Skip to main content

Պաղեստինի հարցն ու միջազգային կարգերը

 

Նկարագրված ցնցումների ֆոնին Մերձավոր Արևելքում արդեն տևական ժամանակ երբեմն հախուռն, երբեմն ինտենսիվ, շարունակվում է տասնամյակներ շարունակ պայթյունի եզրին կանգնած արաբա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ գործընթացը: Դրանում տեղ են գտել լայնածավալ 4 պատերազմ և բազմաթիվ լոկալ բախումներ: Արմատական իսլամիստական ու ջիհադիստական խմբավորումներից յուրաքանչյուրը  հակամարտությունը զենքի դիմելու առիթ է դիտում: Իսրայելի գոյության ու նրա ռազմական կարողությունների փաստն ինքնին արաբական աշխարհում ընկալվում է որպես նվաստացում: Տարածք չզիջելու հայեցակարգային հանձնառությունը վերածվեց Իսրայելի հետ համակեցության անհրաժեշտության գիտակցման, և որոշ անձինք դրա մեջ դաժան ճշմարտություն էին տեսնում, իսկ ոմանք էլ դա համարում էին հավատի մերժում:

Համաշխարհային քաղաքականության քիչ թեմաներ են ուշադրության արժանի, և դրանց թվում է այն, թե ինչպես է Իսրայելը ձգտում պահպանել սեփական անվտանգությունն ու ինքնությունը, թե ինչպես են պաղեստինցիները տենչում սեփական պետություն ստեղծել, թե ինչպես են հարևան արաբական պետությունները փորձում մշակել մի քաղաքականություն, որը կհամադրի իրենց պատմական ու կրոնական հրամայականները: Կողմերը դեպի անորոշ ապագա տանող երկար ու տառապալից ճանապարհ են անցել՝ թշնամանքից ու պատերազմից մինչև հարկադրված համակեցություն, հիմնականում հրադադարների շնորհիվ: Քիչ միջազգային հարցեր են այդպես խիստ անհանգստացնում Միացյալ Նահանգներին ու նման ուշադրության արժանանում ամերիկյան նախագահների կողմից:

Այս հակամարտությունը ներառում է մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտական գրականության մեջ մանրամասն լուսաբանված է: Ներգրավված կողմերը դրանք մշակել են տասնամյակներ տևած լարված բանակցությունների ընթացքում:

Արաբների երկու սերունդ մեծացել է համոզմունքով, որ Իսրայել պետությունը մուսուլմանական ժառանգության ապօրինի ուզուրպատոր է: Արաբական երկրները 1947թ. մերժեցին բրիտանական մանդատ Պաղեստինը արաբական ու հրեական պետությունների բաժանելու ՄԱԿ-ի ծրագիրը: Նրանք հավակնում էին մանդատի ողջ տարածքին ու ենթադրում էին, որ ի վիճակի են ստանալ այն զենքի ուժով: Նորաստեղծ Իսրայել պետությունը ոչնչացնելու անհաջող փորձը չհանգեցրեց քաղաքական կարգավորման ու միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես որ տեղի ունեցավ Ասիայի ու Աֆրիկայի հետգաղութատիրական հակամարտությունների մեծ մասի դեպքում: Դրա փոխարեն սկսվեց քաղաքական թշնամանքի ու կարճաժամկետ հրադադարների տևական շրջան, որն ընդհատվում էր Իսրայելին ծնկի բերելու ցանկություն ունեցող արմատական խմբավորումների ահաբեկչական գործողություններով:

Խաղաղության ձգտող քաղաքական գործիչները հակամարտության հայեցակարգային խնդիրը փորձում էին հաղթահարել վեստֆալյան սկզբունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով, այսինքն՝ բանակցություններ, որոնք ընթանում են ժողովուրդներին ներկայացնող ինքնիշխան պետությունների միջև, և դրանցից յուրաքանչյուրը ոչ թե կուրորեն հետևում է կրոնական հրամայականներին, այլ իրատեսորեն գնահատում է սեփական ազգային շահերն ու կարողությունները: Անվար Սադաթը համարձակվեց դուրս գալ հակամարտության այդ շրջանակներից ու 1979թ. ազգային շահերի վրա հիմնված խաղաղություն կնքեց Իսրայելի հետ: Դրա համար նա վճարեց կյանքով, քանզի երկու տարի անց սպանվեց արմատական տրամադրված եգիպտացի սպաների կողմից: Նույն ճակատագրին արժանացավ Իցհակ Ռաբինը՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ պայմանագիր կնքած Իսրայելի առաջին վարչապետը: Նա իսրայելցի ծայրահեղական ուսանողի կողմից սպանվեց Սադաթի սպանությունից 14 տարի անց:

Լիբանանում, Սիրիայում ու Պաղեստինում՝ հատկապես Գազայի հատվածում, որտեղ քաղաքացիական ու զինվորական իշխանությունը ներկայումս զգալի չափով գտնվում է արմատական իսլամիստների ձեռքում, Հեզբոլլահն ու Համասը ջիհադը համարում են «սիոնիստական օկուպացիային» վերջ տալու մուսուլմանների սրբազան պարտք: Իրանում կառավարող այաթոլլաների վարչակարգը պարբերաբար վիճարկում է Իսրայելի գոյության փաստն ինքնին. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բացահայտ հայտարարում էր, թե հրեաներին պետք է վտարել:

Արաբների վերաբերմունքի առնվազն 3 տարբերակ կարելի է առանձնացնել: Փոքր, նվիրված, բայց ոչ այդքան նկատելի մի խումբ Իսրայելի հետ համակեցությունն ընդունում է որպես տրված փաստ ու պատրաստ է համագործակցելու: Մյուս՝ ավելի մեծաքանակ խումբը ձգտում է մշտական դիմակայության արդյունքում ոչնչացնել Իսրայելը: Երրորդ խումբը պատրաստ է Իսրայելի հետ բանակցություններ վարել, բայց առնվազն երկրի ներքին կյանքում բանակցություններն արդարացնում է հրեական պետությունը փուլերով դուրս մղելու ծրագրով:

Իսրայելը, ունենալով քիչ բնակչություն (հարևանների հետ համեմատած) ու փոքր տարածք, որ ամենանեղ հատվածում ունի 9.3 մղոն, իսկ ամենալայն հատվածում 60 մղոն լայնություն, դժկամությամբ է տարածք զիջում, հատկապես խոշոր բնակավայրերին սահմանակցող շրջաններում, քանզի արդարացիորեն վախենում է անցանկալի միջադեպերից: Ուստի նրա բանակցային դիրքորոշումը ենթադրում է անվտանգության ու քաղաքական երաշխիքների իրավաբանական այնպիսի սահմանումներ, որոնք տեսական մոտեցումներն ու հաճախ մանր մասնավորեցումները համադրում են խաղաղ գործընթացի սպառնալիքներն ամրապնդող միտումների հետ, որոնց հաղթահարմանն էլ ուղղված է գործընթացը:

Արաբական աշխարհում պաղեստինյան հիմնախնդրի լուծումն այլևս անհետաձգելի չի թվում, թեև չի կորցրել իր սրությունը: Խաղաղ գործընթացի առանցքային մասնակիցները շեղվել են դեպի Իրանի՝ հնարավոր միջուկային երկիր դառնալու ու տարածաշրջանում նրա դաշնակիցների հիմնախնդիրները: Դա երկու տիպի ազդեցություն է գործում խաղաղ գործընթացի վրա. խոշոր երկրները, ինչպիսիք Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան են, մեծացնում են իրենց կշիռը խաղաղ գործընթացում, և որ ավելի կարևոր է, պատրաստակամություն են հայտնում վերջնական համաձայնության երաշխավորներ դառնալ: Պաղեստինի առաջնորդներն ինքնուրույն չեն կարող հասնել այդ արդյունքին, քանի որ տարածաշրջանային կառավարությունների հավանության ու ակտիվ աջակցության կարիքն ունեն: Այդուհանդերձ, վաղ թե ուշ պաղեստինյան խնդիրը պետք է լուծվի, քանզի այն տարածաշրջանային և վերջին հաշվով համաշխարհային կարգերի կարևորագույն տարր է:

Որոշ արաբ առաջնորդներ առաջարկել են արաբա-իսրայելական այնպիսի խաղաղություն, որն Իսրայելի անվտանգության շուրջ եղած մտահոգությունները կհամադրեր արաբների զգացմունքների հետ ու հաստատելով Իսրայելի գոյության իրողությունը՝ իսլամական Մերձավոր Արևելքում նրան լեգիտիմությամբ չէր օժտի:

Իսրայելի հիմնական պահանջն էլ երաշխիքների տրամադրումն է առ այն, որ խաղաղության համաձայնագիրը ենթադրի արաբների կողմից հրեական պետության բարոյական ու իրավական ճանաչում: Այսպիսով, Իսրայելը, վեր կանգնելով վեստֆալյան պրակտիկայից, պնդում է լիակատար ճանաչում, ինչը ֆորմալ կերպով անելը մուսուլմանների մեծամասնության համար դժվար է, քանի որ հակասում է նրանց կրոնական ու տարածքային հավակնություններին:

Արաբական մի քանի պետություններ պատրաստակամություն են հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, եթե այն վերադառնա 1967թ. սահմաններին՝ կես դար առաջ ավարտված պատերազմի հրադադարով հաստատված շփման գծին: Բայց իրական խնդիրն այն է, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կոնկրետ ինչ գործողություններ է ենթադրում: Արդյո՞ք Իսրայելի դիվանագիտական ճանաչումը կդադարեցնի արաբական լրատվամիջոցներում, կառավարություններում ու կրթօջախներում առկա այն արշավները, որոնք Իսրայելին ապօրինի, իմպերիալիստական ու տարածաշրջանային չարագործ են ներկայացնում: «Արաբական գարնան» ճնշումներից թուլացած ո՞ր մի արաբական կառավարությունն է ունակ հրապարակավ հավանություն տալ ու իրապես երաշխավորել մի խաղաղություն, որը կհամապատասխանի Իսրայելի պահանջներին: Հենց դա է որոշում խաղաղության հեռանկարը, այլ ոչ թե Իսրայելի կպցրած որևէ պիտակ:

Աշխարհակարգի երկու հայեցակարգերի հակամարտությունն իր արտացոլումն է գտել իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրում: Ըստ սահմանման՝ Իսրայելը վեստֆալյան պետություն է, որն այդպիսին դարձել է 1947թ.: ԱՄՆ-ն՝ նրա գլխավոր դաշնակիցը, վեստֆալյան աշխարհակարգի երաշխավորն ու հիմնական պահպանողն է: Բայց Մերձավոր Արևելքի երկրների ու խմբավորումների մեծ մասը միջազգային կարգերը շատ թե քիչ պատկերացնում են իսլամական տեսանկյունից: Իսրայելի ու հարևանների տարաձայնություններն աշխարհագրական ու պատմական ակունքներ ունեն. ջրային ու մյուս ռեսուրսներին հասանելիությունը, անվտանգության յուրահատուկ պայմանները, փախստականները: Այլ տարածաշրջաններում նման մարտահրավերները դիվանագիտության միջոցով հաղթահարվում են: Այս դեպքում խնդիրը հանգում է Հորդանան գետի ու Միջերկրական ծովի միջև ընկած նեղ տարածքում երկու պետությունների՝ Իսրայելի ու Պաղեստինի միջոցով աշխարհակարգի երկու հայեցակարգերի համակեցության հնարավորությանը: Քանի որ ցանկացած քառակուսի կիլոմետր երկու կողմերի համար էլ հսկայական նշանակություն ունի, հնարավոր է՝ հաջողության կարելի է հասնել միջանկյալ համաձայնություններով և համակեցության սկզբունքը գործնականում կարելի է կիրառել, եթե մինչև վերջնական համաձայնագիրը Արևմտյան ափի մի մասը ինքնիշխանություն ստանա:

Մինչ բանակցությունները շարունակվում էին, Մերձավոր Արևելքի քաղաքական ու փիլիսոփայական էվոլյուցիան Արևմտյան աշխարհում հակասությունների տեղիք տվեց: Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Մերձավոր Արևելքի առանցքային դերակատարների հետ. Իսրայելը դաշնակից է, Սաուդյան Արաբիան գործընկեր է, Եգիպտոսն ԱՄՆ-ի հոգածության ներքո է: Տարածաշրջանային կարգերը զարգանում են, երբ դրանց առանցքային մասնակիցները համահունչ մոտեցումներ են ունենում ազդեցություն գործող հանգամանքների վերաբերյալ: Այդ համահունչ մոտեցումը Մերձավոր Արևելքում առայժմ չի իրացվել: Առանցքային դերակատարները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում երեք հիմնական խնդիրների վերաբերյալ՝ ներքին զարգացումները, Պաղեստինի արաբների քաղաքական ապագան, Իրանի միջուկային ծրագիրը: Ունենալով նույն խնդիրները՝ ոմանք չեն կարողանում համախմբվել: Օրինակ՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ունեն ընդհանուր նպատակ՝ ամեն գնով Իրանի միջուկային ծրագրի կանխումն ու միջուկային զենքին Իրանի չտիրապետելը: Սակայն լեգիտիմության տարբեր մեկնաբանություններն ու համաարաբական համաձայնություն ունենալու սաուդցիների ցանկությունը խանգարում են ընդհանուր նպատակը հրապարակավ ընդունելուն կամ դրա մասին ակնարկներ անելուն: Ահա թե ինչու տարածաշրջանի հսկայական հատվածը մնում է ջիհադի ու դրա առանձին պատճառների հետ առճակատվելու վախերի արանքում:

Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...