Ժամանակակից կազմակերպություններում խմբային
աշխատանքի կազմակերպումը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում: Ավանդական
հիերարխիկ կառուցվածքից խառը գործառնական գործընթացների կառավարմանն անցում կատարելու
պայմաններում հենց աշխատանքային խումբն է ձեռք բերում առավել կարևոր նշանակություն՝
փոխարինելով կազմակերպությունների ավանդական ֆունկցիոնալ ստորաբաժանումներին՝ դառնալով
աշխատանքային գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային բաղադրիչ: Ակնհայտ է,
որ խմբային աշխատանքի արդյունավետ կազմակերպման դեպքում վերջինիս արդյունքը գերազանցում
է դրա առանձին անդամների արդյունքների հանրագումարը: Այլ կերպ ասած, արդյունավետ աշխատող
խումբը կազմակերպության համար ապահովում է սիներգետիկ արդյունք:
Թիմային աշխատանքը գործընթաց է, որի ընթացքում
թիմի անդամները, օգտագործելով իրենց անհատական գիտելիքները, փորձը և հմտությունները
թիմի մնացած անդամների հետ դինամիկ փոխգործակցության միջոցով ձգտում են հասնել կազմակերպության
առջև դրված նպատակներին: Ըստ Դրիսկելի և այլոց, թիմային աշխատանքն այն գործընթացն է,
որի միջոցով թիմի անդամները համագործակցում են առաջադրանքի նպատակներին հասնելու շուրջ:
Թիմային աշխատանքը վերաբերում է այն գործողություններին,
որոնց միջոցով դեպի թիմ մուտքերը վերածվում են թիմի արդյունքների, ինչպիսիք են թիմի
արդյունավետությունը և բավարարվածությունը:
Թիմերը, որպես կազմակերպությունների հիմնական
կառուցվածքային բաղադրիչներ, միտված են նպաստել վերջիններիս գործունեության արդյունավետության
բարձրացմանը: Բնականաբար, ոչ ճիշտ կազմակերպված և անարդյունավետ ղեկավարվող թիմերը
խոչընդոտում են կազմակերպության աշխատանքը և հետագա զարգացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ
է հստակ պատկերացում կազմել թիմերի ձևավորման և գործունեության առանձնահատկությունների
վերաբերյալ՝ դրանց առջև դրված նպատակներին առավել արդյունավետ կերպով հասնելու համար:
Կազմակերպության ստորաբաժանումները կառավարվող
աշխատանքային խմբերի և վերջապես արդյունավետ թիմերի վերածելու համար անհրաժեշտ է լուրջ
ջանքեր ներդնել, որոնք սակայն հետագայում լիովին կփոխհատուցվեն՝ կազմակերպության գործունեության
արդյունավետության բարձրացման և աշխատանքի որակի բարելավման միջոցով:
Հետազոտությունները վկայում են, որ թիմերը ձևավորվում
են այն ժամանակ, երբ մի քանի աշխատողների մոտ առաջանում է ընդհանուր նպատակ և վերջիններս
հասկանում են, որ իրենց անձնական հաջողությունը կախված է թիմի մյուս անդամների հաջողությունից:
Ընդ որում, թիմային աշխատանքի ընթացքում նրանք մնում են անկախ:
Մինչ թիմային աշխատանքի առանձնահատկությունների
ուսումնասիրությանն անդրադառնալը՝ նպատակահարմար է նախ դիտարկել խմբային վարքի հիմքերը:
Գոյություն ունեն 5 հիմնական բաղադրիչներ, որոնք բնութագրում են մարդկանց խմբային վարքագիծը.
խմբի չափը, խմբային նորմերը, խմբային համախմբվածությունը, խմբի անդամների ստանձնած
դերակատարումները, խմբի առաջնորդությունը:
Առհասարակ, պետք է նշել, որ խմբերի համար իդեալական
համարվող չափ գոյություն չունի, սակայն եթե վերջինիս անդամների թիվը գերազանցում է
10-ը, ապա զգալիորեն դժվարանում է դրա կառավարումը և գործողությունների կոորդինացումը:
Մյուս կողմից էլ, խմբի չափազանց փոքր չափն, իր հերթին, սահմանափակում է դրա անդամների
հնարավորությունները, քանի որ այս դեպքում նրանք պետք է կատարեն աշխատանքի հավելյալ
ծավալ, ինչը կնվազեցնի արտադրողականությունը և միաժամանակ բացասաբար կազդի վերջիններիս
շահադրդման վրա: Հետևաբար, որպեսզի խումբը հասնի իր առջև դրված նպատակներին՝ դրա չափը
պետք է համապատասխանի այդ նպատակներից բխող բոլոր խնդիրների ամբողջական լուծմանը:
Որպես կանոն, խմբերը սահմանում են իրենց անդամների
համար վարքագծի որոշակի ստանդարտներ կամ նորմեր: Աշխատանքային խմբերն իրենց անդամների
աշխատանքային և հասարակական վարքագծի նորմերը սահմանում են՝ խմբի առանցքային անդամների,
առաջնորդման ոճի, կազմակերպության առանձնահատկությունների և այլ գործոնների ազդեցությամբ:
Խմբի անդամի դերը տարբերվում է վերջինիս զբաղեցրած
պաշտոնից և գործունեության բովանդակությունից: Այն ներառում է կոնկրետ այն պարտականությունները,
որոնք տվյալ անդամը ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով իրականացնելու է խմբի կազմում: Միևնույն
ժամանակ, այն կապված է խմբի այլ անդամների պարտականություններից և բխում է խմբի ընդհանուր
նպատակների իրագործման անհրաժեշտությունից:
Յուրաքանչյուր խումբ ունենում է առաջնորդ, որը
կոորդինացնում է վերջինիս գործունեությունը և ուղղորդում դեպի ընդհանուր նպատակների
իրագործում: Խմբի առաջնորդն ընտրում է ղեկավարման ոճ, որը առավելապես կհամապատասխանի
խմբի անդամների մասնագիտական ընդունակություններին և անձնային որակներին:
Նյութի աղբյուրը՝ Կարեն Սարգսյան- «Մարդկային ռեսուրսների կառավարում»

Comments
Post a Comment