Skip to main content

Հայ-վրացական հարաբերությունները 2008-2018 թվականներին

 

Ճգնաժամ ռուս-վրացական հարաբերություններում. ՀՀ դիրքորոշումը

2008 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, Վրաստանում ու Վրաստանի շուրջ նորից բավական լարված էր: Ռուս-վրացական հարաբերությունները բավական լարված էր: Ռուս-վրացական հարաբերությունները բավական սրված էին, օգոստոսին տեղի ունեցավ օսական 5-օրյա պատերազմը. մի կողմից Հայաստանի հարևան, բարեկամ երկիրն էր, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակիցը: Ինչպե՞ս հաջողվեց Հայաստանում նոր իշխանության եկած քաղաքական ուժին բալանսները պահել նման իրավիճակում:

Այդ իրավիճակում Հայաստանի քաղաքականության ամենակարճ ու դիպուկ գնահատականը տարիներ շարունակ տալիս էին թե՛ վրաց, թե՛ ռուս գործընկերները. հնարավոր է եղել բալանսները պահել այնպես, որ Հայաստանը ոչ միայն որևէ կերպ այդ հակամարտության մաս չդառնա, այլ երկու կողմից էլ լինի վստահություն, որ Հայաստանը կարող է անգամ հարթակ լինել իրավիճակի լիցքաթափման համար:

Միշտ լինում են անձինք, միգուցե քաղաքական ուժեր, որոնք փորձում են ավելի սուր, հարաբերություններին վնասող գույների ներքո իրենց գնահատականները տալ: Այստեղ ևս բացառություն չէ: Ռուսական լրատվադաշտում եղել են հոդվածներ, որ ակնկալիքն ավելի մեծ էր Հայաստանից, վրացական կողմում եղել են սադրանքներ, որ, օրինակ, Հայաստանը տրամադրել է իր օդանավակայանները Վրաստանի տարածքում գործողությունների համար: Այսպիսի դրսևորումներ եղել են, բայց եթե համադրենք դրանք իրական զգացողության հետ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում ունեին Հայաստանի կեցվածքի, պահվածքի հետ կապված, ապա վստահաբար կարող ենք նշել, որ դրանք երբևէ մեծ չափաբաժին չեն կազմել: Այո՛, Հայաստանին հաջողվեց այդ իրավիճակում իր ծանրակշիռ դերակատարումը պահել առանց որևէ կողմի անգամ էմոցիաները վիրավորելու: Բարդ, բայց չափազանց կարևոր առաքելություն էր, որն այլընտրանք պարզապես չուներ: Մի կողմից մեր դաշնակից, ռազմավարական գործընկեր պետությունն էր ու բարեկամ ժողովուրդը, մյուս կողմից՝ հարևանն ու դարավոր բարեկամը:

Իսկ շահարկումները, որ արվում էին կողմերում, դեպի հանրություններ ներծծվելու, հանրային տրամադրությունների վրա ազդելու ռիսկեր չէի՞ն պարունակում:

Ռիսկեր, գուցե կարելի էր տեսնել, բայց ժամանակը ցույց տվեց, որ դրանք դեպի հանրային տրամադրություններ չտարածվեցին: Նման շահարկումներ անողները կամ դրանց պատվիրատուները շատ հստակ նպատակներ ունեին՝ բխող հայ-վրացական կամ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից: Կարծում եմ՝ կարիք չկա թվարկելու շահագրգիռ կողմերին և նրանց հնարավոր դիվիդենտները: Բայց նման նպատակներն ու ցանկությունները չիրականացան: Ընդ որում, չիրականացան ոչ թե պատահականորեն, այլ, առաջին հերթին, այն պատճառով, որ այդ շահարկումներն իրականության հետ կապ չունեին, և երկրորդ՝ անգամ այդ «սաղմերի» դեմ համապատասխան աշխատանք էր տարվում տեղեկատվական դաշտում, պետական ու ոչ պետական մակարդակով իրականացվող շփումների ընթացքում:

Բարդ փոխգործակցություն միջազգային կառույցներում

Ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը կամա թե ակամա պրոյեկտվում էր նաև միջազգային կառույցներում աշխատանքների վրա: Օրինակ՝ վրացական կողմի ջանքերով տարբեր կառույցներում օրակարգ էին բերվում հակառուսական բանաձևեր: Ինչպիսի՞ն էր Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանն ի՞նչ քաղաքականություն էր որդեգրում այս իրավիճակում:

Հայաստանը երբևէ շահագրգռված չի եղել, որ կողմերից մեկին կամ մյուսին իր քվեարկությամբ վնասի կամ անգամ հուզական դաշտում խնդիրներ ստեղծի: Բայց սրա հետ մեկտեղ կա երկրորդ խնդիրը: Ադրբեջանի, երբեմն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ մղվող տարաբնույթ նախագծերի, բանաձևերի հարցում Վրաստանը բոլոր դեպքերում չէ, որ կարողացել է խուսանավել և դրանց չմիանալ, էլ չեմ ասում, շատ դեպքերում ուղղակի ասել է, որ դրանք բխում են նաև իր շահերից, եթե օրինակ, հիմքում դրված էր լինում տարածքային ամբողջականության խնդիրը: Եվ, հետևաբար, իրավիճակը շատ երկակի է: Պարզ տրամաբանությամբ շարժվելու պարագայում կարելի է ասել, որ ինչպես վարվել է դիմացի կողմը, կարելի է նույն կերպ վարվել, ու դա ոչ մի խնդիր չի ստեղծի: Բայց ամեն դեպքում մենք մշտապես հիշում ենք ու պետք է հիշենք, որ խոսքը բարեկամ երկրի մասին է, և միայն համաչափ կամ անհամաչափ պատասխանով հարցը չի լուծվում: Մշտապես պետք է փորձել անել այնպես, որ լրացուցիչ խնդիրներ չստեղծվեն: Ես սա համարում եմ այն թիրախ կետերից, որի վրա 2 պետությունները պետք է ինչ-որ ռազմավարություն որդեգրեն և մարտավարական քայլերով փորձեն հասնել այդ ռազմավարական խնդրի լուծմանը: Այսինքն՝ փոխադարձ վնաս հասցնող, փոխադարձ շահերին հարվածող, հուզական խնդիրներ ստեղծող տարաբնույթ նախաձեռնություններից հնարավորինս զերծ մնալ և ունենալ այդ ընթացքի չափելի արդյունքը:

Հայկական կողմը նման նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է: Այսինքն՝ այդ խնդիրը երբևէ որպես օրակարգային կետ եղե՞լ է հայ-վրացական հարաբերություններում:

Այո՛, եղել է, դրա հետ կապված խորհրդակցություններ եղել են, բայց չենք կարող ասել, որ դրանք արդյունավետություն են արձանագրել: Սա հարց է, որ դեռ չի ստացել լիարժեք լուծում:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացն ու Վրաստանի վերաբերմունքը

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկը համընկավ նաև հայ-թուրքական գործընթացի հետ: Ինչպիսի՞ն էր Վրաստանի վերաբերմունքն այս գործընթացին՝ հաշվի առնելով թե՛ այն հանգամանքը, որ խոսքը հարևանների մասին էր, թե՛ ռուսական գործոնը (տեսականորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրեր նաև Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացում): Ի՞նչ ակնկալիքներ ուներ վրացական կողմն այս գործընթացից և ինչպիսի՞ հավակնություններ՝ գործընթացին աջակցելու, դերակատարում ունենալու մասով:

Ասել, որ ունեին կամ կարող էին ունենալ առանձնահատուկ դերակատարում՝ ո՛չ: Քաղաքական մակարդակով բոլոր հայտարարությունները, հնչած կարծիքները, դիրքորոշումները եղել են խրախուսող, որ հարաբերությունները կարգավորվեն, նախաձեռնությունը հաջողի, ինչը միանգամայն նորմալ է և օբյեկտիվ:

Լայն իմաստով՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ներգրավվածության մեծացումը Վրաստանում միշտ դիտվել է բալանսավորող ռուսականին, և, հետևաբար, նրանք այդտեղ բացասական որևէ երանգ չեն տեսել, այլ ընդհակառակը՝ դրա կողմնակից են եղել: Մյուս կողմից, ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջողելու, և այդ հարաբերությունների զարգանալու պարագայում վրաց-թուրքական հարաբերությունների սերտացմամբ պայմանավորված հայ-վրացական հարաբերություններում նկատվող, բայց չբարձրաձայնվող նյարդը կա՛մ կվերանար, կա՛մ կնվազեր ժամանակի ընթացքում: Եվ վերջիվերջո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ լավ հատվում էր Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքական գծի, արևմտյան գերակայությունների հետ, քանի որ Թուրքիան դիտվում էր որպես Արևմուտքի ներկայացուցիչ: Եվ, հետևաբար, դժվար է ասել, որ Վրաստանն այստեղ որևէ խնդիր պետք է ունենար:

Այո՛, տարածաշրջանային խնդիրների կարգավորման պարագայում Վրաստանը կարող էր կորցնել տարածաշրջանում իր յուրահատուկ դերակատարումը: Գործընթացի հետ կապված սա Վրաստանի միակ մտավախությունը կարող էր լինել, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, Վրաստանի շահագրգռվածությունն առկա էր և շատ հստակ էր:

Համատեղ ընթացք դեպի Եվրոպա

Հայաստանն ու Վրաստանը նաև ԱլԳ անդամ պետություններ են: Դեպի Եվրոպա ընթացքն ինչպիսի՞ն էր երկու հարևան պետությունների համար: Նույն տեմվո՞վ էին առաջ ընթանում, և ի՞նչ դեր ունեցավ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերությունը:

Մոտեցումը, ներգրավումը, իրարից շատ տարբերվող չի եղել, երկրներից մեկը շատ առաջ չի եղել, մյուսը՝ հետ: 2 երկրի դեպքում էլ ընթացքը բնականոն էր: Եվրոպական հարևանության քաղաքականության փուլում, թեև Վրաստանի կողմից արդեն իսկ դրսևորվում էին ԵՄ անդամակցությանն ուղղված արտաքին քաղաքական նկրտումներ, ԵՄ կողմից այս հարցերը դեռևս առաջնահերթությունների շարքում չէին: Սակայն երբ Արևելյան գործընկերության ներքո արդեն ասոցացման համաձայնագրի բանակցություններ էին ընթանում, արտաքին քաղաքական գերակայությունները շատ հստակ և վառ արտահայտված էին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինիս պարագայում ԵՄ անդամակցության հարց օրակարգում չկար, Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն էր ու դաշնակիցը: Այս ամենը շատ հստակ էր, բայց անգամ այս իրավիճակում Հայաստանը բավական բարձր արդյունավետություն է ունեցել: Եվրոպական Միության կողմից Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն պատրաստ լինելու մասին պաշտոնական հայտարարությունը և Հայաստանի վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարությունն արվել է մոտ 24 ժամ տարբերությամբ: Սա լավագույնն է արտահայտում Հայաստանի պարագայում Եվրոպական Միության բանակցային գործընթացի ողջ խորությունը, որ անգամ մեկնարկային այդքան տարբերությունների դեպքում Վրաստանի համեմատությամբ որոշման ժամանակային միջակայքը եղել է ընդամենը 1 օր: Այլ հարց է, որ զարգացումները բերել են նրան, որ Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը տարբեր  «տուրբուլենտ» իրավիճակներից հետո Եվրոպական Միության հետ ստորագրեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այստեղ կան բավական հետաքրքիր նրբություններ, որոնք, սակայն, առավելապես առնչվում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Մի փոքր այլ ասպեկտով, բայց շատ նման իրավիճակ ունեինք ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: Վրաստանն անթաքույց ցանկություն էր դրսևորում ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցելու հետ կապված, այնինչ Հայաստանը փոխգործակցում էր կառույցի հետ այնքանով, որքանով թույլ էին տալիս ՀՀ ստանձնած այլ միջազգային պարտավորություններն ու հնարավորությունները: Ինչպիսի՞ն էր ՀՀ-ի և Վրաստանի ընթացքը: Գործընթացը նո՞ւյն տրամաբանության ներքո էր առաջ գնում:

ՆԱՏՕ-ի պարագայում առաջիններից մեկը, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն էր, որում ներգրավված էինք և՛ մենք, և՛ Վրաստանը: Այս հարթակն իր զարգացման փուլերն ուներ: Դրան հաջորդեց «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», որին Վրաստանը միացավ Հայաստանից մոտ 2 տարի շուտ, բայց այստեղ փաթեթի անվանումը նույնն է, իսկ բովանդակության մասով արդեն ճյուղավորումների տարբերություն կար, որն անմիջականորեն բխում էր նաև երկրներից յուրաքանչյուրի նկրտումներից: Հետևաբար, ասել, որ Վրաստանի ԱԳԳԾ-ն և մեր ԱԳԳԾ-ն նույնն են եղել կամ նույնն են մնացել և պրոցեսում չեն զարգացել, այդպես չէ: Երբ անդամակցության միտումը, դրա խորությունը կա, գումարվում են ծրագրային այլ փաթեթներ, որոնք Վրաստանի պարագայում կան, իսկ Հայաստանի պարագայում նման հարց չի էլ դիտարկվել:

Աբխազական երկաթգիծ. կողմերի շահերն ու հնարավոր լուծումները

Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում ամենաքննարկված հարցերից մեկն աբխազական երկաթգծի վերաբացման հարցն է: 2013 թվականի հունվարին Երևան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին երկաթգծի հարցը բարձրացրեց: Նա նշեց, որ այդ հարցը կարող է լուծվել, եթե բոլոր կողմերը ցանկանան: Այս հայտարարությունը բավականին լուրջ արձագանք ունեցավ Վրաստանում: Այդ ժամանակ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ աբխազական երկաթգծի բացումը դավաճանություն է, քանի որ երկրի օրենսդրության համաձայն չի կարող նման բան լինել:

2014 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական երկաթուղու նախագահին հանդիպելուց հետո պաշտոնական այց կատարեց Վրաստան, ենթադրություններ կային, որ երկկողմ հանդիպման գլխավոր թեման լինելու էր Վրաստանի տարածքով երկաթուղային տրանզիտի վերսկսումը, սակայն ոչ մի խոսակցություն տեղի չունեցավ: Սարգսյանը «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ երկաթուղու գործունեությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց այս հարցի լուրջ քննարկում չի եղել:

Աբխազական երկաթուղու շուրջ կրկին բուռն ալիք բարձրացավ 2017 թվականին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-24-ը Վրաստան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց. «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք Լարսին այլընտրանք կլինի, ապա կարող եմ վստահեցնել, որ՝ այո՛: Մենք պայմանավորվել ենք ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի վերաբերյալ»:

Հայաստանի վարչապետի խոսքերը վրացական ընդդիմության մոտ կրկին բորբոքեցին կրքերը: Վրաստանի կառավարության փոխվարչապետ Կախա Քալաձեն, ի պատասխան հայտարարեց, որ հայկական պատվիրակության հետ ոչ մի երկաթուղու մասին չի խոսվել, և Վրաստանի կառավարությունն այդ հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ տեղեկատվությունը հերքեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ շեշտելով, որ Վրաստանում «օկուպացված տարածքների մասին» օրենքի համաձայն, թույլ չի տրվում թե՛ ներքին տնտեսական որևէ հարաբերություն, թե՛ միջազգային որևէ տարանցում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:

Վրաստանի վերաբերմունքը երկաթուղու հետ կապված, և Հայաստանի ջանքերն ի՞նչ փուլի են հանգեցրել: Երկաթուղու վերաբացումը հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես, և այդ ուղղությամբ Հայաստանն ի՞նչ անելիքներ ունի:

Կարծում եմ՝ կարիք չկա երկաթգծի կարևորության մասին երկար խոսելու: Ակնհայտ է, որ Աբխազիայով անցնող երկաթգիծը շատ լուրջ կարևորություն ունի Հայաստանի համար, առաջին հերթին, տնտեսական զարգացման տեսլականի ներքո՝ առավել ևս եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատ մեծ քանակի և լավ որակի կոմունիկացիոն դաշտ չունենք որպես այդպիսին՝ դրա մեջ ներառելով թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման խնդիրը, թե՛ ռելիեֆային բոլոր խնդիրներն Իրանի ճանապարհին և երկաթգծի բացակայությունը, թե՛ նույն Լարսը, դրա հետ կապված տարբեր խնդիրները՝ տարվա եղանակներից բխող, տեխնիկական և այլն:

Վրաստանի պարագայում սրա հետ կապված խնդիրն ուղղակիորեն առնչվում է իրենց համար քաղաքական գերակա հարցերից մեկին: Այն ենթադրում է առնչություններ Աբխազիայի հետ, սակայն առնչություններ ի՞նչ համատեքստում՝ առնչություններ որպես սեփական շրջանի՝ իր տարածքային ամբողջականության ներքո՞՝ դա ընդունելի չէ աբխազների համար, առնչությունները որպես անկախ միավորի՞՝ ընդունելի չէ վրացիների համար: Այս հարցն իր մեջ նման բախում է պարունակում, ինչի արդյունքում երկաթգծի հարցն այսքան ձգվել է, լուծում չի ստացել: Ժամանակ առ ժամանակ լուծման ինչ-որ եղանակ գտնելուն մոտ եղել են, բայց հետո Վրաստանում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, այդ հարցը շահարկվել է և որևէ առաջընթաց չի եղել:

Արդյո՞ք սա նշանակում է, որ այս հարցը պետք է դուրս գա օրակարգից. միանշանակ՝ ո՛չ: Ընդհակառակը, այս հարցի հետ կապված պետք է լինի շատ լուրջ քաղաքական կամքի դրսևորում առնվազն 4 տեղից՝ Հայաստանից, Վրաստանից, Աբխազիայից և Ռուսաստանից: Այս հարցը պետք է այնքան կարևորվի և իր մեջ ներառի կողմերից յուրաքանչյուրի համար իրական դիվիդենտներ, որ քաղաքական հիմնական խոչընդոտները շրջանցող կրեատիվ լուծումներ գտնելու պատրաստակամություն իրապես լինի: Հնարավո՞ր է արդյոք, իմ խորին համոզմամբ՝ այո՛: Սակայն այդ հարցով պետք է զբաղվել շատ մեծ լրջությամբ ու հետևողականությամբ: Այս կապակցությամբ, կարծում եմ, կարող է օգտակար լինել, օրինակ, Հայաստանում երկաթգծային հաղորդակցության հարցերի հետ կապված հատուկ լիազորություններով դեսպանի ինստիտուտի ներդրումը՝ ամենօրյա կտրվածքով այդ հարցով զբաղվող, դիրքորոշումներ մոտեցնող, աշխարհի փորձը դիտարկող, կրեատիվ լուծումներ գտնող, որի կարևորագույն նպատակը պիտի լինի գործընկերների բոլոր խնդիրները հասկանալով հանդերձ՝ փորձել գտնել այն գիծը, միգուցե՝ շատ բարակ գիծը, որը կարող է բերել լուծման: Սա պետք է լինի առաջարկվող օրակարգը:

Վրաստանի մասնակցությամբ տարածաշրջանային ծրագրերն ու Հայաստանը

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումն ինչ-որ փուլից սկսեց դրսևորվել նաև տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու համատեքստում, ի դեպ, ծրագրեր, որոնցում անմիջականորեն ընդգրկված է Վրաստանը: Նման օրինակների շարքում ուշագրավ է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որի հետ կապված թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար տեղեկատվություն էր տարածում, որ Հայաստանին որևէ պարագայում թույլ չի տրվի օգտվել դրանից: Բնականաբար, այս հարցում կար նաև ճնշում Վրաստանի վրա: Ի՞նչ ակնկալել նման պայմաններում հարևան, բարեկամ երկրից:

Ձեր բերած օրինակի հետ կապված պիտի արձանագրենք, որ Վրաստանով անցնող ենթակառուցվածքներից օգտվելու Հայաստանի հնարավորությունները չեն կարող և չպիտի տարբերակվեն որևէ այլ երրորդ երկրի ունեցած հնարավորություններից: Հնարավոր չէ, օրինակ՝ Բուլղարիայի համար որպես պետություն, Բուլղարիայի քաղաքացու համար Վրաստանն առաջարկի այլ ռեժիմ, քան Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների համար, և այդ այլ ռեժիմը Հայաստանի համար բացասական տարրեր ունենա: Սա նորմալ երևույթ չէ, և այս ուղղությամբ, այո՛, պիտի լինի հետևողականություն, պիտի բանաձևային մոտեցում որդեգրվի: Այսինքն՝ եթե Վրաստանը ներկայացված է, մասնակցում է, և Վրաստանի հետ, այդ թվում մեր երկկողմ հարաբերությամբ, չենք կարողանում գործակցության համարժեք մակարդակ ունենալ, սա իհարկե ընդունելի չէ՝ անկախ նրանից՝ ով ինչ է հուշում Վրաստանին, ով ինչ ճնշման մեխանիզմներ է կիրառում: Լուրջ խնդիր է, եթե Վրաստանը պետք է լինի ազդեցությունների տակ ու դրանք հակադրվեն մեր շահերին: Ավելին՝ եթե այդ խնդիրը չի լուծվում բարեկամաբար, ապա պետք է սկսել աշխատել ապակառուցողական գործիքակազմի տարրերով:

Չե՞նք ուշացել նման բանաձևային մոտեցում որդեգրելու հարցում:

Չեմ կարծում, որ ուշացել ենք: Ժամանակ առ ժամանակ այստեղ ունեցել ենք որոշակի վայրիվերումներ, որոնք դժվարությամբ կարգավորել ենք: Ինչ-որ հարցերում կողմերը փորձել են լռելյայն այդ խնդրից դուրս գալ՝ ավելի չսրելով վիճակը: Կարևոր է հասկանալ՝ սա 1 օրվա հարց չէ, 1 տարվա հարց չէ, 10 տարվա հարց չէ: Այստեղ պետք է նշածս ամրագրվի օրակարգում որպես «կարմիր գիծ»:

Այս հարցն ունի նաև իր տարաբնույթ այլ բաղկացուցիչները: Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքների զարգացման հարցում արդյո՞ք Վրաստանը չունի համապատասխան պատրաստակամություն դրանք զարգացնելու կամ գուցե փորձում է դրանք տորպեդահարե՞լ՝ Թուրքիայի, Ադրբեջանի կամ երկուսի համատեղ ազդեցության ներքո: Եթե նման բան հնարավոր է, ապա հայկական կողմի դիրքորոշումն էլ հստակ պիտի լինի, որ դա ընդունելի չէ: Սա էլ հարցի մյուս կողմն է:

Բայց մեկ այլ խնդիր էլ կա՝ կարողանում ենք արդյո՞ք երկկողմ հարաբերությունների ներքո մեր հաղորդակցությունների վիճակը բարելավել, դիվերսիֆիկացված տարբերակներ ունենալ, օրինակ՝ ունենալ 3 ճանապարհից ավել, կիրառել երկաթգծի հետ կապված հնարավորությունները:

Ի դեպ, այս հարցում շատ դրական ազդեցություն կարող են ունենալ բազմակողմ ծրագրերը, որոնց հետ կապված շատ դանդաղ, բայց որոշակի ընթացք, այնուամենայնիվ, կա: Խոսքն, առաջին հերթին, Պարսից ծոց-Սև ծով կոմունիկացիոն միջանցքի մասին է, որը ենթադրում է համագործակցություն Հնդկաստանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև: Նմանատիպ ծրագրերը կարող են իրենց բավական դրական ազդեցությունն ունենալ երկկողմ օրակարգի վրա՝ իր մեջ պարունակող թե՛ քաղաքական բաղադրիչը, թե՛ տնտեսական: Սակայն չպետք է մոռանալ, որ նման ծրագրերը թանկ հաճույք են, և ներդրումների համապատասխան միջավայր ապահովելը, ապա հասնելն այդ ներդրումներին և ծրագրերի իրականացմանը, շատ կարևոր է:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող օրակարգից դուրս գալ, քանի դեռ առավելագույն արդյունավետությունն ապահովված չէ: Եթե անգամ մենք մեկ ճանապարհ ենք ավելացնում եղածին կամ երկաթգիծն ենք բացում, չի նշանակում, որ այս խնդիրն ավարտվեց: Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում և այնպիսի տարածաշրջանում, որտեղ կոմունիկացիայի ցանկացած լրացուցիչ հնարավորություն իր նպաստն է բերելու մեր զարգացմանը:

Եկեղեցուն առնչվող խնդիրները հայ-վրացական հարաբերություններում

Հայ-վրացական երկկողմ խրթին հարցերից են եկեղեցուն առնչվող խնդիրները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում են, ապա աստիճանաբար, կարծես թե, մարում: Բայց, ըստ էության, խնդիրը շարունակում է մնալ: Պարզ օրինակ, Վիրահայոց թեմը միայն 2011 թվականի Վրաստանում ընդունված օրենքի համաձայն կարողացավ գրանցվել որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ: Այսինքն՝ մինչ այդ գրանցված չէր: Վրացական եկեղեցու կողմից, կարծես, ոչ այնքան դրական վերաբերմունք կա: Այս խնդիրներն ի՞նչ ճանապարհով ենք փորձում հարթել, և արդյո՞ք այն իր ազդեցությունը չի ունենում համայնքի, համայնք-պետություն հարաբերությունների վրա:

Այս հարցերը, այո՛, ժամանակ առ ժամանակ սրացումներ են ունենում: Ասել, որ այսօր դրանք լիարժեք լուծված են, և արդեն կարելի է համարել անցած էտապ, ո՛չ: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ես չեմ ցանկանա դրա հետ կապված շատ փակագծեր բացել, բայց վրաց ուղղափառ եկեղեցին Վրաստանում հանրության շրջանում բավական ազդեցիկ ներկայություն ունի, բավական ազդեցիկ հնարավորություններ, և որքան էլ որ երկրում քաղաքական իշխանությունը և եկեղեցին տարանջատված են ու Վրաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցու ազդեցությունը երկրի կյանքում բավական մեծ է:

Մյուս կողմից, Վրաստանի իշխանությունների, ինչու ոչ, նաև ժողովրդի համար սա միակողմանի հարց է, ինչի արդյունքում առաջ է գալիս մոտեցում, որ եթե այս հարցում գնում ենք լուծումների, դիմացն ի՞նչ ենք ստանում, ո՞րն է դրա արժեքը: Կրկնեմ, սա գալիս է վիճակի անհամաչափ լինելուց: Ես սա չեմ նշում որպես դրական երևույթ, բայց այս մոտեցումն առկա է:

Միևնույն ժամանակ, եկեղեցու հետ կապված խնդիրները, հոգևորին առնչվող խնդիրները գումարվում են այն բոլոր անհանգստություններին, որոնց անդրադարձել ենք Ջավախքի մասին խոսելիս:

Եվ վերջապես, ևս մեկ շատ կարևոր գործոն՝ տարբեր եկեղեցիների պատկանելության հետ կապված վեճերը: Եթե մյուս գործոնները հիմնականում քողարկված են, ապա սրա մասին շատ է խոսվում և հիմնականում բարձրաձայնվում է հենց այս տարրը: Այդ վեճերը երկկողմ օրակարգի բաղկացուցիչ են՝ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում լրացուցիչ նյարդ ստեղծող:

Իմ կարծիքով՝ սա պետք է ունենա համապարփակ լուծում և համապարփակ կարգավորում, բայց այդ կարգավորումն իր մեջ պետք է պարունակի յուրահատուկ տարրեր, որոնք արդյունքում ոչ միայն խնդիրը կլուծեն, այլ նաև իրենց լուրջ նպաստը կբերեն 2 երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Իսկապես բարեկամ ժողովուրդներ ենք, բարեկամ պետություններ ենք, մենք պետք է ինչ-որ մի պահ, հաշվի առնելով կողք կողքի հազարամյակների մեր ընթացքը, մշակույթների իրար հետ բավականին սերտ առնչությունները, հասկանանք, որ բանաձևը չի լինում միայն «սա իմն է, սա քոնն է», լինում է նաև բանաձև, որ «սա իմն է, սա քոնն է, սա մերն է»: Եվ երբ այդ բանաձևի ընկալումը կառաջանա, այս խնդիրները համապարփակ լուծում կստանան, հակառակ դեպքում զգալու ենք բացասական երանգների ազդեցությունը, իսկ իրավիճակներից և տարբեր դերակատարների շահերից ելնելով՝ դրանք կարող են խտացվել՝ լուրջ հարված բերելով երկկողմ հարաբերություններին: Ցանկացած պարագայում պետք չէ նման հարցերն օդում կախված թողնել, դրանցով պետք է զբաղվել:

Պետություններն այստեղ առաջի՞ն զբաղվողներն են, թե՞ իրենք կարող են միջնորդ լինել: Կոնկրետ այս հարցի հասցեատերն ո՞վ է:

Այս հարցի լուծման հասցեատերը, հավատացեք, բոլորն են՝ 2 պետությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վրաց ուղղափառ եկեղեցին, 2 երկրների հանրություններն ու ժողովուրդները: Վերջիններս կարող են իրենց ձայնը բարձրացնել, ասել, որ մեր բարեկամության և հազարամյակների ընթացքի պարագայում անհարմար է, ամոթ է, որ մենք այս խնդիրը չենք լուծում: Ես հատուկ եմ այս արտահայտությամբ ասում, որպեսզի պատկերացնենք, թե ինչ կարգի դերակատարում կարող են ունենալ հանրությունները:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց մենք և հարևանները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...