Skip to main content

Իսլամական աշխարհը և Մերձավոր Արևելքը

 

Մերձավոր Արևելքը մի տարածաշրջան է, որտեղից համաշխարհային միանգամից երեք խոշոր կրոններ են սերում (հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը): Այդ տարածաշրջանի խիստ լանդշաֆտում համընդհանուր ձգտումների դրոշակակիր նվաճողներ ու մարգարեներ են ծնունդ առել: Նրա անծայրածիր թվացող տարածքներում կայսրություններ են ստեղծվել ու կործանվել: Նրա բացարձակ միապետներն իրենց հռչակում էին իշխանության լիակատար կրողներ, որպեսզի հետագայում տեսիլքի պես անէանային: Այստեղ գոյություն են ունեցել ներքին ու միջազգային կարգերի բոլոր ձևերը, և դրանք բոլորն էլ պատմության ինչ-որ փուլում մերժվել են:

Աշխարհի համար արդեն սովորական է դարձել, որ հանուն ինչ-որ համընդհանուր ճշմարտության՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային կարգերի տապալմանն ուղղված ահազանգեր են գալիս: Այս տարածաշրջանի առանձնահատկությունը մարգարեական աբսոլյուտիստական վարչակարգերն են, որոնք այդպես էլ մնացել են իրենց երբեմնի փառքի մասին երազանքի և ներքին ու միջազգային լեգիտիմության ընդհանուր հիմքերի շուրջ մարդկանց մեր օրերում միավորելու անկարողության արանքում: Միջազգային կարգերի հիմնախնդիրը ոչ մի տեղ ավելի խնդրահարույց չէ, որքան այստեղ: Դա վերաբերում է թե՛ տարածաշրջանային կարգերի կազմակերպմանը և թե՛ այդ կարգերը մոլորակի մնացած հատվածի կայունությանը համապատասխանեցնելուն:

Մեր օրերում թվում է, թե քանի դեռ միջազգային կարգերի միասնական հայեցակարգ չի ստեղծվել (եթե, իհարկե, առհասարակ դա կստեղծվի), Մերձավոր Արևելքը դատապարտված է միաժամանակ փորձարկել սեփական պատմական փորձի բոլոր նվաճումները՝ լինեն դրանք կայսրությունները, սրբազան պատերազմները, օտարերկրյա գերիշխանությունը, թե բոլորը բոլորի դեմ կրոնական հակամարտությունները: Իսկ մինչ այդ տարածաշրջանը կշարունակի լինել հակասությունների մեջ. մերթ կշարժվի միջազգային հանրությանը միանալու ուղղութամբ, մերթ էլ կսկսի պայքարել դրա դեմ:

Իսլամական աշխարհակարգը

Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում աշխարհակարգը կայսրությունների հերթափոխով է զարգացել: Դրանցից յուրաքանչյուրը, որ ձևավորվել էր այս կամ այն հատկություններով միավորվող աշխարհագրական տարածքում, իսկ հետո ընդարձակվել դեպի հարակից տարածքներ, իրեն քաղաքակրթության կենտրոն էր պատկերացնում: Մ.թ.ա. երրորդ հազարամյակում Եգիպտոսն իր ազդեցությունը տարածեց Նեղոսի հովտում ու մերօրյա Սուդանին պատկանող տարածքներում: Այդ ընթացքում Միջագետքի կայսրությունները՝ Շումերն ու Բաբելոնն ամրապնդում էին իրենց տիրապետությունը Տիգրիսի ու Եփրատի ափերին ապրող ժողովուրդների վրա: Մ.թ.ա. 6-րդ դարում Իրանական բարձրավանդակում ստեղծվեց Պարսից կայսրությունը, որն «աֆրիկյան, ասիական ու եվրոպական տարասեռ հանրույթները մեկ, միասնական միջազգային հանրության մեջ կանխամտածված միավորելու առաջին փորձն էր պատմության մեջ», իսկ դրա տիրակալը շահնշահ՝ «արքայից արքա» տիտղոսն էր կրում:

6-րդ դարի վերջին Մերձավոր Արևելքի մեծ մասում երկու խոշոր կայսրություններ էին գերիշխում՝ քրիստոնեության (հույն ուղղափառ եկեղեցու) հետևորդ բյուզանդական կամ արևելյան հռոմեական կայսրությունը՝ Կ.Պոլիս մայրաքաղաքով, և Տիզբոն մայրաքաղաքով Սասանյան պարսկական կայսրությունը, որը զրադաշտականություն էր դավանում: Դարեր շարունակ նրանց միջև պարբերաբար բախումներ էին տեղի ունենում: Երկու կայսրություններին պատուհասած ժանտախտի համաճարակից քիչ անց՝ 602թ., պարսիկների Բյուզանդիա ներխուժման հետևանքով ծավալվեց 25-ամյա պատերազմ, որի ընթացքում զույգ կայսրությունները երկար ժամանակ մրցում էին իրենց հզորության մնացուկներով: Ի վերջո Բյուզանդիան հաղթանակ տարավ, իսկ ընդհանուր հյուծումն ավարտվեց խաղաղությամբ, որին հնարավոր չեղավ հասնել պետական շրջահայեցությամբ: Եվ հաջորդիվ այդ հյուծումը ճանապարհ հարթեց իսլամի վերջնական հաղթանակի համար, քանզի Արաբիայի արևմուտքում՝ երկու կայսրությունների ազդեցությունից դուրս մնացած անմատչելի անապատում, իրենց դիրքերն էին ամրապնդում աշխարհակարգի նոր տեսլականով տոգորված Մուհամեդ մարգարեն ու իր հետևորդները:

Պատմական շատ քիչ իրադարձություններ կարելի է համեմատել այն դրամայի հետ, որ տեղ գտավ իսլամի տարածման առաջին տասնամյակների ժամանակ: Մուսուլմանական ավանդույթը պատմում է, որ 570թ. Մեքքայում ծնված Մուհամմեդն հայտնություններից առաջինը ստացել է 40 տարեկանում: Դրանք տևել են ևս 23 տարի ու ամփոփվել Ղուրանում: Մինչ բյուզանդական ու պարսկական կայսրությունները հյուծում էին միմյանց, Մուհամեդն ու իր հավատացյալ համայնքը ստեղծեցին Արաբական թերակղզին միավորող նոր պետություն ու դուրս եկան արշավանքի՝ Մերձավոր Արևելքի գերակայող կրոնները՝ հիմնականում հուդայականությունը, քրիստոնեությունն ու զրադաշտականությունը, հայտնությամբ ստացված իրենց կրոնով փոխարինելու:

Իսլամի՝ աննախադեպ էքսպանսիայով պայմանավորված վերելքը դարձավ համաշխարհային պատմության ամենանշանակալից իրադարձություններից մեկը: 632թ. Մուհամեդի մահվանը հաջորդած հարյուրամյակի ընթացքում արաբ ռազմիկները նոր կրոնը տարածեցին մինչև Աֆրիկայի ատլանտյան ափ, իրենց կարգերը հաստատեցին Իսպանիայի մեծ մասում ու Կենտրոնական Ֆրանսիայում, իսկ արևելքում հասան մինչև Հնդկաստանի հյուսիս: Իսլամական կրոնն առևտրականների ու նվաճողների ջանքերով հետագա դարերի ընթացքում տարածքներ նվաճեց Կենտրոնական Ասիայում ու Ռուսաստանում, Չինաստանի առանձին շրջաններում ու Օստ-Ինդիայի մեծ մասում, հաստատվեց ու գերիշխող դարձավ:

Այն, որ արաբ համախոհների փոքր խումբը կկարողանար տարածաշրջանում հարյուրամյակներով գերիշխած կայսրությունները կործանելու ուժ ունեցող շարժում ստեղծել, դրանից մի քանի տասնամյակ առաջ անհավանական էր թվում: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ այսպիսի ակնհայտ կայսերական նկրտումներն ու ամեն ինչ կլանող կրոնական ոգին այդպես աննկատ մնային: Հարևան ժողովուրդների վավերագրերում Արաբական թերակղզին որպես հնարավոր սպառնալիք առհասարակ չի դիտվել: Արաբները դարեր շարունակ ապրում էին ցեղային հանրույթներով, անասնապահությամբ էին զբաղվում ու անապատներում քոչվորական կյանք էին վարում: Թեև նախկինում նրանք մի շարք հանդուգն մարտահրավերներ էին նետել հռոմեական տիրակալներին, բայց մինչ Մուհամեդը նրանց չէր հաջողվել մեծ տերություն կամ կայսրություն ստեղծել: Նրանց պատմական հիշողությունը պարփակված էր բանավոր ավանդազրույցներում: Հույների, հռոմեացիների ու պարսիկների մոտ արաբները հիշատակվում էին որպես քարավաններն ու նստակյաց բնակչությանը թալանող ավազակներ: Այդ մշակույթների ներկայացուցիչներն արաբներին ուշադրություն են դարձրել միայն այն դեպքում, երբ որևէ ցեղի հետ կայսրության սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով լոյալություն ստանալու շուրջ կոնկրետ պայմանավորվածության կարիք է եղել:

Ուշագրավ իրադարձությունների ազդեցության տակ ընդամենը 100 տարում այս աշխարհը փուլ եկավ: Էքսպանսիոնիստական, որոշ դեպքերում նույնիսկ արմատական էգալիտար բնույթ ունեցող իսլամը սկզբունքորեն տարբերվում էր այլ շարժումներից: Ուղղահավատների հաճախ աղոթելու պարտականությունը հավատը դարձրեց կենսակերպ: Կրոնական ու քաղաքական իշխանությունների նույնացումն իսլամի տարածումը վերափոխեց ու կայսերական նկրտումներից դարձրեց սրբազան պարտք: Մուսուլմանների առաջխաղացման ճանապարհին հայտնված բոլոր ժողովուրդներին առաջարկվում էր ընտրություն՝ հավատափոխ լինել ու ճանաչել պրոտեկտորատը կամ ոչնչանալ: 7-րդ դարում պաշարված Պարսկաստանի հետ բանակցելու ուղարկված արաբ մուսուլման պատվիրակը վճռական ճակատամարտից 1 օր առաջ հայտարարել էր. «Եթե իսլամը ընդունեք, ձեզ հանգիստ կթողնենք, եթե համաձայնեք շնչական հարկ վճարել, անհրաժեշտության դեպքում ձեզ կպաշտպանենք, իսկ հակառակ դեպքում կնվաճենք ձեզ»: Արաբական այրուձին, որ կարծես կրոնական համոզմունքների, ռազմական հմտությունների ու նվաճված հողերի շքեղությունն արհամարհողների մարմնավորում լիներ, սպառնալիք էր գուժում: Հետևելով մուսուլմանների հարձակումներին ու արարքներին՝ կործանման եզրին կանգնած հանրույթները, բնականաբար, նախապատվությունը նոր կրոնին ու նոր տեսլականին էին տալիս:

Երեք աշխարհամասերում իսլամի արագ տարածումը ուղղահավատների համար իրենց աստվածային առաքելության առհավատաչյան էր: Տոգորված լինելով մարդկությանը միավորելու և համընդհանուր խաղաղություն բերելու գաղափարով՝ իսլամը միաժամանակ և՛ կրոն էր, և՛ բազմազգ գերտերություն էր, և՛ նոր աշխարհակարգ:

Այն բոլոր տարածքները, որոնք մուսուլմանները նվաճել էին, կամ որտեղից հարկեր էին հավաքում ոչ մուսուլմաններից, համարվում էին միասնական քաղաքական միավոր՝ «Դար ալ-իսլամ»՝ «իսլամի տուն» կամ «խաղաղության արքայություն»: Այդ տարածքների վրա իշխում էր խալիֆը՝ օրինական ժառանգորդն այն աշխարհիկ քաղաքական իշխանության, որի կրողը մի ժամանակ Մուհամեդ մարգարեն էր: Խալիֆայության սահմաններից անդին եղած տարածքները կոչվում էին «Դար ալ-Հարբ»՝ «պատերազմի տարածք»: Իսլամի առաքելությունն այն էր, որ այդ տարածքները միավորեր սեփական աշխարհակարգի մեջ ու այդ կերպով համընդհանուր խաղաղություն հաստատեր:

Տեսության մեջ Դար ալ-Իսլամը պատերազմի մեջ էր Դար ալ-Հարբի դեմ, քանզի իսլամի վերջնական նպատակը ողջ աշխարհում խաղաղություն հաստատելն էր: Եթե կարողանային Դար ալ-Հարբի սահմանները կրճատել, ապա Pax islamica-ի հանրակարգը մյուսներին դուրս կմղեր, ու ոչ մուսուլմանական հանրույթները կա՛մ կդառնային իսլամական հանրության մաս, կա՛մ կենթարկվեին նրա իշխանությանը՝ ստանալով կրոնական հանրույթի (դրանց գոյությունը թույլատրված էր) կամ իսլամի հետ պայմանագրային հարաբերություն ունեցող ինքնավար կազմավորման կարգավիճակ:

Այդ ունիվերսալ նպատակին հասնելու ռազմավարությունը «ջիհադն» էր՝ իսլամի տարածքն ամեն կերպ ընդլայնելու ուղղահավատների պարտավորությունը: «Ջիհադը» ենթադրում է նաև պատերազմ, բայց ոչ մի կերպ չի սահմանափակվում ռազմական գործողություններով: Այդ ռազմավարությունը ներառում է իսլամի ուսմունքի տարածման բազմաթիվ միջոցներ՝ ոգեշնչող հոգևոր պրակտիկաներից մինչև իսլամի սկզբունքները փառաբանող մեծ ձեռնարկներ: Հանգամանքներից կախված (իսկ տարբեր դարաշրջաններում այդ հանգամանքները, բնականաբար, տարբեր էին) ուղղահավատները պետք է ջիհադ իրականացնեին «իրենց սրտով, իրենց լեզվով, իրենց ձեռքերով և կամ էլ սրով»:

Բնականաբար, այդ ժամանակներից ի վեր, երբ երիտասարդ իսլամական պետությունը հավատի դրոշով արշավի էր դուրս եկել, երբ ուղղահավատների հանրույթը կառավարվում էր որպես միասնական քաղաքական միավոր ու սպառնում էր մնացած աշխարհին, իրավիճակը սկզբունքորեն փոխվել է: Մուսուլմանական և ոչ մուսուլմանական հանրույթների միջև փոխգործակցությունը հաճախ բեղմնավոր համակեցության շրջաններ է ունեցել, ունեցել է նաև դիմակայության շրջաններ: Առևտրային կապերը սերտորեն փոխկապակցում էին մուսուլմանական ու ոչ մուսուլմանական աշխարհները: Դիվանագիտական համաձայնությունները ևս մուսուլմաններին հաճախ ստիպում էին այս կամ այն խնդրի համատեղ լուծման նպատակով համագործակցել ոչ մուսուլմանների հետ: Այդուհանդերձ, աշխարհակարգի երկբևեռ հայեցակարգը մինչ օրս էլ առկա է. այն ընկած է Իրանի պետական պաշտոնական հայեցակարգի հիմքում և ամրագրված է երկրի սահմանադրության մեջ: Այդպիսի կարգախոսների ներքո են հանդես գալիս նաև Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Եմենի, Աֆղանստանի ու Պակիստանի որոշ զինված փոքրամասնություններ: Բացի դրանից, այն նաև հիմնական գաղափարախոսություն է աշխարհում գործող մի շարք ահաբեկչական կազմակերպությունների, առաջին հերթին՝ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» համար:

Մյուս կրոնները ևս, հատկապես քրիստոնեությունը խաչակրաց արշավանքի շրջանում եռանդուն կերպով իրականացնում էին իրենց համընդհանուր առաքելությունը և կիրառում էին նվաճողական ու բռնի կրոնափոխման նույն մեթոդները (իսպանացի կոնկիստադորները, թաքնվելով համայն աշխարհում Քրիստոսի կրոնի վերջնական հաղթանակի անհրաժեշտության քողի տակ, 16-րդ դարում ավերեցին Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի հին քաղաքակրթությունները): Տարբերությունն այն էր, որ արևմտյան աշխարհում ժամանակի հետ խաչակրաց արշավանքների ոգին մարեց, աշխարհիկ, ավելի նվազ աբսոլյուտիստական (կամ ոչ այդքան երկարաժամկետ) հայեցակարգերը փոխարինեցին կրոնական հրամայականներին: Քրիստոնեությունն աստիճանաբար վերածվեց պատմա-փիլիսոփայական հասկացության՝ դադարելով լինել ռազմավարության կամ միջազգային համակարգի գործողության սկզբունք: Այդ փոխակերպմանը նպաստեց այն, որ քրիստոնեությունը, առանձնացնելով «Կեսարի» ու «Աստծո» ոլորտները, տարբերակել էր երկու կեցությունները: Հենց դա էլ ապահովեց միջազգային համակարգի շրջանակներում պետությունների հիմքով արտաքին քաղաքականության բազմազան, աշխարհիկ բնույթը: Դա պայմանավորված էր նաև չնախատեսված մի շարք այլ իրողություններով, որոնց թվում է նաև կրոնական մոլեռանդությանը փոխարինելու եկած խաչակրաց արշավանքների որոշ ժամանակակից նախատիպերի հարաբերականորեն անհրապույր լինելը: Այդպիսի օրինակներ էին համաշխարհային հեղափոխություն քարոզող խորհրդային կոմունիզմն ու ռասիստական իմպերիալիզմը:

Մուսուլմանական աշխարհի էվոլյուցիան ավելի բարդ էր: Ժամանակ առ ժամանակ աշխարհայացքների մոտարկման հույսեր էին ծագում: Մինչդեռ բոլորովին վերջերս՝ 1920-ականներին, Մուհամեդ մարգարեից քաղաքական իշխանության ուղիղ ժառանգումը, ի դեմս Օսմանյան կայսրության, Մերձավոր Արևելքում կառավարման պրակտիկ գործիք էր համարվում: Իսկ երբ այս կայսրությունը փլուզվեց, մուսուլմանական առանցքային երկրներում աճեցին տարաձայնություններ. մի կողմում գործող միջազգային կարգերում ներգրավվել ցանկացողներն էին (ովքեր ուզում էին պահպանել կրոնական խորը համոզմունքները, բայց դրանք տարանջատել արտաքին քաղաքականությունից), իսկ մյուս կողմում՝ նրանք, ովքեր, հանուն ունիվերսալ իշխանությունը ժառանգելու, հավակնում էին մրցապայքարի մեջ մտնել աշխարհակարգի իսլամական ավանդական հայեցակարգի շրջանակներում:

Վերջին 90 տարվա ընթացքում այս երկու ճամբարներն էլ աշխարհին տվել են ականավոր պետական գործիչներ: Դրանց շարքում մենք կգտնենք ինչպես ծայրահեղ հեռատես քաղաքական գործիչների, այնպես էլ ծայրահեղական կրոնական աբսոլյուտիզմի հետևորդների: Նրանց միջև դիմակայության ելքն այսօր էլ պարզ չէ. մերձավորարևելյան որոշ երկրներում պետության հիմքով միջազգային ու համայնքի հիմքով ունիվերսալ աշխարհակարգի հետևորդները գործում են կողք կողքի՝ երբեմն հայտնվելով հակամարտության եզրին: Սակայն բազմաթիվ ուղղահավատների համար, հատկապես իսլամիզմի վերածննդի դարաշրջանում, երբ ժամանակակից գաղափարախոսությունը շարիաթի նորմերն է դնում անձնական, քաղաքական ու միջազգային կյանքի հիմքում, իսլամական աշխարհը նախկինի պես գտնվում է մնացյալ աշխարհի հետ անխուսափելի դիմակայության մեջ:

Իսլամական համակարգի վաղ շրջանում ոչ մուսուլմանական հանրույթների հետ խաղաղ պայմանագրերը թույլատրելի էին: Ավանդական իրավագիտության համաձայն՝ դրանք ընդամենը սահմանափակ ժամկետով, իսլամին սպառնալիքներից ապահովագրող, ուժն ու միասնությունը վերականգնելու հնարավորություն ընձեռող պրագմատիկ միջոցներ էին: Հիմնվելով պատմական նախադեպի վրա, երբ մուսուլմանական հանրույթը հրադադար էր կնքում թշնամու հետ, իսկ հետո պարտության մատնում նրան, այդ պայմանագրերը ենթադրում էին գործողության սահմանափակ ժամկետներ՝ մինչև 10 տարի, և անհրաժեշտության դեպքում կարող էին երկարացվել: Այդ պատճառով էլ իսլամական պատմության վաղ շրջանում «իսլամական իրավունքի դրույթները նախատեսում էին, որ պայմանագիրը չի կարող հավետ գործել, քանզի այն անմիջապես ենթակա է լուծման, երբ մուսուլմանները դրա համար բավարար ուժ կկուտակեն»:

Նշված պայմանագրերը ոչ մի դեպքում չէին ենթադրում մշտական համակարգի ստեղծում, որի պայմաններում իսլամական պետությունը հավասար հիմունքներով կհամագործակցեր ոչ մուսուլմանական երկրների հետ. «Դար ալ-Հարբում եղած հանրույթները դիտվում էին որպես «բնական վիճակում» գտնվող, նրանք չէին համապատասխանում իսլամի հետ իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքով հարաբերվելու համար անհրաժեշտ բարոյական ու իրավական չափանիշներին»: Այս տեսանկյունից քանի որ իսլամական պետության ներքին սկզբունքներն աստվածային ծագում ունեին, ոչ մուսուլմանական հանրույթները չէին համարվում լեգիտիմ: Մուսուլմանական հանրույթները նրանց երբեք չէին ընդունի որպես իրավահավասար գործընկեր: Խաղաղ աշխարհակարգը կախված էր իսլամական կազմավորման ամրապնդումից ու ընդլայնումից, այլ ոչ թե ուժերի հավասարակշռությունից:

Այս աշխարհայացքի կատարյալ տարբերակում իսլամի ներքո խաղաղության ու արդարության հաստատումը միակողմանի ու անշրջելի գործընթաց է  համարվում: Երբևէ Դար ալ-իսլամի մեջ ընդգրկված տարածքների կորուստը մշտական լինել չէր կարող, քանզի դա կնշանակեր, որ ուղղահավատները փաստորեն հրաժարվում են համընդհանուր հավատքի տարածումից: Եվ իրոք, պատմության մեջ չի եղել քաղաքական այլ միավոր, որ ընդարձակվեր ու իր նվաճումների համար այդպիսի անխոնջ պայքար մղեր: Իսլամի էքսպանսիայի դարաշրջանում նվաճված մի շարք տարածքներ ժամանակի ընթացքում դուրս եկան մուսուլմանների հսկողությունից, ինչպես, օրինակ, Իսպանիան, Պորտուգալիան, Սիցիլիան, Հարավային Իտալիան, Բալկանները (այն այժմ կարծես մուսուլմանական ու առավելապես ուղղափառ անկլավների բարդ խճանկար լինի), Հունաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Ռուսաստանի հարավն ու Չինաստանի մի մասը: Բայց, այդուհանդերձ, եթե հայացք ձգենք իսլամական էքսպանսիայի քարտեզին, կտեսնենք, որ մուսուլմանների կողմից երբևէ նվաճված տարածքների մեծ մասն այսօր էլ մուսուլմանական է:

Ոչ մի հանրույթ այնքան իշխանություն, ոչ մի առաջնորդ այնքան համառություն և ոչ մի կրոն այնքան դինամիզմ չի ունեցել, որ կարողանար իր կամքը տևական ժամանակով պարտադրել ամբողջ աշխարհին: Համընդհանուր ծրագրեր ունեցող բոլոր նվաճողները, այդ թվում և իսլամը կորցրել են ունիվերսալիզմի ու համընդհանրության տարրը: Վաղ իսլամական կայսրության ընդլայնմանը զուգահեռ այդ տարածքում ձևավորվեցին ուժի մի քանի կենտրոններ: Մուհամեդի մահվանը հաջորդած ժառանգության ճգնաժամը հանգեցրեց պառակտման՝ սուննիների ու շիաների: Դա իսլամի համար սկզբունքային նշանակություն ունի նաև մեր օրերում: Քաղաքական ամեն մի նախաձեռնության ժառանգականության հարց պարունակում է հակամարտություններ: Երբ հիմնադիրն ու առաջնորդը նաև «Մարգարեների կնիքն» է՝ Աստծո վերջին առաքյալը, բանավեճերը միաժամանակ ծավալվում են թե՛ աստվածաբանական, թե՛ քաղաքական հարթություններում: Մուհամեդի մահից հետո՝ 632թ., ցեղային ավագանին նրա ժառանգ կամ խալիֆ ընտրեց նրա փեսա Աբու Բաքրին՝ մարդ, ով ի վիճակի էր երիտասարդ մուսուլմանական հանրույթի մեջ համաձայնություն ու ներդաշնակություն պահպանել: Իհարկե, ոմանք կարծում էին, որ ժառանգին պարզ քվեարկությամբ ընտրելը ճիշտ չէր, քանզի մարդկային մտածողությունը սխալվելու հակում ուներ, ուստի իշխանությունը պետք է մեխանիկորեն անցներ մարգարեի ամենամոտ արյունակցին՝ զարմիկ Ալիին, որը վաղ տարիքում իսլամ ընդունած քաջարի մարտիկ էր, և ում, ինչպես ենթադրվում էր, Մուհամեդն ինքը կնախընտրեր:

Հակադիր մոտեցումներ ունեցող այս խմբավորումները, ի վերջո, ձևավորեցին իսլամի երկու հիմնական ճյուղերը: Աբու Բաքրի կողմնակիցների ու մերձավոր հետևորդների համար Աստծո հետ Մուհամեդի հարաբերությունները միակն էին ու անկրկնելին: Այս առումով խալիֆների առաջնային խնդիրը Մուհամեդի ժառանգության պահպանումն էր: Այսպես ծնվեց սուննիների՝ «ավանդույթի ու համաձայնության մարդկանց» ուղղությունը: Ինչ վերաբերում է Շիիթ Ալիի (Շիա) կողմնակիցներին՝ շիաներին, ապա նրանց համար իսլամական հանրույթի կառավարումը էզոթերիկ տարր պարունակող հոգևոր խնդիր էր: Նրանց կարծիքով՝ մուսուլմանները Մուհամեդի հայտնության հետ կարող են ճշմարիտ կերպով առերեսվել, եթե հետևեն մարգարեի ու Ալիի հոգեպես օժտված ուղիղ ժառանգներին՝ երիտասարդ կրոնի գաղտնի իմաստները կրող «հոգաբարձուներին»: Երբ Ալին վերջապես նվաճեց իշխանությունը, դարձավ չորրորդ խալիֆը, և բախվելով ապստամբության, սպանվեց գազազած ամբոխի կողմից, սուննիներն անմիջապես հայտարարեցին իսլամի կարգերի վերականգնման մասին ու սատարեցին կայունություն ապահովող խմբավորմանը: Շիաները նոր ղեկավարությանը մեղադրեցին իշխանությունը բռնազավթելու մեջ, հրաժարվեցին ճանաչել նրա լեգիտիմությունն ու փառաբանեցին ճշմարիտ գործի համար ընկած նահատակներին: Այս դիմակայությունը պետք է տևեր բազում դարեր:

Աշխարհաքաղաքական դիմակայությունը խորանում էր հայեցակարգային տարբերություններով: Ժամանակի ընթացքում իսլամում ձևավորվեցին արաբական, պարսկական, թուրքական ու մոնղոլական գոտիներ, ըստ որում՝ նրանք բոլորն էլ տեսականորեն սատարում էին մուսուլմանական ելակետային աշխարհակարգին, բայց գործնականում իրենց պահում էին տարբեր շահեր ունեցող ու կրոնի կանոնները տարբեր կերպ մեկնաբանող մրցակից միապետությունների պես: Որոշ դեպքերում, այդ թվում՝ Հնդկաստանում Մեծ Մողոլների կառավարման շրջանի մեծ մասում այդ գոտիները ենթադրում էին որոշակի էկումենիկ, նույնիսկ սինկրետիկ մոտեցումներ, հանդուրժող էին այլադավան համայնքների հանդեպ և արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում էին ոչ թե կրոնական հրամայականներով, այլ սեփական շահերով: Երբ համախոհ սուննիական տարածքները Հնդկաստանի մողոլներին կոչ արեցին միանալ շիայական Իրանի դեմ ջիհադին, նրանք առարկեցին՝ վկայակոչելով Իրանի հետ ավանդական բարեկամությունն ու պատերազմի առիթի բացակայությունը:

Ի վերջո, իսլամական համաշխարհային նախագիծը սկսեց մարել, և Եվրոպայում գրանցվեց իսլամական էքսպանսիայի առաջին նահանջը: 732թ. Պուատիեի ու Տուրի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտերը կանգնեցրին արաբական ու հյուսիսաֆրիկյան մուսուլմանական ուժերի առաջընթացը: Բյուզանդիան 400 տարի շարունակ պաշտպանում էր Փոքր Ասիան ու Արևելյան Եվրոպան, որոնցից անդին Արևմուտքը զարգացնում էր հետհռոմեական աշխարհակարգը: Ավելին, Մերձավոր Արևելքում բյուզանդական նվաճումների արդյունքում արևմտյան գաղափարները փոքրիշատե տարածվում էին նաև մուսուլմանական կառավարման ներքո գտնվող տարածքներում: Խաչակրաց արշավանքները՝ քրիստոնեական ասպետական միաբանությունների ներթափանցումը 7-րդ դարում իսլամի զավթած «Սուրբ երկիր», հանգեցրին 1099թ. Երուսաղեմի գրավմանն ու մոտ 200 տարվա կյանք ունեցած քրիստոնեական թագավորության ստեղծմանը: 1492թ. Գրանադայի՝ թերակղզում մուսուլմանական վերջին հենակետի անկմամբ ավարտվեց քրիստոնեական ռեկոնկիստան Իսպանիայում: Արդյունքում իսլամի արևմտյան սահմանը հետ մղվեց Հյուսիսային Աֆրիկա:

13-րդ դարում համընդհանուր կարգերի մասին երազանքները վերածնվեցին: Օսմանյան թուրքերի գլխավորած մուսուլմանական կայսրությունը կարողացավ ընդարձակել անատոլիական փոքր պետությունն ու դառնալ զորեղ ուժ, որը մարտահրավեր նետեց ու պարտության մատնեց քայքայված Բյուզանդիային: Օսմանցիները սկսեցին կերտել իսլամական երբեմնի մեծ խալիֆայությունների իրավահաջորդին: Իրենց հռչակելով որպես ողջ իսլամական աշխարհի առաջնորդ՝ նրանք միանգամից բոլոր ուղղություններով նվաճողական գործողություններ սկսեցին ու ամենուր սրբազան պատերազմներ հայտարարեցին, որոնցից առաջինը՝ Բալկանների ուղղությամբ: 1453թ. ընկավ Բյուզանդիայի մայրաքաղաք Կ.Պոլիսը (Ստամբուլը), որը Բոսֆորի հսկողությունն ապահովող ռազմավարական հանգույց էր: Այնուհետև օսմանցիները շարժվեցին հարավ ու արևմուտք՝ դեպի Արաբական թերակղզի, Միջագետք, Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Եվրոպա ու Կովկաս: Օսմանյան կայսրությունն աստիճանաբար դարձավ Արևելյան Միջերկրականի գերիշխող ուժը: Իսլամի վաղ շրջանի տիրակալների օրինակով թուրքերը ևս իրենց քաղաքական առաքելությունը ներկայացնում էին համընդհանուր՝ «ողջ աշխարհում կարգերի» պահպանման գաղափարի ներքո: Սուլթաններն իրենց անվանում էին «երկրի վրա աստծո ստվեր» ու «աշխարհի պահապան համընդհանուր կառավարիչ»:

Ինչպես և 5 դար առաջվա իրավանախորդները, Օսմանյան կայսրությունը ևս դեպի արևմուտք ծավալվելիս բախվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին: Հետագայում ինստիտուցիոնալացված եվրոպական բազմաբևեռ համակարգի ու միասնական ունիվերսալ կայսրության օսմանյան հայեցակարգի միջև եղած տարընկալումները բարդ բնույթ հաղորդեցին այդ առնչություններին: Օսմանցիները հրաժարվեցին եվրոպական պետությունները ճանաչել լեգիտիմ ու իրավահավասար: Այդ վերաբերմունքը իսլամական դոկրինից ու նաև ուժերի համեմատության ընկալումներից էր բխում.չէ՞ որ Օսմանյան կայսրության տարածքը գերազանցում էր Արևմտյան Եվրոպայի պետություններին՝ միասին վերցրած, ու տասնամյակներ շարունակ ռազմական առումով ավելի ուժեղ էր, քան եվրոպացիների ցանկացած կոալիցիա: Հենց այդ պատճառով էլ արարողակարգի համաձայն՝ օսմանյան պաշտոնական փաստաթղթերում եվրոպական միապետերը հիշատակվում էին սուլթանից՝ Օսմանյան կայսրության առաջնորդից հետո: Նրանք հավասարեցվում էին վեզիրներին՝ գլխավոր նախարարներին: Նույն տրամաբանությամբ Կ.Պոլսի մուտք ստացած դեսպաններն այնտեղ խնդրողի կարգավիճակով էին ընդունվում: Այդ դեսպանների մասնակցությամբ կնքված համաձայնությունները ներկայացվում էին ոչ թե երկկողմ պայմանագրեր, այլ վսեմաշուք սուլթանի կողմից արտոնված միակողմանի շնորհներ:

Երբ օսմանցիներն իրենց հզորության գագաթնակետին հասան, երկու կողմերն էլ հաճախ այս կամ այն մարտավարական խնդրի շուրջ ժամանակավոր համաձայնություններ էին կնքում: Ռազմավարական ու կոմերցիոն շահերը ժամանակ առ ժամանակ հետին պլան էին մղում կրոնական մրցակցությունը:

Հարավում Իսպանիայի, իսկ արևելքում Սրբազան Հռոմեական կայսրության Հաբսբուրգներով իրեն շրջափակված համարող Ֆրանսիան 1526թ. Օսմանյան կայսրութան սուլթան Սուլեյման Փառահեղին ռազմական դաշինք առաջարկեց: Դա արվեց ռազմավարական այն նույն հայեցակարգի տրամաբանությամբ, որը մեկ դար անց կաթոլիկ Ֆրանսիային ստիպեց երեսնամյա պատերազմի ժամանակ միավորվել բողոքականների հետ: Արևելյան Եվրոպայում Հաբսբուրգներին օսմանյան հավակնությունների գլխավոր խոչընդոտ համարող Սուլեյմանը համաձայնություն տվեց, թեև Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ին դիմելիս նրան կրտսեր գործընկեր էր անվանել: Նա հրաժարվեց նույնիսկ բարոյական հավասարություն ենթադրող դաշինք կնքելուց, փոխարենն իր բարձրությունից աջակցություն շնորհեց.

«Ես՝ սուլթանաց սուլթանս, տիրակալների տիրակալը, թագադրող արքան Ալլահի երկրային ստվերը… Սպիտակ ծովի (խոսքը Միջերկրական ծովի մասին է) ու Սև ծովի, Ռումելիայի, Անատոլիայի ու Կարամանիայի փադիշահն ու սուլթանը… դիմում եմ քեզ՝ Ֆրանսիա երկրի թագավորիդ, որ անունդ է Ֆրանցիսկ:

Դու ինձ, Բարձր Դռանը՝ արքայաց ապաստանին, նամակ ես հղել… օգնություն ու աջակցություն ես հայցում քո ազատման համար… Եվ ուրեմն գոտեպնդվի՛ր ու մի՛ ընկճվիր: Մեր քաջարի նախահայրերն ու մեր փառապանծ նախնիները (Ալլահը լույս իջեցնի նրանց շիրիմներին) երբեք չեն դադարել պատերազմելուց՝ թշնամուն հակահարված տալու ու նրա հողերը նվաճելու համար: Մենք ինքներս էլ շարունակում ենք նրանց գործն ու մշտապես նվաճում ենք ուժեղ և դժվարամատչելի գավառներն ու միջնաբերդերը: Զօրուգիշեր մեր ձիերը սանձած են, իսկ մեր սրերը՝ մերկացրած»:

Ռազմական համագործակցությունը հաստատվեց, իսկ արդյունքը թուրք-ֆրանսիական համատեղ ռազմածովային գործողություններն էին Իսպանիայում ու Ապենիններում: Առաջնորդվելով նույն կանոններով՝ Հաբսբուրգները, ի վնաս օսմանցիների, դաշինք կազմեցին Սեֆյան Պարսկաստանի հետ: Աշխարհաքաղաքական մղումները գաղափարախոսությունների նկատմամբ գոնե առժամանակ տիրապետող դարձան:

Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...