Skip to main content

Թուրքիան 1993 թվականին

 

1993թ. ապրիլի 20-ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը` նախագահ Տեր-Պետրոսյանին, արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին, ընդունում է վարչապետ Դեմիրելը: Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր, պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը: «Դեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց` սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք` մեր հարևանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգություններ ունեք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք: Քելբաջարը որ գրավեցինք, այդ մարդիկ (թուրքերը) ասացին, չէ’, մեր եղբայրներին ծեծում եք»,- հիշում է Լիպարիտյանը:

Այսպես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան կապեց և առ այսօր կապում է ԼՂ հարցի հետ: Նախքան Քելբաջարը Թուրքիան արդեն իսկ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, սակայն ձեռնպահ էր մնում հայ-թուրքական սահմանը շրջափակելու թշնամական գործողությունից: Հայ դիվանագետները, ովքեր բանակցել են թուրքերի հետ, դժվարանում են պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ կհաստատեր դիվանագիտական հարաբերություններ, եթե հայկական ուժերի ռազմական հաջողությունները սահմանափակվեին Լաչինով: Նրանցից ոմանք հակված են կարծելու, որ թուրքերի համար առաջնայինը Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանների ամրագրումն է, այսինքն` Կարսի 1921թ. պայմանագրի վերահաստատումը, և երկրորդ` հայերի կողմից ցեղասպանության պնդումներից և միջազգայնորեն դրա ճանաչմանը հետամուտ լինելուց հրաժարումը:

Թուրքագետ, ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ավագյանի խոսքերով` Անկարան Ցեղասպանության հարցին մոտենում է հետևյալ կերպ. «Հայերը բարձրացնում են ցեղասպանության ճանաչման հարցը, դրան կհետևի հատուցման պահանջը, ապա կհետևեն տարածքային պահանջները: Թուրքիայի համար ցեղասպանության հարցն ուղղակի նշանակում է վտանգ իր տարածքային ամբողջականությանը: Պատահական չէ, որ 1991 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման հռչակագրում հատուկ հղում է արվում Կարսի պայմանագրին: Սա, ըստ էության, կոչ էր Հայաստանին` ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»:

«Երբ ղարաբաղյան խնդրին մոտենում ենք Թուրքիայի տեսակետից, ապա պիտի նշենք, որ թուրքական քաղաքական որոշ շրջանակներում տիրապետող է այն կարծիքը, թե ԼՂ հարցն անմիջականորեն կապված է Թուրքիայի տարածքային ամբողջականության հետ: Քելբաջարի դեպքերից հետո Թուրքիայի խորհրդարանը հրավիրեց արտակարգ նիստՀայկական ագրեսիան` ընդդեմ Ղարաբաղի և Նախիջևանի» թեմայով: Այն ժամանակ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էջևիթը այսպես ձևակերպեց իրադարձությունը. եթե այսօր հայերը վերցնում են Ղարաբաղը, վաղը կդրվեն Նախիջևանի, ապա` Կարսի, Արդահանի խնդիրները, և որպեսզի նման զարգացումից խուսափենք, անհրաժեշտ է հայերի առաջն առնել առաջին փուլում»,- ասում է Ավագյանը:

1993թ. փետրվարի առաջին օրերին Հարվարդի համալսարանում մի ամերիկահայ նախագահ Օզալին «հարևանների կողմից Հայաստանի պարտադրված շրջափակման» հետ կապված հարց ուղղեց: Թուրքիայի նախագահը ընդգծեց, որ գլխավոր խնդիրը «Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած ընդհարումն է, ոչ թե Թուրքիայի ու Հայաստանի»:«Թուրքիան նույնիսկ նկատի է առնում , որ Հայաստանի հետ լավ հարաբերությունները կնպաստեն, որ սփյուռքի հայերը Թուրքիայի դեմ չաշխատեն, սա է մեր նպատակը: Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները երբեմն դժվարացնում են որոշ հարցերի լուծումը: Ինչո՞ւ: Մենք մոտ 4 միլիոն ադրբեջանցի քաղաքացիներ ունենք մեր երկրում, նրանք մեծ կշիռ ունեն Թուրքիայում: Երկրորդ, հակառակ հայ-ադրբեջանական կնճիռներին, մենք Հայաստանին տվել ենք 50 հազար տոննա ցորեն: Դա ադրբեջանցիների կողմից լավ չընդունվեց, մեզ ասում էին` ինչո՞ւ եք մեր թշնամիներին օգնում: Մենք որոշել ենք, իմ առաջարկով, Հայաստանին էլեկտրաէներգիա տալ, որովհետև նա մեր անմիջական հարևանն է: Նորից Թուրքիայում խլրտումներ եղան, ինչո՞ւ եք այդպիսի բան անում, դա մեզ համար վնասակար է: Սակայն ես վստահ եմ և հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է լուծել, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրն է»,- ասել է Օզալը:

Հայաստան-Թուրքիա արձանագրության նախագծի և Երևան-Անկարա հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև 1993թ. գարուն: Հունվարի 31-ին վարչապետ Դեմիրելը փոխվարչապետ Ինոնյուի և արտգործնախարար Չեթինի ներկայությամբ ընդունեց Լիպարիտյանին ու Շահնազարյանին: Քննարկվում են Թուրքիայից հացահատիկի մատակարարումը շարունակելու, Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր: Հայ ներկայացուցիչների այցը հաջորդել էր Տեր-Պետրոսյանի և Դեմիրելի միջև հեռախոսազրույցին, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը դիմել էր մարդասիրական օգնություն ցույց տալու խնդրանքով:

Հայ բանագնացների հետ հանդիպման ընթացքում Դեմիրելը հավաստիացրեց, որ Թուրքիան կվերսկսի եղանակային պայմանների պատճառով մոտ մեկ ամիս դադարեցված ցորենի մատակարարումը և չնայած Ադրբեջանի բուռն դժգոհությանը, իր երկիրը կթույլատրի 100 հազար տոննա ցորենի փոխադրումը Հայաստան:

«Այս ընթացքում պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում էր, կար իրական վտանգ, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ռազմական առումով, այսինքն` կար վտանգ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զատ, Թուրքիան ռազմական գործողությունների մեջ կներքաշվի»,- ասում է Դավիթ Շահնազարյանը:

Լիպարիտյանի խոսքերով` երկկողմ հարաբերությունների հարցը Թուրքիան կապում էր ԼՂ-ում զինադադարի հետ: Թուրքերի համար կարևոր էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կայուն վիճակում լինեն: Երբ չկա կայունության, ռազմական գործողությունները միշտ կարող են արգելք լինել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: «Վարչապետ Դեմիրելը խնդրեց, որ մեր հարաբերություններն այս ձևով շարունակենք: Եթե ինչ-որ հարց կա, տեղեկացվի առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հաշվի առնելու: Մեր վերջին հանդիպման ընթացքում նշվեց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության տեքստը շատ մոտ է համաձայնեցված լինելուն, շատ քիչ տարբերություն է մնացել: Նրանց կարծիքով, ավելի վատ կլինի, եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ռազմական գործողությունների հետևանքով ստիպված լինեն խզել կապերը: Ասացին, որ եթե զինադադար լինի, հաջորդ օրն իսկ կհաստատեն հարաբերություններ»:

Մարտի 8-ին Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ` մարտի 6-ին, Բաքվում Չեթինը հանդիպել էր նախագահ Էլչիբեյի հետ: Ավելի վաղ` մարտի 1-ին, Մոսկվայում իր թուրք գործընկերոջն ընդունել էր Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը: Չեթինը զրույցի ընթացքում առաջարկել է Բոսնիայի և Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցում Անկարայի և Մոսկվայի միջև համագործակցության ձև գտնել: Կոզիրևը համաձայնություն էր տվել Չեթինի առաջարկին` միասին այցելել Բաքու և Երևան:

Ղարաբաղյան կարգավորման հարցում ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովին զարմացրել էր Կոզիրևի համաձայնությունը՝ Չեթինի հետ միասին այցելել հակամարտության շրջան: Թուրքիան արդեն հասցրել էր ապացուցել, որ չի կարող խաղալ կառուցողական դեր: Այսպես, Չեթինը այցելում է Բաքու՝ նախապատրաստելու իր և Կոզիրևի համատեղ այցը, ապա Մոսկվային, Վաշինգտոնին, Փարիզին ու Լոնդոնին տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահը, ընդհանուր առմամբ ողջունում է ռուս-թուրքական նախաձեռնությունը:

ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերը, սակայն, Չեթինի հետ հեռախոսազրույցում կասկածի տակ է դնում ռուս-թուրքական նախաձեռնության նպատակահարմարությունը: Ամերիկացիները կարևորում էին Մինսկի խմբի գործունեությունը և ձգտում զսպել Ռուսաստանին: Չեթինը իր հերթին ողջունեց ամերիկացիների հնարավոր միացումը ռուս-թուրքական նախաձեռնությանը: Սակայն ո՛չ Կոզիրև-Չեթին համատեղ այցը կայացավ և ո՛չ էլ կրակը դադարեցվեց, քանի որ Թուրքիան նախապայման էր դնում՝ հայերը պետք է հեռանան Շուշիից և Լաչինից:

Տեր-Պետրոսյանը դեմ չէր Անկարայի ներգրավմանը, թեև թուրքերն ակնհայտ ադրբեջանանպաստ կեցվածք էին որդեգրել: Հայաստանի նախագահը ակնկալում էր, որ Անկարային ներգրավելով ավելի դյուրին կլինի մեղմել Թուրքիայի կողմնապաշտությունը: Ադրբեջանը հրաժարվեց «5+1» (Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ներկայացուցիչները և ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահը) ձևաչափից այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերը մտան Քարվաճառ:

Շահնազարյանը պատմում է, որ Քելբաջարի դեպքերով հայ-թուրքական գործընթացը արձանագրության մասով դադարեց: «Այն ժամանակ ստեղծվել էր նաև Մինսկի խմբի ստվերային ձևաչափ՝ «5+1»: Դա աշխատանքային խումբ էր, որը Մինսկի խմբի համար պետք է փաստաթղթեր պատրաստեր: Այդ ձևաչափով տեղի ունեցան մի քանի փուլ բանակցություններ, հիմնականում՝ Ժնևում, առաջինը՝ 1992թ. վերջերին: Ժնևի հնգյակի հերթական հանդիպումը համընկավ Քելբաջարի դեպքերին: Թուրքիան շրջափակեց Հայաստանը: Դժվար է ասել, եթե Քելբաջարը չլիներ, ապա արձանագրությունը կստորագրվե՞ր, թե՞ ոչ: Ակնհայտ էր մեկ բան. Թուրքիան այն ժամանակ իսկապես ցանկություն ուներ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այդ ցանկությունը կար անգամ Լաչինի և Շուշիի դեպքերից հետո»:

Թուրքիան նախապայմանները հասցնում է երեքի

1993թ. մարտի վերջերին հայկական ստորաբաժանումները ռազմական նոր հաջողությունների հասան ճակատի Քարվաճառի հատվածում: Առաջինը և ամենակոշտն արձագանքեց Անկարան: Արդեն ապրիլի 2-ին Թուրքիան դադարեցրեց իր տարածքով արևմտյան տերությունների կողմից Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության առաքումը: Ապրիլի 4-ին Թուրքիան հայտարարեց, որ այսուհետ ստուգելու է բոլոր ինքնաթիռները, որոնք Թուրքիայի տարածքով Հայաստանի համար բեռներ են տեղափոխում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանները հրավիրվեցին Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ այդ երկրներին կոչ արվեց հայկական հարձակումը դադարեցնելու միջոցներ ձեռնարկել:

Ապրիլի 4-ին Թուրքիան կառավարական որոշումով փակեց Հայաստանի հետ սահմանը:Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Հայաստանին՝ պահանջելով «անհապաղ հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից»: Զինվորական հրամանատարությունը հաստատում է, որ թուրքական ինքնաթիռները նախազգուշական չվերթներ են կատարում Հայաստանի սահմանի մոտ: «Ջումհուրիեթը» ապրիլի 5-ի համարում մեջբերում է Օզալի խսքերը. «Պետք է ինչ-որ բան ձեռնարկել Հայաստանի ագրեսիան կասեցնելու համար»: Օզալը, ըստ «Հուրիյեթի», մեղադրում է Ռուսաստանին՝ Հայաստանին աջակցելու մեջ և նշում «Ադրբեջանի վրա հայերի հարձակումը դադարեցնելու համար զենք օգտագործելու անհրաժեշտությունը»:

1993թ. ապրիլի սկզբին խորհրդարանում «Բարօրության» ու ժողովրդավարական կուսակցության խոսնակները և «Մայր հայրենիք» կուսակցության պատգամավոր Քյամրան Ինանը հանդես եկան ռազմական միջամտության պահանջով: Միևնույն ժամանակ պատգամավորների մեծ մասը Թուրքիայի կառավարությանը քննադատեց Ադրբեջանին անհրաժեշտ ռազմական օգնություն չտրամադրելու համար: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Իսթեմինայ Թալայը հայտարարեց, որ եթե Թուրքիան զենք մատակարարեր և անհրաժեշտ օժանդակություն ցույց տար Ադրբեջանի զինված ուժերին, նման արդյունքներ չէին լինի:

«Միասնություն և խաղաղություն» կուսակցության նախագահ Մուհսին Յազըջըօղլուն արտահայտվեց ավելի կտրուկ՝ նշելով, որ «հայերը, զավթելով ադրբեջանական տարածքները, փորձում են վարագույր քաշել Թուրքիայի և թուրքալեզու հանրապետությունների միջև, և որ այս հարձակումների իրական թիրախը Թուրքիան է»: Յազըջըօղլուն հայտարարեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի հետ պաշտպանության մասին պայմանագրերի կնքումը Թուրքիայի համար կենսական անհրաժեշտություն է: Նույն օրերին թուրքական մամուլում քննարկումներ սկսվեցին Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտության հարցով: Այսպես. «Հուրիյեթ» օրաթերթում լույս տեսավ «Երրորդ բանակը նախապատրաստվում է» հոդվածը, որում ասված էր, թե «հայ-ադրբեջանական պատերազմի ընդլայնման հնարավորությունը Թուրքիային ստիպեց մարտական պատրաստության վիճակի բերել երրորդ բանակի զորամիավորումները: Ինչպես հայտնում են զինվորական աղբյուրները, Սարիղամիշում, Աշքալեում, Կարսում, Դողուբայազետում, Արդահանում և Դումլուում գտնվող սահմանապահ զորքերը համալրվել են, և թուրքական ռազմական օդանավերը մշտական հերթապահ թռիչքներ են կատարում»: Հոդվածի վերջում ասված էր, որ «տարածաշրջանում տեղակայված զորամիավորումները պատրաստ են 24 ժամվա ընթացքում կատարելու ռազմական առաջադրանքները»:

Ղրղզստանում այցով գտնվող նախագահ Օզալը սպառնալիքներով լի հռետորական հայտարարություն արեց. «Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնենք, և մեր ռումբերից երեքն ընկնի Հայաստանի տարածք: Ի՞նչ կլինի, եթե Նախիջևան 1-2 զորամիավորում մտցնենք: Նախիջևանի հետ կապված ենք պայմանագրով: Ի՞նչ կլինի, ո՞վ մեզ ինչ կասի, ո՞վ պիտի գա միջամտի: Ո՞վ կարողացավ միջամտել Բոսնիայի դեպքերին: Համաշխարհային քաղաքականության մեջ առանց ռիսկի դիմելու ոչնչի չենք հասնի»:

Օզալը, հիշեցնելով 1915-ը, հոխորտաց. «Հայերը ոչինչ չեն սովորում պատմությունից: Անատոլիայում ևս նրանք նման փորձ կատարեցին, բայց անհավատալի ապտակ ստացան: Մինչև այսօր նրանք ցավը չեն մոռացել: Եթե նրանք դա փորձեն նաև Ադրբեջանում՝ հենվելով այս կամ այն պետության օգնության վրա, նրանց պատասխան է սպասվում»: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ «Այլևս ղարաբաղյան խնդիր չկա, կան Հայաստանի նկրտումները Մեծ Հայաստանի վերաբերյալ: Ինձ մի հարցրեք, թե արդյոք մենք կներխուժենք Հայաստան, թե ոչ: Թուրքիան իր քայլերը պետք է լավ հաշվարկի»:

1993թ. ապրիլի 7-ին ԱԳՆ հրավիրվեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները, որոնց նախազգուշացրեցին Թուրքիայի հնարավոր միջամտության մասին: Թուրքիան հիշեցրեց, որ «Կիպրոսում հարձակումները նույնպես անարձագանք մնացին, և կատարվեց միջամտություն»:

1993թ. ապրիլի 8-ին «Միլիյեթ»-ում լույս տեսավ «Դեմիրելը վախենում է Կարմիր բանակից» վերլուծականը, որում նշված էր. «Թուրքիայում կան ուժեր, որոնք պահանջում են անցնել սահմանը: Դեմիրելը պատասխանում է. «Գնալը հեշտ է, բայց այնտեղ ո՞ւմ եմ հանդիպելու՝ ամերիկացիների՞ն: Այնտեղ իմ դեմ դուրս կգա Ռուսաստանը՝ Կարմիր բանակը»:

Վարչապետ Դեմիրելը հայտարարեց, որ Թուրքիան «երբեք չի համաձայնի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի գրավմանը» և մտադիր է իրական քայլեր ձեռնարկել «ագրեսիան սանձելու համար»: Նա սակայն բացառեց Թուրքիայի ռազմական միջամտությունը: Այդ օրերին Դեմիրելը և գլխավոր շտաբի պետ Գյուրեշը ընդունեցին Ադրբեջանի վարչապետ Փանահ Հուսեյնովին: Բաքուն Թուրքիայից խնդրեց ռազմական և քաղաքական օգնություն:

«Հուրիյեթը» գրեց, որ Թուրքիան զենքի ու զինամթերքի առաջին քանակությունն է ուղարկել Ադրբեջանին: Փոխվարչապետ Էրդալ Ինոնյուն ասել է, որ «օգնությունն Ադրբեջանին կարող է լինել ամեն ձևի, և մենք պարտավոր ենք օգնել ու երբեք մենակ չենք թողնի Ադրբեջանին»: Զենքի մատակարարումը զուգադիպել է Թուրքիայի գլխավոր սպակայույտի ներկայացուցչի Բաքու այցին:

1993թ. ապրիլին հանկարծակի մահից ընդամենը երկու շաբաթ առաջ Օզալը այցելություն էր սկսել նախկին խորհրդային թուրքալեզու հանրապետություններ: Տաշքենդում նա դատապարտեց «հայերի ագրեսիան»՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն վաղուց է դուրս եկել այդ տարածքի շրջանակներից և «Ադրբեջանի դեմ Հայաստանի անսքող ագրեսիայի բնույթ ստացել»: Միջինասիական երկրներ շրջագայության ավարտին Օզալը ժամանեց Ադրբեջան: Ապրիլի 14-ին Բաքվից նա սպառնաց, որ Հայաստանը պետք է կամավոր զորքերը դուրս բերի Քելբաջարից, հակառակ դեպքում՝ նրանք «այնտեղից դուրս կբերվեն»: Օզալը հայտարարեց, թե «հայերը դասեր չեն քաղել Անատոլիայում տեղի ունեցածից»: Ադրբեջանի խորհրդարանի ելույթում Օզալն ասաց, որ Թուրքիան մտահոգված է Հայաստանի ագրեսիայով և երբեք չի համաձայնվի Ադրբեջանը մասնատելու փորձերի հետ և որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա՝ «անվերջ պատերազմներն ու օտար պետության տարածքի որևէ մասը պոկելու փորձերը Հայաստանին խաղաղություն չեն բերի»: «Այդ երկրի ղեկավարները պետք է հիշեն, որ Թուրքիայի համբերությունն անվերջ չէ»:

Ապրիլի 14-ին Էլչիբեյի հետ համատեղ ասուլիսում Օզալը Հայաստանի քաղաքականությունը բնութագրեց «ահաբեկչական, զավթողամոլ»: «Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, չնայած ռազմական միջամտությունն արտակարգ միջոցառում է, ինչը կարող է հանգեցնել շրջանում գլոբալ դիմակայության: Սակայն ծայրահեղ դեպքում մենք կդիմենք այդ քայլին»,- ասել է Օզալը: Անկարայի օդանավակայանում Օզալը հայտարարեց, որ Թուրքիան նյութական ու բարոյական աջակցություն ցույց կտա Բաքվին, բայց չի կարող կռվել Ադրբեջանի կողմից:

1993թ. ապրիլին՝ Քելբաջարի դեպքերից հետո, Թուրքիայում դարձյալ բարձրացավ հակահայկական քարոզչության ալիք, և որոշ բանակային ու կառավարող շրջաններ քննարկում էին ռազմական միջամտության հնարավորության հարցը՝ հիմք ընդունելով 1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով «սահմանների անփոփոխության հարցում երաշխավոր հանդես գալու իրավունքը»: «1993թ. ապրիլին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալբերտ Չեռնիշևը կտրականապես ժխտեց այդ պայմանագրերում երաշխավորի գոյությունը. այդ պայմանագրերով որոշվել են նախկին ԽՍՀՄ երեք կովկասյան հանրապետությունների ու Թուրքիայի սահմանները: Խոսք չկա մեր երաշխավոր լինելու մասին: Այստեղ խոսքը մեր միջև գծված սահմանների մասին է»:

Ռուսաստանը զգայուն էր ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի հնարավոր միջամտության հարցում: Հատկապես ռուս զինվորականները Թուրքիային հասկացնում էին, ընդ որում՝ բավական ոչ դիվանագիտական լեզվով, հեռու մնալ ղարաբաղյան պատերազմին ռազմական միջամտությունից: Վարչապետ Դեմիրելը Թուրքիայի հասարակական կարծիքը մեղմելու նպատակով հայտարարում էր, որ Անկարայի միջամտությունը միայն կբերի նրան, որ ամբողջ աշխարհը կկանգնի Հայաստանի թիկունքին: Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը մայիսի 10-14-ը այցելեց Թուրքիա, քննարկման հիմնական թեմաներից էր ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարը Գյուրեշին հավաստիացրեց, որ ռուսական զորքերը չեն մասնակցում հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Քաղաքագետ Արմեն Այվազյանի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի դեմ անսքող թշնամական քաղաքականություն էր վարում, ունենալով պարզ ու հստակ մի նպատակ՝ Հայաստանի ոչնչացումը: Հայաստանի անկախությունից հետո Թուրքիան զորքով չի հարձակվել Հայաստանի վրա, բայց այդ մի քայլից նրան հետ էին պահում բոլորովին այլ պատճառներ՝ «սեփական խնդիրների առկայությունը, այդ թվում՝ քրդական ապստամբությունը, Հայաստանի անկախ պետություն լինելը և բանակ ունենալը, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, ռուսական զորքի ներկայությունը, ԵՄ մտնելու ցանկությունը, հայկական սփյուռքի առկայությունը: Սակայն սա չի նշանակում, թե թուրքական վտանգը մեկընդմիշտ վերացել է»:

1918-1921թթ. հետո Անկարայի և Բաքվի ռազմավարական առաջնահերթ նպատակները կովկասյան տարածաշրջանում գրեթե չեն փոխվել: Այվազյանի խոսքերով՝ «Նրանց շահերը դարձյալ պահանջում են իրենց միջև ընկած «հայկական սեպի» վերացում: Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին կասեցնել Հայաստանի՝ կենսունակ անկախ պետություն դառնալու հնարավորությունները: Այդ խնդիրը լուծելու համար, ինչպես և 1918-1921թթ., նախ անհրաժեշտ էր գրավել Սյունիքը և անմիջական ցամաքային կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև»:

Այվազյանի կարծիքով՝ 1991 թվականից ի վեր Թուրքիան ղեկավար դեր է ստանձնել Հայաստանի և հայության դեմ վարվող քաղաքականության մշակման ու գործարկման հարցերում: «Մեզ մոտ սա չի ընկալվում, և այդ սխալը բազմիցս կրկնվում է թե, իբր, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կախյալ, նույնիսկ պատանդի կարգավիճակում է Ադրբեջանի շահերի ձեռքին»: Հայաստանի որևէ իշխանություն Թուրքիայի հետ հարաբերություններում,ի տարբերություն Անկարայի, նախապայմաններ չի առաջադրել: Այվազյանը, սակայն, կարծում է, որ Երևանը պետք է առաջադրի նախապայմաններ. թշնամական քաղաքականության մերժում, այդ թվում՝ ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների հաղթահարման մասին բանակցությունների սկիզբ, արցախյան հակամարտությունում առնվազն չեզոք դիրքորոշման որդեգրում, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դադարեցում և շրջափակման վերացում:

Հայաստանի նախկին վարչապետներից Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններին պետք էր ավելի խնամքով վերաբերվել. «Պետք էր այնպես անել, որ թուրքերը դուռը չփակեին: Ես չեմ ասում, որ ամեն ինչ կարող էր հաջողել: Կարելի էր ջանք գործադրել և նույնիսկ Շուշիի, Լաչինի, Քելբաջարի պարագայում պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետև միջազգային հանրությունը տոն էր տալիս դրանց պահպանմանը: Մենք չպիտի թույլ տայինք, որ թուրքերը հեշտ որոշում կայացնեն: Նրանք շատ պիտի չարչարվեին սահմանը փակելու որոշելու կայացնելու հարցում»:

Վահան Փափազյանը նոր էր նշանակվել արտգործնախարար, երբ Հայաստան-Թուրքիա բանակցությունները արձանագրության շուրջ ընդհատվեցին: Բանակցություններում թուրքական կողմը նշում էր, որ քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, դա հնարավորություն չի տալիս Թուրքիային քայլ անելու: «Եթե չլիներ Քելբաջարը, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեին: Կարծում եմ՝ մոտ էինք: Բայց ինչո՞ւ պիտի Քելբաջարը չլիներ»,- հռետորական հարց է տալիս Փափազյանը և շարունակում. «Մաքսիմալ քայլերը, որ կարելի էր անել, մենք արել էինք: Թուրքական կողմը ձգձգում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը: Դա իրենց գործն էր, մենք պիտի անեինք այն, ինչ անում էինք: Մենք բավական ճկուն էինք, նրբազգաց և ակնկալել ենք համապատասխան վերաբերմունք: Չէի ասի, որ արտգործնախարարների մակարդակով այդ ընկալումը չկար: Այդ տարիներին Թուրքիայում հարցերը որոշում էր ոչ թե արտգործնախարարությունը կամ նախագահական պալատը, այլ գլխավոր շտաբը: Չեմ կարող ասել, թե գլխավոր շտաբում ինչ մոտեցումներ կային, որևէ շփում չեմ ունեցել: Դիվանագիտական մակարդակով իրար ընկալել, իրար հասկանալ, փոխադարձ զիջումների գնալու պատրաստակամություն ես տեսել եմ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիայի արտգործնախարարությունը կարող էր իր մոտեցումները պարտադրել գլխավոր շտաբին: Վստահ չեմ, որ Օզալը, Դեմիրելը կամ արտգործնախարարները մի բան էին ասում, դա անպայման վերջնական դիրքորոշում էր: Հայաստանի դեպքում հստակ էր՝ այն ինչ ասում էի ես որպես արտգործնախարար, նախագահ Տեր-Պետրոսյանը, դա էր դիրքորոշումը: Հայաստանը խաղ չէր խաղում»:

Թուրքիայում, հատկապես ազգայնական շրջանակների հակահայ տրամադրությունները մեղմելու և հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով, ինչպես բացատրում է Փափազյանը, Հայաստանի ղեկավարությունը հանդիպել է անգամ Թյուրքեշի հետ: 1993թ. Ֆրանսիայում բնակվող պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատի առաջարկով Փարիզի «Կրիյոն» հյուրանոցում, որտեղ իջևանել էր Ֆրանսիայում այցով գտնվող Հայաստանի նախագահի պատվիրակությունը, տեղի է ունենում Թյուրքեշի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ: Նախագահից բացի, հանդիպմանը ներկա էին Փափազյանն ու Լիպարիտյանը: Օզարարատը հայկական պատվիրակությանը ասել էր, որ Թյուրքեշը շատ մեծ ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, և եթե հնարավոր լինի նրա դիրքորոշումները մեղմել, դրական կլինի:

Պատմում է Փափազյանը. «Թյուրքեշն էր, նրա որդին ու էլի մեկը: Թյուրքեշի ասածի մեջ բովանդակային բան չկար, նա անընդհատ ասում էր, թե շատ հայ ընկերներ է ունեցել, որ թուրքերն ու հայերը պիտի եղբայրներ լինեն, որ մեր վատ հարաբերությունների պատճառը ռուսներն ու եվրոպացիներն են և նման դատարկ խոսակցությունները: Այդ հանդիպման մեջ անիմաստ է փնտրել որևէ լուրջ բան: Մենք Թյուրքեշի հետ համաձայնվել էինք հանդիպել այն հաշվարկով, որ Թուրքիա վերադարձից հետո հրապարակային հայտարարություններ կանի, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պետք է մեղմել, Հայաստանի հետ պետք է հարաբերությունները կարգավորել»:

Թուրքիան սպասում է Հայաստան ներխուժելու հարմար պահի

Օզալի մահից հետո Թուրքիայում նախագահի պաշտոնը զբաղեցրեց Դեմիրելը: 1993թ. մայիսի 16-ին, խորհրդարանում ընտրությունների երրորդ փուլում իններորդ նախագահ ընտրվեց Թուրքիայի ամենաերկարակյաց քաղաքական-պետական գործիչը` Դեմիրելը: Հունիսի կեսերին «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերին նա հանձնարարեց կազմել երկրի նոր կառավարություն: Իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան ունեցավ կին վարչապետ:

Հայ-թուրքական երկկողմ շփումները, հիմնականում` միջազգային համաժողովների շրջանակներում, շարունակվեցին:  Պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր ծավալներ էր ընդունում: Հունիսի կեսերին Ադրբեջանում նախագահ Էլչիբեյը հեռացվեց իշխանությունից: Նրա տեղը զբաղեցրեց Ալիևը:

1993թ. ամռանը, երբ արցախյան ուժերը մտան Աղդամ, նախագահ Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Չեթինն ասաց, որ հայերը` օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում: Հայերը չեն կարող այդ տարածքները պահել և դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու, հայտարարեց նա:

1993 թ. հուլիսի 20-ին Բաքու ժամանեց թուրք կամավորների մի մեծ խումբ, որի մի մասն իսկույն ուղարկվեց Աղդամի ռազմաճակատ: Կամավորական խմբի ղեկավարներից մեկը` ԱՇԿ-ի անդամ Քեմալ Չաքըրը, «Հյուրիյեթ»-ին ասել. «Մենք չկարողացանք համակերպվել այն մտքի հետ, որ մեր պապենական հողերը անցնում են հայերի ձեռքը: Մենք չէինք կարող տանը նստել, երբ մեր ազերի եղբայրները զոհվում են ռազմաճակատում»:

Նախկին վարչապետ Էջևիթը պահանջում էր, որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով: Էջևիթը ասել է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել առանց զոհերի` օդային գործողությունների միջոցով: Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում: Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»:

Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում էր. «Թուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին: Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա: Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին»:

1993թ. օգոստոսին «Մայր հայրենիք» կուսակցության պատգամավորները կառավարությունից պահանջեցին ռազմական միջամտություն: «Հուրիյեթը» գրեց, որ հայկական սահմանի մոտ տեղակայվել են 50 հազար թուրքական զորքեր: «Ռոյթերը» և «Սինհուան» հաղորդեցին, որ թուրքական զինված ուժերը զգաստ դրության մեջ են և պատրաստ են նետվել մարտի, իսկ թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում:

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ գեներալ մայոր Ալեքսանդր Բաբենկոն հայտարարում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը: Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ ձեռնարկում թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի:

Վարչապետ Չիլլերը սպառնացել է, որ այն դեպքում, երբ հայերը կպչեն Նախիջևանին, ինքը կդիմի խորհրդարանին` պատերազմի թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Հրավիրվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ: Սեպտեմբերի 6-ին Տեր-Պետրոսյան-Դեմիրել հեռախոսազրույցում քննարկվում է հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական զորքերի կուտակումների խնդիրը:

Սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ կատարեց հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում: Հրազենից երկու անգամ կրակ բացվեց ՀՀ-ի ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անձեռնամխելությունն ու անվտանգությունը: Սեպտեմբերի 15-ին կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Տեր-Պետրոսյանը հանդիպեց Ելցինի հետ: Նույն օրը Հայաստանի նախագահը և պետնախարար Վազգեն Սարգսյանը հանդիպեցին Գրաչովի հետ:

Փափազյանը դժվարանում է ասել Թուրքիայի` Հայաստանի հանդեպ ձեռնարկելիք ծրագրերի ու նրանց նպատակների մասին: «Մեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին: Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի:  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին: Ես չգիտեմ, եթե չլիներ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին: Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում»:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններ է մեկնում Երևանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դԱրթինգը, որին առավելապես հետաքրքրում էր հայ-թուրքական սահմանը` ինչպես Հայաստանը Թուրքիային միացնող հաղորդակցության ուղիները, այնպես էլ Հայաստանի սահմանների ուղղությամբ թուրքական բանակի զորաշարժը:

Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում գրում է, որ 1993թ. Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան: 1993թ. սեպտեմբերին նախագահ Ելցինը լուծարեց Ռուսաստանի խորհրդարանը: Ի պատասխան` վերջինս պաշտոնազրկեց նախագահին: Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման: Խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել վարչապետ Չիլլերի հետ: Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասից և Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում` պատրվակելով քրդական հարցը:

Պաշտոնական Անկարան Երևանի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով շրջանառության մեջ էր դրել, թե իբր Հայաստանը համագործակցում է Քուրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ: Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրել էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն ՔԲԿ-ի հետ և Երևանում այդ կազմակերպության գրասենյակ գոյություն չունի: Թուրքական լրատվամիջոցները, կառավարության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` ներքգործնախարար Մեհմեթ Գազիօղլուն պարբերաբար անդրադարձել են Հայաստանի իշխանությունների և ՔԲԿ-ի միջև իբր գոյություն ունեցող կապերին: Նման հերյուրանքների միջոցով, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը, Թուրքիայի իշխանական որոշ շրջանակներ փորձում են հակահայ տրամադրություններ սերմանել թուրքական հասարակական կարծիքի մեջ, վարկաբեկել Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Խրիզանթոպուլոսը վկայակոչել է թուրքական բանակի տեղաշարժերը սահմանային գծում և Իրաքի վրա հարձակումը 1993թ. հոկտեմբերին: Հայաստանի վրա Թուրքիայի հավանական հարձակման գաղտնի տեղեկությունը նա ստացել էր Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանս դԱրտինգից ու Հարրի Գիլմորից: Զարմանալի է, որ թուրքական վտանգի մասին իր հուշերում չի հիշատակել Երևանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, ով մանրամասնորեն է ներկայացնում 1992-1994 թթ. Հայաստանը:

Խրիզանթոպուլոսը գրում է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են թուրքական սպառնալիքի մասին, և երկրի Անվտանգության խորհուրդը զորքերը բարձր մարտական պատրաստության է փոխադրել: Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-1994թթ.), գեներալ մայոր Էդուարդ Սիմոնյանցը հաստատել է Խրիզանթոպուլոսի պնդումները: «Տարբեր ուղղություններով Հայաստանի տարածք թուրքական զորքերի ներխուժման իրական սպառնալիք եղել է մի քանի անգամ, այդ թվում և այն դրվագում, որի մասին խոսում է Հունաստանի նախկին դեսպանը: Թուրքական զորքերի Հայաստան ներխուժման հնարավորության տեղեկատվությունը մեզ մոտ ստացվում էր ոչ միայն դիվանագիտական աղբյուրներից: Անվտանգության խորհրդի որոշմամբ ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ: Բուն ներխուժումն այդպես էլ տեղի չունեցավ: Տեղ գտան իրական սպառնալիքներ, ընդհուպ թուրքական բանակը վերատեղաբաշխվեց Հայաստանի հետ սահմանում, հիմնվեցին դաշտային շտաբներ, զորքերը համալրվեցին ևանձնակազմով, ևտեխնիկայով, ևսպառազինություններով»:

Մինչ թուրքական կողմը 1993թ. երկրորդ կեսին հարմար առիթի էր սպասում` ներխուժումներ կատարելու Հայաստան, ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերը, դուրս գալով նախկին ԼՂԻՄ սահմաններից, առաջ էին շարժվում արևելյան, հարավային և հյուսիսային ուղղություններով:

Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց. «Ադրբեջանի ղեկավարությունը մերժեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները: Այս ամենը, ի թիվս աֆղանցի մոջահեդների և թուրք զինվորականների` մարտական գործողություններում ադրբեջանական բանակի կազմում մասնակցության փաստերի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դնում է միայն ռազմական լուծման վրա, և նրա ղեկավարության քաղաքականությունն ուղղված է առճակատումը ընդարձակելուն և նրանում այլ պետությունների ներքաշելուն»:

Նյութի աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան-  «Հայացք Արարատից հայերը և թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն»

Comments

  1. Woori Casino No Deposit Bonus 2021 | Free Play in Demo
    Woori Casino offers a variety of free spins and no งานออนไลน์ deposit bonuses, as https://octcasino.com/ well as regular promotions. worrione As you https://deccasino.com/review/merit-casino/ can't claim this offer without 1등 사이트 being registered

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...