Նոր
պաշտոնում առաջին ամիսները ոչ թե բարդ էին, այլ իսկապես մղձավանջային: Դրանք ինձ ստիպեցին
հիշել այն ժամանակահատվածը, երբ նոր էի նշանակվել Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի
նախագահ. այն ժամանակ նույնպես առաջին ամիսներն արտակարգ ծանր էին: Այստեղ, իհարկե,
դժվարություններն այլ բնույթի էին, բայց ծանրաբեռնվածության ու վիճակիս առումով իրավիճակը
շատ նման էր: Ինձնից դարձյալ հրաշք էին սպասում, ու հերթական անգամ ինձ համար նոր գործ
էի սկսում՝ հընթացս ուսումնասիրելով, այն էլ՝ անծանոթ միջավայրում:
Հասարակությունը
կարծես թե լավ ընդունեց իմ նշանակումը: Բոլորի հետ հավասար հարաբերություններ էի պահում.
թե՛ նրանց, ովքեր հաշտ էին իշխանությունների հետ, թե՛ նրանց, ովքեր համերաշխ չէին:
Չփոխեցի կառավարությունը. նախ ուզում էի մոտիկից ճանաչել մարդկանց ու հասկանալ, թե
նրանցից ով է լավ աշխատում և ում պետք է հրաժեշտ տալ: Բայց անմիջապես զգուշացրի բոլորին,
որ արտոնություններ չեն լինելու, և որ ինձ համար կարևոր են նրանց մասնագիտական որակները,
ոչ թե անձնական համակրանքը կամ հակակրանքը:
Բացի
Վազգենից ու Սերժից՝ կառավարությունում հազիվ մի հոգու էի լավ ճանաչում, օրինակ՝ տրանսպորտի
նախարար Հենրիկ Քոչինյանին, որը հաճախ այցելում էր Ղարաբաղ, երբ մենք վերականգնում
էինք կամուրջներն ու ճանապարհներ էինք կառուցում: Սակայն մեծ մասի հետ, որոնց մասնագիտական
ոլորտը գրեթե չէր խաչվել Ղարաբաղում իմ գործունեությանը, համարյա ծանոթ չէի: Անմիջապես
նկատեցի, որ շատերն ինձ զգուշավոր են վերաբերվում, շատ կոշտ ու նույնիսկ չափից դուրս
կոշտ մարդու համբավ ունեի: Դա ինչ-որ չափով ճշմարտություն էր: Բայց հենց խիստ ու չափազանց
պահանջկոտ ղեկավարի հեղինակությունը աշխատեց իմ օգտին. այն մի տեսակ անմիջապես հավաքեց
բոլորին ու կարգապահություն հաստատեց: Այնպես որ, ստիպված չեղա ինքնահաստատվել նոր
աշխատավայրում:
Ամենատհաճը
թիմային ոգու իսպառ բացակայությունն էր կառավարությունում. ավելին՝ ինձ հետ հանդիպումների
ժամանակ նախարարները բաց չէին թողնում իրենց գործընկերներին սևացնելու հնարավորությունը:
Անմիջապես հասկացրի, որ չեմ ողջունում բանսարկությունը և կանխելու եմ ցանկացած նման
փորձ: Մեկ շաբաթից ընթրիքի հրավիրեցի կառավարության անդամներին և բոլոր նախարարներին
պարտավորեցրի ամեն ամիս հերթով այսպիսի ոչ պաշտոնական հանդիպումներ կազմակերպել սեղանի
շուրջ:
Իմ
նշանակումից շատ չանցած՝ զգացի, որ կառավարությունում տրամադրությունը փոխվել է: Անհետացել
էր համընդհանուր անկազմակերպվածությունը, որ զգացողություն էր ծնում, թե «մեկ է՝ ոչինչ
չի հաջողվի, այսպես թե այնպես՝ կործանվում ենք»: Իմ վստահությունն ու աշխատանքի հստակ
սահմանված արագությունն էլեկտրականացնում էր ամբողջ գործադիր իշխանությունը, կարծես
էլեկտրական ազդակ էր անցել ու կարգաբերել էլեկտրոնների բրոունյան շարժումը՝ դրանք մղելով
մեկ ուղղության. մեքենան գործարկվել էր: Հիմա պետք էր մեքենան կենտրոնացնել ամենակենսական
խնդիրների լուծման վրա: Իսկ դրա համար հենց ինձնից էր պահանջվում նախ դրանք առանձնացնել
ու դասավորել ըստ առաջնահերթության: Թվում է՝ բարդ բան չէ: Բայց 1997 թվականի գարնանը
տնտեսությունն այնպիսի բարձիթողի վիճակում էր, որ կարևոր ու առաջնահերթ էր թվում բացարձակապես
ամեն ինչ:
Առաջին
հերթին պետք էր կարգավորել գործադիր իշխանության ամբողջ ուղղաձիգի արդյունավետ կառավարումը,
ստեղծել աշխատող գործիք, որն ի զորու է իրագործել մեր ծրագրերը տնտեսության ոլորտում:
Վատ կատարումը կարող է թաղել լավագույն գաղափարներն ու ծրագրերը: Սկսեցի հստակ նպատակադրումներից՝
կատարողական կարգապահություն հաստատելուց ու թիմային աշխատանքի կարգավորումից. դրանք
շատ պարզ, բայց գործուն քայլեր էին: Հասկանում էի, որ սկզբնական շրջանում ստիպված եմ
լինելու զբաղվել միկրոմենեջմենթով՝ մի բան, որ երբեք չեմ սիրել: Բայց ընտրության հնարավորություն
չկար: Պարզորոշ գիտակցում էի, որ եթե շոշափելի արդյունքներ չգրանցեմ թեկուզ առաջին
6 ամիսների ընթացքում, կկորցնեմ վստահության պաշարը, իսկ դրա հետ նաև՝ ապագայում ռազմավարական
խնդիրներով զբաղվելու հնարավորությունը:
Երկրի
բյուջեն դատարկ էր: Ամենակենսական խնդիրն աշխատավարձերի ու կենսաթոշակների՝ մի քանի
ամիս, իսկ երբեմն նաև՝ մինչև 1 տարի ուշացումներն էին: Նշանակում է՝ առաջին հերթին
պետք է լուծել հենց այս խնդիրը: Փող չկա: Հետևաբար, պետք է սկսել հարկերը հավաքելուց.
հասկանալ, թե դա ինչպես պիտի արվի, որտեղից, ու… սկսվե՛ց: Այդ ոլորտում կատարյալ խառնաշփոթ
էր: Պաշտոնապես կարծես ոչ ոք ազատված չէր հարկերից, բայց կուսակցական, կլանային կամ
բարեկամական կապեր ունեցողները կա՛մ թաքցնում էին եկամուտները, կա՛մ պարզապես ոչինչ
չէին վճարում, իսկ հարկային ծառայությունները վախենում էին մոտ գնալ նրանց: Ավելին՝
պարզվեց, որ այդ մարդիկ ոչ միայն խուսափում են հարկերից, այլև նույնիսկ չեն վճարում
էլեկտրականության, գազի ու կոմունալ ծառայությունների դիմաց: Հավանաբար, պաշտոններն
ու բարեկամական կապերն ընկալում էին որպես բնական արտոնություն՝ համարելով, որ ընդհանուր
կանոններն իրենց համար չեն: Պարզվեց՝ դժվար չէ կոտրել այդ իրավիճակն ու բոլորին ստիպել,
որ վճարեն. շատերն իրենք էին շտապում մաքրել իրենց գործերը, որ նոր վարչապետի աչքից
չընկնեն:
Արդեն
այդ տարվա օգոստոսին, միայն կազմակերպչական լուծումների ու կատարողական կարգապահության
բարձրացման շնորհիվ, հաջողվեց մարել թոշակների ու աշխատավարձերի բոլոր պարտքերը, իսկ
հարկային ծանրաբեռնվածությունը նախկինն էր:
Ընդամենը
300 միլիոն դոլար սուղ բյուջեի պայմաններում ամեն դոլարը թանկ էր: Հիշում եմ՝ ինչպես
էր ինձ ապշեցրել կառավարության երաշխիքով կոմերցիոն վարկային ռեսուրսների չմտածված
ներգրավումը կասկածելի կամ անբավարար հաշվարկված նախագծերում: Մի շարք այդպիսի նախագծեր,
այդ թվում և երեքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, սառեցրինք, իսկ
այլ վարկային գծերով միջոցների հափշտակման մեղադրանքով քրեական գործեր հարուցվեցին:
Ինձ
համար հաջորդ բարդ որոշումը վաուչերային սեփականաշնորհումից հրաժարվելն էր. դրանից
գրեթե ոչինչ չէր վճարվում բյուջե: Բուն սեփականաշնորհման գաղափարի հիմքում, կարծես
թե, արդար նպատակ է՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին հավասար հնարավորություններ տալ՝
դառնալու սեփականաշնորհվող օբյեկտների սեփականատերեր: Սակայն գործնականում լավ մտադրությունները
կործանարար հետևանք էին ունեցել տնտեսության համար: Ծանրագույն սոցիալական վիճակը երկրում
հանգեցրել էր նրան, որ մարդիկ անմիջապես և անվանական գնից մի քանի անգամ էժան վաճառում
էին իրենց վաուչերները, որ գոնե ինչ-որ գումար ստանան: Դրանք գնում էին ձեռնարկությունների
տնօրենները, պաշտոնյաները, նախկին ցեխավիկները, ՀՀՇ-ի ակտիվիստները, մի խոսքով՝ նրանք,
ովքեր միջոցներ ունեին, այսինքն՝ օգտվում էին պետական կերակրատաշտից: Այսպիսով, ձեռնարկությունների
զգալի մասը չնչին գնով դարձավ մարդկանց փոքր խմբի սեփականություն, իսկ ժողովրդական
կապիտալիզմի գաղափարը կատարյալ ֆիասկո ապրեց:
Էներգետիկ
ճգնաժամը և արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը եզրափակեցին
ՍՍՀՄ-ից ժառանգած արդյունաբերական ներուժի զգալի մասի ոչնչացումը: Նոր սեփականատերերը,
հեռանկարներ չտեսնելով, հաճախ ուղղակի կազմաքանդում էին իրենց ձեռնարկությունները՝
հաստոցներն ու սարքավորումները վաճառելով Հայաստանի սահմաններից դուրս: Սեփականաշնորհման
գործընթացն այնքան վարկաբեկված էր, որ մենք Merrill Lynch ընկերությունը ներգրավեցինք
որոշ ձեռնարկությունների և հյուրանոցների վաճառքի համար միջազգային տենդերի կազմակերպման
գործում: Այդպես հաջողվեց վաճառել Երևանի կոնյակի գործարանը, «Արմենիա» և «Անի» հյուրանոցները,
«Արմենթել» հեռահաղորդակցության ընկերության պետական մասնաբաժինը, ընդ որում՝ բոլոր
գնորդները պարտավորություն էին կրում ձեռք բերվող ակտիվների զարգացման համար: Այսպիսի
սեփականաշնորհումն ի վերջո սկսեց իրական գումարներ բերել, որոնց խիստ կարիքը կառավարությունը
զգում էր. երկրի ենթակառուցվածքային համակարգը փլուզվում էր բառի լիակատար իմաստով:
Ամենաբարդ
լուծումներից մեկը անցումն էր հասցեական սոցիալական քաղաքականության. հրաժարում բոլոր
սոցիալական սուբսիդիաներից՝ հօգուտ կոնկրետ կարիքավորներին տրամադրվող օգնության: Մենք
ԱՊՀ-ում առաջինը իրականացրինք սոցիալական քաղաքականության դրամայնացում, ներդրեցինք
ընտանեկան նպաստը, որի համար հարկ եղավ մշակել կարիքավոր ընտանիքների սահմանման մեթոդաբանություն
և կարգավորել նրանց հաշվառումը: Խորհրդարանն աջակցեց որոշմանը, ու մենք սկսեցինք արագ
կյանքի կոչել:
Պետք
է ասել, որ այն ամենը, ինչի շուրջ ի սկզբանե պայմանավորվել էինք խորհրդարանի նախագահի
հետ, նա ամբողջությամբ կատարեց, և ես խորհրդարանական աջակցության հետ կապված խնդիրներ
չունեցա: Ճիշտ է, ամենասկզբում փոքր ընդհարում եղավ: Նոր վարչապետը պետք է խորհրդարանին
ներկայացնի կառավարության ծրագիր: Իսկ ի՞նչ ծրագիր կարող էի ներկայացնել: Չէ՞ որ դեռ
նոր էի ստանձնել կառավարության ղեկավարությունն ու դեռ քիչ բան գիտեի Հայաստանի տնտեսության
մասին: Ոչ մի ծրագիր չունեի: Բնականաբար, հրաժարվեցի՝ պնդելով, որ փոխվել է միայն վարչապետը,
ոչ թե կառավարությունն ամբողջությամբ: Սահմանադրության տվյալ կետը հստակ ձևակերպված
չէր, և իսկապես տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն էր տալիս, ահա ես էլ
պնդում էի, որ պարտավոր չեմ դա անել: Ի վերջո, երկարատև վեճերից հետո այդպես էլ չգնացի
խորհրդարան:
Ընդհանրապես,
ոչ ստանդարտ հարաբերություններ կառուցեցի խորհրդարանի հետ: Երբեք վեճի չէի բռնվում
պատգամավորների հետ, չէի բարձրանում խորհրդարանի ամբիոն: Դա անսովոր էր թվում. նախկինում
պատգամավորները միշտ իրենց հարցերն անմիջաբար ուղղում էին վարչապետին, ու վարչապետը
պատասխանում էր: Իսկ ես փոխեցի մոտեցումը. ցանկացած հարց գլխի շարժումով վերահասցեագրում
էի այն նախարարին, որը պատասխանատու էր հարցին վերաբերող ոլորտի համար, և նա արդեն
հանդես էր գալիս պարզաբանումներով: Հասկանում էի, որ խորհրդարանում շատերին դա դուր
չի գալիս, բայց հարկ էի համարում մեծացնել վարչապետի ու պատգամավորների միջև տարածությունը:
Նրանք 130 են, իսկ ես՝ մեկը, և չէի ցանկանում, որ նրանցից յուրաքանչյուրը կարողանա
ինձ ամբիոն բարձրացնել: Նախ՝ առանձնապես խոսքասեր չեմ, և երկրորդ, դա վատ կանդրադառնար
իմ հեղինակության վրա: Եթե այսօր պատգամավորն իրեն իրավունք է վերապահում ինձ հետ ճակատ
տալ խորհրդարանում, ապա վաղը կհամարի, որ կարող է ինձնից անձնական արտոնություններ
պահանջել:
Երկրի
էներգետիկան իմ ամենօրյա հոգսն էր: Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումից
հետո Հայաստանն աստիճանաբար դուրս էր գալիս էներգետիկ ճգնաժամից, բայց էներգետիկ ոլորտի
ֆինանսական վիճակն օրեցօր վատթարանում էր: Գազի և էլեկտրականության վճարների հավաքագրումը
դեռ այնքան ցածր էր, որ գազի մատակարարներին վճարվելիք պարտքն աչքի առաջ աճում էր:
Տնտեսությունը խրված էր տնտեսվարող սուբյեկտների միջև չվճարված պարտքերի մեջ: Գազ ու
էլեկտրականություն էին գողանում բոլորը, ովքեր դրա թեկուզ փոքրիկ հնարավորությունն
ունեին: Ամեն ամսվա վերջին օրերին վարչապետը ստիպված էր լինում անձամբ վերահսկել ծախսված
գազի գումարների հավաքագրումը և պայմանավորվել մատակարարների հետ, որ գազը չանջատվի.
աննորմալ, ճնշող և հոգնեցուցիչ իրավիճակ: Այս արատավոր փակ շղթայում կարճատև դադար,
ընդմիջոմ էր պետք, ինչը թույլ կտար կարգի բերել երկրի էներգետիկան: «Գազպրոմին» և «Իտերա»
ընկերությանն առաջարկեցինք Հայաստանի գազատրանսպորտային ցանցի հիման վրա ստեղծել համատեղ
ձեռնարկություն, որտեղ «Գազպրոմն» ու «Իտերան» իրենց մասնաբաժինը վճարում են գազի մատակարարումներով:
Հիշում եմ հանդիպումն ու բարդ բանակցությունները «Գազպրոմի» ղեկավար Ռեմ Վյախիրևի հետ
Երևանում: Մենք անմիջապես ընդհանուր լեզու գտանք, և արդյունքում հաջողվեց պայմանավորվածության
գալ: Այդ պայմանավորվածություններից էլ սկսվեց էներգետիկ ոլորտի առողջացման ոչ հեշտ
գործընթացը:
Ստիպված
էի միաժամանակ լուծել ահռելի քանակով ամենատարբեր խնդիրներ: Հընթացս ուսումնասիրում
էի Հայաստանը, մեկնում մարզեր՝ պարզելով, թե որտեղ և ինչ կարելի է անել երկրի տնտեսության
զարգացման համար: Զուգահեռ՝ հետևում էի կառավարության անդամներին՝ փորձելով հասկանալ,
թե ով ինչի է ընդունակ:
Հիշում
եմ՝ ինչպես էի ցնցվել Գյումրիում, Սպիտակում ու Վանաձորում տիրող վիճակից: Ապշած էի
մարդկանց չարացածությունից և այնտեղ տիրող ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի
հանդեպ իշխանությունների լիակատար քամահրանքից: Չէի կարող ենթադրել, որ երկրաշարժից
9 տարի անց դեռ կտեսնեմ քանդված քաղաքներ: Առաջինը Գյումրի կատարած այցս էր, որտեղ
ինձ զարմանալիորեն լավ ընդունեցին, բայց մեկնեցի ծանր զգացողությամբ: Երևանի ճանապարհին՝
մեքենայի մեջ, որոշեցի, որ աղետի գոտու վերականգնումն ինձ համար պատվի հարց կլինի:
Ի
լրումն բոլոր դժվարությունների, ինչպես և կանխատեսում էի, ինձ շատ էր խանգարում հայոց
լեզվի վատ իմացությունը: Հսկայական քանակով ամենատարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը
ահռելի ժամանակ էր խլում. ես դեռ շատ դանդաղ էի կարդում հայերեն: Ընդ որում՝ այն մարդկանցից
եմ, որոնք տեղեկատվությունն ավելի լավ ընկալում են ընթերցելու միջոցով՝ աչքերով. այդպես
է եղել թե՛ դպրոցում, թե՛ ինստիտուտում: Քննություններին միշտ կարողանում էի վիզուալ
վերականգնել դասագրքի անհրաժեշտ էջը: Իսկ այստեղ հայտնվել էի մի իրավիճակում, երբ ընկալման
իմ ամենաուժեղ միջոցը չէր գործում:
Ինձ
ներկայացվելիք գրություններն ու առաջարկները սահմանափակում էի 2 էջով: Սկսեցի ավելի
շատ բանավոր քննարկումներ անցկացնել ամենատարբեր հարցերով, լսել թեր ու դեմ փաստարկները,
որոշումներ ընդունել: Այդպես պարզ վարչական միջոցներով գտա իմ թույլ տեղը լրացնելու
միջոցը: Մի քանի ամիս անց զգացի, որ հայերենն ինտենսիվ օգտագործելը լավ արդյունք է
տալիս, և իմ գործն ավելի ու ավելի էր հեշտանում: Իսկ ամենից շատ ուրախացա, երբ հասկացա,
որ հրաշալի մարզել ու բարելավել եմ լսողական ընկալումս: Այդ եղանակը շատ կարևոր դարձավ
ինձ համար. մեքենաներում, ինքնաթիռներում, մարզասրահում, զբոսանքի ժամանակ մշտապես
ականջակալներով էի. համարյա ամբողջ կոնտենտի աուդիո տարբերակները հիմա հասանելի էին՝
և՛ օնլայն, և՛ օֆլայն ռեժիմով:
Աշխատանքիս
առաջին շոշափելի արդյունքներն ի հայտ եկան արդեն 2-3 ամիս անց, իսկ 5 ամիս հետո տեղի
ունեցավ որակական տեղաշարժ: Մարտին էի եկել, իսկ օգոստոսին սկսեցինք 2 անգամ շատ մաքսային
ու հարկային վճարներ հավաքել՝ բոլորովին չավելացնելով հարկային բեռը, միայն կազմակերպչական
ջանքերի շնորհիվ: Բյուջեում միջոցներ հայտնվեցին, ու հիմա կարելի էր զբաղվել նրանով,
ինչը կոգեշնչեր մարդկանց և նրանց մեջ լավատեսություն կարթնացներ:
Ի՞նչ
տրամադրություն կարող էին ունենալ մայրաքաղաքի բնակիչները, եթե քաղաքում երեկոյան խավար
է: Լապտերները վառվում էին ընդամենը 3-4 փողոցում, այն էլ՝ մինչև կեսգիշեր: Իմ առաջ
խնդիր դրեցի լուսավորել քաղաքը. միջոցներ տրամադրեցինք, աշխատանքը սկսվեց:
Բենզինն
այն ժամանակ հենց փողոցում էին վաճառում, ուղիղ բենզատարներից: Ամբողջ Երևանում ընդամենը
1-2 կարգին բենզակայան կար, դրանք էլ պաշտոնյաների սեփականությունն էին: Ինչպե՞ս կարող
էի շտկել վիճակը: Շատ պարզ. վառելիք մատակարարողներին ասացի՝ «3 ամիս ունեք, որ նորմալ
քաղաքակիրթ բենզալցակայաններ կառուցեք: Ու դրանից հետո քաղաքում այլևս չի լինի ոչ մի
ցիստեռն՝ կանիստրներով ու ձագարներով: Ով չի կարողանա ՝ դուրս կթռչի շուկայից»: Բոլորը
կարողացան:
Այ
այսպիսի, թվում է՝ տարրական բաները՝ փողոցների լուսավորությունը, բենզակայանները, էլի
ինչ-որ մանրուք, շատ են փոխում մարդկանց տրամադրությունը: Եվ կարևորը՝ նմանատիպ խնդիրների
լուծումը բոլորովին բարդ չէ: Պետք է ընդամենը մարդկանց ստիպել, որ զբաղվեն դրանցով:
Պետք է նշել հստակ նորմերն ու զգուշացնել. կպահպանեք դրանք՝ կաշխատեք, չեք պահպանի՝
դուրս կմնաք բիզնեսից: Որովհետև ձեզ այլևս թույլ չենք տա աշխատել առաջվա պես:
Այո՛,
սկզբնական շրջանում ստիպված էինք զբաղվել նաև այդպիսի վարչահրամայական կառավարմամբ:
Ավելի ուշ՝ 1-2 տարի անց, նմանատիպ հարցերն անցան տեղական ինքնակառավարման մակարդակ,
և արմատապես փոխվեցին կառավարության գործառույթները: Բայց ամենասկզբում հենց օպերատիվ
և ավելի հիմնարար ու երկարաժամկետ միջոցների համադրությունը տվեց իրական արդյունք:
Իմ
վարչապետ նշանակվելու հենց առաջին օրից կառավարության գործողությունները հակասում էին
իշխանության հետ փոխկապակցված մարդկանց տարբեր խմբերի կլանային շահերին: Բնականաբար,
ինչ-որ պահից սկսած՝ նախագահին բողոքներ էին հասնում, թե իբր «նոր վարչապետը չի թողնում
ապրենք»: Դժգոհություն արտահայտում էին նրանք, ովքեր մինչ իմ հայտնվելը հատուկ արտոնություններ
էին ունեցել: Այդ մասին լսեցի արդեն օգոստոսին, Տեր-Պետրոսյանից. «Գիտե՞ս, Ռոբե՛րտ,- ասաց նա,- մեր տղերքը դժգոհում
են, որ նեղում ես իրենց»: Ծիծաղեցի. «Իսկ
ուրիշ ո՞ւմ նեղեմ, եթե ոչ նրանց: Այս երկրում ուրիշ էլ ո՞վ որևէ բան ունի: Եվ հետաքրքիր
է, այդ ինչո՞վ եմ նեղում: Նրանով, որ ստիպում եմ մնացած բոլորի պես հարկե՞ր վճարել»:
Սրանով էլ մեր խոսակցությունն ավարտվեց: Ինձ թվաց, որ նախագահը զուտ ասած լինելու համար
էր արձագանքել իր շրջապատի բողոքներին: Տեր-Պետրոսյանն իսկապես պահում էր ինձ տված
խոստումն ու չէր սահմանափակում իմ ինքնուրույնությունը: Բայց սեպտեմբերի վերջին՝ մեր
հանդիպումներից մեկի ժամանակ, հանկարծ ասաց.
-Լսի՛ր,
մինչև հիմա, ինչպես և պայմանավորվել էինք, ոչ մի հարցի չեմ միջամտել, բայց հիմա մի
խնդրանք ունեմ. հեռացրո՛ւ մաքսային ծառայության պետին:
Իսկ
ես այն ժամանակ այդ պաշտոնին նշանակել էի Ղարաբաղից մի տղայի, որը կապեր չուներ Հայաստանում,
անկախ էր և պրագմատիկ: Անկասկած, իր թերություններն ուներ. չափից դուրս կտրուկ էր,
կարող էր բախվել բոլորի հետ ու ցանկացած առիթով, բայց եթե խնդիրը դրված է, պայթի էլ՝
կլուծի: Այն ժամանակ հենց այդպիսի մարդիկ էին պետք, որոնց հետ դժվար էր լեզու գտնել:
Ես պատասխանեցի.
-Լևո՛ն,
ես դա չեմ անի: Տես, թե մաքսային ծառայությունը որքան հարկ էր հավաքել նրանից առաջ
ու որքան՝ հիմա: Մի քանի ամսվա ընթացքում նա կրկնապատկել է մուտքերը: Եվ ինչպե՞ս նրան
բացատրեմ այդ որոշումը: Ասեմ, որ վատ է աշխատում, որովհետև նեղացնում է ՀՀՇ-ի ֆունկցիոներների՞ն:
Իսկ պատկերացնո՞ւմ ես՝ ինչպիսի հետևանքներ կլինեն: Ծառայության նոր պետը կսկսի իր գործողությունները
համաձայնեցնել տարբեր կլանների հետ՝ հասկանալով, որ իր կարիերան կախված է նրանցից:
Դա ուղղակի կկործանի իմ հեղինակությունը: Այնպես որ, այս խնդրանքդ չեմ կարող կատարել:
-Հեռացրո՛ւ
նրան, նշանակիր՝ ում կուզես: Բայց նրան հեռացրո՛ւ. բոլորը դեմ են:
-Լսի՛ր,
ինձ չի հետաքրքրում բոլորի կարծիքը, ես նրանց կարծիքով չեմ կարող աշխատավարձ ու թոշակ
վճարել: Մենք պայմանավորվել ենք, և վերջ, խնդրում եմ չմիջամտել:
Այդպես
առաջին անգամ ընդհարվեցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հավանաբար, դա անխուսափելի էր. մի
կողմից՝ նախագահի շրջապատի մարդիկ հասկացել էին, որ իրավիճակն իսկապես կարելի է փոխել
դեպի լավը, զգացել էին դրական փոփոխությունները, մյուս կողմից՝ չէին ուզում, որ այդ
փոփոխությունները որևէ կերպ առնչվեն իրենց շահերին:
Այդ
պահից Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները փոքր-ինչ լարվեցին:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments
Post a Comment