2010թ. վերջին սկսված «արաբական
գարունը» մի պահ հույս տվեց, որ տարածաշրջանում եղած բռնակալությունների ու ջիհադիստների
դեմ հանդես եկող ուժերը բարեփոխումների նոր ալիքի ներքո կխարխլեն նրանց դիրքերը: Արևմտյան
քաղաքական առաջնորդներն ու լրատվամիջոցները ողջունեցին ժողովրդական հուզումները Թունիսում
ու Եգիպտոսում՝ որպես երիտասարդների հեղափոխություն՝ հանուն ազատական ժողովրդավարական
սկզբունքների: Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեց ցուցարարների պահանջներն ու
սատարեց «ազատության», «ազատ ու արդար ընտրությունների», «ներկայացուցչական կառավարության»
ու «իրական ժողովրդավարության» նրանց՝ անվերապահ կենսագործելու կոչերին: Բայց և այնպես,
ինչպես պարզվեց բռնապետական վարչակարգերի տապալումից հետո, ժողովրդավարության ճամփան
տանջալից ու տառապալից էր:
Արևմուտքում շատերը Կահիրեի
Թահրիր հրապարակում տեղի ունեցածը մեկնաբանում են որպես այն բանի ապացույց, որ բռնապետության
այլընտրանքի որոնումները պետք էր շատ ավելի վաղ սկսել: Իրականում խնդիրն այն էր, որ
ԱՄՆ-ն դժվարանում էր եգիպտական հանրության մեջ գտնել այնպիսի տարրերի, որոնցով հնարավոր
կլիներ պլյուրալիստական ինստիտուտներ ու դրանք սատարող առաջնորդներ պատրաստել (ահա
թե ինչու են ոմանք տարանջատում քաղաքացիական ու զինվորական իշխանություններն ու սատարում
թեկուզ «Մուսուլման եղբայրների» ժողովրդավարությունը):
Տարածաշրջանում Ամերիկայի ժողովրդավարական
ձգտումները, որոնց հետամուտ էին երկու կուսակցությունների վարչակազմերն էլ, հանգել
են իդեալիստական պերճախոսության դրսևորումների: Բայց երկրի անվտանգության հոգսով պայմանավորված՝
ժողովրդավարության մասին պատկերացումները պարբերաբար մերժվում էին: Ժողովրդավարության
ջատագովները շատ արագ հասկացան, թե որքան դժվար է գտնել առաջնորդների, ում համար ժողովրդավարության
կարևորությունը միայն իրենց նպատակին հասնելը չէ: Ռազմավարական անհրաժեշտության կողմնակիցները
միաժամանակ չկարողացան ապացուցել, որ գործող վարչակարգերն ի վիճակի են էվոլյուցիա ապրել
ու դառնալ ժողովրդավարական կամ գոնե բարեփոխումներ իրականացնել: Ժողովրդավարացման մոտեցումն
ի վիճակի չէ լցնել իր նպատակների վակուումը. ռազմավարական մոտեցմանը խանգարում է գործող
ինստիտուտների անսասանությունը:
«Արաբական գարունը» սկսվեց որպես
երիտասարդության ընդվզում՝ հանուն ազատական ժողովրդավարության: Շուտով երիտասարդները
դուրս մղվեցին, իսկ ընդվզումը ջլատվեց կամ նույնիսկ ճնշվեց: Խանդավառությունը վերափոխվեց
կաթվածահար վիճակի: Պարզվեց, որ առկա քաղաքական ուժերը, ի դեմս բանակի, իսկ գյուղական
վայրերում՝ կրոնի, ավելի ամուր էին ու լավ կազմակերպված, քան Թահրիր հրապարակում հանուն
ժողովրդավարության ցույցի դուրս եկած միջին խավը: Գործնականում «Արաբական գարունն»
ընդամենը ի ցույց դրեց արաբա-իսլամական աշխարհի ներքին հակասություններն ու դրանց վերացմանն
ուղված քաղաքականությունը, այլ ոչ թե հաղթահարեց դրանք:
«Արաբական գարնան» վաղ շրջանի
հաճախ հնչեցվող կարգախոսը՝ «Ժողովուրդը վարչակարգի տապալումն է պահանջում», անպատասխան
էր թողել երկու կարևոր հարց.ո՞վ է «ժողովուրդը», և ի՞նչն է զբաղեցնելու տապալված բռնապետության
տեղը: «Արաբական գարնան» ակտիվիստների քաղաքական ու տնտեսական ազատությունների իրական
պահանջները փոխարինվեցին զինվորականների աջակցությունը վայելող ավտորիտարիզմի ու իսլամական
գաղափարախոսության միջև բռնի մրցակցությամբ:
Եգիպտոսում Թահրիր հրապարակում
կոսմոպոլիտիզմի ու ժողովրդավարական արժեքներ դավանող իրական ցուցարարներին դժվար է
կոչել հեղափոխության ժառանգներ: Էլեկտրոնային սոցիալական մեդիան հեշտացնում է վարչակարգերի
տապալման նպատակով ցույցերի կազմակերպումը, բայց պետական նոր ինստիտուտներ կառուցելու
գործում հրապարակում ժողովրդի հավաքվելը բավարար չէ: Բողոքների նախնական հաջողությունից
հետո իշխանության մեջ առաջացած վակուումը նախահեղափոխական ուժերն օգտագործեցին մարդկանց
տրամադրությունները մանիպուլացնելու համար: Ազգայնականության ու արմատականության միջոցով
ժողովրդական միասնության հասնելու գայթակղությունը ի սկզբանե հռչակված կարգախոսներից
ավելի ուժեղ դուրս եկան:
Թեև Թահրիր հրապարակում իրադարձությունների
թեժ պահին «Մուսուլման եղբայրները» երդվում էին, որ իշխանության չեն ձգտի, վերջիններիս
առաջնորդ Մուհամեդ Մուրսին էլ ավելի արմատական խմբավորումների կոալիցիայի աջակցությամբ
2012թ. ընտրվեց նախագահ: Նոր իսլամիստական կառավարությունն իր ջանքերը կենտրոնացրեց
լիազորություններն այլ եղանակներով ինստիտուցիոնալացնելու վրա, իսկ այդ ընթացքում նրա
համախոհները կանանց, ազգային փոքրամասնությունների ու այլախոհների հետապնդման ու ահաբեկման
արշավ էին սկսել: Այս կառավարությունը տապալելու և քաղաքական գործընթացի նոր մեկնարկ
հռչակելու նպատակով զինվորական հեղաշրջումը ողջունեցին աշխարհիկ ժողովրդավարության
նույնիսկ մարգինալացված տարրերը:
Այս ամենը ստիպեց մտածել մարդասիրական
արտաքին քաղաքականության մասին:
Այն ավանդական թեմաներից տարբերվում էր նրանով,
որ բարոյականության անբավարարության պատճառով քննադատության էր ենթարկում ազգային շահերի և ուժերի հավասարակշռման հայեցակարգերը: Այն արդարանում էր՝ ոչ թե ռազմավարական սպառնալիքները հաղթահարելով,
այլ արդարության համընդհանուր սկզբունքների խախտումներին նպաստող պայմանների վերացմամբ:
Արտաքին քաղաքականության այս մոտեցման նպատակն ու խնդիրներն արտացոլում են ամերիկյան ավանդույթի կենսական բաղադրիչը: Բայց ԱՄՆ գլոբալ ռազմավարության իրականացման գործնական ընթացքում այն երկընտրանքներ է ծնում.
արդյո՞ք Ամերիկան պետք է առանց բացառության սատարի ոչ ժողովրդավարական կառավարությունների դեմ ուղղված բոլոր ժողովրդական հուզումներին, այդ թվում՝ նրանց, որոնք միջազգային համակարգի կայունության համար առանցքային են եղել: Արդյո՞ք ամեն մի բողոք ժողովրդական է՝ ըստ սահմանման: Սաուդյան Արաբիան դաշնակից է, քանի դեռ նրա տարածքում հրապարակային ցույցեր չեն եղել: «Արաբական գարնան» մեջ ամերիկյան ներդրումն այն վարչակարգերի դատապարտումն էր,
քննադատությունն ու տապալման աջակցությունը,
որոնց, այդ թվում ԱՄՆ կարևորագույն դաշնակից Եգիպտոսի կառավարությանը,
Ամերիկան համարում էր բռնապետական:
Ավանդաբար բարեկամական մի շարք կառավարություններ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, տեղի ունեցածի մեջ ամերիկյան նահանջի սպառնալիք տեսան,
այլ ոչ թե ազատական բարեփոխումների գրավչություն:
Արևմտյան ավանդույթը պահանջում է սատարել ժողովրդավարական ինստիտուտները և ազատ ընտրությունները: Ամերիկյան էթիկայի այս հիմնարար գործոնն անտեսող ոչ մի ամերիկացի նախագահ իր գործունեության համար չի կարող հավակնել ԱՄՆ ժողովրդի երկարաժամկետ հավանությանը:
Բայց երբ նույնն են պնդում կուսակցությունները,
որոնք ժողովրդավարությունը նույնացնում են կրոնական գերիշխանության (ըստ որում՝ անշրջելի)
հաստատման նպատակով հանրաքվեի հետ,
ապա այդ ընտրություններն իրապես ժողովրդավարական լինում են միայն առաջին անգամ:
Երբ Կահիրեում նորից զինվորական վարչակարգ հաստատվեց,
Միացյալ Նահանգներում հերթական անգամ ծավալվեց նախկին բանավեճը. անվտանգային շահե՞ր, թե՞ աջակցություն քաղաքացիական ու լեգիտիմ կառավարության հաստատմանը:
Այն ծնեց նաև ժամանակի խնդիրը. տեսական էվոլյուցիայի արդյունքն ակնկալելով՝ ի՞նչ աստիճանի կարելի է ռիսկի գնալ անվտանգային շահերի հարցում:
Ժողովրդավարությունն էլ,
անվտանգությունն էլ հավասարապես կարևոր են: Ժողովրդավարական ապագայի անտեսումը՝ ենթադրելով, թե գիտենք՝ ինչպես այն կառուցել,
երկարաժամկետ ռիսկեր է ծնում:
Ներկայիս անվտանգային խնդիրների անտեսումը ենթադրում է անհապաղ աղետ:
Ավանդապաշտների ու բարեփոխիչների միջև տարբերությունները հիմնված են այս տարակարծության վրա:
Պետական գործիչները ստիպված են հավասարակշռել այս ծայրահեղ մոտեցումները:
Իրադարձությունները կարող են ծնել այնպիսի հետևանքներ,
օրինակ՝ ցեղասպանությունը,
որոնց, ի հեճուկս ռազմավարական մոտեցումների, կհաջորդեն օտարերկրյա ուղիղ միջամտություններ:
Բայց, որպես կանոն, առավել կայուն ուղիղ ենթադրում է ամերիկյան քաղաքականության մեջ հաճախ անհամատեղելի հակադրություններ համարվող ռեալիզմի ու իդեալիզմի միահյուսում:
Սիրիական հեղափոխությունը սկզբնական փուլում Թահրիրի հրապարակի եգիպտական բողոքն էր հիշեցնում: Բայց եթե եգիպտական հուզումը միավորեց հիմնական ուժերին,
Սիրիայում դարավոր լարվածությունը սրեց սուննիների ու շիաների միջև հազարամյա հակամարտությունը:
Հաշվի առնելով Սիրիայի ժողովրդագրական բարդությունը՝ քաղաքացիական պատերազմ ներքաշվեցին էթնիկական ու դավանաբանական բոլոր խմբերը, որոնցից ոչ ոք պատմական փորձի բերումով պատրաստ չէր իր ճակատագրի հետ կապված որոշումները վստահել մյուսին:
Արտաքին ուժերը ևս միջամտեցին հակամարտությանը: Վայրագությունները շատացան,
իսկ կենդանի մնացածները պատսպարվեցին էթնիկական ու կրոնական անկլավներում:
Ամերիկյան հրապարակային քննարկումներում Բաշար Ասադի դեմ ապստամբության ընկալումը նմանվում էր Հոսնի Մուբարաքի տապալմանն ու մեկնաբանվում էր որպես պայքար՝ հանուն ժողովրդավարության: Այդ պայքարի գագաթնակետը պետք է դառնար Ասադի կառավարության հրաժարականն ու դրա փոխարեն ժողովրդավարական կոալիցիոն կառավարության հաստատումը:
Նախագահ Օբաման այս մոտեցումը հնչեցրեց 2011թ. օգոստոսին,
երբ հրապարակավ Ասադին կոչ արեց «մի կողմ քաշվել»,
որպեսզի սիրիացի ժողովուրդը կարողանա իրացնել իր համընդհանուր իրավունքները. «Սիրիայի ապագան պետք է որոշի իր ժողովուրդը,
բայց նախագահ Բաշար Ասադը խոչընդոտում է դա: Երկխոսության ու բարեփոխումների նրա կոչերն արդեն վաղուց որևէ մեկին չեն մոլորեցնում,
մինչդեռ նա կալանավորում է,
կտտանքների ու մահապատժի է ենթարկում իր սեփական ժողովրդին:
Մենք նախագահ Ասադին հետևողականորեն կոչ էինք անում ժողովրդավարական անցում կատարել կամ չխանգարել դրան: Նա չարեց դա:
Ժամանակն է,
որ հանուն սիրիացի ժողովրդի՝ նախագահ Ասադը մի կողմ քաշվի»:
Հայտարարությունն արված էր Ասադի դեմ ներքին ընդդիմությանը համախմբելու ու նրա հրաժարականին միջազգային աջակցություն ապահովելու նպատակով:
Սա էր պատճառը, որ Միացյալ Նահանգները փորձում էր ՄԱԿ-ի միջոցով առաջ տանել «քաղաքական լուծում»,
որով պնդում էին Ասադի հրաժարականն ու կոալիցիոն կառավարություն ձևավորում: Դժվարություններ առաջացան, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վետոյի իրավունք ունեցող մյուս անդամները մերժեցին հավանություն տալ ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունն, ինչպես և ռազմական միջամտությանը:
Եվ ի վերջո, Սիրիայում ձևավորված զինված ընդդիմությանն էլ դժվար է բնութագրել որպես ժողովրդավարական, առավել ևս՝ չափավոր:
Հակամարտությունն աստիճանաբար դադարեց լինել բացառապես Ասադի հեռացման հարց: Շահագրգիռ հիմնական կողմերի համար ամերիկյան բանավեճի մտահոգություններն ամենևին էլ կարևոր չէին:
Սիրիական հիմնական ներքին ու տարածաշրջանային խաղացողները քաղաքացիական պատերազմն ընկալում էին որպես պայքար հանուն ազդեցության,
այլ ոչ թե ժողովրդավարության:
Ժողովրդավարության հարցում նրանք շահագրգիռ էին այնքանով,
որքանով այն իշխանություն կապահովեր:
Ոչ ոք մտադիր չէր պայքարել հանուն մի կառավարման համակարգի, որը չէր երաշխավորի քաղաքական գործընթացների նկատմամբ լիակատար հսկողություն: Բացառապես հանուն մարդու իրավունքների ու ազատությունների մղվող պատերազմը՝ առանց դրա աշխարհառազմավարական ու աշխարհակրոնական բաղադրիչների,
պարզապես անիմաստ էր դրանում ներգրավված մասնակիցների ճնշող մեծամասնության համար: Նրանց կարծիքով՝ հակամարտությունը ոչ թե բռնապետի ու ժողովրդավարական ուժերի,
այլ Սիրիայի մրցակցող համայնքների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների միջև էր:
Հետևաբար պատերազմը պետք է վճռեր, թե Սիրիայի խոշոր համայնքներից ո՞ր մեկին կհաջողվի գերիշխել մյուսների վրա ու վերահսկողություն սահմանել սիրիական պետականության նկատմամբ: Տարածաշրջանային տերություններն իրենց նախընտրած համայնքին աջակցելու նպատակով Սիրիա էին ուղարկում զենք,
ֆինանսներ ու նյութատեխնիկական օգնություն.
Սաուդյան Արաբիան ու Ծոցի երկրները մատակարարում էին սուննիներին,
Իրանը «Հեզբոլլահի» միջոցով սատարում էր Ասադին: Երբ ռազմական գործողությունները փակուղի մտան,
հաճախակի դարձան արմատական խմբերի գործողությունները, որոնք այնպիսի վայրագություններ էին անում, որ մարդու իրավունքների թեման լիովին մոռացության էր մատնվում:
Մինչդեռ այս մրցակցությունը փոփոխության ենթարկեց Սիրիայի, հնարավոր է նաև՝ ողջ տարածաշրջանի քաղաքական քարտեզը:
Սիրիացի քրդերը թուրքական սահմանի մոտ ինքնավար միավոր ստեղծեցին ու ծրագրում են երբևէ միավորվել Իրաքի քրդական ինքնավարության հետ: Դրուզներն ու քրիստոնյաները,
մտավախություն ունենալով,
որ իրենց հետ կվարվեն այնպես, ինչպես «Մուսուլման եղբայրները»՝ Եգիպտոսի ազգային փոքրամասնությունների հետ, չաջակցեցին վարչակարգի փոփոխությանը կամ էլ նախընտրեցին պարփակվել իրենց համայնքների ներսում: Ջիհադիստական ԻԼԻՊ-ը մտադիր էր խալիֆայություն ստեղծել Սիրիայից ու Իրաքի արևմուտքից զավթած տարածքների վրա, որոնք Դամասկոսն ու Բաղդադը չկարողացան ուժով պահել:
Հիմնական մասնակիցները բացահայտեցին,
որ ներքաշվել են կենաց-մահու պատերազմի կամ էլ,
ինչպես ջիհադիստներն են ասում,
ապոկալիպսիս ենթադրող հակամարտության մեջ:
Երբ Միացյալ Նահանգները հրաժարվեց միջամտելուց, կողմերը որոշեցին, որ Ամերիկան թաքցնում է իր իրական ծրագրերը,
օրինակ՝ Իրանի հետ վերջնական համաձայնության հասնելը,
կամ էլ նա շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահպանելու հարցում: Այս անհամաձայնությունը գագաթնակետին հասավ, երբ
2013թ. Սաուդյան Արաբիան հրաժարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղից.
բացատրությունն այն էր, որ քանի որ կարգերի ավանդական արբիտրները միջամտելու ցանկություն չունեն,
իրենք էլ հետամուտ կլինեն իրենց սեփական նպատակներին:
Ամերիկան աշխարհին կոչ արեց հարգել Սիրիայի ժողովրդի ժողովրդավարական մղումներն ու պահպանել քիմիական զենք չկիրառելու միջազգային արգելքը, իսկ մյուս մեծ տերությունները, օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, պնդում էին հավատարիմ մնալ Վեստֆալյան չմիջամտելու սկզբունքին:
Նրանք Թունիսում,
Եգիպտոսում, Լիբիայում,
Մալիում, Բահրեյնում ու Սիրիայում հուզումները սկզբունքորեն դիտարկում էին տարածաշրջանային կայունության պահպանման համատեքստում և նկատի էին առնում իրենց մուսուլման բնակչության տրամադրությունները:
Գիտակցելով, որ առավել հմուտ ու համառ սուննիական ռազմիկները մոլի ջիհադիստներ են ու դաշնակցում են «Ալ-Քաիդայի» հետ (կամ էլ ԻԼԻՊ-ի դեպքում դիմում են մարտավարության, որն անգամ «Ալ-Քաիդան» է ծայրահեղական համարում)՝ այդ երկրները մտավախություններ ունեին Ասադի հակառակորդների հաղթանակի համար: Չինաստանը հայտարարեց, որ չի սատարում պատերազմող կողմերից և ոչ մեկին, սակայն Սիրիայի ճակատագիրը պետք է վճռի «Սիրիայի ժողովուրդը»,
այլ ոչ թե օտարերկրյա բանակները: Սիրիայի ֆորմալ դաշնակից Ռուսաստանը շահագրգռված էր Ասադի իշխանության պահպանմամբ,
նաև Սիրիայի՝ որպես հնարավորինս միասնական պետության պահպանմամբ: Միջազգային համաձայնության բացակայության ու սիրիական ընդդիմության մասնատվածության պատճառով հանուն ժողովրդավարական արժեքների ապստամբությունը դարձավ
21-րդ դարի սկզբի ամենամեծ հումանիտար աղետներից մեկը, որն ուղեկցվեց տարածաշրջանային կարգերի փլուզմամբ:
Տարածաշրջանային կամ միջազգային անվտանգային արդյունավետ համակարգի առկայությունը կարող էր կանխել կամ գոնե մեղմել աղետը: Բայց ազգային շահերի ընկալումները տարբեր էին, իսկ կայունության գինը՝ շատ բարձր:
Հակամարտության վաղ փուլում դրսից վճռական միջամտությունը,
հնարավոր է,
կզսպեր հակառակորդներին,
բայց երկարաժամկետ ու ազդեցիկ զինված ներկայություն կպահանջեր: Իրաքում ու Աֆղանստանում իրավիճակը նկատի ունենալով՝ Միացյալ Նահանգները չհամարձակվեց միայնակ գնալ նման քայլի:
Իրաքում քաղաքական կոնսենսուսը կարող էր պատերազմը կանգնեցնել սիրիական սահմանին, բայց Բաղդադի կառավարության համայնքային ազդակներն ու նրա տարածաշրջանային գործընկերները խոչընդոտեցին դրան:
Բացի դրանից,
միջազգային հանրությունը կարող էր Սիրիայի կառավարությանն ու ջիհադական ապստամբներին զենք մատակարարելուն արգելք դնել: Դա անհնար դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների անհամատեղելի մոտեցումների պատճառով: Երբ կարգերը չեն հաստատվում համաձայնությամբ կամ ուժի գործադրմամբ, աղետի,
քաոսի ու անհամար զոհերի գնով են ծնվում:
Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»
Comments
Post a Comment