Skip to main content

Պատերազմից դեպի խաղաղություն

 

Պատերազմի դադարեցումից կես տարի անց՝ 1994 թվականի նոյեմբերին, ԼՂՀ Գերագույն խորհուրդն ինձ ընտրեց հանրապետության նախագահ՝ 2 տարով: Համընդհանուր քվեարկությամբ նախագահի ուղղակի ընտրության համար պետք էր օրենսդրական բազա նախապատրաստել:

Այդ իրադարձությունը համարյա հետք չի թողել հիշողությանս մեջ: Ըստ երևույթին այն պատճառով, որ ինձ համար պաշտոնի անվանումից բացի, ըստ էության, ոչինչ չէր փոխում: Ընդամենը աշխատասենյակս տեղափոխվեց հարևան շենք, որտեղ պատերազմի տարիներին գործում էր մեր խորհրդարանը: Պաշտոնապես երկրի առաջին դեմք էի դարձել 2 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսին, երբ ընտրվեցի ՊՊԿ-ի նախագահ, իսկ ոչ պաշտոնական ղեկավարներից էի դեռևս 1988 թվականից: Ինչ վերաբերում է լիազորություններին… ՊՊԿ նախագահի լիազորությունները, թերևս, ավելի մեծ էին, քան նախագահինը. այն ժամանակ, ռազմական դրության պայմաններում, ինձ լիակատար իշխանություն էր տրված: Պատերազմից հետո ռազմական դրությունն աստիճանաբար, մի քանի փուլով թուլացավ՝ դառնալով ավելի ու ավելի մեղմ:

Իմ երդմնակալությանը եկան Հայաստանի ԱԳՆ տղաները: Նախապես էին եկել՝ 1 օր առաջ, ու որոշեցինք բասկետբոլի ընկերական խաղ անցկացնել: Բասկետբոլն այդ տարիներին մեզ մոտ մեծ հեղինակություն էր վայելում: Նույնիսկ պատերազմի ժամանակ, ամենածանր օրերին, երբ Ստեփանակերտն առանձնակի դաժան հրետակոծությունների էր ենթարկվում, ես ու Արկադի Ղուկասյանը երբեմն գնում էինք «Դինամո»-ում խաղալու: Գնում էինք, չնայած մարզադահլիճը չափազանց կրակավտանգ տարածքում էր և այնքան հին էր ու խարխլված, որ կարող էր ինքն իրեն էլ փլվել, բայց խաղը շատ էր օգնում ժամ-ժամուկեսով կտրվելու բոլոր գործերից: Բասկետբոլ խաղալիս անհնար է խաղից բացի ուրիշ բանի մասին մտածել, իսկ մեզ հենց դա էր պետք լարվածությունը թոթափելու, գլուխներս թարմացնելու համար: Հրադադարից հետո մեր այցելությունները մարզադահլիճ կանոնավոր դարձան:

Արտգործնախի թիմը լրջորեն էր զբաղվում բասկետբոլով և արժանի հակառակորդ էր. մենք ոգևորվեցինք, տարվեցինք խաղով ու բավական կոշտ էինք խաղում: Ինչ-որ պահի արմունկով մի քանի զգալի հարված ստացա կողիս ու դեմքիս. աչքիս տակն անմիջապես կապտեց: Այդպես էլ եկա իմ առաջին երդմանակալությանը՝ կապտուկով, որը կինս խնամքով ծածկել էր: Ավելի ուշ պարզվեց, որ հարվածից ճաքել էր կողոսկրս, ինչը խաղի տաքացած պահին չէի էլ նկատել և իմացա միայն մի քանի տարի անց՝ լրիվ ուրիշ առիթով ՄՌՏ անելիս:

Իհարկե, խաղաղ ժամանակ իմ առաջ արդեն այլ խնդիրներ էին ծառացած, բայց աշխատանքը նույնքան դինամիկ ու եռանդուն էր, ինչպես և անցած տարիներին: Հիմա տեղի ունեցողը պակաս կարևոր չէր: Հասկանում էի, որ առաջվա պես շատ բան է կախված ինձնից, ու պետք է հասնեմ բոլոր առաջադրված նպատակներին:

Ոչ միայն պետք է վերականգնեինք պատերազմի ոչնչացրածը, այլև ստեղծեինք անկախ Ղարաբաղի նոր, ամբողջական ենթակառուցվածք: Մինչև պատերազմն այն պարզապես գոյություն չէր ունեցել. Սովետական Միության օրոք մարզի ամբողջ կենսապահովումն իրականացվում էր Ադրբեջանով: Էլեկտրացանցերը Ադրբեջանից առանձին-առանձին ձգվում էին Ղարաբաղի շրջանները: Նույն կերպ էին կառուցված նաև ճանապարհները: Կանոնավոր ներքին հաղորդակցություն չկար, և Ղարաբաղի մի շրջանից հարևան շրջան հասնելու համար ստիպված էինք մեկնել Աղդամ կամ Ֆիզուլի ու նոր այնտեղից վերադառնալ ուրիշ ճանապարհով: Իհարկե. ճանապարհների այդպիսի ցանցը մասամբ պայմանավորված էր մեր աշխարհագրությամբ. լեռները ձգվում են արևմուտքից արևելք, նրանց միջև ընկած գեղատեսիլ հովիտներով գետերը հոսում են դեպի Կասպից ծով, իսկ Ղարաբաղը ձգված է հարավից հյուսիս: Բայց գլխավոր պատճառը, համենայն դեպս, ոչ թե աշխարհագրությունն էր, այլ Բաքվի միտումնավոր քաղաքականությունը՝ մարզը լիակատար կախման մեջ դնել Ադրբեջանից:

Եվ այսպես, առաջնային խնդիրը էլեկտրամատակարարման, ճանապարհային ցանցի, ջրամատակարարման ներքին ենթակառուցվածքի ստեղծումն էր, դրա հետ մեկտեղ պետք էր վերականգնել այն ամենը, որ ավերվել էր պատերազմի ժամանակ, առաջին հերթին՝ բնակելի ֆոնդը: Գյուղատնտեսությունը նույնպես վերականգնման կարիք ուներ, բայց դրա համար նախ անհրաժեշտ էր գյուղատնտեսական նշանակության մեծ հողատարածքներ ականազերծել: Ռազմաճակատի գիծը անընդհատ տեղաշարժվում էր, ականապատում էինք և՛ մենք, և՛ ադրբեջանցիները, բացի դրանից՝ առավել բերքատու հողերը ցածրավայրերում էին, որտեղ ամենակատաղի մարտերն էին եղել: Ականադաշտերի ճշգրիտ քարտեզները ոչ ոք չէր կազմել, պատերազմի ընթացքում դրա ժամանակը չունեինք, ստիպված էինք հիշողությամբ վերականգնել, իսկ երբեմն՝ նաև տառացիորեն շոշափելով: Մի խոսքով, ականազերծողները տարիների աշխատանք ունեին:

Երկրով մեկ լայնածավալ շինարարություն սկսվեց: Շինարարական հզորությունները չէին բավականացնում, ասենք, աշխատողների մեծ մասն էլ բանակում էր, ուստի անհրաժեշտության դեպքում օգնության էին հասնում Հայաստանի շինարարները:

Քաղաքացիական խնդիրներից բացի՝ մեր առջև բանակի ու պաշտպանության հետ կապված աշխատանքների լայն ճակատ էր բացվել: Պիտի ամրացնեինք շփման գիծը, կահավորեինք ողջ առաջնագիծը, մերձճակատային ճանապարհներ կառուցեինք ամբողջ գծով, հակատանկային խանդակներ՝ բոլոր տանկավտանգ ուղղություններով, կրակակետեր և այլ պաշտպանական շինություններ ստեղծեինք: Բանակի և պաշտպանության կարիքների համար շինաշխատանքների բավական լուրջ ծավալ էր պահանջվում, ու մեր զինվորականները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել դրված խնդիրները լուծելու համար:

Ղարաբաղում բանակը անհամաչափ մեծ էր բնակչության թվի համեմատ, բայց դա պայմանավորված էր այն երերուն վիճակով, որի մեջ գտնվում էր չճանաչված երկիրը: Մենք հասկանում էինք, որ այդ վիճակը երկար է տևելու, դրա համար էլ հոգածությունը բանակային անձնակազմի հանդեպ պիտի առաջնահերթ լինի. բոլոր զինծառայողներին պետք էր ապահովել նորմալ կենսապայմաններով: Մինչ այդ նրանք տեղավորվում էին ուր պատահի և ինչպես պատահի, նրանց կեցության համար օգտագործվում էին բոլոր հարմար շինությունները Ստեփանակերտում կամ գյուղերում, բայց հիմա զորքերը պետք էր բերել քաղաքից ու տեղակայել առաջնագծից օպտիմալ հեռավորության վրա: Զինվորներին զորանոցներ էին հարկավոր, ուրեմն պետք էր զորանոցներ կառուցել, եկել էր նաև սպաներին բնակարաններով ապահովելու և բանակում ուսումնական գործընթացը կարգավորելու ժամանակը: Այդ տարիներին, զրոյից սկսելով, հսկայական թվով զորամասեր կառուցեցինք: Մեր զբաղեցրած տարածքներում շինանյութ շատ կար, բայց ամեն դեպքում բավարար չէր այդ ծավալուն խնդրի լուծման համար. դրա իրականացումը լուրջ միջոցներ էր պահանջում:

Ղարաբաղը փոքր երկիր է՝ կոմպակտ կառավարությունով. ընդամենը 9 նախարարություն, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է մի քանի ոլորտ: Ոչ մեծ վարչակազմի բոլոր աշխատակիցները ստիպված էին շատ աշխատել: Ինչով ասես չէի զբաղվում, ընդհուպ մինչև շինարարության վերահսկողություն: Անընդհատ շրջում էի Ղարաբաղով մեկ. մեր տարածությունները մեծ չեն, և օրվա ընթացքում հասցնում էի մի քանի կարևոր օբյեկտներում լինել: Միակ բանը, որ պատերազմական ժամանակի համեմատությամբ փոխվել էր իմ ուղևորությունների մեջ, այն էր, որ ուղեկցող մեքենա էր հայտնվել՝ փոքրիկ թիկնազորով, ու այլևս հետս ավտոմատ չէի վերցնում:

Վարչապետ դարձավ Լեոնարդ Պետրոսյանը: Ես նրան հետ բերեցի Հայաստանից, որտեղ ղեկավարում էր հանրապետության կառավարությանը կից հատուկ ծրագրերի կոմիտեն՝ ըստ էության, Երևանում մեր ներկայացուցչությունը, որը համակարգում էր ԼՂՀ-ի հետ կապված ամեն ինչ: Լեոնարդը լավ գիտեր Ղարաբաղի տնտեսությունն ու կառավարման փորձ ուներ, բացի դրանից՝ հասցրել էինք ընկերանալ, ու նա լրջորեն գործի անցավ: Բոլորիս ծանրաբեռնվածությունն էլ մեծ էր, աշխատանքը՝ ծով. շուրջը ամեն ինչ եռում էր: Չէի էլ հիշում՝ ինչ է հանգստյան օրը, առավել ևս՝ արձակուրդը: 1988 թվականից ոչ մի անգամ արձակուրդ չէի գնացել և ինձ թույլ տվեցի հանգստանալ միայն 1995 թվականին. ընտանիքով մի շաբաթով մեկնեցինք Հունաստան: Իսկ մինչ այդ մշտապես Ղարաբաղում էի ու մեկնում էի միայն գործնական հարցերով:

Բայց ոչ միայն կառուցելու, այլև փող ճարելու խնդիր կար, որ շինարարությունը դադար չառնի: Մեր բյուջեն էինք օգտագործում, բայց այն չէր բավականացնում խնդիրների այդպիսի ծավալին: ԼՂՀ առաջանցիկ զարգացման անհրաժեշտության մասին սկզբունքային ու շատ կարևոր համաձայնության եկանք Հայաստանի կառավարության հետ: Դրա համար Հայաստանը մեզ ամենամյա փոխառություն էր տրամադրում, որը փաստացի անհատույց սուբսիդավորում էր: Նպատակային օգնություն էին ցուցաբերում նաև տարբեր նախարարություններ: Փոխգործակցությունը Հայաստանի նախագահի ու կառավարության հետ իմ պարտականությունների շրջանակում էր. նրանցից շատերին ճանաչում էի: Մեր անձնական հարաբերություններն օգնում էին բացատրելու հերթական խնդիրն ու համոզելու, որ լուծումն անհրաժեշտ է: Օրինակ, հանդիպում ես տրանսպորտի նախարարի հետ ու պայմանավորվում կարևոր մայրուղու ավերված կամրջի վերականգնման մասին: Էներգետիկայի նախարարի հետ քննարկում ես պայթեցված էլեկտրաենթակայանների վերականգնման կամ դեպի Հայաստան նոր հոսքագծի կառուցման մասին՝ Ղարաբաղի կայուն էլեկտրամատակարարումն ապահովելու համար: Առողջապահության նախարարի հետ քննարկում ես մեր հիվանդանոցը սարքավորումներով ապահովելու մասին, որ ամեն մանրուքով հիվանդներին Հայաստանի կլինիկաները չուղարկենք: Որպես կանոն, ժամկետների շուրջ գալիս էինք հստակ պայմանավորվածությունների, որոնք միշտ կատարվում էին: Իսկ մեծ, ավելի լուրջ ֆինանսավորում պահանջող ծրագրերն իրականացվում էին Հայաստանի կառավարության կամ Համահայկական բարեգործական հիմնադրամի միջոցով:

Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ պայմանավորվեցինք Լաչինի շրջանը Ադրբեջանից փախստականներով բնակեցնելու մեծ ծրագրի մասին, ու պետք է արժանին մատուցել. նա արեց հնարավոր ամեն ինչ հաջողության հասնելու համար: Իսկ գործնական աշխատանքը ստանձնեց ու մեծ ոգևորությամբ կատարում էր Ալեքսան Հակոբյանը՝ նախկինում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Ունևոր մարդիկ էինք գտնում, ներգրավում արտասահմանյան գաղթօջախները և այնտեղ միջոցներ հավաքագրում «Հայաստան» բարեգործական հիմնադրամի հայտարարած կոնկրետ նպատակային ծրագրերի համար:

Այդպիսի առաջին ծրագրերից մեկը դեպի Հայաստան ճանապարհի շինարարությունն էր. ճանապարհի վիճակը դեռ մինչև պատերազմն էլ՝ սովետական ժամանակ, աղետալի էր: Ամեն ինչ սկսվեց 1994 թվականի վերջին. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ անիմաստ է խոսել Ղարաբաղի տնտեսության մասին, քանի դեռ Ղարաբաղը Հայաստանին կապող լավ ճանապարհ չունենք: Նա հավանություն տվեց գաղափարին՝ ըմբռնումով մոտենալով խնդրի կարևորությանն ու հրատապությանը: Հայաստանի բյուջեն դրա հնարավորությունը չուներ, ու ստիպված էինք ֆինանսավորման աղբյուր փնտրել: Հայաստանի նախագահը գլխավորեց «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմի մեջ ես էլ մտա, և անմիջապես Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի կառուցումն առաջիկա տարիներին հիմնադրամի գլխավոր խնդիր հռչակեցինք: Հիմնադրամի վարչությունը, գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի գլխավորությամբ, շատ արագ եռանդուն աշխատանք սկսեց, ու շուտով ամբողջ ճանապարհը վերածվեց մի մեծ շինհրապարակի:

Հենց այդպես բարեկարգ խճուղի ունեցանք Ստեփանակերտից մինչև Հայաստանի սահման: Հետագայում, հենց ավարտեցինք, հայտնվեց հաջորդ կարգախոսը. «Կառուցում ենք հյուսիս-հարավ ճանապարհը», և այդ խնդիրն էլ կատարեցինք: Համարյա՝ որովհետև ամենահարավային մասի մի փոքրիկ հատված այդպես էլ կիսատ մնաց:

Առանց այդ ճանապարհների այսօր դժվար է պատկերացնել Ղարաբաղի տնտեսությունը:

Ֆինանսական օժանդակության միջոցներից մեկն էլ հեռուստամարաթոններն էին: Դրանք անցկացվում էին տարին մեկ անգամ, ԱՄՆ-ում, հիմնականում՝ Լոս Անջելեսում, «Հայաստան» հիմնադրամի հովանու ներքո: Դա մշակված ամերիկյան տեխնոլոգիա է, երբ հեռուստաեթերում նոն-ստոպ հեռարձակվում են տարբեր մարդկանց ելույթներ, տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե հատկապես ինչի համար են հավաքվում գումարները, և ցանկացողներից յուրաքանչյուրը հենց տեղում կարող է զանգել տաղավար ու նվիրատվություն անել: Իրական ժամանակի ռեժիմում արձանագրվում է յուրաքանչյուր հեռախոսազանգ, անընդհատ հաշվետվություն է ներկայացվում՝ քանի մարդ է մասնակցել, ինչպես է ընթանում նվիրատվությունը, և հեռուստադիտողները տեսնում են վերջնական արդյունքը՝ հավաքված գումարը: Ես այդ միջոցառումներին չէի գնում, միայն հանդես էի գալիս հեռուստաուղերձներով, բայց միշտ այնտեղ ներկայացուցիչներ էինք ուղարկում Ղարաբաղից՝ նրանց ապահովելով բոլոր անհրաժեշտ հեռուստանյութերով: Միջոցների հավաքագրմանը մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, տարբեր գումարներ էին նվիրաբերում՝ աշակերտների մի քանի դոլարից, մինչև ունևոր գործարարի միլիոնը: Քըրք Քըրքորյանն էլ հեռուստամարաթոնին կարող էր պարզապես կրկնապատկել հավաքված գումարը: Դա զգալի օգնություն էր Ղարաբաղի համար, իսկ բուն գործընթացը հայերի ազգային միասնության տոնական, զգացմունքային արտահայտություն էր դառնում:

Այդ պրակտիկան հաջողությամբ շարունակվում է նաև այսօր:

Զուգահեռ՝ մենք ջանում էինք առավելագույնս և ինքնուրույն աշխատել Սփյուռքի հետ՝ ներգրավելով մարդկանց կամ կազմակերպությունների, որոնք կարող էին օգնել տեղային խնդիրների լուծմանը, օրինակ՝ պատերազմի ժամանակ ավերված գյուղի, դպրոցի կամ ջրատարի վերականգնման հարցում: Այդ ծրագրերը հիմնականում իրականացնում էինք նույն հիմնադրամի միջոցով, որպեսզի իրար կրկնող, զուգահեռ կառույցներ չստեղծենք:

Ես այցելում էի տարբեր երկրներ, որտեղ Սփյուռքի մեծ օջախներ ունեինք: Ե՛վ եվրոպական երկրներ, և՛ ԱՄՆ, և՛Լատինական Ամերիկա՝ Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա: Բոլոր ուղևորությունները շատ լարված գրաֆիկով էին անցնում: Այցի համար նախատեսված մի քանի օրով թռչելով Նահանգներ՝ հասցնում էի լինել բոլոր խոշոր քաղաքներում՝ Նյու Յորք, Վաշինգտոն, Բոստոն, Լոս Անջելես: Դա անընդմեջ մարաթոն էր հիշեցնում, երբ անընդհատ շտապում ես մի հանդիպումից մյուսը ու փորձում ամեն ինչ հասցնել. և՛ շփվել տեղի գաղթօջախի ազդեցիկ մարդկանց հետ, և՛ համայնքների առաջ հանդես գալ մեծ սրահներում: Բացի դրանից՝ քանի որ բոլորը մեծ հետաքրքրություն էին դրսևորում իմ հանդեպ, հրավիրում էին նաև հատուկ կազմակերպված միջոցառումների՝ քաղաքական գործիչների, սենատորների ու կոնգրեսականների, հայտնի լրագրողների ու քաղվերլուծաբանների մասնակցությամբ:

Դրանք իմ առաջին հրապարակային ելույթներն էին Սփյուռքում: Ես հուզական, զգացմունքային ելույթների վարպետ չեմ, իսկ այնտեղ հենց դրան էին սպասում: Սկզբում հուզական տրամադրություն ստեղծում էր տեղացիներից մեկնումեկը, բայց շուտով հասկացա, որ ես էլ եմ կարողանում: Պարզապես պետք էր բացվել մարդկանց առաջ, և դահլիճն անմիջապես «միանում էր», շփումը դառնում էր կենդանի ու հետաքրքիր: Երբեք նախապես պատրաստած ելույթներ չէի կարդում, միայն ուրվագծում էի ելույթի պլանը: Ավելի ուշ, երբ գործարկված ծրագրերն արդեն ընթանում էին ամբողջ թափով, սկսեցին Սփյուռքի համայնքներ հատուկ ալբոմներ ուղարկել՝ առարկայական ֆոտոհաշվետվություններ, թե ինչի վրա են ծախսվել նրանց հավաքած գումարները: Լուսանկարներն արվում էին նույն վայրում. ցույց էինք տալիս, թե այն ինչ տեսք է ունեցել մինչև աշխատանքների սկիզբը և ինչպիսին է հիմա: Օրինակ՝ վերականգնված գյուղ. ահա, թե ինչ էր մնացել պատերազմից հետո, և ահա այսօրվա պատկերը: Շատ հաճախ Սփյուռքի ներկայացուցիչներն ու բարեգործները անձամբ էին գալիս, որ տեղում ծանոթանան ֆինանսավորված նախագծերի արդյունքներին: Տեսածը ուժեղ տպավորություն էր թողնում նրանց վրա ու ոգեշնչում հետագա օգնության: Չէ՞ որ մարդն իր աչքով է տեսնում, թե ինչ արմատական փոփոխություններ են կատարվել իր նվիրատվությունների շնորհիվ, ուզում է շարունակել, իսկ եթե ֆինանսական միջոցները թույլ են տալիս, նաև կրկնապատկում է ջանքերը:

Իմ յուրաքանչյուր ուղևորություն իրական պտուղներ էր տալիս. քաղաքների գաղթօջախները կամ մեծահարուստ մարդիկ ստանձնում էին կոնկրետ խնդիրների ֆինանսավորումը Ղարաբաղում՝ ամբողջովին կահավորել հեռուստատեսությունը, դպրոց կամ այլ կարևոր օբյեկտներ կառուցել: Իհարկե, նման ուղևորությունները ֆիզիկապես ուժասպառ էին անում. թռիչքներից, տարբեր ժամանակային գոտիներից, բազմաթիվ հանդիպումներից ու ելույթներից հետո երեկոյան պարզապես ոտքի վրա մնալ չէի կարողանում: Բայց դրանք հուզական մեծ լիցք էին տալիս, ու միայն արդյունքների ուրախությամբ չէ, որ վերադառնում էի տուն: Շատ ավելի մեծ էր միասնության այն զգացումը, որ ծնվում էր Սփյուռքի հետ շփումից: Տեսնում էի, որ այդ բոլոր մարդիկ ներքուստ կապված են Հայաստանի հետ, նույնիսկ չնայած նրան, որ նրանցից շատերը երբեք այստեղ չէին եղել: Ու նաև հասկացա, որ Հայաստանը պարզապես փոքրիկ հողակտոր չէ՝ բնակեցված 3 միլիոնից մի քիչ ավելի մարդկանցով, այլ ամբողջ աշխարհում շատ լուրջ կարողությունների տիրապետող ժողովրդի հայրենիք: Դա ներուժ է, որը կարող է և պետք է աշխատի Հայաստանի ու Ղարաբաղի ծաղկման և, իհարկե, անվտանգության ամրապնդման համար:

Մեր ողբերգական անցյալը, որը հայերին սփռել է աշխարհով մեկ, այսօր վերածվել է առավելության՝ աշխարհի բազմաթիվ հանգուցային երկրներում Սփյուռքի տնտեսական ու լոբբիստական մեծ ներուժով: Օրինակ, երբ ես՝ չճանաչված հանրապետության նախագահս, եկա Բրազիլիա, հանդիպում կազմակերպեցին այդ երկրի նախագահի հետ զուտ այն պատճառով, որ գաղթօջախի ազդեցիկ մարդկանցից մեկը նրա ընկերն էր: Դիկտատուրայի տարիներին նախագահը հետապնդումների էր ենթարկվել, իսկ այդ մարդը օգնել էր նրան, և ահա նրանք մտերիմ ընկերներ են, իսկ ինձ ընդունում են նախագահական պալատում: Համանման պատմություններ էին կրկնվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, շատ ուրիշ երկրներում. ես ժամանում եմ չճանաչված հանրապետությունից, և ինձ համար հանդիպումներ են կազմակերպում ամենաազդեցիկ կոնգրեսականների, սենատորների, տարբեր քաղաքական ուժերի՝ հանրապետականների, դեմոկրատների ղեկավարների հետ: Այդպիսի պահերին ես հասկանում, որ մեր երկրի ազգային ներուժը բազմապատիկ գերազանցում է ֆիզիկական չափերը: Իմ այդ ընկալումն էր Սփյուռքի հանդեպ քաղաքականության հիմքում, երբ արդեն Հայաստանի նախագահն էի:

1996 թվականի դեկտեմբերին ավարտվում էր իմ նախագահության երկամյա շրջանը, և համընդհանուր ուղղակի ընտրություններ նշանակվեցին, արդեն՝ հնգամյա ժամկետի համար: Կյանքը երկրում կարգավորվում էր, տնտեսության վերականգնումը գնում էր ամբողջ թափով, անցումային շրջանը հաջողությամբ ավարտվել էր, եկել էր տևական հեռանկարով իշխանության կայուն ինստիտուտներ ձևավորելու ժամանակը: Հետաքրքիր է, որ Ղարաբաղում առաջին հետպատերազմական տարիներին իշխանության համար ներքաղաքական պայքար չկար, ու տեսանելի ընդդիմություն չէր ձևավորվել: Ինձ համար իրավիճակը բնական ընթացքով էր զարգանում. սկզբում իշխանությունը ստացա 1992 թվականին, քանի որ բոլորը նրանից հրաժարվում էին: Հետո, նվաճված հաջողության ալիքի վրա, պարզապես փոխվում էին իշխանության ձևերը, վերանվանվում էին նրա ինստիտուտները՝ արտացոլելով նոր իրավիճակը: Ղարաբաղում ես ստիպված չէի պայքարել իշխանության համար, ապացուցել իմ մասնագիտական կարողունակությունը, խոստումներ տալ կամ քաղաքական սակարկություններ անել ընդդիմախոսների հետ: Չէի մտածում սեփական կուսակցություն ստեղծելու, քաղաքական հենարան ձևավորելու մասին: Անսովոր է հնչում, բայց ես պարզապես իմ գործն էի անում, բոլորովին չէի զբաղվում հրապարակային քաղաքականությամբ: Ղարաբաղում ղեկավարելու ամբողջ ընթացքում երբեք ուղիղ հեռուստաուղերձով հանդես չեմ եկել: Ինձ հանրային մարդ չհամարելով՝ բոլոր ելույթները գրում էի, հետո հաղորդավարները կարդում էին դրանք, ու՝ վերջ: Մի խոսքով, դասական քաղաքական գործունեություն չէի վարում ու համոզված եմ, որ այն ժամանակ դրա կարիքը չկար էլ:

Այդ ընթացքում բավական կառուցողական հարաբերություններ էին հաստատվել մեր ղարաբաղցի դաշնակցականների հետ, մանավանդ այն բանից հետո, երբ եկավ Սերժիկ Ամիրխանյանը՝ Դաշնակցություն կուսակցության համակարգողը Ղարաբաղում: Մեր միջև միանգամից շփում հաստատվեց, ու մինչ օրս էլ ջերմությամբ եմ հիշում մեր համագործակցությունը:

Քանի որ ընտրություններից առաջ քաղաքական ընդդիմությունը բացակայում էր, մի պահ նույնիսկ թվաց, որ ստիպված ենք լինելու ինքներս թեկնածուներ փնտրել, որպեսզի անայլընտրանք ընտրություններ չլինեն, սակայն, բարեբախտաբար, բանը դրան չհասավ: Ցանկացողներ ինքնին հայտնվեցին: Մարդիկ էին, որոնց լավ էի ճանաչում, բայց նրանք հաղթելու հավանականություն չունեին: Արդյունքում՝ չափազանց քիչ ձայներ հավաքեցին, ու ես վերընտրվեցի, բայց այս անգամ՝ ուղղակի համընդհանուր քվեարկությամբ: Նախընտրական քարոզարշավ չէի վարում. համարում էի, որ պետք չէ: Երևի իրավացի էի. ինչպես պարզվեց՝ բոլորի համար ամեն ինչ ակնհայտ էր: 80 տոկոսից մի քիչ ավելի ձայն հավաքեցի, և, անկեղծ ասած, թվերը նույնիսկ շփոթեցնող էին: Խելագար պատասխանատվություն է, երբ այդքան մարդ վստահում է քեզ:

Հայաստանում այդ տարիներին ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր էր մնում, և այդ ֆոնին շարունակում էին աճել բողոքի տրամադրությունները: 1995 թվականի խորհրդարանական ընտրություններն անցան սուր պայքարում և իշխանության ու ընդդիմության ուժգին դիմակայություն առաջացրին: ՀՀՇ կուսակցությունը, անվերապահ հավատալով սեփական ընտրյալությանն ու անփոխարինելիությանը, անհանդուրժող էր դարձել քննադատության հանդեպ, իսկ ընդդիմության դեմ վարչական լծակների և ուժային գործողությունների կիրառումը նորմ էր դառնում: Քաղաքական հակառակորդների ու քննադատների մի շարք աղմկոտ սպանություններ եղան: Համառ լուրեր էին պտտվում, որ այդ ամենի հետևում կանգնած է ներքին գործերի օդիոզ նախարար Վանո Սիրադեղյանը: Սրվել էին հակասությունները Դաշնակցություն կուսակցության հետ, որը որոշել էր իշխանությունների դեմ պայքարել նույն մեթոդներով, որոնք իշխանությունն օգտագործում էին իր դեմ: Դաշնակցականներին սկզբում թվում էր, թե, նկատի ունենալով իրենց պատմական առաքելությունը, պետք է առաջատար քաղաքական ուժ դառնան նոր Հայաստանում, բայց դա տեղի չունեցավ: Անկախության վերականգնման գործընթացում ՀՀՇ-ն իրեն շատ ավելի եռանդուն ու ակտիվ դրսևորեց հրապարակային քաղաքականության մեջ ու վստահ վերցրեց իշխանությունը: Նրանց ու դաշնակցականների հակամարտությունը համարյա անխուսափելի էր, և շատ շուտով Դաշնակցություն կուսակցությունն արգելեցին, իսկ առաջնորդներից շատերին բանտարկեցին: Այդ ամենը կատարվում էր Տեր-Պետրոսյանի և դաշնակցականների այն ժամանակվա ղեկավար Մարուխյանի միջև անձնական խոր անբարյացակամության ֆոնին: Տեր-Պետրոսյանի հայրը ժամանակին սիրիա-լիբանանյան կոմկուսի հիմնադիրներից ու քաղբյուրոյի անդամներից մեկն էր եղել, իսկ կոմունիստների ու դաշնակցականների միջև միշտ խոր թշնամանք կար, այնպես որ, այստեղ կարելի է մտածել նաև ընտանեկան ավանդույթի մասին: Լարվածությունն ավելի էին խորացնում Դաշնակցություն կուսակցության՝ Սփյուռքում համահայկական առաջնորդ լինելու ակնհայտ հավակնությունները:

Հայաստանի ներքաղաքական հակամարտությունը իրական բարդություններ էր ստեղծում Ղարաբաղի համար: Մենք առավելագույնս զերծ էինք մնում այդ ամենից՝ բնականոն հարաբերություններ պահելով ընդդիմության, այդ թվում՝ դաշնակցականների հետ, և դա շատ էր անհանգստացնում Հայաստանի նախագահին: Բազմիցս փորձել էի նրան բացատրել մեր դիրքորոշումը. «Հասկացիր, մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղը չքաղաքականացնելու համար: Մենք ուզում ենք, որ Ղարաբաղին ցուցաբերվող աջակցությունն ու օգնությունը կախված չլինեն Հայաստանի քաղաքական իրավիճակից: Դա համազգային խնդիր է, իսկ Ղարաբաղը չպիտի միանա ձեր ընտրարշավին, ո՛չ Դաշնակցություն կուսակցության, ո՛չ Հայաստանի մյուս ընդդիմադիր գործիչների հետ ձեր հակամարտությանը»:

Դաշնակցականներն այդ ժամանակ գերիշխող դիրք ունեին Սփյուռքի բազմաթիվ օջախներում, ուստի ջանում էինք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ: Բացի դրանից՝ ես համաձայն չէի ներքաղաքական պայքարում ՀՀՇ-ի մեթոդներին ու կարծում էի, որ կարելի ու հնարավոր է լեզու գտնել դաշնակցականների հետ:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...