Շարունակվող ցնցումները
Վրաստանում և ՀՀ քաղաքականությունը
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման մեկնարկին Հայաստանում
արդեն ունեինք մի իրավիճակ, երբ, կարելի է ասել, երկիրը գնում էր կայունացման: Մինչդեռ
հարևան Վրաստանում ցնցումներն ու փոփոխությունները շարունակվում էին: 2003 թվականի
նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», ինչի արդյունքում երկրում
իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին: Այս իրադարձությունների արդյունքում Վրաստանում
էլ ավելի էր մեծանում արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ ազդեցությունը: Ինչպե՞ս էր այս ամենին
վերաբերվում պաշտոնական Երևանը, ի՞նչ քաղաքականություն որդեգրվեց:
Ասել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով
Վրաստանի ուղղությամբ վարվող քաղաքականության փոփոխություն տեղի ունեցավ, այնքան էլ
ճիշտ չի լինի: Ըստ էության, շարունակվեց որդեգրված քաղաքական գիծը, ինչը, հընթացս,
կայունանում էր: Իսկ որդոգրված քաղաքական գիծը հետևյալն էր. մենք շահագրգիռ ենք կայուն
Վրաստան ունենալու հարցում և՛ որպես բարեկամ ժողովուրդ, և՛ որպես հարևան, որի հետ բոլոր
կոմունիկացիաները մեզ համար ունեն կենսական կարևորություն: Այսինքն՝ շահագրգռվածությունը
Վրաստանի կայունությամբ, Վրաստանի՝ որպես պետություն զարգացմամբ և հայ-վրացական հարաբերությունների
զարգացմամբ շատ անկեղծ և շատ իրական էր: Սա ընկալելի ու հիմնավորված քաղաքական գիծ
էր, ինչը շատ լավ գիտեին նաև Վրաստանում:
Այո՛, ժամանակի ընթացքում Վրաստանում մեծանում
էր արևմուտքի ազդեցությունը, ինչն անուղղակիորեն ՀՀ համար ուներ նաև ռիսկեր: Տեսե՛ք,
եթե Արևմուտքի ազդեցությունը մենք չափում ենք Եվրոպական Միությամբ կամ Ամերիկայի Միացյալ
Նահանգներով, ապա այս տեսանկյունից Հայաստանի համար խնդրահարույց ու ռիսկային գործոններ,
կարելի է ասել, գրեթե չկան: Իհարկե, կարող ենք խոսել ածանցյալ ռիսկերի մասին, այն մասին,
որ դրանով է՛լ ավելի էին սրվում ռուս-վրացական հարաբերությունները, ինչը չէր կարող
Հայաստանին չհուզել և չառնչվել, բայց սա՝ ածանցյալ: Միաժամանակ, չենք կարող ուշադրությունից
դուրս թողնել այն հանգամանքը, որ Արևմուտքի ազդեցության ցանկացած մեծացում, առավել
ևս, եթե այն իր մեջ դեպի ՆԱՏՕ հարաբերություններ զարգացնելու բաղադրիչ ու միտում էր
պարունակում, առաջ էր քաշում Թուրքիայի դերակատարումը: Հետևաբար, եթե Վրաստանում Արևմուտքի
ազդեցության մեծացման ներքո հաշվի ենք առնում և այս հանգամանքը, ապա, իհարկե, սա իր
հետ ռիսկեր էր բերում ՀՀ-ի համար:
Միաժամանակ, զուգահեռ հարց կար վրացական կողմից.
հայ-ռուսական հարաբերություններն այս շրջանում մեծ թափով զարգանում էին, արդեն հասել
էին ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մակարդակի, ինչն էլ, առնվազն տեսականորեն,
չէր կարող չհուզել Թբիլիսիին:
Բայց այս ամենի հետ մեկտեղ կուզեմ մենք այս
հարցն այլ հարթությամբ դիտարկենք: Հայ-վրացական իրական բարեկամական, գործընկերային,
անկեղծ հարաբերությունների պարագայում բոլոր այս տարբերությունները, այդ թվում՝ արտաքին
քաղաքական կողմնորոշումների, ավելի շատ մարտահրավերնե՞ր, թե՞ հնարավորություններ կարող
էին պարունակել երկու պետությունների համար: Ես համոզված եմ, որ դրանք շատ ավելի մեծ
հնարավորություններ կարող են ընձեռել, եթե երկկողմ հարաբերություններում կա իրական
փոխվստահություն, եթե այդ հարաբերությունները կանխատեսելի են՝ միտված բարեկամության
շրջանակների լայնացմանն ու խորացմանը: Անշուշտ, նման պարագայում այդ հնարավորությունները
չպիտի մնան տեսական մակարդակում, դրանք պիտի կապիտալիզացվեն, դառնան գործողությունների
ծրագրեր, կյանքի կոչվեն, հընթացս նոր ուղղություններ բացեն: Այս ամենով հանդերձ, իհարկե,
մարտահրավերներն ու ռիսկերը չեն վերանում, բայց որքանով մեծ է լինում միմյանց կարևորության
ընկալումը, որքանով այն վեր է ածվում իրական քաղաքականության, այնքանով եղած անհանգստությունները
նվազում են՝ ճանապարհ հարթելով հնարավորությունների կյանքի կոչման համար:
Ռուսական ռազմաբազայի հենակետերի
դուրսբերումը Ջավախքից
Վրաստանի՝ դեպի արևմուտք արտաքին քաղաքական
կողմնորոշման ամրագրումը տարբեր փուլերով անցավ: Այդ փուլերից մեկն էլ Վրաստանից ռուսական
ռազմական հենակետերի դուրսբերումն էր: 2005 թվականին նման որոշում կայացվեց նաև Ջավախքում
գտնվող ռուսաստանյան ռազմական հենակետերի հետ կապված: Տեղի հայազգի բնակչությունը ցույցեր
կազմակերպեց՝ բողոքելով որոշման դեմ: 2005 թվականի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ոչ պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի, հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Նինո Բուրջանաձեի հետ, ինչից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս նշեց,
որ նման ոչ պաշտոնական հանդիպումները թույլ են տալիս անբռնազբոս մթնոլորտում քննարկել
բազմաթիվ հարցեր: Նա նշեց նաև, որ հանդիպման ընթացքում խոսվել է ռուսաստանյան ռազմակայանները
Վրաստանից դուրս բերելու մասին և «Քոչարյանը միանշանակ հայտարարել է, որ այդ խնդիրը
Վրաստանի ներքին գործն է»: Հայաստանն ի՞նչ մտավախություններ ուներ այդ գործընթացի հետ
կապված ու ի՞նչ դերակատարում էր փորձում ունենալ կամ կարող էր ունենալ:
Փորձենք խնդրին նայել մի փոքր այլ դիտանկյունից՝
Ջավախքի մեր հայրենակիցների դիտանկյունից: Ի դեպ, սա հասկանալը կօգնի նաև գտնել Ձեր
հարցի պատասխանը, թե ինչ մտավախություններ ուներ Հայաստանը:
Առաջինը, ռուսական ռազմական հենակետը Ջավախքի
մեր հայրենակիցների ընկալմամբ՝ իրենց համար ստեղծում էր անվտանգային լրացուցիչ «բարձիկ»:
Սա պայմանավորված էր նաև թուրք մեսխեթցիների հնարավոր վերադարձի խնդրով, ինչին համաձայնություն
էր տվել Վրաստանը: Քանակների հետ կապված կար ընդհանուր պատկերացում, բայց տեղաբաշխման
հետ կապված այդ քանակների պատկերացումը լիարժեք չէր, հետևաբար, սա մեր հայրենակիցների
կողմից ընկալվում էր որպես մարտահրավեր, ինչը կարող է բերել ժողովրդագրական պատկերի
փոփոխության, լրացուցիչ նոր լարվածությունների առիթ դառնալ: Այս պարագայում հայացքը
դեպի ռուսական ռազմական հենակետ նաև լրացուցիչ անվտանգային երաշխիք էր. մի կողմ դնենք
հարցը, թե որքանով էր այս ընկալումն իրական:
Երկրորդ՝ բավական լուրջ սերտացում կար արդեն
թուրք-վրացական հարաբերություններում: Եվ այդ սերտացման ներքո նորից վտանգների խնդիր
կար ջավախահայության մոտ՝ կապված, մասնավորապես, աշխարհագրական տեղակայմամբ ու դրանից
բխող կոմունիկացիաների խնդրով: Օրինակ, նույն տնտեսական էքսպանսիայի հետ կապված խնդիրները,
որոնց մասին հաճախ ենք խոսում, Ջավախքի հայությունը շատ ավելի սուր էր զգում, քան Վրաստանի
այլ շրջանների բնակիչները:
Երրորդ՝ ռուսական ռազմական հենակետն, ամեն ինչից
զատ, նաև աշխատատեղ էր ապահովում բազմաթիվ ջավախահայերի համար: Հետևաբար, դրա դուրսբերումն
առաջացնելու էր նաև սոցիալական խնդիրներ, ինչը Ջավախքում շատ լավ զգում էին, և բոլոր
այս հարցերի ու մտահոգությունների համախումբն առաջ էր բերում բողոքի ձայն:
Վրաստանը, որպես պետություն, ընդունելով ՌԴ
ռազմական հենակետերի հեռացման որոշում և ապա ստանձնելով դրա կյանքի կոչման գործընթացը,
արդյո՞ք մինչ այդ այս բոլոր խնդիրների ու անհանգստությունների, բոլոր հնարավոր մարտահրավերների
հարցը լուծել էր: Տրամաբանությունը հուշում է, որ եթե դա լուծած լիներ և եթե դա հանրության
համար ընկալելի և հասկանալի լիներ, բողոքի խնդիր էլ չէր լինի, բոլոր վախերն ու անհանգստությունները
հեռացած կլինեին՝ ապահովելով շատ ավելի հանգիստ արձագանք բնակչության, այս դեպքում՝
ջավախահայության կողմից: Իհարկե, այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ անտեսվա՞ծ էր թեման, թե՞
ժամանակային կտրվածքով լուծումները գտնված ու կիրառված չէին. բարդ է ասել: Գումարած
դրան, Վրաստանի իշխանական շրջանակներում ու պետական կառավարման մեջ եղել են մարդիկ,
որոնք այս ամենի ներքո մտածում էին, որ սա նաև հնարավորություն կտա Ջավախքի հավաք բնակչությունից
բխող վախերը հաղթահարել, իրավիճակ փոխել: Փոքր հանրության պարագայում այս խնդիրներն
էլ էին տեսանելի, և իրավիճակը հստակ պատկերացնելու համար նշենք, որ անգամ մի նշանակումը,
անգամ մի արտահայտությունը շատ արագ տեղ էր հասնում ու շատ արագ արձագանք բերում:
Ջավախքի հայության բողոքի հիմնավորումները հասկանալուց
հետո փորձենք այս ամենին նայել Երևանից: Մի կողմից ազգակիցների խնդիրներն են, որոնք
նորմալ պետություն լինելու դեպքում չի կարելի անտեսել, բայց մյուս կողմից խոսքը բարեկամ
երկրի մասին է: Հետևաբար, օրակարգային է դառնում բոլոր հնարավոր գործիքների կիրառումը՝
սեփական քայլերով, գործողություններով թույլ չտվող իրավիճակի անվերահսկելիություն,
բայց, միաժամանակ, չանտեսող եղած խնդիրները: Նպատակն էր գտնել լուծման ճանապարհներ,
նաև՝ թույլ չտալ, որ միջպետական հարաբերությունները վստահության ինչ-որ հարված կամ
ճգնաժամ կրեն և ձեռք մեկնել հարևան երկրին՝ խնդիրները հասկանալու ու լուծումներ գտնելու
համար՝ հօգուտ պետությունների հարաբերությունների և հարևան երկրում բնակվող քո հայրենակիցների:
Սրանով էլ Հայաստանը շարժվում էր: Ի դեպ, այդ սրացման փուլերում ինքս էլ՝ որպես քաղհասարակության
ներկայացուցիչ, մի քանի անգամ եղել եմ Ջավախքում, երկար շփվել մեր հայրենակիցների հետ,
փորձել խնդիրները հասկանալ, այդ հասկացածի հիման վրա արդեն Հայաստանում փորձել լուծումներ
գտնել, գտնել հասցեատերերին, որոնք օժանդակող դեր կարող են ունենալ: Կարծում եմ, շատ
նորմալ, ընկալելի գործընթաց էր, և ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն
էլ այստեղ առավել քան բնական ու հասկանալի էր, և, ամենակարևորը, ստացվեց հարցին այնքան
լուրջ վերաբերվել, որ առնվազն «չուշացանք», իսկ սա նման դեպքերում շատ կարևոր է:
Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց. մենք և հարևանները»

Comments
Post a Comment