Skip to main content

Լեհաստան

 

Առաջին անգամ Կատովիցեն հիշատակվում է 16-րդ դարում, իսկ քաղաքի կարգավիճակ է ստանում 1865 թվականին: Այն ժամանակ Կատովիցեն մտնում էր Պրուսիայի կազմ: 1919 թվականին այն դառնում է լեհական քաղաք: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կատովիցեն անկում է ապրել. տուժել են պատմական շինություններն ու հուշարձանները: 1945 թվականին քաղաքը ազատագրվեց գերմանական օկուպացիայից Կարմիր բանակի կողմից, և հետպատերազմյան շրջանում սկսեց արագ զարգանալ՝ դառնալով խոշոր արդյունաբերական կենտրոն: 3 տարի՝ 1953-1956 թվականներին քաղաքը կոչվում էր Ստալինոգրուդ՝ ի պատիվ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի: Չնայած Կատովիցեն խոշոր արդյունաբերական կենտրոն է, այն ունի բավականին գեղեցիկ ճարտարապետություն, ընդ որում՝ ամենատարբեր ոճերի: Կատովիցեի այցեքարտն ու խորհրդանիշը Սիլեզյան թանգարանն է: Այն հիմնադրվեց 1926 թվականին, իսկ 1936 թվականին սկսվեց թանգարանի համար նախատեսված շենքի կառուցումը: Սակայն բացումն այն ժամանակ այդպես էլ տեղի չունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Այսօր թանգարանը գործում է արդեն նոր համալիրում, որը կառուցել է ավստրիական ճարտարապետական հայտնի ընկերությունը: Այն տեղակայված է Կատովիցե նախկին քարածխային հանքի տարածքում: Թանգարանը կազմված է մի քանի բաժիններից՝ արվեստի, լուսանկարչության, պատմության, էթնոլոգիայի, հնագիտության և վիզուալ կոմունիկացիայի տպագրության: Սա մշակութային և կրթական խոշոր ժամանակակից կենտրոն է, որտեղ կարելի է ամբողջական պատկերացում կազմել Սիլեզիա նահանգի մասին:

Առաջին անգամ Զաբժեն հիշատակվում է դեռ 13-րդ դարում: Իր պատմության ընթացքում քաղաքը եղել է սիլեզյան իշխանների, գերմանացիների, հաբսբուրգների կայսրության և Պրուսիայի տիրապետության տակ: 1945 թվականին քաղաքն անցավ Լեհաստանին և կոչվեց Զաբժե: Մինչ այդ բնակավայրը կրում էր Հինդենբուրգ անվանումը: Քաղաքն առաջին հերթին հայտնի է աշխարհին իր հանքարդյունաբերությունով, Գորնիկ ֆուտբոլային ակումբով, որը 14 անգամ եղել է Լեհաստանի չեմպիոն և հաճախ մասնակցում է տարբեր եվրոգավաթների խաղարկությանը: Զաբժեն հաճախ է դուրս մնում Լեհաստան եկած տուրիստների գլխավոր ճամփաներից: Հիմնականում օտարերկրացիներն այցելում են մայրաքաղաք Վարշավա, Գդանսկ, ծովափնյա Սոպոտ, Վրոցլավ և Կրակով: Սակայն Զաբժեն նույնպես ունի հետաքրքիր վայրեր, որոնք անտարբեր չեն թողնի քաղաքի հյուրերին:

Դրանցից ամենակարևորը Զաբժեի հանք-թանգարանն է, ինչն չի կարող չուրախացնել Զաբժեի բնակիչներին: Հանքարդյունաբերությունը վերին Սիլեզիայի երկրամասում միշտ եղել է ամենակարևոր ոլորտը: Սիլեզիայի ընդերքում գտնվող թանգարանն իր այցելուներին ներկայացնում է, թե ինչպես է կատարվում օգտակար հանածոների արդյունահանումը: Թանգարանում կա 3 հարթակ ցուցասրահ, որոնք տեղակայված են տարբեր հարթության վրա: Այստեղ կարելի է ծանոթանալ հանքափորների աշխատանքի հետ, տեսնել, թե ինչպես է գործել Լեհաստանի հանրահայտ հանքերից մեկը:

Զաբժեում կա հայկական խաչքար և հայկական եկեղեցի: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում, տեղադրվել է Զաբժե քաղաքի հայ-լեհական բարեկամության այգում: 1689 թվականից Լեհաստանի հայությունը չի ունեցել հայ առաքելական եկեղեցի ֆիզիկապես: Շատ խորհրդանշական էր, որ եկեղեցին եղավ հենց Զաբժեում, որովհետև պատմականորեն հայ առաքելական եկեղեցին գրանցվել է հենց Զաբժեում 2010 թվականին:

Շատերը համարում են, որ Կրակովը Լեհաստանի ամենագեղեցիկ քաղաքն է, և միգուցե նրանք չեն սխալվում: Լեհաստանում կան բավականին շատ ինքնատիպ և գեղեցիկ քաղաքներ. Վարշավան, Գդանսկը, Վրոցլավը՝ օրինակ: Բայց Կրակովն ունի իր անկրկնելի կոլորիտն ու միայն իրեն հատուկ մթնոլորտը, և իհարկե, գեղեցիկ ճարտարապետություն ու հարուստ պատմություն: Նախկինում Վիսլա գետի ափերին տեղակայված Կրակովը եղել է Լեհաստանի մայրաքաղաքը, և այստեղ էր գտնվում լեհ թագավորների նստավայրը: Մինչ օրս այն կոչում են թագավորական քաղաք, որի պատմական կենտրոնը արդեն 40 տարուց ավել հանդիսանում է UNESCO-ի համաշխարհային ժառանգության մաս: Բարեբախտաբար, հին քաղաքը չի տուժել երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, և շինություններից շատերը հասել են մեզ՝ առանց երևացող փոփոխությունների: Շուկայի հրապարակն, անկասկած, Եվրոպայի գեղեցիկ հրապարակներից մեկն է: Մարդկանցից ոչ պակաս այս հրապարակը սիրում են աղավնիները: Նրանք այստեղ շատ են, և հավանաբար միշտ կուշտ են ու կյանքից գոհ: Այս ամենն էլ ստեղծում է քաղաքի կոլորիտը: Հրապարակի մի հատվածը զբաղեցնում է Սուկիենիցեն: Շուկան կամ վաճառասրահը, որտեղ ինչպես դարեր առաջ, առևտրական եռուզեռ է: Այստեղ վաճառում են արծաթեղեն և սաթ, հագուստ, հուշանվերներ և բազմաթիվ այլ ապրանքներ: Մարիացկի կոստյոլը գոթական ճարտարապետության վառ օրինակ է: Հետաքրքիր է, որ ճակատային մասի աշտարակներն ունեն տարբեր բարձրություն: Ժամանակ առ ժամանակ աշտարակի պատուհանից լսվում է հեյնալը. ազդանշան, որի հետ կապված է կոստյոլի և Կրակով քաղաքի ամենահայտնի լեգենդը: Մի անգամ աշտարակում հերթապահող զինվորը տեսնում է, որ քաղաքին մոտենում է թաթարների զորքը, և սկսում է ազդանշան տալ, սակայն մոնղոլական նետը ընդհատում է նրան: Բայց, այնուամենայնիվ, Կրակովի բնակիչները հասցնում են հավաքվել և կանգնեցնել թաթարներին: Այդ ժամանակներից մինչ օրս աշտարակի պատուհանից հնչում է հեյնալը: Մարիացկի կոստյոլը միշտ եղել է քաղաքի հարուստ ընտանիքների հովանու տակ, և դրա արդյունքում այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ արժեքավոր արվեստի իրեր: Սրբավայրի գլխավոր գանձը Վիտ Ստվոշի ստեղծած խորանն է: Իր աշխատանքի համար նյուրնբերգցի վարպետը ստացավ այն ժամանակների համար աստղաբաշխական գումար, ինչը մոտավորապես հավասար էր քաղաքի տարեկան բյուջեին: Գերմանացի վարպետի ևս մեկ հայտնի գործը բավարական Բամբերգ քաղաքի գլխավոր տաճարի խորանն է: Կրակովի բազմաթիվ թանգարաններից ամենահայտնին Չարտորիսկի թանգարանն է: Կրակովի ևս մեկ հանրահայտ վայրն ու այցեքարտը Վավել համալիրն է: Այս ճարտարապետական համալիրի կարևոր 2 կառույցը թագավորական պալատն ու գլխավոր տաճարն են:

Կրակովում, նաև մայրաքաղաք Վարշավայում չկա հայկական եկեղեցի, սակայն պատարագներ անցկացվում են: Հայ և լեհ ժողովուրդներն ունեն դարերի պատմություն, և դրա վառ վկայությունը հայ ժողովրդի ներկայությունն է երկար դարեր Լեհաստանում: Վարշավայում եկեղեցական արարողություններն անցկացվում են Վարշավայի կաթոլիկ եկեղեցու սրահում:

Լյուբլին նահանգում գտնվող Զամոշչ քաղաքը 1580 թվականին հիմնադրել է Յան Զամոյսկին: Քաղաքը կառուցվել է իտալացի ճարտարապետ Բեռնարդո Մորանդոյի նախագծով և հետագայում ստացել Հյուսիսային Պադովա անունը: Զամոշչը շրջապատված է կանաչ տարածքներով, ինչի արդյունքում օդը միշտ մաքուր է: Զամոշչ քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող քաղաքապետարանի շենքի հարևանությամբ վաճառականների 17-րդ դարի շենքերն են: Հին քաղաքի մոտ 1000 շենքեր պատմական նշանակություն ունեն և պահպանվում են պետության կողմից: Շուկայի հրապարակի հյուսիսային հատվածից բացի, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, մնացած 3 հատվածներում կառուցվել է 8 շենք ամեն կողմում: Դրանցից 3-ը նաև վաճառականների գունագեղ տներն են, որոնք դարձել են Զամոշչ քաղաքի այցեքարտը: Զամոշչի քաղաքային թանգարանում պահպանվել են վկայություններ քաղաքում բնակություն հաստատած հայերի մասին: Այն գտնվում է մեծ շուկայի հայկական փողոցի վրա տեղակայված Զամոշչ քաղաքի թանգարանում: Թանգարանը կառուցվել է դեռևս 1926 թվականին: Այն հայկական շենքերի մի մասն է կազմում: Առաջին հայերը հաստատվել են Լեհաստանում հենց Զամոշչ քաղաքում, երբ Յան Զամոյսկու 1585 թվականի կոնդակով հայերն արտոնություններ ստացան, իսկ 1589 թվականին թագավորը հաստատեց հայկական գմինայի մասին ակտը: Այն ուներ այսպիսի բովանդակություն. երկրում կարող են հաստատվել հայեր ոչ միայն Թուրքիայից, այլև Լվովից և արևելքից: Նրանք իրավունք ունեն աշխատել, առևտուր անել ոսկու, արծաթի, տեքստիլի ապրանքներով, քանի որ հայերը հայտնի տեքստիլի առևտրականներ էին: Համայնքը դադարեց իր գոյությունը 18-րդ դարի սկզբին աշխարհաքաղաքական իրավիճակի արդյունքում: Հայկական փողոցի վերջում կար նաև հայկական եկեղեցի, որը նույնպես մեծ արտոնություն էր: Նման արտոնություն ունեին նաև հունահռոմեական եկեղեցին և հրեական սինագոգը: Ցավոք, տարբեր արշավանքների պատճառով 19-րդ դարի սկզբին հայկական եկեղեցին ավերվեց: Այսօր հայկական խաչքարը տեղադրված է հենց եկեղեցու ավերակների վայրում:

Զամոշչի պատմական կենտրոնն ընդգրկված է UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում: Այդ կենտրոնի մի մասն էլ հայկական փողոցն է: Զամոշչում հայերն ունեին եկեղեցիներ և դպրոցներ, որոնք չեն պահպանվել: Տեղի հայտնի հայերից է եղել Սիմեոն Լեհացին: Զամոշչի հայերի կառուցած շենքերի մասին Ուրսուլա Ֆիդեցկան գրել է Զամոշչի հայկական տները գիրքը: Այսօր քաղաքում կա հայկական խաչքար, որը տեղադրվել է լեհ-հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ: Խաչքարը ներկայացնում է հայ առաքելական եկեղեցու մակետը: Այն ընդգրկված է Զամոշչ քաղաքի բոլոր տուրիստական գրքերի և բրոշյուրների մեջ՝ որպես քաղաքի տեսարժան վայր, և այստեղ՝ խաչքարի մոտ, հյուրերը ծանոթանում են նաև հայերի պատմությանը: Խաչքարը ստեղծել է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը: Նրա վրա պատկերված է Յան Զամոյսկին, որ իրավունքներ էր շնորհել հայերին, որպեսզի նրանք գան և հաստատվեն Լեհաստանում: Զամոշչը բավականին փոքր բնակավայր է: Լեհաստանի հայ համայնքում հիշում են այն մասին, որ Զամոշչ քաղաքը կառուցվել է հայերի օգնությամբ, և քաղաքի հայկական պատմությունը չի մոռացվում նաև մերոնց գործունեության արդյունքում: Այսօր Զամոշչի հայկական վկայությունների մասին գիտեն թե՛ հայերը, թե՛ լեհերը և թե՛ այստեղ եկած օտարերկրացիները: Լյուբլին քաղաքում կա հայկական խաչքար:

Այսօրվա մայրաքաղաքի տարածքում առաջին շինությունները կառուցվել են դեռևս 10-րդ դարում: Ամենագեղեցիկն ու հետաքրքիրը Վարշավայում գտնվում է հին քաղաքում. թագավորական դղյակը, դղյակի գեղեցիկ հրապարակն ու հին քաղաքի շուկան: Հին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր սկզբում վարշավյան ապստամբության, իսկ հետո՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սակայն երկարատև և դժվար աշխատանքի շնորհիվ այն վերակառուցվել է և այսօր ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հին քաղաքի շուկան Վարշավայի ամենասիրված և հայտնի հրապարակն է: Գեղեցիկ շենքերում այսօր տեղակայվել են Լեհաստանի պետական, մշակութային և գիտական հաստատություններ, խանութներ, սրճարաններ և պատկերասրահներ: Սա նաև Վարշավա այցելող տուրիստների ամենասիրված վայրն է: Ոմանք անշտապ ուսումնասիրում են հին քաղաքի պատմությունը, ոմանք էլ պտտվում հին քաղաքում ձիակառքերով: Վարշավայի ամենահայտնի շենքը և խորհրդանիշներից մեկը թագավորական դղյակն է: Դարերի ընթացքում բոլոր լեհ թագավորները կատարում էին այստեղ իրենց ճաշակին համապատասխանող փոփոխություններ: Այստեղ՝ թագավորական դղյակում, տեղի են ունենում բոլոր նշանավոր պետական միջոցառումները և ընդունվում կարևոր որոշումներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների ներխուժումից առաջ ազգային թանգարանի աշխատակիցները հասցրեցին Վարշավայի բնակիչների օգնությամբ տեղափոխել դղյակում պահվող արվեստի նմուշների մեծ մասը: Այնուհետև երբ որոշվեց այստեղ թանգարան հիմնել, այդ նմուշները վերադարձվեցին դղյակ: Թանգարանում կա նաև հայկական հատված: Թագավորական պալատը ոչ պակաս կարևորություն ունի տեղի հայերի համար: Սենյակում պահվում են հայկական գորգեր:

Վարշավայի մյուս խորհրդանիշը Բարբականն է, որը կառուցվել է 16-րդ դարում վենետիկյան ճարտարապետ Բապտիստայի նախագծով: Այն մեծ կիսակլոր կառույց է, որն ուներ պաշտպանողական նշանակություն: Բարբականի դարպասներով նախկինում մարդիկ մուտք էին գործում Վարշավա: Այսօր Բարբականի տարածքում տեղի են ունենում լեհ նկարիչների ցուցահանդեսներ: Վարշավայում բավականին շատ են հայկական վկայությունները: Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկի վրա տեղակայված է անհայտ զինվորին նվիրված հուշահամալիրը: Այս վայրի հետ կապված է հետաքրքիր և զարմանալի պատմություն: Յադվիգա Զարուգևիչի որդին զոհվել էր պատերազմի ժամանակ, բայց նրա մարմինն այդպես էլ չէին գտել: Ենթադրաբար Կոնստանտին Զարուգևիչ անունով զինվորն իր վերջին հանգրվանն էր գտել եղբայրական գերեզմանում: Յադվիգա Զարուգևիչին կառավարությունն առաջարկեց անհայտ զինվորների աճյուններով 3 դագաղներից ընտրել մեկը, որն էլ տեղափոխվեց և հուղարկավորվեց անհայտ զինվորին նվիրված համալիրում: Յադվիգա Զարուգևիչը, ով մինչև ամուսնություն կրում էր Պողոսևիչ ազգանունը, հայ էր, այգին, որը դարձավ Լեհաստանի խորհրդանիշերից մեկը: Մեր հայրենակցուհին մահացել է Սուվալկի քաղաքում, այնտեղից նրա աճյունը տեղափոխվել է Վարշավա և հուղարկավորվել մայրաքաղաքի ռազմական գերեզմանատանը՝ հայրենիքի համար իրենց կյանքը տված զինվորների կողքին: Զարուգևիչի հայկական արմատները ճշտելու համար Հայաստանից այստեղ բերվեց խաչքար: Սա քաղաքի միակ խաչքարը չէ: Վարշավայում կա հայկական պուրակ, որտեղ տեղադրվել է խաչքար՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:

Լեհերը շատ հավատացյալ ժողովուրդ են, միգուցե ամենահավատացյալը Եվրոպայում: Այստեղ ամենուր եկեղեցիներ են և խաչեր, նույնիսկ քաղաքային այգիներում: Երկրի բնակչության մեծ մասը հաճախում է եկեղեցի ամեն կիրակի: Զարմանալի չէ, որ Հռոմի պապերի թվում եղել է նաև լեհ ժողովրդի զավակ Կարոլ Վոյտիլան, նույն ինքը՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը: Վարշավայում կա ևս մեկ խաչքար, որը գտնվում է Աստվածահայտնության տաճարի բակում: Այս տաճարը կառուցվել է միլիոնավոր լեհերի հանգանակության շնորհիվ, և մարդկանց հոսքն այստեղ շատ մեծ է: Կարևոր է, որ նման վայրում կա հայկական հուշարձան:

Վարշավայի հայկական կիրակնօրյա դպրոցը հիմնադրվել է 2003 թվականին ու 20 երկար ու ձիգ տարիների ընթացքում բավականին մեծ փորձ է կուտակել և բավականին հայ երեխաներ է ընդունել ու ճանապարհել: Դպրոցը առաջին 3 տարիներին գործել է հասարակական հիմունքներով, հետագայում փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո՝ պետական հիմունքներով:

Վարշավայում եկեղեցական արարողություններն անցկացվում են Վարշավայի Սուրբ Երրորդություն կաթոլիկ եկեղեցում: Եկեղեցու առաքելությունը հոգեփրկչական է: Եկեղեցին իր ժողովրդին առաջնորդում է դեպի խաղաղություն և փրկության նավահանգիստ:

Լեհաստանի հայ համայնքն բավականին ակտիվ է և հայանպաստ ծրագրերն այստեղ հաճախ են իրականացնում։ Դրանց մի մասը նվիրված է լեհահայերի հարուստ ու հետաքրքիր պատմությանը։ Այս տարածաշրջանում առաջին հայկական գաղութները ձևավորվել են 14-րդ դարում։ Մինչ այդ հայերն արդեն հաստատվել էին Կիև, Լվով, Լուցկ և Կամենեց քաղաքներում, որոնք մտնում էին Կիևյան Ռուսիայի կազմի մեջ: Նրանք ունեցել են եկեղեցիներ, ինքնավարություններ և տարբեր արտոնություններ: Բնակություն հաստատելով Լեհաստանում՝ հայերն ակտիվ մասնակցում էին երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի թվում կային հայտնի վաճառականներ, թարգմանիչներ, իրավաբաններ, գրողներ և բժիշկներ: Հայկական արմատներ ուներ նաև աշխարհահռչակ լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչը: Այն ժամանակներում հայերի մեծամասնությունն ուներ լեհական ազգանուններ, կամ հայկական ազգանուններ, որոնք դարձան լեհական:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր լեհահայերը շատ ակտիվ են, իրականացնում են տարբեր հետաքրքիր և կարևոր ծրագրեր, որոնք նպաստում են ոչ միայն հայապահպանմանը, այլ նաև ներկայացնում են լեհերին հայերի պատմությունն ու մշակույթը: Լեհ-հայկական հիմնադրամը գործունեություն է ծավալում Վարշավա քաղաքում, հիմնադրամը ունի ավելի քան 15 տարվա պատմություն: Հիմնականում ծավալում է կրթական և մշակութային գործունեություն, նպատակն է՝ համայնքային միջոցառումների կազմակերպում, կրթական նոր ծրագրերի մշակում, ներմուծում, կազմակերպում, այսինքն՝ զուտ համայնքային, կրթական և մշակութային գործունեություն է իրականացնում: Լեհ-հայկական հիմնադրամը 2023 թվականի վերջին նախաձեռնեց համայնքի համար կարևոր մի հրատարակություն, այն է՝ Լեհաստանում առկա բոլոր հայկական խաչքարերի մասին գրքույկի թողարկումը: Գրքույկի մեջ տեղ գտան Լեհաստանում առկա բոլոր հայկական խաչքարերը, լուսանկարները, տեղադրման պատմությունը, ֆինանսավորողները, արտիստները: Այն անդրադարձ է կատարում լեհական 17 քաղաքներում կանգնեցված խաչքարերին: Խաչքարագործները հիմնականում եղել են Հայաստանից: Որտեղ հայ կա, այնտեղ խաչքար կա: Ինչպես բոլոր երկրներում, հայերը համախմբված են եկեղեցու շուրջ, այդպես է նաև Լեհաստանում: Վարշավայում ապրում է հայության մեծամասնությունը:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...