Skip to main content

Հայ-թուրքական պաշտոնական առաջին շփումները

 

Խորհրդային Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Եղիազարյանը 1990թ. դեկտեմբերի կեսերին Անկարայում էր: Սա դեպի անկախություն ձգտող պետության բարձրաստիճան առաջին դիվանագետի այցն էր հարևան երկիր: Դեռ Խորհրդային Միության մաս համարվող մի քանի հանրապետությունների արտգործնախարարների և ԽՍՀՄ փոխարտգործնախարարի հետ Եղիազարյանը մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Անկարայի առաջին հիմնադիր խորհրդաժողովին:

Եղիազարյանը հիշում է. «Վերջին օրը, պաշտոնական ճաշից առաջ, դուրս եկա փողոց: Զգացումը, որ մտնում ես թշնամու երկիր, ցնցող բան է: Թուրքիան մեզ համար մութ էր, առեղծվածային: Մտածում էի, որ եկել եմ իմ ազգի դահիճների երկիր, նրանց մայրաքաղաք: Հետաքրքիր էր առաջին տպավորությունը, երբ քայլում էի փողոցում. ժողովուրդը մաքուր, բարեկեցիկ հագնված էր, ինչպես մեր մոտ 50-60-ականներին, կանանց մի մասը՝ գլխաշորերով: Ավտոբուսի կանգառում տեսա, որ մարգարտաշար մի 50 մարդ կանգնած է: Ավտոբուսը եկավ, դիմացի դռնից մարդիկ իջան, հետևից բարձրացան: Ապշեցի, սա Թուրքիա՞ն է: Հանկարծ խելահեղ մի ճայթյուն լսվեց՝ մոլլայի կանչը: Ես մինչև այդ մուսուլմանական երկրում չէի եղել և ուղղակի ցնցվեցի: Քարացա, կանգնեցի, թվում էր, թե ժողովուրդը հիմա կչոքի, կսկսի աղոթել, բայց ոչ մեկը ուշադրություն չդարձրեց: Միայն խանութի անկյունում գեղջկական տեսքով մեկին տեսա, ով փոքրիկ խալին գցած, աղոթում էր: Այսպիսին էր առաջին հանդիպումը մի երկրի հետ, որը մեզ համար շատ ծանր ու տխուր հիշողություններ է արթնացնում»:

Թուրքիա մեկնելուց առաջ Եղիազարյանը հանդիպել էր Հայաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ: Մոսկվայում՝ Անկարայի ճանապարհին, Եղիազարյանը զրուցեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի հետ. «Խոսեցինք Կովկասում, Արևելքում ընդհանուր իրավիճակի, Թուրքիա-Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին: Վուրալն ասաց, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե Երևանը սփյուռքին թելադրի հրաժարվել ցեղասպանության ճանաչումը հետապնդելուց, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչի: Վուրալն ասաց, որ կարող է հանդիպումները կազմակերպել Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի, Մեջլիսի ղեկավարի հետ: Ասացի, որ դա մեր այցի խնդիրների մեջ չի մտնում: Վերջում նրան նվիրեցի ալբոմ, որի մեջ կար Ծիծեռնակաբերդի հսկայական գունավոր նկարը, երբ հախուռն բազմությունը գնում է դեպի ցեղասպանության հուշարձան»:

Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց Եղիազարյանը զանգահարում է Վուրալին և նրան հրավիրում Հայաստան՝ տեղում քննարկելու սահմանային առևտրի և այլ խնդիրներ: 1991թ. ապրիլին Վուրալը այցելեց Հայաստան: Բայց դա Վուրալի առաջին այցը և շփումները չէր Հայաստանի ու հայերի հետ:

1990թ. մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վախճանվել էր Պոլսի հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը: Նրա մարմինը Ստամբուլ տեղափոխելու նպատակով Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի միջնորդությամբ Սուրբ Էջմիածինը հրավեր էր ուղարկել Վուրալին, և թուրք դեսպանը խոստացել էր ընթացք տալ:

Տարիներ անց Վուրալը «Թարաֆ» թերթի հետ զրույցում ասել է. «Այն ժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ չկային, Հայաստանը Խորհրդային Միության հանրապետություններից էր: Որպես Մոսկվայում Թուրքիայի դեսպան, այն իմ իրավասությունների շրջանակում էր, ինչպես մյուս հանրապետությունները: Պատրիարքի հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի հայկական եկեղեցում: Ես մասնակցեցի արարողությանը՝ ի զարմանս այնտեղ ներկա հայերի: Դա իմ առաջին շփումն էր հայերի հետ որպես դեսպան»:

Մոտ մեկ տարի անց Վուրալը կրկին Հայաստանում էր: 1991թ. ապրիլին 5 թուրք պաշտոնյաների ու մամուլի ներկայացուցիչների հետ նա այցելեց Մայր Աթոռ, զրույց ունեցավ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի հետ: Հյուրերը շրջել էին Վեհարանում, տեսել գանձարանը: Վեհափառը Վուրալին նվիրել էր հայ եկեղեցու մասին ալբոմ, իսկ դեսպանը Սուրբ Էջմիածնի հուշամատյանի մեջ ստորագրել բարեկամական ջերմ տողեր:

Հայաստան երկրորդ այցի ընթացքում դեսպան Վուրալին ընդունեց Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վուրալը նաև այցելեց Հայաստան-Թուրքիա սահման:

Եղիազարյանը հիշում է. «Դեսպան Վուրալի հետ գնացինք Մարգարա: Նեղլիկ կամուրջ է, 6-7 մետր լայնությամբ: Թուրքերի կողմից կամուրջից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տաղավարն է, ժամապահը զգաստ կանգնած էր՝ սպիտակ սաղավարտով, մուգ կապույտ շորերով, սպիտակ գոտիով: Մեր կողմից՝ կամրջին մոտ, կիսավարտ մեծ շինություն կա: Ասացինք, որ սա արագ կերպով ավարտին կհասցվի, այստեղ մեր անցակետը կլինի: Վերադարձանք Երևան, Վուրալը տպավորված մեկնեց»:

Վուրալն այսպես մեկնաբանեց իր այցը. «Հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ հույժ կարևոր նշանակություն ունեն և իրականացվել են ճիշտ ժամանակին: Մենք չենք կարող չնկատել այն ձեռքը, որ հակառակ մեր գրաված տատանողական դիրքին, հաշտությամբ մեզ էին մեկնել»:

Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում Վուրալը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աշխուժացնել կապերը Հայաստանի հետ տնտեսության, կոմունիկացիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում, մասնավորապես Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների պահպանության հարցում: Տեր-Պետրոսյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանակից բոլոր պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի հետ առևտրի, տնտեսության, զբոսաշրջության բնագավառներում փոխադարձ կապերն աշխուժացնելու ուղղությամբ:

Վուրալը այցից տարիներ անց ասել է. «Ես Տեր-Պետրոսյանի հետ ունեցա երկար ու օգտակար զրույց թուրք-հայկական հարաբերությունների զարգացման ուղիների և մեր երկու ժողովուրդների միջև թշնամության ցրելու շուրջ: Նա ասաց. «Ես չեմ կարող մոռանալ անցյալի տառապանքները, բայց ես չեմ ուզում մնալ անցյալում: Որպես պատասխանատու պետական անձ, պետք է մտածեմ իմ թոռների ապագայի մասին: Ես անկեղծորեն ցանկություն ունեմ զարգացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ»: Այդ ժամանակ Թուրքիան անհանգստացած էր Հայաստանի անկախության հռչակագրից»:

Թուրք դեսպանի Հայաստան այցին դաշնակցության արձագանքը, հատկապես կուսակցական մի քանի թերթերի, կոշտ էր: «Հայրենիք»-ի ապրիլի 13-ի համարում ասվում էր. «ՀՀՇ իշխանությունը խաչ է քաշում Թուրքիայից մեր ունեցած պահանջների վրա: Նման անպատասխանատու քայլով Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն անբուժելի վնաս են հասցնում Հայաստանի և հայ ժողովրդի գերագույն շահերին, իշխանությանը տիրացած լինելու գինովության մեջ փորձում են խորտակել Միացյալ, Ազատ ու Անկախ Հայաստանի տեսլականը»:

1991թ. ապրիլի 24-ին «Ջումհուրիյեթ» թերթում տպագրվեց հարցազրույց Տեր-Պետրոսյանի հետ: «Շատ դժվար է ասել, թե առաջիկայում ինչ ընթացք կստանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնց զարգացումը բացառապես կախում ունի կառավարությունների փոխադարձ վերաբերմունից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Թուրքիայից տարածքային պահանջատիրության հարցին ի պատասխան՝ գերագույն խորհրդի նախագահն ասել էր. «Հողային խնդիրը շատ զգայուն է: Հայաստանի խորհրդարանի կողմից 1915թ. իրադարձությունը իբրև ցեղասպանություն բնորոշելով հողային պահանջի հատուկ որևէ տրամադրություն գոյություն չունի: Այս պահին քաղաքական հարցերը օրակարգ բերելու պահանջ չունենք»:

Ապրիլի կեսերին Ստամբուլ մեկնեցին հայ գործարարներ՝ ներկայացնելու Հայաստանի արտադրանքը: Նրանց թվում էր Հայաստանի գերագույն խորհրդի նախագահի եղբայր Թելման Տեր-Պետրոսյան:

ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի հրապարակային առաջին լուրջ վեճը

1991թ. մարտի կեսերին Մոսկվա այցելեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Նրա հնգօրյա այցը ներառեց նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղազախստանը: Մարտի 11-ին և 12-ին Օզալը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Բորիս Ելցինի հետ: Թուրքիան և Ռուսաստանը կնքեցին բարեկամության և փոխադարձ համագործակցության պայմանագիր:

Հենց այդ օրերին Երևանում ՀՅԴ-ն պահանջում էր հրավիրել նստաշրջան և ապօրինի ճանաչել 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող կետերը: Դաշնակցականները նստացույց կազմակերպեցին գերագույն խորհրդի շենքի առաջ: Հայաստանի խորհրդարանի 112 պատգամավորներ դիմել էին գերագույն խորհրդի նախագահությանը՝ արտահերթ նստաշրջանում քննարկելու և չեղյալ համարելու պայմանագրի նշված կետերը: Փաստորեն, ՀՅԴ-ն պահանջում էր այն, ինչ գրված էր ՀՀՇ-ի ծրագիր-նախագծում:

Պատմաբան, պատգամավոր Կտրիճ Սարդարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ոչ մի հայ չի կարող մոռանալ իր պատմական տարածքները: Պահանջատիրություն ասածը դատարկ բան է այսօր: Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը: Մարդիկ կան, որոնք անցնելով ՀՀՇ-ի սթափ քաղաքական դպրոցը, պնդում են, որ 1921թ. պայմանագիրը պիտի վերանայվի»:

Պատգամավոր Վանո Սիրադեղյանը նշեց, որ ՀՅԴ-ն կոմունիստների նման միշտ ռուսամետ է եղել, և իրենց պահանջով ցանկանում են նորից Հայաստանը կախման մեջ դնել Ռուսաստանից՝ թշնամացնելով Թուրքիայի հետ: Պատգամավորներ Բաբկեն Արարքցյանը և Խոսրով Հարությունյանը դեմ արտահայտվեցին թե՛ նստաշրջան հրավիրելուն և թե՛ հարցն ընդհանրապես քննարկելուն:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պետք է բոլոր «կողմ» պատգամավորներին մեկ-մեկ համոզի, որ այդ հարցի քննարկումը այսօր անիմաստ է՝ նշելով, որ որոշ ուժեր շահարկում և օգտագործում են այս հարցը իշխանության հասնելու նկրտումներով: «Ես երբեք այդպիսի որոշում չեմ ստորագրի: Ես կպայքարեմ մինչև վերջ, թույլ չտալու համար այդպիսի արկածախնդրություն, որովհետև զգում եմ իմ պատասխանատվությունը: Եթե դուք 7000 ստորագրություն եք հավաքել, ես կես միլիոն կհավաքեմ: Մի բան էլ շատ էժանագին կերպով այստեղ շահարկվեց՝ սփյուռքի հեռագրերը: Վաղն ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու Յորքում նարինջ ուտող հայն իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև ԼՂ-ում և Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին: Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»:

Այս և Հայաստանի ներքաղաքական կյանքում Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ տեսակետների տարբերությունը և դրանից ծնվող վեճերը, ինչ-որ տեղ դառնում էին անիմաստ, քանի որ խնդիրը և լուծումը ոչ թե Հայաստանում էր, այլ Թուրքիայում: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց պահանջում էր չհետապնդել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ստորագրել փաստաթուղթ՝ հրաժարվելով հողային ամեն պահանջից: Ավելին, որևէ տարածքային պահանջի անուղղակի ակնարկն իսկ արժանանում էր թուրքերի խիստ հակազդեցությանը: 1991թ. մայիսին գրեթե բոլոր թուրքական թերթերն արձագանքեցին Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, որ Կարսը նախապես Հայաստանի մաս էր կազմում, բայց հետո Թուրքիան տիրացավ, և հայերը տեղահան արվեցին: «Արգումենտի ի ֆակտի» ռուսական շաբաթաթերթի հետ զրույցում Տեր-Պետրոսյանը Կարսի պատմությունը և հայերի տեղահանությունը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ հայ ժողովուրդը բռնի տեղահանության վտանգի տակ է: Դեսպան Վուրալը հայտարարեց, որ Կարսը միշտ էլ թուրքական քաղաք է եղել:

Հայ-թուրքական հարաբերություններին Տեր-Պետրոսյանն անդրադարձավ գերագույն խորհրդի 1991թ. հունիսյան իր ելույթում: Նա ասաց, որ Մոսկվան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայերը մի օր կհասկանան ուրիշի վրա հույս դնելու քաղաքականության անհեռանկարայնությունը, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փորձը Մոսկվային զայրացնում է, քանի որ խախտվում է իր աչքում դարերով ձևավորված հայի կերպարը. «Վաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից: 1918թ. գնացին, 1942թ. պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարևանությամբ՝ մեր պահանջատիրությամբ, բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել»:

Հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ստորագրվեցին այն համաձայնագրերը, որոնցով հայ-թուրքական սահմանում մնացին ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում ձևավորվեց ռուսական 102-րդ ռազմահանգրվանը: Դա տեղի ունեցավ 1992թ. երկրորդ կեսին, իսկ դրանից 1 տարի առաջ Հայաստանի ղեկավարությունն ու անձամբ Տեր-Պետրոսյանը դեռ հավատում էին, թե Անկարան Երևանի հետ կհաստատի հարաբերություններ:

1991թ. սեպտեմբերի 25-26-ին՝ Հայաստանի անկախության հանրաքվեից մի քանի օր անց Երևան այցելեց թուրքական պատվիրակություն, որի կազմում էին Թուրքիայի ԱԳՆ մշակույթի բաժնի տնօրեն, դեսպան Իսմեթ Բիրսելը, ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանության խորհրդական Թարիք Յըլմազը և այդ երկրի վարչապետի գրասենյակի երկու աշխատակիցներ: Պատվիրակությունը Հայաստանից բացի այցելեց Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան:

«Պաշտոնական պատվիրակությունը Հայաստան է եկել Թուրքիայի կառավարության անմիջական հանձնարարությամբ և նպատակ ունի տեղում ծանոթանալ նրա ներկա տնտեսական և քաղաքական վիճակին: Մեզ հետ հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցավ Տեր-Պետրոսյանը: Թուրքական կողմը պատրաստ է ստորագրել համաձայնագրեր երկաթուղային և ցամաքային ճանապարհների շահագործման, սահմանային առևտրի և ապրանքաշրջանառության, ինչպես նաև նոր մաքսատների վերաբերյալ: Պայմանավորվեցինք մոտ ժամանակներում ստեղծել երկկողմ տնտեսական խառը հանձնաժողով, որը կպատրաստի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,- Երևանում ասաց Բիրսելը:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Աշոտ Եղիազարյանը այցի մասին հավելել է. «Որոշվեց ստեղծել երկկողմ հանձնախումբ, որը կոչված կլինի ուսումնասիրել կոնկրետ հարցերը և ստորագրման նախապատրաստել փաստաթղթեր: Երկկողմ շահագրգռություն կա Կարս-Գյումրի և Մարգարա-Իգդիր ճանապարհները ավելի նպատակային օգտագործելու ուղղությամբ: Սա մեզ հնարավորություն կտա առևտրատնտեսական կապեր հաստատել Եվրոպայի, իսկ թուրքական կողմին՝ միութենական այլ հանրապետությունների հետ: Եթե նախորդ հանդիպումների ընթացքում թուրքական կողմը երբեմն ակնարկներ էր անում նախապայմանների վերաբերյալ, ապա այս անգամ դա լիովին բացակայում էր»:

Ալաթոնի և Հովնանյանի չիրականացված ծրագիրը

1991թ. հոկտեմբերին Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրություններ, հաղթեց «Ճշմարիտ ուղի»-ն՝ ստանալով քվեների 27%-ը: Խորհրդարան մուտքի արգելքը հաղթահարեցին նաև «Մայր հայրենիքը»՝ 24%, սոցիալ-ժողովրդավարները՝ գրեթե 21%, «Բարօրությունը»՝ մոտ 17%, Ժողովրդավարական ձախ կուսակցությունը՝ գրեթե 11%: Մեսութ Յըլմազին փոխարինեց Սուլեյման Դեմիրելը՝ յոթերորդ անգամ զբաղեցնելով վարչապետի աթոռը: Նա կառավարությունը ղեկավարեց մինչև 1993թ. հունիս, երբ դարձավ Թուրքիայի 9-րդ նախագահը:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նոյեմբերի 11-ին կայացած երդման արարողությանը ներկա էր նաև թուրքական խոշոր «Ալարկո» ընկերության տնօրեն Իցհակ Ալաթոնը, որին ընդունեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Հրանտ Բագրատյանը:

Ալաթոնը իր տեղակալի և երկու թուրք լրագրողների հետ Անկարայից մեկնել էր Տրապիզոն, ապա Իգդիր և Ալիջան-Մարգարա սահմանը հատելով հասել Երևան: «Ազգ» թերթի հետ զրույցում Ալաթոնը նշում էր, որ անկախ Հայաստանը արտաքին աշխարհի հետ շփվելու համար ծով դուրս գալու կարիք ունի, իսկ ամենակարճ ճանապարհը Տրապիզոնն է: «Եղանք նավահանգստում, ուսումնասիրեցինք և հանգեցինք այն եզրակացության, որ Տրապիզոնում մի նավամատույց հատկացնենք, որտեղ Հայաստանից փոխադրվող ապրանքը ենթարկվի բեռնման, իսկ ծովով ստացվող ապրանքները բեռնաթափվեն և բեռնատարներով տեղափոխվեն Հայաստան: Առաջին կոնկրետ արդյունքը լինելու է այն, որ «Ալարկո»-ն մասնակցություն է ունենալու այդ ծրագրի իրագործմանը»:

Այս նախագծի ֆինանսավորումը և իրականացումը ստանձնելու էին Հրայր Հովնանյանի «Հովսոնս քամփնի» և Ալաթոնի «Ալարկո հոլդինգ» ընկերությունները: Ալաթոնը և Հովնանյանը Մոսկվայում ստորագրեցին «Հովսոն-Ալարկո» համատեղ ընկերության հիմնադրման համաձայնագիր: Սկզբնական շրջանում Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակները շահագրգռություն էին ցուցաբերում Ալաթոնի ծրագրի հանդեպ: Թուրքիայի արտգործնախարար Սաֆա Գիրեյը ասել է, որ Անկարան բարյացակամությամբ է նայում բոլոր հարևաններին, որոնք «հրաժարվում են թշնամանքից և ձգտում են բարեկամական հարաբերություններ ունենալ» թուրքերի հետ: «Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի ձեռնարկած քայլերը: Սա դրական է նաև մեր գործարարների համար, ովքեր ձգտում են ընդլայնել առևտրական գործունեությունն ու ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ»:

Ավելի ուշ «Նյու Յորք թայմսը» գրեց, որ Ալաթոնի և Հովնանյանի «նախագիծը տապալվեց, երբ Ալաթոնը խիստ քննադատության էր ենթարկվում Հայաստանին օգնելու նպատակով Թուրքիայի ավանդական ախոյանի՝ ԱՄՆ հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ»:

1991թ. նոյեմբերի 9-ին Թուրքիան ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Սեպտեմբերին նախագահ Օզալը շնորհավորել էր Այազ Մութալիբովին՝ նախագահ ընտրվելու առիթով: Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը Հռոմից վերադառնալու ճանապարհին Ստամբուլում հանդիպեց վարչապետ Մեսութ Յըլմազի հետ: Ստամբուլից նա մեկնեց Անկարա, ուր նոյեմբերի 4-ին հանդիպեց նախագահ Օզալի հետ: Թուրքիան ամուր հարաբերությունների հիմքեր էր գցում Հայաստանի մյուս հարևանի՝ Վրաստանի հետ նույնպես:

Հայաստանի դեպքում մոտեցումն այլ էր: Ճիշտ է, թուրքերը շարունակում էին հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում նշանակալի առաջընթաց կա, առկա է փոխըմբռնում, սակայն հայ-թուրքական տնտեսական համագործակցության ապագան «մթագնվում է Հայաստանի խորհրդարանում երբեմն հնչող տարածքային պահանջների խոսակցություններով»:

1991թ. նոյեմբերին «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ զրույցում դեսպան Վուրալը նշում էր. «Եթե պատգամավորները հստակ ճշտեն իրենց դիրքորոշումը գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, ապա հարաբերությունների զարգացումն ավելի կաշխուժանա: Այժմ մենք քննարկում ենք Հայաստանի հետ սահմանային անցակետ բացելու հարցը: Մեր կողմից պաշտոնապես առաջարկվել է Երևանում ունենալ Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կնքել մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների համաձայնագրեր»: Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպանն ասում էր, որ «այդ իրադարձությունների հիմնական պատճառը» հայերն էին, ովքեր Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ կռվում էին թուրքական բանակի դեմ՝ դառնալով երկրի ներսում «հինգերորդ շարասյուն»: «Այդ իրադարձությունները չի կարելի ցեղասպանություն որակել: Ողբերգական դեպքեր եղել են, սակայն թե ով է դրանց համար պատասխանատու, կորոշի պատմությունը: Մենք պատրաստ ենք այս հարցում համագործակցել Հայաստանի պատմաբանների հետ, մեր արխիվները բաց են»:

Թուրքական կողմը, առաջին հերթին լրատվամիջոցները սկսեցին տարածել հաղորդագրություններ, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով նախագահ Տեր-Պետրոսյանը Թուրքիային հավաստել է, որ Հայաստանը կարող է հրաժարվել դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հիշատակող սգո միջոցառումներից, ընդ որում՝ իբր Հայաստանը պատրաստ է գնալ այդ քայլին պայմանով, եթե երկու պետությունների միջև հաստատվեն տնտեսական համագործակցության նպաստավոր պայմաններ, մասնավորապես՝ Հայաստանին թույլատրվի Թուրքիայի տարածքով բեռնափոխադրումներ կատարել:

Հայաստանի արտգործնախարարությունը 1991թ. դեկտեմբերին տարածեց հայտարարություն, որով հերքում էր թուրքական, եվրոպական և ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները. «Նման պնդումների համար հիմք են ծառայում թուրք լրագրողների՝ Անկարայից տրվող հաղորդումները, իբր այդ միտքը տեղ է գտել Տեր-Պետրոսյանի՝ Թուրքիայի ղեկավարությանը հղած ուղերձում»:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ նախագահ Տեր-Պետրոսյանը «նման բովանդակությամբ նամակ չի ուղղել Թուրքիայի ղեկավարությանը»: Հայաստանի նոր քաղաքական իրավիճակում «իրոք շահագրգռված է տարածաշրջանի, և, առաջին հերթին, սահմանակից պետությունների հետ բնականոն հարաբերություններ» հաստատելու հարցում: Թուրքիայի հետ ևս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանում դիտվում է իբրև հարևան երկրների միջև բազմակողմ փոխշահավետ կապերի հաստատման քաղաքակիրթ ճանապարհ, այդուհանդերձ, ամենևին խոսք չի կարող լինել այնպիսի վերապահումների մասին, որոնք կարող են վերաբերել հայ ժողովրդի պատմության ողբերգական շրջանը մոռացության մատնելուն: Հայաստանի արտգործնախարարությունը «վճռականորեն դեմ է հայ-թուրքական հարաբերությունների որևէ շահարկման և գտնում է, որ նման գործողությունները չեն նպաստում դրանց կարգավորման դժվարին գործընթացին»:

1991թ. դեկտեմբերի 16-ին Անկարան, խորհրդային մի քանի այլ հանրապետությունների հետ ճանաչեց Հայաստանի անկախությունը, բոլորի հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, բացի Երևանը: Դեկտեմբերի 24-ին վարչապետ Դեմիրելի՝ նախագահ Տեր-Պետրոսյանին հղված ուղերձում ասվում էր, որ Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ կզարգացնի՝ համաձայն ԵԱՀԽ սկզբունքների: Դեմիրելը հորդորում էր ճանաչել պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Խորհրդային Միության փլուզումից հետո թուրքական մամուլը սկսեց ավելի հաճախ գրել Հայաստանի, Կովկասի և խորհրդային թուրքալեզու հանրապետությունների մասին: Այս շրջանում Հայաստանին վերաբերող հոդվածների ճնշող մեծամասնության համար ընդհանուր էր մեկ բան. Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ զարգացնել՝ առաջ քաշելով մի քանի փաստարկներ:

Առաջին, Հայաստանի հետ հնարավոր է կառուցել այնպիսի հարաբերություններ, որ նա չներգրավվի Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված որևէ երկրի ռազմավարության մեջ և չօգտագործվի Թուրքիայի դեմ:

Երկրորդ, Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների զարգացումը կբացառի Թուրքիայի վրա արևմտյան տերությունների կողմից գործադրվող ճնշումը՝ կապված հայոց ցեղասպանության հետ:

Երրորդ, Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է աշխուժացնել Թուրքիայի արևելյան նահանգների կյանքը: Միաժամանակ, անհանգստություն էր արտահայտվում արցախյան հակամարտության ծավալման կապակցությամբ, որի մեջ թուրքական կողմը միանշանակ կերպով մեղադրում էր Հայաստանին: Թուրքիան ճանաչեց ՀՀ-ին, սակայն հրաժարվեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առաջ քաշելով նախապայմաններ: Փաստորեն, թուրքական կողմը ընտրեց Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը՝ փորձելով օգտագործել Հայաստանի տնտեսական ու քաղաքական դժվարությունները՝ նրանից զիջումներ կորզելու նպատակով:

1991թ. դեկտեմբերի 8-11-ը Բելառուսի Բելովեժյան թավուտում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդներ Բորիս Ելցինի, Լեոնիդ Կրավչուկի և Ստանիսլավ Շուշկևիչի նախաձեռնությամբ սկսվեց ԱՊՀ կազմավորումը: Ալմաթիում դեկտեմբերի 21-ին ԱՊՀ-ին միացան Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը: Դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից: 1991թ. վերջին օրը Խորհրդային Միությունը դադարեցրեց նաև դե յուրե գոյությունը:

Խորհրդային միության հանրապետությունները, բացի բալթյան երկրներից, անկախություն ձեռք բերեցին մեկնարկային գրեթե նույն պայմաններում. տնտեսական խորը ճգնաժամ, արժեզրկված դրամ, առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն օր օրի դատարկվող խանութներում: Բայց Հայաստանում վիճակն ամենածանրն էր. Թուրքիան առաջ էր քաշում նախապայմաններ, Ադրբեջանն արդեն շրջափակման էր ենթարկել Հայաստան մտնող ճանապարհները և գազատարը, ղարաբաղյան պատերազմը վերածվում էր նաև Երևան-Բաքու դիմակայության, մի քանի հարյուր հազար հայեր տունը կորցրել էին 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի պատճառով, ևս մի քանի հարյուր հազար արտաքսվել էին Ադրբեջանից, նրանց մի մասը հաստատվել էր Հայաստանում:

Նորանկախ երկիրը մտնում էր արյունալի պատերազմի, մինչև ոսկորները ծակող ցրտի, թանձր խավարի ու անվերադարձ գաղթի տարիներ: Բայց դրանք նաև երանելի տարիներ էին. հայկական լեռնաշխարհի մի փոքր անկյունում Հայաստանի Հանրապետությունը անկախություն էր նվաճել:

Նյութի աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան-  «Հայացք Արարատից հայերը և թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...