Թալեյրանն
ապրեց ու գործեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ գանձագողությունը և կաշառակերությունը
շատ էին տարածված, սակայն նա այդ ասպարեզում էլ մրցակից չուներ՝ ինչպես ասում են, մանր-մունր
գումարներով չէր զբաղվում: Նա ձեռքից բաց չէր թողնում ոչ մի հարմար առիթ ու հնարավորություն
առավելագույնը կորզելու իր զոհերից: Կաշառակերության արվեստով ու կաշառի ահավոր չափերով
Թալեյրանը զարմացրել էր անգամ բոլոր գանձագողերին ու կաշառակերներին: Նա կաշառք էր
վերցնում Պրուսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Միացյալ Նահանգներից, գաղութներից
ու մետրոպոլիաներից, Եվրոպայից ու Ամերիկայից, Պարսկաստանից ու Թուրքիայից, կաշառք
էր վերցնում բոլոր նրանցից, ովքեր այս կամ այն չափով կախված էին Ֆրանսիայից, կամ Ֆրանսիայի
կարիքն ունեին, կամ վախենում էին Ֆրանսիայից: Իսկ ո՞վ չկար այդ ցուցակում: Թալեյրանի
վերցրած կաշառքների հսկայական չափերի մասին են խոսում հետևյալ թվերը. պրուսական դեսպանին
հասկացնել տվեց, որ նրանից կաշառք կվերցնի ոչ պակաս 300000 լիվր ոսկով, Կամպո-Ֆորմիի
հաշտությունը կնքելու կապակցությամբ Ավստրիայից վերցրեց 1 միլիոն, Իսպանիայի նկատմամբ
բարեկամաբար տրամադրված լինելու համար ստացավ մեկ միլիոն, Նեապոլի թագավորությունից՝
կես միլիոն: Ոչ ոքի չի հաջողվել հաշվել Թալեյրանի ստացած կաշառքի ընդհանուր չափը, բայց
ասում են, որ միայն 1797-1799թթ. նրա ստացած կաշառքի գումարը կազմել է ավելի քան
13 ու կես միլիոն ֆրանկ ոսկով: Իսկ Բուրբոնների վերականգնմանը նպաստելու համար (1814թ.)
ստացավ 28 միլիոն: Արտաքնապես կարող է թվալ, որ ստացած կաշառքների համար Թալեյրանը
պետք է ինչ-որ քայլեր կատարեր, որոնք այսպես թե այնպես ազդեին եվրոպական գործերի ընթացքի
վրա, բայց ոչ: Նա լավ գիտեր, որ ի վնաս Ֆրանսիայի շահերի կառավարությանը տված խորհուրդների
համար լավագույն դեպքում կհեռացվի շահավետ մինիստրական պաշտոնից, իսկ վատթարագույն
դեպքում՝ կգլխատվի: Նա երբեք չարեց ու չէր էլ փորձում անել անհեթեթ ու անհուսալի բաներ:
Նա կաշառք էր վերցնում պայմանագրի, համաձայնագրի, արձանագրության երկրորդական, երրորդական
կետերի խմբագրության հարցում զիջողամտության, չափից դուրս ստույգ ու խիստ ձևակերպումները
հանելու, տվյալ հարցում «աջակցելու» համար, այն դեպքում, երբ գիտեր, որ առանց իր աջակցության
էլ իրավասու իշխանությունները այդ հարցը սկզբունքորեն լուծել են հօգուտ խնդրատուի:
Նրան վճարում էին այս կամ այն հարցի լուծումը կամ նրա մասին որոշման կատարումը արագացնելու
համար: Թալեյրանը միաժամանակ «բարեխիղճ» կաշառակեր էր, խստաբարո, «վերցրել ես-կատարիր,
չես կարող կատարել՝ վերադարձրու կաշառքը» սկզբունքով: Պատմությունն արձանագրում է,
որ 1807թ. հունվարին, երբ Նապոլեոնը Թալեյրանին հրամայեց Լեհաստանի ինքնուրույնությունը
վերականգնելու մասին նախագիծ նախապատրաստել, վերջինս լեհերից տեղնուտեղը պահանջեց
4 միլիոն ֆլորին ոսկով: Լեհերը հավաքեցին և սահմանված ժամկետին գումարը հանձնեցին նրան:
Թալեյրանը խոստացավ գործել եռանդով և, իսկապես, կայսրին զեկուցագիր ներկայացրեց Ֆրանսիայի
այն «աններելի սխալի» մասին, որ նա անցյալում կատարել է Լեհաստանի բաժանման ժամանակ:
Սակայն ստացվեց այնպես, որ Նապոլեոնը, դաշինքի մեջ մտնելով Ալեքսանդր I-ի հետ, Լեհաստանի
վերաբերյալ իր մտադրությունները չկարողացավ իրականացնել: Առանց ուշացնելու Թալեյրանը
անմիջապես վերադարձրեց լեհերից ստացած 4 միլիոնը: Այդ մութ գործերը Թալեյրանը կատարում
էր զգույշ ու խելացիորեն, նախ և առաջ երբեք աննշան փորձ անգամ չէր կատարում ներգործելու
անցքերի ընթացքի վրա ի վնաս Ֆրանսիայի քաղաքական շահերի:
Թալեյրանը «խարդավանքի մարդ է, մեծ անբարոյականության մարդ, բայց մեծ խելքի տեր մարդ և, իհարկե, իմ ունեցած մինիստրներից ամենաընդունակն է… Նա տաղանդավոր մարդ է, բայց նրա հետ ոչինչ չես անի առանց փող վճարելու: Բավարիայի թագավորը և Վյուրտեմբուրգի թագավորը այնքան բողոքեցին նրա ագահության մասին, որ ես նրան պաշտոնազրկեցի»,- ասել է Նապոլեոն I-ը:
Թալեյրանը միաժամանակ չգերազանցված դիվանագետ էր, գերազանցորեն հասկանում էր ժամանակի ոգին ու մարդկանց, իր արտասովոր դիվանագիտական տաղանդը և անսպառ եռանդը ծառայեցրել է միայն իր հայրենիքի շահերին: Նա իր հսկայական դիվանագիտական ընդունակություններով փայլեց հատկապես Վիեննայի կոնգրեսում: Ֆրանսիան ջախջախված էր, հյուծվել էր երկարամյա արյունալի պատերազմներում: Կոնգրեսում նրա դեմ կանգնած էր թշնամական կոալիցիան, ժամանակաշրջանի առաջնակարգ տերությունների՝ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի, Անգլիայի մասնակցությամբ: 1814թ. սեպտեմբերին ժամանելով Վիեննա, Թալեյրանը արտակարգ ճարպկությամբ ու վարպետորեն քայքայեց հակաֆրանսիական կոալիցիան և անգամ գաղտնի պայմանագրեր կնքեց Անգլիայի ու Ավստրիայի հետ, ընդդեմ Պրուսիայի ու Ավստրիայի:
Թալեյրանը մինչև կյանքի վերջն էլ մնաց «Թալեյրանի» մակարդակին՝ որպես և՛ խոշոր դիվանագետ, և՛ «ամբողջ դարաշրջանի ամենամեծ սրիկան»: Թալեյրանը իր գործերով և՛ տեսանելի, և՛ անտեսանելի էր բոլորի համար: Նա ավելի ու ավելի շատ էր ենթարկվում գրոհների իր կյանքի ու գործունեության վերջին շրջանում: Նրա ծաղրանկարների տակ գրում էին. «Թալեյրանը, մականունը արևածաղիկ (միշտ շրջված է դեպի արևը), հորինում է դնչակալներ, շղթաներ և գրաքննություններ, կազմում է սրամտություններ, էպիգրամներ, ծրագրեր և տապանագրեր, վաճառում ու գնում է գահեր, ինչպես նորերը, այնպես էլ պատահածը, սարքում է սահմանադրություններ, խարտիաներ, ռեստավրացիաներ, պահեստում ունի կոկարդներ, դրոշակներ և բոլոր գույների ժապավեններ»:
Թալեյրան-դիվանագետի փայլը չմարեց անգամ խոր ծերության հասակում, երբ նա վարում էր Անգլիայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը (1830-1834թթ.). Լոնդոնում ռուսական դեսպանի կինը նրա մասին գրում էր. «Դուք չեք հավատա, թե որքան բարի և առողջ դոկտրինաներ ունի կառավարման բոլոր ձևերի այդ հետևորդը, բոլոր արատների այդ մարմնավորողը: Սա շատ հետաքրքիր էակ է, նրա փորձից շատ բան կարելի է սովորել, խելքից՝ շատ բան ստանալ, ութսունամյա այդ խելքը բոլորովին թարմ է: Սակայն նա մեծ սրիկա է»:
Թալեյրանը իր մեջ մարմնավորում էր բուրժուական դիվանագետի բնորոշ գծերը և որպես այդպիսին նա օրինակ ծառայեց ոչ միայն 19-րդ դարի երկրորդ կեսի և
20-րդ դարի կեսին բուրժուական դիվանագիտական դպրոցի, այլև հետագա ժամանակաշրջանի համար:
Comments
Post a Comment