Skip to main content

Բազմակողմ դիվանագիտություն

 

Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին

Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը:

Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը:

Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկացրեց 1815թ., հեռահաղորդակցության միջազգային միությունը՝ 1865թ., և Միջազգային փոստային միությունը՝ 1874թ.: Այս կառույցներն ունեին մշտական քարտուղարություն, և մշտական գործող բազմակողմ որոշումների ընդունման առաջին հարթակներն էին:

19-րդ դարի վերջին տեղի ունեցան Հաագայի համաժողովները, որոնց արդյունքում հիմնադրվեց միջազգային հումանիտար իրավունքը, միջազգային մասնավոր իրավունքը, ստեղծվեց Մշտական միջնորդ դատարանը՝ միջազգային վեճերի կարգավորման առաջին դատական ատյանը:

Առաջին աշխարհամարտից հետո կտրուկ աճեց բազմակողմ համաժողովների և դրանց որոշումների ազդեցությունը միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերությունների վրա:

Որպես վերսալյան աշխարհակարգի հաստատման արդյունք՝ ստեղծվեց Ազգերի լիգան (1919-1946թթ.), որը միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ զբաղվող առաջին ունիվերսալ կառույցն էր: Ազգերի լիգայի շրջանակներում ընթացող գործընթացները չէին գնում ցանկալի ուղղությամբ, ինչն էլ նրա հեղինակազրկման առիթ հանդիսացավ:

Բացասական դերակատարություն ունեցավ նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ոչ բոլոր պետությունների անդամակցությունը որպես ունիվերսալ ստեղծված այս կազմակերպությանը:

Ազգերի լիգան ուներ մի քանի հիմնական մարմին, որոնք հետագայում փոխառվեցին ՄԱԿ-ի կողմից:

Միջազգային հարաբերությունների զարգացման ուղղությունները երկրորդ աշխարհամարտից հետո մեծապես պայմանավորված էին երկու հակադիր բևեռների գաղափարական տարբերություններով, աշխարհակարգի ճամբարային բնույթով և սառը պատերազմի իրողություններով: Այս ամենը հավելյալ բարդություն էր ստեղծում բազմակողմ դիվանագիտության զարգացման համար, միևնույն ժամանակ պարտադրում էր ճկունություն դրսևորել: Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ աշխարհը բաժանվեց երկու մրցակից բլոկերի, դրա հետ մեկտեղ փոփոխությունների ենթարկվեց նաև բազմակողմ դիվանագիտությունը: Արդեն չկար բոլորի համար ընդհանուր թշնամի. երկրները բաժանվել էին գաղափարական ճամբարների, և միջազգային հարաբերությունները պայմանավորված էին հենց այդ հանգամանքով:

Միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության աճող փոխկապակցվածությունը, պետությունների միջև շփումների ակտիվացումը, գիտատեխնիկական առաջըթացն ու զարգացումը անհրաժեշտություն ստեղծեցին համատեղ ջանքերով աշխատել առաջ եկող գլոբալ խնդիրների լուծման և մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

Համաշխարհային շուկաների և միասնական տեղեկատվական դաշտի ձևավորումը, պետությունների պայքարը դրանց վրա ազդեցություն տարածելու նպատակով նույնպես նպաստեցին բազմակողմ ֆորումների դերի մեծացմանը:

Տարաբնույթ տարածաշրջանային կազմակերպությունների ստեղծումը փաստացի փոփոխեց միջազգային հարաբերությունների, ազգային շահի ընկալումն ու գաղափարախոսությունը: Անվտանգության ապահովմամբ զբաղվող կազմակերպությունների ստեղծմամբ փոփոխվեց նաև ազգային անվտանգություն հասկացությունը, առաջացան հավաքական անվտանգություն և գլոբալ անվտանգություն հասկացությունները:

Բազմակողմ բանակցություններ և միջազգային հարաբերություններ- որոշումների քննարկման և ընդունման գլոբալ մակարդակի մեխանիզմները

Բազմակողմ բանակցությունները բնորոշվում են մի քանի բաղադրիչների առկայությամբ՝ մի քանի կողմերի մասնակցությամբ, բանակցային մի քանի խնդիրների քննարկումով, բազմակի արժեքների ու նպատակների հետապնդմամբ: Բազմակողմ դիվանագիտությունը և բանակցությունները շատ ավելի բարդ են և փոխկապակցված, բազմակողմ ֆորումի ղեկավարումը նույնքան բարդ է:

Մի քանի կողմերի կամ պետությունների խմբերի միջև բանակցությունները հանդիսանում են որպես համաձայնությունների ձեռքբերման, պայմանագրերի ու որոշումների մշակման հարթակ, ընդունման գործընթաց և մեխանիզմ: Բազմակողմ դիվանագիտությունը նաև դաշինքներ կառուցելու արվեստ է բանակցություններից առաջ, ընթացքում և հետո:

Բանակցությունների մասնակիցներն ըստ տեսակների բաժանվում են խմբերի: Ըստ կազմակերպության անդամակցության՝ լինում են

1.լիիրավ կողմեր, այսինքն՝ կազմակերպության լիիրավ անդամներ քվեարկության իրավունքով

2.կազմակերպությունում դիտորդներ առանց քվեարկության իրավունքի, սակայն խորհրդակցական ձայնի իրավունքով կամ առանց դրա (օրինակ՝ Հայաստանը Արաբական պետությունների լիգայում)

3. հրավիրյալներ, որոնք ո՛չ անդամ են, ո՛չ էլ դիտորդ, սակայն իրենց վերաբերող հարցի քննարկման ժամանակ հրավիրվում են մասնակցելու քննարկումներին՝ առանց խորհրդակցական ձայնի իրավունքի կամ դրա առկայությամբ

4.ասոցացված անդամի կարգավիճակը, ինչպիսին ուներ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մինչև 2012թ.: Այդ կարգավիճակը ընձեռում է տարաբնույթ հնարավորություններ՝ բացառությամբ քվեարկության իրավունքի:

Միջազգային կազմակերպությունների գործունեությունը հիմնված է կանոնադրության, իսկ համաժողովներինը՝ կանոնակարգի վրա: Սովորաբար կազմակերպության կանոնադրության ստորագրումով և վավերացմամբ պետությունը միանում է այդ կառույցին, եթե նույն կանոնադրությամբ այլ ընթացակարգեր նախատեսված չեն, օրինակ՝ ՄԱԿ-ին անդամակցությունը: Միջազգային համաժողովների օրակարգի առաջին կետը սովորաբար հանդիսանում է կանոնակարգի ընդունումը, ըստ որոնց՝ սահմանվում են այն կանոնները, որոնցով պետք է աշխատի տվյալ համաժողովը:

Միջազգային համաժողովներում դիվանագիտական աշխատանքն ունի իր առանձնահատկությունները, ինչը պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ անցկացման վայրից սկսած, վերջացրած քննարկվող հարցերի բնույթով:

Բազմակողմ բանակցային դիվանագիտությունը.դիվանագիտական աշխատանքի տակտիկական առանձնահատկությունները

Բազմակողմ բանակցային դիվանագիտության հիմնական ձևերն են միջկառավարական համաժողովներն ու պարբերական բնույթ կրող այլ ֆորումները, բազմակողմ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները (ունիվերսալ և տարածաշրջանային կազմակերպությունների նստաշրջաններ):

Միջազգային կազմակերպությունները և համաժողովները գործում են կանոնադրության կամ կանոնակարգի հիման վրա, և այս փաստաթղթերի դրույթների լավ իմացությունը թույլ է տալիս առավել ակտիվ և արդյունավետ գործել, պաշտպանել երկրի շահերը: Կան հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, որոնք չունեն կանոնադրություն, օրինակ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, որը հիմնադիր փաստաթուղթ է համարվում 1975թ. Հելսինկիի Եզրափակիչ ակտը:

Միջազգային համաժողովները բաժանվում են ըստ տեսակների՝ նախապատրաստական, փորձագետների, նախարարների, կառավարությունների ղեկավարների, գագաթաժողովների:

Կազմակերպություններն գումարում են համաժողովներ տարբեր մակարդակներով՝ իրենց կանոնադրությունների համաձայն:

Բազմակողմ համաժողովներում շատ կարևոր դերակատարություն ունեն նախագահողները, համակարգողները և համանման ֆունկցիաներ իրականացնողները, նրանք մեծապես ազդում են օրակարգի և առաջնահերթությունների ձևավորման, նիստերի անցկացման ժամանակացույցի կազմման և այլ հարցերի վրա: Հենց այս պատճառներով համաժողովների և կազմակերպությունների ղեկավար և համակարգող մարմինների ընտրություններն անցնում են լուրջ մրցակցության պայմաններում՝ սովորաբար մեկ տեղի համար մի քանի հավակնորդների առկայությամբ: Որպես օրինակ կարելի է մեջբերել ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների ընտրությունները:

Բազմակողմ ձևաչափերում աշխատանքն ունի իր առանձնահատկությունները՝ այն իրականացվում է թե՛ մայրաքաղաքներում, թե՛ բուն միջազգային համաժողովի և/կամ կազմակերպության շրջանակներում: Ընդհանուր շահ ձևավորելու և հատկապես դաշինքներ կազմելու համար հարկավոր է համապատասխան աշխատանքներ իրականացնել ինչպես պոտենցիալ համախոհ երկրի մայրաքաղաքում, այնպես էլ՝ բուն կազմակերպության կենտրոնակայանում: Պետք է կարողանալ հստակ և համոզիչ կողմնորոշել համախոհին, կողմնակիցներ ձեռք բերել հակառակ դաշտից, ձևավորել խմբեր՝ ըստ ընդհանուր շահերի, կամ էլ աշխարհագրական սկզբունքով:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով երկար տարիներ եղել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ ՄԱԿ-ում աշխատող դիվանագետների համար տակտիկական ճկունությունը առավել կարևոր է, քան երկկողմ դիվանագիտությամբ զբաղվողների:

Սովորաբար ունիվերսալ միջազգային կազմակերպություններում պետությունները բաժանված են աշխարհագրական խմբերի և կազմակերպության ընտրովի մարմիններում ներկայացված են աշխարհագրական ներկայության և ռոտացիայի սկզբունքով:

Օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բացի 5 մշտական անդամներից, յուրաքանչյուր տարածաշրջանային խմբի տրված են կոնկրետ տեղեր, և այդ տեղի համար կարող է ընտրվել միայն մեկ պետություն, ինչն ապահովում է բոլոր պետությունների համար պոտենցիալ հավասար ներգրավում և նույն պետությունը, ինչքան էլ այն հզոր լինի, չի կարող մի քանի անգամ անընդմեջ ընտրվել Անվտանգության խորհրդում, քանի որ պետք է ապահովվի ռոտացիայի սկզբունքը:

Տարածաշրջանային խմբերում սովորաբար լինում են համակարգողներ, որոնք կարևոր քննարկումներից առաջ հրավիրում են խմբերի նիստեր, ճշգրտում ընդհանուր դիրքորոշումը, որը և ներկայացնում են լիագումար նիստին՝ խմբի անունից: Համակարգողները սովորաբար ընտրվում են մի քանի ամիս ժամկետով:

Միջազգային համաժողովների և կազմակերպությունների որոշումներն ընդունվում են բանաձևերի և զեկույցների տեսքով, որոնց մշակման և պատրաստման գործընթացը բավականին բարդ գործընթաց է, քանի որ այն տեսականորեն պետք է հաշվի առնի ու արտացոլի համաժողովի բոլոր մասնակիցների, կամ կազմակերպության բոլոր անդամների, կամ էլ դրանց մեծ մասի տեսակետներն ու դիրքորոշումները:

Սովորաբար փաստաթղթերի նախագծերը մշակվում են քարտուղարության կողմից, դրանք նախագահողի հավանությանն արժանանալուց հետո ներկայացվում են մասնակիցներին և դրանց շուրջ սկսում են բանակցությունները:

Այն կառույցներում, որտեղ բանաձևերն ու որոշումները ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, շատ ավելի բարդ բանակցություններ են տեղի ունենում, օրինակ՝ ԵԱՀԿ-ում: Բանաձևերի և զեկույցների նախագծեր կարող են ներկայացվել նաև առանձին երկրների կողմից՝ ըստ իրենց նախասիրությունների և շահերի:

Գոյություն ունեն նաև ունիվերսալ և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներից դուրս հատուկ նպատակներով հրավիրվող բազմակողմ միջկառավարական համաժողովներ.

1.ՄԱԿ-ի կամ տարածաշրջանային կազմակերպությունների օժանդակությամբ հրավիրվող համաժողովներ

2.առանց ՄԱԿ-ի կամ տարածաշրջանային կազմակերպությունների օժանդակության հրավիրվող համաժողովներ

Այս պարագայում կարևորություն է տրվում համաժողովի անցկացման վայրի ընտրությանը և մասնակիցների շրջանակին, քանի որ կոնկրետ թեմայով համաժողովի անցկացումը կոնկրետ վայրում վկայում է համաժողովին քննարկվող խնդիրների լուծման գործում համաժողովը կազմակերպող պետության ավանդի և նրա հեղինակության մասին: Օրինակ՝ 2010թ. ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության հարցերով համաժողովը, Երևանում 2010թ. օգոստոսին կայացած կիբեռհանցավորության դեմ պայքարի վերաբերյալ սեմինարը:

Այս տիպի համաժողովների ֆինանսավորման աղբյուրները և կազմակերպչական աջակցությունը սովորաբար իրականացվում է միջոցառումը նախաձեռնած կամ կազմակերպող պետության կամ կառույցի կողմից, թեև պատահում են դեպքեր, երբ ծախսերը հոգում են տարբեր պետություններ և կազմակերպություններ:

Սովորաբար համաժողովը կազմակերպող կառույցը կամ պետությունը նախապես որոշում է միջոցառման կանոնակարգը՝ ելույթների տևողությունը, մասնակիցների նստեցման կարգը, նիստերին մասնակցության ձևաչափը և նախապես՝ հրավերի հետ ուղարկում է մասնակից մյուս պետություններին: Նույնը տեղի է ունենում նաև եզրափակիչ փաստաթղթերի դեպքում. նախագծերն ուղարկվում են նախօրոք, կամ էլ ներկայացվում են համաժողովի մեկնարկին:

Համաժողովների անցկացումը պահանջում է ծանրակշիռ դիվանագիտական նախապատրաստական գործողություններ՝ աշխատանք մայրաքաղաքների, պատվիրակությունների հետ, ընդհանուր շահեր ունեցող խմբերի ձևավորում և փոխադարձ աջակցության ապահովում:

Եթե համաժողովը բարձր մակարդակի է, ապա դրան մասնակցող պատվիրակությունների ղեկավարների նստաշրջաններին զուգահեռ տեղի են ունենում նաև փորձագետների մակարդակով նիստեր, որոնց ընթացքում էլ մշակվում են եզրափակիչ փաստաթղթերը, օրինակ՝ ԵԱՀԿ գագաթաժողովներ, նախարարական խորհուրդներ: Եզրափակիչ փաստաթղթերն ունեն մի քանի ընդունման ձևեր՝ կոնսենսուս, լռության գործընթաց, քվեարկություն և այլն:

Բազմակողմ բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման և դիրքորոշումների մոտեցման մեթոդներն ու ձևերը

ա.խնդիրների լուծման հաջորդական շղթա

Այս մեթոդը հիմնված է բանականության վրա և օգնում է շատ վիճելի հարցերից կազմված օրակարգը վերադասավորել ըստ խնդրահարույց հարցերի հերթականության՝ արդյունքի հասնելու նպատակով:

Հաճախ է պատահում, երբ բանակցությունները երկրորդական վիճելի հարցերի պատճառով շեղվում են իրենց հիմնական նպատակից: Կողմերը սկսում են առաջ քաշել մանր, նույնիսկ աննշան պահանջներ, ինչը վտանգում է ոչ միայն բուն բանակցությունները, այլև փոխզիջումների վրա հիմնված որոշումների ընդունումն ընդհանրապես:

Հենց այս պարագայում գործածվում է խնդիրների հաջորդական լուծման շղթայի մեթոդը: Այն ենթադրում է բանակցությունների բուն թեմայի և դրանց ընթացքում առաջացած խնդիրների ցուցակագրում՝ ըստ առաջացման ժամանակացույցի, և դրա համաձայնեցում մասնակից բոլոր կողմերի միջև: Դրանից հետո հարկավոր է դասակարգել արձանագրված հարցերը՝ ըստ կարևորության, և սկսել դրանց քննարկումը ամենաբարդ հարցերից ու հաջորդաբար դրանց շուրջ համաձայնություն կայացնել: Եթե հնարավորություն չի լինում համաձայնության գալ որևիցե խնդրի շուրջ, չի կարելի ընդհատել բանակցությունները, հարկավոր է դրա համաձայնեցումը առկախել կամ սառեցնել և անցնել հաջորդ հարցին: Հնարավոր է, որ այլ հարցի քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերվի նաև սառեցված հարցի կապակցությամբ:

Այս ցիկլը կրկնվում է մինչև վիճահարույց հարցերի ցանկն ամբողջությամբ լուծում չի ստանում, և արդունքում, տեղում դոփելու փոխարեն կողմերը մի շարք հարցերում առաջընթաց են արձանագրում՝ չնայած այն հանգամանքին, որ մի քանի հարցերի շուրջ դեռ համաձայնություն չի կայացվել, և այդ հարցերը վեր են հանվում բանակցային հաջորդ փուլում: Այս մեթոդը թույլատրում է բանակցություններում դինամիկա ապահովել:

Առավել կարևոր է համաձայնություն ձեռք բերել թեկուզ փոքր հարցերի շուրջ և առավել խոշոր հարցերին անդրադառնալ հետագայում, քան անվերջ վիճել խոշոր հարցերի շուրջ և որևիցե համաձայնության չգալ:

Այս մեթոդը սովորաբար կիրառվում է հնարավորություններով և ազդեցությամբ հավասար բանակցող կողմերի առկայության դեպքում:

բ.հարցերի փաթեթային լուծում

Փաթեթային մեթոդը կիրառվում է, երբ հարկավոր է միանգամից համաձայնության հասնել մի քանի վիճելի հարցերի շուրջ: Փաթեթային լուծումը սովորաբար ներառում է կողմերի համար ձեռնտու և ոչ ձեռնտու լուծումներ:

Այս մեթոդը կիրառվում է նաև այն դեպքում, երբ բանակցային կողմերից մեկին հարկավոր է դեմքը փրկել՝ առավել շատ զիջումների պարագայում, ինչը հնարավորություն է ընձեռում չհրապարակայնացնել զիջումների ամբողջական չափը և ուշադրությունը կենտրոնացնել համաձայնության կայացման փաստի և ձեռնտու կողմերի վրա:

Լուծման այս տարբերակի համար կողմերը նախապես կազմում են համանման հարցերի ցանկ, որոնց շուրջ հարկավոր է համաձայնության գալ: Նախնական հանդիպումներին տեղի է ունենում փաթեթի մեջ ներառվող հարցերի համաձայնեցումը:

Այնուհետև սկսվում են բուն բանակցությունները, որոնց արդյունքում և տեղի է ունենում փաթեթի շուրջ համապարփակ համաձայնության կայացումը: Այս մոտեցումը սովորաբար օգտագործվում է, երբ կողմերից մեկն ակնհայտ առավելություններ ունի և նրան հետաքրքրում է կոնկրետ մի հարց, որը և ընդգրկվում է փաթեթի մեջ: Հենց այս հարցի շուրջ էլ կառուցվում է ողջ փաթեթը, ճիշտ է, ոչ համաչափ, բայց փոխադարձ զիջումներով:

գ.գլոբալ խնդիրների մանրացում փոքր փաթեթների

Այս մոտեցումը կիրառվում է հավասարազոր կողմերի միջև բանակցությունների ժամանակ, այն պարագայում, երբ կա մի մեծ խնդիր, որի շուրջ գոյություն ունեն հակասական դիրքորոշումներ: Այս դեպքում, գոնե ինչ-որ չափով առաջընթաց արձանագրելու նպատակով գլոբալ խնդիրը բաժանվում է փոքր հարցերի, և սկսվում են բանակցությունները դրանց շուրջ: Գլոբալ խնդիրը՝ բաժանված փոքր հարցերի, ըստ բնույթի կարող է ներառվել միկրոփաթեթներում: Փաստացի «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը գործում է նաև բազմակողմ բանակցություններում, ինչը հնարավորություն է ընձեռում արդյունքի հասնել: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս այլ կերպ գնահատել գլոբալ խնդիրը և փոքր քայլերով համաձայնության հասնել հիմնական խնդրի շուրջ:

դ.խնդիրների լուծումը հանդիպակաց զիջումների միջոցով

Նման մոտեցումը կիրառվում է, երբ գլոբալ խնդիրը դժվար է բաժանել մի քանի մասերի կամ միկրոփաթեթների: Կողմերը ներկայացնում են հանդիպակաց զիջումների յուրատեսակ համակարգ: Այս դեպքում զիջումները կարող են լինել տարբեր բնագավառներից և իրար հետ կապված չլինել: Այս մեթոդը կարելի է համեմատել բազմաթիվ բոնուսներով վաճառքի համակարգի հետ, երբ գնորդը կարող է բոնուսներ ստանալ միայն խոշոր գնում կատարելու դեպքում, և ինչպես հաճախ պատահում է, հիմնական ապրանքները գնում են բոնուսները ստանալու համար: Սույն մեթոդը կիրառելու համար հարկավոր է բանակցությունների մասնակիցների, նրանց դիրքորոշումների, պահանջների մանրամասն ուսումնասիրություն իրականացնել, մշակել տարբեր կողմերից հնարավոր փոխզիջումների սահմանը, ձևակերպել համաձայնության հասնելու գլխավոր պայմանը: Հարկավոր է փորձել փոխկապակցել ամենակարևոր խնդիրը մյուս կողմերի համար կարևորություն ունեցող խնդիրների հետ: Օրինակ՝ ժամանակին ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը ժամանակին կարողացավ փոխկապակցել Ղրիմում ռուսաստանյան ռազմական նավատորմի մասին համաձայնությունը ռուս-ուկրաինական բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի հետ:

ՄԱԿ, առաջացման պատմությունը. կազմակերպության դերակատարումը ներկայիս փուլում: ՄԱԿ-ի կանոնադրությունը: Գլխավոր մարմինները

ՄԱԿ-ը ունիվերսալ և համընդգրկուն միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1945թ., և այսօր միավորում է 193 պետություն:

ՄԱԿ-ի ստեղծման շուրջ բանակցությունները մեկնարկել էին երկրորդ աշխարհամարտի ընթացքում, իսկ անվանումն առաջին անգամ օգտագործվել է 1942թ. հունվարի 1-ին ատլանտյան խարտիայում: ՄԱԿ-ի կանոնադրության մշակման նպատակով բանակցություններն ընթացել են Դոմբարտոն Օքսում ևՍան-Ֆրանցիսկոյում 1944-1945թթ.:

ՄԱԿ-ը պաշտոնապես ստեղծվեց 1945թ. հոկտեմբերի 24-ին, երբ Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ն և ստորագրող պետությունների մեծ մասը արդեն վավերացրին կազմակերպության կանոնադրությունը և այն մտավ ուժի մեջ:

Գլխավոր ասամբլեայի և անվտանգության խորհրդի նիստերն առաջին անգամ անց են կացվել 1946թ. Լոնդոնում:

ա.նպատակները

ՄԱԿ-ը փոխարինեց Ազգերի լիգային, որը, չնայած իր նպատակին, չկարողացավ կանխարգելել երկրորդ համաշխարհային պատերազմը: Կանոնադրությամբ հաստատված ՄԱԿ-ի նպատակներն են. պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնել պետությունների բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, նպաստել միջազգային համագործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման հարցում, խթանել հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ և լինել ազգերի այս նպատակներին ուղղված գործողությունների համակարգման կենտրոն:

Ըստ կանոնադրության՝ ՄԱԿ-ի նպատակներից է ժողովուրդների ինքնորոշումը, որը ևս հանդիսանում է ՄԱԿ-ի կարևոր նպատակ, իսկ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է ծառայեն այդ նպատակի իրագործմանը:

Իր միջազգային բնույթի շնորհիվ և կանոնադրությամբ օժտված իրավասություններով ՄԱԿ-ը կարող է գործել բնագավառներում և գլխավոր ասամբլեայի, անվտանգության խորհրդի և այլ մարմինների միջոցով իր անդամների համար իրենց տեսակետները արտահայտելու, տարբեր հարցեր և խնդիրներ քննարկելու հարթակ է հանդիսանում:

ՄԱԿ-ի գործունեությունը ծավալվում է աշխարհի տարբեր անկյուններում: Այն հայտնի է իր խաղաղարար, խաղաղապահ հակամարտությունների կանխարգելման բնագավառներում գործունեությամբ: ՄԱԿ-ը և ՄԱԿ- համակարգը (մասնագիտացված գործակալություններ, հիմնադրամներ և ծրագրեր) ակտիվորեն աշխատում են նաև զարգացման ծրագրերի, կայուն զարգացման, բնապահպանության, փախստականների պաշտպանության, տարերային աղետների հետևանքների վերացման, ահաբեկչության դեմ պայքարի, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ականազերծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության խթանման, տնտեսական և սոցիալական զարգացման, առողջապահության մակարդակի զարգացման, սննդի արտադրության ընդլայնման ոլորտներում, ինչը միտված է առավել անվտանգ աշխարհ ստեղծելու նպատակին:

բ.Կանոնադրությունը

ՄԱԿ-ի կանոնադրությունը բաղկացած է 19 գլուխներից և 111 հոդվածից: Կանոնադրությունը անդրադառնում է ՄԱԿ-ի և նրա հիմնական մարմինների գործունեության բոլոր ոլորտներին, կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները, ծագող վեճերի կարգավորման սկզբունքները, տարածաշրջանային կազմակերպությունների գործունեության հիմքերը:

ՄԱԿ-ի կանոնադրության անբաժանելի մաս է արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգը, որը ստորագրվել է և ուժի մեջ է մտել կանոնադրության հետ միասին:

Կազմակերպության անդամակցությունը

Անդամակցությունը ՄԱԿ-ում բաց է բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք ընդունում են ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները, և ի վիճակի են կատարելու դրանից բխող պարտականությունները:

Անդամակցության համար պետությունը պետք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ հղի, որտեղ նշի, որ ընդունում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները և ցանկանում է անդամակցել կազմակերպությանը: Այնուհետև անվտանգության խորհուրդը քննում է դիմումը, և առնվազն 9 անդամ (այդ թվում 5 մշտական անդամները) պետք է կողմ քվեարկեն դրան և առաջարկեն գլխավոր ասամբլեային ընդունել դիմող երկրին ՄԱԿ-ի անդամ: Վերջնական որոշումը կայացվում է գլխավոր ասամբլեայի կողմից ձայների 2/3-ի միջոցով:

Անդամների քանակի աճն 1946-2011թթ.

Ստեղծման պահին ՄԱԿ-ն ուներ 51 անդամ, ապագաղութացման, պետությունների մասնատման, դաշնային պետությունների փլուզման՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառման արդյունքում դրանց թիվը 2012թ. դրությամբ կազմում էր 193 անդամ:

Դիտորդի կարգավիճակը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակը չի կարգավորվում կանոնադրությամբ, նման որոշումները կայացվում են ad hoc սկզբունքով, որն առաջին անգամ կիրառվել է 1946թ.՝ Շվեյցարիայի պարագայում (դարձել է ՄԱԿ-ի անդամ 2002թ.): Դիտորդները ունեն ազատ մուտք ՄԱԿ-ի հանդիպումների և համաժողովների մեծ մասին, նրանց համար բաց են նաև համապատասխան փաստաթղթերը:

Բացի ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետություններից և պետականակերպ կազմակերպություններից, գլխավոր ասամբլեայի դիտորդ են հանդիսանում մի քանի տասնյակ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ:

Այսօրվա դրությամբ դիտորդ պետության կարգավիճակ ունեն Սուրբ Աթոռն ու Պաղեստինը:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, ռուսերենը, արաբերենը և իսպաներենը:

Գլխավոր ասամբլեայի որոշմամբ կանոնադրությունը մի քանի անգամ փոփոխվել է: Փոփոխություններն հիմնականում վերաբերում են անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների և տնտեսական ու սոցիալական խորհրդի անդամների քանակի աճին:

ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են.

Գլխավոր ասամբլեան (վեհաժողովը), անվտանգության խորհուրդը, տնտեսական և սոցիալական խորհուրդը, խնամակալության խորհուրդը, արդարադատության միջազգային դատարանը, քարտուղարությունը: Կանոնադրությամբ սահմանված են յուրաքանչյուր մարմնի լիազորություններն ու գործառույթները:

Գլխավոր ասամբլեան բաղկացած է 6 հիմնական կոմիտեներից.

Առաջին կոմիտե (Զինաթափման և միջազգային անվտանգության)

երկրորդ կոմիտե (Տնտեսական և ֆինանսական կոմիտե)

երրորդ կոմիտե (Սոցիալական, հումանիտար և մշակութային կոմիտե)

չորրորդ կոմիտե (Հատուկ քաղաքական և ապագաղութացման կոմիտե)

հինգերորդ կոմիտե (Ադմինիստրատիվ և բյուջետային կոմիտե)

վեցերորդ կոմիտե (Իրավական կոմիտե)

Գլխավոր ասամբլեան իրավասու է քննարկել ցանկացած հարց ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, բոլոր այդպիսի հարցերով հանձնարարականներ տալ ՄԱԿ-ի անդամներին կամ անվտանգության խորհրդին: Գլխավոր ասամբլեան աշխատում է նստաշրջանային կարգով: Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններն մեկնարկում են ամեն տարվա սեպտեմբերին և տևում են 1 տարի: Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամների մեծամասնության պահանջով կարող են գումարվել գլխավոր ասամբլեայի հատուկ կամ արտահերթ նստաշրջաններ:

Նստաշրջանի աշխատանքը անցնում է լիագումար նիստերի և կոմիտեների ու հանձնաժողովների նիստերի ձևով:

Ասամբլեայի յուրաքանչյուր անդամ ունի մեկական ձայն: Կարևոր հարցերով ասամբլեայի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող ՄԱԿ-ի անդամների ձայների 2/3-ով, մյուս հարցերով որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով՝ տարբեր աշխարհագրական խմբերից: Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ունի առաջնային պատասխանատվություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, և պետք է համապատասխան քայլեր և գործողություններ ձեռնարկի (պատժամիջոցների կիրառում, խաղաղության պարտադրում, խաղաղարար կամ խաղաղապահ գործողություն): Անվտանգության խորհրդի որոշումներն ու բանաձևերը չեն կարող ընդունվել, եթե անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից մեկը դեմ է քվեարկում:

Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղությանը ցանկացած սպառնալիքի, խաղաղության ցանկացած խախտման կամ ագրեսիայի գործողության առկայությունը և հանձնարարականներ է տալիս կողմերին կամ որոշում է, թե ինչպիսի միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության վերականգնման համար: Խորհուրդն իրավասու է վեճի կողմերից պահանջել այնպիսի ժամանակավոր միջոցների կատարում, որոնք նա անհրաժեշտ կգտնի: Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են ՄԱԿ-ի բոլոր անդամների համար: Խորհուրդը նաև լիազորված է որոշել, թե զինված ուժերի օգտագործման հետ չկապված ինչպիսի միջոցներ պետք է կիրառվեն իր որոշումներն իրականացնելու համար և կազմակերպության անդամներից պահանջել այդ միջոցների իրականացումը:

Ըստ միջազգային իրավունքի անվտանգության խորհորդը միակ վերազգային մարմինն է, որը կարող է որոշում ընդունել աշխարհի որևէ մասում ուժի կիրառման վերաբերյալ:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կազմված է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվող ՄԱԿ-ի 54 անդամից: Տնտեսական և սոցիալական խորհրդի 18 անդամներ ընտրվում են յուրաքանչյուր տարի՝ 3 տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է ձեռնարկել ուսումնասիրություններ և կազմել զեկույցներ՝ տնտեսության, սոցիալական ոլորտի, մշակույթի, կրթության, առողջապահության բնագավառների միջազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը մասնավորապես, լիազորված է հանձնարարականներ տալ Գլխավոր ասամբլեային՝ մարդու իրավունքների հարգման խրախուսման նպատակով, նախապատրաստել կոնվենցիաներ իր իրավասության հարցերով, համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված տարբեր հիմնարկների և միջազգային այլ կազմակերպությունների հետ, գումարել միջազգային կոնֆերանսներ իր իրավասությանը պատկանող հարցերով, իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Տնտեսական և սոցիալական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկական ձայն: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը սահմանում է ընթացակարգի սեփական կանոններ, ներառյալ՝ մեկ տարի ժամկետով նախագահի ընտրությունը:

Խնամակալության խորհուրդը ստեղծվել է որպես խնամակալության միջազգային համակարգ, որը տարածվում է հետևյալ տարածքների վրա՝ մանդատի ներքո գտնվող տարածքներ, երկրորդ աշխարհամարտի ընթացքում թշանամական պետություններից անջատված տարածքները, տարածքներ, որոնք դրանց կառավարման համար պատասխանատու պետությունների կողմից կամավոր մտցվել են խնամակալության միջազգային համակարգ:

Խնամակալության խորհուրդը կազմված է խնամակալության ներքո գտնվող տարածքները կառավարող պետություններից, խնամակալության ներքո գտնվող տարածքները չկառավարող ՄԱԿ-ի անդամ պետություններից, Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվող՝ ՄԱԿ-ի այն թվով այլ անդամներից, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների հավասարությունն ապահովելու համար: Խորհրդի յուրաքանչուր անդամ ունի մեկ ձայն: Խնամակալության համակարգի հիմնական նպատակը խնամարկյալ տարածքների բնակչության առաջընթացին նպաստելն է: Խնամակալության համակարգի նպատակները որոշ չափով իրականացվել են. սկզբնական խնամակալ 11 տարածքներից խնամակալության համակարգում մնացել է միայն մեկը՝ ԱՄՆ-ի կողմից կառավարվող խաղաղօվկիանոսյան կղզիները (Միկրոնեզիան): Մյուսները հասել են անկախության՝ որպես ինքնուրույն պետություններ կամ միացել են հարևան անկախ պետություններին:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է: Դատարանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի ստատուտի հիման վրա, որը ՄԱԿ-ի կանոնադրության մասն է:

Դատարանը կազմված է 15 անկախ դատավորներից, որոնք ընտրվում են բարձր բարոյական հատկանիշներով օժտված, իրենց երկրներում բարձր դատական պաշտոններում նշանակվելու համար ներկայացվող պահանջներին բավարարող անձանց թվից կամ միջազգային իրավունքի բնագավառում ճանաչված հեղինակություն ունեցող իրավաբաններ են: Դատարանի կազմում չեն կարող լինել միևնույն պետության երկու քաղաքացիներ: Դատարանի անդամները գործում են որպես անհատներ և իրենց պետության ներկայացուցիչներ չեն հանդիսանում: Իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատարանի անդամներն օժտված են ֆունկցիոնալ արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք համահունչ են դիվանագիտական արտոնություններին և անձեռնմխելիությանը: Պետությունները ներկայացնում են դատարանի անդամների թեկնածությունների ցուցակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Դատարանի անդամները ընտրվում են Գլխավոր ասամբլեայի և անվտանգության խորհրդի կողմից առանձին նիստերում: Դատավորների լիազորությունների ժամկետը 9 տարի է, յուրաքանչյուր երեք տարին մեկ վերընտրվում է 5 դատավոր: Դատական նիստերի քվորումն ապահովվում է 9 դատավորի ներկայության պարագայում:

Դատարանի իրավական վիճակը բնութագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դատարանի կողմից քննվող գործի կողմ կարող է լինել միայն պետությունը, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավասու չեն դիմել դատարան: Դատարանի իրավասությանն են վերաբերում պետությունների կողմից նրան հանձնվող բոլոր գործերը և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ու գործող կոնվենցիաներով նախատեսված վեճերը:

Դատարանն իրավասու է այս կամ այն պետության մասնակցությամբ կոնկրետ վեճերը քննել միայն այդ պետության համաձայնությամբ: Սակայն պետությունները կարող են անել հայտարարություններ՝ դատարանի պարտադիր իրավասության ճանաչման մասին: Դատավարությունը դատարանում բաղկացած է երկու փուլից՝ գրավոր և բանավոր: Գրավոր դատավարությունը դատարանին և կողմերին պահանջներ ու առարկություններ հայտնելը, այլ փաստաթղթեր ներկայացնելն է և, որպես կանոն, տևում է մի քանի ամիս:

Բանավոր փուլի ընթացքում դատարանը լսում է վկաներին, փորձագետներին, կողմերի ներկայացուցիչներին, փաստաբաններին և դատավարության այլ մասնակիցներին: Գործի քննությունը դատարանում իրականացվում է հրապարակայնորեն, եթե կողմերը չեն միջնորդում նիստերը փակ անցկացնելու մասին: Կողմերի ելույթներին և գործի նյութերին ծանոթանալուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցության, որն անցնում է փակ նիստով: Բոլոր հարցերը դատարանի կողմից լուծվում են ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է: Դատական նիստի արդյունքներով կայացվում է վճիռ: Վճիռը ստորագրում են դատարանի նախագահն ու քարտուղարը: Այն հայտարարվում է բաց նիստում: Ընդ որում, դատավորներն ունեն հատուկ կարծիքի իրավունք, որը ներկայացվում է գրավոր տեսքով և կցվում է վճռին:

Դատարանն իրավասու է տալ խորհրդակցական եզրակացություններ ցանկացած իրավաբանական հարցով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նման հարցում անելու լիազորությունն ունեցող ցանկացած մարմնի կամ հիմնարկի հարցումով: Դատարանը խորհրդակցական եզրակացությունները կայացնում է բաց նիստում:

ՄԱԿ-ի քարտուղարությունը պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի գլխավոր և օժանդակ մարմինների բնականոն գործունեության ապահովման և սպասարկման, նրանց որոշումների կատարման, ՄԱԿ-ի ծրագրերի և քաղաքականության իրականացման համար: Քարտուղարությունն ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, հրապարակում և տարածում է ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը, պահպանում արխիվները, գրանցում և հրապարակում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերը:

Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը ՄԱԿ-ի գլխավոր վարչական պաշտոնատար անձն է: Գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի երաշխավորությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իրականացնում է քարտուղարության ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարությունը, Գլխավոր ասամբլեային ներկայացնում է ՄԱԿ-ի գործունեության մասին զեկույցը, մասնակցում է միջազգային կոնֆերանսների աշխատանքին, նշանակում է քարտուղարության անձնակազմին և ղեկավարում նրա աշխատանքը:

Իր պարտականությունները կատարելիս գլխավոր քարտուղարը չպետք է ցուցումներ ստանա որևէ կառավարությունից: Քարտուղարության աշխատակիցները նշանակվում են գլխավոր քարտուղարի կողմից՝ Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված կանոններով:

Քարտուղարությունում աշխատանքի պայմանների որոշելը կատարվում է պայմանագրային հիմքով՝ հաշվի առնելով աշխատունակությունը և որակավորման ու բարեխղճության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի համակարգը: Ծրագրերը, մարմիններն ու հատուկ հաստատությունները: ՄԱԿ-ի համակարգ հասկացությունը: Կենտրոնական հաստատությունները և ՄԱԿ-ի բաժանմունքները

ՄԱԿ-ի կանոնադրության 57-րդ և 63-րդ հոդվածների համաձայն՝ ՄԱԿ-ի հետ կապի մեջ են տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում համաձայնագրերով ստեղծված տարբեր հիմնարկներ:

Մասնագիտացված հիմնարկները հիմնադիր փաստաթղթերի և համաձայնագրերի հիման վրա մշտապես գործող միջազգային կազմակերպություններ են:

Ներկայումս գոյություն ունեն ՄԱԿ-ի երկու տասնյակից ավելի մասնագիտացված հիմնարկներ: Դրանց մի մասը կազմավորվել է նախկինում՝ ՄԱԿ-ի ստեղծումից առաջ գործած միջազգային վարչական միություններից: Մյուսները ստեղծվել են երկրորդ աշխարհամարտի ընթացքում կամ դրանից հետո՝ ՄԱԿ-ի կամ շահագրգիռ պետությունների նախաձեռնությամբ:

Մասնագիտացված հիմնարկի հասկացությունը տրված է կանոնադրության 57-րդ հոդվածում, որի բովանդակությունից բխում է, որ մասնագիտացված հիմնարկներն ունեն 4 հիմնական հատկանիշներ՝ հիմնադիր փաստաթղթերի միջկառավարական բնույթը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված «միջազգային մեծ պատասխանատվությունը», սոցիալ-տնտեսական և մարդասիրական ոլորտներում գործունեության իրականացումը, կապակցվածությունը ՄԱԿ-ի հետ:

Վերջին հատկանիշը յուրահատուկ է: Այդ հատկանիշով մասնագիտացված հիմնարկներն առանձնացվում են որպես հատուկ խումբ: Մասնագիտացված հիմնարկները մշտապես գործող միջազգային կազմակերպություններ են, նրանց գործունեությունը սահմանափակված չէ համապատասխան ժամկետով, իսկ կազմակերպությունների հիմնադիր ակտերը որպես կանոն, դրանց լուծարման ընթացակարգ չեն նախատեսում:

Ըստ ոլորտի՝ մասնագիտացված հիմնարկները կարելի է բաժանել երկու խմբի՝

Տնտեսական ոլորտի.

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

Արժութային միջազգային հիմնադրամ

Զարգացման միջազգային ընկերակցություն

Միջազգային ֆինանսական կորպորացիա

Մթերային և գյուղատնտեսական կորպորացիա

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն

Միջազգային ծովային կազմակերպություն

Համաշխարհային փոստային միություն

Էլեկտրակապի միջազգային միություն

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ

Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO)

Հումանիտար ոլորտի.

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպություն (UNESCO)

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Առողջապահության միջազգային կազմակերպություն

Միավորված ազգերի մանկական հիմնադրամ (UNISEF)

ՄԱԿ-ի բարեփոխումները.

Վերջին տասնամյակում միջազգային հարաբերությունների օրակարգային հարց է դարձել ՄԱԿ-ի բարեփոխման հարցը, որի ջատագովները գտնում են, որ այսօր կազմակերպության կանոնադրությունը, նրա գործունեությունը պետք է համապատասխանի 21-րդ դարի պահանջներին և իրողություններին, կառուցվածքային ստորաբաժանումները պետք է կրճատվեն, քանի որ համակարգը չափից դուրս ուռճացված և կոռումպացված է, որոշ հիմնական մարմիններ կորցրել են իրենց նշանակությունն ու դերակատարությունը:

Բարեփոխման հիմնական խնդիրներից է նաև անվտանգության խորհրդի մշտական անդամների թվաքանակի ընդլայնումը՝ այսօր միջազգային բեմահարթակում կարևոր քաղաքական և տնտեսական դերակատարում ունեցող երկրների ընդգրկմամբ: Մասնավորապես անվտանգության խորհրդի մշտական անդամակցության հավակնություններ են հայտնում Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան և մի քանի այլ պետություններ: Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը դժկամությամբ է վերաբերվում նման հավակնություններին՝ չցանկանալով զիջել համաշխարհային անվտանգության վերաբերյալ որոշումներ ընդունելու յուրատեսակ մենաշնորհը՝ պատճառաբանելով դա՝ նման ծանրակշիռ հարցերում հապճեպ լուծումների գնալու վնասակարությամբ:

Հայաստանը դրական է վերաբերվում ՄԱԿ-ի բարեփոխմանն ուղղված նախաձեռնություններին՝ ընդգծելով, որ կառույցը պետք է դառնա այսօրվա իրողություններին առավել համապատասխան: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սատարել մի շարք երկրների՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:

ՄԱԿ-ի գործունեությունն ըստ ոլորտների: Խաղաղարար գործունեությունը: Խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններ: Էմբարգոն և պատժամիջոցները: Միջազգային իրավունքի կոդիֆիկացիա: Զարգացման և օժանդակության գործողություններ, ապագաղութացում

ՄԱԿ-ի առաջնահերթ նպատակներից մեկը համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանումն է: Իր ստեղծումից ի վեր ՄԱԿ-ը հաճախ է հրավիրվել՝ կանխելու բանավեճերը պատերազմի վերաճելը, համոզելու հակադիր կողմերին բանակցությունների սեղանը նախընտրել զենքի ուժից, օգնելու խաղաղության վերականգնմանն այն դեպքերում, երբ հակամարտությունն արդեն սկսվել է: Տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը նպաստել է բազմաթիվ հակամարտությունների դադարեցմանը, հաճախ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերով զբաղվող իր հիմնական մարմնի՝ անվտանգության խորհրդի գործողությունների միջոցով:

Անվտանգության խորհուրդը, գլխավոր ասամբլեան և գլխավոր քարտուղարը հիմնականում միմյանց լրացնող դեր են կատարում խաղաղության և անվտանգության խթանման գործում:

ՄԱԿ-ի միջոցառումները վերաբերում են կանխարգելմանն ու խաղաղարարությանը, խաղաղապահությանը, խաղաղաշինությանը և զինաթափմանը:

Քաղաքացիական հակամարտություններ

1990-ականների ընթացքում հակամարտությունների բնույթի զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Հակամարտությունների 90%-ը ավելի շուտ ներքին են, քան երկրների միջև:

Ըստ այդմ էլ ՄԱԿ-ը վերանայել և հզորացրել է իր տրամադրության տակ գտնվող միջոցները՝ շեշտադրելով հակամարտությունների կանխարգելումը, շարունակաբար համապատասխանեցնելով խաղաղարար գործողությունները, ընդգրկելով տարածաշրջանային կազմակերպություններին, ամրապնդելով հետկոնֆլիկտային խաղաղաշինությունը:

Քաղաքացիական հակամարտությունների կարգավորման նպատակով անվտանգության խորհուրդը հավանություն է տվել համալիր և նոր բնույթի խաղաղապահպան գործողություններին: Սալվադորում և Գվատեմալայում, Կամբոջայում և Մոզամբիկում հակամարտություններին վերջ դնելու և համերաշխությունը խթանելու գործում ՄԱԿ-ը գլխավոր դեր է խաղացել:

Սակայն այլ հակամարտություններ Սոմալիում, Ռուանդայում, նախկին Հարավսլավիայում, որոնք ուղեկցվում էին էթնիկական բռնություններով, ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության առջև նոր խնդիրներ են դրել: Բախվելով այդ հակամարտությունների հետ կապված խնդիրներին՝ հաճախ այդտեղ ձախողվելուց հետո (Ռուանդա, նախկին Հարավսլավիա)՝ անվտանգության խորհուրդը 1995-1997թթ. խուսափել է նոր խաղաղարար գործողություններ սկսելուց:

Այնուամենայնիվ, խաղաղապահպանության բնագավառում ՄԱԿ-ի հիմնական դերը ակնհայտորեն վերահաստատվեց: Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Արևելյան Թիմորում, Կոսովոյում, Սիեռա Լեոնեում և Եթովպիա-Էրիթրեայում շարունակվող հակամարտություններն ստիպեցին խորհրդին 1998-2000թթ. սկսել 6 նոր առաքելություն:

Անվտանգության խորհուրդը իր գործունեության ընթացքում կիրառել է մի շարք պատժամիջոցների և էմբարգոների օրինակներ (Հարավային Աֆրիկա, Իրաք, նախկին Հարավսլավիա, Իրան, Լիբիա), կառույցի որոշումների հիման վրա ռազմական գործողություններ է իրականացրել Կորեայում, Քուվեյթում, Սոմալիում, Իրաքում, Աֆղանստանում:

Խաղաղաշինություն

Հիմնվելով վերջին տարիների փորձի վրա, ՄԱԿ-ն ավելի քան երբևէ իր ուշադրության կենտրոնում է պահում խաղաղաշինությունը՝ խաղաղությունն ամրապնդելուն աջակցող համակարգերի ստեղծումը: Փորձը ցույց է տվել, որ խաղաղության պահպանումը այն է՝ զինված հակամարտությունից խուսափելը, բավարար չէ հաստատուն և տևական խաղաղության ապահովման համար: Նման անվտանգություն հնարավոր է ապահովել միայն օգնելով պետություններին՝ խթանելու տնտեսական զարգացումը, սոցիալական արդարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդար կառավարումը և ժողովրդավարացման գործընթացը:

Սառը պատերազմի ընթացքում գործող հակամարտությունների 25%-ը հնարավոր եղավ լուծել կամ կանխել, իսկ սառը պատերազմի վերջին տարիներին և ավարտից հետո այդ թիվը հասել էր 36%-ի: Այդ ժամանակ զգալիորեն ավելացավ առաքելությունների թիվը՝ 5-ից 17, խաղաղապահների քանակը դարձավ 12.000-ից 78.000, խաղաղապահ նպատակներով զորք տրամադրող երկրների թիվը աճեց՝ 26-ից 70-ի:

Տնտեսական և սոցիալական զարգացում

Թեև ՄԱԿ-ը նույնացնում են խաղաղության և անվտանգության խնդիրների հետ, կազմակերպության միջոցների մեծ մասը նպատակաուղղված է անդամ երկրների տնտեսական, սոցիալական և կայուն զարգացմանը: ՄԱԿ-ի գործադրած ջանքերը զարգացման ասպարեզում հիմնովին ազդել են միլիոնավոր մարդկանց կյանքի և բարեկեցության վրա ողջ աշխարհում:

ՄԱԿ-ի գործունեության առաջնորդող ուժն այն համոզմունքն է, որ տեսական միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր են միայն մարդկանց տնտեսական և սոցիալական բարեկեցության ապահովման դեպքում:

Վերջին 5 տասնամյակներում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և սոցիալական փոխակերպումներից շատերն իրենց վրա կրել են ՄԱԿ-ի գործունեության զգալի ազդեցությունը: Որպես փոխհամաձայնության համաշխարհային կենտրոն՝ ՄԱԿ-ը առանձին երկրների զարգացման ջանքերին օժանդակելու և տնտեսական նպաստավոր միջավայրի ստեղծումը խթանելու նպատակով սահմանել է միջազգային համագործակցության առաջնահերթություններ ու նպատակներ:

Ընդհանուր շահեր

Տնտեսական և սոցիալական հարցերի միջազգային քննարկումը ավելի ու ավելի է անդրադառնում անդրսահմանային հիմնախնդիրների լուծման ժամանակ հարուստ և աղքատ երկրների ընդհանուր շահերին: Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շրջակա միջավայրը, փախստականները, կազմակերպված հանցավորությունը, ահաբեկչության դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և ՁԻԱՀ-ը, այսօր դիտվում են որպես համատեղ գործողություններ պահանջող գլոբալ հիմնախնդիրներ: Մի տարածաշրջանի չքավորության  և գործազրկության ազդեցությունն իսկույն զգացվում է այլ շրջաններում առնվազն ներգաղթի, սոցիալական պառակտման և առճակատման միջոցով: Նույն կերպ, գլոբալ տնտեսության դարում որևիցե երկրի ֆինանսական անկայունությունն իրեն անմիջապես զգացնել է տալիս այլ երկրների շուկաներում:

Զարգացմանն ուղղված գործողությունների համակարգում

Տնտեսական և սոցիալական խորհուրդը ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական գործունեությունը համակարգող հիմնական մարմինն է: ՄԱԿ-ի համակարգը աշխատում է հանուն տնտեսական, սոցիալական և կայուն զարգացման: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակները զարգացող երկրներում լայնածավալ ծրագրեր են իրականացնում և համակարգում ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը:

Մարդու իրավունքներ

ՄԱԿ-ի յուրաքանչյուր մարմին և մասնագիտացված գործակալություն որոշակիորեն ներգրավված է մարդու իրավունքների պաշտպանության գործում: ՄԱԿ-ի մեծ նվաճումներից մեկը մարդու իրավունքների վերաբերյալ օրենքների ընդգրկուն մարմնի ստեղծումն է, որը պատմության մեջ առաջին անգամ ապահովում է մարդու իրավունքների համընդհանուր և միջազգայնորեն պաշտպանված մի օրենսգիրք, որին բոլոր պետությունները կարող են միանալ և բոլոր ժողովուրդները կարող են ձգտել:

ՄԱԿ-ը ոչ միայն սահմանել է միջազգայնորեն ճանաչված իրավունքների մի ամբողջ շարք, այլև հաստատել է այդ իրավունքներն առաջ մղելու ու պաշտպանելու, ինչպես նաև կառավարություններին իրենց պարտականությունները կատարելու գործում օժանդակելու մեխանիզմները: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հիմնական մարմինն է Ժնևում տեղակայված մարդու իրավունքների խորհուրդը:

Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը

Օրենքների այս փնջի հիմքում ընկած են ՄԱԿ-ի կանոնադրությունը և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ընդունված 1948թ. Գլխավոր ասամբլեայի կողմից: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ն աստիճանաբար ընդլայնել է մարդու իրավունքների վերաբերյալ իրավական դաշտը՝ ընդգրկելով հատուկ չափանիշներ կանանց, երեխաների, հաշմանդամների, փոքրամասնությունների, միգրանտ աշխատողների և այլ խոցելի խմբերի համար, որոնք ներկայումս իրենց խտրական վերաբերմունքից պաշտպանող իրավունքներ ունեն, ինչը վաղուց ի վեր տարածված երևույթ է շատ հասարակություններում:

Իրավունքներն ընդլայնվել են Գլխավոր ասամբլեայի վճռորոշ որոշումներով, որոնք աստիճանաբար հաստատել են իրենց համընդհանրությունը, անբաժանելիությունն ու փոխկապվածությունը զարգացման ու ժողովրդավարության հետ:

Մարդու իրավունքներին ուղղված գործողություններ

Կրթական արշավներն անդադար իրազեկել են աշխարհի ժողովուրդներին իրենց անօտարելի իրավունքների մասին, բազմաթիվ ազգային դատական ու քրեական համակարգեր բարելավվել են ՄԱԿ-ի վերապատրաստման ծրագրերի ու տեխնիկական խորհուրդների միջոցով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների դաշնագրերի կենսագործումը վերահսկող մեխանիզմը անդամ պետությունների շրջանում նշանակալի ձև ու կշիռ է ձեռք բերել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն աշխատում է ամրապնդել և համակարգել ՄԱԿ-ի աշխատանքն՝ ուղղված ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց բոլոր իրավունքների պաշտպանությանն ու առաջմղմանը: Գլխավոր քարտուղարը մարդու իրավունքները դարձրել է կազմակերպության աշխատանքը համախմբող հիմնական թեման:

Տարածաշրջանային կազմակերպությունները ևս մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը, և այդ նպատակով կազմակերպությունների շրջանակներում գործում են հատուկ մասնագիտացված ինստիտուտներ:

Մարդասիրական գործողություններ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում մարդկանց զանգվածային տեղահանումներին և ավերածություններին հետևած իր առաջին համակարգված մարդասիրական օգնության գործողությունից հետո ՄԱԿ-ին է միջազգային հանրությունը վստահում բնական ու մարդածին աղետներին արձագանքելու և օժանդակության գործողություններն առաջնորդելու պարտականությունը, որը վեր է ազգային իշխանությունների կարողություններից:

Այսօր կազմակերպությունն օգնության և երկարաժամկետ օժանդակության խոշոր տրամադրող է, կառավարությունների ու օգնության գործակալությունների գործողությունների համակարգող և արտակարգ իրավիճակների առաջ հայտնված ժողովուրդների դատի պաշտպան:

Արտակարգ իրավիճակներ

Վերջին տասնամյակներում քաղաքացիական պատերազմները դարձել են արտակարգ իրավիճակների հիմնական պատճառը: Միայն վերջին երկու տասնամյակում ռազմական գործողությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ են տեղահանվել: Բնական աղետների՝ ջրհեղեղների, երաշտների, փոթորիկների, երկրաշարժերի հետևանքով մահացել է ավելի քան 50 հազար մարդ, և 90 մլրդ դոլարը գերազանցող տնտեսական վնաս հասցվել՝ 1998 թվականից սկսած: Աղետների զոհերի ավելի քան 90 %-ն ապրում է զարգացող երկրներում, խոսուն ցուցանիշ, թե որքան են աղքատությունը, բնակչության ճնշվածությունն ու բնապահպանական քայքայումը բազմապատկում տառապանքն ու ավերածությունները:

ՄԱԿ-ը գործում է երկու ճակատով: Մի կողմից՝ փորձում է անմիջական օգնություն տրամադրել զոհերին, հիմնականում իր գործառնական գործակալությունների միջոցով, մյուս կողմից՝ փորձում է առավել արդյունավետ ռազմավարություն որդեգրել՝ հենց սկզբից կանխելու արտակարգ իրավիճակների առաջացումը:

Օժանդակություն

Երբ աղետ է պատահում, ՄԱԿ-ն ու իր գործակալությունները շտապում են մարդասիրական օժանդակություն տրամադրել: Միայն 2000թ. մարդասիրական օգնության համակարգման գրասենյակը 16 միջգործակալական հայտ է ներկայացրել, որոնք հավաքել են ավելի քան 1.4 մլրդ դոլար 16 երկրների ու տարածաշրջանների 35 մլն մարդու օգնելու համար:

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը միջազգային պաշտպանություն և օժանդակություն է տրամադրում տարեկան ավելի քան 22 միլիոն փախստականների և տեղահանվածների: Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալությունը ավելի քան միլիոն գրանցված պաղեստինցի փախստականների ապահովում է կրթությամբ, առողջապահությամբ, օգնության ու սոցիալական ծառայություններով: Պարենի համաշխարհային ծրագիրը կանոնավորապես առաքում է աշխարհի պարենի արտակարգ օգնության 1/3-ը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր:

Կանխարգելում

Աղետների կանխարգելումը փորձում է նվազեցնել հասարակությունների խոցելիությունը աղետների հանդեպ և հաղթահարել դրանց մարդածին պատճառները: Վաղ զգուշացումը հատկապես կարևորվում է կարճաժամկետ կանխարգելման դեպքում, և գործակալությունները հզորացնում են իրենց կարողություններն այս ոլորտում՝ վերահաս սովը վերահսկելուց մինչև մերձարևադարձային ցիկլոնների կանխատեսումն ու երաշտների վերահսկումը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն օժանդակում է աղետների հանդեպ հակվածություն ունեցող երկրներին անակնկալներին դիմագրավելու ծրագրեր մշակելու և պատրաստվածության այլ միջոցառումներ ձեռնարկելու խնդրում:

Հակամարտությունների կանխարգելման ռազմավարությունը համապարփակ ձևով անդրադառնում է հակամարտության արմատներին: Այն խթանում է անվտանգությունը, տնտեսական աճը, լավ կառավարումն ու հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, որոնք շարունակում են համարվել ամենալավ պաշտպանությունը ավելի ու ավելի հաճախակի պատահող աղետների դեմ, լինեն դրանք բնական թե արհեստածին:

Միջազգային իրավունք

ՄԱԿ-ի ամենատպավորիչ նվաճումներից է միջազգային իրավունքի նորմերի կոդիֆիկացիան՝ կոնվենցիաների, պայմանագրերի ու ստանդարտների մշակումը, որոնք կենտրոնական դեր են խաղում քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացումը, ինչպես նաև խաղաղությունն ու անվտանգությունը առաջ մղելու և պետությունների միջև փոխհարաբերությունների կանոնները սահմանելու գործում: Համաձայնագրերից շատերը, որոնք մշակվել և կնքվել են ՄԱԿ-ի շրջանակներում, կազմում են պետությունների միջև հարաբերությունները կարգավորող միջազգային օրենսդրության հիմքը: Որքան էլ ՄԱԿ-ի աշխատանքն այս ուղղությամբ միշտ չէ, որ ուշադրության է արժանանում, այն ամենուրեք ամենօրյա ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա:

Տարիների ընթացքում ՄԱԿ-ը հովանավորել է ավելի քան 500 բազմակողմ պայմանագրերի ստեղծումը, որոնք անդրադառնում են պետությունների միջև առկա ընդհանուր մտահոգությունների լայն շրջանակի և իրավական պարտադիր ուժ ունեն այն երկրների համար, որոնք վավերացրել են դրանք, այսինքն՝ դրանց համար հանդիսանում են միջազգային իրավունքի աղբյուր:

Շատ ոլորտներում ՄԱԿ-ի իրավական աշխատանքը առաջինն է եղել: Նա եղել է խնդիրների լուծման առաջնային գծում, երբ դրանք ստացել են միջազգային նշանակություն՝ ապահովելով իրավական հենքը շրջակա միջավայրի պահպանության համար, կանոնակարգելով միգրանտ աշխատողների աշխատանքը, կանխելով թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և պայքարելով ահաբեկչության դեմ, եթե թվելու լինենք խնդիրներից միայն մի քանիսը:

Այս աշխատանքն այսօր էլ շարունակվում է, երբ հարաբերությունների կանոնակարգման առումով ՄԱԿ-ն իր նպաստն է բերում միջազգային իրավունքի առավել կենտրոնացվածությանը խնդիրների այնպիսի լայն շրջանակում, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքները:

Ապագաղութացում

Շուրջ 100 պետություն, որոնց ժողովուրդները եղել են գաղութային լծի տակ, 1945թ. կազմակերպության ստեղծումից ի վեր միացել են ՄԱԿ-ին՝ որպես անկախ պետություններ:

Շատ այլ տարածքներ ինքնորոշվել են ուրիշ անկախ պետությունների հետ քաղաքական միացման կամ նրանց ինտեգրվելու միջոցով: ՄԱԿ-ը որոշիչ դեր է խաղացել այդ պատմական փոփոխության հարցում՝ խրախուսելով կախյալ ժողովուրդների հավակնությունները և հաստատելով նպատակներ ու չափանիշներ՝ նրանց կողմից անկախության ձեռքբերումն արագացնելու համար: Կազմակերպությունը նաև վերահսկել է անկախության տանող ընտրությունները Տոգոլենդում 1956թ. և 1968թ., Արևմտյան Սամոայում 1961թ., Նամիբիայում 1989թ., Արևելյան Թիմորում 1999թ., Հարավային Սուդանում՝ համաժողովրդական հանրաքվեով (2011թ.):

Ինքնորոշում և անկախություն

ՄԱԿ-ի ապագաղութացման ջանքերը բխում են կանոնադրության՝ «ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման» մասին սկզբունքից, ինչպես նաև կանոնադրության՝ կախյալ ժողովուրդների խնդիրներին նվիրված երեք հատուկ գլուխներից:

1960 թվականից ի վեր Գլխավոր ասամբլեան առաջնորդվել է նաև գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագրով, որը հայտնի է նաև որպես ապագաղութացման հռչակագիր, որով անդամ պետությունները հռչակեցին գաղութատիրությունն արագ վերացնելու անհրաժեշտությունը: Կազմակերպությունը նաև առաջնորդվել է Գլխավոր ասամբլեայի 1960թ. ընդունված թիվ 1541 բանաձևով, որը երեք տարբերակ է սահմանել ոչ ինքնակառավարվող տարածքներին լիիրավ ինքնակառավարում վերապահելու համար: Չնայած գաղութատիրության դեմ պայքարում արձանագրված առաջխաղացմանը, մոտ 1.3 մլն մարդ է ապրում գաղութատիրության պայմաններում, և ՄԱԿ-ը շարունակում է իր ջանքերն՝ ուղղված մնացած ոչ ինքնակառավարվող տարածքներում ինքնորոշման կամ անկախության ձեռքբերմանը:

Բազմակողմ դիվանագիտությունն ու մարդու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմակողմ մարմիններ և վերջիններիս գործունեությունը: Միջազգային դատական ատյաններ

Մարդու իրավունքները դեռ բազմակողմ դիվանագիտության սկզբնավորման փուլում առաջնային տեղ էին զբաղեցնում: Միջազգային հումանիտար իրավունքի ստեղծումը 19-րդ դարավերջին միտված էր հենց մարդու իրավունքների պաշտպանությանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվեց դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Պատմական նշանակություն ունեցող այս որոշումն ազդարարում էր, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ և խղճով ու պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հռչակագրում թվարկված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկիրը կամ տարածքը, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը՝ անկախ, խնամակյալ, ոչ ինքնավար, թե ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:

Սույն փաստաթղթի վրա հիմնվելով՝ կառուցվեց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի միջազգային գործունեությունը, ստեղծվեցին բազմաթիվ միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը:

1966թ. ընդունվեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, որն ուժի մեջ մտավ 10 տարի անց: Այս փաստաթուղթը ևս կարևոր ներդրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում մշակվել և ստորագրվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ընդգրկում են մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակ հնարավորություններով մարդկանց, երեխաների, գերիների, կանանց, դատապարտյալների, ազգային և սեռական փոքրամասնությունների իրավունքները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, որ ստեղծվեց 2006թ., փոխարինեց տասնամյակներ գործած մարդու իրավունքների հանձնաժողովին, և ներկայումս գլխավոր ասամբլեայի երրրորդ կոմիտեի հետ իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ հանձնառությունը: Մարդու իրավունքների խորհուրդը մշակել է իր աշխատակարգը, որը ընթանում է համընդհանուր պարբերական վերանայման մեխանիզմի միջոցով, ինչը գնահատում է մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում: Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում գործում է բողոքարկման մեխանիզմը, որը հնարավորություն է ընձեռում անդամ պետությունների քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդի ուշադրությունը հրավիրել երկրներում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վրա:

ՄԱԿ-ի կառուցվածքում առկա են մի շարք մարմիններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ մարդու իրավունքների խորհուրդ, մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ինստիտուտ, փոքրամասնությունների դեմ խտրականության պայքարի և նրանց պաշտպանության ենթահանձնաժողով, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ինստիտուտ:

Գոյություն ունեն մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային միջազգային կազմակերպություններ: Եվրոպայում դրանցից են՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են մի քանի հարուր հասարակական կազմակերպություններ, որոնցից շատերի տեղեկատվական ցանցը և հեղինակությունը ավելի բարձր է, քան առանձին վերցրած միջազգային կազմակերպության կամ պետության հեղինակությունը: Դրանցից են՝ Amnesty International-ը, Freedom House-ը և այլն:

Միջազգային դատական ատյաններ

Թերևս ամենահայտնի միջազգային դատարանը, որը շատ հաճախ հենց այդպես էլ անվանվում է, Հաագայում տեղակայված արդարադատության միջազգային դատարանն է: Գործում են նաև այլ ունիվերսալ միջազգային դատական ատյաններ, որոնցից ամենահինը մշտական միջնորդ դատարանն է: Այն հիմնադրվել է 1899թ. Հաագայի առաջին խաղաղության համաժողովի որոշման արդյունքում և զբաղվում է պետությունների և կազմակերպությունների միջև ծագած վեճերի արբիտրաժային կարգավորմամբ:

Միջազգային քրեական դատարանը հիմնվել է 1998թ. ստորագրված (ուժի մեջ է մտել 2002թ.) Հռոմի ստատուտի հիման վրա և միավորում է 114 պետություն: Ըստ կանոնադրության՝ այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են խոշոր հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ:

Գործում են նաև նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը, Ռուանդայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը:

Զինաթափման գլոբալ խնդիրները, սպառազինությունների սահմանափակումը և սպառազինությունների վերահսկումը: Սպառազինությունների կրճատման բնագավառում բազմակողմ մեխանիզմներ: Զինաթափման բնագավառի համաձայնությունների իրականացման և վերահսկման մեխանիզմները

Զինաթափումը ՄԱԿ-ի ստեղծման առաջին իսկ օրերից գլխավոր տեղ էր զբաղեցրել կազմակերպության օրակարգում: Դեռ ավելի վաղ մինչև Ազգերի լիգայի ստեղծումը 19-րդ դարավերջին տեղի ունեցած Հաագայի խաղաղության կոնֆերանսների օրակարգում զինաթափումը կենտրոնական տեղ էր զբաղեցնում: Ազգերի լիգայի կանոնադրության մեջ զինաթափումը ամրագրված էր ՝ որպես կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Սակայն այս ոլորտում ազգերի լիգան զգալի արդյունքների չհասավ:

ՄԱԿ-ի կանոնադրությունը և՛զինաթափումը, և՛ սպառազինությունների վերահսկումը հռչակում է որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում հիմնական սկզբունք: Կանոնադրությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեին հնարավորություն է տալիս քննարկելու այդ սկզբունքներին համահունչ պետությունների իրականացրած գործողությունները և համապատասխան հանձնարարականներ տալ անվտանգության խորհրդին և կազմակերպության անդամներին:

Ներկայումս զինաթափումը լայնորեն ճանաչված է որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Սակայն այն ուղիղ կերպով չի պարտավորեցնում պետություններին զինաթափվել, միայն պահանջում է զինաթափման վերաբերյալ նոր միջազգային պայմանագրեր կնքել և կատարել ստանձնած պարտավորությունները՝ ըստ նախկինում կնքված փաստաթղթերի դրույթների: 1952թ. Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձև ընդունեց, որով անվտանգության խորհրդին կից ստեղծվեց ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովը, որը նոր շունչ ստացավ 1978թ., երբ այն ստացավ առանձին կառույցի կարգավիճակ և այժմ պարբերական նիստեր է գումարում գլխավոր ասամբլեայի նիստերի ընթացքում և հաշվետու է գլխավոր ասամբլեային: Յուրաքանչյուր նիստի ժամանակ, որոնք տեղի են ունենում սովորաբար գարնանը և տևում են երեք շաբաթ, հանձնաժողովը քննում է առավելագույնը երկու հարց: Հանձնաժողովի կողմից մշակվում են զինաթափմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Գոյություն ունի պարբերաբար կատարման ենթակա հաշվետվությունների պահանջ, որի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է ամենամյա հաշվետվություններ ներկայացնել ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովին:

Նույնպես 1978թ. հիմնվեց գլխավոր քարտուղարին կից զինաթափման հարցերով խորհրդատվական խումբը:

ՄԱԿ-ը ստեղծեց զինաթափման տարածաշրջանային կենտրոններ, որոնք գործում են Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում:

Բազմակողմ դիվանագիտության շնորհիվ 20-րդ դարի երկրորդ կեսին կնքվեցին զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր, զգալի առաջընթաց արձանագրվեց սպառազինությունների կրճատման և զինաթափման վերաբերյալ նախաձեռնությունների առաջադրման և դրանց աջակցման հարցում՝ գլխավոր ասամբլեայի բանաձևերի, փորձագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով:

Զինաթափման վերաբերյալ գլոբալ պայմանագրերն են.

Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը. 1968թ. (բոլոր պետությունները, բացառությամբ Հնդկաստանի, Պակիստանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի միացել են փաստաթղթին) ստեղծվեց ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որն ունի վերահսկողական ֆունկցիաներ:

Կենսաբանական զենքի արգելման մասին կոնվենցիա 1975թ.

Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան (1997թ.), որի հիման վրա ստեղծվեց նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:

Հիմնվեցին միջուկային զենքից զերծ գոտիները, Անտարկտիկայի մասին պայմանագիրը, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր (Տլատելոկո 1967թ.), միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու մասին համաձայնագրեր՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում (Ռարոտոնգա 1985թ.), Հարավարևելյան Ասիայում (Բանգկոկ 1995թ.) և Աֆրիկայում (Պելենդար 1996թ.):

Միջազգային հարաբերությունների զարգացման հետ միաժամանակ ուշադրությունը զանգվածային ոչնչացման զենքից տեղափոխվեց նաև սովորական սպառազինությունների վրա և դրանց տնօրինումը վերահսկելու նպատակով հիմնադրվեց (1992թ.) ՄԱԿ-ի սովարական սպառազինությունների ռեգիստրը, որին ՄԱԿ-ի անդամ պետությունները ամենամյա պաշտոնական հաշվետվություններ են ներկայացնում զինատեսակի և ռազմական տեխնիկայի 7 տեսակների արտահանման և ներմուծման վերաբերյալ՝ տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռներ, ռազմանավեր և հրթիռներ:

1990թ. բավականին երկար բանակցություններից հետո ստորագրվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, որը մինչ օրս լուրջ դերակատարում ունի եվրոպական մայրցամաքում սպառազինությունների վերահսկման ոլորտում: ԵՍԶՈւ մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման խոշոր բազմակողմ պայմանավորվածություն է, որի նպատակը մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է: Միևնույն ժամանակ, պայմանագրի առաքելությունների թվում է նաև մասնակից երկրների միջև վստահության, թափանցիկության և անվտանգության ամրապնդումը: Հայաստանը ԵՍԶՈւ-ն դիտարկում է որպես եվրոպական կայունության և անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Ի տարբերություն ԵԱՀԿ այլ սպառազինությունների վերահսկման ռեժիմների, պայմանագիրը իրենից ներկայացնելով պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է վերիֆիկացիա, սպառազինությունների կրճատում և տեսչական ստուգումներ: Պասիվ քվոտաների քանակի համաձայն՝ սովորաբար այլ անդամ երկրների կողմից Հայաստանի զինված ուժերում արդյունավետ իրականացվում են չորս տեսչական ստուգումներ (ներառյալ՝ բազմազգ): Երբևէ չի գրանցվել պայմանագրի խախտման որևէ լուրջ դեպք: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը նաև ակտիվ է այս բնագավառում:

1997թ. Օտտավայի համաժողովի արդյունքում կնքվեց հակահետևակային ականների արտադրության պահպանման, օգտագործման և փոխանցման արգելման մասին կոնվենցիան: Հայաստանը չի վավերացրել այս կոնվենցիան՝ պայմանավորելով այն Ադրբեջանի կողմից վավերացմամբ:

Բազմակողմ դիվանագիտությունը՝ միջազգային պաշտոնյայի աչքերով

21-րդ դարի սկզբին բազմակողմ դիվանագիտությունն ամբողջությամբ արտացոլեց աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները: Սառը պատերազմի ավարտից հետո տարբեր ձևաչափներով և ոլորտներում ստեղծվեցին համագործակցության լայն, առավել ընդգրկուն հնարավորություններ: Սակայն վերոհիշյալ փոփոխությունները նաև զգալի խժդժություններ ստեղծեցին նախկին դաշնակիցների միջև, որոնք միավորված էին գաղափարական ճամբարներում: Սրա ապացույցն է ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք, պատերազմը Իրաքում, Կոսովոյի ճանաչումը մի շարք պետությունների կողմից:

Երկբևեռ աշխարհը վերածվեց միաբևեռի և մեկ պետություն՝ ԱՄՆ-ն, իր վրա վերցրել էր մի մեծ կառույցի, ինչպես հաճախ ասում են «միջազգային ժանդարմի» դերակատարություն, և ամենալուրջ ազդեցությունն ունի միջազգային քաղաքականության վրա ոչ միայն որպես պետություն, այլև բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ International Crisis Group, National Democratic Institute, դրանց կողմից իրականացվող ծրագրերի և տրվող դրամաշնորհների միջոցով:

Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզումը ի մի բերեց նոր բլոկներ և միավորումներ, կարելի է ասել հիմքեր ստեղծեց բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացման համար, ՄԱԿ-ը սկսեց կամ արտոնեց իրականացնել մի շարք խաղաղապահ առաքելություններ ՆԱՏՕ-ին:

Սկսեցին կազմակերպվել տարբեր հարցերի շուրջ բազմաթիվ համաժողովներ և գագաթաժողովներ, որոնք պետությունների միջև լուրջ հակասությունների պատճառով ապարդյուն էին անցնում:

Դասական դիվանագիտությունը, որով զբաղվում էին զուտ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցները, զիջեց իր տեղը և այս ամենի արդյունքում դիվանագիտական գործունեությամբ զբաղվող պրոֆեսիոնալների քանակը զգալիորեն աճեց, և այդ գործով սկսեցին զբաղվել տարբեր պետական կառույցներ՝ տարբեր ճյուղային գերատեսչություններ՝ ըստ իրենց նեղ մասնագիտացման, ոչ կառավարական կազմակերպություններ:

Այժմ դիվանագետները որոշումներ ընդունելիս պետք է հաշվի առնեն զինվորականների, հետախուզության, գյուղատնտեսների, բնապահպանների, տնտեսագետների և մշակույթի գործիչների կարծիքները, այսինքն՝ փորձագետների: Սրա դասական արտացոլումն է եվրոպական հանձնաժողովը և ԵՄ-ում հավատարմագրված այդ կառույցի ներկայացուցչություններում աշխատող նեղ մասնագետների առկայությունը:

Ինտերնետը և հաղորդակցության այլ ժամանակակից միջոցների աննախադեպ զարգացումը հնարավորություն ընձեռեցին հասարակություններին, հասարակ քաղաքացիներին ուղղակի մասնակից դառնալ քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Մարդիկ հնարավորություն ստացան իրենց կարծիքը տեղ հասցնել, ճնշումներ գործադրել գործադիր և օրենսդիր իշխանությունների վրա այս կամ այն հարցով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց անմիջական օգտագործումը բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, տեղեկատվության արագ տարածումը մեծապես փոխեցին դիվանագիտության դասական խորհրդապահական բնույթը և դիվանագետների գործունեության եղանակները:

ՄԱԿ-ն իր հերթին ընկավ ճգնաժամի մեջ: 1990-ականների վերջին խաղաղապահ առաքելությունների անհաջողությունները, ՄԱԿ-ի հովանու ներքո գումարված համաժողովների և գագաթաժողովների որոշումների չկատարումը՝ հազարամյակի նպատակներ, մարդու իրավունքներ, սոցիալական խնդիրներ, կազմակերպության ֆինանսական դժվարությունները, և ամենակարևոր անդամների կողմից ՄԱԿ-ի, բազմակողմ դիվանագիտության և միջազգային իրավունքի անտեսումը լուրջ վնաս հասցրին կառույցի հեղինակությանը:

ՄԱԿ-ի հիմնական սկզբունքը դա պետության ինքնիշխանությունն է: Պետության ինքնիշխանությունը դա պետության կարողությունն է իր ճանաչված սահմաններում իրականացնել իր իշխանությունը՝ առանց այլ պետությունների միջամտության: Ինքնիշխանության հայեցակարգը շատ կարևոր դերակատարություն ուներ հատկապես վեստֆալյան աշխարհակարգի ժամանակ, ինչը թույլ էր տալիս փոքր պետություններին գոյատևել պատերազմների և մեծ տերությունների միջև պայքարում: Սակայն միջազգային կազմակերպությունների ստեղծմամբ պետություններն իրենց ինքնիշխանության մի մասը զիջեցին այդ կազմակերպություններին: Տնտեսական հզորություն և քաղաքական կշիռ ունեցող պետությունները օգտագործելով նաև միջազգային կազմակերպությունների գործիքները սկսեցին միջամտել այլ երկրների ներքին գործերին, միակողմանի պատժամիջոցներ կիրառել շատ հաճախ նաև մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ:

ՄԱԿ-ի անդամ դառնալը շատ պետությունների հասարակական կարծիքում նույնացվում է ինքնիշխան պետության կայացման հետ: Կարծիք կա, որ ՄԱԿ-ը փոքր պետություններին հնարավորություն է ընձեռում առաջ տանել իրենց ազգային շահերը՝ խաղաղ գոյակցության և այլ պետությունների հետ համագործակցության հիման վրա:

ՄԱԿ-ում ներկայությունը շատ փոքր պետությունների համար լուծում է նաև շատ կարևոր քաղաքական, նյութական, կադրային խնդիրներ, քանզի Նյու Յորքում ներկայությունը թույլ է տալիս հարաբերվել աշխարհի պետությունների մեծամասնության հետ: Փոքր պետությունները միջոցներ չունեն ներկայացնելու իրենց տարբեր մայրաքաղաքներում:

Բացի դրանից, փոքր պետությունները միասնաբար լուրջ կշիռ ունեն ՄԱԿ-ում, ինչը նրանց ստիպում է մեծ պետություններին և հեղինակավոր դաշինքների անդամ երկրներին հաշվի նստել փոքր պետությունների խմբերի հետ: Զարգացող պետությունները ստեղծեցին G-77 60-ական թվականներին, որտեղ քննարկում էին տարբեր հարցեր՝ քվեարկություններից սկսված, վերջացրած համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Զարգացած արևմտաեվրոպական պետությունները, չնայած հնարավորություն ունեն ներկա գտնվելու տարբեր մայրաքաղաքներում, այնուամենայնիվ, Նյու Յորքում և Ժնևում ունեն մեծ ներկայացուցչություններ: Վերջերս ԵՄ-ն գրեթե միշտ միասնական է քվեարկում, սակայն առանձին-առանձին ավելի բարդ է հասնել ինչ-որ հարցի լուծման:

Այս ամենը ցույց է տալիս, որ բացի անվտանգության խորհրդից, ՄԱԿ-ի մյուս կառույցներում նույնիսկ շատ կարևոր երկրի ձայնը շատ ավելի քիչ է, քան, ասենք արաբական երկրների միասնական դիրքորոշումը: Այս պարագայում պետության ինքնիշխանությունը դառնում է առևտրի առարկա կարևոր քվեարկություններից առաջ, օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամության համար մղվող պայքարում կան երկրներ, որոնք բացահայտ կերպով փորձում են զարգացող երկրներից ձայներ գնել՝ այդ պետություններին տրամադրելով միանվագ դրամական օժանդակություն:

Քաղաքական կամ տնտեսական հարցերի քննարկման ժամանակ մեկ պետությունը եթե նույնիսկ որոշի, որ կոնկրետ չպարտավորեցնող բանաձևը վնաս է իր շահերին, միայնակ չի կարող գործել դրա դեմ:

Բանաձևերի քննարկման ժամանակ շատ ավելի դժվար է բանաձևին լրացում ընդունել տալը, քան ձախողել բանաձևի ընդունումը, հատկապես եթե բանաձևին կողմ է արտահայտվում ինչ-որ մի բլոկ՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կամ Արաբական պետությունների լիգան: Դիվանագիտության մեջ հաճախ հարձակվողը շատ ավելի քիչ հնարավորություններ ունի, քան պաշտպանվողը՝ տակտիկական առումով:

Իհարկե, ՄԱԿ-ում երկրների ներկայացուցչությունները առանձին գործող կառույցներ չեն, նրանք ստանում են ցուցումներ և հանձնարարականներ մայրաքաղաքներից, բայց տակտիկական հարցերում նրանք ինքնուրույն են, և այստեղ սովորաբար գործուղվում են համոզելու արվեստին լավ տիրապետող անձինք:

ՄԱԿ-ը նաև դիտվում է որպես հնարավորություն՝ զարգացնելու պետությունների քաղաքական գիծը նույն արժեքներն ու քաղաքական շահերն ունեցող պետությունների հետ:

Հայաստանի բազմակողմ դիվանագիտության համակարգումը. ԱԳՆ բազմակողմ դիվանագիտությամբ զբաղվող ստորաբաժանումները, Հայաստանի գործունեությունը միջազգային կազմակերպություններում

ՀՀ նախագահի 2001թ. հրամանագրի դրույթների համաձայն՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է ԱԳՆ ընդհանուր համակարգմամբ: Ըստ այդմ, պետական կառավարման համակարգի բոլոր գերատեսչությունները իրենց միջազգային գործունեությունը պետք է համաձայնեցնեն ԱԳՆ-ի հետ, որն էլ իր հերթին առաջնորդվում է ՀՀ նախագահի կողմից հաստատված արտաքին ուղենիշներով և նրա կողմից տրված հանձնարարականներով:

ԱԳՆ բոլոր ստորաբաժանումները ներգրավված են բազմակողմ դիվանագիտության ոլորտում, քանի որ այդ բնագավառը պահանջում է դրանց, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների սերտ փոխգործակցությունը:

Միջազգային կազմակերպությունների ընտրովի մարմիններում որևիցե երկրի թեկնածության աջակցության խնդրանքը քննարկելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ՝ այդ երկրի հետ հարաբերությունները, տարածաշրջանի երկրների հետ այդ երկրի համագործակցությունը, տվյալ միջազգային կառույցում մեր երկրի շահերը, տվյալ երկրի միջազգային կշիռը, այլ ձևաչափերում այդ երկրի հետ համագործակցության փորձը և մի շարք այլ հանգամանքներ: Այս ամբողջ տեղեկատվությունը հավաքում է միջազգային կազմակերպությունների վարչությունը, որը ներկայացնում է համապատասխան առաջարկություն ԱԳՆ ղեկավարությանը, որն էլ կայացնում է վերջնական որոշումը: Կարևորագույն հարցերով դիրքորոշումներն ու որոշումները համաձայնեցվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հետ:

Միջազգային կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարումը ևս համակարգվում է միջազգային կազմակերպությունների վարչության կողմից:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՀՀ առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է, որն իր գործունեությունը սկսել է կառույցին ՀՀ անդամակցության օրը՝ 1992թ. մարտի 2-ին: Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական առաքելության պատասխանատվության ոլորտում են ՄԱԿ-ի հիմնական մարմինների՝ անվտանգության խորհրդի, գլխավոր ասամբլեայի, քարտուղարության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև գլխավոր ասամբլեայի կոմիտեների հետ աշխատանքը:

ՄԱԿ-ի Ժնևյան և Վիեննայի գրասենյակներում ՀՀ ներկայացուցչությունների գործունեությունն ունի որոշակի առանձնահատկություններ, քանզի առաքելության ղեկավարը հավատարմագրված է ընդունող պետությունում նաև որպես երկկողմ դեսպան: Ժնևում և Վիեննայում տեղակայված են ՄԱԿ-ի մի շարք կարևոր մարմիններ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների խորհուրդը, միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը:

ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ՀՀ դեսպանը նաև ղեկավարում է ՀՀ պատվիրակությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, որը Եվրոպայում անվտանգության ապահովմամբ զբաղվող կարևորագույն կառույցն է: ԵԱՀԿ-ում պատվիրակության պատասխանատվության ոլորտում է կառույցում ՀՀ շահերի պաշտպանությունը և ներգրավվածության ընդլայնումը, կազմակերպության բոլոր մարմինների հետ համագործակցությունը, ինչպես նաև աշխատանքը Կոպենհագենում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության հետ: ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը կամ ներկայացուցիչը ըստ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի դրույթների, ներկա է գտնվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին:

Ստրասբուրգում է գտնվում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրոպայի խորհրդում: ՀՀ դիվանագիտական առաքելությունը սերտորեն աշխատում է Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ, օժանդակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքներին:

2011թ. կազմավորվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ դեսպանի գլխավորությամբ, որն իրականացնում է կառուցվածքային  ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքը և ՀԱՊԿ մարմինների հետ ՀՀ տարբեր մարմինների համագործակցության համակարգումը:

ԱՊՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը տեղակայված է Մինսկում և զբաղվում է հետխորհրդային տարածքում ստեղծված ինտեգրացիոն առաջին ձևաչափում ՀՀ շահերի ներկայացմամբ, և ապահովում է ԱՊՀ քարտուղարության կապը Հայաստանի շահագրգիռ կառույցների հետ:

ՀՀ առաքելությունը ԵՄ-ում պատասխանատու է ՀՀ-ԵՄ օրակարգի առաջմղման, ԵՄ կառույցներում ՀՀ շահերի ներկայացման համար:

Առաքելությունում բացի դիվանագետներից աշխատում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնող առևտրական ներկայացուցիչը, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը: ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը դիվանագետների քանակով ՀՀ ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչություններից է:

2004թ. կազմավորվել է ՀՀ առաքելությունը ՆԱՏՕ-ում որպես առանձին դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպանի գլխավորությամբ: Մինչ այդ առաքելությունը գլխավորում էր Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը: Առաքելության կազմում գործում են նաև ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչությունը և ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարությունում ՀՀ կապի սպայի գրասենյակը:

Մի շարք միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Արաբական պետությունների լիգա, Աֆրիկյան միություն, Ամերիկյան պետությունների կազմակերպություն Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ: Այս կարգավիճակը հնարավորություն է ընձեռում անմասն չմնալ համապատասխան կառույցներում ընթացող գործընթացներից և անհրաժեշտության դեպքում ներկայացնելու քննարկվող հարցերի վերաբերյալ ՀՀ տեսակետները:

Բազմակողմ կազմակերպություններն ըստ շահերի

Չմիավորման շարժում

Չմիավորման շարժումը պետությունների խմբավորում է, որոնք իրենց համարում են չմիավորված որևիցե քաղաքական բլոկի հետ: 2011թ. դրությամբ շարժումն ուներ 120 անդամ և 17 դիտորդ երկրներ:

Կազմակերպությունը ստեղծվել է 1961թ.՝ Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում մի խումբ պետությունների ղեկավարների (Յոսիֆ Բրոզ Տիտո, Ջավահարլալ Ներու, Գամալ Աբդեր Նասեր, Սուխարնո) կողմից, որոնք արևմտյան և արևելյան բլոկերից անկախ քաղաքականության կողմնակից էին:

Շարժման անդամ պետությունները հռչակել էին համընդհանուր 5 սկզբունքներ՝ միմյանց դեմ ագրեսիայի բացառում, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգում, միմյանց ներքին գործերին միջամտության բացառում, հավասարություն և փոխշահավետություն, խաղաղ համակեցություն:

Կազմակերպության գաղափարական հենքն են հանդիսանում նաև Բանդունգի սկզբունքները, որոնց մեջ ամրագրված է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք: Թեև չմիավորման շարժումը չունի դասական միջազգային կազմակերպությանը հատուկ հատկանիշներ, այնուամենայնիվ, 1996թ. կոլումբիական Կարտախենա քաղաքում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունվեց կառույցի փաստաթղթային հենքը, որը սահմանում է շարժման գործունեության սկզբունքներն ու գումարվելիք հանդիպումների մակարդակներն ու ժամանակացույցը:

Շարժումն այսօր հանդես է գալիս Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության քննադատությամբ, հատկապես Իրաքի պատերազմի, Իրանի և Հյուսիսային Կորեայի վրա ճնշումների, մարդու իրավունքները՝ որպես ճնշման միջոց օգտագործելու պատճառով:

Չմիավորման շարժումը նաև ՄԱԿ-ի բարեփոխումների ջատագովներից է՝ համարելով, որ կառույցը և հատկապես անվտանգության խորհուրդը չի համապատասխանում այսօրվա իրողություններին և պահանջներին:

ՀՀ-ն ունի չմիավորված երկրների շարժման դիտորդի կարգավիճակ:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (մինչև 2012թ. իսլամական կոնֆերանս կազմակերպություն) 57 անդամ ունեցող միջազգային միջկառավարական կազմակերպություն է: Այն ստեղծվել է մուսուլմանական աշխարհի միասնական ձայնը արտահայտելու նպատակով 1969թ. Ռաբաթում: Սակայն կազմակերպության գլխավոր քարտուղարությունը գտնվում է Ջեդդայում՝ Սաուդյան Արաբիայում, վերջինիս գլուխ կանգնած է գլխավոր քարտուղարը: Կազմակերպության հիմնադիր պետությունների թիվը 25-ն էր, որոնց թիվը գոյության 40 տարում հասավ 57-ի:

ԻՀԿ-ի կանոնադրության համաձայն՝ վերջինիս նպատակներն են՝

1.անդամ երկրների միջև եղբայրական կապի և սոլիդարության ամրապնդում և խորացում

2.ընդհանուր շահերի պաշտպանություն, իսլամական աշխարհի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու նպատակով անդամ երկրների ջանքերի միավորում

3.հարգանք ինքնորոշման և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների, ինչպես նաև անդամ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ

4.գլոբալ քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում որոշումների ընդունմանը անդամ պետությունների ակտիվ մասնակցության ապահովում

5.ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և մարդու իրավունքների պահպանման ապահովում: Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար նույն կանոնադրությամբ սահմանված են գործունեության սկզբունքները: Դրանք են՝

1.Բոլոր անդամ պետությունները հավատարիմ պետք է մնան ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին

2.անդամ պետությունները ինքնիշխան են, անկախ և հավասար իրենց իրավունքներում

3.անդամները պետք է լուծեն իրենց միջև ծագած վեճերը խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից

4.բոլոր անդամ պետությունները պետք է հարգեն մյուսների տարածքային ամբողջականությունը, և չմիջամտեն ներքին գործերին

5.անդամները պետք է կառուցեն իրենց գործունեությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և լավ կառավարման վրա

Կազմակերպության հիմնական մարմիններն են՝ իսլամական գագաթաժողովը, որը կոչվում է նաև թագավորների, պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպում, արտաքին գործերի նախարարների խորհուրդը և գլխավոր քարտուղարությունը:

ԻՀԿ-ում որոշումները ընդունվում են իսլամական սոլիդարությամբ, այսինքն՝ եթե անգամ մեկ անդամ պետություն դեմ է, որոշումը չի ընդունվում: Սովորաբար եթե քննարկվում է որևիցե խնդիր, որոնք առնչվում են որևիցե անդամ երկրի կենսական շահերին, ապա մյուս երկրները չեն առարկում:

ՕՊԵԿ-Նավթ արտահանող երկրների կազմակերպություն

Նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է: ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, ԱՄԷ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա: Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում:

Կազմակերպությունը հետապնդում է հետևյալ նպատակները.

1.անդամ պետությունների նավթային քաղաքականության կոորդինացում և ունիֆիկացում

2.անհատական և կոլեկտիվ միջոցների շահերի պաշտպանության առավել էֆեկտիվ սահմանումը

3.միջոցների որոնում, միջազգային շուկայում նավթի գինը ստաբիլ պահելու համար, որպեսզի գնի տատանումները վնասաբեր չլինեն

4.մշտական ուշադրության ցուցաբերում նավթարդյունաբերող պետությունների շահերին և կայուն եկամուտների ապահովում: Էֆեկտիվ, ծախսաարդյունավետ, կանոնավոր մատակարարման ապահովում սպառող երկրներին

5.ներդրումից արդար եկամուտ նավթային արդյունաբերությանը: Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ ներկա և ապագա սերունդների շահերից ելնելով

Այլ խոսքերով ասած, խոսքը նրա մասին է, որ միավորված ֆռոնտով պաշտպանել սեփական էկոնոմիկայի շահերը: Փաստորեն ՕՊԵԿ-ը սկիզբ դրեց միջպետական էկոնոմիկայի կանոնակարգմանը համաշխարհային նավթային շուկայում էներգետիկայի բնագավառում:

ՕՊԵԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածում նշված է՝ Լիիրավ անդամ կարող են լինել միայն հիմնադիր անդամները և այն երկրները, որոնց հայտերն արդեն հաստատված են կոնֆերանսի կողմից: Ցանկացած այլ երկիր, որը զգալի չափով նավթ է արտահանում և ունի շահեր, որը սկզբունքորեն նման է անդամ երկրների շահերին, կարող է դառնալ լիիրավ անդամ, այն պայմանով, որ ընդունումը կհաստատվի մեծամասնության կողմից ստանալով 3/4 ձայն, այդ թվում հիմնադիր անդամների ձայները:

ՕՊԵԿ-ի կառուցվածքը

ՕՊԵԿ-ի գլխավոր մարմին է հանդիսանում անդամ երկրների նախարարների կոնֆերանսը, որը գումարվում է առնվազն տարին երկու անգամ, սովորաբար Վիեննայի շտաբում: Այն սովորաբար առավել ուշադրություն է գրավում ոչ միայն մամուլի, այլև նրանց, ովքեր նավթի համաշխարհային շուկայում առանցքային դեր ունեն:

Կոնֆերանսը սահմանում է ՕՊԵԿ-ի քաղաքականության հիմնական ուղղությունները, ուղիները և միջոցները դրանց իրագործման համար, ընդունում է որոշումներ և առաջարկություններ ներկայացրած կառավարման խորհրդի կողմից և զբաղվում բյուջեի հարցերով: Այն հրահանգում է խորհրդին պատրաստել զեկույցներ և հանձնարարականներ ցանկացած հարցերի վերաբերյալ, որոնցով մտահոգված է կազմակերպությունը: Կոնֆերանսը կազմում է նաև կառավարման խորհուրդը (ամեն երկրից մեկական ներկայացուցիչ, որպես օրենք դա նավթի կամ էներգետիկայի նախարարներն են): Կոնֆերանսը ընտրում է նաև նախագահ (մնում է իր պաշտոնին մինչև հաջորդ գումարը) և նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Իր աշխատանքում կոնֆերանսը հենվում է մի շարք կոմիտեների վրա, որոնց շարքում նախարարական մոնիտորինգի կոմիտեն է, որը ստեղծվել է, որպեսզի վերահսկի իրավիճակը շուկաներում և ներկայացնի առաջարկություններ այս կամ այն միջոցների վերաբերյալ:

Կառավարական խորհուրդը անցկացնում է առնվազն 2 նիստ տարվա ընթացքում, որի ժամանակ պետք է պարտադիր ներկա լինեն բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները: Խորհուրդը պատասխանատու է ՕՊԵԿ-ի կառավարման գործունեության համար, ինչպես նաև իրականացնում է կոնֆերանսի որոշումները և ռեզոլյուցիաները, ընդունում է որոշումներ հաշվետվությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են գլխավոր քարտուղարի կողմից, ներկայացնում է զեկույցներ և առաջարկություններ կոնֆերանսին՝ քննարկման համար և պատրաստում է տարեկան բյուջեն:

Քարտուղարությունը իրականացնում է իր գործառույթները կառավարական խորհրդի առաջնորդության տակ:

Գլխավոր քարտուղարը հանդիսանում է կազմակերպության բարձրագույն պաշտոնյան, լիազորված ՕՊԵԿ-ի անդամ, ինչպես նաև քարտուղարության ղեկավար: Նա կազմակերպում և ղեկավարում է կազմակերպության աշխատանքը:

ՕՊԵԿ-ի տնտեսական հանձնաժողովը զբաղվում է կայունության նպաստման հարցերով արդար գնային մակարդակներում միջազգային նավթային շուկաներում, որպեսզի նավթը կարողանա պահպանի իր արժեքը որպես առաջնային գլոբալ էներգիայի աղբյուր, նաև ուշադիր հետևում է շուկաներում էներգիայի փոփոխմանը և տեղեկացնում է կոնֆերանսինայդ փոփոխությունների մասին:

Տարածաշրջանային բազմակողմ կազմակերպությունները

Արաբական պետությունների լիգան բաղկացած է արաբական պետություններից, ինչպես նաև ոչ արաբական պետություններից: Այս ոչ արաբական պետությունները արաբական պետությունների հետ հարևան են, և այս երկրներում արաբերենը համարվում է պաշտոնական լեզուներից մեկը: Լիգան ունի 22 անդամ պետություններ: Կազմակերպությունը ստեղծվել է 1945թ.: Կազմակերպության բարձրագույն մարմինը լիգայի խորհուրդն է, որտեղ յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայնի իրավունք:

2005թ. դեկտեմբերի 27-ին Եգիպտոսում տեղի է ունենում ժամանակավոր արաբական խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը հիմնվել էր ԱՊԼ-ի 2005թ. մարտի ալժիրյան գագաթաժողովի որոշումով: Առաջին 5 տարիների ընթացքում արաբական խորհրդարանը ձևավորվում է արաբական պետությունների լիգայի 22 անդամ պետությունների, ներառյալ Պաղեստինի խորհրդարանների 4 ներկայացուցիչներից, պատվիրակություններ ընտրելու ճանապարհով: Արաբական խորհրդարանի կենտրոնատեղին գտնվում է Դամասկոսում:

Աֆրիկյան միությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է Աֆրիկայի 53 պետությունները: Այս կառույցը Աֆրիկյան միասնության կազմակերպության իրավահաջորդն է, հիմնվել է 2002թ. հուլիսի 9-ին: Կարևորագույն որոշումները կազմակերպության շրջանակներում ընդունվում են Աֆրիկյան միության ասամբլեայի կողմից: Ասամբլեան կազմված է անդամ պետությունների ղեկավարներից և գումարվում է տարին 1 անգամ: Աֆրիկյան միության քարտուղարությունը և Աֆրիկյան միության հանձնաժողովը տեղակայված են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում: 2009թ. փետրվարին Աֆրիկյան միության հանձնաժողովի Աֆրիկյան միության լիիրավ մարմին դառնալու որոշում է ընդունվում:

Աֆրիկյան միության հիմնադիր ակտի համաձայն՝ կազմակերպության նպատակները հետևյալն են՝

1.աֆրիկյան պետությունների և ժողովուրդների համախմբվածության և միասնականության ամրապնդում

2.անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության պաշտպանության ապահովում

3.մայրցամաքի սոցիալ-տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի խթանում

4.միջազգային համագործակցության խթանում ՄԱԿ-ի կանոնադրության և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջանակներում

5.մայրցամաքում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդում

6.գլոբալ տնտեսության և միջազգային հարաբերություններում արժանի տեղը գրավելու համար մայրցամաքում անհրաժեշտ պայմանների ապահովում

7.Աֆրիկայի բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով մարդկային գործունեության բոլոր բնագավառներում համագործակցության խթանում

8.Աֆրիկյան միության նպատակների աստիճանաբար իրականացման համար գոյություն ունեցող և հետագայում ձևավորվելիք տարածաշրջանային տնտեսական համայնքների միջև քաղաքականության կոորդինացում

9.մայրցամաքի զարգացման իրականացում՝ մեծ ուշադրության արժանացնելով բոլոր բնագավառներում, առաջնահերթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում գիտական ուսումնասիրություններին

Ասամբլեան ունի նախագահ, որը ընտրվում է տարին մեկ անգամ անդամ պետությունների կողմից:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը քաղաքական և տնտեսական տերմին է, որ նշանակում է Խաղաղ օվկիանոսի երկայնքով սփռված պետությունների, ինչպես նաև հենց օվկիանոսում գտնվող բազմաթիվ կղզի պետությունների միավորում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանւ բազմաթիվ միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կենտրոնակայանները գտնվում են Գոնոլուպույում (Հավայան կղզիներ):

Շատ տնտեսագետներ կարծում են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ի արևելքում աստիճանաբար հին արդյունաբերական կենտրոնների թուլացումով համաշխարհային տնտեսական կենտրոնը կարող է տեղափոխվել հենց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների, նորմերի ու իրավունքի զարգացումը ապահովելու համար համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ:

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա

Հարավարևելյան Ասիայում գտնվող երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է: ԱՍԵԱՆ-ը հիմնվել է 1967թ. Բանգկոկում «ԱՍԵԱՆ հռչակագրի» ստորագրումով, որն ավելի հայտնի է «Բանգկոկյան հռչակագիր» անունով: ԱՍԵԱՆ-ի հռչակագրի ձևակերպումը տեղի է ունեցել միայն 1976թ. Ինդոնեզիայի Բալի կղզում Հարավարևելյան Ասիայի բարեկամության և համագործակցության պայմանագրի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի հռչակագրի ստորագրումից հետո:

ԱՍԵԱՆ-ի բարձրագույն մարմինը անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովն է, որը 2001թ. սկսած՝ տեղի է ունենում ամեն տարի: Որպես ղեկավարող և համակարգող մարմին հանդես են գալիս արտգործնախարարների մակարդակով ամենամյա հանդիպումները: Բացի այդ, ամեն տարի տեղի են ունենում ֆինանսների, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարների հանդիպումներ, սակայն վերջիններիս կարևորագույն որոշումները պետք է հաստատվեն արտգործնախարարների կողմից: Առօրյա ղեկավարությունը իրականացվում է մշտական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը բաղկացած է նախագահող երկրի արտգործնախարարից և մնացած անդամ երկրների դեսպաններից: Մշտական քարտուղարությունը գտնվում է Ջակարտայում և ղեկավարվում է գլխավոր քարտուղարի կողմից: Կազմակերպությունում նախագահությունը որոշվում է սահմանված հաջորդականությամբ, 1 տարի ժամկետով, երկրների անգլերեն լեզվի այբբենական դասավորման սկզբունքով: Ըստ «Բանգկոկյան հռչակագրի»՝ կազմակերպության նպատակները հետևյալն են.

1.անդամ երկրների սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքական զարգացման ապահովում

2.ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան խաղաղության և կայունության ապահովում

Լատինամերիկյան և կարիբյան պետությունների ընկերակցությունը

2011թ. դեկտեմբերի 2-3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ լատինամերիկյան և կարիբյան պետությունների ընկերակցության հիմնադիր գագաթաժողովը, որը միավորել է լատինամերիկյան և կարիբյան բոլոր պետություններին: Նոր կազմակերպությունը, ըստ որոշ գնահատականների, կոչված է փոխարինելու Ամերիկյան պետությունների կազմակերպությանը, որը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ: Հատկանշական է, որ նոր կազմակերպությանը չեն անդամակցում Միացյալ Նահանգներն ու Կանադան:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...