Ազգային անվտանգության կառույցների համակարգը.
կառուցվածք և գործառույթներ
2011թ. Սիրիայում ծավալված իրադարձությունների անվանման,
դրանց սկզբնավորման, զարգացման հոլովույթի և արդյունքների գնահատման հարցում մասնագիտական
շրջանակներում կան տարբեր մոտեցումներ և հիմնավորումներ: Գերակշռող մասն այն անվանում
է «Արաբական գարնան սիրիական օղակ», «քաղաքացիական պատերազմ», «սիրիական հակամարտություն»,
«հակաասադյան հեղափոխություն», «հեղափոխությանը հաջորդած պատերազմ», իսկ ասադյան իշխանամերձ
շրջանակներն ու պետական քարոզչամեքենան՝ «պարտադրված պատերազմ ընդդեմ տեռորիզմի»:
2011-2020թթ. ավելի քան կես միլիոն զոհ, 7 միլիոն փախստական, հսկայական կորուստներ
ու ավերածություններ պատճառած արյունալի իրադարձությունները որքան էլ ունենան «հակաահաբեկչական»,
այդուհանդերձ, կրում են քաղաքացիական երկարատև պատերազմի բնույթ: 2011թ. իրադարձություններից
երկու տարի առաջ, 2009թ. նախագահ Բաշար Ասադը փորձում է վերակազմավորել ու վերակառուցել
անվտանգային կառույցների ճարտարապետությունը Սիրիայում, երկրի տարբեր հատվածներում
համակարգի աշխատակիցների գործողությունների նկատմամբ ակնհայտ դժգոհությունների ալիքը
մեղմելու և 2005 թվականից հետո միջազգային մեկուսացման պատը ճեղքելու նպատակով: Իսկ
իրականում, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նման քաղաքականության նպատակը
նախագահական պալատի և անվտանգային կառույցների երկարամյա աշխատակիցների փոխատեղումն
էր միևնույն համակարգում: Զուգահեռաբար կատարվեցին կադրային էական փոփոխություններ,
զինվորական բարձր կոչումների շնորհում, որոնց հետևանքով՝ այդ փոխատեղումները համապատասխանեցին
օրենսդրական պահանջներին: Փաստորեն էլիտայի շրջապտույտի միջոցով փորձ արվեց քաղաքացիների
շրջանում տպավորություն ստեղծել, որ պետության երիտասարդ նախագահը մտադիր է անվտանգային
կառույցներին վերադարձնել օրենսդրական դաշտ, պայքարել կոռուպցիայի ու հովանավորչության
դեմ, ինչն այդքան էլ իրատեսական չէր: Ե՛վս մեկ կարևոր հանգամանք: Այդ փոխատեղումների
հետևանքով՝ անվտանգային բարձրաստիճան մի քանի պաշտոնյա, որոնք միջազգային արդարադատության
խոշորացույցի տակ ու ամերիկյան տնտեսական պատժամիջոցների ցուցակում էին հայտնվել Լիբանանի
վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանությունից հետո՝ մեղադրվելով այդ ահաբեկությունն իրականացնելու
համար, կարողացան խուսափել միջազգային հետախուզումից և հնարավորություն ստացան ֆինանսական
խոշոր միջոցներ դուրս բերել երկրից՝ պատժամիջոցների ցուցակում չգտնվող՝ լիբանանյան,
իրանական, ռուսական, բելառուսական ու էմիրաթական բանկերի միջոցով: Փողերի լվացման ու
արտարժույթի՝ երկրից անարգել դուրս բերելու նման քաղաքականությունը շարունակվեց նաև
ամբողջ պատերազմի տարիների ընթացքում: Մերձավորարևելյան նոր իրողությունների պայմաններում
Սիրիայի արտաքին և անվտանգային քաղաքականության ճարտարապետության վերակառուցման նպատակով
հանրապետության նախագահն ստորագրում է հրամանագիր, որով վերակազմավորվում և վերանվանվում
է Ազգային անվտանգության բյուրոն՝ դառնալով Պետական անվտանգության գրասենյակ, որին
էլ վերապահվում է երկրում անվտանգային քաղաքականության գծագրումն ու իրականացումը:
Ազգային անվտանգության գրասենյակը ստեղծվել է 1966թ. սեպտեմբերին և ենթարկվում է իշխող
«Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեին: Կուսակցության՝ պետական բարձրագույն այս
մարմինը համակարգում է «անվտանգային քառակուսու» բոլոր մարմինների տեղեկատվական քաղաքականությունը,
մշակում և այն ներկայացնում կուսակցության ու երկրի նախագահին: Անվտանգային մարմինների
մեծ մասը որքան էլ ունենան անմիջական «մուտք» նախագահական պալատ և տեղեկատվությունը
պետության նախագահին հասցնելու առաջնայնություն կամ անկախություն, այնուամենայնիվ՝
տեղեկատվական, վերլուծական, հետախուզական կամ բովանդակային ցանկացած թղթածրար պետք
է անցնի կուսակցության հսկողության տակ գտնվող այս գրասենյակով, որն էլ՝ համակարգելով
բոլոր մարմիններից ստացված հոսքերը, «խորհրդատվական» կարծիքը կամ դիրքորոշումը ներկայացնում
է պետության նախագահին: Այս գրասենյակը անգամ կարող է ընտրվել բացառապես՝ երկար տարիների
կուսակցական կենսագրություն ու ծառայություն ունեցող, անվտանգային համակարգում նշանակալից
գործունեությամբ աչքի ընկած և «Բաաս»-ի կենտրոնական կոմիտեի անդամը, որը միաժամանակ
զինված ուժերի բարձրաստիճան սպա է և հանդիսանում է հանրապետության նախագահի խորհրդականը:
Վերանվանված բյուրոն անմիջականորեն գտնվում է նախագահական
պալատի հսկողության ներքո: Հատկանշական է, որ «Ազգային»-ից անցնելով «Պետական»-ի՝ գրասենյակը
չկորցրեց զինված ուժերի և անվտանգային կառույցների քաղաքական ու ռազմական «վերահսկողության»
բարձրագույն մարմնի իր կարգավիճակը: «Ազգային» գրասենյակը զբաղվում էր նաև կուսակցության
«օտարերկրյա մասնաճյուղերի» գործունեության համակարգմամբ, հաճախ ուղղորդմամբ: Մասնավորապես՝
Լիբանանում, Պաղեստինում, իսկ Հաֆեզ Ասադի ղեկավարման տարիներին՝ նաև Արաբական Մաղրիբի
որոշ երկրներում, գրասենյակը գործակցում էր «բաասյան» անվանակից կամ գաղափարախոսությունը
կրող այլ կուսակցությունների հետ: «Պետական» գրասենյակը, նախագահական հրամանագրով ազատվեց
այդ պատասխանատվությունից և գործունեության առանցքում պահեց ներսիրիական իրադարձությունների
մշտադիտարկումն ու անվտանգային լուծումների առաջադրումը:
Պետական անվտանգության բյուրոն համակարգում է «անվտանգային
քառակուսու» 4 կառույցների՝ ռազմական հետախուզության կամ ռազմական անվտանգության, քաղաքական
անվտանգության, ռազմաօդային ուժերի հետախուզության, պետական անվտանգության կամ ընդհանուր
անվտանգության բաժինների գործունեությունը, որոնց կառավարման կենտրոնական մարմինները
գտնվում են մայրաքաղաք Դամասկոսում: Բյուրոն, որը «Բաաս» կուսակցության կենտրոնական
կոմիտեի ենթակայությամբ է, գործում է նախագահական նստավայրում, ինչը հնարավորություն
է տալիս միակենտրոն ու առավել ծանրակշիռ դարձնել կուսակցապետական որոշումները, սահմանափակել՝
տեղեկատվական, քարոզչական, կազմակերպչական, վերլուծական, անվտանգային գործունեությամբ
զբաղվող ռազմաքաղաքական բոլոր ինստիտուտների ազդեցությունը պետական քաղաքական կուրսի
ձևավորման, մշակման, ուղղորդման ու իրականացման վրա: Թեև, օբյեկտիվորեն և անվտանգային
կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ պատերազմական վիճակում ինստիտուցիոնալ
ապակենտրոնացումը կխոչընդոտի օպերատիվ վերահսկողության ու ռիսկերի կառավարման արդյունավետության
բարձրացմանը: Բյուրոն ունի նաև «ախոյան» կառույց՝ «նախագահի անվտանգության գրասենյակը»,
որն զբաղվում է հանրապետության նախագահի ֆիզիկական անվտանգության ապահովմամբ: «Անվտանգային
քառակուսու» կառուցվածքը բրգաձև է. կենտրոնական մարմիններից յուրաքանչյուրն ունի առանձին
մասնաճյուղեր երկրի բոլոր՝ 14 մարզերում, մարզային մարմինների մասնաճյուղերն իրենց
հերթին՝ քաղաքային, գյուղական, համայնքային, թաղային բաժիններ, բաժանմունքներ, խմբեր:
Ռազմական հետախուզության և պետական անվտանգության մարմինների բաժինների անվանումները
հայտնի են եռանիշ թվերով, ի տարբերություն մյուս երկու մարմինների, որոնց բաժիններն
ունեն հստակ անվանումներ:
Ռազմական հետախուզություն
Ֆրանսիական ապագաղութացումից հետո կոչվում էր «Երկրորդ գրասենյակ»:
Վարչական և ֆինանսական առումով գործում է նախարարության ենթակայությամբ, համակարգի
անձնակազմի պատրաստումն ու զինտեխնիկայի ձեռքբերումը կատարվում է պաշտպանության նախարարության
հովանավորությամբ, հետախուզական-անվտանգային պարտականությունների ու առաջադրանքների
իրականացման առումով, սակայն, ենթարկվում է նախագահական պալատին, ավելի կոնկրետ՝ պետական
անվտանգության բյուրոյին: Նախագահական պալատում իր ունեցած կշռի ու հեղինակության պատճառով
այս կառույցի ղեկավարն է պետության նախագահին առաջարկում նշանակել կամ պաշտոնից ազատել
պաշտպանության նախարարին, նրա տեղակալներին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, միջամտել
ներբանակային կադրային շարժին: Պետության նախագահից հետո այս կառույցը ղեկավարողը համարվում
է Սիրիայի երկրորդ իրական ղեկավարը: Թեև օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական նորմատիվ
բոլոր ակտերով ու կարգավորումներով սույն մարմնի ինստիտուցիոնալ պարտականությունների
մեջ է մտնում բանակային շինությունների, կառույցների, սպայակազմի ու զինվորականների
անվտանգության ապահովումը, այդուհանդերձ, գործառույթների շրջանակը հատել է գերատեսչական
լիազորությունների սահմանը, (ինչպես՝ «քառակուսու» մյուս երեք մարմինների դեպքում)
և «ներխուժել» հասարակության կենսագործունեության զանազան՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական,
մշակութային դաշտ: Ռազմական հետախուզության կառույցը համարվում է զինված ուժերի «անվտանգային
բազուկը» հասարակությունում, համարվում է ամենահեղինակավոր մարմինը՝ հանրապետության
նախագահի անվտանգությունն ապահովող «Պալատի» անվտանգային մարմնից հետո: Կառույցը ստեղծման
օրվանից հասարակական ընկալումներում փորձել է արմատավորել «անպարտելի բանակ» ունենալու
ասադյան քարոզչությունը, առանցքային դերակատարում ունեցել Լիբանանի քաղաքացիական պատերազմում՝
պաղեստինյան, քրիստոնեական, դրուզյան ու սուննիական որոշ ծանրակշիռ խմբավորումների
ստեղծման, դրանց հայտնի գործիչների՝ քաղաքական գործընթացներում ներգրավելու, հետո՝
առևանգելու, ոչնչացնելու, օտարերկրյա պետություններում սիրիական պետության ռազմական
ու դիվանագիտական գործիչների ու դեսպանությունների ռազմական կցորդների գործունեությանը,
նաև ներհասարակական տարբեր խավերում ու շերտերում հակակառավարական ու հակաիշխանական
շրջանակների տեղաշարժերին հետևելու գործում: Կառույցն ունի 20 բաժին, որից կենտրոնականը՝
մայրաքաղաքում, 9-ը՝ 14 մարզում, մնացած 10- էլ՝ ներգերատեսչական գործառույթներ իրականացնող
բաժիններ են: Ստորև ներկայացնում ենք ռազմական հետախուզության անվտանգային մարմնի կազմակերպական
կառուցվածքը: Տվյալները ներառում են տեղեկություններ կառույցի բոլոր բաժինների ու բաժանմունքների
մասին, բացառությամբ ադմինիստրատիվ ու տնտեսական հարցերի բաժինների: Դրանք համացանցի
հանրությանը հասանելի են դարձել սիրիական հակամարտության մեկնարկից հետո, երբ ընդդիմադիր
տարբեր զինյալ խմբավորումներ հնարավորություն ունեցան տեղեկատվական արտահոսք ապահովել
և անվտանգային կառույցների մութ ու չբացահայտված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը
հրապարակել համացանցում:
1.Թիվ 235 բաժին
Այն առավելապես հայտնի է որպես «Պաղեստինի բաժին»: Ռազմական
հետախուզության ամենահին ու ամենամեծ բաժիններից է, որն իր գործառույթներն իրականացնում
է երկրի ներսում և դրա սահմաններից դուրս: Բաժնի ենթակայությամբ գործում է «Հրամանատարական
վերահսկման ստորաբաժանումը», որը զինված է ժամանակակից զինտեխնիկայով և լիազորված է
գրոհներ իրականացնել: Բաժինը հետևում է՝ Սիրիայի ներսում և նրա սահմաններից դուրս,
մասնավորապես՝ Լիբանանում, Իրաքում և Հորդանանում, պաղեստինյան քաղաքական ու ռազմական
միլիշիաների, կուսակցությունների ու իշխանությունների թույլատրությամբ պաշտոնապես զինված
խմբավորումների՝ մասնավորապես Աբու Ջիհադի՝ «Պաղեստինի ազատագրության բանակի» գործունեությանը,
շարժին, գաղտնալսում և հետապնդում նրանց, առանձնացնում և «հաշիվ մաքրում» իշխանության
համար «անցանկալի անձանց» հետ: Ի սկզբանե նախատեսված էր, որ այս բաժնի գլխավոր առաքելությունը
պետք է լինի Իսրայելի դեմ հետախուզական ու հակահետախուզական գործունեության իրականացումն
ու 1948թ. մայիսին արաբա-իսրայելական առաջին դասական պատերազմից հետո Սիրիայի տարածքում
ապաստանած պաղեստինցի փախստականների քաղաքական կազմակերպվածության, խմբավորումների
ապառազմականացման վերահսկումը նրանց մի մասի զինումը, սակայն «Բաաս»-ի իշխանության
նվաճումից հետո, հատկապես Հաֆեզ Ասադի կառավարման երկրորդ տասնամյակում այս բաժնին
վստահվեց իսլամական արմատական ծայրահեղական ու չափավոր խմբավորումների շարժումների,
միությունների ու կառույցների հետապնդումը, նրանց շարքեր՝ անվտանգային համակարգի կադրերի
ներթափանցումն ապահովելը, այդ կառույցներն ուղղորդելը, հարկ եղած դեպքում՝ կառավարելը,
իսլամական՝ զուգահեռ կամ այդ շարժումների, խմբակների անդամների, առաջնորդների գործունեությանը
հետևելն է, կանխարգելիչ գործողություններ իրականացնելը: Այս բաժինը հայտնի է ամենադաժան
բռնությունների, մարդու իրավունքների և արժանապատվության ամենակոպիտ խախտումների իրականացման
իր տարեգրությամբ և «մահվան բանտերով»:
2.Թիվ 291 բաժին
Այն կառույցի «վարչական ողնաշարն» է, «գլխամասային բաժինը»:
Այստեղ են կենտրոնացված համակարգի աշխատակիցների անձնական ու ծառայողական գործերի ամբողջական
փաթեթները: Համակարգում ցանկացած կադրային տեղափոխում, փոխատեղում, շարժ, պաշտոնի բարձրացում
կամ իջեցում՝ կատարվում է հաշվի առնելով այս բաժնի երաշխավորությունը: Այս բաժինը նաև
հավաքում է կառույցի բոլոր աշխատակիցների գործունեության գնահատականները, նրանց հասցեագրված
մեղադրանքները, «ասեկոսներն ու բամբասանքները», խրախուսանքները, աշխատակիցների՝ միմյանց
դեմ գրած ցուցմունքները և այլն:
3.Թիվ 293 բաժին
Կառույցի վարչական բաժիններից ամենակենտրոնականն է, կոչվում
է «Սպաների հարցերի բաժին», «Սպայակազմի անվտանգության բաժին»: Թիվ 293 բաժինը անվտանգային
այս մարմնի կազմակերպական կառուցվածքում, առերևույթ, ունի վարչական գործունեություն
իրականացնողի համբավ, սակայն գործառութային առումով կատարում է անվտանգային հետախուզական
գործունեություն: Այստեղ է կենտրոնացված զինված ուժերի սպայակազմի անձնական ու ծառայողական
պարտականության և գործունեությանն առնչվող ամբողջական տեղեկատվությունը. կադրային տեղաշարժերի
որոշումներն այստեղ են ընդունվում: Բաժինը միակն է, որի ղեկավարը հնարավորություն ունի
անմիջականորեն կապ հաստատել երկրի նախագահի հետ, խորհրդակցել և հայտնել ընդունված որոշումների
մասին, որոնք էլ կարող է բեկանել բացառապես պետության նախագահը:
4.Թիվ 294 բաժին
Այն պատասխանատու է պետության զինված ուժերի և բանակի անվտանգության
ապահովման համար, բացառությամբ՝ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի:
Կոչվում է «Անվտանգության ուժերի բաժին»: Բանակային բոլոր զորամիավորումներում այս
բաժինն ունի «անվտանգային հսկիչ», որը պարբերաբար զեկույցներ ու արձանագրություններ
է կազմում սպայակազմի գործունեության, հանձնարարականների ու առաջադրանքների պատշաճ
կատարման, թերակատարման, սպա-վերադաս հրամանատար հարաբերությունների բնույթի, հասարակական-քաղաքական
կազմակերպությունների դաշտ ներթափանցելու, կամ «խոցելու» ընթացքում ձեռք բերված հաջողությունների
կամ ձախողումների, բանակային զորամիավորումների ու կրտսեր-միջին-բարձրագույն սպայակազմի
մարտական պատրաստության աստիճանի, զորքերի տեղաշարժի, հրամանատարաշտաբային զորավարժանքների
ընթացքի ու արդյունքների, ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության,
զորամիավորումներում հնարավոր սաբոտաժների, դասալքության դեպքերի վերաբերյալ: Այս բաժինը
վերահսկում է և վերադասի կարգավիճակ ունի՝ պաշտպանության նախարարության կազմում գործող
ռազմական ոստիկանության նկատմամբ, որն օրենքի դրույթների համաձայն, լիազորված է իրականացնելու
այդ առաքելությունը:
5.Թիվ 255 բաժին
Կոչվում է «Տեղեկատվական բաժին»: Այստեղ են մուտքագրվում
և կենտրոնանում կառույցի գործունեությանը, ծրագրերին, ռազմավարությանն և մարտավարական
քայլերին վերաբերող ինֆորմացիոն հոսքերը, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում
ակտիվ դերակատարների գործունեության վերաբերյալ տեղեկությունները, տեղական և արտասահմանյան
զանգվածային լրատվամիջոցները (ավանդական ու ժամանակակից՝ էլեկտրոնային) հրապարակումները,
երկրում ու դրա սահմաններից դուրս ապրող սիրիացի քաղաքական ակտիվիստների, ընդդիմադիրների,
իշխանության նախկին ներկայացուցիչների՝ սոցիալական ցանցերում կատարած հասցեական գրառումները,
քննադատությունը, նկատառումները, փորձագիտական վերլուծությունները, գնահատականները,
ուսումնասիրությունները: Բաժինն ունի բազմաթիվ բաժանմունքներ, որոնց գործունեության
տիրույթում է տեղական լրատվամիջոցների, կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների,
արհեստակցական, մշակութային ու գիտակրթական միությունների հետ «տարվող աշխատանքը»,
սոցիալական ցանցերում իշխանամետ ու կեղծ էջերի համակարգումը: Այս բաժնում են կենտրոնանում
մայրաքաղաքից դուրս գտնվող «գործընկեր կառույցներից» ստացված տեղեկությունները, որոնք
արխիվացվում են և տրամադրվում անվտանգային որոշումների ընդունման տարբեր օղակների:
Կառույցի համապատասխան բաժանմունքը պետության սահմանապահ ուժերին տրամադրում է քաղաքացիների՝
երկրի սահմաններն օրինական ճանապարհով հատելու վերաբերյալ արգելքի բացակայության մասին
տեղեկությունը, այլ խոսքով՝ այս բաժինը կարող է «խնդրահարույց» քաղաքացիներին արգելել
դուրս գալ երկրի սահմաններից և նրանց «գործերը» փոխանցել միևնույն հետախուզական մարմնի
այլ՝ հիմնականում՝ քննչական բաժանմունքին:
6.Թիվ 248 բաժին
Այն ռազմական անվտանգության ծառայության գլխավոր քննչական
մարմինն է, թեև անվտանգային յուրաքանչյուր մարմին ունի իր հատուկ քննչական օղակը: Կոչվում
է «Ռազմական հետաքննության բաժին» և «Պաղեստինի բաժնից» հետո համարվում է ՝ մարդու
իրավունքների կոպտագույն ոտնահարումների ու բռնությունների կիրառման երկրորդ կենտրոնական
օղակը:
7.Թիվ 211, 225, 237 բաժիններ
Բաժիններում աշխատում են տեխնիկական կրթությամբ և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտի ամենահայտնի ու առաջատար մասնագետները, որոնք զբաղվում են զինված
ուժերի բանակային ստորաբաժանումների և անվտանգային-հետախուզական մարմինների անլար կապի
միջոցների գործարկմամբ, ազդանշանների (ապա)կոդավորմամբ, համակարգչային տեխնիկայի ու
համացանցի ադմինիստրատիվ, տեխնիկական սպասարկմամբ, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմամբ
ու կառավարմամբ, հակերային ու կիբեռհարձակումների կանխմամբ ու կազմակերպմամբ, ներքին
ու արտաքին կապի, ռադիոկապի, բջջային հեռախոսների կապի գործարկմամբ/խափանմամբ, ռադիոալիքների
էլեկտրոմագնիսական դաշտի ազդանշանների խլացմամբ, գաղտնալսմամբ և այլն: Սույն օղակները
կոչվում են «համակարգչի», «կապի» և «ազդանշանի» բաժիններ:
8.Թիվ 215 բաժին
Այս բաժնին է անվտանգային կառույցը վստահում (չ)նախատեսված
ռեյդերի, հետապնդումների ու ձերբակալությունների կազմակերպումը: Այն կոչվում է «Ռեյդերի
և ներխուժման բաժին», որը բաղկացած է մարտական հատուկ պատրաստություն անցած 4 հազար
զինվորականից: Նրանց լիազորությունների մեջ է մտնում նաև՝ իշխանության «սև ցուցակում»
հայտնված քաղաքացիների ու գործիչների առևանգումը, ահաբեկումը, առանց դատական սանկցիայի
ձերբակալումը, խոշտանգումը, խոստովանության բռնի կորզումը: Ռազմական անվտանգության
այս բաժնի օգնությանն են դիմում նաև անվտանգային-հետախուզական մնացած բոլոր օղակները,
որոնց չի հաջողվում կատարել սահմանված առաջադրանքը:
9.Թիվ 220 բաժին
Այն զբաղվում է բացառապես գրավյալ Գոլանի բարձունքում ու
Իսրայելի հետ սահմանին տիրող իրավիճակի հսկողությամբ: Կոչվում է՝ «Ճակատի հետախուզության
բաժին», հայտնի է նաև որպես «Քունայթիրայի հետախուզության» կամ՝ «Սասայի բաժին», որն
Իսրայելի հետ սահմանին, տիրող անվտանգային վիճակի, արտակարգ իրավիճակների միջազգային
ուժերի՝ խաղաղապահների, շարժի ու գործունեության վերաբերյալ տեղեկատվական հոսքերը հավաքում
և ուղարկում է թիվ 225՝ տեղեկատվական բաժին: Արտակարգ իրավիճակների միջազգային ուժերը՝
ՄաԿ-ի հովանու ներքո ստեղծված և գործող ուժեր են, որոնք դիտորդական առաքելություն են
իրականացնում 1973թ. արաբա-իսրայելական չորրորդ պատերազմից հետո Սիրիայի և Իսրայելի
սահմանին, Գոլանի բարձունքների մոտ, որոնց մի մասն Իսրայելը գրավեց 1967թ. հունիսի
6-օրյա պատերազմի օրերին: Բացի զինվորականներից, որոնք հսկում են հրադադարն այդ հատվածում,
առաքելությունը համալրված է նաև քաղաքացիական պաշտոնյաներով: Մշտադիտարկման մանդատը
երկարաձգվում է տարեկան երկու անգամ՝ 6 ամիս պարբերականությամբ և ռոտացիոն կարգով միմյանց
են փոխարինում 5 պետություն, որոնք ցանկություն են հայտնում մասնակցել խաղաղաշինության
գործընթացին:
10.Նահանգային կառույցները նույնպես հայտնի
են իրենց թվային անվանումներով
14 նահանգից 9-ում՝Դամասկոս (թիվ 227 բաժին), Իդլիբ (թիվ
271 բաժին), Հալեպ (թիվ 290 բաժին), Հոմս (թիվ 261 բաժին), Դարա (թիվ 245 բաժին), Համա
(թիվ 219 բաժին), Հասաքե (թիվ 222 բաժին), Դեր Զոր (թիվ 243 բաժին) և Բադիա, գործում
են ռազմական անվտանգության մարմինները: Վարչատարածքային նպատակահարմարությունից ելնելով՝
մի քանի նահանգ միավորված է տարածքային/նահանգային մեկ մարմնի հովանոցի ներքո:
11.Թիվ 221 բաժին
Կոչվում է «Թադմուր բաժին»: Թադմուր պատմական քաղաքը
1980-1990թթ. հանդիսացել է պատմամշակութային հարստության հափշտակության, ապօրինի առևտրի
ու նարկոթրաֆիքինգի ամենահայտնի կենտրոնը, նաև միջուկային աղբի «գերեզմանոցը»: Հետաքրքրական
մեկ փաստ. անվտանգության ծառայության գնդապետ Ահմադ Աբուդը, որը ռազմական հետախուզության
թիվ 293՝ սպայակազմի անվտանգության բաժնի պետն է եղել 1994-2009թթ., գործակցելով նույն
համակարգի քննչական բաժնի պետ Սաբեր Այուբ Խազեմի հետ, Թադմուրի պատմամշակութային ժառանգությունը
երկրից դուրս է բերել և վաճառել արտասահմանյան աճուրդների տներին: Նրան հաջողվել է
հարցը կոծկել, փակել՝ ապացույցների ու վկայությունների հիման վրա հարուցված քրեական
գործը՝ շնորհիվ ռազմական հետախուզության ղեկավար Ալի Դուբայի հետ ունեցած սերտ կապի:
Ահմադ Աբուդին են նաև վերագրվում՝ շրջանում թմրաբիզնեսի ու նարկոբարոնների հովանավորչությունը,
տասնյակ հազարավոր տոննաներով միջուկային աղբով բեռնված իտալական նավերի՝ սիրիական
Թարթուսի նավահանգստից տեղափոխումը անապատային Բադիայի շրջան և դրանց թաղումը հողում:
Թիվ 221 բաժինը ռազմական անվտանգության կառույցի բաժիններից՝ մարդու արժանապատվության,
կյանքի ու իրավունքների կոպտագույն խախտումների, խոշտանգումների ու բռնության կիրառման
գործում ամենահայտնին, ամենախիստն ու ամենադաժանն է, կոչվում է նաև «Բադիայի բաժին»:
Բադիայի բաժնի, և ընդհանրապես՝ ռազմական հետախուզության բազմաթիվ ղեկավարների ու նրանց
գույքի նկատմամբ միջազգային սանկցիաներ են կիրառվել հատկապես Լիբանանից սիրիական զորքերի
դուրսբերումից հետո, 2005թ. ԱՄՆ և ԵՄ տարբեր
կառույցներ սառեցրին նրանց բանկային հաշիվները: Սիրիական հակամարտության մեկնարկից
հետո նրանց մեծ մասին հասցեագրվեց՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների և
մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեղադրանք:Կառույցի ամենահայտնի
ղեկավարներից են եղել Ալի Դուբան (նախագահ Հաֆեզ Ասադի մտերիմ ընկերը, 1964-1966թթ.
Մեծ Բրիտանիայում, 1968- 1970թթ. Բուլղարիայում Սիրիայի ռազմական կցորդը, «Բաաս» կուսակցության
կենտրոնական կոմիտեի անդամ, ուղղիչ շարժման կազմակերպիչ, «Մուսուլման
եղբայրների» ու լիբանանյան անվտանգության փաթեթի համաղեկավար), Ասեֆ Շաուքաթը (նախագահ
Բաշար Ասադի քրոջ ամուսինը), Ռուստոմ Ղազալեն, որը Սիրիայի ազգային անվտանգության մարմնի
ռազմական հետախուզության ղեկավարն է եղել Լիբանանում՝ փոխարինելով նրա իրավանախորդ
Ղազի Քանանին (1992-2005թթ.), որի սպանությունը վերագրվում է սիրիական անվտանգային
ուժերի հատուկ ծառայություններին, թեև պաշտոնական վարկածով հայտարարվեց, որ ինքնասպան
է եղել: Քանանը Սիրիայի զինված ուժերի և անվտանգային կառույցների այն եզակի գեներալներից
էր, որն ի պաշտոնե տիրապետում էր ամբողջական տեղեկատվության՝ Լիբանանի վարչապետ Ռաֆիք
Հարիրիի սպանության գործում սիրիական իշխանության ներգրավվածության (կազմակերպման)
և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման (հնարավոր) մասնակցության վերաբերյալ: Վարչապետ
Հարիրիի սպանության «պրոֆեսիոնալ կազմակերպումն ու իրականացումը» պաշտոնական Դամասկոսն
ու սիրիամետ ուժերը վերագրում էին ամերիկյան ու իսրայելական հետախուզական ու հատուկ
ծառայություններին, որոնց նպատակը՝ հետսեպտեմբերտասնմեկյան աշխարհի տարածաշրջանային
քաղաքական քարտեզի փոփոխությունն է, «Նոր Մերձավոր Արևելքի» իրականացումը, մերձավորարևելյան
էներգակիրների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանումը, հակաիսրայելական կոալիցիաների
թուլացումն ու վերացումը, հետսադամյան Իրաքում Իրանի դերակատարման նվազումը, Սիրիայի
քաղաքական հեղինակազրկումը միջազգային ասպարեզում, Լիբանանում ներքաղաքական անկայունության
շարունակումն ու այդ երկրում սիրիական ռազմական ու հետախուզական ներկայության չեզոքացումը:
Հատկանշական է, որ Հարիրիի սպանությունը նախորդեց՝ Կիպրոսի Եվրոմիությանն անդամակցությանը:
Նիկոսիան իր օրենսդրությամբ ու բանկային համակարգով համարվում էր համաշխարհային փողերի
լվացման կարևորագույն, եթե չասենք՝ առանցքային օֆշորային կենտրոնը, որտեղ «լվացքատան»
միջով էին անցնում անդրազգային կազմակերպված հանցավորության ու նարկոթրաֆիքինգից ստացված
ահռելի գումարները, 20-րդ դարի 70-80-ականներին հանդիսանում էր համաշխարհային հետախուզական
կառույցների (նաև՝«Մոսադի» ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության) անարգել գործունեության
ամենահարմարավետ քայլը: Քրեագիտական ու քաղաքագիտական բազմաթիվ շրջանակներ Հարիրիի
սպանության փաստի հետևում տեսնում են նաև այն իրողությունը, որ Կիպրոսը, մտնելով եվրոօրենսդրության
տիրույթ, այդ խմբավորումներին ու ֆինանսական աշխարհի «սև» խաղացողներին զրկելու է ապօրինի
փողերի լվացման հնարավորությունից և Բեյրութն այդ հարցում կարող է փոխարինել Նիկոսիային:
Ռաֆիք Հարիրին փորձում էր Լիբանանին վերադարձնել բանկային համակարգի տարածաշրջանային
կենտրոնի համբավը՝ Կիպրոսից վերցնելով այդ դերակատարումը և ներքին շուկայում կարևոր
տեղ հատկացնելով ռուսական կապիտալին, ինչն էլ շահերի բախման մեծ դաշտ ստեղծեց՝ կազմակերպված
հանցավորությունը հովանավորող՝ տարածաշրջանային ավանդական հետախուզական մարմինների
միջև:
Թադմուրի բանտում բռնությունների և բացահայտ սպանությունների
տարեգրությունն սկսվում է դեռ 1980-ականների սկզբից, երբ Հաֆեզ Ասադի եղբոր, Սիրիայի
փոխնախագահ Ռիֆաթ Ասադի ենթակայությամբ գործող զորամիավորումները՝ պաշտպանության վաշտերը,
անապատային այդ քաղաքի բանտը ողողեցին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանն անդամակցող,
հարող, համակրող կամ կասկածվող մտավորականներով, գործիչներով, շարքային քաղաքացիներով,
նաև ծանրագույն հանցագործությունների և/կամ հակաիշխանական բացահայտ ու թաքուն գործունեություն
ծավալելու համար մեղադրվող/կասկածվող մարդկանցով: Այս կալանավայրը հայտնի է որպես «մահվան
բանտ», որտեղ բռնությունն ու խոշտանգումը կրում են համակարգային և շուրջօրյա բնույթ:
Այս բանտում էին հայտնվել սիրիացի հայտնի մտավորականներ, այլախոհներ ու քաղաքական,
կրոնական գործիչները, որոնցից, անվտանգության աշխատակիցները, չունենալով արհեստավարժ
իրավաբանական կրթություն կամ անվտանգության սպայի գործունեության համար պահանջվող որակներ,
տեղեկություն կամ խոստովանական ցուցմունք ստանում էին բացառապես տանջանքների ու կտտանքների
միջոցով:
Ռազմական հետախուզության գործառույթների մեջ է եղել նաև կրոնական
կազմակերպությունների, կառույցների, մզկիթների գործունեության, քարոզչության ու հռետորաբանության
վերահսկումն ու ուղղորդումը: Սիրիայում քրիստոնեական համայնքները, որոնք մինչև
2011թ. իրադարձությունները կազմում էին սիրիական հասարակության 8 տոկոսը, լոյալ են
եղել իշխանության նկատմամբ, երբեք հանդես չեն եկել ընդդիմադիր դիրքերից, չեն ներկայացրել
(չեն ունեցել) էթնոկրոնական կամ առանձին քաղաքական օրակարգ: Որպես երկրի քաղաքացիներ,
բնականաբար, մասնակցել են պետության քաղաքական կյանքին, ընտրվել խորհրդարանում, նշանակվել
կառավարական պաշտոնների, բայց համայնքային քաղաքական օրակարգ չեն ունեցել: Եվ, օբյեկտիվորեն,
նրանց կրոնական ակտիվությունն, ի տարբերություն մուսուլմանական մեծամասնության, խնդրահարույց
չի եղել իշխանության համար: Կրոնական տոնացույցի բոլոր միջոցառումները կազմակերպվել
են համապատասխան «անվտանգային թույլատրությամբ», որտեղ յուրաքանչյուր միջոցառման ավարտին
«կամավոր» հիմունքներով հնչել են գոհունակության խոսքեր և աղոթք առ՝ «հայրենիքի և ազգի
առաջնորդ, Ասադ ընտանիքի արժանի ժառանգորդ, նախագահ Հաֆեզ (2000 թվականից հետո՝ Բաշար)
Ասադ»: Անվտանգային ծառայությունները նման քաղաքականություն որդեգրել են նաև մզկիթների
կրոնական հավաքների կազմակերպիչների, հովվապետների, կրոնական գիտնականների և աղոթասաց
շեյխերի նկատմամբ: Ամենաթերզարգացած գյուղի կամ ավանի մզկիթում անգամ, ուրբաթօրյա աղոթքի
տեքստը՝ նախապես, պարտադիր, պետք է համաձայնեցվեր շրջանի անվտանգային կառույցի ներկայացուցչի
հետ, որը կցված է՝ հետևելու այդ մզկիթում տիրող վիճակին ու շարժին: Յուրաքանչյուր ուրբաթօրյա
աղոթքի ժամանակ անվտանգային կառույցների երկու ներկայացուցիչ պարտադիր մասնակցում են
նախատեսված արարողությանն ու սղագրում շեյխի կամ բանախոսի ելույթը, ներկայացնում վերադասին:
Պաշտոնական քաղաքական կուրսից շեղվողները կամ «խախտում» թույլ տվողներն առաջին անգամ
կստանան զգուշացում, կրկնվելու դեպքում՝ կհեռացվեն համակարգից՝ կրոնական կալվածների
նախարարության հրամանով, իսկ նախատեսված ելույթի տեքստից հրաժարվելու դեպքում կենթարկվեն
հարցաքննության: Սիրիայում կրոնական կազմակերպությունների ղեկավարներին ու մզկիթների
աղոթասացներին արգելված է ուրբաթօրյա քարոզներում խոսել մի քանի առանցքային թեմաների՝
կանանց գլխաշոր կրելու անհրաժեշտության, երկրում տնտեսական անմխիթար պայմանների, արաբական
պետությունների ղեկավարների գործունեության, Սիրիայի պետական տեղեկատվական քաղաքականության
և ԱՄՆ՝ Դամասկոսի հանդեպ վարած քաղաքականության մասին: Կա մի փաստաթուղթ, որը մամուլ
է սպրդել 2014թ., երբ հակաասադյան զինյալ խմբավորումները ներխուժել են Իդլիբի նահանգի
ռազմական անվտանգության կենտրոն և տիրացել այնտեղի փաստաթղթերին: Գաղտնազերծված փաստաթղթում
«Պաղեստինի բաժնի» ղեկավարը խոսում է մզկիթներից մեկի շեյխի հետ պատահած դրվագի մասին,
երբ նա ուրբաթօրյա քարոզի ավարտին «մոռացել է» գոհունակության աղոթք բարձրացնել նախագահ
Բաշար Ասադին: Նրան կանչել են համապատասխան «բաժին», անձնական ու մասնագիտական կյանքի
«դոսյեն» հանրայնացնել: Շեյխն իր քարոզի ընթացքում «համարձակվել է» քննադատել տեղական
արտադրության մի հեռուստասերիալ, որի ժամանակ հերոսը, իր կարծիքով, անվայել արտահայտություններ
է թույլ տվել իսլամի հասցեին: Շեյխին կանչել են հարցաքննության, ստիպել հաջորդ ուրբաթօրյա
քարոզի ժամանակ հերքել նախորդ ասածները, այնուհետև տարել «Պաղեստինի բաժին», ենթարկել
արժանապատվությունը նսեմացնող կտտանքների ու խոշտանգումների, ինչի հետևանքով երկու
ամիս չի կարողացել վերականգնել առողջությունն ու հաճախել մզկիթ: Նրան ընդհուպ սպառնացել
են դատապարտել մահվան Դամասկոսի «Քազազ» շրջանում ահաբեկչական պայթյունը կազմակերպելու
շինծու մեղադրանքով: Մեկ այլ փաստաթուղթ ուսումնասիրելիս կհանդիպենք հետաքրքիր տեղեկությունների
ուսանողական շրջանակներում ռազմական հետախուզության մանրակրկիտ և հետևողական գործունեության
վերաբերյալ: Փաստաթուղթը, որը հրապարակել է սիրիական հակամարտության տարիներին մասնագիտական
գործունեություն ծավալած հետաքննական լրագրության և քաղաքական հետազոտությունների «Զաման
Ալ Ուասըլ» կենտրոնը, դարձյալ սպրդել է Իդլիբի նահանգի անվտանգային համապատասխան կառույցի
թիվ 271 բաժնից: Նահանգային այս կառույցը ռազմական հետախուզության Դամասկոսի գլխամասային՝
թիվ 291 բաժնին հղած զեկույցում մանրամասն ու ամբողջական տեղեկություններ է տրամադրում
2006-2007թթ. դպրոցական ավարտական քննություններում հաջողություն գրանցած, դպրոցն ավարտած
և բուհական ընդունելության քննություններից հետո պետական ուսումնակրթական հաստատություններ
ընդունված՝ արական սեռի բոլոր աշակերտների կյանքի մասին: Հատկանշական է, որ նահանգային
բոլոր կառույցները 2007թ. աշխատանքային վերջին օրվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, հասցրել
են «Գլխամասին» տրամադրել այդ ձևաչափի տեղեկություններ՝ ամբողջ երկրով մեկ 85 հազար
արական սեռի շրջանավարտ աշակերտի մասին: Այդ փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ
դիմորդների անձնական տվյալների, ծնողների ծննդյան (կամ մահվան), զբաղվածության, սոցիալական
կարգավիճակի, ընտանեկան դրության, գաղափարական հակումների, կուսակցական պատկանելության,
կրոնական հայացքների, դատվածության, բարոյական նկարագրի, նյութական վիճակի, սոցիալական
խավի, ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց հետ կապի, մինչև երրորդ պորտ հարազատների
ու ընկերական շրջապատի մասին: Ավելին, փաստաթղթերում խոսվում է այդ 85 հազարից յուրաքանչյուրի
հայր ծնողի քաղաքացիության, երկիրը երբևէ լքած լինելու հանգամանքի, կրոնական կազմակերպության
հնարավոր անդամակցության, քրեական հնարավոր անցյալի, հանրության շրջանում վայելած հեղինակության
կամ վատ համբավի, «առաջադիմական» կամ «հետադիմական» գաղափարախոսություններ որդեգրելու,
դրանց հարելու մասին: Սիրիայում չկա հասարակական գործունեության գեթ մեկ ոլորտ, որտեղ
ռազմական հետախուզության, եթե չասենք՝ անվտանգային քառակուսու բոլոր կառույցների, աշխատակիցներն
ու գործակալները թափանցած չլինեն: Ռազմական հետախուզությունը, սակայն, ամենահայտնի
կառույցն է՝ բռնությունների կիրառման իր ձեռագրով և բացառապես հանրապետության նախագահի
առջև իր պատասխանատվությամբ և նրան տրամադրած հաշվետվությամբ: Ամենավառ օրինակը
2011-2016թթ. այդ կառույցի քննչական բաժնից գաղտնազերծված փաստաթղթերի քանակն է, որոնք
վերաբերում են «երկրում հակակառավարական, հակասահմանադրական, քայքայիչ գործունեություն
ծավալող մարդկանց» ձերբակալման սանկցիաներին, որոնք, ըստ քրեադատավարական օրենսգրքի
դրույթների, կարող են տալ քննչական մարմիններն ու արդարադատության նախարարությունը:
Սակայն ամենամեծ բանակի սանկցիաները տվել են անվտանգային-հետախուզական մարմինների քննչական
բաժինները:
«Անվտանգային քառակուսու» մարմիններից մեկը՝ ռազմական հետախուզության
ինստիտուտը լրջագույն դերակատարում է ունեցել նաև Լիբանանի քաղաքացիական պատերազմի
տարիներին: Այնտեղ հակասիրիական ուժերի շարքերը պառակտելու, նրանց գործունեության նկատմամբ
վերահսկողություն սահմանելու, նրանց մուտքը քաղաքականություն կանխելու նպատակով, ռազմական
հետախուզության օղակին տրվեց անսահմանափակ լիազորություն կամ «երկաթե բազկի կարգավիճակ»՝
իրավիճակը հսկողության տակ վերցնելու և «Սիրիայի 15-րդ նահանգ՝ Լիբանանից եկող վտանգը
չեզոքացնելու համար»: Այդ նպատակով նշյալ մարմնի ներկայացուցիչ նշանակվեց գեներալ-լեյտենանտ
Ղազի Քանանը, որը տիրապետում էր Լիբանան պետության բոլոր՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական
գործընթացներին, որոշում պետության փողի լիբանանյան լիրայի կուրսը շուկայում, կազմակերպում
ընդդիմադիր գործիչների առևանգում, ահաբեկում, սպանություն, ղեկավարում կոռուպցիոն սխեմաները,
ֆինանսավորում սիրիամետ մամուլը, զորաշարժի ենթարկում լրատվամիջոցները, որոշում երկրի
կառավարությունում համայնքների՝ օրենսդրորեն սահմանված նախարարական քվոտաների ներկայացուցիչներին,
ուղղորդում նրանց, հրահրում ու հավասարակշռում ներհամայնքային ու միջհամայնքային հակասությունները,
ներքաղաքական ու կուսակցական ուժային հարաբերակցության կոնյունկտուրայում ապահովում
դասավորումներ, նշանակում և պաշտոնից ազատում խորհրդարանական այդ պետության ընդհուպ
վարչապետին:
Հետաքրքրական է դիտարկել փաստը, որ Լիբանանի քաղաքացիական
պատերազմի տարիներին Դամասկոսն այդ երկրում ապահովեց ուժային ու հետախուզական կառույցների,
մասնավորապես, զինված ուժերի, ռազմական հետախուզության դաշտային և «գրասենյակային»
ներկայություն: Անվտանգային-հետախուզական մարմինների միջոցով Սիրիան ղեկավարում և ուղղորդում
էր բազմաթիվ «դաշնակից» համայնքների զինյալ խմբավորումների, պատերազմում՝ ընդդիմադիրների
հետ կնքում ժամանակավոր դաշինքներ տարբեր խմբավորումների հետ՝ հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների
դեմ: Անվտանգային այդ մարմինները տիրապետում էին ներլիբանանյան քաղաքական ու տնտեսական
ամբողջ շարժին. նրանց հաջողվել էր թափանցել գրեթե բոլոր խմբավորումների շարքերը, գործակալական
ցանցերի միջոցով տեղեկություն ստանալ բոլոր՝ պաղեստինյան, իրանամետ, ամերիկամետ, եվրոպամետ,
իսրայելամետ կուսակցությունների ու խմբավորումների մասին. առևանգել ու սպանել շատերի
ղեկավարներին: Սիրիական ռազմական հետախուզության կազմակերպած ամենահայտնի կոտորածներից
մեկը «Ֆաթհ Ալլահի սպանդն» է, որտեղ ռազմական հետախուզության «Հատուկ ուժերի» N35 գնդի
ղեկավար Հաշեմ Մալլան, 1987թ. մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում, «Ալ Ջազիրա» շենքի առաջին
հարկում հավաքում և սպանում է շիայական ճամբարում իր դաշնակից «Ամալ» շարժման հակառակորդ՝
«Հըզբոլլահ» խմբավորման 23 կրոնագետի, որպես պատասխան 1985թ. «Հըզբոլլահ»-ի կողմից
Սիրիայի զինված ուժերի մայոր Ջամե Ջամեի (որը հետագայում դարձավ «Հատուկ ուժերի» հրամանատարը
Լիբանանում, գեներալ-մայոր Ալի Հայդարից հետո և որին վերագրվում է 1989թ. Լիբանանի
նախագահ Ռընե Մուաուադի սպանության կազմակերպումը) արժանապատվությունը նսեմացնող քայլերի:
«Հըզբոլլահն» այդ տարիներին ամբողջությամբ վայելում էր Իրանի հովանավորությունն ու
նյութական, ֆինանսական, լոգիստիկ աջակցությունն ստանում Թեհրանից: Այդ ժամանակաշրջանը
համարվում էր Սիրիա-Իրան հարաբերությունների «սառը պատերազմի» տարիներ: Ի դեպ, «Հըզբոլլահ»-ը
«Ֆաթհ Ալլահ»-ի սպանդից երկու տարի առաջ, 1985թ. Լիբանանի հարավային Ջարջու գյուղում
կազմակերպել էր «Ամալ»-ի զինյալների դաժան սպանդ՝ մորթելով և անդամահատելով նրանց մարմինները:
Թեև, ինչպես խոստովանում են սիրիական հետախուզական մարմինների նախկին պատասխանատուները,
հակառակ գոյություն ունեցող հակասություններին և ազդեցության գոտիների բաժանման շուրջ
Դամասկոս-Թեհրան շահերի բախմանը, Սիրիան աշխատում էր չհանրայնացնել ներշիայական խոհանոցի
խնդիրներն ու հակամարտությունը, հավասարակշռել հարաբերությունները երկու խմբավորումների
հետ, միաժամանակ չմիջամտելով նրանց ներքին խնդիրների կարգավորմանը: «Հըզբոլլահ»-Սիրիայի
վարչակարգ հարաբերությունների սերտացումն սկսվեց 1990 թվականից հետո, երբ սաուդարաբական
Թաեֆ քաղաքում կնքվեց ներլիբանանյան հաշտության համաձայնագիրը և վերջ տրվեց այդ երկրում
15 տարի տևած քաղաքացիական պատերազմին: Իսկ մինչև այդ՝ ալավիական (շիիզմի ուղղություններից
մեկը) Դամասկոսի հարաբերությունները շիայական Իրանի հովանավորյալ «Հըզբոլլահ»-ի հետ
եղել են թշնամական:
Ուշագրավ է փաստը, որ Լիբանանում սիրիական հետախուզական ծառայությունների
«Հատուկ ուժերը» մաքրագործումներ են կատարել ոչ միայն դավանակից «Հըզբոլլահ»-ի, այլև
քրիստոնեական, պաղեստինյան դրուզների և այլ համայնքների ճամբարներում: Նպատակը՝ սիրիական
զինված ուժերի անարգել մուտքի ապահովումն էր մայրաքաղաք Բեյրութի արևելյան հատված,
որտեղ իրավիճակը գտնվում էր հակաասադյան ճամբարականների քրիստոնեական, մարոնիտական
համայնքի հայտնի խմբավորումներից, պաշտպանության նախարար Միշել Աունի վերահսկողության
ներքո: Կարևոր է ընդգծել փաստը, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին սիրիական
պետական քարոզչամեքենան պրոպագանդում էր, որ հատկապես Սիրիայում և Լիբանանում, սիրիական
հետախուզական-անվտանգային մարմինների գործողությունները միտված են «քրիստոնեական բոլոր համայնքների, փոքրամասնությունների
անվտանգության պաշտպանությանը»: Իրականում, սակայն, փաստերը վկայում են այլ իրողության
մասին 1990թ. հոկտեմբերի 13-ին մայրաքաղաք Բեյրութի արևելյան շրջան մուտք գործելուց
հետո, «Հատուկ ուժերի» N47 գունդը, գնդապետներ Մուհսեն Սալումի, Մուհյի Ալ Դին Ալ Հորանին,
Ռաշիդ Աթթարի և Սուբհի Մանսուրի գլխավորությամբ, կազմակերպեց և իրականացրեց «Ամրոցի
սպանդը», որի հետևանքով մայրաքաղաքի Բեյթ Մըրրի շրջանի վանքի մենաստանում սպանվեց
18 քրիստոնյա հոգևորական և լիբանանյան բանակի տասնյակ մարոնիտ զինյալներ, որոնք Դամասկոսում
ունեին հակաասադյան ճամբարի համբավ և հանդես էին գալիս պաշտպանության նախարար Միշել
Աունի խմբավորման դրոշի ներքո, թալանվեց վանքի պատմամշակութային ամբողջ հարստությունը,
Ձեռագրատունը: Այդ սպանդի մասին մամուլում հայտնվեցին տեղեկություններ միայն 2005 թվականից
հետո, երբ սիրիական անվտանգային ու բանակային կառույցները հեռացան Լիբանանից: Մինչև
այդ, լիբանանյան մամուլում հազվագյուտ տեղեկություններ էին հրապարակվում սիրիական հետախուզական
մարմինների գործունեության մասին: Մամուլը, հիմնականում՝ ավանդականը՝ հեռուստատեսությունն
ու ռադիոն, ամբողջովին վերահսկվում էին այդ ծառայությունների երկարամյա ղեկավար Ղազի
Քանանի կողմից:
Հաֆեզ Ասադի իշխանության տարիներին ռազմական հետախուզության
ստորաբաժանումները ակտիվ գործունեություն են ծավալել նաև իրաքյան ճակատում: Դրանք Սադամ
Հուսեյնի իշխանության տարիներին զենք-զինամթերք են մատակարարել բաասյան ռեժիմի դեմ
պայքարող իրաքյան Քրդստանի քաղաքական դոմինանտ ուժերին՝ Մասուդ Բարզանիի՝ Քրդստանի
դեմոկրատական միությանը, Ջալալ Թալաբանիի՝ Քրդստանի հայրենասիրական միությանն ու Իրաքի
կոմունիստական կուսակցությանը, իսկ հետագայում, 2003թ. մարտին, ամերիկյան զորքերի Իրաք
ներխուժումից հետո իսլամական ծայրահեղական խմբավորումների մուտքը Սիրիայից Իրաք հեշտացնելու
միջոցով: Ի տարբերություն արևմտյան քաղաքական մշակույթի, որը հետախուզական համակարգի
ինֆորմացիոն գաղտնազերծումներն անում է հստակ ժամանակահատվածում և «թույլատրելիի» սահմանում,
մերձավորարևելյան տարածաշրջանում, հետախուզական կամ անվտանգային մարմիններից արժեքավոր,
պետական գաղտնիք հանդիսացող ու հույժ կարևոր տեղեկատվության արտահոսքն ավելի նկատելի
է դառնում՝ հատկապես պատերազմական կամ կոնֆլիկտային վիճակներում: Այդ արտահոսքի հեղինակները,
հիմնականում անվտանգության ծառայությունների պաշտոնաթող կամ համակարգից հեռացված աշխատակիցներն
են կամ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հրապարակած (համակարգի արխիվից գողացված)
փաստաթղթերին, փաստական վկայություններին ու աննախադեպ գաղտնազերծումներին հանդիպեցինք
սիրիական պատերազմի կամ հակամարտության առաջին իսկ տարիներին: Այդ վկայությունները
մեծ մասամբ վերաբերվում էին Սիրիայի անվտանգային-հետախուզական ծառայությունների՝ մարդու
իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերին, որոնք տասնամյակներ շարունակ
գաղտնի են մնացել և հանրությունն այդ ամենի մասին լսել կամ տեսել է՝ տուժողի կամ նրա
հարազատի, ընտանիքի անդամի բացահայտումից հետո:
Ուշագրավ է փաստը, որ Սիրիայի և Իրաքի հետախուզական կառույցների
հարաբերություններն ակտիվացան Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից հետո, երբ Սիրիայի
ղեկավարության համար Իրաքը դարձավ բարենպաստ վայր՝ հակաամերիկյան գործողություններ
կազմակերպելու և այդ երկրում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության դեմ պայքարելու
առումով: Այս փաստը նկատելի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի 2003թ. սեպտեմբերին
Դամասկոս այցից հետո, երբ կողմերը չկարողացան շոշափելի բանակցային արդյունք գրանցել՝
Իրաքում ԱՄՆ ներկայության սիրիական լեգիտիմության շղարշն ապահովելու առումով: Կարևոր
է ընկալել իրողությունը, որ ԱՄՆ դիվանագիտությունը խնդիր էր սահմանել՝ Սիրիայի վարչակազմի
քաղաքական ու հետախուզական ազդեցության լծակներն օգտագործելով՝ չեզոքացնել Իրաքում
ազգայնական ընդդիմադիր խմբավորումների՝ մասնավորապես՝ տապալված «Բաաս» կուսակցության
հակաամերիկյան գործունեությունը, նվազագույնն ապահովել սիրիական լոյալություն Վաշինգտոնի
ռազմական գործողություններին և ներկայությանն Իրաքում: 2003թ. Սիրիան դեռ հանդիսանում
էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և ռոտացիոն պաշտոնավարման ժամկետն
ավարտվում էր հենց այդ տարում: ԱՄՆ վարչակազմը փորձում էր ապահովել Դամասկոսի դրական
կեցվածքը միջազգային այդ հարթակում, ինչը չհաջողվեց և որպես պատասխան՝ ԱՄՆ Սենատն ընդունեց
հակասիրիական պատժամիջոցների մեծ փաթեթ: Եվ վերոնշյալ բանակցային պրոցեսի տապալումը
դիվանագիտական պատերազմի նոր ճակատ բացեց Սիրիայի և ԱՄՆ-ի միջև, որը դրսևորվում էր
հետախուզական, քարոզչական ու «ջիհադական» պատերազմի տեսքով Իրաքում: Գաղտնազերծված
փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սիրիական հետախուզական ու անվտանգային
կառույցները 2003 թվականից սկսած հովանավորել ու, Իրաքի գործընկեր կառույցների հետ
գործակցաբար, հեշտացրել են Իրաքից և դեպի այդ երկիր իսլամական արմատական խմբավորումների
ու հայտնի ջիհադիստների տեղաշարժը, Իրաքի հյուսիսում Քրդստանի ռեգիոնալ կառավարման
զինյալ խմբավորումների միջոցով ապահովել այդ զինյալների անարգել մուտքը «սրբազան պատերազմի
նոր երկիր»:
Հետսադամյան Իրաքում առաջացած անվտանգային վակուումը լրացնելու
ամերիկյան ջանքերը շուտով պիտի հանդիպեին արմատական ջիհադիստական խմբավորումների դեստրուկտիվ
գործողություններին, որոնք, որքան էլ տարօրինակ է՝ ֆինանսական ու լոգիստիկ սնուցում
էին ստանում հենց Սիրիայից: Անվտանգային ճահիճում նրանց թաթախելի և սեփական երկիրը
ծայրահեղականներից մաքրելու նպատակով Սիրիան 2003 թվականից սկսած պարբերաբար Իրաք է
ուղարկել ջիհադական գաղափարախոսությանը զինվորագրվածների, որոնց որսացել էր սեպտեմբերտասնմեկյան
ահաբեկչական իրադարձությունից հետո և ազատազրկել Սեդնայայի ու Թադմուրի բանտերում:
Ամենավառ օրինակը հայտնի ջիհադիստ ու խաթիբ Մահմուդ Կոլագասիի դեպքն էր, որին մասնագիտական
շրջանակներն անվանեցին «Սիրիացի Աբու ալ Քաքա»: Քսանամյա այս երիտասարդին Սիրիայում
նմանեցնում էին անցած դարի 70-ականներին մեծ հռչակ ու հարգանք վայելած համանուն հռետոր
կրոնագետին՝ Աբու ալ Քաքային, որի ուրբաթօրյա կրակոտ, հակաիշխանական ու ազդեցիկ քարոզները
ձայնագրվում էին ժապավենների վրա ու ձեռքից ձեռք պտտվում: Երիտասարդ այս կրոնագետը
կարճ ժամանակում, 2000թ. պաղեստինյան երկրորդ Ինթիֆադայի օրերին աչքի էր ընկնում հռետորական
բարձր ձիրքով, համոզելու կարողությամբ: Նրան հաջողվեց մզկիթ այցելող հավատացյալ տարեկիցներին
համախմբել և զինվորագրել, թեկուզև դեկլարատիվ մակարդակով, Պաղեստինում՝ Իսրայելի դեմ
սրբազան պատերազմի՝ ջիհադի: Սիրիայի մզկիթներում, մասնավորաբար՝ 80-ականների հայտնի
դեպքերից հետո ջիհադի կոչեր չեն հնչում: Քարոզների հռետորաբանությունը չափավոր է և
համաձայնեցվում է անվտանգային կառույցների համապատասխան պաշտոնյաների հետ: Հալեպի թերզարգացած
Ալ Սախուրի շրջանում մեծացած ու այնտեղ մզկիթ հիմնած այս երիտասարդ քարոզիչը պարբերաբար
կոչ էր անում՝ համաիսլամական սրբազան պատերազմ հռչակել դավաճաններին, մուսուլմանների
սուրբ հողերը, մասնավորապես՝ Ալ Աքսա մզկիթը բռնագրաված Իսրայելին: Ինթիֆադայից երկու
տարի անց՝ այդ նույն հռետորաբանությամբ՝ Աբու ալ Քաքան հենց իր աշակերտած ու ղեկավարած՝
Ալալա՛ ալ Հուդրումի մզկիթում՝ անվտանգության մարմինների տեղադրած տեսանկարահանող սարքերի
առկայությամբ, խրախուսում ու համոզում էր երիտասարդներին՝ ջիհադի գնալ Իրաք: Նրա անարգել
ու անկաշկանդ գործունեությունը, ընդվզում պարունակող հռետորաբանությունն էլ կասկածի
տեղիք է տվել մասնագետների շրջանում, որոնք պնդում են, որ նա եղել է հենց Սիրիայի հետախուզական
ծառայությունների գործակալը: Նրան չհետապնդելու, չձերբակալելու, ազատ տեղաշարժին, խոսքին
ու գործողություններին չխոչընդոտելու գլխավոր նպատակը՝ երկրում ծայրահեղական իսլամիստական
գաղափարներին հարող երիտասարդների բանակի ու նրանց հովանավորող խմբավորումների մասին
ամբողջաան տեղեկություն հավաքելն է, նրանց վերահսկելի դարձնելն ու հետագայում նրանցից
ձերբազատվելը՝ ուղարկելով ջիհադի նոր երկիր՝ Իրաք: Բազմաթիվ վկայություններով՝ Աբու
ալ Քաքան 2001թ. պատերազմել է աֆղանական Թալիբանի շարքերում, որից հետո 2002թ. մեկնել
է Իրաք՝ ամերիկյան ներխուժումից առաջ: Նրան հաջողվել է խոցել հետսադամյան Իրաքում ձևավորված
իսլամիստական հայտնի խմբավորումների հետախուզական մարմինները և անհրաժեշտ տեղեկությունները
փոխանցել Սիրիայի անվտանգային մարմիններին: Նրա Իրաք՝ ջիհադի չմեկնելը համաշխարհային
իսլամական ցանցերում ընդգրկվելու՝ պարբերական ու բացահայտ հայտարարությունները, նաև
Ալ Քաիդայի ղեկավար Բեն Լադենի և ահաբեկչական այդ կառույցի իրաքյան առաջնորդ Աբու Մուսաբ
ալ Զարքավիի հետ հանդիպելու բացահայտ ցանկությունն էլ կասկածների տեղիք տվեց, որ նա
Սիրիայի հետախուզական ծառայությունների գործակալն է: Այս պնդումն անողները փաստարկում
են, որ Սիրիայում հնարավոր չէ կրոնական հռետորաբանության մեջ ունենալ այնքան ազատություն,
որքան թույլատրված էր Աբու ալ Քաքային և նա, վստահաբար, ծառայում է անվտանգային մարմիններին:
Հատկանշական է, որ ջիհադական կադրերի ընտրության ու նրանց օգտագործման այս քաղաքականությունը
Սիրիայի անվտանգային-հետախուզական ծառայությունները շարունակեցին նաև երկրում ծավալված
հակամարտության կամ պատերազմի տարիներին: Պետությունը նրանց ծառայություններից շարունակեց
օգտվել՝ նրանց վստահելով՝ արդեն Իրաքից Սիրիա՝ ջիհադի ժամանող իսլամիստական խմբավորումների
վերահսկումը:
Այս համատեքստում կարևոր զուգահեռ դիտարկել նաև՝ իր կենսական
շահերի իրագործմանն ուղղված պաշտոնական Թեհրանի ակտիվ գործունեությունն Իրաքում: Իրանն
իր ռազմաքաղաքական, տնտեսական, դավանաբանական (շիայական կրոնագիտական) ու հետախուզական
ներգրավվածությամբ կարողացավ անվտանգային ու ռազմական անհաշվելի ռիսկեր ու խնդիրներ
առաջացնել ԱՄՆ-ի համար և իրանամետ լուրջ ներկայություն ապահովել հետսադամյան Իրաքի
քաղաքական համակարգում: Իրաքում, հատկապես՝ հարավում, Իրանի հետախուզական ծառայությունների
ու իրանամետ կրոնական խմբերի տասնամյակների փորձը, կազմակերպական բջիջները, ֆինանսական
ու լոգիստիկ կապերը մեծ հնարավորություն էին նաև Սիրիայի համար, որի նորընտիր նախագահին
Վաշինգտոնն առաջարկել էր՝ տնտեսական ներդրումներ՝ Իրաքում գործակցության դիմաց: Այդ
գործակցությունը ենթադրում էր՝ ամերիկյան հսկայածավալ ներդրումների հոսք Սիրիա, որի
փոխարեն Դամասկոսը պետք է գնար Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման
քայլի, հրաժարվեր Իրանի ու նրա լիբանանյան հովանավորյալ՝ «Հըզբոլլահ»-ի ու պաղեստինյան արմատական՝ հակաիսրայելական
որոշ խմբավորումների աջակցությունից: Բաշար Ասադը նախընտրեց Իրանի հետ ավանդական դաշնակցային
հարաբերությունների շարունակումը, որն սկիզբ էր առել դեռ նրա հոր՝ Հաֆեզ Ասադի կառավարման
տարիներին: Արդյունքը եղավ այն, որ Սիրիան, Իրանի հետ գործակցաբար, Իրաքում հովանավորեց
հակաամերիկյան գործողություններ: Սիրիայի և Իրանի համատեղ հետախուզական գործունեությունը
չի սահմանափակվել միայն երկու երկրների համապատասխան կառույցների ներգրավմամբ: Սիրիական
պատերազմի տարիներին այդ գործունեությանն անմասն չի մնացել նաև լիբանանյան «Հըզբոլլահ»
շարժումը, որի զինյալ խմբավորումներն ակտիվորեն մասնակցել են Սիրիայում սուննիադավան
իսլամիստական արմատական-ահաբեկչական խմբավորումների չեզոքացմանն ու ոչնչացմանը: Սիրիայի
պատերազմական գործողություններում «Հըզբոլլահ»-ի մասնակցության մասին առաջինը բացահայտորեն
խոսեց շարժման ղեկավար Հասան Նասրալլահը 2013թ. մայիսի 25-ին, Լիբանանի հարավային՝
շիաբնակ մարզերի իր համակիրների հետ հեռուստատեսային հանդիպմանը: Այնինչ Իրանի հովանավորյալ՝
շիայական այս խմբավորումը դեռ մեկ տարի առաջ՝ 2012թ., դիրքավորվել էր Սիրիայի տարբեր
քաղաքներում՝ Դամասկոսի արվարձանում, կենտրոնական Հոմս նահանգում, ծովափնյա Լաթաքիայում
ու արևմտյան Համայի նահանգի շրջակայքում: «Հըզբոլլահ»-ը միջամտեց ու Սիրիայի զինված
ուժերի հետ մասնակցեց ռազմական գործողություններին այն ժամանակ, երբ ներքաղաքական կոնֆլիկտը
վերաճեց հակամարտության և աշխարհի 36 երկրից հազարավոր ջիհադականներ ժամանեցին Սիրիա՝
պայքարելու «Իսլամ ժողովրդի անհավատ ղեկավարության՝ Ասադ ընտանիքի բռնությունների դեմ»:
Արևմտամետ և հակաասադյան կոալիցիոն ուժերի ու նրանց շահերն սպասարկող քարոզչամեքենան
«Հըզբոլլահ»-ի զինյալների՝ Սիրիայում վարած ռազմական գործողությունները ներկայացնում
են որպես տեռորիստական խմբավորման գործողություններ, այնինչ մեդիա և փորձագիտական որոշ
կենտրոններ՝ շիայական այս կազմակերպության գործողությունները համարում էին օբյեկտիվ
և օրինաչափ, հիմնավորելով, որ Սիրիան «Հըզբոլլահ»-ի հետ հանդիսանում է արաբական դիմադրողական
(հակաիսրայելական) ճակատի վերջին բաստիոնը:
Պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, սիրիական անվտանգային
կառույցների կենտրոնակայանների կամ նահանգային մասնաճյուղերի վրա ընդդիմադիր զինյալների
հարձակման հետևանքով՝ գաղտնազերծվեց ու մամուլ սպրդեց հետախուզական այդ կառույցների
արխիվի մի զգալի հատվածը: Կա մի փաստաթուղթ, որը Սիրիայի պատերազմի ամենամեծ ընդդիմադիր
խմբավորման՝ «Սիրիայի ազատ բանակ»-ի զինյալները գաղտնազերծել են ընդհանուր հետախուզության
279-րդ բաժնի արխիվից և որում երևում է, որ «Հըզբոլլահ»-ի հետախուզության սպաները Սիրիայում
ռազմական գործողություններն ինտենսիվացնելու և իսլամական արմատական խմբավորումների
զինյալներին այդ երկիր բերելու նպատակով՝ գործակցում են Իրաքի և Իրանի հետախուզական
ծառայությունների հետ: Հատկանշական է, որ հույժ գաղտնի տեղեկություններ պարունակող
այդ փաստաթուղթը թվագրված է 2012թ., այսինքն ավելի շուտ, քան «Իրաքում և Լևանտում իսլամական
պետություն» տեռորիստական կազմակերպությունը կհայտնվեր և համաիսլամական ջիհադ կհայտարարեր
Սիրիայում: Մեկ հատված մեջբերենք փաստաթղթից. «Հըզբոլլահի ընդհանուր քարտուղար Հասան
Նասրալլահն առաջարկել է ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ներկայությունն ապահովել
սիրիական ճակատում, որպեսզի հնարավոր լինի արաբական, իսլամական և համաշխարհային հանրության
համակրանքի նժարը թեքել Սիրիայի կառավարության օգտին: Իրաքի կառավարության հետախուզության
սպաները խոստացել են՝ ցանկացած գնով դյուրացնել իրենց բանտերում ազատազրկման դատապարտված՝
ավելի քան 2000 իսլամիստ ծայրահեղականների ելքը երկրից, թեթևացնել սահմանային հսկողությունը
և շարունակել իրենց գործակալների միջոցով՝ հետևել այդ խմբավորումների գործունեությանը»:
ԱՄՆ-ի համար հետսադամյան Իրաքի քաղաքական ճարտարապետության ամենամեծ անակնկալը երկրի
քաղաքական համակարգի շիայականացումն էր: Իրանի դերակատարումն այս երկրում բավականաչափ
ազդեցիկ է: Քաղաքական ամենաազդեցիկ պաշտոնները, գործադիր ու օրենսդիր իշխանությունների
ամենաառանցքային պաշտոնները բաժին էին հասնում շիադավաններին, առանց որոնց մասնակցության՝
հնարավոր չէր ձևավորել կառավարական համախոհական կոալիցիաներ: Այս առումով հետաքրքրական
է փաստը, որ 2005թ. ընդունված նոր սահմանադրությամբ՝ Իրաքը դարձավ խորհրդարանական կառավարման
պետություն և վարչապետի պաշտոնը 8 տարի՝ 2006-2014թթ. զբաղեցրեց Նուրի ալ Մալիքին,
որը շիադավան էր և իր պաշտոնավարման տարիներին սերտորեն գործակցում էր Թեհրանի հետ՝
նաև անվտանգային քաղաքականության առումով, որևէ լուրջ խոչընդոտ չստեղծելով սեփական
երկրում Իրանի աշխարհաքաղաքական, կրոնական, տնտեսական ու ռազմավարական ծրագրերի համար,
ինչը, բնականաբար, չէր բխում Իրաքում բռնապետական վարչակարգ տապալած և Թեհրանի հետ
թշնամական հարաբերություններ ունեցող ԱՄՆ-ի շահերից: Ալ Մալիքիի իշխանության տարիներին
էլ թվով ամենաշատ ծայրահեղականները հատեցին Սիրիայի հետ սահմանը: Փաստորեն, ըստ այս
փաստաթղթի՝
1.Իրանի, Իրաքի ու Լիբանանի հետախուզական մարմինների ներկայացուցիչների
միջև կայացած այդ գաղտնի հանդիպմանը չի մասնակցել խնդրո առարկա պետության՝ Սիրիայի
ներկայացուցիչը, ինչը վկայում է այդ պետության ինքնիշխանության պահպանման վերաբերյալ
«գործընկեր» պետությունների ոչ միարժեք մոտեցման մասին:
2.Սիրիայում «իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի
ներկայության ապահովումը եղել է «Հըզբոլլահ»-ի առաջարկը, ընթացակարգային հեշտացումներն
ապահովել է՝ Իրաքը, հետախուզական տեղեկություններն էլ կառավարել է Իրանը:
3.Իրաքի հետախուզական ծառայությունները կարողացել են ներթափանցել
Իրաքում իսլամական պետության շարքեր՝ մինչև այդ կառույցը կհայտարարեր իր կազմակերպական
ներկայությունը Սիրիայում:
4.Իրաքի շիադավան էլիտան մեծ օգնություն է ցուցաբերել իսլամիստ
ծայրահեղականներին՝ օգնելով նրանց դուրս գալ ազատազրկման վայրերից (ձերբազատվելով նրանցից)
և թուլացնելով հսկողությունը Սիրիայի հետ սահմանին՝ նրանց անարգել մուտքն ապահովելու
այդ երկիր:
5.ԻՊ խմբավորման ներկայությունը Սիրիայում հնարավորություն
տվեց Սիրիայի կառավարությանը՝ ազդել ներհասարակական տրամադրությունների ու միջազգային
կարծիքի վրա, իսլամիստների դեմ պայքարը ներկայացնելու որպես պայքար միջազգային ահաբեկչության
դեմ, ինչը և օբյեկտիվ է:
Ռազմաօդային ուժերի հետախուզություն
Ռազմական անվտանգության կամ ռազմական հետախուզության նման
այս մարմինը պաշտոնապես, վարչական առումով գործում է պաշտպանության նախարարության համակարգում:
Կառույցը կոչվում է նաև «Օդուժի անվտանգություն», «Օդուժի հետախուզություն»: Հետախուզական
այս մարմինը, սակայն, ի տարբերություն գործընկեր-մրցակից կառույցների, չի ստեղծվել
պետության անկախությանն անմիջապես հաջորդած ժամանակահատվածում, այլ Հաֆեզ Ասադի՝ Սիրիայի
ռազմաօդային ուժերի և օդային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, 1964թ., որը
և ղեկավարել է այն մինչև պետության վարչապետ նշանակվելը, 1970թ. ապրիլի 3-ը: Սա այն
եզակի հետախուզական կառույցն է, որի ղեկավար կազմն ամենաքիչ փոփոխությանն է ենթարկվել՝50
տարում՝ 1970-2020թթ., ընդամենը 6 ղեկավար: Մուհամմադ ալ Խուլին, որը պաշտոնավարել
է Հաֆեզ Ասադից հետո (1970-1987թթ.) և կատարելագործել հետախուզական այս մարմնի կազմակերպական
կառուցվածքը: Հայտնի է որպես մուսուլման եղբայրների՝ Համայի հայտնի կոտորածն իրականացնող,
իսլամական ահաբեկչական բջիջներն ու կառույցներն ամբողջությամբ ոչնչացնող զինվորական:
1987-2002թթ կառույցը ղեկավարել է Իբրահիմ Հոեյջան, որը համարվում է Լիբանանում հակաասադյան
ընդդիմությունը ոչնչացնողը: 2002-2005թթ. կառույցի ղեկավարը Իզուդդին Իսմայիլն է, որին
էլ միջազգային հանրությունը վերագրում է Լիբանանի վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանությունը:
Աբդուլ Ֆաթթահ Քուդսիյան օդուժի հետախուզությունը գլխավորել է 2005-2009թթ., նույնպես
համարվում է ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ցուցակում հայտնված «պատերազմի հանցագործներից»
մեկը, որը պաշտոնաթողությունից հետո գլխավորեց ռազմական հետախուզությունը: Սիրիական
պատերազմի տարիներին կառույցը գլխավորեց Ջամիլ ալ Հասանը (2009-2019թթ.): Նրան վերագրվում
է «պատերազմական հանցագործությունների» մի ամբողջ փաթեթ: Ղասան Իսմայիլը, որը նույնպես
հայտնի է պատերազմի տարիներին ընդդիմադիր շրջանակների նկատմամբ բռնության կիրառմամբ,
պաշտոնավարում է 2019 թ. սկսյալ:
Սիրիական պատերազմի երրորդ տարում զինված ուժերի համակարգից
անջատված (դուրս եկած) գնդապետ Մունթասեր Ջաուիշի վկայությամբ, Սիրիայի անվտանգային
մարմիններում ալավի կամավորականները 1970-1975թթ. կազմում էին բանակի 30-40 տոկոսը,
2011թ.՝ 85 տոկոսը, մնացած 15 տոկոսն էլ բաշխվել է Սիրիայի համայնքների միջև: Կարևոր
է ընդգծել, որ անվտանգային առանցքային պաշտոնների համայնքային կամ դավանաբանական բաժանման
մասին տեղեկությունները կամ, առհասարակ, փաստաթղթավորված վիճակագրություն գոյություն
չունի: Մեկ այլ՝ 98 տոկոսային հարաբերության մասին են խոսում Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները,
որոնց գերակշիռ մասը գործում է երկրից դուրս, նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող կազմակերպություններն իրենց տարեկան զեկույցներում: Ռազմաօդային ուժերի հետախուզությունը
փակ համակարգ է, ունի փոքրաթիվ (հետախուզական մնացած կառույցների համեմատությամբ),
բայց՝ մոբիլ, կրթված ու արհեստավարժ կադրային ռեզերվով, ժամանակակից կապով ու տեխնիկայով
զինված սպաների, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով համալրված դեսանտային
բանակ: Այս կառույցի գործողությունների մասին Սիրիայում հազվադեպ են խոսում՝ հատկապես
Համայի 1982թ. դեպքերից հետո: Կառույցը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության
կենտրոնում հայտնվեց սիրիական պատերազմի տարիներին, երբ մարդու իրավունքների կոպտագույն
խախտումների ու ոտնահարումների մասին խոսող իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարեցին,
որ 2011-2019թթ. կառույցի (նահանգային մասնաճյուղերով ու բաժիններով) ազատազրկման վայրերում 25 հազար ընդդիմադիր (ընդհանուր անվտանգային կառույցներում՝
215 հազարից) է կալանավորվել ու ենթարկվել խոշտանգման: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների,
սիրիական պատերազմի, իսկ մինչև այդ՝ 1980-ականների հայտնի իրադարձությունների ընթացքում,
այս կառույցի կալանավայրերում են պահվել քաղաքական վարչակազմի համար վտանգավոր ընդդիմադիրները:
Կառույցի համերկրական բանտերում յուրաքանչյուր օր միջինը մահացել է 10 մարդ՝ էլեկտրաշոկահարման,
կտտանքների, մաշկային ու այլ հիվանդությունների, շուրջօրյա տանջանքների հետևանքով առաջացած
շիզոֆրենիայի, խմելու ջրի բացակայության, թերսնման, նկուղների գերխոնավության, թթվածնի
պակասի, սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայության պատճառով: «Սիրիական հեղափոխության
հակերային բանակ» հորջորջված խումբը 2013թ. համացանցի յութուբյան էջ ներբեռնեց մի տեսանյութ,
որտեղ ցուցադրվում են ռազմաօդային հետախուզության արխիվային փաստաթղթերից մի քանիսը,
որտեղ մանրամասնորեն նկարագրված են կառույցի յուրաքանչյուր բաժանմունքի աշխատակցի կամ
գործակալի կենսագրական տվյալներն ու պարտականությունները համակարգում: Այնտեղ նկարագրված
են նաև յուրաքանչյուր աշխատակցին վստահված «առաքելությունը»՝ վկայություն կորզել բանտում
հայտնված քաղաքացուց:
Անվտանգային-հետախուզական այս մարմնին են վստահված հիմնականում
բացահայտման ոչ ենթակա օպերացիաները՝ երկրի ներսում ու սահմանից դուրս: Այս կառույցը
միակն է, որտեղ շարքայինից մինչև բարձրաստիճան սպա՝ անդամակցում է ալավիական համայնքին:
Այս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները համարակալված են ոչ թե եռանիշ, այլ երկնիշ
թվերով: Ամենահայտնի բաժիններն են՝
1.Թիվ 22 բաժին
Վարչական բաժինը կառույցի գլխավոր մարմինն է, որում կենտրոնացված
են համակարգի աշխատակիցների, նրանց հարազատների ու բարեկամների հետ կապի մասին ամբողջական
տեղեկությունները:
2.Թիվ 23 բաժին
Ինֆորմացիայի բաժինն է, որտեղ կենտրոնացվում է՝ տեղական և
միջազգային ավանդական ու ժամանակակից լրատվամիջոցներում, գիտահետազոտական կենտրոնների
հրատարակություններում ու վերլուծություններում՝ կառույցի մասին տեղեկատվությունը:
Ունի հատուկ բաժանմունքներ, որոնք հետևում են երկրում քաղաքական ու կրոնական կազմակերպությունների
ու կուսակցությունների շարժին ու գործունեությանը:
3.Թիվ 24 բաժին
Կոչվում է քննչական, որը համարվում է ամենասարսափելի բաժինը
հետախուզական կառույցների համանման բաժանմունքներում:
4.Թիվ 25 բաժին
Կառույցի ամենակենտրոնական բաժինն է, կոչվում է՝ օդակայանի
բաժին և գործում է Մազզեի ռազմական օդակայանում, պատասխանատու է նախագահական օդակայանի,
հանրապետության նախագահի օդանավի՝ բորտ համար 1-ի անվտանգության ապահովման համար: Կառույցին
է վստահված նաև հետախուզական ինֆորմացիայի համակարգումն ու համապատասխան որոշումների
ընդունումը՝ երկրի ղեկավարի՝ արտասահման այցերի ժամանակ:
5.Թիվ 26 բաժին
Կոչվում է գործողությունների բաժին: Թիվ 25 բաժնի շարունակությունն
է, գրեթե նույն պարտականություններով, սակայն ի տարբերություն նախորդի, հիմնականում
կենտրոնանում է երկրի ղեկավարի ներպետական այցերի օդային անվտանգության ապահովման,
նաև ռազմական ու քաղաքացիական օդակայանների անվտանգության ապահովման վրա: Այս բաժնի
կրտսեր ու միջին սպայական դասի ներկայացուցիչները պարտադիր «գործուղվում են» սիրիական
ավիաընկերությունների արտասահմանյան գրասենյակներ և հաղորդումներ ներկայացնում ինֆորմացիայի
բաժնին:
6.Թիվ 27 բաժին
Կոչվում է հատուկ գործողությունների բաժին: Իրավապաշտպան
կազմակերպությունների տեղեկագրերում ու զեկույցներում քիչ տեղեկություններ կան այս
բաժնի գործառույթների մասին: Միակ շրջանառվող տեղեկությունն այն է, որ բաժինը մեծագույն
ներդրումն է ունեցել սիրիական պատերազմի ընթացքում ցուցարարների նկատմամբ բռնություն
կիրառելու հարցում:
7.Թիվ 28 բաժին
Հատուկ առաջադրանքների ստորաբաժանումն է: Հետախուզական ու
մարտական պատրաստվածության բարձր աստիճան ունեցող արհեստավարժ հատուկ ջոկատայինների
բաժինն է, որը մարդկային ռեսուրսով է ապահովում հատուկ գործողությունների բաժնի նահանգային
ու համապետական մասնաճյուղերին: Միջամտում է՝ ներպետական անհնազանդության շարժումների
կամ վերահսկողությունից դուրս եկած ցույցերի ժամանակ:
Հատկանշական է, որ թեև ռազմաօդային ուժերի հետախուզությունը
օրենսդրորեն գործում է զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ, այդուհանդերձ՝
հետախուզական մարմնի կրտսեր սպան ունի ավելի մեծ քաղաքական ազդեցություն և որոշումների
ընդունման լիազորություն, քան գլխավոր շտաբի բարձրաստիճան սպան: Հաջորդ երկու հետախուզական
օղակները գործում են քաղաքացիական կառույցների՝ «Բաաս» կուսակցության ազգային անվտանգության
բյուրոյի և իրավապահ համակարգի՝ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ:
Ընդհանուր հետախուզություն
Անվտանգային-հետախուզական այս մարմնի կենտրոնակայանը Դամասկոսում
է: Ունի 12 բաժին, նաև երկրի բոլոր՝ 14 նահանգներում գործող համապատասխան մասնաճյուղեր:
Այս կառույցի ենթակայությամբ է գործում նաև Անվտանգային գիտությունների բարձրագույն
ինստիտուտը (հիմնադրվել է 2007թ.), որտեղ մասնագիտական ինտենսիվ դասընթացներ են անցնում
արտերկրում Սիրիայի արաբական հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների
աշխատակիցները և որտեղ դասավանդում է կառույցի պաշտոնաթող, իսկ պաշտպանության և ներքին
գործերի նախարարությունների՝ գործող սպայական կազմը: Կառույցի գործունեությունը համակարգում
է «Բաաս» կուսակցության ազգային անվտանգության բյուրոն, և, ի տարբերություն ռազմական
հետախուզության ու ռազմաօդային ուժերի հետախուզության, այս կառույցի վարչական մարմիններում
պաշտոնավարում են հիմնականում քաղաքացիական անձինք, որոնք էլ իշխանական լիազորությունների
առումով զիջում և ենթարկվում են կառույցի «ռազմական» թևի պաշտոնյաներին, որոնք էլ կազմում
են անվտանգային մարմնի 70 տոկոսը, իսկ մնացած 30-ը՝ բաժանված է երկրի մնացած համայնքների
միջև: Կառույցը ղեկավարում է տնօրենը, որին և որի տեղակալներին անմիջականորեն նշանակում
է հանրապետության նախագահը՝ հրամանագրով: Ինչպես և մնացած գործընկեր անվտանգային կառույցները,
ընդհանուր հետախուզության այս մարմնում բաժինները նույնպես համարակալված են երկնիշ
կամ եռանիշ թվերով: Առանցքային բաժինները հինգն են, որոնց գործունեությունը փոքր-ինչ
տարբերվում է անվտանգային գործընկեր կառույցների համապատասխան կամ համանուն օղակներից:
Այսպես.
1.Թիվ 111 բաժին
Վարչական բաժինն է, որը հանդիսանում է կառույցի գլխավոր գրասենյակը
և գործընկեր կառույցների համապատասխան բաժնի պես հանդիսանում է կառույցի աշխատակիցների
ու գործակալների աշխատանքային գործունեության համակարգող կենտրոնը:
2.Թիվ 251 բաժին
Կոչվում է ներքին բաժին, որի առաքելությունը մայրաքաղաք Դամասկոսում
և արվարձաններում հակատեռորիստական, հիմնականում՝ արմատական իսլամական կազմակերպությունների
դեմ զինյալ գործողություններ ղեկավարելն է, ներքին անվտանգության ապահովումը: Կառույցի
գործառույթները հաճախ նույնականացվում են ռազմական հետախուզության՝ հայտնի Պաղեստինի
բաժնի հետ: Կառույցի ղեկավարությունն ակտիվորեն միջամտում է Դամասկոսում առևտրաարդյունաբերական
պետական ձեռնարկությունների ու արհմիությունների ղեկավար կազմի նշանակմանը, տեղափոխմանը,
հեռացմանը: Ընդունված է եղել այս օղակի ղեկավարությունը վստահել բացառապես ալավիադավան
զինվորականների:
3.Թիվ 255 բաժին
Ինֆորմացիայի բաժնի առաքելությունը նույնն է, ինչ մյուս կառույցների
համապատասխան ստորաբաժանումը՝ հավաքել, մշակել, վերլուծել զանգվածային բոլոր լրատվամիջոցների
տեղեկատվությունն ու ներկայացնել վերադասին;
4.Թիվ 279 բաժին
Կոչվում է արտաքին բաժին: Սա կառույցի կարևորագույն ու առանցքային
բաժիններից է, որն իրականացնում է հետախուզական գործունեություն երկրի սահմաններից
դուրս, հիմնականում խոշորացույցի տակ պահելով արտերկրում սիրիական համայնքներիի ակտիվիստների,
ուսանողների, առևտրականների, պետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների,
նրանց ընտանիքների ու մտերիմների գործունեությունն ու շարժը: Այս կառույցի որոշ ստորաբաժանումներ
հետևում են քաղաքացիների՝ արտերկիր կատարած այցերին, գաղտնալսում նրանց, Սաուդյան Արաբիայի
իսլամական սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա ուխտագնացության մեկնած քաղաքացիների՝ «կասկածելի
գործընկերների» (հիմնականում՝ կրոնական շրջանակների) հետ հանդիպումներին ու պայմանավորվածություններին:
5.Թիվ 300
Կառույցի արտաքին կամ հակահետախուզության կարևորագույն օղակն
է՝ լրտեսության դեմ պայքարի բաժինը: Այս մարմինը հետևում է երկիր ժամանած օտարերկրյա
բոլոր քաղաքացիների շարժին ու հանդիպումներին, վերահսկում պետական, կուսակցական ու
մասնավոր կառույցների (տնտեսական, սոցիալական, քաղաքական) արտաքին գործընկերների հետ
հարաբերությունները, կրթամշակութային միավորումների արտաքին կապերը:
Մնացած կառույցներն ունեն համանուն անվանում՝ քննչական, տեռորիզմի
դեմ պայքարի, տնտեսական, տեխնիկական բաժիններ:
Քաղաքական հետախուզություն
Վարչական առումով ենթարկվում է երկրի ներքին գործերի նախարարությանն
ու ֆինանսավորվում հենց այդ համակարգից, սակայն վերահսկողության է ենթարկում ամբողջ
իրավապահ համակարգի աշխատակիցներին, սպաներին, արտահաստիքային աշխատակիցներին ու ոստիկանությանը,
այսինքն՝ գործնականում գործում է՝ նախագահական պալատի ուղիղ ենթակայության տակ: Սա
անվտանգային-հետախուզական մնացած բոլոր գործընկեր կառույցներից եզակին է, որն ավելի
մեծ ներթափանցում է ապահովում հասարակական բոլոր շերտեր, համարվում է անվտանգային կառույցների՝
քաղաքացիների մասին ունեցած տեղեկատվական ամենամեծ շտեմարանը: Կառույցում, ի տարբերություն
անվտանգային-հետախուզական մյուս մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների բաշխումը՝ բացառությամբ
նախագահի պաշտոնի, չի ենթադրում ընդգծված համայնքային կամ դավանական պատկանելիության
հրամայական: Օպերատիվ առաքելությունից ավելի՝ այս կառույցն ունի հետախուզական-վարչական
առաքելություն, չունի արտաքին հետախուզական գործառույթ, հիմնականում կենտրոնանում է
երկրի ներսում քաղաքական անվտանգության պահպանման հարցերի վրա: Կառույցն ունի նահանգային
13 մասնաճյուղ և բաժիններն ու ստորաբաժանումները համարակալված թվերով չեն:
1.Ոստիկանության անվտանգության բաժին
Իրավապահ համակարգի բոլոր աշխատակիցների կենսագրության ու
գործունեության մասին փաստաթղթերը կենտրոնացված են այս օղակում: Կրտսեր ու բարձրաստիճան
սպայակազմի՝ ներինստիտուցիոնալ փոխատեղումների, աշխատանքի ընդունման ու հեռացման գործերը
քննվում են հենց այս բաժնում:
2.Տեղեկատվական բաժին
Այստեղ են կենտրոնանում կառույցի նահանգային բոլոր մասնաճյուղերից
ամենօրյա ռեժիմով ստացված տեղեկատվությունը, զեկույցները, տեղեկանքները, մամուլի մշտադիտարկման
արդյունքները, ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ երկրի բոլոր շրջաններում
քաղաքացիական ակտիվության, կրթական ու ուսումնական հաստատությունների վիճակի, պետական
ինստիտուտների բյուրոկրատական ապարատի աշխատանքի, քաղաքական կամ կրոնական ենթահողի
վրա ծագած խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությունը:
3.Պարենի և վերահսկողության բաժին
Համակարգում է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների
գործունեությունը, մասնակցում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործողություններին
Դամասկոսում, նաև նահանգային այլ մասնաճյուղերի օպերատիվ գործողություններին՝ անհրաժեշտ
կանչի դեպքում:
4.Արտաքին պարեկային բաժին
Այս բաժնի հիմնական դերակատարումն արտերկրում է: Աշխատակիցների
առաքելությունն է՝ հետևել ու վերահսկել Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների
ու նրանց ընտանիքի անդամների գործունեությունը, կենցաղը, հանդիպումները՝ դեսպանընկալ
պետության պաշտոնյաների հետ, իրականացնել հետախուզական աշխատանք, հետևել արտասահմանում
Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների հակաիշխանական կամ ընդդիմադիր գործունեությանը,
ապահովել Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների անվտանգությունը:
5.Կուսակցությունների և կազմակերպությունների
բաժին
Կառույցի ամենախոշոր ենթաբաժանումներ ու ստորաբաժանումներ
ունեցող գրասենյակն է, որը հետևում է «գործընկեր» կամ «քույր» կուսակցությունների,
ընդդիմադիր խմբավորումների, մամուլի ու հետազոտական-փորձագիտական կենտրոնների, կրոնական
կառույցների՝ մզկիթների ու իսլամական ուսումնարանների, եկեղեցիների թեմերի գործունեությանը:
Հենց այս բաժինն է գործունեության արտոնագիր կամ թույլատրություն տրամադրում մզկիթների
կրոնապետներին, քարոզիչներին, կամ քրիստոնյան համայնքների դեպքում՝ եկեղեցիների հովվապետներին,
կրոնական դպրոցներին, հետևում, արձանագրում ու տեղեկագրեր պատրաստում մայրաքաղաքում
կազմակերպված բոլոր հանրային միջոցառումների, խորհրդաժողովների, բարեգործական կամ այլ
անվան տակ կազմակերպված հանդիպումների ու այդ ընթացքում ելույթ ունեցողների վերաբերյալ:
6.Պետական ինստիտուտների անվտանգության
բաժանմունք
Այս օղակի պատասխանատվությունն է՝ կառավարության ու նախարարությունների,
պետական բոլոր ինստիտուտների աշխատակիցների ու պաշտոնյաների գործունեությանը հետևելը,
նրանց շարժի ու մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրների մասին տեղեկագրեր
կազմելը:
7.Արաբական և արտասահմանյան հարցերի բաժին
Սիրիայում կացության ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ
ունեցող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու հետ ամուսնացած՝ բոլոր օտարերրյա
քաղաքացիների՝ արաբ, թե արտասահմանցի, վերաբերյալ տեղեկությունները համակարգող բաժինն
է: Այստեղ են նաև կենտրոնանում զբոսաշրջային նպատակով երկիր ժամանած օտարերկրացիների
մասին տեղեկությունները, նրանց գործունեությանը հետևելու և վերահսկելու մասին մանրամասն
տեղեկագրերը, այցելուների քաղաքացիության երկրում գործող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության
դիվանագիտական ներկայացուցչության՝ դեսպանության կամ հյուպատոսության զեկույցները/տեղեկագրերը:
Այս բաժնի տրամադրած թույլատրության հիման վրա էլ օտարերկրացին հնարավորություն կունենա
մնալ երկրում, կամ լքել այն:
Կապի բաժին
Պատասխանատու է կառույցի՝ քաղաքային և անլար անխափան հեռախոսակապի
ապահովման, ցանկացած ազդանշանի վերահսկման, վերադասի՝ ներքին գործերի նախարարության
բոլոր ստորաբաժանումների հեռախոսային խոսակցությունների ձայնագրման ու գաղտնալսման
համար:
Կառույցն ունի նաև վարչական, տեխնիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների,
կալանավայրերի, փնտրվողների (պահանջվածների) բաժիններ: Այս կառույցի աշխատակիցները
հիմնականում ոստիկանության ակադեմիաների ու ուսումնարանների շրջանավարտներ են, որոնք
մեծամասամբ չեն սերում ալավիական համայնքից:
Այսպիսով՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ապահովմանը կոչված
մարմինները կարելի է դասել երկու մակարդակում: Առաջինում՝ «կառավարող և զսպող» օղակներն
են՝ ռազմական անվտանգությունն (հետախուզություն) ու ռազմաօդային անվտանգությունը, որոնք
ֆորմալ առումով գործում են զինված ուժերի և բանակի ինստիտուտի ենթակայությամբ, նաև՝
ընդհանուր անվտանգությունն (Ազգային անվտանգության բյուրոյի և իշխող «Բաաս» կուսակցության
համատեղ համակարգմամբ) ու քաղաքական անվտանգությունը, որը գործում է ներքին գործերի
նախարարության կառուցվածքում: Այս մակարդակում գործող կառույցներին է վստահված ներհասարակական
ամբողջ շարժի վերահսկումը, էթնոկրոնական արմատական կամ հակաիշխանական շարժումների,
նաև արտաքին քաղաքական ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերումն ու չեզոքացումը: Երկրորդ
մակարդակում ռազմական-հետախուզական ցանցերն են՝ նախագահական պալատի պահապանների ուժերը,
Վագրի ուժերն ու Չորրորդ դիվիզիոնը, որոնց առաքելությունն է՝ անվտանգային գործունեության
դաշտային լուծումների սահմանումն ու կիրառումը, անվտանգային ճարտարապետության կառուցումը,
իշխանության պաշտպանության ապահովումը: Այս կառույցները հիմնականում ստեղծվեցին Հաֆեզ
Ասադի իշխանության գալուց հետո: Սիրիական պատերազմի ընթացքում կառավարական ուժերը՝
զինված ուժերի կողքին համալրվեցին ռազմական-հետախուզական այլ կառույցներով, որոնք
2011-2020թթ. գործում էին՝ Սիրիայի զինված ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում՝
որպես աջակից ուժեր: Այդ խմբերի ու կազմակերպությունների ղեկավար կազմը, ավանդույթի
ուժով, ալավիական համայնքից էին կամ փոքրամասնություններից, որոնք անվերապահ հավատարմություն
են հայտնել իշխանությանը: Այսպես՝ 100 հազար անդամ ունեցող և «Սիրիայի դիմագրաված տեռորիզմի
դեմ պայքարում իշխանությանն աջակցող»՝ Հայրենական պաշտպանության ուժերը (պաշտոնապես՝
քաղաքացիական նախաձեռնություն էր, որի՝ խաղաղասիրական կոչերի ու կարգախոսների ներքո
կազմակերպած ցույցերը հաճախ վերածվում էին բախումների՝ ընդդիմադիր շրջանակների հետ,
և որոնց մեծ մասը, պատերազմի ընթացքում զբաղվում էր լքված ու ավերված բնակավայրերում
բնակարանների գույքի թալանով ու վաճառքով), պետության կենտրոնական՝ Դեր Զորի և Թադմուրի
նահանգներում գործող՝ «Անապատի արծիվները», Լաթաքիայի նահանգում՝ «Ալ բուսթան» և «Ծովափնյա
վահանի բրիգադը» միլիշիաները, «Ջազիրեի և Եփրատի շրջանի համախմբումը», որոնց կողքին
ստեղծվեցին նաև էթնոկրոնական տարբեր փոքրամասնություններից կազմված խմբեր ու կազմակերպություններ՝
շիաների (իրանական և լիբանանյան կազմակերպությունների աջակցությամբ), քրդերի (պատերազմական
գործողությունների ընթացքում «քրդական գոտում»՝ երկրի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան
շրջաններում, հարաբերական ինքնավարություն ունեցող զինյալ խմբեր, որոնց գործունեությունը
հիմնականում ուներ հակաթուրքական ուղղվածություն), դրուզների, պաղեստինցիների, քրիստոնյաների
մասնակցությամբ: Իշխանությանը սատարող այս բոլոր խմբավորումներին հակազդում էին՝ երկրի
ներսում ձևավորված («Սիրիայի ազատ բանակ») և արտաքին ֆինանսավորմամբ (հիմնականում՝
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Ծոցի սուննիադավան այլ արաբական երկրների
ոչ պետական կառույցների, բարեգործական-մարդասիրական քողի տակ գործող ոչ կառավարական
կազմակերպությունների) տասնյակ ընդդիմադիր, հաճախ տեռորիստական գործելաոճով գործող
խմբավորումներ:
Ֆունկցիոնալ անհստակության, բարդ կառուցվածքի, անվստահության ֆոբիայի, որոշումների ընդունման գլխավոր օղակներում կադրերի հավաքագրման նեղ՝ համայնքային մոդելի, ազդեցության լծակների մեծացման նպատակով՝ միմյանց վերահսկելու և չեզոքացնելու չդադարող մրցակցության, պրոֆեսիոնալ կադրերի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման ու հեռացման լիազորությունները մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում կենտրոնացնելու պատճառով, և հակառակ խնդրով զբաղվող մասնագետների կանխատեսումների ու լավատեսության, այդուհանդերձ՝ քիչ հավանական ենք համարում անվտանգային-հետախուզական համակարգի աստիճանական փլուզման սցենարը, բարեփոխումը, ժողովրդավարացումը, կամ՝ ներպալատական՝ սպիտակ հեղաշրջման հնարավորությունը:
Նյութի աղբյուրը՝ Աբրահամ Գասպարյան- «Մուխաբարաթ.Սիրիայի անվտանգության ալավիական բանաձևը»
Comments
Post a Comment