Skip to main content

Նոր մարտահրավեր

 

1996 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին Տեր-Պետրոսյանի հաղթանակով, որի հավանականությանը քչերն էին հավատում. կասկածի պատճառները չափազանց շատ էին:

Տեր-Պետրոսյանի հիմնական ընդդիմախոսը Վազգեն Մանուկյանն էր՝ նրա նախկին զինակիցն ու մրցակիցը ՀՀՇ-ում: Այլ թեկնածուների առկայությունը որևէ կերպ չազդեց ձայների ընդհանուր բաշխման վրա: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին Տեր-Պետրոսյանի հետ անհաշտ հակամարտության հողի վրա և Մանուկյանին առաջադրեցին ընդհանուր թեկնածու: Հանրությունը նրան ընկալում էր որպես միավորված ընդդիմության առաջնորդի, և դա կարևոր նշանակություն ունեցավ. ընտրողների ընդդիմադիր տրամադրությունների շնորհիվ քվեարկությունից առաջ նրա վարկանիշը շեշտակի աճեց:

Ղարաբաղում անկեղծորեն ուզում էին, որ Տեր-Պետրոսյանը հաղթի՝ չնայած նրա մրցակցի հետ լավ հարաբերություններին: Մենք կարգավորել էինք համագործակցությունը Հայաստանի գործող իշխանության հետ, և կազմի ցանկացած փոփոխություն անհանգստացնում էր: Միևնույն ժամանակ, որևէ կերպ չէինք մասնակցում նախընտրական գործընթացին՝ դա համարելով Հայաստանի քաղաքացիների գործը: Բայց, անշուշտ, ուշադիր հետևում էինք իրադարձություններին, և ընտրողների տրամադրությունները ոչ մի լավ բան չէին խոստանում: Ընտրություններից շաբաթներ առաջ մտահոգություններս հայտնեցի Վազգեն Սարգսյանին և Բաբկեն Արարքցյանին, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը: Ինձ հավաստիացրին, որ ամեն ինչ վերահսկվում է, ու իրենք որևէ խնդիր չեն տեսնում: Եվ հանկարծ ընտրություններից 5 օր առաւջ զանգահարում է Վազգեն Սարգսյանն ու ասում, որ չի հասկանում՝ ինչու, բայց իրավիճակը կտրուկ փոխվել է, և հնարավոր է, որ իրենք պարտվեն: Վազգենն ինձ խնդրեց, որ գամ Երևան, մի քանի հարցազրույց տամ, լինեմ Տեր-Պետրոսյանի շտաբում, կարճ ասած՝ ցույց տամ ղարաբաղցիների վերաբերմունքն ընտրություններին: Սա հակասում էր Հայաստանի քաղաքական գործերին չմիջամտելու մեր մոտեցմանը, բայց ամեն դեպքում ես ու Արկադի Ղուկասյանը մեկնեցինք Երևան: Ծանր ուղևորություն էր: Երկիրը եռում էր, մարդիկ լի էին ագրեսիայով, և նրանց հետ խոսելը գրեթե անհնար էր: Հասկացա, որ Տեր-Պետրոսյանը չի վայելում հանրության աջակցությունը. ակնհայտ էր, որ ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, և սպասվում է կրկնակի քվեարկություն:

Քվեները հաշվելու գիշերն անցկացրի Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում: Ընտրատարածքներից ստացվող տեղեկությունները ոչ մի լավ բան չէին խոստանում, իսկ մարդկանց տրամադրությունը շտաբում, դրան զուգահեռ, ավելի ու ավելի ճնշված էր դառնում: Բայց տեսնում էի, որ ՀՀՇ-ն իշխանությանը հրաժեշտ տալու մտադրություն չունի. քվեարկության արդյունքների ակնհայտ նենգափոխում սկսվեց: Կեսգիշերն անց դուրս եկա շտաբից՝ համոզված, որ առջևում լուրջ խնդիրներ են սպասվում: Իշխանությունը, հնարավոր պարտությունից զգուշանալով, ամեն ինչ արեց երկրորդ փուլ թույլ չտալու համար: Երկրում իրավիճակն ընտրություններից առաջ էլ լարված էր, իսկ հայտարարված արդյունքի նկատմամբ համընդհանուր անվստահությունը ծայրահեղ սրեց իրավիճակը և բողոքի ալիք բարձրացրեց:

Թատերական հրապարակում բազմահազարանոց հանրահավաքներ սկսվեցին, որոնք օրեր անց վերաճեցին խորհրդարանի վրա գրոհի: Ջարդելով երկաթե դարպասները և հաշված վայրկյաններում կոտրելով պահակախմբի դիմադրությունը՝ զայրացած մարդիկ խուժեցին շենք՝ ճանապարհին ջարդուփշուր անելով ամեն ինչ, ծեծեցին խորհրդարանի նախագահին, նրա տեղակալին, ՀՀՇ անդամ պատգամավորների: Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից, և իշխանություններին այլ բան չէր մնում, քան արտակարգ դրություն մտցնել, ձերբակալել անկարգությունների մասնակիցներին և ընդդիմադիր ակտիվիստներին ու շարունակել «ձգել պտուտակները»:

Ընտրություններից հետո՝ նոյեմբերի սկզբին, նշանակվեց նոր վարչապետ՝ Արմեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Սովետական տարիներին նա՝ խոստումնալից երիտասարդ ֆիզիկոսը, դասավանդում էր, ապա մեկնեց Մեծ Բրիտանիա՝ վերապատրաստման, իսկ 1991 թվականին զբաղեցրեց դեսպանի պաշտոնը: Նրան կառավարության ղեկավար նշանակելով՝ իշխանությունները փորձում էին հարթել ներքաղաքական ծանր իրավիճակը, թուլացնել հասարակության մեջ կուտակված լարվածությունը. ահա լրիվ նոր մարդ, որը վերադարձել է Հայաստան, մաքուր հեղինակությամբ, կապ չունի որևէ կլանի հետ: Նոր վարչապետն անմիջապես հանդուրժողականություն ու անկեղծություն դրսևորեց. բազմաթիվ հանդիպումներ էր ունենում ամենատարբեր մարդկանց հետ, ընտանիքի հետ զբոսնում էր Երևանի բազմամարդ փողոցներում: Ընդհանուր առմամբ, մարդկանց վրա Սարգսյանը դրական տպավորություն էր թողնում: Բայց կարճ պաշտոնավարեց: Նշանակվեց նոյեմբերին, իսկ մի քանի ամիս անց անսպասելիորեն ծանր հիվանդություն ախտորոշեցին: Արդեն դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին ստիպված էր մեկնել բուժման, և շուտով պարզ դարձավ, որ այլևս Հայաստան չի վերադառնա: Մոտ 2 ամիս Տեր-Պետրոսյանը փաստացի փոխարինեց վարչապետին, բայց տնտեսության վիճակն օրեցօր վատանում էր: Չվճարված աշխատավարձերն ու թոշակներն ուշանում էին 8-10 ամիս, իսկ որոշ մարզերում՝ մինչև 1 տարի: Երկրի բյուջեն գրեթե չէր լցվում:

Այն տարիներին սահմանադրությունը նախագահին հսկայական լիազորություններ էր տալիս. ընդհուպ կառավարության նիստեր վարելը, և մինչև 1997 թվականի մարտ ամիս Տեր-Պետրոսյանն ինքն էր վարում նիստերը վարչապետի փոխարեն: Սակայն ոչ ոք չէր համակարգում կառավարության ընթացիկ գործունեությունը, և ակնհայտ էր, որ այդպես չի կարող երկար շարունակվել:

1997 թվականի մարտի կեսերին՝ սովորական մի օր, երբ աշխատում էի Ստեփանակերտի իմ առանձնասենյակում, ներքին կապով զանգ հնչեց. «Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանն այստեղ են, ընդունարանում, ուզում են տեսնել ձեզ»: Առաջին բանը, որ մտածեցի՝ ինչ-որ աղետ է պատահել, եթե Վազգենն այդքան շտապ ու առանց զգուշացնելու թռել է Ստեփանակերտ. Ղարաբաղ գալուց առաջ միշտ նախապես զանգում էր ինձ: Իհարկե, անմիջապես ներս հրավիրեցի, ու երբ մտան, ընդառաջ շտապեցի նրանց.

-Ի՞նչ է պատահել:

-Առանձնապես ոչինչ,- ձեռքը թափ տվեց Վազգենը: Ուղղակի հետդ խոսելու բան ունենք:

-Պարզապես խոսելո՞ւ: Ինչի՞ մասին,- հասկանում էի, որ դժվար թե զուտ խոսելու համար շտապ ու առանց տեղեկացնելու հասներ Ստեփանակերտ:

-Ի՞նչ կասես Հայաստան տեղափոխվելու և վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին:

-Կատա՞կ ես անում:

Առաջին արձագանքս կտրուկ մերժումն էր:

-Լսի՛ր, ընդամենը մի քանի ամիս առաջ եմ նախագահ վերընտրվել: Ինչպե՞ս ես պատկերացնում: Ինչպե՞ս կարող եմ հիմա հանկարծ ասել մարդկանց, որ ամեն ինչ թողնում եմ ու մեկնում Հայաստան:

Ի պատասխան՝ Վազգեն Սարգսյանն ասաց, որ Երևանում շատ երկար քննարկել են այդ հարցը և ինձնից բացի այդ պաշտոնին հարմար այլ թեկնածու չունեն: Ասաց, որ եկել է Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ ու չի մեկնի, մինչև չհամաձայնեմ: Պարզվեց, որ միտումնավոր չի զգուշացրել Ստեփանակերտ կատարելիք այցի մասին, որպեսզի նախ հանդիպի Սամվելին, հետո նրա հետ ինձ համոզի համաձայնել:

Հարցը սուր էր դրված: Տնտեսության վիճակը ողբալի է. ամեն ինչ կործանվում է, բյուջեն չի հավաքվում, աշխատավարձերի պարտքերն ավելանում են, բանակի ֆինանսավորումը հարցականի տակ է: Ի լրումն՝ համընդհանուր համոզվածությունը, որ վերջին ընտրությունների արդյունքները կեղծվել են, ավելի էր բարդացնում դրությունը՝ հասարակության մեջ համատարած անվստահություն առաջացնելով գործող իշխանության լեգիտիմության հանդեպ: Այս վերաբերմունքը կարող էր մեղմվել աշխատանքի լավ արդյունքներով, տնտեսության մեջ գրանցված հաջողություններով, բայց դրանք չկային: Հակառակը, իրավիճակն օրեցօր վատթարանում էր: Այս ամենը միասին պայթուցիկ խառնուրդ էր ստեղծում, իրավիճակը երկրում դառնում էր պայթյունավտանգ: Երբ պարզվել էր, որ Արմեն Սարգսյանին երկարատև բուժում է սպասում, ու նա չի վերադառնալու, սկսվել էր նոր վարչապետի փնտրտուքը: Եվ ծագել էր ինձ այդ պաշտոնին հրավիրելու գաղափարը: Որքան հասկացա՝ գաղափարը Վազգեն Սարգսյանինն էր: Նա պատմեց, որ արդեն երկրորդ օրն է՝ իմ թեկնածությունը քննարկվում է Հայաստանում, և իշխանության շրջանակներում բոլորը համակարծիք են, որ հենց ես եմ ի զորու բարելավել իրավիճակը: Նախագահը Վազգենին հանձնարարել էր խոսել ինձ հետ:

1.5 ժամ քննարկում էինք այդ թեման: Վազգենը մանրամասն նկարագրեց իրավիճակը. բյուջեի պակասուրդը հասել էր ծայրահեղ նիշի, ֆինանսավորման խնդիրներն արդեն հասել էին բանակին: Նա ինձ իրական թվեր հայտնեց, իսկ վերջում ասաց. «Հասկանում ես չէ՞, եթե այսպես շարունակվի, միևնույն է, դու այստեղ՝ Ղարաբաղում, չես կարողանա լուծել խնդիրներդ»: Ինձ համոզում էր նաև Սամվել Բաբայանը, որն իր սեփական պատճառն ուներ. մերոնցից՝ ղարաբաղցիներից, որքան շատ մարդ լինի Հայաստանի կառավարությունում, այնքան լավ Ղարաբաղի համար. ավելի մեծ ազդեցություն կունենանք ԼՂՀ վերաբերյալ ընդունվող որոշումների վրա: Իրականում ինչ ասում էին, ճշմարտություն էր, և բոլոր փաստարկները բավական համոզիչ էին հնչում: Ես հասկանում էի այդ ամենը, բայց… գրո՛ղը տանի… բոլորովին չէի ուզում Ղարաբաղից մեկնել Հայաստան: Չեմ հիշում, թե այն ժամանակ կոնկրետ ինչ պատասխանեցի. կարծեմ ասացի, որ չգիտեմ էլ, թե այդ լուրն ինչպես եմ ներկայացնելու ընտանիքիս:

Չէի ստում:

Երբ ընտանիքիս անդամներին պատմեցի առաջարկի մասին, սկսվե՜ց: «Ի՞նչ: Ո՞ւր: Ոչ մի տեղ չենք մեկնի: Չենք ուզում Հայաստան գնալ». բոլորը հերթով կտրուկ դեմ արտահայտվեցին՝ թե՛ երեխաներս, թե՛ կինս, թե՛ մայրս…

Ի վերջո, համաձայնեցի գնալ Երևան ու խոսել ուղիղ Տեր-Պետրոսյանի հետ: Ընտանիքիս ասացի, որ դեռ որոշում չեմ կայացրել: Ուղղաթիռով թռչելիս ծանրութեթև էի անում իրավիճակը: Վազգենի ու Սամվելի փաստարկները, անշուշտ, ծանրակշիռ էին: Ինքս էլ տեսնում էի, որ Հայաստանում վիճակը վատթարանում է: Անկասկած, Երևանում պետք է մարդ, որը կկարգավորի բոլոր խնդիրները: Բայց եթե ինձնից բացի ոչ ոքի չգտնեն, չի կարելի հրաժարվել, այլապես Ղարաբաղը կորցնելու վտանգը մեծ է: Այո՛, այդ պահին որոշիչ շարժառիթն ինձ համար Ղարաբաղի ճակատագրով անհանգստացած լինելն էր. ամբողջ Հայաստանի ճակատագրի համար պատասխանատվությունն ավելի ուշ եկավ:

Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը միայն հաստատեց մտահոգություններս: Նա ևս մեկ անգամ կրկնեց այն ամենը, ինչ արդեն լսել էի Վազգեն Սարգսյանից: Անմիջապես հիշեցի ՊՊԿ-ի ստեղծման հետ կապված իրավիճակը. այն ժամանակ էլ, ինձ վիճակված էր ևս մի վերջնական որոշում կայացնել: Ինչպես և այն ժամանակ, ես պետք է հստակ հասկանայի, թե ինչ պայմաններով եմ պատրաստ դրան, և այդ պայմանները հայտնեի Տեր-Պետրոսյանին: Սովետական մեծ հանրագիտարանի փոխարեն, որը ժամանակին ինձ որպես տեղեկատու էր ծառայել, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից առաջ թերթեցի Հայաստանի Սահմանադրությունը: Սահմանադրությունը հստակ սահմանում էր կառավարության վրա նախագահի ազդեցության շրջանակը, բայց և բազմաթիվ առանցքային կադրային հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու լայն իրավունքներ էր տալիս վարչապետին: Տեր-Պետրոսյանին ասացի.

-Տե՛ս, Լևո՛ն: Ես վերջերս եմ ընտրվել Ղարաբաղի նախագահ: Այստեղ գալ չեմ ուզում, դա ինձ պետք չէ: Դուք ասում եք, որ դա պետք է հանրապետությանը: Լա՛վ: Կգամ, բայց պայմանով, որ բացարձակապես ոչ ոք իրավունք չունի միջամտել իմ գործերին. ես կլինեմ լիովին ինքնուրույն: Այո՛, դու նախագահ ես: Բայց ինձ չես պարտադրի քո կարծիքն այն ոլորտներում, որոնք իմ պատասխանատվության տակ են: Ես պիտի ունենամ բացարձակ անկախություն իմ իրավասության ոլորտում գտնվող հարցերի լուծման մեջ: Երկար տարիներ ղեկավար չեմ ունեցել, ուստի նկատի ունեցիր, որ ինձ հետ չեն կարող լինել այն հարաբերությունները, որ ունեցել ես նախորդ վարչապետերի հետ: Ուզում եմ, որ հենց սկզբից պայմանավորվենք այս հարցի շուրջ:

Նա չառարկեց առաջին ու ինձ համար առանցքային այս պայմանին:

Շարունակեցի.

-Ոչ մի վարչապետ առանց խորհրդարանի աջակցության ընդհանրապես ոչինչ չի կարող անել. այդպիսին է իշխանության կառուցվածքը: Իսկ ես խորհրդարանում գրեթե ոչ ոքի չեմ ճանաչում: Երբեք գործ չեմ արել այդ մարդկանց հետ. պարզապես դրա կարիքը չի եղել. զբաղվել եմ բացառապես Ղարաբաղով: Հայաստանում չեմ մեծացել, Երևանում ապրել եմ ընդամենը մի քանի ուսանողական տարի և այստեղ ընկերների լայն շրջանակ չունեմ: Խորհրդարանում չունեմ նաև իմ կուսակցությունը և մտադիր չեմ ամեն քվեարկությունից առաջ սակարկել պատգամավորների հետ: Ո՞վ է այնտեղ առաջ տանելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունները: Եթե դա հիմա չորոշենք, չարժի գործի անցնել:

Ուրիշ հարցեր էլ տվեցի՝ կապված կառավարության՝ որպես իշխանության մարմնի կոնկրետ գործունեության հետ, ինչպես նաև անձամբ իմ՝ որպես կառավարության ղեկավարի աշխատանքի վերաբերյալ: Ասացի, որ բնավորությունս կտրուկ է, և հետագա տարաձայնություններից խուսափելու համար բոլորը պետք է իմանան, որ Հայաստանում չկան անձեռնմխելիներ, և առաջին հերթին՝ իշխանության վերին օղակներում: Տեր-Պետրոսյանն ասաց, որ հասկանում է իմ մտահոգությունները, դրանք օբյեկտիվ են, և լիարժեք ընդունում է իմ առաջադրած պայմանները: Խոստացավ, որ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանն իր վրա կվերցնի խորհրդարանի հետ կապված բոլոր հարցերը, իսկ ես վարչապետի դերում բացարձակապես ինքնուրույն կլինեմ: Մենք պայմանավորվեցինք հանդիպել ավելի լայն կազմով՝ այդ թեմաները մեկ անգամ ևս քննարկելու համար:

Հաջորդ օրն այդպիսի հանդիպումը կայացավ: Քննարկումը հարթ էր անցնում. բոլորը հասկանում էին, որ շատ ինքնուրույն վարչապետ եմ լինելու ու ոչ մեկին թույլ չեմ տալու միջամտել կառավարության գործերին: Բաբկեն Արարքցյանը երաշխավորում էր, որ կապահովի խորհրդարանում քվեարկությունը օրինագծերի օգտին, եթե, իհարկե, դրանք դուրս չգան խելամտության սահմաններից: Ես զգում էի. բոլորը գիտակցում են, որ երկրում իրավիճակը ճգնաժամային է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր: Տեր-Պետրոսյանից պահանջվում էր կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակել մարդու, որն ի զորու է բեկել ճգնաժամը, և միևնույն ժամանակ պիտի լիներ նոր մարդ: Իսկ ես Ղարաբաղում շատ եռանդուն ու կոշտ ղեկավարի համբավ ունեի, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված ցանկացած խնդիր, որքան էլ այն անիրագործելի թվա: Իմ անվան հետ էին կապվում անկախության համար մղված պատերազմի հաղթանակները և պատերազմից կործանված տնտեսության վերականգնման հաջողությունները:

Համաձայնությունս հայտնեցի Տեր-Պետրոսյանին և, խոստանալով մի քանի օրից անցնել աշխատանքի, թռա Ստեփանակերտ: Մնում էր որոշմանս մասին հայտնել ընտանիքիս ու հավաքել իրերը:

Տանը շատ ծանր ընդունեցին լուրը: Բոլորը մեկ մարդու պես հայտարարեցին, որ դեմ են. չեն ուզում հեռանալ Ղարաբաղից ու ոչ մի տեղ չեն մեկնի: Որոշումն ինձ էլ հեշտ չէր տրվել: Հասկանում էի, որ բախվելու եմ բազում դժվարությունների: Առաջինը. վատ գիտեի Հայաստանը: Երկրորդ. երբեք չէի միջամտել հայաստանյան քաղաքական վայրիվերումներին ու բացարձակապես ոչինչ չէի հասկանում դրանցից: Երրորդ և շատ կարևոր հանգամանքը. վատ էի տիրապետում գրական հայերենին: Ես ռուսական դպրոց եմ ավարտել և ուսումնառության ընթացքում առանձնակի եռանդով չեմ վերաբերվել հայերենի դասերին: Բացի դրանից՝ հայոց լեզու մեզ դասավանդվում էր շաբաթական 2 անգամ՝ 1 ժամով, դասավանդումը ձևական բնույթ էր կրում, և ես դժվարությամբ էի գրում ու կարդում հայերեն: Իսկ Հայաստանում ամբողջ գործավարությունը, իհարկե, հայերեն էր, և դա ինձ չափազանց բարդ էր թվում: Կառավարությունում, խորհրդարանում ելույթ ունենալ, մամուլի հետ շփվել պետք էր գրական հայերենով, իսկ ես խոսում էի հիմնականում ղարաբաղյան բարբառով, որը խիստ տարբերվում էր: Դա ինձ համար լրջագույն խնդիրներից մեկն էր. գնում ես ղեկավարելու երկրի կառավարությունը, որի լեզվով դժվարանում ես ոչ միայն կարդալ ու գրել, այլև խոսել:

Իհարկե, կասկածում էի՝ կկարողանա՞մ իրականացնել այն, ինչ ստանձնում էի: Ոչ մի հստակ ծրագիր չունեի: Չէի հասկանում՝ ինչպես պիտի վերականգնեմ տնտեսությունը, և կոնկրետ ինչ է պետք դրա համար, քանի որ բոլորովին չէի ճանաչում Հայաստանի տնտեսությունը: Բայց հստակ գիտեի. ունեմ ինքնակազմակերպվելու ունակություն, նպատակին հասնելու կամք ու համառություն, կարողանում եմ արագ որոշումներ կայացնել և ցանկացած գնով հասցնել ավարտին: Հենց այդ համոզմունքով էլ մեկնեցի Երևան:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...