Skip to main content

Հայ-վրացական հարաբերությունները 1991-1998 թվականներին

 

Անկախացման շրջան. ներքին խնդիրներ ու արտաքին մարտահրավերներ

Հայաստանն ու Վրաստանը կողք կողքի գոյակցելու, բարիդրացիության բազմադարյա հարուստ ու հետաքրքիր փորձ ունեն: Երկար կարելի է խոսել հայ և վրաց ժողովուրդների հարաբերությունների, պատմության տարբեր փուլերում երկկողմ շփումների, առնչությունների ու դրանց առանձնահատկությունների մասին: Բայց կուզեմ անդրադառնանք հայ-վրացական հարաբերությունների վերջին շրջանին ու առավելապես միջպետական հարաբերություններին: Մոտ 70 տարի ԽՍՀՄ կազմում լինելուց հետո անկախացման ուղին բռնած Հայաստանն ու Վրաստանը բազմաթիվ ընդհանրություններ ունեին, ինչպես նաև լավ ու ամուր հիմք՝ կայուն հարաբերություններ զարգացնելու համար: Սակայն 1990-ական թվականների սկզբին 2 հարևան երկրներն ունեին նաև լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ: Առաջ եկած խնդիրները հեռացնո՞ւմ, թե՞ ավելի էին մոտեցնում 2 երկրներին ու ժողովուրդներին:

Երևի հեռացնել-մոտեցնելու հարցին հերթը չէր էլ հասնում: Այսինքն՝ յուրաքանչյուրի մոտ խնդիրների այնպիսի ծավալ ու ծանրություն կար, որ մինչև հարցը կհասներ միմյանց ձեռք մեկնելուն, համատեղ ինչ-որ բան անելուն, յուրաքանչյուրը փորձում էր իր խնդիրները կարգավորել, ինչ-որ չափով տրամաբանական հուն մտցնել: Հետևաբար, անկախացման այդ ժամանակահատվածի հետ կապված ասել, որ շատ հստակ ամրագրվում էին երկկողմ փոխգործակցության ուղղությունները, երևի թե բարդ կլինի: Համագործակցությունն առօրյային առնչվող խնդիրների շուրջ էր, եղած մարտահրավերներին համապատասխան:

Միաժամանակ, կար պատկերացում, տեսլական, որ դարերի ընթացքում կողք կողքի հարևանությամբ ապրած ժողովուրդները, պետություններն անկախացմամբ ստանում են նոր հնարավորություն երկկողմ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի բերելու, նոր իրավիճակին համապատասխանեցնելու համար: Անհրաժեշտ գործոններն ու հիմքերը դրա համար կային, և, ամենակարևորը՝ կար փոխադարձ ճանաչելիության այնպիսի աստիճան, որը թույլ էր տալիս շատ արագ ձեռնամուխ լինելու միմյանց հետ փոխգործակցության նոր ուղիների ձևավորմանը: Երկրներից յուրաքանչյուրի պարագայում եղած ներքին ու արտաքին խնդիրները պարզապես թույլ չէին տալիս, որ պատկերացումները կյանքի կոչվեն, ժամանակ ու հնարավորություն չկար այդ ուղղությամբ մարտավարություն ու ռազմավարություն մշակելու, այդ ամենը կիրառական դաշտ բերելու համար:

Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում մենք հաճախ ենք խոսում փոխադարձ դրական վերաբերմունքի, իրար լավ ճանաչելու մասին: Ժողովուրդների ու հանրությունների մակարդակով մենք արդյո՞ք իրար այնքան լավ ենք ճանաչում, որքան ընդունված է կարծել, թե՞ այստեղ ևս անելիք կար, որ կարելի էր ու պետք էր իրականացնել անցած 30 տարիների ընթացքում:

Անելիք կար, կա և լինելու է: Ցանկանում եմ, որ սա շատ հստակ ամրագրենք: Անգամ ամենամտերիմ, ամենաջերմ, ամենաբարեկամական հարաբերությունների պարագայում մշտապես խնդիր կա դրանց վրա դողալու և զարգացմանը միտված քայլեր անելու: Հակառակ պարագայում առաջ եկող նոր մարտահրավերները կարող են փոխել եղած կոնֆիգուրացիան, և ուշադիր ու հետևողական չլինելու դեպքում դժվար չէ հայտնվել ներքև գլորվողի կարգավիճակում:

Ուստի, այդ աշխատանքը պետք է արվի մշտապես: Արտաքին քաղաքականության մեջ չկա որևէ ուղղություն, որի հետ կապված կարելի է ասել այնքան երաշխավորված եմ ու այնքան հանգիստ, որ կարող եմ «ձեռքերս լվանալ» ու ոչինչ չանել: Չկա այդպիսի ուղղություն, և այս պարագայում Վրաստանը բացառություն չէ: Միաժամանակ այստեղ կան գործոններ, որոնք պետք է աչքի առաջ ունենալ և հաշվի առնել: Հայ-վրացական հարաբերությունների յուրահատկությունն, իհարկե, դարերի դրոշմն ունի իր վրա, և այդ փոխադարձ ճանաչելիությունը, որն, այո՛, առկա է, բավականին լավ հիմք է հարաբերությունները բերել հասցնելու կանխատեսելիության ու փոխվստահության բարձր մակարդակի: Ընդ որում, կանխատեսելիություն ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ շատ ավելի լայն՝ գլոբալ իմաստով: Սրանից, իհարկե, հարաբերությունները ոչ միայն չեն տուժի, այլև կստանան զարգացման լրացուցիչ խթան:

Զուգահեռաբար, չպետք է մոռանալ նաև առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու անհրաժեշտության մասին: Չի կարելի բաժակաճառերի ներքո անտեսել իրական օրակարգի՝ նյարդ ստեղծող, անհամաձայնություններ առաջ բերող խնդիրներն ու հարցերը. դրանք «պահածոյացման» արդյունքում շատ ավելի վատ հետևանքների կարող են հանգեցնել: Ինչպես 1990-ական թվականների սկզբին, այնպես էլ հիմա շատ լավ հիմք կա՝ ի դեմս հանրությունների, ազգերի, ժողովուրդների փոխադարձ ճանաչելիության, սակայն հարկավոր է միշտ աչքի առաջ ունենալ, որ բացասական տարրերի առաջանալուն զուգահեռ պետք է շատ արագ գործել:

Այս ամենից բխում է երկրորդ խնդիրը՝ անմիջականորեն առնչվող նաև Ձեր կողմից բարձրացված հարցին. այն ամենը, ինչ ընդունված է ասել սեղանների շուրջ կենացներով, ունի՞ ճշմարտության բաժին: Իհարկե՛, ունի: Համընկնո՞ւմ է այդ ամենը նրան, ինչ կա իրական կյանքում: Ո՛չ, չի համընկնում, քանի որ եղել են և այսօր էլ կան փոխադարձ վստահությանն առնչվող խնդիրներ: Միաժամանակ, պիտի գիտակցենք, որ կան և կլինեն նաև արտաքին տարբեր ուժեր, որոնք մշտապես փորձում են սեպ խրել այդ հարաբերությունների մեջ և անվստահության գործոնն ավելի մեծացնել: Եթե այս ամենը հաշվի չառնենք, սրա մասին չմտածենք, երկկողմ հարաբերությունների զարգացմանը շատ մեծ հարված ենք հասցնելու: Եվ այդ ամենն իր ներքո չունի ժամանակային չափում: Դա եղել է, կա ու լինելու է:

Վրաստանի ներքաղաքական անկայունությունն ու ՀՀ դիրքորոշումը

1990-ական թվականների սկզբին հարևաններից յուրաքանչյուրն առավելապես իր սեփական խնդիրներով էր զբաղված: Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր էր Ադրբեջանի ագրեսիան ու արդյունքում սանձազերծված պատերազմը: Բայց անգամ նման իրավիճակը չխանգարեց ձեռք մեկնելու հարևան Վրաստանին, երբ այնտեղ ներքաղաքական բավական լարված իրավիճակ էր: Խոսքն, օրինակ, 1991 թվականի վերջին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, երբ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության դեմ պայքարի օրերին հայկական պատվիրակությունը մեկնեց Վրաստան՝ հաշտարարի, միջնորդի դերակատարմամբ: Ինչպե՞ս հաջողվեց Հայաստանին, որը ևս գտնվում էր բարդ իրավիճակու, ստանձնել այդ առաքելությունը:

Պատասխանը շատ հստակ է՝ Վրաստանի կայունությունը Հայաստանի համար չափազանց կարևոր էր: Հասկանալու համար, թե ինչ վիճակի հետ գործ ունեինք, կարևոր է վերհիշել, թե ինչպիսի իրադրություն էր ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին ու ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Այդ ժամանակահատվածում բավական լուրջ ու խորքային գործընթացներ էին ընթանում տարբեր հանրապետություններում: Սկսված էր ղարաբաղյան շարժումը, որ լրջագույն մարտահրավեր դարձավ հենց Խորհրդային Միության համար՝ ցույց տվող նման իրավիճակներին արագ արձագանքելուն, լուծում գտնելուն անպատրաստ լինելը, և ընդհանրապես Խորհրդային Միությունում նման հարցերի կառավարման քաղաքական մշակույթի բացակայությունը: Միության տարբեր հատվածների հետ մեկտեղ ցնցումների ալիք նկատվեց նաև Վրաստանում՝ ազգային պետության ստեղծման գերակայությամբ ու նկրտումներով: Այդ ժամանակաշրջանը ծանր էր. դժվար էր ընկալել, որ փլուզվում է ԽՍՀՄ-ն, բարդ էր պատկերացնել դրանից հետո տեղի ունենալիքը… Իսկ դա, իրականում, նշանակում էր, որ գործող բոլոր համակարգերը, այդ թվում՝ կոմունիկացիաները, լոգիստիկան, փաստացի ենթարկվում էին «երկրաշարժի»: Շատ մեծ հարված կրեցին տարբեր արտադրական հնարավորություններն ու հզորությունները՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տնտեսության կառուցվածքը: Սա լրջագույն մարտահրավեր էր անկախացող հանրապետություններից յուրաքանչյուրի համար:

Վրաստանում ակտիվ դերակատարների, ակտիվ հանրային գործիչների մոտ չկար կասկած, որ Հայաստանն, իրոք, ամբողջ խորությամբ շահագրգռված էր Վրաստանի կայունությամբ: Եվ սա չէր սկսվում ու ավարտվում բարի կամքի դրսևորմամբ կամ զուտ բարեկամ երկիր լինելով, այստեղ կար ռեալպոլիտիկը որպես այդպիսին, քաղաքական ու տնտեսական շահի գործոնը: Չմոռանանք, որ արցախյան ճակատում արդեն ռազմական գործողություններ էին, և Հայաստանի համար մեծագույն մարտահրավեր էր ճանապարհների և արտաքին աշխարհի հետ կապի խնդիրը, հետևաբար Հայաստանի նման Վրաստանի կայունությամբ շահագրգռված այլ երկիր գտնելն իսկապես դժվար կլիներ, նույնիսկ անհնար: Սրանով էին պայմանավորված և՛ բավական ակտիվ կերպով իրականացվող փոխայցերը, և՛ Վրաստանի ներքին ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի ստանձնած կարևոր դերակատարումը:

Մյուս կողմից վրացական նոր ձևավորվող էլիտայի մոտ կար զգացողություն, որ պետականության հիմքերը պահպանելու համար անհրաժեշտություն կա Հայաստանի հետ բնականոն կապ ունենալու, որ որևէ պարագայում Ջավախքի հետ կապված իրենց մոտ նոր ազգային խնդիրներ չառաջանան՝ դրանից բխող հետևանքներով: Սա էլ իր հերթին լրացուցիչ խթան էր հարաբերությունների համար:

Վրաստանում բավական տևական ժամանակ շարունակվող անկայունության շրջանը, թեկուզ ոչ ուղղակիորեն, բայց անդրադառնում էր Հայաստանի վրա: Պարզագույն օրինակը պարբերաբար պայթեցվող գազատարերն ու կամուրջներն էին, որի արդյունքում Հայաստանն էներգետիկ լուրջ խնդիրների առաջ էր կանգնում: Այս իրադարձություններն ինչպե՞ս էին ընկալվում Հայաստանի ու Հայաստանի հանրության կողմից:

Վրաստանի ներքաղաքական անկայունությունը Հայաստանի վրա շատ ծանր էր անդրադառնում, և դա հասկանալի է: Վրաստանի անկայունությունից բխող ռիսկերն առավել նկատելի էին պատերազմի տարիներին, երբ արևելյան ու արևմտյան սահմանները փակ էին (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները), կային փաստացի գործող ճանապարհներ միայն դեպի Վրաստան և Իրան: Վրաստանի միջոցով ելքը դեպի աշխարհ բավական դժվարություններ ուներ, քաոտիկ էր, շատ դեպքերում՝ անանցանելի և, հետևաբար, պատահական չէր ժողովրդի մեջ տարածված խոսույթը, որ «կյանքի ճանապարհը» Իրանի հետ կապող սահմանն է:

Գումարած այս ամենին, կարևոր բաղադրիչ էր էներգետիկ ապահովման խնդիրը: Հայաստանը սնուցող էներգետիկ ուղիներն անցնում էին Վրաստանով, և, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե, օրինակ, գազատարի պայթեցումներն ինչ ծավալի խնդիրներ էին առաջացնում Հայաստանի համար:

Մյուս կարևոր բաղադրիչը մարդկանց և բեռների տեղաշարժի հարցն էր: Վրաստանում տիրող ողջ քաոսն անմիջականորեն իր ազդեցությունն էր բերում, և ականատես էինք լինում անգամ շատ վատ դեպքերի՝ բեռների թալանմանը, մարդկանց համար տարաբնույթ խնդիրներ ստեղծելուն: Այս ամենը, իհարկե, պետությունը չէր անում, բայց տևական ժամանակ պետությունը պարզապես ի վիճակի չէր վերահսկել իրավիճակը:

Վրաստանի ներքաղաքական անկայունության շրջանն, իհարկե, բարդ էր Հայաստանի համար, բայց միաժամանակ պիտի նշենք նաև, որ այդ ողջ շրջանում հայկական կողմի ու հանրության մոտ չի եղել մտայնություն, կասկած, որ վրացական իշխանությունները կարողանում են վերահսկել իրավիճակը, բայց չեն անում, հատուկ են թույլ տալիս: Եվ ցանկացած ֆորս մաժորի պարագայում պետական մարմիններն անմիջապես կապվում էին վրաց իշխանությունների հետ՝ փորձելու հասկանալ դրա լուծման տարբերակները, և շատ դեպքերում ընտրելով անգամ ոչ ավանդական ելքեր, օրինակ՝ փորձելով միասնական վերահսկողության ինչ-ինչ էլեմենտներ կիրառել: Սա խնդիր էր, որի օբյեկտիվությունը Հայաստանում քաջ գիտակցում էին, և այն որևէ կերպ չէր փոխակերպվում դեպի անվստահություն ու կասկած Վրաստանի ու վրաց ժողովրդի նկատմամբ:

Արցախյան հիմնախնդիրն ու Վրաստանի դիրքորոշումը

Իսկ Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում Վրաստանի վերաբերմունքն ինչպիսի՞ն էր: Արցախյան առաջին պատերազմի հետ կապված Թբիլիսին ի՞նչ դիրքորոշում ուներ:

Եկեք տարանջատենք քաղաքական դիրքորոշումը հանրային զգացողություններից կամ տրամադրություններից: Եթե խոսքը պետական քաղաքականության և նորանկախ Վրաստանի Հանրապետության դիրքորոշման մասին է, ապա այստեղ մենք գործ ունեինք իրավիճակի հետ, երբ բավական լուրջ «կառչածություն» կար տարածքային ամբողջականության սկզբունքից. ինչն էլ, կարծում եմ, կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով այն, թե ինչ էր կատարվում Վրաստանում անկախացումից ի վեր, ինչ խնդիրներ կային այդ երկրում:

Այս ամենի հետ մեկտեղ, Վրաստանը փորձում էր հնարավորինս խուսանավել, չեզոք դիրքորոշում որդեգրել, որովհետև հակառակ պարագայում Ադրբեջանի մոտեցմանը շատ համահունչ մոտեցում էր ներկայացվելու՝ հաշվի առնելով հենց նույն տարածքային ամբողջականության հարցը: Պետական մակարդակով մոտեցումն այսպիսին էր: Իհարկե, վրացական պետության կողմից կար նաև լուրջ անհանգստություն, քանի որ պատերազմ էր ընթանում իր անմիջական հարևանությամբ, ինչն անվտանգության տեսանկյունից ևս ռիսկեր էր պարունակում:

Եթե խոսենք հանրային տրամադրությունների մասին, ապա անձնական փորձով ու շփումներով էլ եմ համոզվել, որ Վրաստանի քաղաքացի տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ կար ցավի բավական լուրջ զգացողություն պատերազմի համար, հայերի ու ադրբեջանցիների միջև առաջացած թշնամանքի համար, մարդկային ճակատագրեր խեղող ու կյանքեր խլող առճակատման համար: Իհարկե, վրացական հանրության այս տրամադրություններն էլ են հասկանալի՝ հաշվի առնելով Վրաստանի բազմազգ հանրություն լինելու հանգամանքն ու Վրաստանում բավական մեծաքանակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական համայնքների առկայությունը, որոնք, ի դեպ, առանձնապես համակեցության լուրջ խնդիրներ Վրաստանի տարածքում չեն ունեցել:

Վերջին տարիներին Վրաստանը հաճախ է Հայաստանին ու Ադրբեջանին իր տարածքն առաջարկում որպես հարթակ՝ բանակցելու, խաղաղության հասնելու համար: Ինչպիսի՞ն էր վիճակն արցախյան առաջին պատերազմից հետո: Այս ժամանակահատվածն առանձնահատուկ էր հատկապես նրանով, որ շատերն էին փորձում միջնորդական առաքելություն ստանձնել, դեռ չէր ձևավորվել կայուն միջնորդական ձևաչափը: Այդ ընթացքում Վրաստանը քայլեր արե՞լ է իր մասնակցությունն ամրագրելու, միջնորդական դերակատարում ստանձնելու ուղղությամբ, թե՞ սեփական խնդիրները թույլ չէին տալիս:

Իհարկե, կային սեփական խնդիրները, բայց այստեղ կար երկրորդ՝ շատ կարևոր հանգամանքը ևս: Մենք պետք է տարբերակենք «միջնորդ երկիր» և «հարթակ տրամադրող երկիր» հասկացությունները: Վրաստանի կողմից հարթակ տրամադրելու հետ կապված պատրաստակամությունը եղել է միշտ, բավարար էր միայն, որ Վրաստանում իրավիճակն այնպիսին լիներ, որ դա հնարավոր լիներ ֆիզիկապես իրականացնել: Ինչ վերաբերում է Վրաստանի՝ որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամությանը, ապա այստեղ ավելի շատ՝ ոչ, քան՝ այո, և սա հասկանալի է, քանի որ, ամեն դեպքում, միջնորդից, նրա դերակատարումից ունեցած ակնկալիքը մի քիչ այլ է: Միջնորդի կարգավիճակի հավակնում էին երկրներ, որոնք ունեին հզորություն և հնարավորություններ, գործիքակազմ՝ ապահովելու ազդեցության այնպիսի մեխանիզմներ, որոնք ունակ կլինեին միջնորդական խոսքը, գործընթացը դարձնել ավելի ծանրակշիռ կողմերից յուրաքանչյուրի համար: Վրաստանը նման հավակնություն չի ցուցաբերել: Փոխարենը, այո՛, մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն՝ ցանկացած հարթակ տրամադրելու խաղաղության գործընթացի համար:

Վրաց-ադրբեջանական և վրաց-հայկական հարաբերություններ. «ո՞վ ո՞ւմ համար է ավելի կարևոր»

Արցախյան հակամարտության հետ կապված Թբիլիսիի մոտեցումները լիարժեք հասկանալու համար, կարծում եմ, կարևոր է հասկանալ նաև կողմերից յուրաքանչյուրի հետ վերջինիս ունեցած հարաբերությունների որակը, դրանցում եղած ռիսկերն ու խնդիրները: Կցանկանամ խոսենք Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, հատկապես, որ այնտեղ էլ ամեն ինչ այդքան հարթ չէ՝ կան տարաբնույթ հակասություններ, այդ թվում՝ տարածքային խնդիրներ: Ինչպե՞ս են եղած խնդիրներն ազդել Բաքու-Թբիլիսի հարաբերությունների վրա, և ինչպիսի՞ն էր այս զարգացումների ֆոնին Հայաստանի դիրքորոշումը:

Վրաստանի պարագայում պետք է հաշվի առնենք մի քանի հիմնական գործոն: Առաջին, երբ երկիրն ինքը կոնֆլիկտային իրավիճակներ ու չլուծված հարցեր ունի, մշտապես ձգտում է լրացուցիչ որևէ հակամարտություն իր վրա չբերել, ինչը, կարծում ե, առավել քան հասկանալի և ընկալելի է: Հետևաբար, Վրաստանը բոլոր ուղղություններով փորձել է բնականոն հարաբերություններ ունենալ, առաջին հերթին, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այսինքն՝ հարևանների հետ: Այսինքն՝ փորձել է որևէ լրացուցիչ կոնֆլիկտային իրավիճակ չունենալ և կարողանալ հարաբերություններն այն հունով տանել, որ այդ ռիսկերը հանկարծ չբազմապատկվեն: Սա մի գործոն:

Երկրորդ՝ իրադարձությունների ու զարգացումների բերումով ստացվեց այնպես, որ Վրաստանում ստեղծվեց տպավորություն, զգացողություն, որ իրենք Հարավային Կովկասի կենտրոնն են: Եվ սա արդյունք էր ոչ թե աշխարհաքաղաքական ընկալումների, այլ մի քանի գործոնների համադրման: Իսկ բացատրությունն, իրականում, շատ պարզ է. տևական ժամանակ նույն արևմտյան գործընկերները՝ եվրոպական կառույցները, եվրոպական տարբեր երկրները, Միացյալ Նահանգներն իրենց քաղաքականությունը կերտելիս կամ իրենց գործիքակազմը կիրառելիս փորձում էին Հարավային Կովկասը դիտարկել որպես 1 ընդհանրական միավոր: Այս պարագայում առաջանում էր շատ պարզ հարց՝ որտե՞ղ կենտրոնացնել ջանքերը, որ հնարավոր լինի բոլորի հետ հարաբերությունների զարգացմանը լիցք հաղորդել, փորձել օրակարգերն առաջ մղել: Եվ Թբիլիսին այդ ընթացքում դարձավ այդ «հարավկովկասյան կենտրոն» ասվածը: Սրա հետ կապված մեր վրաց գործընկերների հետ ժամանակին անգամ կատակներ էինք անում, որ եթե այսպես շարունակվի, և Թբիլիսին իր նկատմամբ այս աստիճան ուշադրություն շարունակի զգալ, վրացական կողմը շահագրգռված չի լինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ: Իհարկե, սա կատակի ձևով էր ասվում, սակայն այս գործոնը կար, և այն չի կարելի անտեսել:

Երրորդ կարևոր հանգամանքն ուղղակիորեն առնչվում է տնտեսական ոլորտին: Վրաստանի համար Ադրբեջանն ուներ ու ունի յուրահատուկ դեր ու նշանակություն էներգակիրներին առնչվող խնդիրների հետ կապված, ապրանքաշրջանառության և շուկաների ծավալների հետ կապված: Հետևաբար, սա չէր կարող չլիներ օրակարգ ձևավորող բաղկացուցիչ:

Կարևոր գործոն էր նաև Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքների առկայությունը: Եվ, բնականաբար, այս համատեքստում ևս Վրաստանի ցանկությունն էր, որ իր երկրի տարածքում բախումների վտանգ, ռիսկայնություն չլինի, որևէ խնդիր չառաջանա: Այսինքն՝ սրանք բոլորը գործոններ են, որոնք պայմանավորել ու թելադրել են Վրաստանի արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում՝ մինչև անգամ այն պահը, երբ պաշտոնական Թբիլիսին կսկսեր իր արտաքին քաղաքական գերակայությունների ֆորմալիզացիան՝ ընտրելով արևմտյան ուղղությունը:

Այս ամենին գումարվում էր Ադրբեջանի միջոցով Կասպից ծով, ավելի լայն տարածաշրջան դուրս գալու Վրաստանի մղումը, ինչը փոխադարձաբար արտահայտվում էր Բաքվի նպատակներով՝ Վրաստանով Սև ծով դուրս գալու: Այս գործոնների կարևորությունը հասկանալու համար բավական է նայել քարտեզին…

Բնականաբար, Վրաստանի որդեգրած քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված էր վերը թվարկված բոլոր գործոններով: Կայի՞ն մտահոգություններ, մտավախություններ, իհարկե՛ կային: Ավելին, երբ խոսում ենք մտավախությունների մասին, պիտի հաշվի առնենք, որ այստեղ խնդիրն արդեն միայն Ադրբեջանին չի առնչվում: Այն արդեն լայնանում է՝ մի կողմից Ադրբեջան, մյուս կողմից՝ Թուրքիա: Եվ ուշադրության կենտրոնում, իհարկե, առաջին հերթին, տնտեսական էքսպանսիայի հնարավոր ռիսկերն էին, որոնց մասին թեև պետական մակարդակով չէր բարձրաձայնվում, սակայն փորձագիտական, լրագրողական ընկերակցությունն այս տիպի խնդիրների վրա ժամանակ առ ժամանակ ուշադրություն հրավիրում էր:

Տնտեսական կապերի տեսանկյունից Հայաստան-Վրաստան հարաբերությունները հընթացս զարգանում են: 1990-ական թվականների սկզբին առաջնահերթություններն, իհարկե, այլ էին, բայց այս հարաբերությունների կարևորությունը որևէ պահի չի նվազել: Մեզ համար Վրաստանը ճանապարհ է դեպի ծով, ճանապարհ է դեպի Ռուսաստան, Եվրոպա: իսկ ինչո՞վ է Հայաստանն առանձնահատուկ Վրաստանի համար: Արդյո՞ք այդ կարևորության գիտակցումը սիմետրիկ կերպով առկա է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի մոտ:

Շատ կարևոր թեմա եք բարձրացնում: Հարցն ունի տարբեր հարթություններ. գլոբալ, երկարաժամկետ, ընդհանրական՝ սա մի հարթություն է, հենց այդ պահին, հենց այդ ժամանակային միջակայքում կամ միջավայրում՝ սա այլ հարթություն է: Փորձեմ երևի ավելի լոկալից գնալ դեպի ավելի գլոբալ: Լայն իմաստով Վրաստանի համար Հայաստանը լոգիստիկայի և կոմունիկացիաների նորմալ առկայության պարագայում բավական հարմար դարպաս է դեպի Իրան և Իրանի բավական մեծ շուկա: Եվ, հետևաբար, եթե լոգիստիկան նորմալ գործեր, և եթե չլինեին բոլոր այն խնդիրները, որոնք կան Իրանի շուրջ՝ պայմանավորված Արևմուտքի հետ հարաբերություններով, կարծում եմ, հասկանալի է, թե Վրաստանի համար ինչ շուկա կարող է բացվել Հայաստանի միջոցով: Գումարած՝ Իրանից դուրս եկող ճանապարհների միջոցով կա հնարավորություն այդ շուկան էապես մեծացնելու:

Հարցի երկրորդ կողմն ավելի գլոբալ է: Հայաստանը «քաղաքակրթական սահման» է: Եթե նայենք մեր անմիջական հարևանությանը, ապա կտեսնենք, որ քրիստոնեական աշխարհի հետ մեր միակ կապը Վրաստանն է: Մյուս կողմերում արդեն իսլամական աշխարհն է, ի դեպ, հաշվի առնենք, որ սա չի ասվում որպես բացասական կամ վատ գործոն, սա պարզապես փաստ է, որը պիտի արձանագրենք: Եվ, հետևաբար, պիտի արձանագրենք նաև, որ Հայաստանը հենց այդ «քաղաքակրթական սահմանն» է: Եթե Հայաստանը խնդիրներ ունենա, ապա այդ «սահմանը» տեղափոխվելու է Վրաստան, իսկ Վրաստանում, վստահ եմ, կա ընկալում, թե դա իր հետ ինչ ռիսկերի զամբյուղ է բերելու: Սա 2-3 տարվա կտրվածքով չի կարող տեսանելի լինել, բայց եթե փորձենք ժամանակային միջակայքը լայնացնել և ժամանակի ու տարածության մեջ թռչնի թռիչքի բարձրությունից նայել, հասկանում ենք, որ կարող են առաջ գալ շատ լուրջ խնդիրներ: Վրաց հասարակության մտածող հատվածը՝ էլիտան, սա չի կարող անտեսել:

Գլոբալ համատեքստում հաջորդ հարցն էքսպանսիային է վերաբերում: Կարծում եմ, հասկանալի է, որ էքսպանսիան չի լինում միայն տնտեսական. այն բազմակողմ ու խորը կարող է լինել՝ իր ռիսկերով հանդերձ: Եթե սա հասկանում ու ընկալում ես ժամանակի ու տարածության մեջ, պիտի աչքի առաջ ունենաս նաև բալանսների խնդիրը: Դրան դեմ հանդիման կանգնելու ես մենա՞կ, թե՞ կան երկրներ, որոնք քեզ համար այդ հարցում կարող են վստահելի, կանխատեսելի գործընկեր ու բարեկամ լինել, առավել ևս, որ դարեր շարունակ շատ հարվածներ միասին ենք տարել ու բազմաթիվ խնդիրներ միասին հաղթահարել: Սա ևս կարևոր գործոն է՝ բացատրող Հայաստանի դերը Վրաստանի համար, քանի որ ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում միայն արտաքին աշխարհի այս կամ այն դերակատարի հետ այդ պահի դրությամբ կապի կարևորմամբ: Եվ, վերջիվերջո, կա մի պարզ ճշմարտություն՝ եթե բարեկամությունն իրական է, ապա այս հարցը, կարծում եմ, ավելորդ է. «ո՞վ ո՞ւմ համար է ավելի կարևոր» հարցը չի կարող իրական բարեկամների միջև ծագել:

Հակադիր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ. հնարավորություններն ու մարտահրավերները

ՀՀ-Վրաստան հարաբերությունների մասին խոսելիս առանցքային թեմաներից մեկը հարևան, բարեկամ երկրների տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցն է: Մեկնարկային փուլում բավական նման իրավիճակում գտնվող 2 երկրներից մեկը կարճ ժամանակ անց որդեգրեց արևմտյան կողմնորոշում, մյուսը՝ ՌԴ ռազմավարական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ դարձավ: Այս աշխարհաքաղաքական ընտրությունն այլընտրանք չունե՞ր, անխուսափելի՞ էր:

Որքան էլ փորձենք ասել, որ մեկնարկային իրավիճակը Հայաստանի ու Վրաստանի պարագայում շատ նման էր, այնուամենայնիվ, մի կարևոր գործոն, շատ էական տարբերակիչ չենք կարող ուշադրությունից դուրս թողնել՝ Թուրքիան:

Հայ ժողովրդի ընկալմամբ Թուրքիան իրենից էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում, ինչը, բնականաբար, չէր կարող վճռորոշ նշանակություն չունենալ կարևորագույն որոշումների ընդունման հարցում: Պատմականորեն է այդպես ստացվել, ավելին՝ Թուրքիան էլ իր կողմից ոչինչ չի արել, որ հայ ժողովրդի մոտ ձևավորված ընկալումները փոխվեն: Հետևաբար, սա գործոն է, որն անկախ մեր ցանկությունից ու կամքից, դարձել է շատ ուժեղ տարբերակիչ, որը չի կարող իր դերը չունենալ քաղաքականության ձևավորման հարցում: Այս գործոնը չկար Վրաստանի պարագայում: Իսկ մի իրավիճակում, երբ անվտանգային նման սպառնալիքներ ու խնդիրներ կան, 2 երկրների մոտեցումները սկսում են տարբերվել՝ անկախ առկա բազմաթիվ նմանություններից ու ընդհանրություններից: Ուշագրավ է նաև, որ մեր արևմտյան շատ գործընկերներ այս տարբերությունը չէին զգում, չէին ընկալում…

Հայաստանի ու Վրաստանի՝ աշխարհաքաղաքական հակադիր ուղղությունների ընտրությունը, մեծամասամբ պայմանավորված էր թուրքական գործոնով: Թեև, չենք կարող չնշել նաև, որ կային այլ գործոններ ևս՝ ոչ այդչափ առանցքային ու կայուն, և դրանք գումարվում էին հընթացս՝ տարբեր հանգամանքների ազդեցությամբ ու առավելապես իրավիճակային:

Նշեցիք, որ արևմտյան շատ գործընկերներ այս նրբությունները չէին հասկանում: Վրաստանը հասկանո՞ւմ էր Հայաստանի ընտրությունը:

Միանշանակ:

Այդ դեպքում «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» 1997 թվականի պայմանագիրն ու ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների ձևավորումն ինչպե՞ս ընկալվեց Վրաստանում:

Վստահ եմ, որ ընկալել են, և այստեղ խնդիրներ չկային: Բայց սա չի նշանակում, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր քաղաքական ուժերի կողմից այս հարցը շահարկումների առարկա չէր դարձվում: Կրկնեմ, խնդիրն այն չէր, որ խորքային առումով չէին հասկանում, այլ պարզապես այս հարցը ծառայեցնում էին սեփական շահերին, ընդամենը: Տեսեք, մի շատ կարևոր հանգամանք կա. մի բան է, երբ դու ունես մեծագույն ցավ՝ 1915 թվականի ցեղասպանությունը, և հենվում ես այդ փաստի վրա, և, օրինակ՝ կողքից շատերը, ոչ միայն վրացիները, սկսում են համոզել, որ անցյալն անցյալ է, պետք է հաղթահարել այն, չի կարելի մնալ պատմության խորխորատներում: Մեկ այլ բան է, երբ դու դրա հետ առնչվում ես անընդմեջ: Արցախյան առաջին պատերազմն ու այդ ընթացքում Թուրքիայի կեցվածքը լավագույն ապացույցն էին, որ շատ բան չի փոխվել: Իսկ այդ ամենը միայն մենք չէ, որ տեսնում էինք: Տեսնում էին Վրաստանում ևս, իրենք էլ էին նկատում զարգացումներն ու Թուրքիայի կողմնակալ կեցվածքը: Այստեղ լրացուցիչ բացատրությունների կարիք պարզապես չկար:

Հայ-վրացական «կամուրջ»՝ Վրաստանի հայկական համայնք

Հայ-վրացական հարաբերություններում առանձնահատուկ կարևորություն ունեցող գործոն է հայկական բավական մեծաթիվ համայնքը Վրաստանում: Ցավոք, Վրաստանում բնակվող հայկական համայնքի, մասնավորապես՝ Ջավախքի ու ջավախահայության մասին շատ հաճախ խոսում են՝ անդրադառնալով խնդիրներին, որոնք, ի դեպ, քիչ չեն՝ մայրենի լեզվով կրթության ապահովման, դավանանքի ու եկեղեցիների, տեղական ուժային կառույցների հետ հարաբերությունների հետ կապված: Բայց Վրաստանի հայ համայնքը կարևորագույն ռեսուրս է նաև երկկողմ հարաբերություններին լիցք հաղորդելու տեսանկյունից: Որքանո՞վ է հաջողվել օգտագործել այս գործոնը երկկողմ հարաբերությունները զարգացնելու, խթանելու համար:

Ջավախքն ու Ջավախքին վերաբերող հարցերը, հատկապես 1990-ական թվականներին, եղել են այն տրամաբանության ներքո, ինչի ներքո ավելի գլոբալ վերցրած հայ-վրացական հարաբերություններն էին՝ ոչ թե խորքային, հեռանկարային, հայեցակարգային, այլ՝ այսրոպեական և իրավիճակային: Իմ խորին համոզմամբ՝ Ջավախքի կառուցողական ռեսուրսը լիակատար չի կիրառվել և իր կողմից հնարավոր առավելագույն դրականը չի բերել ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայ-վրացական հարաբերությունների համար: Այստեղ, իհարկե կան օբյեկտիվ գործոններ՝ Վրաստանի ներքին կոնֆլիկտածին խնդիրները, Հայաստանի պարագայում ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց սա, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում այս հարցում մեր ունեցած բացթողումը:

Ջավախքի մեր ազգաբնակչությունն իր հետ կապված խնդիրները լուծելու նպատակով շատ դեպքերում փորձել է ստանալ Հայաստանի աջակցությունը, զուգահեռաբար, ինչու ոչ, նաև հուսախաբ լինելով, բայց մշտապես աշխատանք է տարել Վրաստանի կենտրոնական իշխանությունների հետ: Այս ամենի արդյունքում բարդ է ասել, թե եղել է 2 պետությունների կողմից լուրջ վերաբերմունք, ռազմավարական ու երկարաժամկետ ամբողջական ընկալում, պատկերացում:

Ջավախքի ու ջավախահայության խնդիրների լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել, ինչն ունի, գուցե նաև օբյեկտիվ պատճառաբանություններ: Ցանկացած իրավիճակում, երբ Հայաստանը փորձել է առանց որևէ հետին մտքի դրական ներգրավվածություն ունենալ, վրացական կողմը դրան վերաբերվել է խանդով, զգուշավորությամբ ու այդ ամենի ներքո լուրջ մարտահրավերներ տեսել, ինչն էլ ավելի գլոբալ կտրվածքով եղած անվստահության լոկալ արտահայտումն էր: Եվ նման անվստահության առկայության պարագայում ցանկացած «անմեղ» շարժ Հայաստանից վրացական իշխանությունների կողմից դիտարկվում էր որպես «բազմաքայլ կոմբինացիայի» առաջին քայլերից մեկը: Հետևաբար, սա կախված չէր բացառապես ՀՀ իշխանությունների ցանկությունից, այլ ավելի խորքային հարցերի էր առնչվում:

Միաժամանակ, շատ կարևոր է հասկանալ նաև Ջավախքում ապրող հայերի ընկալումներն ու մոտեցումները: Ի դեպ, եթե ավելի լայն կտրվածքով անդրադառնանք, խոսելով Վրաստանի հայ համայնքի մասին ընդհանրապես, ապա այստեղ էլ այդ ընկալումների և մոտեցումների որոշակի տարբերություն կտեսնենք. նույն ինտեգրման աստիճանը, օրինակ, Թբիլիսիի հայության մոտ էապես տարբերվում է նրանից, ինչ ունենք Ջավախքում: Ջավախահայությունը, Խորհրդային Միության գոյության ընթացքում իրեն շատ ավելի պաշտպանված ու ապահով է զգացել՝ լինելով մեծ պետության կազմում: ԽՍՀՄ փլուզումից հետո, պայմանավորված առավելապես հոգեբանական գործոնով, եղած խնդիրները բազմապատիկ ավելի ծանր էին ընկալվում: Իհարկե, այստեղ պակաս նշանակություն չուներ նոր ձևավորվող պետություններում ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքի մշակույթի բացակայությունը: Այս ամենի ներքո Ջավախքի հայերի մոտ ձևավորվում էր մոտեցում, որ իրենց պատրաստվում են «ձուլել», ինչն էապես մեծացնում էր պայքարելու ցանկությունը, օրինակ՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու համար, մեծացնում էր ձգտումը՝ ունենալու պաշտպանված իրավունքներ, ունենալու երաշխիքներ՝ ժողովրդագրական վիճակի հնարավոր արհեստական փոփոխությունների հետ կապված:

Ջավախքի ու ջավախահայության խնդիրները լուծելու ուղղությամբ Հայաստանն ու Վրաստանը չե՞ն փորձել նստել, անկեղծ ու իրական երկխոսությամբ հասկանալ իրար, հայեցակարգային ու ռազմավարական լուծումներ գտնել: Նման նախաձեռնություններ, օրակարգեր չե՞ն եղել:

Կարելի է ասել, լիարժեք զբաղվելու համար «ձեռքբերը չի հասել դրան»՝ ելնելով բազմաթիվ այլ խնդիրներից, ինչն էլ, իհարկե, արդարացում չէ: Իսկ նման ամբողջական և հետևողական աշխատանքի ու հայեցակարգային լուծումներ գտնելու պարագայում, վստահաբար, կշահեին բոլորը՝ և՛ ջավախահայությունը, և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ հայ, և՛ վրաց ժողովուրդները:

Իսկ կա՞ վրաց հասարակության մոտ Ջավախքի ընկալում՝ որպես դեստրուկտիվ պոտենցիալ ունեցող հատված, որպես հնարավոր սպառնալիք:

Ես չէի ցանկանա օգտագործել «դեստրուկտիվ» բառը, բայց եթե կուզեք անդրադառնալ հարցին՝ իրենք Ջավախքի հետ կապված անհանգստություններ ունեի՞ն, զգո՞ւմ էին, ապա այո՛, ունեին և զգում էին: Սա պայմանավորված էր օբյեկտիվ ու սուբյեկտիվ բաղկացուցիչներով: Երկիր, որ գտնվում էր մի իրավիճակում, երբ կենտրոնախույս լուրջ գործընթացներ էին Աբխազիայում, Հարավային Օսիայում, բավական բարդ իրավիճակներով էր անցել Աջարիան… Այս պարագայում դեպի փոքրամասնություններ ու համայնքներ, դեպի այդ փոքրամասնությունների հավաք բնակության օջախներ, բնականաբար, առաջանում են լուրջ մտավախություններ ու մտահոգություններ: Այստեղ, իհարկե, կա օբյեկտիվ բաղադրիչ:

Սրան գումարվում էր հաջորդ հանգամանքը. ԽՍՀՄ տարիներից Ջավախքում առկա էր ռուսական ռազմական հենակետ, և եթե հաշվի առնենք այն, որ վրացական իշխանությունների համար ռուսական գործոնն ընկալվում էր որպես սպառնալիք, վտանգներն իրենք Մոսկվայից էին տեսնում, իսկ այս պարագայում ռազմական հենակետը հենց Ջավախքում էր, ապա սա, վրացական կողմի ընկալմամբ, լրացուցիչ խթանում էր առկա մտահոգությունները: Բայց մի կարևոր հանգամանք էլ կա, որը չպիտի անտեսենք. պետություն-քաղաքացի, պետություն-հանրություն, պետություն-փոքրամասնություն հարաբերությունների մշակույթը ձևավորված չէր և չէր արտահայտում հասուն վիճակ: Ի դեպ, սա խնդիր է, որ չէր վերաբերում միայն Վրաստանին, սա վերաբերում էր հետխորհրդային բոլոր պետություններին: Արագ արձագանքի ու լուծումներ գտնելու մշակույթը չկար, ավելին՝ շատ դեպքերում շատ հարցեր ռադիկալացվում էին ավելին, քան պետք էր՝ իրենից բխող բոլոր խնդիրներով: Այս ամենի առկայությամբ Ջավախքի հետ կապված մտահոգություններ, իհարկե, չէին կարող չլինել:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց. մենք և հարևանները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...