Հետպատերազմական
առաջին օրերին Ադրբեջան-Նախիջևան -Թուրքիա ցամաքային կապի և ընդհանուր սահմանի մասին
թուրքական և ադրբեջանական հրապարակումներում այդ հաղորդակցային գիծը նկարագրելու համար
օգտագործվում էին տարաբնույթ տերմիններ՝ «Միջանցք դեպի Բաքու», «Նախիջևանի միջանցք»,
«Զանգեզուրի գիծ», «Մեղրիի միջանցք», «Նախիջևան-Ադրբեջան միջանցք»: 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
ամիսներին թուրք-ադրբեջանական խոսույթում ավելի հազվադեպ կարելի էր հանդիպել «Զանգեզուրի
միջանցք» եզրույթը, սակայն ավելի ուշ՝ 2021 թվականից սկսած, այն դառնում է Թուրքիայի
և Ադրբեջանի թե՛ պետական, թե՛ հասարակական-քաղաքական խոսույթում կիրառվող հիմնական
արտահայտությունը:
«Զանգեզուրի
միջանցք» անվան ընտրությունը և պաշտոնականացումը պատահական չեն, քանի որ ժամանակակից
Թուրքիայում և Ադրբեջանում այն պարունակում է խոսույթային որոշակի իմաստներ և օգտագործվում
է կոնկրետ համատեքստում: Մասնավորապես, թուրքական գիտական և քաղաքական ավանդույթում
Սյունիքի մարզը ներկայացվում է որպես «թյուրքական Նախիջևանի» և Ադրբեջանի միջև գտնվող
«պատմական թյուրքական երկրամաս», որը վերածվել է թյուրքական աշխարհն իրարից բաժանող
գործոնի՝ սեպի: Ընդ որում, այս խոսույթն առկա էր արդեն 1920-ականներին, երբ հաստատվեցին
Հարավային Կովկասի սահմանները: Նշված տրամաբանության հիման վրա «Զանգեզուրի միջանցք»
ասելով հասկացվում է ոչ թե Սյունիքի մարզի հարավային շրջանները կամ որևէ առանձին վերցրած
ճանապարհ, այլ նկատի է առնվում ողջ Սյունիքի տարածքը:
Դա
են հաստատում թուրքական և ադրբեջանական գիտական, փորձագիտական, քաղաքական տարաբնույթ
աղբյուրներում հրապարակված քարտեզները, որոնց մի զգալի մասում «Զանգեզուրի միջանցք»
գրությունը վերագրվում է ոչ թե առանձին ճանապարհի, այլ ՀՀ Սյունիքի մարզին ամբողջությամբ:
Թուրքիայում 2020 թվականի նոյեմբերից մեկնարկած քաղաքական և գիտական/փորձագիտական քննարկումներում
«Զանգեզուրի միջանցքի» համատեքստում պարբերաբար ու առանձնահատուկ կերպով հիշատակվում
է նաև 1921 թվականի Մուսթաֆա Քեմալի կողմից Նախիջևանի պատկանելության հարցի կարևորումը,
դրա համար մղված պայքարը: Մասնավորապես, ըստ գերակա խոսույթի՝ մեր օրերում «միջանցքի»
բացումը հնարավոր է Աթաթյուրքի ռազմավարական հեռատեսության շնորհիվ, ով Նախիջևանը դիտարկելով
որպես «թյուրքական դարպաս», արել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը, ինչն էլ այսօր
թույլ է տալիս ատանալ «անխոչընդոտ ցամաքային կապ» Թուրքիայի և Ադրբեջանի ու թյուրքական
աշխարհի միջև:
Այս
տեսանկյունից խոսուն է Թուրքիայի խորհրդարանում ԱՇԿ խմբակցության անունից հանդես եկող
պատգամավոր Օզդեմիրի ելույթը, ով «միջանցքի» մասին խոսելով որպես կայացած փաստ, իր
խոսքում նշել էր. «Փառք Աստծո, 1921 թվականին հիմնադրված և ներկայիս տեսքը պահպանած
Թյուրքական դարպասը, որի հանդեպ Աթաթյուրքը մեծ ուշադրություն էր ցուցաբերել, 100 տարի
անց բացվեց, և Թյուրքական աշխարհը փաստացի միմյանց միանալու և գրկախառնվելու հնարավորություն
գտավ:… 100 տարի առաջ գործադրված ջանքը այսօր հասավ իր նպատակին»: Անդրադառնալով
1920-1930-ականներին Քեմալ Աթաթյուրքի՝ կովկասյան ուղղությամբ իրականացված քաղաքականությանը՝
նմանատիպ ձևակերպում է տվել գեներալ Իլքեր Բաշբուղը. «Մուսթաֆա Քեմալի այս քայլերը
նրա հեռատեսության, այսինքն՝ տեսլական ունենալու անհավատալի օրինակներն են:
…
1921 թվականին Աթաթյուրքի կատարած քայլերը, ցանած սերմերն այսօր՝ շուրջ 100 տարի անց,
տալիս են իրենց արդյունքները»: Քեմալ Աթաթյուրքի և «թյուրքական աշխարհի» հիշատակումը
հավելյալ իմաստ ու լեգիտիմություն է հաղորդում «միջանցքին»՝ այդպիսով այն տեղավորելով
թե՛ պանթյուրքական խոսույթում, թե՛ քեմալական ազգայնամոլական պայքարի շրջանակում՝ որպես
«նպատակ, որի հիմքերը դրել է Աթաթյուրքը»:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment