Կահիրեն
տեղակայված է Նեղոս գետի ափերին: Մի կողմում հին Կահիրեն է, որը դարերի ընթացքում կառուցապատվել
է անկանոն կերպով, ինչի հետևանքով այստեղ ձևավորվել են նեղլիկ փողոցներ և գերբնակեցված
տներ: Այստեղ են գտնվում նաև տարբեր ժամանակներում կառուցված մի քանի տասնյակ մզկիթները:
Մյուս ափին ժամանակակից Կահիրեն է, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը և ժամանակակից
շինություններ: Կահիրեի բնակչությունը կտրուկ աճել է վերջին տասնամյակների ընթացքում:
Այսօր քաղաքում ապրում է 2 անգամ ավելի շատ մարդ, քան 1960 թվականին: Պատճառներից մեկը
բարձր ծնելիությունն է, մյուսը՝ մոտակա բնակավայրերից այստեղ տեղափոխված մարդկանց մեծ
թվաքանակը: Տարիների ընթացքում Կահիրեի մոտակայքում ձևավորվել են մի քանի փոքր բնակավայրեր:
Եգիպտական հազարամյա քաղաքակրթությանը ծանոթանալու համար կարող եք գալ Air Cairo ավիաընկերության
միջոցով:
Ձևավորման
առաջին իսկ տարիներին քաղաքը դարձավ առևտրային կարևոր կենտրոն, իսկ պատճառը բարենպաստ
աշխարհագրական դիրքն էր Հարավային Եվրոպայի և Աֆրիկայի արանքում: Այսօր էլ Կահիրեն
Մերձավոր Արևելքի առաջնային նշանակության քաղաքներից է: Կահիրեում ստեղծվել է նաև ժամանակակից
տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի կենտրոն՝ ամերիկյան սիլիկոնյան հովտի նմանությամբ:
Նեղոս
գետը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն Կահիրեի, այլ առհասարակ Եգիպտոսի կյանքում:
Լեգենդար գետի երկարությունն անցնում է 6500 կիլոմետրից, իսկ ջրերն օգտագործվում են
ոռոգման, էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնորսության և այլ նպատակներով: Երկրի բնակչության
90 տոկոսն ապրում է գետի մոտակայքում: Նեղոսի ափերին են տեղակայված եգիպտական բոլոր
մեծ բնակավայրերը: Նեղոսը Հյուսիսային Աֆրիկայի միակ գետն է, որի ջրերն անցնում են
Սահարա անապատով և հասնում Միջերկրական ծով: Գետը հանդիսանում է պաշտամունքի առարկա
Եգիպտոսի բնակչության համար: Զբոսաշրջիկների համար կազմակերպվում են ջրային զբոսանքներ:
Զարգացող ջրային տրանսպորտը մեծ նշանակություն ունի Եգիպտոսի կյանքում, քանի որ ապահովում
է մարդկանց և բեռների արագ ու մատչելի փոխադրում գետի ափերին գտնվող մեծ ու փոքր բնակավայրերի
միջև: Կահիրեում ժամանակակից հյուրանոցները տեղակայված են հիմնականում Նեղոսի ափին:
Այստեղ են նաև էլիտար բնակարանները և խոշոր ընկերությունների գրասենյակները:
Եգիպտոսի
այցեքարտն ու գլխավոր տեսարժան վայրն աշխարհահռչակ բուրգերն են, որոնք գտնվում են Կահիրեի
արվարձան Գիզայում և տեսանելի են քաղաքից: Կահիրեն
այնքան
է ընդարձակվել, որ հասել է այստեղ, և որոշ տներ կառուցում են արդեն անմիջապես բուրգերի
հարևանությամբ: Սա իսկական դրախտ է հնագույն պատմության սիրահարների համար, քանի որ
տարածքում կարելի է ուսումնասիրել ոչ միայն բուրգերի, այլև բազմաթիվ փոքր դամբարաններ,
քանդակներ և ժայռափոր գերեզմաններ:
Եգիպտոսում
հայ համայնքի կյանքն աշխուժացել է 18-րդ դարի կեսից, երբ այստեղ քաղաքները վերածվել
են միջազգային առևտրային կենտրոնների, որտեղ եվրոպացի վաճառականներն օգտվում էին մեծ
թվով հայ, հույն, սիրիացի առևտրականների միջնորդական ծառայություններից:
Ալեքսանդրիան
երկրի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. 332 թվականին
հիմնված բնակավայրը ժամանակին հելլենիստական շրջանի Եգիպտոսի մայրաքաղաքն էր: Հին Ալեքսանդրիան
հայտնի էր բազմաթիվ կառույցներով, որոնցից են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը համարվող
փարոսը, որը չի պահպանվել, և գրադարանը, որը վերստեղծվել է մեր օրերում: Ալեքսանդրիայի
գրադարանն աշխարհի մեծ և հարուստ գրապահոցներից էր, որտեղ ծաղկման շրջանում կար մոտ
400 հազար ձեռագիր: Անուշադրության մատնվելու, հրդեհվելու և 7-րդ դարում արաբական արշավանքների
արդյունքում գրադարանը դադարեց գոյություն ունենալուց: Եգիպտոսի կառավարությունը 4
հեկտար տարածք տրամադրեց նոր գրադարանի կառուցման համար: Նախագիծը կյանքի կոչվեց, երբ
2002 թվականին բացվեց Ալեքսանդրինա կոչվող գրադարանը, որն այսօր գործում է որպես գրապահոց
և մշակութային կենտրոն: Սա աշխարհի ամենախոշոր գրադարաններից մեկն է, որտեղ հասանելի
է ավելի քան կես միլիոն կտոր գրականություն: Գրադարանի պատին փորագրված են հին աշխարհում
հայտնի բոլոր լեզուների այբուբենները, այդ թվում նաև հայոց այբուբենի տառերը:
Ալեքսանդրիայի
վերածնունդը սկսվեց 19-րդ դարում: 1820 թվականին քաղաքը կապվեց Նեղոս գետի հետ, վերականգնվեցին
առևտրային կապերը, իսկ Եգիպտոսի ղեկավար Մուհամեդ Ալի փաշան այստեղ տեղափոխեց իր նստավայրը:
Ալեքսանդրիայում պահպանված պատմամշակութային ժառանգությունը այնքան մեծ է, որ մինչ
այժմ իրականացվում են պեղումներ և հայտնաբերվում են գտածոներ: Ալեքսանդրիան երկրի արդյունաբերական
և առևտրային կարևոր կենտրոններից է: Այստեղ է գտնվում նավահանգիստը, որն ապահովում
է երկրի արտաքին առևտրի մեծ մասը:
1854
թվականին քաղաքը միացվել էր Կահիրեին երկաթգծով, որն առաջինն էր աֆրիկյան ամբողջ մայրցամաքում:
Այսօր Ալեքսանդրիայի կյանքում մեծ դեր է խաղում նաև տուրիզմը՝ շնորհիվ մշակութային
հարուստ ժառանգության և ավելի քան 30 կիլոմետր ձգվող լողափի: Այստեղից բացվում են գեղեցիկ
տեսարաններ ծովի և քաղաքի վրա: Հենց այստեղ են գալիս հանգստանալու Եգիպտոսի տարբեր
քաղաքներում ապրող մարդիկ: Ալեքսանդրիան տարբերվում է երկրի մյուս բնակավայրերից մաքրությամբ,
տուրիստների մեծ հոսքերով, զարգացած ենթակառուցվածքներով, խոհանոցով և քաղաքակիրթ առևտրի
պայմաններով: Այստեղ պահպանվել են քաղաքի հին շինությունների մնացորդներ: Այստեղ լավ
են հասկանում հին շինությունների արժեքը, և քաղաքն ամեն տարի միլիոնավոր դոլարների
եկամուտ է ստանում այն տուրիստներից, ովքեր գալիս են տեսնելու այն, ինչ մնացել է երբեմնի
և մեծ հռչակավոր քաղաքից: Հայերի հոսքը դեպի Ալեքսանդրիա մեծացավ 18-րդ դարի կեսին:
Այսօր Ալեքսանդրիայում ապրում է մոտ 2000 հայ, ովքեր հիմնականում Եգիպտոսում ծնված
և քաղաքացիություն ունեցող հայեր են:
Սուրբ
Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցումը տևել է 2 տարի և ավարտվել 1884 թվականին: Սուրբ Պողոս-Պետրոս
եկեղեցին գործող սրբավայր է, որտեղ պարբերաբար կազմակերպվում են արարողություններ,
նշվում են եկեղեցական և պետական տոներ:
Պողոսյան
ազգային վարժարանը բացվել է 1840 թվականին, և սկզբնական շրջանում կոչվում էր Արամյան,
իսկ 1899 թվականից՝ Պողոսյան: Առաջնորդարանի տարածքում է գտնվում հայոց ցեղասպանության
զոհերի հուշարձանը: Այստեղ է նաև Նուբար փաշայի տապանաքարը և դամբարանը:
Ալեքսանդրիայի
հայկական երկրորդ եկեղեցին՝ սուրբ Գևորգը, գտնվում է տեղի հայկական գերեզմանատան տարածքում:
Սրբավայրը կառուցվել է 1927 թվականին: Ազգային գերեզմանատունը գտնվում է Միջերկրականի
ծովեզրյա շրջանում:
Կահիրեում
պահպանվել է հայկական 2 գերեզմանատուն: Դրանցից մեկը ձևավորվել է ամենայն սրբոց եկեղեցու
շուրջ: Գերեզմանատունը պաշտոնապես հիմնադրվել է 1953 թվականին: Այստեղ իրենց վերջին
հանգիստն են գտել եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամներ, մտավորականներ, քանդակագործներ,
նկարիչներ, հոգևորականներ: Նրանց թվում է բանաստեղծ և ուսուցիչ Վահան Թեքեյանը:
Հայկական
երկրորդ գերեզմանատունը գտնվում է հին Կահիրեի տարածքում: Այստեղ է նաև սուրբ Մինաս
մատուռը:
Կահիրեի
հայկական հեղինակավոր կրթական հաստատություններից է Գալուստյան ազգային վարժարանը:
Այն հիմնադրվել է 1828 թվականին: 1854 թվականին կրթօջախը տեղափոխվեց նոր շենք, և կոչվեց
Խորենյան՝ Մովսես Խորենացու անունով: 1897 թվականին վերանվանվել է Գալուստյան ազգային
վարժարան:
Կահիրեում
գործում է Սրբուհի Թերեզա հայ կաթոլիկ եկեղեցին: Կահիրեի հայ կաթոլիկ համայնքը ձևավորվել
է 19-րդ դարի կեսին: Հայ կաթողիկե եկեղեցին ենթարկվում է Հռոմի պապի առաջնորդությանը:
Հայ կաթոլիկ եկեղեցի հիմնելու գաղափարն առաջացել է 12-րդ դարի վերջին Կիլիկյան Հայաստանի
տարածքով դեպի սուրբ երկիր ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի
հաստատումից: Որպես ինքնավար կրոնական հաստատություն հայ կաթողիկե եկեղեցին սկսել է
գործել 1742 թվականից, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս 14-րդը Աբրահամ Պետրոս Արծիվյանին
նշանակեց Կիլիկյան Հայաստանի պատրիարք, որը դարձավ հայ կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքը:
Սրբավայրի բակը զարդարում է սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակները: Հուշարձանախումբն
ամբողջացնում է հայերեն առաջին նախադասությունը: Այստեղ տեղադրված է նաև սուրբ Թերեզայի
քանդակը:
Կահիրեում ՀՀ դեսպանության շենքը հետաքրքիր պատմություն ունի: Այն համարվում է Եգիպտոսի գեղեցիկ շինություններից մեկը, իսկ մյուս դեսպանությունների մեջ՝ թերևս ամենագեղեցիկը: Շենքը կառուցվել է 1927 թվականին՝ Ջանիկ և Սաթենիկ Չակր ընտանիքի պատվերով: Հետագայում շենքը նվիրաբերվել է ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղին, որն իր հերթին 1995 թվականին շենքը տրամադրել է ՀՀ դեսպանությանը: Եգիպտոսը առաջին արաբական երկիրն էր, որտեղ Հայաստանը ունեցավ իր դեսպանությունը: Իրական Եգիպտոսը կարելի է ճանաչել միայն հնավայրեր այցելելով:

Comments
Post a Comment