Skip to main content

Շուշիի գրավումը

 

Խոջալուից հետո մի շարք հաջող ռազմական գործողություններ իրականացրինք, որոնք մեզ թույլ տվեցին վերահսկողություն հաստատել գործնականում բոլոր ադրբեջանական գյուղերի վրա, որոնք հենակետերի էին վերածվել Ղարաբաղի ներսում, և ապաշրջափակել բոլոր ճանապարհները, բացի Շուշիի շրջանից: Դա մեզ գործողությունների ավելի մեծ ազատություն տվեց, բայց Ղարաբաղի ընդհանուր շրջափակումը շարունակվում էր: Հայաստանի, ուրեմն և ամբողջ արտաքին աշխարհի հետ կապն իրականացվում էր մի քանի Մի-8 ուղղաթիռներով: Դրանք հասցնում էին ամենաանհրաժեշտը, հիմնականում վառելիք ու զինամթերք, և յուրաքանչյուր թռիչք վտանգավոր էր. ցանկացած պահի ուղղաթիռը կարող էին խփել:

Շուշիից շարունակվող հրետակոծությունը բազմապատիկ ուժգնացել էր այնտեղ «Գրադ» հրթիռային կայանքներ տեղափոխելուց հետո: Բարձրադիր Շուշիից, որն ուղիղ գծով Ստեփանակերտից ընդամենը 6 կիլոմետր էր հեռու և 400 մետր բարձր, քաղաքն ասես ափի մեջ լիներ, ամեն մանրուք պարզ երևում էր, և ամեն տուն, ամեն փողոց իդեալական թիրախ էր: Կրակողներն աչքաչափով էին ճշտում կրակը, առանց սարքավորումների էլ հրաշալի տեսնում էին՝ ուր են ընկնում արկերը: Ասենք, անկանոն էին կրակում, անկանոն ու դաժան, կրակում էին գիշեր ու ցերեկ, ակնհայտ նպատակով՝ ջնջել Ստեփանակերտը երկրի երեսից: Ասում են՝ ադրբեջանական զինվորականները երբեմն այդպես ուղղակի զվարճանում էին, ու նրանց սպաներից մեկը՝ Ազայ Քարիմովը, ասել էր հարցազրույցի ժամանակ, ու ԶԼՄ-ները հաճախ մեջբերում էին. «Գիշերվա հարբեցողությունից հետո ով շուտ էր վեր կենում, խումհարի մեջ կարող էր մոտենալ հրանոթին ու կրակել, կրակել, կրակել Ստեփանակերտի վրա՝ առանց որևէ կոորդինատի՝ հաստատ մի տեղ կպայթի»:

Դեռ բոլորովին վերջերս հրետակոծությունների դադարներին ստեփանակերտցիները դուրս էին գալիս նկուղներից, ինչ-որ բան նորոգում, վերականգնում, փորձում կարգի բերել, իսկ հիմա այդ ամենն անհնար և անիմաստ էր դարձել: Կրակն անընդմեջ էր, միայն երբեմն կարճ ժամանակով, գուցե՝ մի ժամի չափ, դադար էին տալիս, երևի երբ զինվորները գնում էին ճաշի: Ամեն օրը նոր զոհեր էր բերում, ու մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում էին լքում ապաստարանները: Քաղաքն ավերվում էր մեր աչքի առաջ, դեռևս պահպանված շենքերից ոչ մեկի պատուհաններին ապակի չկար: Մենք վաղուց արդեն ապրում էինք առանց լույսի ու տաքության, սննդամթերքի խիստ պակաս կար, հիմա էլ դրան նոր խնդիր գումարվեց. վտանգավոր դարձավ ջրի գնալը: Զարմանալի է, բայց նույնիսկ այդ ծանրագույն օրերին ղարաբաղցիներն արիաբար էին կրում բոլոր փորձությունները: Ոչ մի դժգոհություն, ոչ մի տրտունջ: Նույնիսկ սպանվածներին էին սկսել անարցունք թաղել: Ըստ երևույթին, մեր համառությունն իսկապես առանձնահատուկ է, նույնիսկ իռացիոնալ:

Այդպիսի մթնոլորտում Շուշիի գրավումն ամենակուլ գաղափար դարձավ, ու որքան շատ էին կրակում այնտեղից, այնքան այդ գաղափարը սևեռուն էր դառնում: Մենք պետք է ազատագրեինք Շուշին Ստեփանակերտի ոչնչացումը կանգնեցնելու համար: Մենք պետք է ազատագրեինք Շուշին, որ գնայինք առաջ, դեպի Լաչին, բացեինք Հայաստանի ճանապարհը, որից վաղուց կտրված էինք, ու ճեղքեինք բազմամյա հյուծող շրջափակումը: Շուշիի ազատագրումը նաև քաղաքական նշանակություն ուներ. Ղարաբաղի խանության հինավուրց մայրաքաղաքն էր, դրամատիկ պատմություն ունեցող քաղաք, որի պատկանելությունը վաղուց ի վեր բազում վեճեր ու բախումներ էր հարուցում մեր ու Ադրբեջանի միջև: Վերջապես, Շուշին կարևոր էր նաև ռազմավարական առումով. քաղաքը Ղարաբաղի կենտրոնում՝ հենց սրտում է: Բայց մենք՝ Ստեփանակերտի բնակիչներս, 1992 թվականի մայիսին Շուշին վերցնելու մեր պատճառն ունեինք, անվերջանալի հրետակոծությունները լցրել էին համբերության բաժակը:

Աշխարհի ամենաանառիկ ամրոցներից մեկը գրավելը ռազմական արվեստի տեսանկյունից ծայրահեղ բարդ խնդիր էր: Ժամանակին Շուշին պարսկական զորքերի 2 տևական պաշարման էր դիմացել՝ 1795 և 1826 թվականներին: Լեռնային սարահարթին տարածված քաղաքի տեղը պատահմամբ չէր ընտրվել. Շուշին 3 կողմից շրջապատված է կիրճերով, իսկ մուտքը փակում են ուղղաբերձ ժայռերը: Չորրորդ կողմից Շուշին պաշտպանում են ամրոցի պարիսպները: Ռազմական գիտությունը համարում է, որ այդպիսի գրոհի դեպքում հաղթանակը հսկայական կորուստներ է ենթադրում ու սկզբունքորեն անհնար է առանց հակառակորդի նկատմամբ նշանակալի ուժային գերազանցության: Մենք որևէ գերազանցություն չունեինք և հասկանում էինք, որ մեր առաջ հեշտ խնդիր չէ, բայց ընտրություն չունեինք:

Շուշիի մոտալուտ գրոհի լուրն ակնթարթորեն տարածվեց քաղաքում: Ջոկատներին անդամագրվել ցանկացող կամավորների հերթեր գոյացան. համարյա ամբողջ քաղաքը եկել էր զինվորագրվելու: Ստեփանակերտի անընդմեջ հրետակոծություններն այնպես էին զզվեցրել բնակիչներին, որ ամեն մեկն իր պարտքն էր համարում մասնակցել գործողությանը: Ե՛վ լրիվ երեխաներ էին գալիս, և՛ տարեցներ. ոչ ոք չէր ուզում անմասն մնալ՝ պատվի խնդիր համարելով բոլորի հետ լինելը: Տարեցներին փորձում էին համոզել՝ հայրի՛կ, քո կռիվն արդեն կռվել ես, խնայի՛ր քեզ: Խորին վիրավորվածություն՝ ի պատասխան. «Եթե արկից զոհվեմ փողոցում կամ նկուղում, ավելի պատվավո՞ր մահ կլինի, հա՞»: Նրանց էլ էին զենք տալիս՝ առանձին ջոկատներ կազմելով:

Դա հզոր բարձրակետ դարձավ, մարդկանց պատած համընդհանուր, միասնական հուզական պոռթկում: Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ համայնական համբերությամբ կրում էին զրկանքներն ու դժվարությունները անընդհատ քաղաքի վրա թափվող արկերի տակ, այնպես էլ պատրաստ էին գնալ մարտի: Ասես համբերության միասնական բաժակը մի ակնթարթում լցվել ու թափվել էր՝ վերածվելով համաժողովրդական ցասման հեղեղի, որը կարող է ամեն ինչ սրբել իր ճանապարհին: Այդ տրամադրությունները հողմի արագությամբ տարածվեցին Հայաստանով մեկ՝ հիրավի համազգային գաղափար դառնալով:

Գուցե հենց դրա համար էլ հաղթեցի՞նք:

Համոզված եմ, որ ցանկացած գործողության հաջողությունը միայն կուտակված ուժերի, սպառազինության ու զինամթերքի քանակից չէ կախված. չէ՞ որ այդ բոլոր չափանիշներով հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ: Հաղթելու կարողությունը նախ և առաջ որոշվում է նրանով, թե քանի մարդ է պատրաստ մինչև վերջ գնալ մարտում, քանի՞սն են պատրաստ մեռնելու: Այդ տարիներին մեզ թվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պատրաստ է գնալու մինչև վերջ: Ու նաև՝ այդ տարիների իրադարձությունների մասին մտածելիս հիշում եմ մարդկանց, որոնց կամքով ու ջանքերով հնարավոր դարձավ հաջողությունը: Վազգեն Սարգսյանի շնորհիվ Հայաստանից կամավորների բազմաթիվ ջոկատներ տեղափոխվեցին, որոնք մղվում էին մասնակցելու պատմական գրոհին: Մեզ զինամթերք ու վառելիք էին հասցնում գործողության կարիքներն ապահովելու համար: Իհարկե, չէր հերիքում. շա՞տ բան է հնարավոր բերել մի քանի ուղղաթիռով: Բայց այդ իրավիճակում ցանկացած օգնություն թանկ արժեր:

Հիշում եմ ջոկատների հրամանատարներին. նրանց խիզախությունը, խանդավառությունն ու հայրենասիրությունը փոխհատուցում էին զինվորական գիտելիքների ու փորձի պակասը: Կարևոր դեր կատարեց Սամվել Բաբայանը, որը պնդում էր լայնածավալ գործողության, միանգամից մի քանի ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը. միաժամանակ գրոհել Շուշին ու Շուշիի շրջանի մի քանի գյուղ, թափանցել հակառակորդի խոր թիկունք՝ Շուշիից այն կողմ, լիակատար շրջապատման սպառնալիք ստեղծել նրա համար ու թույլ չտալ հնարավոր օժանդակ ուժերի տեղաշարժը: Ենթադրվում էր, որ այդ գործողությունները խուճապ կառաջացնեն հակառակորդի մեջ: Հաշվի առնելով մեր ռեսուրսների սահմանափակ լինելը՝ այդ պլանը զուտ արկածախնդրություն էր թվում:

Մի բարդություն էլ կար:

Այդ պահին դեռ չէինք հասցրել կանոնավոր բանակ կազմավորել, ու մեր զինված ուժերը բաղկացած էին բազմաթիվ տարանջատ ջոկատներից: Կենտրոնական հրամանատարությունը նոր-նոր էր ձևավորվում և ավելի շուտ ինչ-որ համակարգող կենտրոն էր: Ամեն ջոկատ իր հրամանատարն ուներ, որը սովոր էր տեղային խնդիրներ լուծել և ինքնուրույն որոշումներ կայացնել, ոչ թե ենթարկվել վերևից եկող՝ ուրիշի հրամաններին: Ծավալուն գործողությունների համար այդպիսի ինքնուրույնությունը բացարձակապես պիտանի չէր. հաջողությունը կախված էր ընդհանուր գործողությունների հստակությունից ու համակարգվածությունից: Այն ժամանակ ամեն ինչ հիմնվում էր կոնկրետ մարդկանց անձնական հեղինակության ու ազդեցության վրա, և դա որոշվում էր ոչ թե աստիճանակարգությամբ, այլ նրանց անձնական որակներով:

Սերժ Սարգսյանը վաղուց էր համակարգում ջոկատների գործունեությունը, բայց հիմա արդեն պաշտոնապես Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ էր: Իսկ Սամվել Բաբայանի կամային որակները բնական կերպով նրան առավել ազդեցիկ էին դարձնում հրամանատարների շրջանում: Հայաստանում, անկասկած, այդպիսի ազդեցիկ անձնավորություն էր Վազգեն Սարգսյանը: Իսկ այդ ժամանակ՝ Շուշիի գրոհից առաջ, գործողության ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին, որը պրոֆեսիոնալ զինվորական էր և արդեն մի քանի ամիս է՝ Ղարաբաղում էր:

Ինձ անհանգստացնում էր, որ գրոհի օրը տարբեր պատճառներով արդեն մի քանի անգամ փոխվել էր: Մենք կարող էինք դիրքային մարտերում ծախսել այնքան դժվարությամբ Հայաստանից հատուկ այդ խնդրի լուծման համար բերված վառելիքն ու զինամթերքը: Ադրբեջանցիներն ամեն պահ կարող էին խփել Լաչինի ու Քելբաջարի շրջանների վրայով անցնող մեր ուղղաթիռները ու լրիվ կտրել մեր կապը Հայաստանի հետ: Դա աղետալի հետևանքներ կունենար: Վախենում էի, որ հապաղելու դեպքում բաց կթողնենք հարմար պահը. մեծ իրադարձության համընդհանուր սպասումն ու կոլեկտիվ կամքի համախմբումը պարզապես չէին դիմանա տևական լարվածությանը:

Առաջին ահազանգը հանդիպումն էր Հայաստանից եկած ջոկատներից մեկի հրամանատարի հետ: ՀՀՇ-ի ջոկատներից էր, ու հանդիպեցինք նրանց խնդրանքով, թիկունքային ապահովման ծառայության տարածքում, ավտոբազայից ոչ հեռու: Հրամանատարն ու տեղակալը հանկարծ սկսեցին  միահամուռ համոզել, որ Շուշիի գրավումը կարող է աղետ դառնալ մեզ համար: Որ դա պատմական սխալ է, ու եթե իրականացնենք գործողությունն ու գրավենք քաղաքը, կհետևի միջազգային հանրության խիստ բացասական արձագանքը: Որ այդ ամենը ծանր հետևանքների կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի համար: Ընդ որում՝ հղում էին անում Աշոտ Մանուչարյանին, որն այն ժամանակ Հայաստանի նախագահի խորհրդականն էր, ու պնդում էին, որ խոսում են նրա անունից:

Ես շատ կտրուկ արձագանքեցի. Շուշին չգրավել՝ նշանակում է վաղը հանձնել Ստեփանակերտը, ա՞յդ են ուզում:

-Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք իրավիճակը: Ի՞նչ ծանր հետևանքներ: Ի՞նչը կարող է ավելի ծանր լինել նրանից, ինչ արդեն կա: Եթե միջազգային հանրություն գոյություն ունի, եթե որևէ ազդեցություն ունի իրադարձությունների վրա, ինչո՞ւ չի դադարեցնում Ստեփանակերտի ամենօրյա հրետակոծությունները: Այնպես որ, մոռացե՛ք միջազգային հանրության ու նրա արձագանքի մասին: Եթե չեք ուզում մասնակցել գործողությանը, եթե այն ճիշտ չեք համարում, ի՞նչ եք անում այստեղ: Կարող եք չմասնակցել, կարող եք հետ գնալ:

Եթե այդ երկուսը մտածում էին, թե կհամոզեն ինձ, որ հետաձգենք Շուշիի գրոհը, ապա հասան ճիշտ հակառակին: Մեր խոսակցությունն ընդամենը ամրապնդեց համոզմունքս, որ պետք է մոտեցնել գրոհի ժամկետը: Այդ հանդիպումից անմիջապես հետո Սամվել Բաբայանի ու Սերժ Սարգսյանի հետ, ժամկետը վերջնականապես որոշելու վճռականությամբ, գնացինք շտաբ: Այնտեղ նորից վեճ ծագեց՝ գործողությունը հետաձգելու հերթական փորձը: Ինչո՞ւ: Որովհետև հիմա էլ, լրիվ անսպասելի, սարերում ուժեղ ձյուն է եկել: Պլանի կարևոր մասն այն էր, որ խմբերից մեկն ուղարկվում է խոր թիկունք, շրջանցում Շուշին. բարձրանում Լիսագորի լեռնանցքն ու փակում այն: Այդպիսով շրջափակում է Շուշին Լաչինի հետ կապող ճանապարհը և, ադրբեջանցիներին օժանդակ ուժեր ստանալու հնարավորությունից զրկելով, ամբողջացնում Շուշիի շրջապատումը: Ընդհանուր մտահղացումն այսպիսին էր. եթե մարդիկ Շուշիից հեռանում են այդ ճանապարհով, ձեռք չտալ, իսկ հակառակ կողմից ոչ մեկին չթողնել: Լիսագորի լեռնանցքի ճանապարհը դժվարանց էր, և այդ խմբի հրամանատարը կասկածում էր, որ կհաջողվի կատարել առաջադրանքը:

Շտաբում այդ տեսակետը պաշտպանում էր դաշնակցականների ընդհատակի ղեկավարներից Վալերա Բաբայանը, որն անկասկած շարժման նվիրված մասնակից էր, բայց վատ գիտեր տեղանքը:

-Չէ՛, այդտեղով անցնել չենք կարողանա, սարերում հիմա բարձր ձյուն է: Նախատեսված ժամանակին լեռնանցք հասնել ֆիզիկապես հնարավոր չէ: Պետք է սպասել, մինչև ձյունը կհալվի, հետո նոր…

Ես ընդհատեցի նրան.

-Սպասի՛ր: Լսե՛ք, պատմություն մի՛ սարքեք: Մայիսին սարերում հարավային լանջերով միշտ էլ կարող ես հասնել ուր կուզես: Ես ինքս կգնամ: Փոխում ենք խմբերը: Դուք ուրիշ ուղղությամբ կգնաք, իսկ այս կողմ կգնանք մենք՝ երկրորդ վաշտով:

Երկրորդ վաշտի հրամանատարը Կարո Բաբայանն էր՝ Սամվելի եղբայրը: Սամվելն ինքը հայտարարեց, որ ինձ հետ է գալիս: Փորձեցի համոզել. «Ի՞նչ ես ասում: Դու լրիվ ուրիշ խնդիրներ ունես, հրամանատարական կետում պիտի լինես»: Բայց հորդորներս չազդեցին: Սամվելն ասաց. «Եթե դու գնում ես, ես էլ եմ գալիս: Չեմ կարող մնալ: Չեմ կարող քեզ մենակ թողնել»: Այդպիսի հարաբերություններ ունեինք այն ժամանակ…

Եվ այսպես, վերջապես նշանակեցինք հարձակման օրը. մայիսի 8:

Այնպես ստացվեց, որ նույն օրը Տեր-Պետրոսյանի այցն էր Թեհրան, որտեղ քննարկվում էին Իրանի խաղաղարար նախաձեռնությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ադրբեջանական պատվիրակության մասնակցությամբ: Մենք գաղափար չունեինք այդ այցի մասին. ամբողջովին տարված էինք գործողության նախապատրաստությամբ, ու նաև շրջափակման պայմաններում էինք ապրում, առանց էլեկտրականության, Հայաստանի տեղեկատվական դաշտից կտրված: Իհարկե, տհաճ իրավիճակ է, Հայաստանի նախագահի այցի ընթացքում սկսվում է Շուշիի գրոհը: Հետո Տեր-Պետրոսյանից նեղացած իրանցիներին երկար ու կարծես թե՝ անպտուղ համոզում էինք, որ պատահական զուգադիպություն էր: Նրանք չէին կարողանում հավատալ, որ Հայաստանի նախագահը չի իմացել այդպիսի ծավալուն ռազմական գործողության սկսվելու մասին:

Նախօրեի երեկոյան մեր խումբը՝ 50-60 մարդ, դուրս եկավ Սղնախ գյուղից: Դրանից մի քանի օր առաջ զինվորական սապոգներ էի հագել, որոնցով սարերում էի լինելու, ու չէի հանում, որ ոտքերս սովորեն. իմ փորձից գիտեի, որ սարերում դա ամենևին էլ մանրուք չէ:

Ամբողջ գիշերը գնացինք: Շատ զգույշ էինք շարժվում. կարգին հետախուզություն չէր արվել, իսկ մենք շատ էինք խորացել թշնամու թիկունքը: Ադրբեջանցիների դիրքերի, պահակակետերի ու հնարավոր ականապատված տեղամասերի վերաբերյալ ստույգ տվյալներ չունենալով՝ սպասում էինք ցանկացած անակնկալի: Մեզ հետ ուղեկցող էր գնում, այդ գյուղի տղաներից, որսորդ: Աննկատ պիտի մնայինք, իսկ նա գիտեր, թե որ լեռնալանջերը չեն երևում ճանապարհից, ասում էր՝ որտեղ պիտի զգույշ լինենք, որտեղ պետք է թաքնվել, որ մասերում չարժե ծխել: Երթուղին իսկապես բարդ էր: Հյուսիսային լանջերին դեռ խոր ձյուն էր, ու ստիպված էինք ձյան միջով անցնել՝ երբեմն մինչև գոտկատեղը թաղվելով: Ծանր իրերը, զենքից ու զինամթերքից բացի, թողել էինք ճանապարհին՝ որոշելով, որ վերադարձին կվերցնենք: Բոլորը սառել էին. բարձրությունը զգացվում էր: Եվ ինչքան վեր էինք բարձրանում, այնքան ցրտում էր:

Մայիսի 8-ի առավոտյան հասանք սարի գագաթը՝ ուղիղ Լիսագորի լեռնանցքի վրա և… անսպասելի հանդիպեցինք ադրբեջանական պահակակետի: Ամբողջ անցման ընթացքում՝ առաջին անգամ: Անսպասելի, որովհետև հետախուզությունը լրիվ այլ կերպ էր պատկերել նրանց դիրքերը: Այնտեղ, ուր մեր տվյալներով պիտի լիներ հակառակորդ, ոչ ոք ու ոչինչ չկար, իսկ հանդիպեցինք, որտեղ բոլորովին չէինք սպասում: Մեծ պահակակետ չէր, ավելի շուտ՝ պարզապես դիտակետ: Կարճ փոխհրաձգություն սկսվեց, որն ավարտվեց հակառակորդի հապճեպ փախուստով: Չհետապնդեցինք. մարտի բռնվելը մեր խնդիրների մեջ չէր մտնում: Մեր մարտիկներից մեկը ձեռքի թեթև վնասվածք ստացավ, արմունկից վեր, բայց մնաց շարքում:

Ահա ճանապարհը, որին պիտի հետևենք՝ մեր ներքևում: Ոչ ոք աննկատ անցնել չի կարող:

Չնայած ցրտին, կրակ չարեցինք, մեզ կարող էին նկատել: Որ չսառչենք՝ ոչ մեծ խմբերով շուրջանակի նստում ու տաքանում էինք իրար սեղմվելով: Ցերեկը արև ելավ, ու նույնիսկ մի քիչ շոգեց: Ակնդետ հետևում էինք ճանապարհին, բայց մեր բոլոր մտքերն այն մասին էին, թե այնտեղ՝ ներքևում, ինչպես են ծավալվում իրադարձությունները: Ահավոր լարված՝ տեղեկությունների էինք սպասում: Ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերցրի՞ն քաղաքը: Մերոնք մտա՞ն, թե՞ չմտան Շուշի: Կապը ռացիայով էր, Սամվելը համարյա չէր կտրվում նրանից՝ մշտական կապ պահելով հրամանատարական կետի հետ: Տեսնում էինք ճանապարհով անցնող մարդկանց, ավտոբուսների, ավտոմեքենաների անվտանգ հոսքը. քաղաքացիական բնակչությունն անկանոն լքում էր Շուշին: Մենք հույս ունեինք, որ եթե բնակչությունը հեռանա, զինվորականներն էլ հաստատ վաղ թե ուշ կթողնեն քաղաքը. բայց ե՞րբ: Հակառակորդի ռադիոկապից դատելով՝ վախեցած էին, լսում էինք նրանց հետ հուսահատությունը, օժանդակ ուժեր էին խնդրում: Խնդրանքն ապարդյուն էր. մենք ամբողջ օրը բացառապես միակողմանի շարժում էինք տեսել՝ միայն քաղաքից: Որևէ հանդիպակաց շարժում չկար: Ոչ մի օժանդակություն: Ոչ ոք օգնության գալու նույնիսկ փորձ չարեց: Լսում էինք, թե զինվորականների մեջ ինչպես է աճում խուճապը: Իհարկե, երբ հակառակորդը տեսնում է, որ հանկարծ հայկական ջոկատներ են հայտնվում իր խոր թիկունքում, ու միաժամանակ, արդեն մյուս կողմից, ուրիշ շրջանում, բայց էլի խոր թիկունքում, նույնպես հայտնվում են ջոկատներ… և էլի՛,էլի՛… և այդ ջոկատները հայտնվում են մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր զորքերը շատ, անհամեմատելի շատ են, քան իրականում: Հակառակորդին թվում է, որ շրջապատման մեջ է ընկել, և օղակը քաղաքի շուրջը ուր որ է կփակվի:

Բայց և այնպես, Շուշին շարունակում էր պաշտպանվել: Հիմնական մարտը քաղաքի հյուսիսային ու արևելյան կողմում էր, որտեղ բարձրանալու հնարավորություն կար: Գլխավոր ուղղությամբ հարձակման ժամանակ, հենց ճանապարհին խփվեց մեր տանկը: Անձնակազմը, հրամանատարից բացի, չհասցրեց դուրս գալ ու զոհվեց:

Երեկոյան իմացանք, որ քաղաքը գրավել չի հաջողվել:

Այդ տեղեկությունը ստանալով՝ ես ու Սամվելը, արդեն մթնշաղին, մի փոքր խումբ թողնելով լեռնանցքում՝ ճանապարհին հետևելու, իջանք ներքև, շտաբ: Շտաբում ամփոփեցինք առաջին օրվա արդյունքներն ու ծրագրեցինք հետագա գործողությունները: Առաջադրված խնդիրը մասամբ էինք լուծել. շրջակա գյուղերը գրավված են, բայց Շուշիի գրոհը հետ է մղվել, 2 կողմն էլ կորուստներ ունեն: Պետք էր կենտրոնացնել բոլոր ուժերը՝ առավոտյան նոր գրոհ ձեռնարկելու համար: Մեր ջոկատի մի մասը իջավ լեռնանցքից ու միացավ մյուսներին: Գիշերը աննկատ թռավ. բոլորը լարված ու բորբոքված էին. սպասում էին մարտի:

Առավոտյան, երբ արդեն պատրաստվում էինք սկսել հարձակումը, դիտարկումը ցույց տվեց, որ քաղաքում ոչ մի շարժում չկա: Սա ի՞նչ է: Հակառակորդի ռազմական խորամանկությո՞ւն: Սկսեցինք զգուշորեն առաջ շարժվել: Մոտեցանք Շուշիին. ոչ ոք: Ոչ ոք չի՞ պաշտպանում քաղաքը: Ջոկատ ջոկատի ետևից առաջ էինք գնում, ավելի՛, ավելի՛, ավելի՛. այդպես էլ առանց մի կրակոց արձակելու մտանք Շուշի…

Մարդ չկա: Քաղաքը դատարկ է:

Պարզվեց՝ վերջին պաշտպանները գիշերը լքել են Շուշին: Նրանց հեռանալը չէինք տեսել, որովհետև լեռնանցքում, հիմնական ճանապարհի գլխին մեր ջոկատը նկատելով՝ շրջանցիկ ուղիներով, գյուղերով էին հեռացել քաղաքից: Վախեցնելու, խուճապ տարածելու մեր պլանը գործե՛լ էր: Խուճապահար էին փախել՝ մեծաքանակ տեխնիկա, սպառազինություն ու զինամթերք թողնելով: Երբ մեր զինվորականները տեսան ռազմավարի չափը, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար: Շուշիի նշանավոր Ղազանչեցոց եկեղեցում, որն ադրբեջանցիները պահեստ էին դարձրել, համոզված, որ հայերը եկեղեցու վրա չեն կրակի, «Գրադ» կայանքի հրթիռներով հարյուրավոր արկղեր հայտնաբերեցինք: Այդ հրթիռներն այլևս երբեք չեն թռչի Ստեփանակերտի ուղղությամբ:

Դժվար է նկարագրել մեր ցնծությունը, երբ գիտակցեցինք, որ քաղաքը մերն է: Գիշերային լեռնային տանջալի արշավի հետևանք մկաններիս ցավն անմիջապես անցավ: Մարդիկ գրկախառնվում էին, ծիծաղում ու լալիս միաժամանակ, ոմանք պարում էին, ոմանք, չկարողանալով զսպել ոգևորությունը, թռչկոտում էին, գոռում, օդ կրակում…

Դա նման ծավալի առաջին գործողությունն ու մեր առաջին խոշոր հաղթանակն էր պատերազմում:

Հիմա, հիշելով այդ իրադարձությունները, մտածում եմ, որ հակառակորդը պարզապես հոգեբանորեն պարտվեց մեզ: Եթե վճռական տրամադրվեին մինչև վերջ կանգնելու, եթե ամուր պահեին Շուշին, շատ դժվար կլիներ գրավել քաղաքը. չէ՞ որ իսկապես անառիկ ամրոց է: Ստիպված պիտի շրջապատեինք ու պաշարում սկսեինք: Մեկ է՝ կգրավեինք, համոզված եմ, բայց մեծ կորուստների և բոլոր ուժերը հյուծելու գնով:

Բայց նրանք մինչև վերջ կանգնելու վճռականություն չունեցան…

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...