ միաձուլվեցին իրանական, հելլենական ու հնդկական մշակութային հոսքերը:

Ք.ա 180թ. Հունաբակտրիական պետությունից անջատվեց Հունահնդկական թագավորությունը, որը մոտ 200 տարի գլխավորեցին հույն թագավորները: Այնտեղ ձևավորվեց հունաբուդդիզմը՝ սինկրետիկ մի կրոն, որն արտասովոր կերպով միահյուսեց հելլենական բազմաստվածությունը և բուդդայական փիլիսոփայությունը: Այնուհետև տարածաշրջանը զավթեցին քուշանները, ում տիրապետության օրոք ավելի է ամրապնդվում Կենտրոնական Ասիայի նշանակությունը որպես նորաբաց Մետաքսե ճանապարհի կարևորագույն հանգույց, որտեղ խաչվում էին Հարավային ու Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի առևտրային ուղիները: Ակնհայտ քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներից բացի, այնտեղ իր շարունակությունը ստացավ արևելյան ու արևմտյան մշակույթների փոխադարձ ներթափանցումը:

Քաղաքական մասնատվածությունը հեշտացրել էր արևմտյան Հնդկաստանի նվաճումը նախ՝ Աքեմենյանների, իսկ հետո՝ Ալեքսանդրի համար: Ականավոր հնդիկ ռազմաքաղաքական գործիչ Չանդրագուպտան, երիտասարդ տարիքից նպատակադրվելով միավորել երկիրը, դեռ Ալեքսանդրի օրոք փորձեց նախապես ստանալ նրա համաձայնությունը: Երկար պայքարից հետո Չանդրագուպտային հաջողվեց հաղթել տեղական ռաջաներին, այդ թվում՝ Պորոսին: Սելևկոսին 500 մարտական փիղ տրամադրելու և նրա դստերը կնության վերցնելու գնով՝ նա մաքրեց երկիրը մակեդոնացիներից և ընդլայնեց սահմանները Արաքոսիայի ու Հեդրոսիայի հաշվին: Ք.ա. 317թ. Չանդրագուպտան հիմնեց Հնդկաստանի առաջին կենտրոնացված պետությունը՝ Մաուրյաների կայսրությունը, որը շուտով դարձավ ամենախոշորը տարածաշրջանում: Մաուրյաները սերտ կապեր ունեին հելլենական Եգիպտոսի ու Ասորիքի հետ: Ք.ա. երկրորդ դարի սկզբին պետությունը զիջեց իր հյուսիսարևմտյան մասը Հունաբակտրիական թագավորությանը, իսկ ք.ա. 180թ. կործանվեց: Ուշագրավ է, որ հնդիկները մինչ այսօր Ալեքսանդր Մակեդոնացուն (հնդկերեն՝ Սիկանդարին) համարում են իրենց երկրի պատմության հետ սերտորեն կապված մեծն հերոս:

Ալեքսանդր Մեծի ժառանգությունը

Հելլենիզմը հաջորդեց հունական դասական դարաշրջանին և թևակոխեց պատմամշակութային մի նոր փուլ, որը ստեղծագործաբար վերամշակեց հույների վիթխարի ժառանգությունը և ներարկեց այն արևելյան քաղաքակրթության մեջ: Աշխարհագրական, սոցիալ-տնտեսական ու ազգագրական առումներով տարբեր ժողովուրդները միավորվեցին ընդհանուր մշակույթի և գաղափարների ներքո: Մարդկության պատմության հաջորդ, հելլենիզմին համարժեք մշակութային պոռթկումը տեղի ունեցավ 1.5 հազարամյակ անց՝ Վերածնության դարաշրջանում:

Հելլենիզմը ազդել է հին աշխարհի գրեթե բոլոր բնագավառների վրա: Ըստ տարբեր գնահատականների, հին աշխարհից մեզ հասած նյութական ժառանգության հուշարձանների թիվը չի գերազանցում սկզբնական քանակի 5 տոկոսը:

Դավանանքի ասպարեզում հելլենիզմը դրսևորվեց հետևյալ կերպ: Իրանցիների կրոնը՝ զրադաշտականությունը, առժամանակ անկում ապրեց: Ոչնչացվեցին սուրբ գիրք Ավեստայի հնագույն ոսկետառ բնագրերը, որոնք պահվում էին Աքեմենյանների «Գրո ամրոցում»: Ք.ա. երկրորդ դարի կեսից սկսվում է հունական և արևելյան կրոնադիցաբանական ավանդույթների մերձեցումը: Հունական աստվածները, արտաքնապես համարյա անփոփոխ մնալով, օժտվեցին բաբելական, ասորական, փռյուգիական ու եգիպտական աստվածների հատկանիշներով: Տարածվեց Սերապիս և Ատտիս աստվածների, Կիբելե, Տյուքե և Անահիտ աստվածուհիների պաշտամունքը: Հույների մոտ արմատացավ նաև թագավորների աստվածացման արևելյան սովորույթը:

Դասական փիլիսոփայական դպրոցների կողքին ծագում են նորերը՝ սկեպտիցիզմը, ստոիցիզմը, էպիկուրականությունը: Առաջ է քաշվում մարդու երջանիկ լինելու գաղափարը՝ անկախ նրա ազգությունից, սեռից և սոցիալական վիճակից: Պոլիսային, տեղային սահմանափակվածությունը փոխարինվում է կոսմո-պոլիսային փիլիսոփայությամբ, ըստ որի բոլոր մարդիկ համարվում են «աշխարհի քաղաքացիներ»: Մյուս կողմից, քաղաքական դաժան անցուդարձերի ականատես մարդկանց մոտ ապագայի հանդեպ առաջանում է անվստահություն, ինչը հանգեցնում է ճակատագրապաշտության լայն տարածմանը: Դա իր արտահայտությունն է գտնում նաև փիլիսոփայական ու կրոնական համակարգերում:

Առավել կենսունակ քաղաքները դարձան հելլենիզմի կենտրոններ, հիմնվեցին նոր մայրաքաղաքներ: Այս շարքը գլխավորում էին Ալեքսանդրիան՝ Եգիպտոսում, Անտիոքում, Ապամեան ու Դուրա-Եվրոպոսը՝ Ասորիքում, Տյուրոսը՝ Փյունիկիայում, Պերգամոնը, Սարդեսն ու Եփեսոսը՝ Փոքր Ասիայում, Տարսոնը՝ Կիլիկիայում, Սամոսատը՝ Կոմմագենեում, Եդեսիան՝ Օսրոյենեում, Սիրակուզը՝ Սիցիլիայում, Աթենքը՝ Հունաստանում, Հռոդոսը՝ Հռոդոս կղզում: Քաղաքների ընտրախավը գործածում է համահունական լեզու՝ կոյնե: Հելլենիզմի դարաշրջանում աննախադեպ տարածում ստացավ շրջագայությունը, հայտնվեցին բազմաթիվ ուղեցույցներ: Ուշագրավ է, որ պատմական բնականոն գործոնների արդյունքում զարգացան այն քաղաքները, որոնք գտնվում էին ոչ թե Ալեքսանդրի կայսրության կենտրոնում, այլ նրա արևմտյան ծայրամասում՝ Միջերկրական ծովի շուրջը: Դա ևս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ Փիլիպոս II-ի նվաճողական ծրագրերը, որոնք սահմանափակվում էին Միջերկրածովյան ավազանով, ավելի իրատեսական ու կենսունակ էին, քան Ալեքսանդրինը:

Առանձին հիշատակման է արժանի Սելևկյանների մայրաքաղաքներից մեկը՝ աթոռանիստ Անտիոքը, որը հիմնվել էր ք.ա. 301թ. Օրոնտես գետի ափին: Քաղաքը աշխարհագրական դիրքի շնորհիվ ապրեց չտեսնված վերելք ու ժամանակին դասվում էր Բաբելոնի, Ալեքսանդրիայի, իսկ ավելի ուշ՝ Հռոմի շարքը: Ք.ա. 83-ք.ա.69թթ. Տիգրան Մեծի օրոք Անտիոքը եղել է հայոց տերության հարավային թագավորանիստը, հաջորդ դարերում՝ քրիստոնեության ծաղկուն կենտրոններից մեկը: Հետագայում Անտիոքը կորցրեց իր նշանակությունը, իսկ այժմյան թուրքական գավառական Անտաքյան բնավ չի հիշեցնում իր փառապանծ անցյալը:

Խոշորագույն գիտամշակութային կենտրոն դարձավ Ալեքսանդրիան, երկրորդ տեղում էր Պերգամոնը: Ալեքսանդրիայում գործում էր մուսեյոն հաստատությունը, որտեղ գիտնականները, գտնվելով պետական հովանու ներքո, ամբողջովին նվիրվում էին մտավոր գործունեության: Մուսեյոնն ընդգրկում էր աշխարհահռչակ Ալեքսանդրյան գրադարանը, որն ուներ 700 000 ձեռագրեր: VII դարի ավերիչ հրդեհն անվերականգնելի վնաս հասցրեց գրադարանի հավաքածոյին, ամբողջությամբ ոչնչացնելով նաև Ալեքսանդր Մակեդոնացու վերաբերյալ գրականության բնօրինակները: Ք.ա. II դարում Պերգամոնում արվեց դարակազմիկ գյուտ՝ մշակվեց պերգամենտ (մագաղաթ) գրանյութի պատրաստման եղանակը, որի շնորհիվ զարկ տրվեց մատենագրությանը և դպրությանը: Պերգամոնի գրադարանը հարստացավ մագաղաթե գրքերի վիթխարի հավաքածոյով ու դարձավ Ալեքսանդրյան գրադարանի արժանի մրցակիցը: Հետագայում Պերգամոնի գրադարանը միացվեց Ալեքսանդրյանին և, ավաղ, կիսեց նրա դառը ճակատագիրը:

Հելլենիզմի դարաշրջանը հանդես բերեց մտավորականների փայլուն համաստեղություն: Աթենացի մաթեմատիկոս Եվկլիդեսը, Պտղոմեոսի հրավերով տեղափոխվելով Ալեքսանդրիա, գրեց ժամանակակից երկրաչափության հիմնարար աշխատությունը՝ «Սկզբունքները», որը 7-րդ դարում թարգմանել է հայերեն Անանիա Շիրակացին: Մուսեյոնի վարիչը՝ ականավոր աստղագետ, աշխարհագետ ու մաթեմատիկոս Երատոսթենես Կիրենացին, հաճախ էր համեմատվում Արիստոտելի հետ: Նա ճշգրտորեն հաշվարկել էր երկրագնդի հասարակածի երկարությունը, ստեղծել գեոֆիզիկայի հիմքերը: Կիրառական մեխանիկայի զարգացմանը նպաստեց հին աշխարհի մեծագույն ինժեները՝ Հերոն Ալեքսանդրիացին, որը հնարեց գոլորշու օգտագործման սարքը: Սիրակուզում էր աշխատում հանճարեղ մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ ու մեքենագետ Արքիմեդը: Սամոս կղզում էր ծնվել հույն աստղագետ, մաթեմատիկոս ու փիլիսոփա Արիստարքոս Սամոսացին, որը Կոպեռնիկոսից 17 դար առաջ գրեց երկրագնդի արևակենտրոն համակարգի տեսությունը: Նշանավոր աստղագետ ու աշխարհագետ Հիպարքոս Նիկեացին հայտնի է իր դիտարկումների ու չափագրումների հատուկ ճշգրտությամբ: Ուշ հելլենիզմի դարաշրջանի ակնառու դեմքերից էր հույն աշխարհագետ, տիեզերագետ ու մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսը, որի աշխատություններից օգտվել էր Անանիա Շիրակացին: Հելլենական մշակույթը և գիտությունը հարստացան նաև հազարամյա փորձ ու գիտելիքներ կուտակած Բաբելոնի աստղագիտական ու Եգիպտոսի բժշկական դպրոցների շնորհիվ: Զարգացավ էմպիրիկ բժշկությունը, որի հետևորդներ Հերոփիլոս Քաղկեդոնացին ու Երասիստրատոսը Ալեքսանդրիայում հիմնեցին մարդու անատոմիայի ու ֆիզիոլոգիայի դպրոց:

Մուսեյոնում սկզբնավորվեց Ալեքսանդրյան գրական ուղղությունը, որի խոշոր ներկայացուցիչներն էին Ապոլլոնիոս Հռոդոսցին, Կալիմաքոսը, բանաստեղծ Թեոկրիտեսը, աթենացի կատակերգու Մենանդրոսը և այլք:

Դասական Հունաստանի հարուստ թատերական ավանդույթներն իրենց յուրահատուկ շարունակությունը գտան հելլենիզմի դարաշրջանում: Թատրոններ էին կառուցվում ոչ միայն Ալեքսանդրիայի և Անտիոքի պես խոշոր կենտրոններում, այլև նոր հիմնած փոքր քաղաքներում: Հելլենիստական զարգացման ուղին հովանավորող Տիգրան Մեծը ք.ա. 69թ. մայրաքաղաք Տիգրանակերտում թատրոն կառուցեց, իսկ նրա որդի Արտավազդ II-ը Արտաշատում հիմնած իր թատրոնով հաստատեց այդ արվեստը Հայաստանում:

Հելլենիզմի դարաշրջանի արվեստի կոթողներ Պերգամոնի զոհարանը, Միլոսյան Վեներայի, Սամոթրակյան Նիկեի և Լաոկոոնի արձանները, Անահիտ դիցուհու դիմաքանդակը, Գոնզագայի կամեան հիրավի համարվում են համամարդկային գանձեր: Վաղ հելլենիզմի դարաշրջանին են պատկանում Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետներ քանդակագործ Լիսիպոսն ու գեղանկարիչ Ապելլեսը: Նրանց գործերի մասին կարելի է դատել մեզ հասած սակավաթիվ կրկնօրինակների, նաև ականատեսների հիացական վկայությունների հիման վրա: Հելլենիզմի դարաշրջանի արվեստի նվաճումներն ավելի համեստ ու փոքրածավալ են դասական դարաշրջանի համեմատությամբ: Նույնը կարելի է փաստել պատմագիտության ու աշխարհագրության ոլորտների վերաբերյալ: Այստեղ արժե հիշատակել հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնի, եգիպտացի պատմիչ և քուրմ Մանեթոնի, բաբելացի մոգ Բերոսոսի աշխատությունները: Նրանց երկերից օգտվել են նաև միջնադարյան հայ պատմիչները:

Աննախադեպ հաջողություններ արձանագրեց ռազմական ու շինարարական ճարտարագիտությունը: Ծովային ճանապարհորդության ժամանակ Նեարքոսի կատարած դիտարկումները հանգեցրին կարևոր նորամուծության՝ նավավարության մեջ համընթաց քամու ուժի օգտագործմանը: Կառուցվեցին ինժեներական մտքի գլուխգործոցները՝ փարոսները: Շատ արագ աշխարհում տարածվեց Պոնտոսում արված գյուտը՝ ջրաղացը:

Հելլենիստական ճարտարապետությունն աչքի է ընկնում հսկայական բաց տարածությունների կառուցապատմամբ, վիթխարիությամբ և մարդուն զարմացնելու ձգտումով: Աշխարհի յոթ հրաշալիքներից վերջին երկուսը պատկանում են հելլենիզմի դարաշրջանին: Դրանք են Հռոդոս կղզու կոթողը և Ալեքսանդրյան փարոսը: Հելիոս աստծո 32 մետր բարձրությամբ բրոնզե արձանը Հռոդոս քաղաքի ծովախորշում կանգնեցրել էր Լիսիպոսի աշակերտ Խարեսը: Աշխատանքը տևեց 12 տարի, իսկ 60 տարի անց Հելիոսի արձանն ավերվեց երկրաշարժից: Այն համարվում է ԱՄՆ խորհրդանիշ Ազատության արձանի նախակերպարը: Աշխարհի VII հրաշալիքը՝ հնում հատկապես հռչակված Ալեքսանդրյան փարոսը, կառուցվել էր Պտղոմեոսի պատվերով Նեղոսի գետաբերանի մոտ գտնվող Փարոս կղզու վրա և նախատեսված էր նավերին դեպի Ալեքսանդրիա տանող ճանապարհը ցույց տալու համար: Փարոսն ուներ 120 մետրանոց եռահարկ աշտարակի տեսք և դարեր շարունակ համարվում էր աշխարհի ամենաբարձր շինությունը: Ալեքսանդրյան փարոսը վնասվեց երկրաշարժերից, իսկ 14-րդ դարում նրա տեղում կառուցվեց արաբական ամրոց:

Ինչ վերաբերում է հելլենիստական քաղաքակրթության ոլորտում գտնվող Հայաստանին, ապա այդ դարաշրջանից պահպանված բացառիկ կոթող է Գառնու տաճարը: Բազմաթիվ շինություններ հայտնաբերվել են Արտաշատում, Վաղարշապատում: Վերջերս Արցախում հինավուրց Տիգրանակերտ քաղաքի փլատակների պեղումների ժամանակ հայտնաբերվել են հելլենիստական ոճով կառուցված թաղամասեր:

20-րդ դարի կեսերին Աֆղանստանի Կունդուզ նահանգում ֆրանսիացի հնագետները պեղել են հունաբակտրիական ժամանակաշրջանի կոթող՝ Այ Խանում պոլիսը: Լույս աշխարհ եկան դասական հունական ամֆիթատրոն, սյունաշար կառույցներ, սալարկված փողոցներ, արձաններ, կոյուղի, բարձրահարկ շենքեր, կրթօջախ, տաճար, զինապահեստ և այլն: Դժբախտաբար, հնավայրին անուղղելի վնաս են հասցրել տեղի բնակիչները: Մեծ արժեք ունեն նաև բրիտանական թանգարանում պահվող հունաբակտրիական մետաղադրամները:

Հելլենիստական ոճի բազմաթիվ բնակավայրեր են հայտնաբերվել Կենտրոնական Ասիայում. Նիսան՝ Թուրքմենստանում, Խալչայանը և Այրտամը՝ Ուզբեկստանում, Թախտի Սանգինը՝ Տաջիկստանում: Ավերակների հետազոտությունը մեկ անգամ ևս ապացուցեց արևելյան, սկյութական ու հելլենական մշակույթների փոխկապվածությունը:

Հելլենիզմը տևեց մոտավորապես 2.5 դար և արժանի կերպով պսակեց Ալեքսանդր Մեծի դարաշրջանը: Նշանակալի է, որ հելլենիզմի ավարտով չմարեց հելլենիստական ոգին. նրան նոր շունչ և ավյուն հաղորդեց տարածաշրջանի ամենաերկարակյաց պետությունը՝ Մեծ Հռոմը: Նրա միջոցով հելլենիզմը փոխանցվեց հյուսիսում ապրող թարմ ուժերով լի գերմանական ու սլավոնական ցեղերին, այնուհետև տարածվեց ողջ Եվրոպայում: Ալեքսանդր Մակեդոնացու շնորհիվ հելլենիստական մշակույթը սփռվեց աշխարհով մեկ և դարձավ արդի քաղաքակրթության հիմնաքարը:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...