Skip to main content

Հայոց ցեղասպանություն

 

Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է փառավոր հաղթանակներ, նվաճումներ և ցավոք՝ դժվարին ու ողբերգական իրադարձություններով լի ժամանակներ, որոնցից ամենադաժանը 1894-1923թթ. հայոց ցեղասպանությունն էր, որ իրականացրեց Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիան: Սուլթան Համիդի, ապա երիտթուրքական կառավարության հայատյաց քաղաքականության նպատակը հազարամյակներ շարունակ հայրենի հողում ապրող հայ էթնոսի ոչնչացումն էր:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և պատերազմի քողի տակ Հայոց ցեղասպանությունն ահռելի չափերի հասավ: Աշխարհի հզորների թողտվությամբ, նրանց սառն ու անտարբեր հայացքի ներքո եղեռնազարկ եղավ մի ողջ ժողովուրդ: Տեղահան արվեցին և մահվան ճամփեքով անապատ քշվեցին միլիոնավոր հայեր, հարյուր հազարավոր անթաղ մեռելներով ծածկվեցին արաբական անապատները. անմեղ զոհերի ոսկորները մինչ օրս էլ պատմական ճշմարտության ընդունման կոչնակ են հնչեցնում, պահանջում արդարության վերականգնում:

Թուրքական իշխանությունն անթաքույց մոլուցքով ոչնչացնում եր քաղաքակիրթ ազգի մշակութային արժեքները, դարերով ստեղծված հարստությունը՝ կալվածքներն ու շինությունները, յուրացնում գույքը, դրամական ու նյութական այլ միջոցները, ի չիք դարձնում բանկային խնայողությունները: Ավերում, քարուքանդ էր արվում քրիստոնյա ազգի հետքերը՝ մեր դարավոր եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու հուշարձանները, հրո ճարակ էին դարձնում ձեռագիր մատյաններն ու գրավոր հիշատակարանները, այսինքն՝ անխնա ջնջում կամ սեփականացնում էին այն ամենը, ինչը հայկական էր, հայոց պատմությունը, հայկական մշակույթը, հայոց դավանանքի մարմնավորումները…

Եղեռնից հրաշքով փրկված, օտար միսիոներների, դիվանագետների, հոգևորականների ջանքերով Սիրիա, Լիբանան, ապա Ֆրանսիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկա և այլ երկրներ հասած մեր տառապյալ ժողովրդի բեկորները վերընձյուղվեցին: Նրանց ամուր կամքը, ուժն ու համբերությունը, կենսասիրությունն ու աշխատասիրությունը, ապրելով վրեժ լուծելու անհագ ձգտումը տվեցին իրենց պտուղները: Եվ որբ, սովալլուկ ու անօգնական, միաժամանակ՝ անկոտրում հայը մահվան մահիճը մերժեց, փյունիկի նման մոխիրներից հառնեց: Նա իր ստեղծագործ ու արարող տեսակի, նվիրումի, մարդկային բարձր որակների շնորհիվ օտար ափերում արմատներ ձգեց ու հաստատվեց, կայացավ որպես տվյալ երկրի օրինապաշտ քաղաքացի, մասնակցեց իր երկրորդ հայրենիքի տնտեսական, մշակութային, քաղաքական, սոցիալական կյանքին և հարություն առավ որպես հայկական Սփյուռք՝ ընդգրկելով աշխարհի 100-ից ավելի երկրներ:

Այսօր երկիր մոլորակի չորս ծագերում գործում են հայկական համայնքներ՝ իրենց հազարից ավելի դպրոցներով, 700-ից ավելի մշակութային կենտրոններով, բյուր եկեղեցիներով ու հուշարձաններով, հայկական և քրիստոնեության խորհրդանիշ հանդիսացող մոտ հազար խաչքարերով, երեք ավանդական կուսակցություններով, 30 հազարից ավելի բարեգործական, երիտասարդական, մարզական, առողջապահական, մշակութային, կանանց կազմակերպություններով, 100-ից ավելի համալսարանական հայկական կենտրոններով, 40-ից ավելի համահայկական կառույցներով, հազարին հասնող դպրոցներով, մշակութային կենտրոններով:

Աշխարհասփյուռ հայությունը ծնեց համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ, գիտնականներ ու գյուտարարներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, երգիչներ ու նկարիչներ, գրողներ ու կառավարիչներ, գործարարներ ու հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հսկայական նպաստ բերեցին համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը: Եվ իրոք, հայերի ավանդը համաշխարհային առաջընթացի, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման գործում ահռելի է:

Ամենուր հայը վաստակեց անուն ու պատիվ, արժանիորեն վայելեց օտարների հարգանքն ու սերը, ձևավորեց վստահություն և ակնածանք հայության և Հայաստանի նկատմամբ: Սփյուռքի մեր ազգակիցները դարձան հայրենիքի դեսպանները հարյուրավոր պետություններում:

Դառնալով աշխարհի քաղաքացիներ՝ հայերը հավատարիմ մնացին իրենց ազգային ինքնությանը, հայկական ընտանեկան ավանդույթներին, հավատքին, հայրենիքին: 21-րդ դարում կիրթ և գրագետ, կարող և նախաձեռնող հայ ժողովուրդը շարունակում է հայ դատի պահանջատերը լինել, պայքարում է արդարության հաստատման, իր պապերի կորցրած իրավունքների վերականգնման համար: Հայությունը պայքարում է նաև որևէ այլ երկրում ցեղասպանությունը բացառելու, աշխարհի երեսից մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործության ուրվականը մեկընդմիշտ արտաքսելու համար:

Պատահական չէ, որ 2015թ. ստեղծվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նախապատրաստող և միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, նախապատրաստվեցին և իրականացվեցին լայնամասշտաբ ծրագրեր ու աննախադեպ ձեռնարկներ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, իհարկե նաև Սփյուռքում:

Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին նաև Հայկական Սփյուռքի կրոնական, քաղաքական և հասարակական կառույցների ղեկավարներ, աշխարհահռչակ հայեր: Տարածաշրջաններում կազմավորվեցին 60-ից ավելի հանձնաժողովներ, յուրաքանչյուր համայնքի ներսում ձևավորվեցին հանձնախմբեր՝ միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու համար:

Ազգային ոգով միավորված՝ աշխատանքներն իրականացվեցին. քաղաքական, քարոզչական, գիտական, գիտահետազոտական, համայնքային (կրթական, մշակութային), եկեղեցիների և մշակութային հուշարձանների, խաչքարերի, համալիրների կառուցման ու վերանորոգման ուղղություններով: Հայկական Սփյուռքի և հայոց պետության միասնականությամբ առավել մեծ թափ ստացավ թուրքական ժխտողական, կեղծարար քաղաքականության դեմ պայքարը: Թուրքական իշխանությունները, ոչնչի դեմ կանգ չառնելով, փոխեցին նույնիսկ Գալեոպոլիի ճակատամարտի օրը և փորձեցին այն տոնել 2015թ. ապրիլի 24-ին՝ դրանով իսկ առավել նպաստելով հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական-քարոզչական աննախադեպ հոսքին: Հայոց պայքարը չի ավարտվել և չի ավարտվի, քանի դեռ իրականություն չեն դարձել հայոց իրավունքների վերականգնումը, պատմական արդարության ու ճշմարտության ճանաչումը:

Պայքարը գնալով հզորանում և նոր թափ է ստանում, քանզի պատմական հիշողությունը որևէ կերպ ջնջել հնարավոր չէ: Հայության սերունդները շարունակելու են հիշել և հիշեցնել աշխարհին ցեղասպանության մասին, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը յուրաքանչյուրինս է և բոլորինս է:

Այո՛, բազմաթիվ երկրներ ընդունել են բանաձևեր, որոշումներ, օրենքներ, հայտարարություններ, և այդ գործընթացը շարունակական է: Մենք անվերապահորեն և միասնաբար, հայոց պետականության շուրջ համախմբված, շարունակելու ենք Հայ Դատի համար պայքարը, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, չեն ճանաչել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը և չեն զբաղվել հետևանքների՝ ըստ հնարավորին հիմնավոր վերացման հարցերով:

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց

«Քիչ երկրներ են այնքան խոշտանգման ենթարկվել, որքան Հայաստանը: Այն հարատև դաժանությունները, որոնց նա զոհ գնաց, եղել են այն աստիճանի զարհուրելի, որ մեզանից շատերի համար հենց Հայաստան անունը ստացել է նահատակ բառի համազոր նշանակություն: Ներկա աղետալի իրադարձության պայմաններում նրա կրած տառապանքները գերազանցեցին աշխարհի պատմության մեջ արձանագրված բոլոր տեսակի արհավիրքները: Արդի պատերազմում երկրագնդի տարբեր մասերում իրագործված ամենասոսկալի չարիքներից և ոչ մեկը չի կարող համեմատվել այն ահավոր ու ողբերգական եղեռնի հետ, որը բաժին ընկավ հայ ժողովրդին»:

Հենրի Մորգենթաու

Հայերի վիճակն աշխարհում ամբողջությամբ փոխվեց 1894-1923թթ. ընթացքում: Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական և սահմռկեցուցիչ էջն է: Հայերիս համար 20-րդ դարն սկսվեց Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանությամբ և բնաջնջման արհավիրքով, որն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ մեր ազգի հետագա հոգեբանության, բնավորության, գիտակցության ու ապրելակերպի վրա: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության ողբերգությունն է: Ցեղասպանության ցանկացած ոճրագործություն, ում կողմից և ում դեմ էլ իրագործված լինի, ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ և չունի վաղեմության ժամկետ:

Հայոց ցեղասպանությունը և Հայկական Սփյուռքը

1894-1923թթ. Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում իրագործվեց հայերի բնաջնջումը, որը Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կողմից մտածված, հանգամանորեն ծրագրված և սառնասրտորեն իրականացված հրեշագործություն էր: Այդ ոճրագործ քաղաքականությանը զոհ գնաց 1.5 միլիոն հայ, իսկ հրաշքով կենդանի մնացածների հիմնական մասը կա՛մ բռնի տեղահանվեց, կա՛մ փրկության հանգրվան գտավ օտար ափերում՝ ձևավորելով Հայկական սփյուռքը: Ոչնչացվեց, բռնազավթվեց նաև հայերի ամբողջ ունեցվածքը, հայկական մշակութային ժառանգությունը: Ըստ 1912-1913թթ. Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական վիճակագրության՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական գործող եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում՝ 4-5-րդ դարերում վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:

«Առաջին աշխարհամարտի տարիներին իր իսկ հայրենիքում կամ բռնագաղթի ճամփաներին գերեզմանվեց մշակութաստեղծ հինավուրց այդ ժողովրդի մեծագույն հատվածը, իսկ փրկվածները բնավեր ու աշխարհասփյուռ եղան: Որբացավ հայաթափ Հայաստանի մշակույթը:

Հայի արյունը առօրյա «սննդի տեղ» ընդունած թուրքն ու քուրդը, հոշոտելու համար այլևս հայ չգտնելով, առանց ժամանակ կորցնելու հարձակվեցին հայոց գերեզմանների, եկեղեցիների ու այն ամենի վրա, ինչը հիշատակ էր մնացել նահատակված ժողովրդից: Հայի վաստակը թաքցված գանձի տեսքով գտնելու հույսով՝ անվերջ քանդվեցին, պայթեցրին ու քարը քարի վրա չթողնելով՝ հողին հավասարեցրին բազում դարերի ընթացքում արարված, բայց արդեն որբացած մշակույթը…»:

Պատերազմի ընթացքում Արևմտյան Հայաստանում ոչնչացվեցին 2900 հայկական բնակավայրեր (քաղաքներ, գյուղեր, թաղամասեր), իսկ դրանց բնակչությունը տեղահանվեց կամ ոչնչացվեց, իսկ ունեցվածքը կողոպտվեց: Ավերվեցին ու թալանվեցին մոտ 1500 դպրոց ու վարժարան, 2050 եկեղեցի, 300 վանք, ոչնչացվեց մոտ 20000 ձեռագիր մատյան: Այսօր հետևողականորեն թուրքացվում են Արևմտյան Հայաստանի հայկական վերջին անվանումները, ավերվում են հայկական մշակույթի հուշարձանները, խեղաթյուրվում և կեղծվում է հայոց պատմությունը:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի ծրագրած ոչնչացման քաղաքականությունը որդեգրվեց հանրապետական Թուրքիայի կողմից, այդ արժեքները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Հայերը, ամրապնդվելով և զարգանալով իրենց ապաստանած երկրներում, չկորցնելով ազգային ինքնագիտակցությունը, շարունակեցին պայքարը հանուն ազգային գոյատևման, կորսված հարազատ հողի նկատմամբ իրավունքի վերականգնման, ցեղասպանության միջազգային ճանաչման:

Հայկական սփյուռքի առանձնահատկություններից է, որ այն որոշ երկրներում ձևավորվել է արդեն գոյություն ունեցող հայ համայնքների հիման վրա: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայեր բնակվում էին Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Լիբանանում, Սիրիայում, Հնդկաստանում և այլուր: Տարբեր ժամանակներում հիմնված, բնակչության տարբեր քանակ ունեցող այս և այլ համայնքներում գոյություն ունեին բազմապիսի կազմակերպություններ ու հաստատություններ՝ եկեղեցիներ, մշակութային, բարեսիրական, հայրենակցական միություններ, մամուլ, դպրոցներ: Եվ բնական է, որ հայրենիքից բռնագաղթված հայությունը ձգտում էր հաստատվել նախ և առաջ հենց այդ երկրներում՝ իրավացիորեն ապավինելով ազգակիցների օժանդակությանը:

Հայկական սփյուռքը տասնամյակների ընթացքում ենթարկվել է որոշակի փոխակերպման՝ իր ներսում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետ կապված: Այդ փոխակերպման ըմբռնումը կարևոր նշանակություն ունի ինչպես մարտահրավերներին դիմակայելու, այնպես էլ ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու տեսանկյուններից: 1915թ.-ից հետո Սփյուռքի հայկական համայնքները ստվարացան Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում և այլուր: Հայերի խմբերը հաստատվեցին նաև եվրոպական երկրներում (Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա), ինչպես նաև Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկայի երկրներ):

Սփյուռքի ողջ պատմության ընթացքում կարևորվել է հայ ինքնության պահպանման խնդիրը, քայլեր են ձեռնարկվել դրա լուծման ուղիների որոնման, կառուցակարգերի ստեղծման, դրանց արդյունավետ գործարկման ուղղությամբ: Հայ ազգային ինքնագիտակցության պահպանմանը, հայկական համայնքների ինքնահաստատմանն ու համախմբմանն էին ուղղված համայնքներում հաստատված և գործող կրթական-մշակութային, բարեգործական հաստատություններն ու կազմակերպությունները, հայկական եկեղեցիները:

Հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է ազգի պահպանման, Սփյուռքն ու Հայաստանը միավորելու, նրանց միջև կամուրջներ ստեղծելու, բոլոր հայերին միմյանց շաղկապելու Հայ եկեղեցու առաքելությունը:

Հայկական պետականության վերականգնումը և Հայկական Սփյուռքը

1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) ստեղծումից անմիջապես հետո նորաստեղծ կառավարությունն աշխարհասփյուռ հայությանը դիմեց «Հայաստանը ողջ հայության հայրենիքն է» կոչով:  Սակայն 1918-1920թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չեղավ ծավալուն հարաբերություններ հաստատելու Սփյուռքի հետ, քանի որ կենսական էր երկրի պաշտպանության խնդիրը: Սփյուռքը, չնայած իր դժվարություններին, փորձում էր սատարել իր ազգային անկախ պետությանը, որը, ցավոք, երկար կյանք չունեցավ: Արդեն Խորհրդային Հայաստանի պայմաններում քաղաքական ռեժիմը թույլ չտվեց խորացնել և զարգացնել կապերը Սփյուռքի հետ: Սփյուռքն ամփոփվեց ինքն իր մեջ, կրթվեց ու զարգացավ և համախմբվեց իր իրավունքների վերականգնման ու արդարության հաստատման գաղափարների շուրջ:

Համաշխարհային հանրության կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու սփյուռքահայության պայքարն ակտիվացավ 1960-ական թթ. կեսերից՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի նախօրեին: Ստալինյան ռեժիմի կողմից պարտադրված լռությունը խախտվեց 1965թ., և Խորհրդային Հայաստանի կառավարությունը սկսեց յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին նշել Հայոց ցեղասպանության տարելիցը: Երևանում կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշակոթողը (1967թ.), իսկ հետագայում՝ ցեղասպանության թանգարանը (1995թ.), զարգացավ քաղաքական հայագիտությունը, հրատարակվեցին բազմաթիվ գիտական աշխատություններ, փաստաթղթերի ժողովածուներ:

1960-ական թթ. սկսած աշխարհում նկատելիորեն աշխուժացավ հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ, այն քննարկվեց միջազգային տարբեր կազմակերպություններում: Հայոց ցեղասպանության հարցը դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովի քննարկման առարկա: Եվ 1965թ. աշխարհում առաջինը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Փաստորեն, հայոց պահանջատիրության սահմանագիծ, ազգային վերազարթոնքի նոր հանգրվան էր ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից 5 տասնամյակ անց Սփյուռքն ու հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման ու միջազգային ճանաչման պահանջով: Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն ազդարարեց նորօրյա պայքարի ու նոր մարտավարությունների սկիզբը: Սակայն այս պայքարը հզորացավ և նոր փուլ մտավ 1991թ.-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ազատ և անկախ պետություն:

Հիրավի, իրականություն դարձան ֆրանսիացի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անատոլ Ֆրանսի հետևյալ խոսքերը Հայաստանի հետագա վերածննդի մասին. «Հայաստանը մահամերձ է, սակայն նա կվերակենդանանա:

Եվ այն սակավ արյունը, որ մնացել է նրա մեջ, այդ արյունը թանկագին արյուն է, որից պիտի ծնունդ առնի մի հերոսական սերունդ: Այն ազգը, որ չի կամենում մեռնել, երբեք չի մեռնի»:

Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության մասին Հռչակագրում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հայրենիքում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական տեղաշարժերը՝ անկախ Հայաստանի Հանրապետության և ազգային պետականության հաստատմամբ, վերացրին քաղաքական-գաղափարական շատ խոչընդոտներ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ոլորտում: Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերն առավել գործնական բնույթ ստացան 1988թ. վերջերին Հայաստանում տեղի ունեցած աղետից՝ Սպիտակի երկրաշարժից հետո, այնուհետև ակտիվացան արցախյան գոյամարտի և հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի շուրջ:

Ցավոք, 1990-ական թթ. սկսվեց արտագաղթ Հայաստանից, որն ուներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Երկաթյա վարագույրի բացումը, Սպիտակի երկրաշարժը, արցախյան պատերազմը, էներգետիկ ճգնաժամը պարարտ հող դարձան ժողովրդագրական տեղաշարժերի համար:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ներառելը բավական ցավագին ընդունվեց Թուրքիայում: Ցեղասպանության իրողության հերքման խնդիրը թուրքական իշխանությունների օրակարգի հարց դարձավ: Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջների բացառումը հանդիսանում է Հայաստանի հետ հարաբերություններ սկսելու համար Թուրքիայի առաջադրած նախապայմաններից մեկը: Բնականաբար, այս հարցում թուրքական իշխանությունների մտավախության հիմքում հիմնականում ընկած են միջազգային տարբեր ատյաններում ու երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները: Պաշտոնական Անկարան շատ զգայուն է արձագանքում հատկապես ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում հայկական լոբբիի ունեցած հաջողություններին, սակայն գործընթացն այլևս անկասելի է:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

Ցեղասպանության ճանաչումն ինքնին ցեղասպանության դեմ պայքարի կարևոր միջոց է, որը մարդու և մարդկության խաղաղ ու ապահով գոյատևման իրավունքի հաստատումն է:

70 տարուց ավելի Սփյուռքը միայնակ է պայքարել ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Եվ վերջին շրջանում է, որ հայոց պետությունը միացել է այս պայքարին: Ուստի Սփյուռքում կան կուտակված աշխատանքային փորձ ու կառուցակարգեր, որոնք պետք է ընդհանրացնել ու տարածել հատկապես նոր ձևավորվող համայնքներում:

Մինչ այժմ միջազգային իրավունքի տեսաբանների և պատմաբանների կողմից զգալի աշխատանք է կատարվել «ցեղասպանություն» եզրույթի իրավական մեկնաբանման, ինչպես նաև այդ հանցագործության համար պատասխանատվության և պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: 1915թ. ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթը 145 հոդված տպագրեց, որոնց խորագրերից էր «Ջարդերը դադարեցնելու կոչ՝ ուղղված Օսմանյան կայսրությանը»: Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը թերթի կողմից բնորոշվեց որպես «համակարգված», «լիազորված» և «կառավարության կողմից կազմակերպված»:

1915թ. մայիսի 24-ին դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն», ինչն այս ձևակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով:

Հետագայում այս հասկացություններն ընդգրկվեցին ցեղասպանական ոճրագործության բնորոշման հիմնարար ձևակերպումների շարքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում և միջազգային իրավունքի այլ կարևոր փաստաթղթերում:

Թուրքիայի կառավարողների կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի բնորոշմանը, ըստ որի՝ «Ցեղասպանությունը այն գործողությունն է, որը կատարվում է լրիվ կամ մասնակիորեն այս կամ այն ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը ոչնչացնելու մտադրությամբ»:

Հոլոքոստից հետո ՄԱԿ-ն անդրադարձավ ցեղասպանության հիմնախնդրին՝ այն որակելով որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված միջազգային հանցագործություն, և 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունեց վերոհիշյալ կոնվենցիան:

1959թ. իրավագետ Փիթեր Դրոստը ցեղասպանություն հասկացությունը սահմանել է որպես «մարդկանց՝ որևէ խմբի պատկանելության համար կյանքից կանխամտածված զրկում»:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որն իրականացվել է ոչ թե թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների, այլ զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

Չի կարելի չհամաձայնել Հոլոքոստը վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլլի Վիզելի հետ, որը նշել է. «Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց երկրորդ անգամ սպանելուն»: Միաժամանակ, հիշողությունը լավագույն միջոցն է ցեղասպանությունն իրականացրածների ժառանգների համար՝ սեփական պատմության հետ առերեսվելու, և լավագույն հնարավորություն՝ արդարությունը վերականգնելու համար:

Երկու տասնյակից ավելի պետությունների և մի շարք միջազգային կառույցների կողմից ցեղասպանության ճանաչումը թույլ է տալիս առաջատար ցեղասպանագետներին պնդելու, որ Հայոց ցեղասպանությունն այլևս ճանաչված փաստ է, մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն: Միջազգային ճանաչմանը միտված հսկայածավալ աշխատանքներում անուրանալի է հայկական համայնքների, լոբբիստների, դրանց կառույցների, անհատների, իսկ վերջին 25 տարում՝ նաև հայ դիվանագետների դերակատարությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որակական նոր փուլ թևակոխեց Շվեյցարիայի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված օրենքից հետո, որի համաձայն՝ հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք: Դրան հետևեցին Բելգիայի Սենատը, Սլովակիայի, Հունաստանի, Կիպրոսի խորհրդարանները, որոնք նույնպես ընդունել են հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ:

Հայոց ցեղասպանության ժխտման ու նենգափոխման՝ Թուրքիայի քաղաքականությունը

Տասնամյակներ շարունակ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում հայոց ցեղասպանությունը և չի զղջում դրա համար, այլև պետական բարձր մակարդակով շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը, ավելին՝ ամեն գնով ջանում է խոչընդոտել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ թուրքական պաշտոնական պատմագրությունը, ըստ էության, զբաղվում է պատմության կեղծարարությամբ ու խեղաթյուրմամբ, ապատեղեկատվության տարածմամբ: Պատմությունը նորովի և իրենց հարմար ձևով կեղծելու հանձնարարականը տրվել է դեռ թուրքական հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, և այդ հարցը մինչ այսօր գտնվում է թուրք քաղաքական շրջանակների վերահսկողության ներքո:

Թուրքիայում մեկը մյուսի հետևից լույս են տեսնում գրքեր՝ նվիրված հայերին, հայկական հարցին և հայ-թուրքական հարաբերությունների պատմության հետազոտությանը: Դրանցում կան նաև աշխատանքներ, որոնցում փորձեր են արվում լուսաբանելու Օսմանյան կայսրության պատմության տխուր էջերը՝ Արևմտյան Հայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարը, նրանց հանդեպ վարվող դաժան սուլթանական ու երիտթուրքական քաղաքականությունը:

Անհանդուրժողականության և սպառնալիքի պայմաններում անգամ Թուրքիայում գտնվում են հայեր, ովքեր համարձակորեն խոսում են 1894-1923թթ. իրադարձությունների մասին և հանդես են գալիս հայոց ցեղասպանության մասին թուրքական պետական ժխտողականության դեմ: Բոլորիս հիշողության մեջ թարմ է «Ակօս» թերթի խմբագիր, երջանկահիշատակ Հրանտ Դինք մտավորականի կեցվածքը, որ կոչ էր անում թուրքական ներկայիս իշխանություններին ընդունել ցեղասպանության փաստը, առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը:

Մեր օրերում հայոց ցեղասպանության վերաբերյալ խիզախ և համարձակ հայտարարություններով թուրքական մեջլիսում հանդես է գալիս Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը, ով քաղաքական հետապնդումների պայմաններում անգամ անվարան բարձրաձայնում է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների և հայերի իրավունքների, թուրքական ժխտողական քարոզչամեքենայի, պատմական իրադարձությունների քողարկման և կեղծման մասին:

Այսօր թուրքական հասարակության մեջ ձևավորվել է մտավորականության մի շերտ, որն ընդունում է ճշմարտությունը, և հնարավոր է նրանց հետ երկխոսել: Վերջիններս հակված են այն կարծիքին, որ ճանաչելով և դատապարտելով հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան կմաքրի իր վրա դաջված հանցագործի խարանը, և երկու հարևան ժողովուրդներ բնականոն ձևով կգործակցեն: Վերջերս Ջեմալի թոռը՝ Հասան Ջեմալը, հրապարակավ դիմել է Էրդողանին. «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա՞: Մի քիչ ազնիվ եղիր»:

Այս հարցադրումն արվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից 2016թ. հունիսի 2-ին ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումից հետո: Ճիշտ է՝ միայն 100 տարի անց Գերմանիայի օրենսդիր մարմինը ճշմարտությունն ընդունեց, սակայն այն առաջընթաց էր մինչ այս ընդունված օրենքների և որոշումների նկատմամբ: Գերմանիան՝ որպես ժամանակին երիտթուրքերին աջակցած և Օսմանյան Թուրքիայի դաշնակից երկիր, այս փաստաթղթով իրեն մեղսակից ճանաչեց, իսկ դա նշանակում է, որ նա մատնացույց արեց հանցագործին՝ Օսմանյան պետությանը:

Սակայն պաշտոնական Անկարան, գիտակցելով իր պատասխանատվության ծանր բեռը, գործադրում է բոլոր հնարավոր միջոցները, կեղծարարության ու սոփեստության իր ողջ զինանոցը՝ փորձելով խուսափել անխուսափելիից:

Այն, որ 2015թ. լրջորեն մտահոգեց թուրքական իշխանություններին, արդեն փաստ է: Հիշատակենք թեկուզ Գալիպոլիի խայտառակ ձեռնարկը, որով ևս չհաջողվեց տեղեկատվական հեղեղի պայմաններում խաբել հասարակություններին և միջազգային հանրությանը թաքցնել ճշմարտությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հայության համախմբման գործում հսկայական դեր ունեցավ 2011թ. ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի գործունեությունը: ՀՀ նախագահի գլխավորությամբ առաջին անգամ նման ձևաչափի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հայոց պետության, Արցախի և ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչները: Պետական հանձնաժողովի գործունեությունն ունեցավ պատմական, իրավական, քաղաքական, բարոյական, հոգեբանական, ազգային մեծ նշանակություն:

ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին վերապահվեց հետևյալ խնդիրը՝ աջակցել Սփյուռքում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը՝ ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը: Արդյունքում՝ 50 երկրներում ստեղծվեց 61 տարածաշրջանային հանձնախումբ:

Պետական հանձնաժողովի որոշումներով իրականացվեցին Կոմիտասի թանգարանի հիմնադրումը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգումն ու հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակումը, նոր ցուցադրությունների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև աջակցությունը իրավական թղթածրարի պատրաստման աշխատանքներին:

Բոլոր համայնքներում գործառության մեջ դրվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը՝ անմոռուկը, իսկ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը տեղ գտավ բոլոր համաժողովների, քննարկումների, կրթական, գիտական, մշակութային ու հոգևոր կառույցների ծրագրերում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստումը և անցկացումը նոր զարթոնք և համախմբում առաջացրին ողջ աշխարհի հայության շրջանում: Աննախադեպ ակտիվություն, հսկայածավալ աշխատանք իրականացրեց սփյուռքը, որի գործունեությունը կարելի է բաժանել հետևյալ հիմնական ուղղությունների՝ քաղաքական, քարոզչական, գիտահետազոտական-հրատարակչական, համայնքային մշակութային ձեռնարկներ, գիտաժողովներ, համաժողովներ, թանգարանների, հրապարակների, հուշարձանների հիմնում, հոգևոր-եկեղեցական արարողություններ:

Քաղաքական առումով կարևորվում է այն, որ տարբեր պետությունների խորհրդարաններ ընդունեցին օրենքներ ցեղասպանության դեմ, մի շարք երկրներում ընդունվեցին ճանաչման բանաձևեր: Միջազգային մի շարք կազմակերպություններ ընդունեցին հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ:

Տարբեր երկրների ղեկավարներ, կառավարություններ և խորհրդարաններ իրենց զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին:

Աշխարհի 1 միլիարդից ավելի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված հատուկ արարողության ժամանակ կարևորագույն ուղերձ հղեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, որը համաշխարհային հնչեղություն ստացավ: Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը առանձնակի գնահատական էր ոչ միայն Մեծին, այլև հայ ժողովրդին: Տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մի շարք պետությունների ղեկավարներ (ՌԴ, Ֆրանսիա, Կիպրոս, Սերբիա) ինչպես Երևանում 2015թ. ապրիլի 24-ին, այնպես էլ իրենց երկրներում մասնակցեցին Մեծ եղեռնի հիշատակի միջոցառումներին, հանդես եկան կարևոր ուղերձներով:

Մի շարք երկրներում, նահանգներում, քաղաքներում համապատասխան ակտերով ապրիլի 24-ը ճանաչվեց հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կազմակերպվեցին երթեր, ցույցեր, միտինգներ, քայլարշավներ, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ:

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից են ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ, կոնսենսուսով ընդունված մի շարք բանաձևեր: 2015թ. մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում և սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձևը, ըստ որի՝ դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:

Նման բանաձև ընդունեց նաև եվրոպական խորհրդարանը, և կոչ արեց Թուրքիային առերեսվել իր անցյալի հետ, ճանաչել հայոց ցեղասպանությունը և այդպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության համար:

Քարոզչական առումով հատկանշական է այն, որ աշխարհի բոլոր մայրցամաքներում հազարավոր հրապարակումներ և հաղորդումներ եղան («CNN», «BBC», «Euronews», «Россия 24», «Russia Today», «France 24», «Al Jazeera», «Deutsche Welle», «Reuters», «RAI»,  «AFP»,  «New York Times», «Washington Post», «Le Monde», «Figaro», «Independent»,   «Times»): Շատ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց թողարկումներով, հոդվածներով և հարցազրույցներով հզոր տեղեկատվական հոսք և իրազեկման ալիք բարձրացրին: Արդյունքում՝ այն, ինչ նախաձեռնել էր Անկարան՝ նպատակ ունենալով խոչընդոտել ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ կազմակերպված միջոցառումները, հակառակ ազդեցությունն ունեցավ հենց Թուրքիայի համար՝ տապալելով նրա նախաձեռնությունները: Հատկանշական է, որ անգամ թուրքական լրատվամիջոցները հարյուրավոր հրապարակումներով հանդես եկան, իսկ ապրիլի 24-ին ամենամեծ տարածում ունեցող թուրքական պարբերականներից «Hurriyet»-ը ծավալուն հարցազրույց հրապարակեց ՀՀ նախագահի հետ:

ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղադրվեցին տեղեկատվական պաստառներ, թողարկվեցին նամականիշներ:

Գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների առումով նշենք, որ բազմաթիվ երկրներում ամենատարբեր լեզուներով հրատարակվեցին փաստավավերագրական, արխիվային նյութեր, հուշագրություններ, հետազոտություններ, գրքեր, պատմվածքներ, վեպեր: Հատկանշական է, որ դրանց հեղինակներից շատերն օտարներ են: Հրապարակումների հիմնական մասի նախաձեռնողը հայկական կառույցներն էին: Մեծաթիվ աշխատանքներ հրատարակվեցին նաև Հայաստանում: Հրատարակվել են ԱՄՆ-ի մամուլում եղած 1894-1923թթ. փաստական նյութերի ժողովածուն, հայկական հուշարձանների պատկերագիրքը: Միայն Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը հրատարակվել է 18 լեզուներով:

Գիտական համաժողովներ, կլոր սեղաններ, դասախոսություններ տեղի ունեցան աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր համալսարաններում: Միայն 23 միջազգային համաժողով կազմակերպվել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Գլխավոր համաժողովը՝ հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողովը՝ գլոբալ ֆորումը, տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 22-23-ին, որը կարևորագույն հարթակ դարձավ այսուհետ Հայաստանում մարդու իրավունքներին, ցեղասպանությունների կանխմանը նվիրված քննարկումների համար:

Համայնքային ձեռնարկները բազմաթիվ և բազմաբնույթ էին: Աշխարհի 100-ից ավելի երկրներից չգտնվեց գոնե մեկը, որտեղ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ չկազմակերպվեցին: Մի շարք երկրներում կազմակերպվեցին ջահերով երթեր, մոմավառություններ, ցուցահանդեսներ, փառատոններ, համերգներ, հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ, ծառատունկ, պուրակների, փողոցների անվանակոչումներ, արյունատվություն:

Լուրջ գործունեություն ծավալվեց թանգարանների ստեղծման և համալրման, հրապարակների և փողոցների անվանակոչության, հուշարձանների, հուշահամալիրների, խաչքարերի տեղադրման առումով: Սփյուռքյան համայնքներում շարունակվում են տեղադրվել հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ, կառուցվում են հուշապատեր, հուշահամալիրներ, որոնց թիվն անցնում է 500-ը:

Աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը ոչ միայն կառչած մնաց իր արմատներին, իր ինքնությանը, այլև ամենուր կանգնեցրեց հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողներ՝ ցույց տալով աշխարհին, որ չի մոռացել ոչ ոքի և ոչինչ: Հայոց զորավար խաչքարերը, խաչքար-հուշարձանները, հուշարձան-կոթողները, հուշարձան-ուխտատեղիները դարձան պատմական հավաքական հիշողության խորհրդանիշեր, դարձան քարե բողոք: Այս հուշակոթողները վկայում են հայ ժողովրդի պայքարի վճռականության և, ի վերջո, հաղթանակի հասնելու անկոտրում կամքի մասին:

Եկեղեցիներում մատուցվեցին պատարագներ, տեղի ունեցան արարողություններ, իրականացվեցին ձեռնարկներ, որոնցից ամենանշանավորը և պատմականը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հայոց ցեղասպանության նահատակների արարողությունն էր:

Աշխարհի ոչ միայն հայկական, այլ նաև քույր եկեղեցիներում մատուցվեցին պատարագներ, կատարվեցին եկեղեցական արարողություններ, կազմակերպվեցին հուշ-երեկոներ:

Հայ ժողովրդի հավաքական ասելիքն ամբողջացվեց Պետական հանձնաժողովի կողմից ընդունված համահայկական հռչակագրում: Այն արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար իրենց երկրներում ապրելու և հիմնվելու պայմաններ ստեղծեցին, շնորհակալությունը այն երկրներին, կառույցներին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Հռչակագիրը կոչ է անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ամրագրում է հայոց պետության և հայ ժողովրդի միասնական պայքարի ուղղությունները, կամքն ու վճռականությունը՝ իր պահանջների իրավական թղթածրարը ներկայացնելու միջազգային իրավունքի սահմաններում: Այն կոչ է պատմական հիշողությունը փոխանցելու երիտասարդությանը և բոլոր հայկական ուժերը մեկտեղելով՝ կառուցելու առավել հզոր Հայաստան, ապահով Արցախ և ունենալու հայաստանակենտրոն Սփյուռք:

Մեծ եղեռնը վերապրած յուրաքանչյուր հայի զավակ ցեղասպանության զոհ դարձած յուրաքանչյուր հայ ընտանիքի ժառանգորդ արդարացիորեն պահանջում է կատարված ոճրագործությունների հեղինակների իրավահաջորդների կողմից ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործն ըստ արժանվույն չի դատապարտվել, իսկ հայերը բարոյական ու նյութական հատուցում չեն ստացել:

Այս մեծ ցավը հավերժ դրոշմվել է հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, դարձել էության բաղադրիչ, և մենք այդպես մտանք 21-րդ դար՝ «քաղաքակրթությունների երկխոսության դարաշրջան»: Այսօր հայության առջև ծառացած գերխնդիրն է համախմբվել, գործակցել աշխարհի մարդասիրական բոլոր ուժերի հետ՝ պատմական արդարության հաղթանակին հասնելու և մեր հայրենիքի խաղաղ զարգացումն ու հզորացումն ապահովելու համար:

Անկախ Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահելու ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և պատժելու նպատակով պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը:

Թուրքիայի հայ համայնքը և իսլամացված հայերը

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» ընդգրկուն թեմայի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայությանը միավորում է նախ և առաջ ցեղասպանության հիշողությունը և դրա հետևանքների վերացման համար պայքարը: Ուստի Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները չեն կարող անտարբեր թողնել ոչ միայն հայոց պետությանը, այլև ողջ հայ ժողովրդին, հատկապես որ Թուրքիայում ապրում են իրենց ինքնությունը չթաքցնող շուրջ 70 հազար հայեր, միգրանտներ՝ Հայաստանից և միլիոնավոր իսլամացված ու ծպտյալ հայեր, որոնք վախ ունեն իրենց ինքնության բացահայտման առումով: Երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, նրանց ինքնությունը մերժելու թուրքական իշխանությունների գերծելաոճը նույնն է եղել բոլոր ժամանակներում:

«Հայ ժողովուրդն ունեցել է մեծ հայրենիք, հսկայական հողատարածություններ, հազարամյակներ ապրել է հայրենիքում, և թուրքական պետականությունը ամեն ինչ արել է՝ խանգարելու համար հայ ժողովրդին՝ ունենալու իր կանոնավոր, իր որոշակի հայրենիքը՝ իր համապատասխան սահմաններով»:

Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ վայրերի հայերի նկատմամբ թուրքական իշխանությունները վարել են հալածանքների և բռնությունների քաղաքականություն: Ի հեճուկս այս ամենին՝ հայ ժողովուրդն ամեն գնով կարողացել է պահպանել, տարածել և զարգացնել հայկական բազմադարյա մշակույթն ու կրթությունը, ամուր կառչած մնալ իր ինքնության կարևոր հիմնասյանը՝ եկեղեցուն:

Հայոց ցեղասպանության հետևանքով հայության թվաքանակն Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ վայրերում շեշտակի նվազեց, շատ տեղերում ուղղակի այլևս հայեր չկային: Ներկայումս ամենախոշոր հայկական համայնքը գտնվում է Ստամբուլում, իսկ Թուրքիայի մնացած վայրերում վերապրած հայության առանձին կղզյակներն այդպես էլ չկարողացան վերստեղծել համայնքային կյանք՝ Թուրքիայի ճզմիչ քաղաքականության հետևանքով:

Թուրքերը չեն էլ փորձել թաքցնել իրենց նպատակները: Ժամանակին Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինենյուն հայտարարել է. «Մենք բացահայտ ազգայնամոլներ ենք: Մենք ցանկացած գնով պետք է թուրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում»: Իսկ Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Մահմութ Էսաթ Բոզքյուրթը 1930թ. ասել է. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում՝ Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք»: Պանիսլամիզմի, պանթյուրքիզմի գաղափարախոսներ Թեքինալփի, Զիա Գյոքալփի, Ջելալ Նուրիի, Յուսուֆ Աքչուրայի, Ահմեդ Աղաևի և այլոց քարոզած գաղափարները տոգորված էին այլ ազգերի նկատմամբ ատելությամբ և թշնամանքով, որով էլ դաստիարակվում էր թուրք երիտասարդ սերունդը:

Ցեղասպանությունից հետո Թուրքիայում ազգային փոքրամասնությունների և մասնավորապես՝ հայերի դեմ իրականացված պետական քաղաքականության դրսևորումներից կարելի է առանձնացնել հետևյալ երեքը.

Առաջինը 20 դասակարգի զինակոչ (1941-1942թթ.) կազմակերպելու քայլն էր, որի արդյունքում անօրինական և խիստ գաղտնի բանակ են զորակոչվել փոքրամասնության ներկայացուցիչներ՝ հայեր, հույներ, հրեաներ: Նրանց չէին վստահում և այդ պատճառով զենք չէր տրվում, և շատ դեպքերում նույնիսկ չէին կրում զինվորական համազգեստ: Հույներն ու հրեաներն ընդգրկում էին բանակի ծառայողական գումարտակներում, օդանավակայանների շինարարությունում, իսկ հայերին՝ հասարակական աշխատանքներում: Հստակորեն վարվում էր ազգային փոքրամասնությունների դեմ պետականորեն մշակված քաղաքականություն:

Երկրորդը՝ ունեցվածքի հարկի ներմուծումն էր (1942-1944թթ.). այս օրենքը կիրառում էին ազգային-կրոնական փոքրամասնությունների դեմ և նպատակ էր հետապնդում տնտեսապես ծնկի բերել նրանց: Ըստ կրոնական պատկանելության՝ հարկատուները բաժանվում էին 4 խմբի՝ մուսուլմաններ, ոչ մուսուլմաններ, հավատափոխներ և օտարահպատակներ: Օրենքը ստիպում էր ոչ մահմեդականներին վճարել քառասնապատիկ կամ հիսնապատիկ ավելի հարկ: Իրենց ունեցվածքի արժեքը մի քանի անգամ գերազանցող հարկը չվճարելու դեպքում փոքրամասնությունների գույքը պետականացվում էր և վաճառվում աճուրդով: Այս քաղաքականության հետևանքով գրեթե ամբողջությամբ վերացավ թուրքահայ բուրժուազիան:

Եվ, իհարկե, երրորդ քայլը 1955թ. սեպտեմբերի 6-7-ի արյունալի դեպքերի կազմակերպումն էր: Սալոնիկում Աթաթուրքի տան ռմբահարումը պատրվակ դարձնելով՝ Ստամբուլում և Իզմիրում խուժանը հարձակվեց հայերի, հույների և հրեաների տների (1004), դպրոցների (26), խանութների (4348), եկեղեցիների (73 եկեղեցի, 1 սինագոգ, 2 վանք) վրա, ինչն ուղեկցվեց կոտորածով, թալանով, հրդեհումներով և բռնություններով: Ընդհանուր առմամբ, ավերածության մատնվեց 5622 օբյեկտ: Ըստ փորձագետների՝ այս ամենի հետևանքով ոչ մահմեդական համայնքներին պատճառվեց 150 միլիոն թուրքական լիրայի վնաս, որը կազմում էր 54 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հակահայ պետական ծրագրի մաս էր կազմում նաև գավառներից հայերի գաղթի կազմակերպումը դեպի Ստամբուլ: Պետության կողմից արևելյան նահանգներում մնացած հայերի բեկորների՝ եվրոպական երկրներ ու ԱՄՆ «ինքնակամ» արտագաղթի խթանումը հերթական փորձն էր՝ մաքրելու Արևմտյան Հայաստանն իր իրական տերերից:

Բոլոր ժամանակներում դաժան ու անմարդկային պայմաններում, այնուամենայնիվ, ստամբուլահայերը շարունակում են իրենց ակտիվ համայնքային կյանքը՝ պահպանելով ազգային ու մշակութային ինքնությունը: Եկեղեցիները, դպրոցները, մշակութային կենտրոնները, երգի-պարի խմբերը հայկական առօրյա են ստեղծում այնտեղ: Սակայն կան լուրջ հիմնախնդիրներ, ինչպիսիք են համայնքային սեփականության, դպրոցների, լեզվի, խառնամուսնությունների և այլ խնդիրներ: 2008թ.-ից այդ խնդիրներին գումարվել է Ստամբուլի հայոց պատրիարքի ընտրության հարցը:

Փորձենք անդրադառնալ հիմնական խնդիրներին.

Կրթական խնդիրներ. 19-րդ դարի վերջին Ստամբուլում եղել է շուրջ 90 հայկական դպրոց, որոնցից 40-ը՝ թաղային, 50-ը՝ մասնավոր, իսկ արդեն 1914թ. Ստամբուլում գործել է 64 հայկական դպրոց՝ 25.000 աշակերտով:

Թուրքիայում հայերի կրթական հիմնարկներ և հայկական վարժարաններ ունենալու իրավունքը հաստատված է Լոզանի պայմանագրի 40 և 41-րդ հոդվածներով: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարում՝ 1923թ., Ստամբուլում եղել է 47 դպրոց, 1972-1973թթ.՝ 32, իսկ այսօր գործում է 17 հայկական դպրոց: Դպրոցների թվի պակասումը պայմանավորված է հայերի անընդմեջ արտագաղթերով ու տեղաշարժերով, կրթության որակի և երեխաների անվտանգության հետ կապված մտահոգություններով:

Արևմտահայերենի և խառնամուսնությունների խնդիրը.

Արևմտահայերենի երբեմնի միջնաբերդը համարվող Պոլսում հայախոսությունը շարունակաբար անկում է ապրում: Թուրքիայում տարբեր տարիների բուռն ծավալում գտած «Հայրենակից, թուրքերե՛ն խոսիր» ակցիաները պարտադրել են հայկական միջավայրերում ևս խոսել միայն թուրքերեն: Տիրապետում է այն տեսակետը, որ հայերենն այսօր վերածվել է «միջանկյալ լեզվի» կամ ձեռք է բերել «մայրենի լեզվից թույլ, օտար լեզվից ուժեղ կարգավիճակ», և որ այն «ոչ թե հայկական համայնքի, այլ ուսուցիչների լեզուն է»: Ցավալի է, բայց փաստ, որ համայնքի եկեղեցիներում քարոզը ստիպված կարդացվում է թուրքերեն: Թրքախոսների թիվը հատկապես շատ է գավառներից Ստամբուլ տեղափոխվածների և երիտասարդության շրջանում: Ըստ ուսումնասիրությունների՝ մինչև 18 տարեկանների 26%-ն է խոսում հայերեն, 19-25 տարեկանների միայն 8%-ը, իսկ 60-ից բարձր տարիք ունեցողների՝ 33%-ը:

Մտահոգիչ են նաև խառնամուսնությունների վերաբերյալ տվյալները: Ըստ տարբեր աղբյուրների՝ խառնամուսնությունների քանակը հասել է 40-50%-ի, որն արդյունք է ազատ շփումների հնարավորությունների ընդլայնման, մտածելակերպի փոփոխության, համայնքում ավանդական կենսակերպի խարխլման: Խառնամուսնությունների հետևանքով բախվում ենք այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են այդպիսի ընտանիքներում ծնված երեխաների հավատքի խնդիրը, մշակութային պատկանելության և ազգային ինքնագիտակցության հարցերը:

Պոլսո Հայոց Պատրիարքության խնդիրը.

Պոլսո Հայոց Պատրիարքությունը հիմնադրվել է 1461թ. և մինչև օրս ունեցել է 84 գահակալ՝ պատրիարք, որոնցից չորսն ընտրվել են ամենայն հայոց կաթողիկոսներ: 17-րդ դարի սկզբին պատրիարքությանն էին պատկանում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր առաքելական վանքերն ու եկեղեցիները: 18-րդ դարի վերջին պատրիարքությունն ունեցել է 20, 19-րդ դարի 30-ական թթ.՝ 36, իսկ 20-րդ դարի սկզբին՝ 43 վիճակ (1181 եկեղեցի և 132 վանք): Այսօր պոլսո պատրիարքության իրավասության տակ է գտնվում ընդհանուր առմամբ 43 եկեղեցի, որոնցից 42-ը՝ Թուրքիայում, մեկը՝ Կրետե կղզում: Թուրքիայում 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Դիարբեքիրում՝ Սուրբ Կիրակոս, Մարդին-Դերիքում՝ Սուրբ Գևորգ, Իսքենդերունում՝ Սուրբ Քառասուն մանկանց, Քըրըքհանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կիսականգուն) և Սամանդաղ Վաքըֆլըում՝ Սուրբ Աստվածածին:

Պոլսո հայոց պատրիարքության խնամքի ներքո են գտնվում Ստամբուլի 16 հայկական գերեզմանատները, որոնցից առավել հայտնի Շիշլիի գերեզմանատան պանթեոնում են հանգչում հայոց պատրիարքների, մտավորականների և մշակույթի գործիչների, համայնքի հայտնի անձանց աճյուններ:

Ստամբուլում գործում են երկու հայկական հիվանդանոցներ՝ Սուրբ Փրկիչ (առաքելական համայնք) և Սուրբ Հակոբ (կաթոլիկ համայնք):

1998թ. հոկտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի՝ Պոլսո հայոց 84-րդ պատրիարք ընտրվելուց հետո պատրիարքությունը չափից ավելի քաղաքականացվեց: Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը մի շարք ոլորտներում ակտիվություն հանդես բերեց, սակայն շատ կարճ ժամանակ անց նա ցավալիորեն անբուժելի հիվանդության պատճառով գամվեց անկողնուն: Եկեղեցական և Թուրքիայի Հանրապետության սահմանած որոշ օրենքների համաձայն՝ պետք է անցկացվեր պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրություն, իսկ մինչ այդ նշանակվեր աթոռի տեղապահ: Նորից թուրքական «մանր խորամանկության» պատճառով տեղի ունեցավ պատրիարքական փոխանորդի ընտրություն, այդ պաշտոնում ընտրվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: 7 տարի անց (2017թ. մարտի 15) Պոլսի պատրիարքի տեղապահ ընտրվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Փոխանորդի կարգավիճակը, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են հայկական համայնքի վրա և, ցավոք, գնալով պատրիարքարանը թուլանում է և նվազում է նրա ազդեցությունը հայ համայնքի վրա: Իհարկե, ուժեղ, բանիմաց և խիզախ պատրիարքի ընտրությամբ է հնարավոր շտկել իրավիճակը Պոլսի հայկական համայնքում:

Մինչև 2015թ. թուրքական մեջլիսում եղել է 7 հայազգի պատգամավոր: 2015թ. խորհրդարանական ընտրություններում երեք հայ գործիչներ դարձան Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորներ՝ տարբեր կուսակցություններից:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը սերտ կապերի մեջ է Ստամբուլի դպրոցների, մշակութային միությունների հետ: Երևանում կազմակերպվում են նրանց համերգները, ներկայացումները, ցուցահանդեսները: Հայաստանում արդեն երկու անգամ տեղի է ունեցել «Ստամբուլի հայ համայնքի օրերը» միջոցառումը, ցուցադրվել են Արևմտյան Հայաստանի 100 տարազները, տրվել են երգի, պարի խմբերի համերգներ և իրականացվել այլ ձեռնարկներ:

Բռնի իսլամացված հայերի հիմնախնդիրը.

Մեր պատմության դառը էջերի մեջ ծվարած և մինչև այսօր արձագանքող խնդիրներից է իսլամացված հայերի հարցը: Հայոց ցեղասպանության՝ առ այսօր գործող հետևանքներից մեկն էլ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում վերապրած հայությունն է: Այս խնդիրը երկար ժամանակ ոչ միայն չէր քննարկվում, այլև որպես այդպիսին հանրությանը ծանոթ չէր: Այն մասնակի կերպով արծարծվել է որոշ հուշագրություններում և հետազոտություններում:

Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա (11-րդ դարում) թյուրքական ցեղերի ներխուժումը բազում աղետների հետ բերում է նաև տեղաբնիկների շրջանում իսլամի պարտադրանք: Թվաքանակով զգալիորեն զիջելով տեղի քրիստոնյա բնակչությանը (ինչը դիտվում էր իբրև սպառնալիք)՝ թուրք ելուզակները բռնի իսլամացումը դարձնում են իրենց էթնոքաղաքականության կարևորագույն բաղադրիչը: Իսլամացումը տեղի է ունեցել երկու մեթոդով՝ բռնի և «կամավոր»:

Բռնի իսլամացումը մեծ թափ ստացավ Օսմանյան կայսրության անկմանը զուգահեռ և ոչ մուսուլման ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների ծավալման ժամանակ: Հայերի, հատկապես հայ կանանց և երեխաների իսլամացում զանգվածաբար կատարվել է 19-րդ դարի վերջերից մինչև 1923թ.: Այսօր Թուրքիայում ապրող իսլամացված հայերը ձուլման և ինքնության կորստի տարբեր աստիճաններում են գտնվում:

Իսլամացված հայերին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

1.Էթնիկ ծագումով մաքուր հայեր, որոնք պահպանել են ազգային-կրոնական (քրիստոնեական) սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր, ճիշտ է՝ հաճախ մոռացել են լեզուն կամ կիրառում են «սիմվոլիկ հայերեն», բայց քողարկված ձևով ունեն հայկական ինքնագիտակցության որոշակի տարրեր. այսպիսիք անվանվում են ծպտյալ հայեր:

2.Բռնի իսլամացված հայերի սերունդներ (այսօր՝ արդեն թոռներ), որոնց հիմնական մասը գիտի և ընդունում կամ ժխտում է իր հայկական ծագումը, նաև անհամեմատ ավելի քիչ է պահպանել ազգային-կրոնական սովորույթները: Կան մարդիկ, որոնց տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ: Այդպիսիք կազմում են խառնածինների մի մեծ բանակ, նրանց գոյության փաստին տեղյակ են Թուրքիայում, և նրանց հարցը քննարկվում է ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Խառնածինների մի մասը հպարտությամբ խոստովանում է իր հայկական ծագումը, սակայն հանդիպում են նաև մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կտրականապես ժխտում են իրենց հայկական ծագումը և մոլի հակահայեր են: Իսլամացված հայերի հիմնախնդրին առաջինը անդրադարձել է Շնորհք պատրիարքը, 1980թ.: Այդ հայերն ըստ կրոնական հատկանիշի բաժանվում են երկու խմբի՝ սուննի իսլամներ և ալևիներ (վերջիններիս թիվն անհամեմատ փոքր է): Ալևիների մեջ առանձին խումբ են կազմում գաղտնի կամ ծպտյալ հայերը, որոնք պահպանում են հայկական ազգային որոշ սովորույթներ, ամուսնությունները տեղի են ունենում բացառապես միմյանց հետ:

Իսլամացվածների մի մեծ խումբ՝ համշենահայությունը (իրենց կոչում են բնակավայրի անունով), բռնի կրոնափոխության է ենթարկվել ավելի վաղ՝ 17-18-րդ դարերում, բնակվում է Սև ծովի ափամերձ տարածքներում՝ Թուրքիայի պոնտական ափին, և պահպանել է բարբառի ու սովորույթների որոշակի տարրեր: Չենք կարող չհիշել ևս մեկ խմբի՝ արաբացած հայերին, ովքեր յուրացրել են արաբական կենսակերպը, սակայն չեն կորցրել հիշողությունն իրենց հայկական ծագման մասին, երբեմն անգամ պահպանել են հայկական անձնանունները: Արաբացած հայերը հիմնականում բնակվում են Սիրիայում, Թուրքիայու, ոչ մեծ թվով՝ Լիբանանում: 1960-ական թթ.-ից սկսած իսլամացված հայերի առանձին խմբեր տեղափոխվել են Եվրոպա, որտեղ ազատության պայմաններում նաև վերընդունել են քրիստոնեություն և վերադարձել հայկական ինքնության:

Հայերի բռնի իսլամացման խնդրի առնչությամբ հատկապես կարևոր ենք համարում մատնանշել, որ դա հստակ ցեղասպանական արարք է, որը ցեղասպանագիտության կողմից վաղուց արդեն ստացել է համապատասխան որակում: Հատկապես որևէ ազգի և կրոնի երեխաներին այլ կրոնական խումբ բռնի անցում իրականացնելու վերաբերյալ դրույթը հետագայում տեղ է գտել ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայում: Ուշագրավ է նաև, որ կոնկրետ այս դրույթը, ըստ էության, գործածվել է Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որտեղ նացիստների կողմից սլավոն երեխաների բռնի գերմանացումը որակվել է որպես ցեղասպանական արարք:

Վերջին շրջանում Թուրքիայում ևս կրոնափոխ հայերի թեմայի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը: Ինչ խոսք, այդ խնդրի քննարկումներն անցնում էին բավական բարդ պայմաններում և առիթ էին դառնում տարատեսակ հալածանքների: «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը գրել է. «Տեսնում ենք, որ ողջ մնացածների մասին խոսելն ավելի վտանգավոր է, ավելի բարդ: Թուրքիայում 1915թ. մահացածների մասին միգուցե հնարավոր լինի խոսել, սակայն ողջ մնացածների վերաբերյալ՝ երբեք»: Քայլ առ քայլ բռնի կրոնափոխված հայերի հիմնախնդիրը դառնում է օրակարգային այդ երկրի քաղաքական և գիտական շրջանակների համար: Այս հիմնախնդրի հաճախակի արծարծմանը դիմակայելու համար թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ձեռք է բերել նոր երանգավորումներ. ըստ նրանց պնդումների՝ կրոնափոխությունը ցեղասպանական արարք չէ, քանի որ այն եղել է «կամովին»: Ուշագրավ է նաև, որ հենց մուսուլմանական հասարակության (թուրքեր, քրդեր, չերքեզներ) մեջ մինչ օրս էլ բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների վերաբերյալ կիրառվում է «թրից փրկվածներ» եզրույթը:

Հայտնի սոցիոլոգ Լորանս Ռիտտերը, որ հեղինակել է «Թրից փրկվածներ» գիրքը, վերջերս մեծածավալ հոդված է հրապարակել՝ «Լռությունից լռությո՞ւն.հայկական ինքնություն և իսլամացված հայեր» խորագրով: Հոդվածում ներկայացվում են այն վտանգները, որոնք թուրքական ներկա իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում սպառնում են հայերի շրջանում սկիզբ առած՝ արմատներին վերադարձի շարժմանը:

Կրոնափոխվածների առաջին սերնդի առջև ծառացած էր փրկության և գոյատևման խնդիրը, երկրորդ սերունդն արդեն ձեռնամուխ է լինում ինքնության պահպանման, քրդական ու թուրքական միջավայրերում ապրելու համար անհրաժեշտ հարմարողական մեխանիզմների մշակմանը, իսկ երրորդ-չորրորդ սերունդն արդեն փորձում է նոր պայմաններում օգտվել թեկուզ աննշան ազատությունից և որոնել ինքնությանը վերադառնալու ուղիներ: Այս ամբողջն ուղեկցվում էր բացասական զարգացումներով.եթե առաջին և երկրորդ սերունդների մոտ ինքնության հետ կապված հիշողությունն ավելի թարմ էր, ազգային սովորույթների իմացության մակարդակը՝ ավելի բարձր, ապա արդեն երրորդ սերունդը զգալիորեն զուրկ է դրանցից, իր վրա է կրում իսլամական, թուրքական հասարակության, կենցաղավարության ավելի մեծ ազդեցություն: Այնուամենայնիվ, շատ իսլամացվածների թոռների մոտ այսօր կա վերազարթոնք, ինչին ականատես եղանք 2015թ. համահայկական խաղերի ժամանակ: Թե՛ Ստամբուլից և թե՛ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից մեծ թվով մարզիկների մասնակցությունը խոսուն վկայությունն էր այդ փաստի: Ուրախալի է, որ շատ քաղաքներում (Տիգրանակերտ, Սասուն, Վան) ստեղծվում են հայրենակցական միություններ, երիտասարդները ձգտում են սովորել հայերեն, կապեր հաստատել ՀՀ-ի հետ, որին նպաստում են հասարակական, գիտական կառույցները և ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև մի շարք սփյուռքահայեր:

Թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ 1916-2004թթ. Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարված մոտ 2000 քաղաքացիներից 1340-ը ծագումով հայեր են, ովքեր տարիներ շարունակ թաքցրել են իրենց հայ լինելը:

Իսլամացված հայերի թվաքանակի վերաբերյալ տարբեր փաստեր և տվյալներ կան: Օրինակ, Ստամբուլում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Գրուբյադկովը 1946թ. հունվարին իր զեկուցագրում նշում է 200.000 թիվը: Որոշ փորձագետներ, Թուրքիայի բնակչության աճի տեմպերը հաշվի առնելով (1915թ.-ից հետո Թուրքիայի բնակչությունն աճել է գրեթե 8 անգամ), ենթադրում են, որ իսլամացված հայերի թիվն այսօր կարող է լինել 2-2.5 միլիոնի սահմաններում:

Թուրքիայում թարմացվում են բռնի կրոնափոխվածների՝ որպես անվստահելի տարրի, ցուցակները: Այսօր էլ կա հանձնարարական՝ ուսումնասիրել, պարզել և զեկուցել Արևմտյան Հայաստանի նահանգներում ապրող հայկական ծագում ունեցող քաղաքացիների իրական թվի մասին: Հայտարարելով իսլամացված հայերի ցուցակների առկայության մասին՝ թուրք զեղծարար պատմաբան Յուսեֆ Հալաչօղլուն նշում է, որ «պետությունը տուն առ տուն շրջելով՝ արձանագրել է այս մարդկանց»: Ուշագրավ է նաև այն, որ Հալաչօղլուն խուսափում է նշել այդ ցուցակների և դրանցում առկա տվյալների ձեռքբերման կոնկրետ աղբյուրը:

Սակայն կյանքն իր շտկումներն է անում: Իսլամացված հայերի սերունդների մի մասը ինքնությունը վերագտնում և իր արմատներին վերադառնում է նաև տարբեր գործոնների ու հանգամանքների ազդեցությամբ: Վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտավ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հոր՝ ստամբուլահայ մտավորական Երվանդ Օզյունու հոդվածը, որտեղ նա պատմում է այն մասին, որ թուրք ազգայնական ընկերոջը խորհուրդ է տվել որդու չախտորոշվող հիվանդությունը պարզելու համար ստուգել հայերին հատուկ գենետիկ ժառանգական երևանյան հիվանդությունը ևս: Եվ այս դիպվածը առիթ է տալիս, որ այս «թուրք» մարդը բացահայտի սեփական ծագումը: Երևանյան հիվանդության հաստատվելուց հետո նա զանգահարում է Երվանդ Օզյունուն և հայտնում որդու հիվանդության ախտորոշման մասին: Օզյունին հեռախոսն անջատելուց առաջ ասում է. «Տեսնվենք, ազգակիցս»: Պատասխանը երիցս ցնցող է լինում՝ «Տեսնվենք, իմ ազգակից եղբայր»: Մեկ դար անց նույնիսկ հիվանդության ախտանիշն է մերկացնում թուրքական հայատյաց քաղաքականությունը:

Իսլամացված հայերի շրջանում ինքնության վերազարթոնքի մասին ուշագրավ և դիպուկ դիտարկում է արել Հրանտ Դինքը, նշելով, որ «Ժամանակի ոգին է. այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում»: Դինքի սպանությունը և թաղման բազմահազարանոց արարողությունը ոմանք կապեցին նաև Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի հետ՝ նշելով, որ այն ինչ-որ առումով շրջադարձային դեր ունեցավ վերոհիշյալ հայերի համար: Այսօր այդ կարծիքը գնալով լայն տարածում է գտնում, ու արդեն շատերը Դինքի սպանությունը և թաղման արարողությունը համարում են ծպտյալ հայերի զարթոնքի նշան:

Թուրքիայում «ինքնության ճգնաժամ» է, և այդ իսկ պատճառով և՛ առաքելադավան, և՛ բռնի իսլամացված հայությունը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնց մի մասը թուրքական դարավոր բռնապետական քաղաքականության շարունակականության հետևանք է, իսկ մյուս մասն էլ բխում է նոր իրողություններից և ներհամայնքային իրավիճակից: Թուրքիայի հայերին, ըստ ազգային ինքնության հանդեպ վերաբերմունքի, պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ անտարբերներ, համակերպվողներ և ազգային կերպարին հավատարիմ մարդիկ: Իհարկե, այսպիսի խմբեր կան նաև մյուս փոքրամասնությունների համայնքներում:

Մենք չպետք է բացառենք, որ պայմանների փոփոխության, ժողովրդավարացման և մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման դեպքում, հատկապես բաց և ազատ հասարակություններում մարդն առանց վախի կարող է արտահայտվել և վերադառնալ իր իրական ինքնությանը:

Հեռահար այդ դժվարին պայմաններում մենք պետք է հանդես գանք միասնաբար: Միասնության շնորհիվ է, որ մենք կարող ենք հաղթել այս դարավոր մենամարտում, ապահովել մեր երկրի ու ժողովրդի առաջընթացն ու հարատևությունը: Միասնությունն է, որ կարող է զանգվածային ընթացք տալ Արևմտյան Հայաստանում բռնի իսլամացված և ծպտյալ հայերի զարթոնքին, թափ հաղորդել նրանց պայքարին, վերադարձնել պատմական արմատներին:

Պատմամշակութային ժառանգությունը՝ հայ ինքնության մաս

ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը: Սահմանադրական այս նորմի գործողության ապահովումը գերակա խնդիր է և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս:

Պատմամշակութային արժեքները, ցավոք, ոչնչանում են ոչ միայն բնության արհավիրքներից, նրանք ավերվում են նաև վայրագների ձեռքով: Հայաստանում, Արցախում և այլ երկրներում հայությունը դարերի ընթացքում արարել է հսկայական քանակության պատմամշակութային հուշարձաններ: Հայ մարդու ստեղծագործ տաղանդի շնորհիվ այսօր էլ շարունակում են ստեղծվել նյութական և հոգևոր մշակույթի մեծագույն արժեքներ:

Պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը և աշխարհասփյուռ դարձավ: Բնակություն հաստատելով տարբեր երկրներում՝ հայը ոչ միայն հաջողեց գոյատևման իրեն պարտադրված պայքարում, այլև մտահոգ եղավ իր ինքնությունը պահպանելու խնդրով: Դրա արտահայտություններից մեկը մշակութային արժեքների ստեղծումն էր՝ որպես հայրենիքի խորհրդանշական ներկայություն օտար հողում, ինչը ոչ միայն մշակութային, այլև համազգային նշանակություն ունի:

Օտար երկրներում ստեղծված հայկական մշակութային արժեքները վկայում են նաև տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների համակեցության և փոխներթափանցման, մշակույթի հանդեպ հանդուրժողական, լուրջ գնահատականի ու մոտեցման մասին: Ցավոք, այլ դեպքերում, երբ ակնհայտ է քաղաքակրթական հիշյալ արժեքների բացակայությունը, ականատես ենք լինում մշակութային հուշարձանների ոչնչացման անզուսպ, երբեմն կատաղի գործողությունների, որոնք լրացնում են մշակույթի դեմ ծառացած մարտահրավերների շարքը:

ԱՄՆ-ից ճարտարապետության հայտնի դոկտոր Մարկո Բրամբիլան արտերկրում գտնվող հայկական ճարտարապետական հուշարձանները բաժանել է 3 խմբի.

1.Հուշարձաններ, որոնք գտնվում են հայկական պատմական Սփյուռքի տարածքում (դրանք այն հուշարձաններն են, որոնք ժամանակին եղել են հենց Հայաստանի հողի վրա, բայց տարիների ընթացքում Հայաստանը փոքրացել է, այդ հուշարձանները մնացել են հարևան երկրների տարածքում)

2.Հուշարձաններ, որոնք գտնվում են հայկական նոր, վերջին ժամանակներս ձևավորված Սփյուռքի տարածքում: Հայաստանն ունեցել է նաև այնպիսի պարտադրված Սփյուռք, ինչպիսին է, օրինակ՝ Շահ Աբասի օրոք հազարավոր ընտանիքների տեղահանումն ու նրանց տեղափոխումը Սպահան, որի արդյունքում հիմնվեց Նոր Ջուղան և դրանից հետո բազմաթիվ գաղութներ՝ Փերիան, Չարմահալը, Շիրազը, Բուշերը: Այդ՝ այսօր արդեն պատմական քաղաքներում գոյություն ունեն մեծ թվով հայկական հուշարձաններ:

3.Հուշարձաններ, որոնք գտնվում են հայկական արտասփյուռքի տարածքում (սրանք այն կառույցներն են, որոնք ստեղծվել են, օրինակ, Հնդկաստանում, մասնավորապես, Կալկաթայում, Մադրասում, Հեյդարաբադում, Սինգապուրում):

Հասկանալի է՝ հայկական պատմամշակութային ժառանգության իրական կրողն ւո տերը հայ ժողովուրդն է, և նրա վիճակով են պայմանավորված ժառանգության պահպանության խնդիրները: Հայաստանը, Արցախը, Սփյուռքը պարտավոր են հայկական մշակույթի նախանձախնդիր ու հետևողական պաշտպանի դերում լինել, քանի որ հայոց պատմամշակութային ժառանգությունը մեր ազգային հարստությունն է, մեր ինքնության պահպանման գրավականը:

Անկախ Հայաստանում պատմական հուշարձանների ուսումնասիրությունը նոր երևույթ է (ծավալվել է վերջին 10-12 տարում): Նկատենք, որ խորհրդային տարիներին իրականացվել են պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններում պահպանված պատմական հուշարձանների հաշվառման, իսկ ընձեռված հնարավորությունների չափով՝ նաև որոշ հետազոտական աշխատանքներ, սակայն դրանք չեն կրել համակարգված բնույթ, քանի որ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում ըստ էության գաղտնի պայմաններում տարվող նշյալ աշխատանքներին հետամուտ անձերը տեղական իշխանությունների կողմից հետապնդվել են, նույնիսկ ֆիզիկական բռնությունների ենթարկվել, բանտարկվել:

Հայկական պատմական հուշարձանները հայոց պետականության սահմաններից դուրս

Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա է մոտ 25.000 պատմական հուշարձան: Բազում ուսումնասիրությունների շնորհիվ փաստվել է, որ հայոց հայրենիքում (գավառից գավառ որոշ տարբերություններով և առանձնահատկություններով հանդերձ) գոյություն ունի պատմական հուշարձանների միջին խտություն: Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ հետազոտողները գտնում են, որ մոտավորապես 210.000 քկմ մակերես զբաղեցնող Արևմտյան Հայաստանի տարածքում (առանց Փոքր Հայքի և Կիլիկիայի) պետք է որ եղած լիներ շուրջ 175.000 միավոր պատմական հուշարձան (7x25.000=175.000): Առնվազն այս թվի 1/3-ի չափով հուշարձաններ էլ կարող էին լինել Փոքր Հայքի և Կիլիկիայի տարածքում (մոտ 60.000 միավոր):

Ըստ փորձագիտական տվյալների և վերլուծությունների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Արցախի հյուսիսային և արևելյան շրջաններում, ինչպես նաև Իրանի հայաբնակ գավառներում հուշարձանների թիվը մոտ 20.000 է, իսկ Վրաստանում՝ ավելի քան 20.000: Ընդհանուր հաշվարկը կազմում է մոտ 300.000 միավոր հուշարձան, որոնց մեծ մասը գտնվում է, իսկ ավելի ճիշտ՝ գտնվել է Ադրբեջանում և Թուրքիայում:

1984-1987թթ. մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է Բուն Աղվանքի տարածքում գոյություն ունեցող պատմական հուշարձանների (մոտ 3000) ցանկ: Եթե դրանց ավելացնենք Մերձկասպյան շրջաններում, հատկապես Բաքվում եղած հայկական մոտ 6000 հուշարձանները, ապա պատկերը պարզ կլինի: Սակայն մեզ հայտնի չէ, թե անցնող 25 տարիներին որքան հուշարձան է պահպանվել: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման համընդհանուր ծրագրի շրջանակներում այս մշակութային արժեքները ոչնչանում են, իսկ միջազգային կառույցների ու խոշոր պետությունների անտարբերությունն ու լռությունն առավել է խրախուսում վանդալիզմի դրսևորումները:

Վրաստանում՝ մասնավորապես Թիֆլիսում, դարեր շարունակ մեծաքանակ հայ հանրույթի առկայությունը նպաստել է պատմամշակութային հարուստ ժառանգության ստեղծմանը: Հայերի կողմից կառուցված բնակելի և հատկապես մշակութային կառույցների թիվը հազարների է հասնում:

Թուրքիայի այսօրվա տարածքի մի շարք վայրեր, հատկապես պատմական Հայաստանին հարակից երկրամասերը՝ Տրապիզոնի նահանգը (հին Պոնտոս), Կայսերին (Կեսարիա), Եդեսիան (Հայոց Միջագետք) և Շամշատը (Կոմմագեն) հարուստ են հայկական հուշարձաններով: Պետք է փաստել, որ այս տարածքների հայկական մշակութային ժառանգությունը քիչ է ուսումնասիրվել, այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ այնտեղ կան մոտ 10.000 միավոր հուշարձան և մշակութային քարեղեն լուրջ արժեքներ:

Հուշարձաններով հարուստ են նաև Արևելյան Ատրպատականի քաղաքներն ու գյուղերը (Իրան):

Հայկական հուշարձանները պատմական գաղթավայրերում

Հայկական պատմական գաղթավայրերը, որոնցից շատերն ունեն 1000 և ավելի տարիների պատմություն, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի՝ կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

1.Փոքր Ասիա թերակղզու գաղթավայրեր (Իկոնիա, Գաղատիա, Բյութանիա, Զմյուռնիա և հարակից երկրամասեր)

2.Մերձավոր Արևելքի (Սիրիա, Լիբանան, Իսրայել, Իրաք, Հորդանան, Կիպրոս) գաղթավայրեր

3.Աֆրիկյան երկրների (Եգիպտոս, Սուդան, Եթովպիա) գաղթավայրեր

4.Իրանի գաղթավայրեր (հիմնականում 1604-1605թթ. բռնագաղթի հետևանքով երկրի խորքերում ձևավորված հայաբնակ վայրեր՝ Սպահանի Նոր Ջուղա քաղաքամասը, Փերիա, Չարմահալ, Բուրվարի, Քյազազ, Քյամարա, Ղարաղան և հարակից այլ գավառների՝ մինչև 1940-ական թթ. կեսերը հայաբնակ մի քանի հարյուր գյուղական բնակավայրեր)

5.Միջինասիական երկրների (Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան) գաղթավայրեր

6.Հնդկաստանի, Պակիստանի ու Բանգլադեշի, Հնդկաչին թերակղզու, Ինդոնեզիայի և Հեռավոր Արևելքի երկրներում գտնվող գաղթավայրեր

7.Հյուսիսային Կովկասի (Օսիա, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասեր, Դաղստանի Ինքնավար հանրապետություն) գաղթավայրեր

8.Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Դաշնության սահմաններում ձևավորված զանազան գաղթավայրեր

9.Ղրիմի թերակղզու գաղթավայրեր

10.Ուկրաինայի (հատկապես հին են երկրի արևմտյան՝ Կարպատյան լեռնաշղթայի գոտում գտնվող) գաղթավայրեր

11.Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների (Ռումինիա, Մոլդովա, Բուլղարիա, Հունաստան, Սերբիա, Լեհաստան) գաղթավայրեր

12.Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա) գաղթավայրեր

Նշյալ երկրների՝ հայկական նյութական մշակույթի հուշարձանների վերաբերյալ առկա նյութերն անբավարար են նույնիսկ թվաքանակի մասին մոտավոր պատկերացում կազմելու առումով, ուստի հետազոտողները չեն մատնանշում հուշարձանների քանակ: Սակայն վերջին ժամանակներում ընթանում են Իրանի, Հնդկաստանի, Սիրիայի և Լիբանանի հայկական հուշարձանների ուսումնասիրության աշխատանքներ:

Եթե դիտարկելու լինենք տարածաշրջանի երկրների վերաբերմունքը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ապա պետք է արձանագրենք, որ շահեկանորեն առանձնանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ներկայացնենք Հայաստանի հարևան երկրներում հայկական մշակութային արժեքների կարգավիճակը ներկայացնող միմյանց հակադիր օրինակներ:

Հայկական եկեղեցիներն ու վանքերը (մոտ 300) պահպանվում են որպես Իրանի պետության այցեքարտային ժառանգություն, նորոգվում են պետության և հայ համայնքի համատեղ միջոցներով: Հայաստանն իր հերթին նույն հոգատարությունն է դրսևորում իրանական մշակութային արժեքների հանդեպ, ինչը, անշուշտ, պայմանավորված է հայ-իրանական բարեկամությամբ, քաղաքական սերտ համագործակցությամբ, գալիք սերունդներին հայոց հարուստ պատմամշակութային ժառանգությունն անխաթար փոխանցելու մտահոգությամբ: 2008թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի հայկական հուշարձանների հատուկ նշանակության ցանկի մեջ մտան Իրանի կողմից ներկայացված Սուրբ Ստեփանոս Նախավկա և Սուրբ Թադե վանքերի համալիրները և Ծործորի եկեղեցին: Հարկ է արձանագրել, որ Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում իշխանություններն անգամ նյութական մեծ ներդրումների գնով շարունակաբար իրականացնում են հայկական պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Տեղադրում են յուրաքանչյուր հուշարձանի ծագման և ազգային պատկանելության մասին զբոսաշրջիկներին անաչառ տեղեկություններ փոխանցող ցուցանակներ, տպագրում հայկական պատմական հուշարձանները ներկայացնող գրքույկներ, ուղեցույցներ:

Մինչդեռ Թուրքիայում պայթեցվում են վանքեր, պղծվում են հուշարձաններ: Տասնյակ հազարավոր հուշարձաններ, որոնք գոյություն են ունեցել Թուրքիայի տարածքում, մեծ մասամբ ոչնչացվել և ավերվել են: Այնտեղ տևականորեն ծրագրվել և ոչնչացվել է Արևմտյան Հայաստանի հուշարձանների մեծ մասը: 1914թ. Թուրքիայի տարածքում եղել է 2500-ից ավելի հայկական եկեղեցի և վանք: 1923թ. դրանց քանակն արդեն 913 էր: Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալների՝ այսօր արդեն մնացել է ընդամենը 197-ը, որոնք ամբողջությամբ նորոգման կարիք ունեն:

«Հազարամյակների ընթացքում ստեղծված և համամարդկային քաղաքակրթության անքակտելի արժեք համարվող հազարավոր հուշարձաններ թուրքական իշխանությունների մոլագարությամբ ջնջվել են երկրի երեսից: Երևույթ, որի գործողությունների կանխամտածված կերպն ու ծավալները հաստատում են թուրքական պետության ծրագրած եղեռնը նաև հայ մշակույթի հանդեպ:

Ասվածից հետևում է, որ եթե հին ազգերի միջագետքյան մշակույթներն այսօր ոչնչացվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, ապա հայ մշակույթի նկատմամբ անցած մեկ դարի ընթացքում նույնն է արել այս ոլորտում եվրոպական զանազան կոնվենցիաները (համաձայնագիր) փաստորեն առերես ստորագրած թուրքական պետությունը»:

Պատմական որևէ հուշարձանի վավերագրման կատարումն Ադրբեջանում և Թուրքիայում շատ դժվար է, նույնիսկ լուսանկարելը մեծ խնդիրներ է առաջացնում: Թուրքիայում հայկական հուշարձաններ այցելությունները հսկվում են տեղի անվտանգության ծառայությունների կողմից, որոնք արգելում են նույնիսկ լուսանկարել, էլ ուր մնաց չափագրել:

Արևմտյան Հայաստանում անգամ 19-րդ դարի հայկական եկեղեցիները հանրությանը ներկայացվում են որպես բյուզանդական (մի՞թե թուրքերը մոռացել են, որ Բյուզանդիան իրենց «ջանքերով» պատմության թատերաբեմից հեռացել է ավելի քան 5.5 դար առաջ), իսկ հայկական պաշտպանական, ճարտարագիտական և աշխարհիկ բնույթի այլ կառույցներ՝ որպես սելջուկյան: Թուրքիայում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումն այսօր էլ չի դադարում. գանձ որոնող թափթփուկները շարունակում են կործանել հայոց «գանձերը», ավերակված հուշարձանների քարերն օգտագործվում են որպես շինանյութ, տարածքները ծառայեցվում են զինավարժությունների համար կամ օգտագործվում որպես գոմ, բանտ, վերածվում են մզկիթի: Հայկական տեղանուններն անգամ ջնջվում են և փոխարինվում թուրքականներով, ինչպես՝ Մոկս-Մյուկյուս, Սևան-Օրթաջա, Հաճըն-Սալիմբեյ:

Ճիշտ է, Թուրքիայի ներկա իշխանությունները, ստեղծելով պատմական հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի պատրանք (քաղաքակիրթ աշխարհին և հատկապես Եվրոպային ցույց տալու նպատակով), ձեռնամուխ եղան հայ ճարտարապետության գլուխգործոց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նորոգման աշխատանքներին, սակայն իրականում շարունակում են նոր մեթոդներով ու ձևերով իրականացնել հայկական հուշարձանների այլակերպման և ոչնչացման նենգ քաղաքականությունը:

Հայկական պատմամշակութային ժառանգությունը վտանգված էր (քանի որ այլևս չկա) նաև Ադրբեջանում, և պատահական չէ, որ Սամվել Կարապետյանն Ադրբեջանն անվանում է «մարդկային քաղաքակրթության թշնամի»: Ադրբեջանում հայկական եկեղեցիները ցուցանակներում ներկայացվում են որպես աղվանական (երևի սրանք էլ չգիտեն, որ աղվանական գոյությունն ընդհատվել է 10-րդ դարում): Ընդ որում՝ մշակույթի կոթողները աղվանական (ալբանական) պիտակելով հանդերձ՝ (աղվանները, ըստ ադրբեջանցիների ստահոդ պնդումների, իբր եղել են իրենց քրիստոնյա նախնիները) չեն դադարում ոչնչացնել այդ նույն հուշարձանները: Համենայն դեպս, վերջին քառորդ դարի ընթացքում ադրբեջանական իշխանությունները ոչնչացրել են ավելի վաղ աղվանական ներկայացված և զանազան հրատարակություններում հենց միայն որպես այդպիսին ներկայացված հայկական բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ և բազում այլ հուշարձաններ: Բերենք փաստեր.

1.Ծար գյուղի Մայր եկեղեցին (13-րդ դար) մինչև 1950-ական թթ. կիսավեր էր, իսկ այժմ հետքն անգամ չկա

2.Զանգելանից հյուսիս, Սուսանսար անտառապատ լեռնաշղթայի վրա Գրհամ բերդի հարևանությամբ գտնվող «Օհանա եկեղեցին» պայթեցվել է վերջին տարիներին

3.Հիմնահատակ ավերվել է Խանլարի շրջանի Կամո գյուղի 17-րդ դարի եկեղեցին, անհետացել են խաչքարերը

4.Դաշքեսանի շրջանի Ցնծահալ գյուղի 16-17-րդ դարի եկեղեցին 1960-ականներին հիմքից քանդել են և տեղում դպրոց կառուցել

Ամենասարսափելին այն է, որ աշխարհի անտարբեր հայացքի ներքո վանդալները 1998-2005թթ. ընթացքում իսպառ ոչնչացրեցին հայկական միջնադարյան բացառիկ խաչքարերը Նախիջևանի Հին Ջուղայի հնագույն գերեզմանոցում՝ անդառնալի վնաս հասցնելով համաշխարհային մշակույթին և քաղաքակրթությանը: «Հերթական անգամ հայ ժողովուրդն ականատեսը եղավ գերության մեջ հայտնված իր մշակութակիր բնօրրանի ևս մի հատվածի «մաքրագործմանը»: Մեր հողը վայելող թշանմին այս էլ որերորդ անգամ մեր տան մեջ ջնջում է մեր իսկ հետքը: Չկա այլևս Ջուղայի աշխարհահռչակ հայոց գերեզմանատունը»,- նշել է հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Լեմկինյան այն սահմանումը, որ «ցեղասպանությունն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ոչ միայն նրա ֆիզիկական բնաջնջման, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով», վերաբերում է հենց Ադրբեջանի գործողություններին:

Հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ չկա այն հոգատարությունը, որ կարելի էր ակնկալել Վրաստանից: Հավանաբար, պատճառը տնտեսական դժվարություններն են, եթե նկատի ունենանք մեր դարավոր բարեկամությունը, հարևանությունը, քաղաքական մակարդակում հարաբերությունների հետևողական խորացումն ու զարգացումը:

Ցավոք, ներկայումս առաջնահերթ խնդիր է դառնում հայկական հուշարձանների «փրկությունը» գոնե թղթի վրա, նախքան դրանց վերջնական ոչնչացումը. այսինքն՝ ամեն գնով պետք է փորձել փաստագրել հուշարձանների գոյությունը՝ նախքան դրանց լիակատար անհետացումը:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ կան երկրներ, որոնցում հայկական մշակութային կոթողները պահպանվում են որպես տվյալ երկրի սեփականություն և անհրաժեշտ հոգածության ու խնամքի են արժանանում: Այդպես է իրավիճակը Իտալիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Հնդկաստանում:

Անշուշտ, այս երկրներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, բայց կարող ենք նշել հետևյալ ընդհանրությունները.

1.պատմամշակութային արժեքների պահպանությունը համակարգվում է օրենսդրությամբ, որը տարածվում է նաև հայկական պատմամշակութային ժառանգության վրա. պետություններն իրենց հովանու ներքո են առել այս խնդիրը և հավասարազոր վերահսկողություն են իրականացնում

2.պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող կանոնները խախտողները (արտահանման կանոնների խախտում, մշակութային արժեքների ոչնչացում, վնասում) ենթարկվում են համապատասխան պատասխանատվության

3.մշակույթի բնագավառի քաղաքականության բազմակողմանի հարցեր դիտարկվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում

Հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձաններ կան Մոլդովայում, Ռուսաստանում, Իսրայելում, Մերձավոր Արևելքի երկրներում: Մոլդովայում պատմամշակութային ժառանգության պահպանության օրենսդրական ոլորտը դեռևս կարգավորումների կարիք ունի, ինչը, փաստորեն, հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնում է խոցելի:

Ռուսաստանում և Ուկրաինայում պատմամշակութային արժեքների պահպանությունը կարգավորվում է գործող օրենսդրության հիման վրա, թեպետ իրավական ակտերը հաճախ կրում են հռչակագրային բնույթ, ինչը պայմանավորված է մշակույթի բնագավառի բավարար և նպատակաուղղված ֆինանսավորման բացակայությամբ:

Բավական բարդ է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իսրայելում հարցը բարդանում է նրանով, որ այստեղ խոսքը ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև քրիստոնյա աշխարհի ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման, քրիստոնյայի և նրա հետագա գոյատևման, նաև տարածքների պատկանելության մասին է:

Երուսաղեմում միայն խաղաղությամբ և ճկուն դիվանագիտությամբ են պահպանվում հայությանը պատկանող վանքերը, կալվածքները, հողերը և օգտագործվում ի նպաստ հավատի, քրիստոնյա հայության և ընդհանրապես՝ մարդկության:

Պետական բյուջեից տրամադրված միջոցների շնորհիվ անցած տարիների ընթացքում միայն Արևմտյան Հայաստանի մի շարք գավառների տարածքներից արդեն իսկ վկայագրվել է մեծ մասամբ նորահայտ 2800 միավոր պատմական հուշարձան: Դաշտային աշխատանքների աշխարհագրությունն ավելի ընդարձակ է: 2010-2015թթ. ընթացքում պատմական հուշարձաններ հայտնաբերելու և ուսումնասիրելու նպատակով մի շարք գիտարշավներ են իրականացվել դեպի Իրան, Հնդկաստան, Վրաստան, Հյուսիսային Կովկաս (մասնավորապես՝ Դաղստան):

Այսօր Հայաստանը և Սփյուռքը կարող են և պետք է հետևողականորեն զբաղվեն հայության բնակության վայրերի հուշարձանների վավերագրման աշխատանքներով՝ ներգրավելով հմուտ և փորձառու մասնագետների: Մյուս կողմից՝ խնդիրը ոչ միայն ուսումնասիրելն է, այլև հուշարձանների գոյատևման ու պահպանման համար ջանքերի գործադրումը, պայքարը, նաև հայկական քաղաքակրթական արժեքների նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների բացահայտմամբ ու դատապարտմամբ հետագա նման գործողություններ թույլ չտալը:

Ստեղծագործ մտքի «քարացած» թռիչքները խոսուն վկաներն են հայի տաղանդի, ինքնության, դարավոր պատմության: Այսօր մշակութային ժառանգությունն է նաև բնութագրում հայերի վիճակն աշխարհում:

Նյութի աղբյուրը՝ Հրանուշ Հակոբյան- «Հիշում ենք և պահանջում»

https://artsakhlib.am/category/հայոց-ցեղասպանություն/

http://www.genocide-museum.am/arm/

http://www.diplomat.am/publ/1915_2015/142

https://www.britannica.com/event/Armenian-Genocide

https://drive.google.com/drive/u/1/folders/170xpK6qTpecUFp4kMNzn_fPe_BAlp5SN?fbclid=IwAR0tgEfTMa1eLvZ06fmTEH2pinCWYxW14HpZqA5BZaTjHU4TfgZl2Hdvz94

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...