Ադրբեջանը
պատրաստվում էր պատերազմի:
Ու
հենց այդ ժամանակ՝ 1992 թվականի մայիսին, սկսեց կյանքի կոչվել սովետական ռազմական գույքի
փոխանցման համաձայնագիրը: Բուն զորքերի դուրսբերումը շատ ավելի վաղ էր սկսվել, ու նախատեսված
էր դրանց ողջ ունեցվածքը դուրս բերել զորքերի հետ միասին: Բայց Սովետական Միության
փլուզման հետևանքով սկսված քաոսի պայմաններում սպառազինության տեղաշարժը վերահսկելն
անհնար էր: Ասենք, արդեն չկար էլ մի ուժ, որը կկարողանար վերահսկել այդ գործընթացը:
Անհանգիստ տարածաշրջանում խիստ աճել էր զենքի պահանջարկը, ու փողով լուծվում էր ցանկացած
հարց. թղթի վրա ցույց էր տրվում, թե զինվորական գույքը դուրս է բերվել, բայց փաստացի
դա տեղի չէր ունենում և այն մնում էր տեղերում: Իսկ հիմա, համաձայնագրի շրջանակներում,
օրինական հիմքով Ադրբեջանին էր հասնում այն ամենը, որ տեղակայված էր նրա տարածքում:
ԼՂԻՄ-ում եղածն այդ ընթացքում մենք արդեն վերցրել էինք:
Տարածքում
տեղակայված զորամասերի քանակով Ադրբեջանը զգալիորեն գերազանցում էր Հայաստանին: Օրինակ,
Գյանջայում էր տեղակայված 4-րդ բանակի ամենամեծ՝ 23-րդ դիվիզիան, ու դրա ամբողջ սպառազինությունը,
ներառյալ՝ մեծ թվով զրահատեխնիկա, որ բաժին ընկավ Ադրբեջանին, ընդ որում՝ հրամկազմի
մի մասի հետ: Երկրի փլուզման հետևանքով սովետական սպաներից շատերի ապագան այնքան մշուշոտ
էր, որ ոմանք հաճույքով համաձայնեցին կռվել Ադրբեջանի կողմից՝ հուսալով արձակման նպաստ
վաստակել:
Չգիտես
ինչու՝ ՍՍՀՄ-ում Անդրկովկասյան զինվորական օկրուգի հիմնական սպառազինությունը կենտրոնացած
էր Ադրբեջանում ու Վրաստանում: Հենց Ադրբեջանում էին կենտրոնացված օկրուգի զինամթերքի
բոլոր պահեստները, իսկ Հայաստանում այդպիսիք ընդհանրապես չկային: Հնարավոր է՝ դա պայմանավորված
էր լոգիստիկ հարմարավետությամբ, կամ, գուցե, միութենական ղեկավարությունն այդպես էր
գնահատում հնարավոր մարտական գործողությունների թատերաբեմը: Չէ՞ որ Երևանը Թուրքիայի
սահմանից ընդամենը 10-15 կիլոմետրի վրա է, ու Մոսկվան վախենում էր, որ պատերազմի դեպքում
Հայաստանը կարող է ժամանակավորապես հայտնվել թուրքական օկուպացիայի տակ: Ինչևէ, մեզ
բաժին հասածը Ադրբեջանի ստացած սպառազինության հետ որևէ մրցակցության չէր դիմանում:
Իսկ
նրանք 3 զինվորական օդանավակայան ունեին. մեկը՝ Բաքվից ոչ հեռու, երկրորդը՝ Կիրովաբադում,
իսկ երրորդը, մեզ համար ամենատհաճը, Քյուրդամիրում: Ընդհանուր առմամբ, նրանց սեփականությունն
էր դարձել 50-ից ավելի մարտական ինքնաթիռ: Այսպիսով, Ադրբեջանն ուներ իր ավիացիան,
բայց քանի որ օդաչուներ չունեին, ամբողջ պատերազմի ընթացքում մեզ ռմբակոծում էին վարձկանները՝
նախկին սովետական օդաչուները: Մենք դրա մասին գիտեինք ռադիոկապից, պատերազմի ընթացքում
էլ տեսնում էինք, որ մեր խփած ինքնաթիռների օդաչուները կա՛մ ռուսներ են, կա՛մ ուկրաինացիներ:
Միայն պատերազմի ամենասկզբում մի ինքնաթիռ խփեցինք, որի օդաչուն ադրբեջանցի էր, կարծեմ՝
Կուրբանով: Ադրբեջանն օդում բացարձակ գերակշռություն ուներ: Հայաստանի տարածքում ռազմական
ավիացիայից տեղակայված էր միայն ուղղաթիռների գունդը, ու մենք ոչինչ չէինք կարող հակադրել
հակառակորդի ավիացիային:
Ընդհանուր
առմամբ, 1992 թվականի ամռանը հակառակորդը լուրջ ռազմական ներուժ ուներ, որը զգալիորեն
գերազանցում էր մեր ունեցածին: Բացի դրանից՝ քաղաքական ճգնաժամը, որ վերջին տարիներին
շարունակվում էր Ադրբեջանում, հանգուցալուծվեց Էլչիբեյի իշխանության գալով, որին աջակցում
էր ժողովրդական ճակատը, և դա զգալիորեն բարձրացրեց ադրբեջանական զորքերի բարոյական
ոգին:
Խաղաղ
դադարը կարճ տևեց, մի ամսից ոչ ավելի: 1992 թվականի հունիսի 12-ին սկսվեց ադրբեջանական
զորքերի անսպասելի հարձակումը Ղարաբաղի հյուսիսում՝ Ասկերանի, այնուհետև Շահումյանի
ուղղություններով: Հրաշալի զինված, ավանգարդում ունենալով զրահատեխնիկայի շարասյունը,
որը պրոֆեսիոնալ զինվորականներ էին ղեկավարում, նրանք անվիճելի ուժային առավելություն
ունեին մեր նկատմամբ: Բացի դրանից՝ Շահումյանի շրջանի պաշտպանությունը փաստացի դուրս
էր Ղարաբաղի պաշտպանության համակարգից, ու մեզ հետ շատ թույլ էին համագործակցում: Շահումյանի
շրջանը ԼՂԻՄ կազմի մեջ չէր և անկախության շարժման հենց սկզբից աշխատում էր ուղիղ Հայաստանի
հետ: Նույնիսկ ԼՂՀ հռչակումից հետո շրջանի ղեկավարությունը ինչպես պաշտպանական, այնպես
էլ տնտեսական գործունեության մեջ ձգտում էր պահպանել ձևավորված ուղղակի հարաբերությունները
Հայաստանի հետ: Ես մի քանի անգամ Վազգեն Սարգսյանի ու Շահեն Մեղրյանի հետ քննարկել
էի Շահումյանի շրջանը լիովին ԼՂՀ-ին ինտեգրելու հարցը, բայց՝ ապարդյուն: Շահումյանցիները
պնդում էին, որ պետք է շարունակել Հայաստանի հետ ինքնավար հարաբերությունները, իսկ
ԼՂՀ-ի հետ ինտեգրացիան հեռու ապագայի խնդիր էին համարում:
Եվ
ահա, հայկական ջոկատները, որ դեռ զուտ ջոկատներ էին, ոչ թե կանոնավոր բանակ, բախվելով
ահռելի քանակով հրետանուն ու մարտական տեխնիկային, լուրջ դիմադրություն ցույց տալ չկարողացան:
Մեծ կորուստներ կրեցին ու ստիպված էին նահանջել: Հաշված օրերի ընթացքում ամբողջ Շահումյանի
շրջանը հանձնվեց:
Ծանր
իրավիճակ էր ստեղծվել Սրխավենդ գյուղի մոտ՝ Խաչեն գետի հովտում: Հակառակորդի հարձակման
նպատակը Մարտակերտի շրջան տանող միակ կամուրջն էր: Կամուրջը վերցնելով՝ նրանք լրիվ
կջլատեին մեր ուժերն ու մեզ կզրկեին զրահատեխնիկան Ղարաբաղի հյուսիս նետելու հնարավորությունից,
որտեղ այդ ժամանակ կատաղի մարտեր էին ընթանում: Իրավիճակն այնքան ծայրահեղ էր, որ Վազգեն
Սարգսյանն առաջին անգամ որոշեց ուղղաթիռ ուղարկել՝ օդից մեր ջոկատներին մարտական օժանդակություն
ապահովելու համար:
Ես
հրամանատարաշտաբային մեքենայում էի, «Ղարաբաղցիներ» հուշարձանի դիմացի հրապարակում,
երբ Մի-24-ը վայրէջք կատարեց: Օդաչուն լրիվ անծանոթ էր տեղանքին: Փորձեցինք բացատրել,
բայց կասկածում էի, որ ամեն ինչ հասկացել է ու սխալմամբ իր ՆՈւՌՍ-երը չի արձակի մեր
ջոկատների վրա: Իսկ ես հրաշալի գիտեի այդ կողմի սարերը, ժամանակին փասիանի որս էի արել
այնտեղ, դրա համար էլ ուղղաթիռ բարձրացա, որ օգնեմ օդաչուին: Դեռ օդ չէինք բարձրացել,
երբ մոտեցավ Լյովան՝ Դոնալդ մականունով: Ծնունդով Սրխավենդի հարևան Քոլատակ գյուղից
էր և առաջարկեց, որ իմ փոխարեն թռչի, քանի որ այդ կողմերում է մեծացել ու տարածքն ավելի
լավ գիտի: Թռան: Իսկ 15 րոպե անց ռացիայով լսեցինք, որ ուղղաթիռը խփվել է, պայթել է
օդում, բոլորը զոհվել են:
Լյովան
առաջիններից էր ակտիվորեն ներգրավվել ինքնապաշտպանության ջոկատների ստեղծմանը, մի քանի
տարի բեռների ընդունման ու Ղարաբաղով տեղաշարժի պատասխանատուն էր. զենքի ու զինամթերքի
առաքման մեծ մասը մինչև Լաչինի գրավումը ուղղաթիռներով էր արվում, որոնք իջնում էին
Լյովայի գյուղի մոտ: Այդ տարիներին հասցրել էի ընկերանալ նրա հետ…
Սրխավենդի
այդ ծանրագույն մարտում մենք հաղթեցինք, հակառակորդը 70-ից ավելի զինվոր ու սպա կորցրեց:
Ադրբեջանական
զորքերը վերադարձան նաև Լաչինի շրջան: Փորձում էին կտրել մեզ Հայաստանի հետ կապող ճանապարհը,
ու շատ ծանր մարտեր էին այդ շրջանում: Հայկական ջոկատները հսկայական կորուստների գնով
պահում էին միջանցքը, բայց այն զգալիորեն նեղացավ ու հրետանու մշտական կրակի տակ էր:
Հաճախ հարկ էր լինում, որ մեկնեմ այնտեղ, ու մեքենայի շուրջն անընդհատ արկեր էին պայթում:
Դառն էր գիտակցել սեփական սխալը. եթե ժամանակին վերցնեինք Լաչինի լեռնաշղթան, հիմա
կվերահսկեինք ամբողջ շրջանն ու հակառակորդին մոտ չէինք թողնի ճանապարհին:
Այդ
շրջանում ԼՂՀ Գերագույն խորհրդի նիստեր չէին գումարվում. պատգամավորների մեծ մասը կռվում
էր իրենց շրջաններում: Իսկ Գերագույն խորհրդի նախագահությունը համարյա ամեն օր նիստ
էր անում. բնակչությանն ուղղված ուղերձներ էին ընդունում, անկանոն որոշումներ կայացնում
և նույնիսկ մասնակի զորակոչ հայտարարեցին. նախագահության անդամներն անկեղծորեն մտահոգ
էին տեղի ունեցողի համար և, իհարկե, ուզում էին օգտակար լինել: Բայց դրանք ուշացած
ու անբավարար ձեռնարկներ էին և ոչ մի կերպ չէին կարող ազդել իրադարձությունների վրա,
բացի դրանից՝ ո՞վ էր կատարելու. մենք չէինք հասցրել համապատասխան կառույցներ ձևավորել,
այնպես որ, նույնիսկ այդ կիսատ որոշումները կախվում էին օդում:
Ադրբեջանական
բանակը շարունակում էր հարձակվել՝ գյուղ գյուղի հետևից գրավելով արդեն Մարտակերտի շրջանում,
շուտով սկսվեց հարձակումը Մարտակերտ շրջկենտրոնի վրա: Ես 2 անգամ մեկնեցի այնտեղ: Փոփոխական
հաջողությամբ կատաղի մարտեր էին ընթանում քաղաքի համար: Մեր ջոկատները հերոսաբար էին
կռվում, բայց ես 2 անգամն էլ մտահոգ վերադարձա. հասկանում էի, որ անձնական սխրանքն
արդեն քիչ է, ու շատ բան պետք է փոխենք, հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնենք: Լայնածավալ
պատերազմ էր՝ հրետանու, զրահատեխնիկայի ու ավիացիայի կիրառմամբ, ու հստակ տեսնում էի,
որ այդպիսի պատերազմում իրենց յուրահատուկ հոգեբանությունն ունեցող ֆիդայական ջոկատներով
անհնար է հաղթել: Այդպես տանուլ կտանք պատերազմը, փոխարենը կհայտնվեն բազում հերոսներ,
որոնց երգեր կձոնվեն:
Այդ
ամբողջ ընթացքում կապի մեջ էի Վազգենի և, իհարկե, Սերժի, Սամվելի ու մյուս հրամանատարների
հետ: Վազգենը օպերատիվ կերպով մի քանի ջոկատ ուղարկեց Հայաստանից: Ծանրագույն պահին
նույնիսկ կազմավորեց ու Ղարաբաղ ուղարկեց «Մահապարտների» ջոկատը, բայց և այնպես, հակառակորդի
գերակայությունը շարունակվում էր:
Սկսեց
գործել հակառակորդի ավիացիան: Ստեփանակերտի բնակիչները, վերջին հրետակոծություններից
դեռ ուշքի չեկած, նորից վերադարձան նկուղները: Քաղաքը ռմբակոծում էին ամեն օր, ընդ
որում՝ Ադրբեջանը զանգվածաբար գնդիկային ռումբեր էր օգտագործում, որոնց կիրառումը խաղաղ
բնակչության դեմ արգելված է միջազգային համաձայնագրերով: Այդ ռումբը տակառի պես մի
բան է, որից գնդիկներ են թափվում: Գնդիկները պատված են կերամիկական պատյանով, լցված
մանր կոտորակով, ու երբ գնդիկը պայթում է, կոտորակը դեսուդեն է թռչում՝ հսկայական տարածք
խոցելով: Պատահում էր, որ գնդիկը դիպչում էր ծառին ու տերևների մեջ թաղվելով՝ չէր պայթում.
այդպիսի գնդիկներ գտնելու դեպքում վնասազերծում ու դրանից հուշանվերներ էին սարքում:
Գնդիկավոր
ռումբերի պայթյունից պատուհանների մեջ անցքեր էին մնում: Ստեփանակերտում վաղուց արդեն
պատուհանները պոլիէթիլենի թաղանթներով էին պատել՝ ապակու փոխարեն, ու հերթական ավիահարվածից
հետո կարելի էր անցքերի քանակով որոշել խոցման թիվը: Հաշվել եմ. սովորաբար ամեն պատուհանի
վրա 5-6 անցք էր լինում…
Մի
անգամ աշխատասենյակում զրուցում էի Երևանից եկած Զորի Բալայանի հետ, երբ սկսվեց հերթական
ռմբակոծությունը: Պայթյունների դղրդոցը լսելով՝ Զորին որոշեց բացել պատուհանը, որ տեսնի՝
ինչ է կատարվում: Հազիվ հասցրի կանգնեցնել, հետ քաշեցի. «Պառկի՛ր, շո՛ւտ»: Փորձեց դիմադրել.
«Ախր ի՞նչ է պատահել: Ինձ ի՞նչ պիտի լինի»:
Համարյա ուժով ստիպեցի, որ պառկի հատակին՝ սյան հետևը. «Չի՛ կարելի պատուհանի առաջ
կանգնել, ի՞նչ եք անում: Ախր սա խաղ չէ»: Ռմբակոծությունից հետո, երբ ամեն ինչ խաղաղվեց,
ասում եմ. «Իսկ հիմա մոտեցեք ու
հաշվեք՝ քանի անցք կա»: Կարծեմ՝ 10 անցք էր, ու մի քանիսը՝ հենց այնտեղ, որտեղ նա հենց
նոր կանգնած էր: Զորին անմիջապես լրջացավ ու դադարեց վիճել ինձ հետ: Դուրս նայեցինք
պատուհանից. հենց փողոցում մարդ էր պառկած: Ըստ երևույթին, փողոցն անցնելիս էր եղել
ռմբակոծության ժամանակ ու վիրավորվել էր: Դուրս թռանք, տուժածին տեղավորեցինք իմ մեքենայի
մեջ, ու վարորդը նրան տարավ հոսպիտալ: Բարեբախտաբար, վերքը թեթև էր:
Այդ
տարիներին նման բաներ հաճախ էին պատահում, արդեն վարժվել էինք և առօրեական էինք ընդունում:
Ստեփանակերտը
հեղեղված էր Շահումյանի ու Մարտակերտի շրջանների հայկական գյուղերից փախած մարդկանցով:
Գործկոմի շենքում, որտեղ իմ աշխատասենյակն էր, միջանցքները լեփ-լեցուն էին փախստականներով:
Ոմանց ետևից ազգականները Հայաստանից մեքենաներ էին ուղարկել, որ Լաչինի միջանցքով տեղափոխվեն
իրենց մոտ: Շատերը ոտքով էին բռնում Հայաստանի ճամփան: Ստեփանակերտ-Երևան ճանապարհով
ձգվում էր փախստականների հոծ հեղեղը. տարատեսակ կահկարասի բարձած բեռնատարներ, նույնիսկ
սայլեր՝ խառնված պարկեր ուսած, դեգերող մարդկանց խմբերին: Մեծ գաղթ էր սկսվել: Մարտակերտ
շրջկենտրոնը պահել չհաջողվեց: Ադրբեջանցիների հարձակումը կանգնեցրինք միայն Կիչան գյուղի
մոտ՝ Խաչեն գետի հովտում: Մեր վերահսկողության տակ շրջանի՝ նույն հովտում գտնվող ընդամենը
4 գյուղ էր մնացել:
Ադրբեջանցիների
դիրքերը Գանձասարի վանքից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա էին: Վանքը չկառավարվող հրթիռներով
անընդհատ գնդակոծվում էր ուղղաթիռներից: Դրանցից մեկը չէր պայթել ու երկար ժամանակ
ցցված էր վանական պարսպի մեջ, մինչև սակրավորները վնասազերծեցին: Գանձասարի վանահայրը,
ավտոմատը ձեռքին, պատրաստ էր անձամբ պաշտպանել վանքը:
Հակառակորդը
հարձակողական ծանր մարտեր էր վարում՝ նորանոր ուժեր նետելով ռազմաճակատ և տեխնիկայի
ու կենդանի ուժի ծանր կորուստներ կրելով:
Ասկերանի
շրջանում պաշտպանության գիծն անցնում էր Խանաբադ գյուղի մոտով, Ադրբեջանի հրետանու
կրակից փաստացի ավերված շրջկենտրոնից ընդամենը 2-3 կիլոմետրի վրա: Այդ հերոսական գյուղի
մարդիկ պատերազմի ամբողջ ընթացքում մնացել էին գյուղում, ոչ ոք դուրս չէր եկել՝ չնայած
անընդմեջ դաժան հրետակոծությանը: Այդ օրերին եղել եմ այնտեղ, ու տեսածս ապշեցուցիչ
էր: Տներում անհնար էր ապրել, ու բոլորը տեղափոխվել էին կոլտնտեսության գարաժները,
որ գյուղի ծայրի ապահով բլրալանջին էին: Բոլորը միասին էին ապրում, համայնքով, ինչպես
զորանոցում, երեխաների համար առանձին տեղ էին սարքել: Ամեն ինչ շատ հստակ կազմակերպված,
համարյա զինվորական կարգով: Երբեմն, երբ որևէ բանի պակաս էր զգացվում, մեկնումեկը,
կյանքը վտանգելով, շտապում էր տուն և անմիջապես էլ վերադառնում: Երբ եկա գյուղ, ինքնապաշտպանության
ջոկատի հրամանատարի՝ Սանասարի մայրը, որ շատ ինքնատիպ կին էր, մեծ կաթսաներում ճաշ
էր եփում ամբողջ գյուղի համար: Շուրջը պայթում էին արկերը, իսկ այնտեղ, ի հեճուկս ամեն
ինչի, տնավարի տաք ու հարմարավետ էր. կինը ճաշ է եփում, երեխաները վազվզում էին շուրջը:
Մնացի նրանց հետ ընթրելու: Մարտիկների հետ իրավիճակից էինք խոսում, թարմ անեկդոտներ
պատմում:
Հարևան
Խրամորթում բնակիչների համար հրետակոծություններից թաքնվելու տեղ չգտնվեց, ու նրանք
ստիպված էին թողնել գյուղը: Երբ ավելի ուշ ազատագրեցինք Խրամորթը, ոչ մի տուն չէր մնացել,
ամբողջ գյուղից՝ միայն քարեր ու փոշի: Այդ բնակավայրերը որևէ ռազմավարական նշանակություն
չունեին, բայց անդադար հրետակոծվում էին Աղդամից: Կրակի տակ էին հայտնվել Ասկերանը,
Խանաբադը, Խրամորթը, այլ գյուղեր, որոնց կարող էր հասնել ադրբեջանական հրետանու կրակը:
Ըստ երևույթին, Աղդամում, որտեղ զինապահեստներն էին, չգիտեին ինչ անեն զինամթերքը…
Խանաբադի
մարտերում զոհվեց Յուրա Պողոսյանը: ԴՄՄ-ով էր, ու նրա մեքենան խփվել էր Աղդամից սկսված
հարձակումը կասեցնելիս: Ամեն ինչ շատ արագ էր արվում, հընթացս, մեր ջոկատները չէին
հասցնում կանոնավոր խրամատավորվել ու ամրանալ: Հարձակումը կասեցրինք, բայց Յուրան զոհվեց:
Ես լավ գիտեի նրան: Հետաքրքիր տղա էր, փոքրամարմին, աշխույժ, ուրախ, առաջիններից էր,
որ տիրապետեց ԴՄՄ-ին, փայլուն գիտեր և այնպիսի հրաշքներ էր գործում այդ մեքենայով,
որ նւա օրինակը շատերին էր ոգևորում: Մեր տղաներն ընդհանրապես ընդունակ դուրս եկան
ու շատ արագ էին յուրացնում զրահատեխնիկան:
Դրամատիկ
իրադարձություններ էին ծավալվում նաև Լաչինի շրջանում: Մենք ծանր մարտերում կանգնեցրինք
ադրբեջանցիներին, որոնք հարձակվում էին 2 կողմից՝ նպատակ ունենալով փակել միջանցքը,
Ղոչազ գյուղի մոտ՝ հյուսիսում, ու Լաչին շրջկենտրոնից 5-7 կիլոմետրի վրա: Միջանցքը
պահելու պատասխանատվությունը, Վազգենի հետ համաձայնեցնելով, դրվել էր Հայաստանի զինված
ուժերի վրա: Մեր բոլոր զորքերը կենտրոնացած էին ԼՂՀ հյուսիսում և արևելքում, որտեղ
շարունակվում էին կատաղի մարտերը:
Օգոստոսի
սկզբին արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր ԼՂՀ տարածքի կեսից ավելին: Ծայրահեղ
ծանր վիճակ էր. ջոկատներն ուժասպառ էին, մարտական ոգին՝ ցածր: Շահումյանի ու Մարտակերտի
շրջաններից սկսված փախստականների հոսքը հոգեբանական ծանրագույն ազդեցություն էր ունեցել
մարդկանց վրա, շատերին թվում էր՝ ամեն ինչ կորած է: Հակառակորդի ճեղքումը ցանկացած
ուղղությամբ կարող էր անուղղելի աղետ դառնալ Ղարաբաղի համար: Ադրբեջանը, իր ռազմական
հաջողություններով ոգևորված, արդեն պատրաստվում էր տոնելու հաղթանակը: Այդ օրերին Բաքվի
հանրահավաքներից մեկում Էլչիբեյը հայտարարել էր, որ մի ամսից թեյ է խմելու Ստեփանակերտում:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments
Post a Comment