Skip to main content

Ալեքսանդր I կայսր-դիվանագետի մեծ քաղաքականության առաջնաելույթը

 

18-րդ դարում Ռուսաստանի ռազմաքաղաքական ակնառու նվաճումներն ու հաջողությունները հնարավորություն ընձեռեցին ռուսաց դիվանագիտությանը մշակել նոր ծրագրեր, որոնք նպատակ ունեին զգալիորեն ընդլայնել կայսրության տարածքը և էլ ավելի ամրապնդել նրա դիրքերը համաշխարհային ասպարեզում ու միջազգային հարաբերությունների համակարգում:

Պալատական հեղաշրջումը և Պավել I-ի սպանությունը վերստին կտրուկ փոխեցին երկրի միջազգային դրությունը, և ռուսաց դիվանագիտության առաջ նորից խնդիր դրեցին հստակեցնել արտաքին քաղաքականության գերակայող գիծը, վերանայել նրա հիմնական ուղղությունները: Ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ որոշվում էր Եվրոպայում ստեղծված միջազգային իրադրությամբ, որպես կանոն, պայմանավորված էր երկու առաջատար տերությունների՝ Անգլիայի ու Ֆրանսիայի հակամարտությամբ և անզիջում պայքարով, որոնք Ռուսաստանի հետ մնալով խոշորագույն երկրներ, շարունակում էին հսկայական ներգործություն ունենալ միջազգային հարաբերությունների կարևորագույն գործընթացների վրա: Միջպետական հարաբերությունների բարդ քաղաքական համակարգը Եվրոպայում անհրաժեշտաբար պետք է նկատի ունենար ռուսաց երիտասարդ նոր կայսր Ալեքսանդր I-ը, որը 1801թ. մարտի 12-ից սկսեց իր շուրջ քառորդ դար տևած գահակալումը: Եկատերինա II-ի ավագ և ամենասիրելի թոռը՝ Ալեքսանդրը ստացել էր փայլուն կրթություն: Լուսավորյալ միապետուհին, մտադրվելով գահը ժառանգել Ալեքսանդրին, անձամբ զբաղվեց նրա դաստիարակությամբ այն պաշտոնապես հանձնարարելով իր սիրեցյաներից ու մերձավորներից մեկին՝ Սալտիկովին: Ալեքսանդրի դաստիարակությամբ զբաղվեց նաև շվեյցարացի չափավոր հանրապետական Լազարպը: Իր ուշիմ, հետաքրքրասեր, ընդունակ սանին նա դաստիարակում էր ֆրանսիական լուսավորիչների իմաստուն և համամարդկային գաղափարներով: Երիտասարդ Ալեքսանդրը իր մեծ տատից ու Լագարպից սովորեց ամենագլխավորը և յուրացրեց ամենաարժեքավորը՝ հարգալից վերաբերմունք լուսավորության, գիտության, արվեստի նկատմամբ: Այս առումով միանգամայն օրինաչափ էր, որ նոր կայսրը անմիջապես հրապարակավ հայտարարեց, որ շարունակելու է Եկատերինա Մեծի քաղաքականությունը: «Կառավարել Եկատերինա Մեծի օրենքներով ու ոգով», նշված է նրա գահակալության առթիվ հրապարակված ծրագրային հրովարտակում (մանիֆեստում): Ռուսաստանում բացվեցին նոր համալսարաններ, լիցեյներ, գիմնազիաներ, իրականացվեցին կրթության զարգացման համար այլ կարևոր միջոցառումներ: Ահա ինչու Ալեքսանդրի թագավորության առաջին տարիների մասին նրա ժամանակակիցները թողեցին վառ և լավագույն հիշողություններ: «Ալեքսանդրյան օրերին գեղեցիկ սկիզբ». այսպես բնութագրեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը այդ տարիները: Ալեքսանդր I-ը ռուսաց գահը ժառանգեց ծայրահեղ թանկ գնով՝ հոր դիակի վրայով: Ուստի և օրինաչափ է, որ նա մինչև վերջ չկարողացավ ներել իրեն՝ կատարված հրեշավոր քայլի համար, այն ծանր, անհաղթահարելի ու անմոռանալի բեռ էր, հոգեկան տառապանք, խղճի խայթ, որն ուղեկցեց կայսրին ողջ կյանքում:

Ժամանակակիցները տվել են նոր կայսրի դիպուկ և պատկերավոր բնութագիրը և գնահատականը: «Ալեքսանդրը նուրբ է ասեղի պես, սուր է, ինչպես ածելի, կեղծ, ինչպես ծովի փրփուրը», «նա դերասան է գահի վրա»: Ալեքսանդրը գահ բարձրացավ, երբ հատկապես բարդ էին միջազգային հարաբերությունները, որոնք պահանջում էին նոր կայսրից դիվանագիտական առավել հեռամետություն, ճկունություն, խուսանավելու հմտություն, շրջահայացություն, քաղաքական իրատես որոշումներ կայացնելու կարողություն: Ալեքսանդրը վաղ հասակից սկսեց հաջողությամբ յուրացնել դիվանագիտության նուրբ արվեստը, որը նրան հետագայում մեծ քաղաքականության մեջ հնարավորություն ընձեռեց ոչ միայն հաջողությամբ պաշտպանել Ռուսաստանի ազգային-պետական շահերը, այլև կարգավորել միջազգային հարաբերությունների կնճռոտ, համաեվրոպական նշանակության հիմնահարցերը, որոնք հատկապես ի հայտ եկան դիվանագիտության պատմության մեջ աննախադեպ Վիեննայի վեհաժողովում:

Երիտասարդ կայսր-դիվանագետին իր գործնական քաղաքականության առաջնաելույթում անհրաժեշտ էր շրջահայացություն ցուցաբերել ռուս-անգլիական և ռուս-ֆրանսիական առնչություններում, խուսափել ծայրահեղություններից ու քաղաքական միակողմանի կողմնորոշումից: Ռուսաց դիվանագետները Ալեքսանդր I-ի ղեկավարությամբ իրավամբ գտնում էին, որ կայսրության շահերը պահանջում են հանդես գալ միջնորդի դերում, մանավանդ որ երկու հզոր և անհաշտ ախոյանները՝ Անգլիան ու Ֆրանսիան, հավասարաչափ ձգտում էին դադարեցնել փաստացի պատերազմը և կնքել հաշտություն: Միջնորդական առաքելությունը կբարձրացներ ոչ միայն Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, այլև երիտասարդ կայսր-դիվանագետի դերը համաեվրոպական նշանակություն ունեցող հիմնախնդիրների կարգավորման գործում: Ալեքսանդրը համոզված էր, որ եթե իրեն հաջողվի ստանձնել միջնորդի դեր, ապա այն, անշուշտ, շահեկան կլինի Ռուսաստանի համար, քանզի անգլո-ֆրանսիական ռազմաքաղաքական հակամարտության հարթումը զգալիորեն կնպաստեր Անգլիայի հետ միջպետական խախտված հարաբերությունների վերականգնմանը և կարգավորմանը, իսկ Ֆրանսիայի հետ՝ քաղաքական առնչությունների հետագա զարգացմանը: Եվրոպայում վերջապես կհաստատվեր կայուն խաղաղություն ու միջազգային անվտանգություն:

Ալեքսանդր I-ը հասկանում էր, որ Պավել I-ի թագավորության վերջին տարին նշանավորվեց Անգլիայի հետ հարաբերությունների խիստ սրմամբ, ընդհուպ մինչև ռազմական բախման վտանգը: Այդ են վկայում Անգլիայի կառավարող շրջանների վճռական գործողությունները, որոնք պատասխան էին ռուսաց կայսրի ոչ պակաս ծայրահեղ քայլերի դեմ:

Նոր կայսրը, նկատի ունենալով ազնվականության լայն շրջանների տրամադրությունները և շահերը, շտապեց վերացնել արգելակալանքը ռուսաց նավահանգիստներում Անգլիայի հպատակների ունեցվածքի վրա: Ալեքսանդր I-ի գահ բարձրանալուց երեք ամիս անց՝ 1801թ. հունիսի 5-ին Պետերբուրգում ստորագրվեց ռուս-անգլիական ծովային կոնվենցիան, որով վերջ տրվեց հակամարտությանը երկու տերությունների միջև: Ալեքսանդրի ջանքերով վերականգնվեցին ռուս-անգլիական դիվանագիտական հարաբերությունները: Կարգավորվեցին միջպետական կապերը ոչ միայն Անգլիայի, այլև հանրապետական Ֆրանսիայի դեմ պայքարում Ռուսաստանի մյուս նախկին դաշնակից Ավստրիայի հետ: Այս ամենով ռուսաց կայսրը կատարում էր դիվանագիտական լուրջ քայլեր՝ Եվրոպայում հաստատելու ուժերի հավասարակշռություն: Ալեքսանդրը, չնայած իր երիտասարդ տարիքին, անմիջապես ցուցաբերեց քաղաքագետին բնորոշ ճկունություն և հաստատակամություն: Ռուսաց 24-ամյա թագակիրը Անգլիայի հետ միջպետական հարաբերությունները կարգավորեց ոչ ի վնաս Ֆրանսիայի կամ նրա հետ քաղաքական առնչությունները բարդացնելու միջոցով: Հետևաբար Ֆրանսիայի առաջին կոնսուլի և երկրի փաստացի տիրակալի՝ Նապոլեոն Բոնապարտի մտավախությունը, թե բանակցությունները Պավելի սպանությունից հետո կդադարեցվեն զուր էին և անհիմն, քանզի նոր կայսրը որոշեց շարունակել դրանք՝ պարզապես Կոլիչևին Փարիզում փոխարինեց ոչ պակաս փորձված դիվանագետ Մորկովը: Ավելին, բանակցությունները հաջող վախճան ունեցան, քանզի Ֆրանսիայի մայրաքաղաքում 1801թ. հոկտեմբերի 8-ից 10-ը Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվեց երկու փաստաթուղթ՝ հաշտության պայմանագիր և գաղտնի կոնվենցիա: Հատկանշական է, որ Ֆրանսիայի առաջին կոնսուլը համաձայնվում էր ճանաչել Ուշակովի կողմից ստեղծված «Յոթ կղզիների հանրապետությունը» Իոննական կղզիներում, պարտավորվեց ճանաչել Նեապոլիստական բուրբոնների տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի հետ միասին «ապահովել ծովերի ազատությունը»: Այս ամենում ակնհայտ է ռուսաց դիվանագիտության հաջորդականությունը և ժառանգականությունը, քանզի անվիճելի էր Ալեքսանդր-դիվանագետի փորձը Ֆրանսիայի առաջին կոնսուլի հետ միասին վերականգնել իր մեծ տատի՝ Եկատերինա II-ի հաջողությամբ կենսագործված ծովերի ազատության քաղաքականությունը, երբ Ռուսաստանը և Ֆրանսիան ընդհանուր ճակատով հանդես էին գալիս իրենց գլխավոր հակառակորդ ու մրցակից Անգլիայի դեմ: Ալեքսանդր I-ի ձգտումը՝ քաղաքական եզրեր գտնել և համաձայնություն կնքել Ֆրանսիայի հետ, որոշ առումով, ոչ այլ ինչ էր, եթե ոչ Պավել I-ի քաղաքականության շարունակությունը, որը, սակայն, իրագործվում էր ավելի զգուշորեն, դիվանագիտական ճկուն հնարքներով, որպեսզի կանխվի Ռուսաստանի դեմ Անգլիայի բացահայտ թշնամական դիրքորոշման հնարավորությունը: Եթե պավելյան դիվանագիտությունը բացահայտ ֆրանսամետ էր և կտրուկ ու անթաքույց հակաանգլիական, ապա ակնհայտ էին ալեքսանդրյան դիվանագիտության առավելությունները և հավասարակշռված մոտեցումները: Ֆրանսիայի հետ կնքված երկու պաշտոնական փաստաթղերի շնորհիվ երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները:

Ռուսաց կայսրը, պայմանագրեր կնքելով Ֆրանսիայի հետ, հույս ուներ հաստատված դաշինքով կաշկանդել Նապոլեոնին և փաստորեն վերականգնել ուժերի խախտված հավասարակշռությունը մայրցամաքում:

Ֆրանսիայի առաջին կոնսուլը, մերձենալով Ռուսաստանի հետ ու ստորագրելով երկու պայմանագիր, ակնկալում էր հաշտություն կնքել Անգլիայի հետ, որին ձգտում էր նաև Պիտտ Կրտսերը: Ֆրանսիան առաջարկում էր Անգլիային հաշտություն՝ առաջին կոնսուլի բոլոր նվաճումները ճանաչելու պայմանով: Առաջին կոնսուլը և ապագա կայսրը ղեկավարվեց նշանավոր դիվանագետ Թալեյրանի հայտնի գործելակերպով, որի համաձայն՝ նախապատրաստվելով պատերազմի, որքան կարելի է շատ պնդել ու հավաստել, որքան հնարավոր է բարձր հայտարարել, իր խաղաղասիրական մտադրությունների մասին: Անշուշտ, անգլիական բազմափորձ դիվանագիտությունը, հանձին Պիտտի, առանց դժվարության կռահում էր Բոնապարտի քաղաքական խաղերը և ռազմական ծրագրերը: Պիտտը, մերժելով այդ առաջարկը, օգտագործում էր նշանավոր հռետոր Ցիցերոնի պատկերավոր հանրահայտ խոսքերը. «Ինչո՞ւ եմ ես նորից ժխտում հաշտությունը: Որովհետև նա անհուսալի է ու վտանգավոր, որովհետև նա չի կարող կնքվել»: Պիտտի կռահումները հիմնականում իրատեսական էին, որովհետև անգլո-ֆրանսիական հակամարտություններն այնքան սուր էին ու խոր, որ դրանք չէր կարող հաղթահարել դիվանագիտության նման նուրբ արվեստը, որը թերևս կոչված էր անհնարինը դարձնել հնարավոր:

Նապոլեոնյան Ֆրանսիայի միջազգային պարտավորությունների ու համաձայնությունների խախտումը մի կողմից՝ անգլո-ֆրանսիական անհաշտ պայքարը, մյուս կողմից՝ հարկադրում էին ռուսաց  դիվանագիտությանը միջազգային ասպարեզում գործել կատարվող տեղաշարժերին զուգընթաց և իր արտաքին քաղաքական գերակայող ուղղությունը մշակել Եվրոպայում հաստատված իրադրությանը համապատասխան: Հենց մայրցամաքում ծավալված ռազմաքաղաքական գլխավոր գործընթացներն ի վերջո համոզեցին ռուսաց կայսրին Անգլիայի և Ավստրիայի հետ ակտիվորեն ձեռնարկել հականապոլեոնյան նոր դաշինքի կազմավորումը, որը նշանակում էր արտաքին քաղաքականության նոր և վերստին կտրուկ շրջադարձ:

Ֆրանսիայի կողմից միջազգային պարտավորությունների և համաձայնագրերի խախտումը հարկադրում էր Փարիզում Ռուսաստանի ներկայացուցիչ կոմս Մորկովին՝ եկատերինյան հին պաշտոնյային, մեծազարմիկ աստիճանավորին, ազնվազարմ պարոնին այդ մասին մշտապես հիշեցնել առաջին կոնսուլին և նրան հաճախ ներկայանալ վճռական կեցվածքով ու որպես կանոն հաջողությամբ կանխել Նապոլեոնի ձգտումները, վերաձևել Եվրոպայի քաղաքական քարտեզը իր հայեցողությամբ ու ցանկությամբ: Մորկովը հատկապես պնդում էր, որ ֆրանսիական զորքերը դուրս բերվեն Հարավային Իտալիայի նավահանգիստներից, հարգել Իտալիայի ու Հյուսիսային Գերմանիայի չեզոքությունը: Առաջին կոնսուլը բազմիցս դժգոհում էր ռուսաց կայսրին «այդքան անհաճելի դեսպանորդից», իսկ 1803թ. հուլիսին Ալեքսանդրից ուղղակի պահանջեց հետ կանչել «տհաճ ներկայացուցչին»: Թեև կայսրը հարկադրված եղավ բավարարել Նապոլեոնի խնդրանք-պահանջը, այսուհանդերձ, ի նշան Մորկովի գործունեության հավանության ու քաջալերանքի, պարգևատրեց նրան ռուսաց ամենաբարձր՝ Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով: Հատկանշական է, որ այդ շքանշանով էլ կոմս Մորկովը ներկայացավ Թյուիլրիի պալատ, որպեսզի առաջին կոնսուլին պաշտոնապես հանձներ իր հետկանչման մասին կայսերական վավերագիրը: Դրանից հետո կայսրը հարկ չհամարեց «անհաճելի դեսպանորդի» փոխարեն ուղարկել նոր ներկայացուցիչ և այնտեղ մինչև միջպետական հարաբերությունների խզումը մնաց գործերի ժամանակավոր հավատարմատար Ուբրին: Ռուս-ֆրանսիական միջպետական-քաղաքական առնչություններում աստիճանաբար նկատվում էր սառեցում: Այն վերստին խախտելու էր ժամանակավոր հաստատված ուժերի հավասարակշռությունը և կարճատև խաղաղ դադարը Եվրոպայում, որը գերազանցապես պայմանավորված էր նապոլեոնյան պատերազմներով: Թեև Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1802թ. Ամիյենում կնքվել էր հաշտության պայմանագիր, բայց այն ոչ մի կերպ չէր վերացնում հակամարտությունները երկու ախոյանների միջև, այդ պատճառով էլ չէր կարող լինել երկարատև և ավելի շուտ հիշեցնում ու նմանվում էր ժամանակավոր զինադադարի: Եվ արդեն 1803թ. մայիսին նրանց միջև նորից սկսվեց պատերազմ մյուս տերություններին անխուսափելիորեն ներքաշելու հեռանկարով: Նապոլեոն Բոնապարտի քաղաքականությունը Իտալիայում և Գերմանիայում անմիջականորեն հակասում էին կայսերական Ռուսաստանի շահերին Կենտրոնական ու Հարավային Եվրոպայում, որը քաջ գիտակցում էր կայսր-դիվանագետը: Հատկապես սրվեց մրցակցությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև Գերմանիայում իրենց ազդեցությունը ամրապնդելու համար: 1801թ. Փարիզի կոնվենցիայով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ լուծել գերմանական տիրակալների վարձահատուցման հարցը՝ Նապոլեոնի հաղթանակների հետևանքով Հռենոսի ձախ ափին նրանց կորցրած հողերի համար: Սակայն Նապոլեոնը կարողացավ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և Ալեքսանդրին հատկացնել ածանցյալ դեր:

Հարավ-գերմանական պետությունները՝ Բավարիան, Վյուրտեմբերգը, Բադենը, որոնք ավելի վաղ գտնվում էին Պետերբուրգի ազդեցության ներքո, աստիճանաբար ավելի ու ավելի էին ներքաշվում նապոլեոնյան քաղաքականության ոլորտի մեջ: 1803թ. ամռանը ֆրանսիական զորքերը գրավեցին Հաննովերը և որոշ հենակետեր Համբուրգի շրջանում և ստեղծեցին լուրջ խոչընդոտ ռուսաց առևտրի համար: Ալեքսանդր I-ը պահանջեց Բոնապարտից հարգել ու պահպանել Հյուսիսային Գերմանիայի չեզոքությունը և Պրուսիայի հետ սկսեց բանակցություններ համատեղ գործողությունների վերաբերյալ: 1804թ. մարտին Նապոլեոնի ջոկատները, խախտելով Բադենի կուրֆյուրստի ինքնիշխան իրավունքները, ներխուժեցին նրա տարածքը և ձերբակալեցին այնտեղ բնակություն հաստատած ֆրանսիացի վտարանդի կոմս Էնգիենսկուն: Նրան Փարիզ տեղափոխելուց հետո մեղադրեցին Նապոլեոնի դեմ դավադրության մեջ և գնդակահարեցին: Քաղաքական այս լուրջ միջադեպից հետո Ալեքսանդր I-ը հանդես եկավ գերմանացի միապետների ինքնիշխանության պաշտպանի դերում: Նապոլեոն Բոնապարտը կտրականապես հրաժարվեց բավարարել Ալեքսանդրի պահանջը՝ հարգել Հյուսիսային Գերմանիայի և Նեապոլի չեզոքությունը, որից հետո ռուսաց կայսրը դիմեց ծայրահեղ քայլի, արդյունքում 1804թ. սեպտեմբերին դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև խզվեցին:

Միջերկրական ծովում ու Կենտրոնական Եվրոպայում Ֆրանսիայի կոնսուլի նվաճողական ձգտումներին ռուսաց կայսրը հակադրեց եվրոպական տերություններից դաշինքի ստեղծման քաղաքականությունը, պաշտպանական համակարգ կազմավորելու մարտավարությունը: Ռուսաց կայսրը շատ արագ համոզվեց, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների կարգավորումը չսահմանափակվեց Նապոլեոնի նվաճողական նկրտումները, եզրակացրեց, որ դիվանագիտական գործելաձևերը բավարար չեն կանխելու նրա քաղաքական ծրագրերը, ուստի և կտրուկ փոխեց իր մարտավարությունը Ֆրանսիայի նկատմամբ: Եվ ռուսաց դիվանագիտությունը Ալեքսանդր I-ի գլխավորությամբ 1803թ. ձեռնամուխ եղավ հակաֆրանսիական ռազմաքաղաքական դաշնակցային համակարգի ձևավորմանը: 1804թ. մարտ-ապրիլ ամիսներին Դանիայի ու Պրուսիայի, իսկ տարվա վերջին Շվեդիայի և Ավստրիայի հետ կնքվեցին կոնվենցիաներ Հյուսիսային Գերմանիան Նապոլեոնի հնարավոր ոտնձգություններից համատեղ գործողություններով պաշտպանելու մասին:

Ռուսաց արքունիքում ֆրանսամետ դիրքորոշում և կողմնորոշում ունեին կանցլեր Ռումյանցևը, փոխկանցլեր Կուրակինը և ծովակալ Մորդվինովը: Մորդվինովը և նրա կողմնակիցները հանդես էին գալիս «ազատ ձեռքերի» քաղաքականության օգտին և ձգտում էին որքան հնարավոր է Ռուսաստանին հեռու պահել Եվրոպայում ծավալված ռազմաքաղաքական պայքարից ու դիվանագիտական սուր հակամարտություններից: Նրանց տեսակետով Ռուսաստանն ընդհանրապես պետք է խուսափեր քաղաքական ցանկացած դաշինքների մեջ ներքաշվելուց, ինչպես Անգլիայի կամ Ֆրանսիայի, այնպես էլ Պրուսիայի կամ Ավստրիայի հետ, դրանով իսկ ձգտել ընդլայնելու առևտրական կապերի շրջանակները: Հակաֆրանսիական կողմնորոշում ունեին Ռուսաստանի արտգործնախարար Վորոնցովը, նրա եղբայրը՝ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Վորոնցովը, ազգությամբ լեհ արիստոկրատ Ադամ Չարտորիյսկին, որը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլև «գաղտնի խորհրդի» ամենաազդեցիկ, կայսրի մերձավոր բարեկամներից մեկը: 1805թ. սկզբին Վորոնցովի մահից հետո նոր արտգործնախարար չնշանակվեց, ու Ադամ Չարտորիյսկին փաստորեն գլխավորեց երկրի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող այդ գերատեսչությունը: Սերվելով բարձր ազնվական տոհմից, նա ցանկանում էր ոչ միայն վերականգնել լեհական թագավորությունը ռուսաց կայսրի քաղաքական հովանավորության ներքո, այլև նույնիսկ երազում էր ժառանգել լեհական գահը: Նա համոզված էր, որ Ռուսաստանի մասնակցությունը Ֆրանսիայի դեմ պատերազմին զգալիորեն կնպաստի իր քաղաքական կանխագծումների իրագործմանը: Դաշինքը Անգլիայի հետ և պայքարը Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ նրանք դիտարկում էին որպես միակ ճիշտ քաղաքականություն Եվրոպայում: Հատկանշական է, որ Չարտորիյսկին, Կոչուբեյը, Նովոսիլցովը թեպետ պաշտպանում էին Ալեքսանդր I-ի կենսագործած «ազատ ձեռքերի» քաղաքականությունը, սակայն նրանց հակվածությունն աստիճանաբար ավելի ու ավելի էր թեքվում դեպի Անգլիան, որը ի վերջո նպաստեց Ռուսաստանի մասնակցությանը հակաֆրանսիական երրորդ դաշինքի կազմավորման գործընթացին, որի գլխավոր նպատակն էր հաստատել ռուս-անգլիական քաղաքական գերիշխանությունը Եվրոպայում: Սակայն Ֆրանսիայի հետ համագործակցելու կողմնակիցները, որոնց թվին էին դասվում նաև կոմս Ռոստոպչինը, լուսավորության նախարար Զավադովսկին, դեմ էին, որպեսզի Ռուսաստանը մասնակցի անգլո-ֆրանսիական հակամարտությանը և մրցակցությանը, մեղադրում էին Վորոնցով եղբայրներին՝ Ռուսաստանին Ֆրանսիայի դեմ պատերազմի մեջ ի շահ Անգլիայի ներքաշելու համար: Ֆրանսիայի դեմ պատերազմի հակառակորդներն իրենց տեսակետը հիմնավորում էին նաև Ռուսաստանի տնտեսական դժվարություններով ու ֆինանսական բարդույթներով:

Եվրոպական մայրաքաղաքների՝ Պետերբուրգի, Լոնդոնի, Վիեննայի, Բեռլինի արքունիքներում դժկամությամբ և տագնապով ընդունեցին Նապոլեոն Բոնապարտին Ֆրանսիայի կայսր հռչակելու մասին սենատի 1804թ. մայիսի 18-ի որոշումը, ապա նաև 1804թ. դեկտեմբերի 2-ին Փարիզի Նոտր Դամ տաճարում մեծ հանդիսավորությամբ կայացած նրա թագադրման արարողությունը: Չբավարարվելով դրանով՝ նա 1805թ. մարտին իրեն հռչակեց Իտալիայի թագավոր, Ֆրանսիային միացրեց Ջենովան: Իրականացան ինչպես Պավել I-ի, այնպես էլ Ռոստոպչինի, արքունիքի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, նշանավոր պատմաբան Կարամզինի կանխատեսումները: Եվրոպական արքունիքներում Նապոլեոն Բոնապարտին կայսր հռչակելու պաշտոնական որոշումը, ինչպես և սպասվում էր, համարվեց անօրինական, որը էլ ավելի սրեց հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և բնականաբար արագացրեց հակաֆրանսիական երրորդ դաշինքի կազմավորումը: Հակաֆրանսիական հենքի վրա ռուս-անգլիական մերձեցումը բխում էր երկու տերությունների շահերից, ուստի և օրինաչափ էր, որ թե՛ Պետերբուրգը, թե՛ Լոնդոնի կառավարող շրջանները ընդառաջող դիվանագիտական քայլեր էին մշակում իրենց հետապնդած քաղաքական ծրագրերը մոտեցնելու և համատեղ ուժերով իրականացնելու համար: Ալեքսանդր I-ը, նախապատրաստվելով կանխել Ֆրանսիայի նվաճողական քաղաքականությունը, ծրագրում էր դաշնակցել առաջին հերթին Անգլիայի հետ, քանզի վերջինս նույնպես վաղուց էր ձգտում Ռուսաստանին ներքաշել Ֆրանսիայի դեմ պատերազմի մեջ, և դեռևս 1802թ. մեկ անգամ չէ, որ առաջարկել էր կնքել դաշնագիր: Ալեքսանդր I-ը հասկանում էր, որ Ռուսաստանն Անգլիայի հետ ուներ ընդհանուր շահեր Միջերկրական ծովում: Պետերբուրգում զգուշանում էին ֆրանսիացիների ներխուժումից Իոննական կղզիներ, Հունաստան և Ալբանիա: Նապոլեոնի ձգտումը՝ Միջերկրական ծովը դարձնել ֆրանսիական լիճ, Անգլիայի համար ներկայացնում էր մեծ վտանգ, լուրջ սպառնալիք նրա գերիշխանությանը ծովում: Սակայն այս ընդհանուր շահերի հետ մեկտեղ Ռուսաստանի և Անգլիայի միջև առկա էին լուրջ հակասություններ, որոնք բարդացնում և դժվարացնում էին հակաֆրանսիական դաշինքի կազմավորման դիվանագիտական գործընթացը: Անգլիային սակայն ոչ պակաս չափով անհանգստացնում էր Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, առավել ևս հնարավոր քաղաքական ազդեցության հաստատումը Մերձավոր Արևելքում: Ուստի ռուս-անգլիական մրցակցության պայմաններում նրանց միջև դաշինքի կնքումը գործնականորեն հեշտ չէր, թեև երկու երկրների դիվանագետները ձգտում էին կարգավորել եղած վիճելի հիմնահարցերը:

Ռուսաց կայսրը Անգլիայի հետ դաշնագիր կնքելու նպատակով որոշեց Լոնդոն ուղարկել իր մերձավորներից մեկին՝ Նովոսիլցովին, որի դիվանագիտական առաքելությունը լիովին նպատակին չհասավ, քանզի դյուրին չէր հաղթահարել Անգլիայի ու Ռուսաստանի միջև եղած տարակարծությունները: Ի պատասխան Նովոսիլցովի դիվանագիտական զգույշ ակնարկների՝ Անգլիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Պիտտ Կրտսերը հասկացրեց, որ Անգլիան երբեք չի հանդուրժի Մերձավոր Արևելքում արդեն հաստատված դրության որևէ էական փոփոխություն: Պիտտը, չթաքցնելով իր թշնամանքը Ֆրանսիայի նկատմամբ, միաժամանակ զգուշացրեց, թե Ռուսաստանի առաջխաղացումը և ծավալապաշտական միտումները Բալկաններում ու Միջերկրական ծովում շատ մեծ զիջում, լուրջ հատուցում և թանկ զոհաբերություն կլինի Անգլիայի կողմից Ֆրանսիայի դեմ դաշինք կնքելու և պատերազմելու համար: Այնուհանդերձ, Նովոսիլցով-Պիտտ զրույցներից հետո, որոնք տեղի ունեցան 1804թ. դեկտեմբեր-1805թ. հունվար ընկած ժամանակահատվածում, հաջողվեց հիմնական հարցում ձեռք բերել համաձայնություն ու մշակել դաշնակցային պայմանագրի նախագիծ, որը անգլիական կառավարության անունից Լոնդոնում հանձնվեց ռուսաց դեսպանին, իսկ Պետերբուրգում անգլիական դեսպանին որպես հիմք հետագայում բանակցությունները շարունակելու և սերտ ռազմաքաղաքական դաշինք կնքելու համար: Ի վերջո, 1805թ. ապրիլի 11-ին Պետերբուրգում կնքվեց ռուս-անգլիական պայմանագիր, որի նպատակն էր ֆրանսիական զորքերից մաքրել Իտալիան, Հաննովերը, Հյուսիսային Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան, վերականգնել գրավված պետությունների անկախությունը, տարածքային վարձահատուցում տրամադրել Պրուսիային ու Ավստրիային, սահմանափակել Ֆրանսիայի տարածքը նախահեղափոխական սահմաններում, Եվրոպայում հաստատել այնպիսի կարգավիճակ, որը իրականում երաշխավորեր բոլոր պետությունների անկախությունը և անվտանգությունը, ստեղծել ամուր հենարան ու պատնեշ ապագա բռնատիրումների դեմ:

Ռուս-անգլիական կոնվենցիայում ուղղակի նշվում էր, որ դաշինքը հետապնդում է պարտադրել ֆրանսիական կառավարությանը կամավոր կամ հարկադրաբար համաձայնվել վերականգնելու խաղաղությունը և հավասարակշռությունը Եվրոպայում:

Ռուսաստանը պարտավորվեց թշնամու դեմ դուրս բերել 115 հազար մարդ, ավելի ուշ այդ թիվը հասցվեց մինչև 180 հազարի, իսկ Անգլիան պարտավորվում էր դաշինքի մասնակիցներին վճարել դրամական օժանդակություն՝ 1250 հազար ֆունտ ստեռլինգ յուրաքանչյուր 100 հազար մարդու համար և մասնակցել ռազմական գործողությունների ցամաքում ու ծովում:

Ռուս-անգլիական կոնվենցիան ստորագրելուց հետո արդեն դաշնակիցներ դարձած երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունները չհաղթահարվեցին, որոնք պայթյունավտանգ էին և կարող էին կազմալուծել հենց նոր կնքված պայմանագիրը: Այս տարաձայնությունների մեջ առանձնանում էր դեռևս Պավել I-ի ժամանակ սուր բնույթ ստացած մրցապայքարը Մալթայում գերիշխելու համար, որն արագացրեց հակաֆրանսիական երկրորդ դաշինքի կազմալուծումը: Ռուսաստանը Անգլիայից պահանջում էր իր զորքերը հանել Մալթայից, բայց հանդիպում էր ոչ համառ դիմադրության: Սակայն գործին անուղղակիորեն օգնեց ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ Նապոլեոն Բոնապարտը, որը 1805թ. հունիսին Ֆրանսիային միացրեց ավելի վաղ Իտալիայում կազմավորված Լիգուրական հանրապետությունը, և դրանով իսկ ոչ միայն հերթական անգամ դժգոհություն առաջացրեց անգլո-ռուսական կառավարող շրջաններում, այլև ածանցյալ դարձրեց դաշնակիցների միջև եղած տարաձայնությունները: Անգլո-ռուսական կոնվենցիան, բացառությամբ Մալթային վերաբերող հոդվածի, 1805թ. հուլիսի 28-ին վավերացվեց: Ֆրանսիայի նոր կայսրի նվաճումներն Ապենինյան թերակղզում հակասում էին Ավստրիայի անմիջական շահերին, և 1805թ. օգոստոսի 15-ին Վիեննայի արքունիքը շտապեց միանալ ռուս-անգլիական կոնվենցիային:

Շվեդիան, Դանիան, Սիցիլիայի թագավորությունը թեև ձևականորեն չմիացան հակաֆրանսիական դաշինքին, բայց փաստորեն դառնալու էին նրա մասնակիցները, քանզի կնքել էին դաշնակցային պայմանագրեր Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի կողմից Եգիպտոսին սպառնացող նոր վտանգը հարկադրեց Թուրքիային 1805թ. սեպտեմբերի 23-ին պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ, որով Օսմանյան տերությունը ևս միացավ դաշինքին: Սևծովյան երկու երկրները՝ Ռուսաստանը և Թուրքիան պարտավորվեցին համատեղ ուժերով պաշտպանել նեղուցները: Պայմանագիրը նախատեսում էր Ռուսաստանի ռազմանավերի ազատ երթևեկություն Բոսֆորով ու Դարդանելով (4-րդ հոդված) և արգելափակում ոչ սևծովյան տերությունների (ազգերի) նավատորմի մուտքը (հոդված 7 գաղտնի) նեղուցներ: Բայց երկու դարավոր մրցակիցների ու հակառակորդների համար այս աննախադեպ պայմանագիրը ինչպես և սպասվում էր, կարճատև ու ժամանակավոր էր, քանզի 1 տարի անց սկսվեց հերթական ռուս-թուրքական պատերազմը, որից շտապեց օգտվել նապոլեոնյան դիվանագիտությունը: Այսուհանդերձ, ալեքսանդրյան դիվանագիտությունը 1801-1805թթ. ընդհանուր առմամբ հասավ լուրջ հաջողության, որովհետև նրա ակտիվ մասնակցությամբ Ֆրանսիայի դեմ ստեղծվեց եվրոպական տերություններից կազմված մի ամբողջական դիմակայող ուժեղ գոտի՝ Սկանդինավիայից մինչև Լևանտ: 1805թ. աշնանը թվով երկրորդ հակաֆրանսիական դաշինքի կազմավորումն ավարտվեց, միայն Պրուսիան չմիացավ դրան, որը լուրջ անհաջողություն էր ռուսաց դիվանագիտության և ընդհանրապես բոլոր դաշնակիցների համար: Պրուսիան երրորդ դաշինքի գոյության ընթացքում գտնվում էր քաղաքական դեգերումների մեջ և փաստորեն կենսագործում երկու հակադիր խմբակցությունների միջև խուսանավելու քաղաքականություն:

Նապոլեոն Բոնապարտի վճռական հաղթանակները հակաֆրանսիական դաշինքի երկու գլխավոր անդամների՝ Ռուսաստանի ու Ավստրիայի բանակների նկատմամբ հանգեցրեց խմբակցության կազմալուծմանը: Առանձնապես վճռորոշ էր Աուստերլիցում 1805թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած «երեք կայսրերի» ճակատամարտը, որն ավարտվեց Ֆրանսիայի կայսրի փայլուն հաղթանակով: Ճակատամարտի պլանը հիմնականում մշակեց ավստրիացի գեներալ Վեյրոտերը, որն ուներ ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից բազում խոցելի կողմեր և դրանք հիանալիորեն օգտագործեց Նապոլեոն Բոնապարտը: Նկատելի էր նաև ռազմական արվեստում երկու կայսրերի՝ Ալեքսանդր I-ի ու Ֆրանցի անփորձությունը, որոնք ցանկանում էին ստանալ նշանավոր զորավարների համբավ և հատկապես փորձում էին նմանվել Ֆրանսիայի անզուգական գեներալ կայսրին: Թերևս միայն այս ոլորտում Ալեքսանդր I-ը ակնհայտորեն զիջում էր Նապոլեոնին: Անգամ ծովակալ Նելսոնի՝ կյանքի գնով նվաճված փայլուն հաղթանակը ֆրանս-իսպանական միացյալ նավատորմի նկատմամբ Թրաֆալգարի 1805թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ծովային ճակատամարտում թեև վերացրեց ֆրանսիական զորքերի Անգլիա ափհանման վտանգը, այնուամենայնիվ, ըստ էության, չփրկեց դաշնակիցներին ընդհանուր ռազմավարական պարտությունից ու խմբակցության կազմալուծումից: Ավստրիական դիվանագիտությունը 1805թ. դեկտեմբերի 26-ին Պրեսբուրգում (Բրատիսլավա) շտապեց Ֆրանսիայի հետ կնքել առանձին հաշտության պայմանագիր: Նապոլեոնը հարկադրեց պարտված Ավստրիային զիջել Ադրիատիկ ծովի արևելյան առափնյա շրջանները՝ ներառյալ Իստրիան ու Դալմաթիան:

Աուստերլիցի ճակատամարտում կրած ծանր պարտությունն ուժեղացրեց դժգոհությունը ցարական կառավարության կենսագործած արտաքին քաղաքականությունից, առանց չափազանցության հեղինակազրկեց կայսր-դիվանագետին ռուս ազնվականության շրջանում: Ֆրանսիայի դեմ պատերազմի հակառակորդները նկատելիորեն աշխուժանալով, սկսեցին կշտամբել Ալեքսանդրին Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, մանավանդ որ ռուսաց բանակը, նրանց կարծիքով, չուներ հաղթանակի հասնելու որևէ հնարավորություն: Անհրաժեշտ էր մինչև Աուստերլիցը հաշտություն կնքել Նապոլեոնի հետ: Այսպիսի հարցադրում էր կատարում Կարամզինը իր նշանավոր «Հին և նոր Ռուսաստանի մասին նոթեր»-ում: Նրանք հուժկու գրոհ սկսեցին «պատերազմի խմբակցության» դեմ, զայրույթով լի մեղադրանքներ ներկայացրին կայսրի «երիտասարդ բարեկամներին», հատկապես Չարտորիյսկուն: Չեզոքության պահպանման ու եվրոպական հիմնահարցերին չմիջամտելու կողմնակիցները նույնպես զգալիորեն ակտիվացան, ըստ որոնց կայսրը չպետք է խառնվեր իրեն չվերաբերող գործերին: Այս քաղաքականության կողմնակիցների տեսակետով կայսրը պարզապես խճճվեց՝ մտնելով անիմաստ և Ռուսաստանի շահերից չբխող պատերազմի մեջ և անխուսափելի դարձրեց պարտությունը: Այսպիսի գնահատականների հետ ռուսաց կայսրը, իհարկե, համաձայնվել չէր կարող, ավելին, Աուստերլիցի պարտությունը չընկճեց Ալեքսանդր I-ին, նա հաստատակամորեն որոշեց շարունակել պատերազմը Ֆրանսիայի դեմ: Ալեքսանդրը համոզված էր, որ Աուստերլիցի ճակատամարտից հետո ռուսաց բանակի վիճակը ո՛չ անհուսալի էր և ո՛չ էլ՝ աղետալի, ուստի և անհրաժեշտ է իրադրությունը կտրուկ փոխելու համար ձեռնարկել նոր ու վճռորոշ ռազմաքաղաքական գործողություններ: Թերևս կայսր-դիվանագետն այլընտրանք չուներ իր խախտված հեղինակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ հատկապես միջազգային ասպարեզում վերականգնելու համար: Եվ բոլոր առումներով օրինաչափ է, որ 1806թ. կայսրի անմիջական ջանքերով կազմավորվեց հակաֆրանսիական չորրորդ դաշինքը: 1806թ. կեսին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հակաֆրանսիական ուղղվածությունը հասավ իր բարձրակետին:

Չորրորդ դաշինքը միավորեց Ռուսաստանին, Անգլիային, Շվեդիային և Պրուսիային: Նապոլեոնյան պատերազմների դիվանագիտության պատմության մեջ առանձնապես կարևորվում էր Պրուսիայի դերը, քանզի հակամարտող կողմերը ցանկանում էին այդ տերությանն ընդգրկել իրենց դաշինքի մեջ, որը դժվարին այլընտրանքի առաջ էր կանգնեցնում Ֆրիդրիխ-Վիլհելմ III թագավորին: Հակաֆրանսիական երրորդ դաշինքի մեջ ընդգրկված տերությունները, հաշվի առնելով Պրուսիայի տարածքի ռազմավարական կարևորագույն նշանակությունը, ճնշում էին գործադրում նրա թագավորի վրա՝ պահանջելով նրանից թույլատրել ռուսաց բանակին անցնել իր երկրի տարածքով: Դրան էր ձգտում հասնել նաև Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիական զորքերի համար: Նա չէր թաքցնում, որ ցանկանում է ռազմական դաշինք կնքել այդ տերության հետ: Ի վերջո, Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը, հաշվի առնելով Նապոլեոն Բոնապարտի ոտնձգությունները Պրուսիայի նկատմամբ, որոշեց թույլատրել ռուսաց բանակին անցնել իր թագավորության տարածքով: Ռուսաստանը և Պրուսիան Պոտսդամում կնքեցին կոնվենցիա Ֆրանսիայի դեմ համատեղ գործողություններ ծավալելու վերաբերյալ: Պրուսիայի թագավորը պարտավորվեց միանալ ռազմական գործողություններին, եթե Ֆրանսիան մերժի նրա միջնորդական առաքելությունը: Սակայն ռուսաց դիվանագիտության այս հաղթանակը Աուստերլիցում ոչ միայն կազմալուծեց երրորդ դաշինքը, այլև կտրուկ փոխեց ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում:

Չորրորդ դաշինքում Ֆրիդրիխ-Վիլհելմ III-ն ձգտեց ցուցադրել անհամեմատ ավելի մեծ ակտիվություն, որը սակայն ձախողվեց ֆրանսիական բանակների արագ ու վճռական հաղթանակների պատճառով: Ֆրանսիացիները, ներխուժելով Պրուսիա, մեկ օրում երկու՝ Իենայի ու Աուերշտեդտի ճակատամարտերում ջախջախեցին պրուսական զորքերը և մտան Բեռլին. թագավորը թողեց մայրաքաղաքը: Գրավելով Պրուսիայի տարածքների մեծ մասը՝ ֆրանսիական բանակները մոտենում էին ռուսաց կայսրության սահմաններին: Ի պատասխան այս ամենի՝ 1806թ. նոյեմբերի 16-ին Ռուսաստանը պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի դեմ: Պրուսիայի ծանր պարտություններից հետո Ռուսաստանը փաստորեն մնաց միայնակ և 1806-1807թթ. Արևելյան Պրուսիայում դժվարագույն մարտեր մղեց ֆրանսիացիների դեմ: Առանձնապես կարևորվում են Պուլտուսկի, Պրեյսիշ-Էյլաուի, և հատկապես Ֆրիդլանդի ճակատամարտերը:

Նապոլեոն Բոնապարտը որոշել էր ձմեռել Վարշավայում, իսկ գարնանը վերստին ծավալել ակտիվ հարձակողական գործողություններ: Բայց ռուսաց բանակի հրամանատարությունը, ձգտելով որքան կարելի է շուտ և արագ պարտության մատնել Ֆրանսիային, ցուցաբերեց անհրաժեշտ ռազմավարական նախաձեռնություն ու, փաստորեն, պարտադրեց հակառակորդին ընդունել իր մարտավարությունը: Արդյունքում երկու ախոյանների բանակները փետրվարյան ձյունածածկ ու հողմաշունչ մի օր հանդիպեցին Պրեյսիշ-Էյլաու վայրում: Դա արյունահեղ ճակատամարտ էր, որը տևեց մի ամբողջ օր ու դադարեցվեց միայն երեկոյան վերջալույսին: Ո՛չ Նապոլեոնը, որ անձամբ գլխավորեց ֆրանսիական բանակը, և ո՛չ էլ ռուսաց բանակի հրամանատար գեներալ Բենիքսենը այդպես էլ չկարողացան ի վերջո որոշել, թե ով հաղթեց այդ ճակատամարտում: Ամենուր միայն դիակներ էին և վիրավորներ, որոնք չէին կարող որոշել ո՛չ հաղթողներին, և ո՛չ էլ պարտվածներին: Ռուսաց բանակը կորցրեց շուրջ 26 հազար, ֆրանսիականը՝ մոտ 28 հազար զինվոր, ուստի իրատես է, որ ճակատամարտում չեղան ո՛չ հաղթողներ, և ո՛չ էլ պարտվածներ: Բենիքսենը փոքր-ինչ մտորումներից հետո, այնուամենայնիվ, որոշեց առաջինը նահանջել, իսկ ֆրանսիացիները մնացին մարտադաշտում շուրջ 9 օր և նահանջեցին միայն կազակների հետապնդումից հետո: Դա հնարավորություն տվեց Ֆրանսիայի կայսրին ճակատամարտից երկու տարի անց կոմս Չերնիշևին ասել. «Եթե ես ինձ անվանեցի էյլաուի տակ հաղթող, ապա այն պատճառով, որ ձեզ համար ցանկալի էր նահանջել»: Այսուհանդերձ, այս ճակատամարտը վստահություն հաղորդեց ռուսաց հրամանատարությանը, հույսեր ներշնչեց հետագա հաղթանակների համար: Ալեքսանդր I-ը ակնկալում էր բեկում մտցնել պատերազմի մեջ, մանավանդ որ Անգլիան խոստանում էր մասնակցել ցամաքային մարտերին, պարտավորվել էր ակտիվացնել իր գործողությունները Պոմերանիայում Շվեդիան: Այս ամենը նկատի ունենալով՝ Նապոլեոն Բոնապարտը Պրեյսիշ-Էյլաուից հետո արդեն տրամադրված էր կարգավորել հակամարտությունը, եթե հնարավոր է, խաղաղ ճանապարհով: Ավստրիական դիվանագիտությունը օգտվելով քաղաքական նպաստավոր պահից, առաջարկեց իր միջնորդությունը: Սակայն Ֆրանսիան ձգձգում էր բանակցությունները, իսկ Ռուսաստանը, հույս ունենալով հաղթել հակառակորդին, մերժեց Վիեննայի նախաձեռնությունը: Ավելին, ռուսաց դիվանագիտությունը փորձեց Նապոլեոնի դեմ «ընդհանուր պայքարի» մեջ ընդգրկել նաև Ավստրիային: Բայց այդ հույսերը չարդարացան, քանզի Ավստրիան որոշեց խստիվ պահպանել չեզոքություն, հավատարիմ մնալ որդեգրած մարտավարությանը: Եթե ռուսաց դիվանագիտությանը չհաջողվեց հակաֆրանսիական դաշինքի մեջ ընդգրկել Ավստրիային, ապա Ֆրանսիայի կայսրը չկարողացավ իր դաշնակիցը դարձնել Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III-ին: Նապոլեոնը վերջինիս մոտ ուղարկեց գեներալ Բերտրանին՝ հաշտության մասին բանակցություններ սկսելու և սեպարատ հաշտություն կնքելու առաջարկությամբ, բայց Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը մերժեց և դրանով իսկ ձախողեց կայսրի ռազմաքաղաքական նկատառումները: Պրուսիայի համար երկու կայսրերի դիվանագիտական մրցակցությունն ավարտվեց Ալեքսանդր I-ի հաղթանակով, որի մեջ, իհարկե, մեծ էր Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի քաղաքական դիրքորոշումը:

Ռուսաց կայսրը որոշեց թողնել Պետերբուրգը և Բարտենշտեյնում հանդիպեց Ֆրիդրիխ Վիլհելմի և նրա կնոջ՝ թագուհի Լուիզայի հետ, որը մեծ ազդեցություն ուներ իր թագավոր ամուսնու վրա: Նրանք բազմակողմանի քննարկումից հետո որոշեցին մերժել Նապոլեոնի անընդունելի ու միակողմանի խաղաղ նախաձեռնությունը: Դրա փոխարեն երկու միապետները պարտավորվեցին բանակցությունների մեջ չմտնել Ֆրանսիայի կայսրի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրա բանակը չի անցել Հռենոսի մյուս ափը: 1807թ. ապրիլի 14-ին ստորագրված Բարտենշտեյնի կոնվենցիայով կողմեը պարտավորվեցին պատերազմել մինչև վերջնական հաղթանակ: Հռչակվեցին պատերազմի նպատակները՝ Հռենոսյան միության վերացում, ֆրանսիացիների վտարում Գերմանիայից և Ռուսաստանի ու Շվեդիայի կողմից երաշխավորված գերմանական պետությունների դաշնության ստեղծում: Դիվանագիտական նման քայլերով ռուսաց կայսրը ցանկանում էր վերակենդանացնել հակաֆրանսիական չորրորդ դաշինքը, նրա մեջ ընդգրկել Անգլիային ու Ավստրիային: Սակայն ո՛չ Անգլիան, ո՛չ Ավստրիան չմիացան ռուս-պրուսական կոնվենցիային ու Ռուսաստանը Պրուսիայի հետ միասին առանց այդ պետությունների ռազմաքաղաքական աջակցության շարունակեց պայքարը Ֆրանսիայի դեմ:

Բարտենշտեյնի կոնվենցիան ամրապնդեց ռուս-պրուսական դաշինքը և ձախողեց Նապոլեոնի փորձերը պառակտել այն ու պարտադրել կողմերից յուրաքանչյուրին իր հետ կնքել սեպարատ հաշտություն: Սակայն ռուսաց արքունիքում ու անձամբ կայսրի շրջապատում դեռևս բավականին ուժեղ էին Ֆրանսիայի հետ զինադադար կնքելու, նրա դեմ պատերազմից հրաժարվելու կողմնակիցները: Նրանք շարունակում էին պնդել, որ ռուսաց բանակն այս փուլում ի վիճակի չէ հաջողությամբ շարունակել ռազմական գործողությունները և ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից դուրս գալու միակ և լավագույն ելքը զինադադարի կնքումն է Ֆրանսիայի հետ: Այս տեսակետը համառորեն և հետևողականորեն զարգացնում էր կայսրի եղբայր Կոնստանտին Պավլովիչը, որը հաճախ սուր վիճաբանության մեջ էր մտնում Ալեքսանդրի հետ արտաքին քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Սակայն կայսրը մնաց անդրդվելի և մերժեց իր եղբոր առաջարկը, կարգադրեց նրան վերադառնալ գործող բանակ: Կոնստանտինը, համոզված լինելով իր մարտավարության ճշմարտության մեջ, չկատարեց միապետի կարգադրությունը: Ավելին, նա իր մոտ հրավիրեց արտաքին գործերի նախարար Բուդբերգին, կայսրի դիվանագիտական հանձնարարությունները իրականացնող Նովոսիլցովին, պետական խորհրդի անդամ Չարտորիյսկուն, որպեսզի քննարկեն ստեղծված իրադրությունը: Բուդբերգից բացի մյուսները արտահայտվեցին անհապաղ զինադադար կնքելու օգտին:

Կոնստանտին Պավլովիչն առաջարկեց պատգամավորներ ուղարկել Նապոլեոնի մոտ նրա մտադրությունները պարզելու համար: Հատկանշական է, որ այս զրույցը և առաջարկներն արվել էին մինչև Ֆրիդլանդի ճակատամարտը: Ալեքսանդր I-ը, շարունակելով պատերազմը, դեռևս հույս ուներ դաշնակցել նաև Ավստրիայի հետ: Բայց կայսր-դիվանագետն անտեսել էր կամ, հավանաբար, թերագնահատել ավստրո-պրուսական ավանդական մրցակցությունը, որը, լինելով չափազանց սուր, անհնար էր դարձնում նրանց համատեղ մասնակցությունը հակաֆրանսիական դաշինքին: Ավստրիայի արտաքին գործերի նախարար կոմս Ստադիոնը հայտարարեց Ռազումովսկուն. «Քանի որ Ռուսաստանն իր առջև նպատակ է դնում պրուսական թագավորին վերականգնել նրա տիրույթներում, Ավստրիան հանուն Պրուսիայի շահերի չի ցանկանում իրեն ենթարկել պատերազմի վտանգներին: Վիեննայում դեռևս չեն մոռացել Պրուսիայի վարքագիծը 1805թ.»: Ավստրիայի բարձրաստիճան պետական այրը նկատի ուներ Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի դիրքորոշումը, որը ժամանակին մերժել էր ու չէր միացել հակաֆրանսիական դաշինքին: Ավստրիայի ու Պրուսիայի քաղաքական մոտեցումներն իրարամերժ էին երրորդ և չորրորդ դաշինքների կազմավորման ժամանակ:

Այսպիսին էր միջազգային իրադրությունը Եվրոպայում Ֆրիդլանդի ճակատամարտից առաջ, ճակատամարտ, որը վճռական ազդեցություն ունեցավ ռազմաքաղաքական հետագա գործընթացների վրա՝ ստեղծելով լուրջ գործոններ ուժերի հարաբերակցության հերթական կտրուկ փոփոխման համար:

1807թ. ամառային պատերազմաշրջանը կարճ տևեց ու ավարտվեց Նապոլեոնի կատարյալ հաղթանակով: Ֆրանսիայի կայսրը ձգտում էր կտրել ռուսաց զորքերը նրանց գլխավոր հենակետից՝ Քյոնիքսբերգից, նրանց պարտադրել նահանջել դեպի Նեման գետը և դրանով իսկ ֆրանսիական բանակը մոտեցնել Ռուսաստանի սահմաններին: Իր հերթին գեներալ Բենիքսենը որոշել էր ֆրանսիացիներին հարկադրել նահանջել դեպի Վիսլա գետը: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1807թ. հուլիսի 2-ին Ֆրիդլանդի մոտ: Այն ավարտվեց ռուսաց բանակի ծանր պարտությամբ, այն գլխովին ջախջախվեց՝ կորցնելով 30 հազար սպանված ու վիրավոր: Ռուսներն անկանոն նահանջեցին և անցնելով Նեմանի մյուս ափը՝ կանգ առան միայն Տիլզիտի մոտ: Ֆրանսիական զորքերն ընդհուպ մոտեցան Ռուսաստանի սահմաններին: Ինչ վերաբերում է Ալեքսանդրի դաշնակից Ֆրիդրիխ Վիլհելմ III-ին, ապա նա ստիպված պատսպարվեց Մեմելում: Թեև Ֆրիդլանդում Նապոլեոն Բոնապարտը տոնեց իր հերթական հաղթահանդեսը, այնուամենայնիվ, սթափ գնահատելով Ռուսաստանի ռազմական ներուժը, չէր թաքցնում Ալեքսանդրի հետ հաշտություն կնքելու իր մտադրությունը:

Նա չհետապնդեց նահանջող և լիովին պարտված հակառակորդին, հնարավորություն տալով Բենիքսենին անցնել Նեմանի ձախ ափը, այրել կամուրջները և կանգնել Տիլզիտի մոտ: Դրանով Ֆրանսիայի կայսրը ռուսաց միապետին աներկմտորեն հասկացնում էր, որ ինքը պատրաստ է բանակցություններին, ցանկանում է ավարտել պատերազմը:

Ալեքսանդրը կանգնած էր երկընտրանքի առաջ՝ կնքել հաշտություն, թե շարունակել պատերազմը: Կայսր-դիվանագետի համար անշուշտ, հեշտ չէր հոգեբանորեն հրաժարվել իր որդեգրած մարտավարությունից ու բանակցություններ սկսել Նապոլեոնի հետ: Սակայն, ի վերջո, հաղթեց սառը և սթափ հաշվարկը, ու նա որոշեց մերձենալ Բոնապարտի հետ, դա կատարելով հաստատակամորեն և հետևողականորեն: Հատկանշական է, որ Բենիքսենը կայսրին գրած իր զեկուցագրում, տեղեկացնելով ռուսաց բանակի ծանր պարտության մասին, նույնպես խորհուրդ էր տալիս նրան բանակցություններ սկսել Բոնապարտի հետ: Բենիքսենը, ստանալով կայսրի կարգադրությունը, հանձնարարեց գեներալ Բագրատիոնին դիմել ֆրանսիական հրամանատարությանը մեկ ամսով զինադադար կնքելու առաջարկությամբ: Ալեքսանդր I-ը Նապոլեոնի հետ բանակցություններ վարելու դժվարին գործը հանձնարարեց գեներալ-լեյտենանտ իշխան Լոբանով-Ռոստովսկուն, որը շտապ մեկնեց գործող բանակ Բենիքսենի մոտ: Կայսրի հատուկ ներկայացուցչին տված հրահանգում արդեն նախատեսված էր ոչ միայն զինադադար, այլև հաշտություն կնքելու լիազորություն: Ընդ որում, բանակցություններ հաշտության մասին պետք է սկսել միայն այն դեպքում, երբ նման առաջարկություն կկատարեն Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Ֆրանսիացիները, ստանալով զինադադարի վերաբերյալ ռուսների առաջարկը, ոչ միայն անմիջապես տվեցին դրական պատասխան, այլև իրենց կողմից առաջարկեցին բանակցություններ սկսել հաշտություն կնքելու համար:

1807թ. հունիսի 8-ին Բենիքսենին այցելեց գեներալ Դյուրոկը, որին քաջ ծանոթ էր ռուսաց բանակի հրամանատարը, և Նապոլեոնի անունից հայտարարեց հաշտություն ստորագրելու անհրաժեշտությունը:

Ռուս-ֆրանսիական բանակցությունները զինադադար կնքելու վերաբերյալ սկսվեցին հունիսի 7-ին, որոնք վարում էին իշխան Լոբանով-Ռոստովսկին և մարշալ Բերտյեն: Ալեքսանդր I-ը համաձայն էր զինադադար կնքել մեկ ամսով, պայմանով, որ երկու կողմերի բանակները կմնան նախկին դիրքերում, իսկ հաշտության մասին բանակցությունները սկսել միայն զինադադար հաստատելուց հետո: Հունիսի 9-ին բանակցությունները շարունակվեցին և նույն օրը ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, որը հաջորդ օրը՝ հունիսի 10-ին հաստատեց Ֆրանսիայի կայսրը: Նապոլեոնն ուղղակի հայտարարեց Ալեքսանդրի հետ անձամբ հանդիպելու իր մտադրության և ցանկության մասին: Իր հերթին Լոբանով-Ռոստովսկին տեղեկացրեց մարշալ Բերտյեին Ալեքսանդրի կողմից զինադադարը հաստատելու մասին, իսկ հունիսի 11-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ վավերացված պայմանագրերի փոխանակում, որտեղ էլ, ի դեպ, որոշում կայացվեց երկու կայսրերի հանդիպման վերաբերյալ:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում սկիզբ դրվեց դիվանագիտության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ հայտնի «Տիլզիտյան համակարգին», որի ձևավորումն ամբողջովին ավարտվեց Ալեքսանդր I-ի և Նապոլեոն Բոնապարտի Տիլզիտում կայացած հանդիպումների ու բանակցությունների ժամանակ, որտեղ ստորագրվեցին համաեվրոպական նշանակության և հնչեղության պաշտոնական պայմանագրեր:

Նյութի աղբյուրը՝ Էդիկ Մինասյան- «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...