Skip to main content

Արիստոֆանեսի կյանքն ու ստեղծագործությունը

 

Հույն կատակերգակներից խոշորագույնն էր աթենացի Արիստոֆանեսը: Հայտնի է հին կատակերգության մի քանի այլ ներկայացուցչի անուն ևս, բայց նրանց գործերը չեն պահպանվել: Արիստոֆանեսի մասին կենսագրական տեղեկությունները քիչ են ու կցկտուր: Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թվականին Ատտիկեի Կիդաթենեոն շրջանում: Հոր անունը Փիլիպոս էր: Ենթադրաբար մահացել է մոտ մ.թ.ա. 385 թվականին: Նրա կյանքի օրոք տեղի են ունեցել այնպիսի բախտորոշ իրադարձություններ, ինչպիսիք են Պելոպոնեսյան պատերազմը, 2 խմբիշխանական հեղաշրջում և ժողովրդավարական կարգի 2 վերականգնում:

40 կատակերգություն է գրել, որոնցից ամբողջությամբ պահպանվել են 11-ը՝ «Աքառնացիներ», «Հեծյալներ», «Ամպեր», «Կրետներ», «Խաղաղություն», «Թռչուններ», «Լիսիստրատե», «Կանայք Թեսմոփորիա տոնին», «Գորտեր», «Ժողովական կանայք» և «Հարստություն»:

Արիստոֆանեսն ապրել է ժամանակի հասարակական հոգսերով ու խնդիրներով, կայուն քաղաքական հայացքներ է ունեցել: Նրա պատանեկությունն անցել է Պերիկլեսի գլխավորությամբ Աթենքի հզորության ժամանակաշրջանում, երբ կառուցվել է Պարթենոնը: Մ.թ.ա. 478 թվականին ստեղծված՝ «Դելոսյան լիգա» կոչվող հունական քաղաքների դաշինքը՝ Աթենքի գերակայությամբ, փաստացի վերածվել էր տերության, որը գրավիչ էր առևտրականների, ճանապարհորդների և արվեստագետների համար՝ ողջ Միջերկրականից: Դա հանգեցրեց Աթենքի գլխավոր մրցակցի՝ Սպարտայի հետ հարաբերությունների սրմանը և ի վերջո պատերազմի:

Արիստոֆանեսը բազմիցս պախարակել է պատերազմը սանձազերծողներին և արծարծել խաղաղության թեման: Նա «չափավոր» ժողովրդավարության կողմնակից էր, համակրում էր մանր հողատերերին, որոնք ամենից շատ էին տուժել պատերազմից: Երազում էր վերադարձնել Մարաթոնի ճակատամարտի ժամանակվա Աթենքի հզորությունը, բարձր էր գնահատում այդ շրջանը մարմնավորող բանաստեղծների՝ Սիմոնիդեսի ու Էսքիլոսի ստեղծագործությունը: Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական անկումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որն ի վերջո հասցրեց պատերազմում Աթենքի պարտությանը: Արիստոֆանեսը հակակրանքով է վերաբերվել ինչպես արիստոկրատական խմբիշխանությանը, այնպես էլ «արմատական» ժողովրդավարներին (ընչազուրկների աջակցությունը վայելող խոշոր առևտրականներին ու արհեստավորներին), որոնք պատերազմի կողմնակից էին: Նրանց պարագլուխներից էր Արիստոֆանեսի հակառակորդ Կլեոնը, որ հռչակված էր ամբոխի վրա ներգործելու մեծ հմտությամբ:

Կատակերգակն իր երկերում հաճախ հարձակվել է այն մտավորականների վրա, որոնք իրենց ուսմունքով նպաստում էին ավանդական մտածողության ու բարոյական նորմերի անկմանը: Այդպիսին էին սոփեստ փիլիսոփաները, որ ամեն ինչ կասկածի էին ենթարկում և ամենուրեք անհաստատություն, հարաբերականություն տեսնում՝ դրանով իսկ, կամա թե ակամա, խարխլելով հասարակական հին կառուցվածքն ու պատկերացումները: Այդպիսին էր, Արիստոֆանեսի կարծիքով, Եվրիպիդեսը:

Կարծիք կա, որ Արիստոֆանեսը բարեկամական հարաբերություններ է ունեցել Պլատոնի հետ: Վերջինիս «Խնջույք» տրամախոսության մասնակիցներից են Արիստոֆանեսն ու Սոկրատեսը, և նրանց միջև չկա այն հակակրանքը, որ տեսնում ենք Սոկրատեսի հանդեպ «Ամպեր»-ում, իսկ Արիստոֆանեսը խելացի զրուցակից է: Կատակերգակի տապանագիրը, որում նրա գրքերն «աստվածային գործ» են կոչվում, վերագրվել է Պլատոնին:

Արիստոֆանեսը դասական շրջանի հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչն է: Մ.թ.ա. 3-րդ դարից սկիզբ է առել հելլենիզմի դարաշրջանը, իսկ մինչ այդ, Արիստոֆանեսի մահվանից հետո ընկած մոտ 80 տարվա ժամանակահատվածից մեզ չի հասել որևէ խոշոր հեղինակի գեղարվեստական ստեղծագործություն:

Արիստոֆանեսի պիեսների լեզուն հնում գնահատվել է որպես ատտիկյան բարբառի տիպար՝ այնքան մոտ Եվրիպիդեսի լեզվին, որ հին կատակերգության մեկ այլ ներկայացուցիչ՝ Կրատինոսը, մի պատառիկում չափից դուրս նրբին ոճ կիրառողի մասին հորինել է «եվրիպիդարիստոֆանող» բառը: Ճիշտ է, «Լիսիստրատե»-ում սպարտացիները խոսում են իրենց մարզի՝ Լակոնիայի բարբառով, բայց դրա նպատակը սոսկ ճշմարտանմանության տպավորություն ստեղծելն է: Այդ հատվածներում ձեռագրերը բազմաթիվ տարընթերցումներ են պարունակում, քանի որ միջնադարյան գրիչները ձգտում էին անսովոր բառերն ու ձևերը փոխարինել ատտիկյաններով:

Ատտիկյան կատակերգությունը զգալի չափով զավեշտ է, որը նկատվում է նաև լեզվի մակարդակում: Օրինակ՝ Արիստոֆանեսը ստեղծել է խոսուն անուններ, երշիկագործը՝ «Հեծյալներ»-ում, Լիսիստրատեն («զորք լուծարող»)՝ «Լիսիստրատե»-ում, Կլեոնատյացն ու Կլեոնասերը՝ «Կրետներ»-ում: Կան նաև անձնավորված վերացական հասկացություններ, ասենք՝ պարկեշտ ու վատթար խոսքերն «Ամպեր»-ում:

Արիստոֆանեսը նորակազմ բարդ բառեր է կերտել՝ հաճախ բազմարմատ, անբնական ու զավեշտական, որոնք հայերենում համարժեք չունեն: Արիստոֆանեսն իր պիեսներում բազմաթիվ բանաստեղծների է հիշատակել, հատկապես Էսքիլոսին, Սոֆոկլեսին ու Եվրիպիդեսին, նաև՝ կատակերգակների ու քնարերգուների: Նրա սիրելի կոմիկական հնարքներից մեկը ողբերգություններից ծաղրական եղանակով տողեր մեջբերելն է կամ դրանց ոճով տողեր հորինելը:

Արիստոֆանեսի կատակերգություններն անդրադարձ են իր ժամանակի Աթենքի կյանքին: Կատակները հաճախ վերաբերում են մասնավոր անձանց ու իրողությունների, որոնց անմիջական ընկալմանը հասու էին միայն ժամանակակից աթենացիները: Դրանք անհասկանալի են դարձել հետագա ընթերցողներին, ուստի զարմանալի չէ, որ արդեն հնում բազմաթիվ մեկնություն-սքոլիոններ են գրվել, և մինչ օրս էլ բուն պիեսները ծավալով գերազանցող հատորներ են կազմվում՝ դրանցում հնչած կատակներն ու ակնարկները բացատրելու համար:

Նյութի աղբյուրը՝ Արիստոֆանես- «Կատակերգություններ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...