Զագրեբը
Խորվաթիայի ամենամեծ քաղաքն է, որտեղ բնակվում է մոտ 800.000 մարդ: Նրանց ճնշող մեծամասնությունը՝
90 տոկոսից ավել խորվաթներ են, կան նաև սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Զագրեբը
հիմնվել է 11-րդ դարում, իսկ քաղաքի կարգավիճակ է ստացել 1242 թվականին: Ենթադրվում
է, որ Զագրեբը հիմնադրել է հունգարացի թագավոր Լասլոն Առաջինը: 13-րդ դարում տեղանքը
ավիրում է մոնղոլ խան Բաթիյը: Քաղաքը սկսում է զարգանալ 17-րդ դարում: Այստեղ հիմնվում
է համալսարանական ակադեմիա, սկսում է զարգանալ մշակույթը: 19-րդ դարի վերջին՝ 1860
թվականին, այստեղ անցկացվում է երկաթգիծ: 1941 թվականի ապրիլի 10-ին ստեղծվում է խորվաթական
անկախ պետությունը, որի մայրաքաղաքը դառնում է Զագրեբը: Այնուհետև Խորվաթիան ընդգրկվում
է Հարավսլավիայի կազմում: 1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայում հռչակում են երկրի
անկախությունը: Այնուհետև Հարավսլավիայի հետ պատերազմն է, որից հետո Խորվաթիան դառնում
է անկախ պետություն, իսկ Զագրեբը՝ Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաքը: Այստեղ գործում
են Զագրեբի և կաթոլիկ համալսարանները, բազմաթիվ թատրոններ, թանգարաններ և պատկերասրահներ:
Մայրաքաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է խրամատ և կապված է այն բանի հետ, որ
բնակավայրի հիմնադրման ժամանակ տեղացիները պատերազմում էին և անընդհատ խրամատներ փորում:
Զագրեբը
գողտրիկ և եվրոպական քաղաք է՝ միջնադարյան և ժամանակակից ճարտարապետական լուծումներով:
Եթե համեմատենք Եվրոպայի այլ քաղաքների հետ, Զագրեբում ամեն ինչ բավականին էժան է:
Չնայած նրան, որ Զագրեբը մայրաքաղաք է, այստեղ բավականին քիչ են բարձրահարկ շենքերը:
Երևի զագրեբցիները չեն ուզում փոխել դարերով ձևավորված քաղաքի պատկերը: Գրեթե ամբողջ
քաղաքում կան բազմաթիվ կետեր, որտեղ կա անվճար wi fi, ինչն իհարկե, ուրախացնում է տուրիստներին:
Ի դեպ, երթևեկության տեսանկյունից Զագրեբն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է: Մի քանի
տասնյակ տարիների ընթացքում այստեղ համարյա չեն գրանցվել դեպքեր, երբ քաղաքային տրանսպորտը
վնաս է պատճառել հետիոտներին: Խորվաթիայի տիրակալներին անվանում էին վաներ: Բան Իոսիֆ
Ելաչիչի անունը կրող հրապարակի կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձանը: Այստեղ է գտնվում
նաև շատրվանը, որը պատված է շղթաներով: Այս հրապարակը համարվում է Զագրեբի սիրտը, և
այստեղ են բերում քաղաքի բոլոր ճանապարհները: Հրապարակը դուր է գալիս ոչ միայն մարդկանց,
այլև աղավնիներին, որոնք այստեղ բազմաթիվ են: Զագրեբի ամենամեծ հրապարակը կրում է Տոմիսլավ
թագավորի անունը: Այստեղ տեղադրված է նրա ձի-արձանը:
Խոսելով
հայտնի խորվաթների մասին, առաջին հերթին պետք է նշել ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոյին,
որը կարող է համարվել խորվաթ, քանի որ ծնունդով այս վայրերից էր: Աշխարհահռչակ գիտնական
Նիկոլա Տեսլան նույնպես ծնվել է Խորվաթիայի տարածքում, որն այն ժամանակ մտնում էր Ավստրո-Հունգարիայի
կազմում: Աշխարհում ամենահայտնի խորվաթները ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչն է, և Խորվաթիայի
նախկին ղեկավար Կոլինդա Գրաբար Կիտարովիչը:
Զագրեբի
ճանաչված խորհրդանիշերից է Սուրբ Ստեֆանի մայր տաճարը, որը հանդիսանում է ամբողջ Խորվաթիայի
պաշտամունքային գլխավոր վայրը: Այստեղ առաջին եկեղեցին կառուցվել է դեռևս 9-րդ դարում:
Այն բազմաթիվ անգամներ վերանորոգման է ենթարկվել, և վերջում ստացել այս տեսքը: Տաճարը
մեծապես վնասվել է 1880 թվականի երկրաշարժի հետևանքով: Այն հիմնովին վերականգնվել է
միայն 1906 թվականին, սակայն այսօր էլ այստեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում:
Տաճարը պարսպապատվել է 16-րդ դարում՝ թուրքերից պաշտպանվելու համար: Մարիամ Աստվածածնի
ոսկեզօծ քանդակով սյունը զարդարում է տաճարի հրապարակը՝ Կապիտոլիումը: Արձանը մշտապես
հսկվում է պատվո պահակախմբի կողմից:
Դոլացը
խորվաթական մայրաքաղաքի գլխավոր բացօթյա շուկան է: Շուկայի խորհրդանիշը կենտրոնում
կանգնեցված բրոնզե քանդակն է: Այն ներկայացնում է սովորական խորվաթ կնոջ, որն իր գլխին
մթերային զամբյուղ է տանում:
Քաղաքը
հագեցած է կանաչ տարածքներով, զբոսայգիներով, գեղեցիկ շատրվաններով: Զագրեբն առհասարակ
հարուստ է արձաններով ու քանդակներով, որոնք հիմնականում ներկայացնում են հանրահայտ
խորվաթներին, մասնավորապես նրանց, ում շնորհիվ փառաբանվել են Խորվաթիան և Զագրեբը:
Քաղաքային հրապարակներից մեկը կրում է ավստրո-հունգարական բանակի գեներալ, բանաստեղծ
Պետար Պրերադովիչի անունը: Կենտրոնում նրա արձանն է, որը տեղադրվել է 1954 թվականին:
Զագրեբում կա նաև հանրահայտ գիտնական և գյուտարար Նիկոլա Տեսլայի հուշարձանը, որը տեղադրվել
է նրա ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: Այն գտնվում է Տեսլայի անունը կրող փողոցի
վրա:
Զագրեբի հերթական խորհրդանիշերից է սուրբ Մարկոյի եկեղեցին, որը գտնվում է նույնանուն հրապարակում: Այն առանձնահատուկ է կղմինդրե իր տանիքով, որի վրա պատկերված են Խորվաթիայի և Զագրեբի զինանշանները: Սրբատեղին նաև քաղաքի այցեքարտն է: Սուրբ Մարկոյի հրապարակում է գտնվում արքայական դատարանի պատմական շենքը:

Comments
Post a Comment