Skip to main content

Հայաստանի հարաբերությունները ասիական երկրների հետ

 

Ասիան, որն աշխարհագրորեն ներառում է բավական մեծ տարածք, մեզ համար աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված, կրկին քիչ ճանաչելի է: Այնուամենայնիվ, սա էլ է շատ «խայտաբղետ» տարածաշրջան՝ սկսած պետությունների զարգացվածության աստիճանից, ժողովրդավարության մակարդակից, տարածաշրջանում ու աշխարհում իրենց դերից ու նշանակությունից մինչև մարդկանց կենսամակարդակ ու սոցիալական վիճակ: Ո՞րն է այս տարածաշրջանի երկրները կապող հիմնական գործոնը, ընդհանրությունը, եթե այսպիսին կա:

Հավանաբար կա, բայց կա ավելի լոկալիզացված տարածաշրջաններում, որովհետև այժմ մենք խոսում ենք աշխարհագրորեն բավական մեծ տարածքի մասին: Անգամ դժվար է այն մեկ տարածաշրջանի մեջ դիտարկելը:

Այսինքն, տարբերակումը շատ հստակ պետք է լինի:

Իհարկե, այդ երկրները նույն համատեքստում դիտարկելը բավական բարդ է: Երբ անդրադառնում ենք Հեռավորարևելյան Ասիային՝ Մալայզիա, Ինդոնեզիա, Սինգապուր, Ֆիլիպիններ, Արևելյան Թիմոր, Բրունեյ, Կամբոջա, Լաոս, Մյանմա, Թայլանդ, Վիետնամ, իհարկե, սրանք բոլորը շատ տարբեր են: Դժվար է ասել, որ մենք, որպես պետություն, այս ուղղություններով հարաբերություններ զարգացնելու վրա կարողացել ենք բավական ժամանակ ու ռեսուրս ներդնել, պատշաճ ուշադրության արժանացնել: Սակայն կարելի է նաև նշել, որ երրորդ նախագահի ղեկավարման ընթացքում էական տեղաշարժեր տեղի ունեցան թե՛ քաղաքական երկխոսություն կառուցելու, թե՛ բարձր մակարդակի այցերի իմաստով: Արդյունքների մասին երկար կարելի է խոսել, օրինակ՝ Սերժ Սարգսյանի Վիետնամ կատարած այցի արդյունքում 2 երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու որոշում ընդունվեց, ինչը շատ կարևոր էր և այսպես շարունակ: Այս ամենը, իհարկե, որոշակի գործընթացի շատ լավ սկիզբ հանդիսացավ:

Կոնկրետ ինչ-որ երկրի՞ հետ կապված, թե՞…

Օրինակ, Վիետնամի, Լաոսի հետ: Եթե ավելի հեռուն ենք գնում, ապա այդ մեկնարկային բաղադրիչներն առկա էին նաև Սինգապուրի, Ինդոնեզիայի հետ…

Եթե դիտարկում ենք Մյանման, Մալայզիան, Բանգլադեշը, Նեպալը, ապա դրանք շատ հետաքրքիր երկրներ են իրենց ավանդույթներով, մշակույթով և քաղաքակրթական յուրահատկությամբ, բայց միաժամանակ ուղղություններ են, որոնց մասին ասել, թե իրենց շուրջ եղած գրավիտացիայի ներքո բացված են դեպի լայն աշխարհ, այդքան էլ ճիշտ չի լինի: Բացի այդ, յուրաքանչյուրը տարբեր է իր անցած ճանապարհով, ներքին տարաբնույթ խնդիրներով: Բայց սա տարածաշրջան է, որի վրա հարկավոր է ուշադրություն սևեռել, հնարավորության շրջանակներում փորձել նորմալ հաղորդակցություն ապահովել, փորձել հասկանալ օրակարգեր, որոնցում հնարավոր է գտնել ընդհանրություններ:

Անշուշտ, այդ երկրների հետ կապված բավական լուրջ կամրջող դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանը՝ որպես բարեկամ երկիր, որպես երկիր, որն ունի նաև շատ լուրջ կշիռ տարածաշրջանում: Բավական բարդ ու ծանր է իրավիճակը Պակիստանի պարագայում. թշնամական կեցվածք Հայաստանի նկատմամբ՝ սկսած Հայաստանի անկախությունը մինչ այսօր չճանաչելուց: Դրա ամենավառ դրսևորման ականատեսը եղանք նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ թե՛ արձագանքների տեսքով, թե՛ մինչ այդ տարաբնույթ ձևերով Ադրբեջանին և Թուրքիային խրախուսելով: Էլ չեմ ասում ուղղակի ներգրավվածության մասին: Այս երկիրը մշտապես ունեցել է բավական լուրջ թշնամական կեցվածք Հայաստանի նկատմամբ: Բայց պետք չէ՞ արդյոք այդ ուղղությամբ աշխատելու և այդ կեցվածքը որևէ կերպ վերափոխելու խնդիր դրվի: Սա ևս աշխատանքի դաշտ է, որի անտեսումը հաստատ լավագույն տարբերակը չէ:

Տարածաշրջանի մասին խոսելիս, առնվազն, լոկալ տիրույթում, չենք կարող չանդրադառնալ նաև տասնամյակներով, եթե չասեմ հարյուրամյակներով տիրող անկայունությանը, որն առավելապես Աֆղանստանում տեղի ունեցողի հետևանքն էր: Չենք կարող չխոսել Մոնղոլիայի մասին՝ իր յուրահատկություններով՝ պայմանավորված թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ պատմությամբ և թե՛ ազգաբնակչության քանակով: Ընդհանուր առմամբ, բավական բարդ տարածաշրջան է իր կոնֆիգուրացիայով, իր ձևով, իր տեսակով, բայց միևնույն ժամանակ այստեղ պետություններ են, որոնք միջազգային հարթակներում ունեն ձայնի իրավունք, ունեն որոշակի դերակատարում, և պետք է փորձել հասկանալ, թե որի պարագայում ինչպես կարելի է հարաբերությունների եղած վիճակը թեկուզ փոքր քայլերով բարելավել, և այդ իմաստով բավական լուրջ դերակատարում կարող են ունենալ նաև այլ երկրներ՝ որպես կապող օղակ:

Իսկ խորհրդային շրջանը և ԽՍՀՄ ներքո ու շրջանակներում շփումների փորձը չե՞ն կարող դրական ազդեցություն ունենալ այս հարցում: Ի վերջո, բավական լուրջ կապեր են եղել այդ պետություններից որոշների հետ, կան համատեղ հիշողություններ:

Իհարկե, Ձեր նշածը կարևոր գործոն է: Եվ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, այո, գիտեն այս երկրների առնվազն որոշ հատվածի հետ հարաբերվելու ձևը, լեզուն և, անշուշտ, կարելի է այս գործոնն օգտագործելով քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ի դեպ, մեր և այդ երկրների ավագ սերնդի ներկայացուցիչների վերաբերմունքը փոխադարձ է: Հետևաբար, եթե կան այդ հակվածությունը և փոխադարձության որոշակի բաղադրիչները, ապա անհրաժեշտ է դառնում հետևողականորեն կիրառել դրանք:

Դուք նաև առիթ եք ունեցել անձամբ լինելու Հեռավորարևելյան շատ երկրներում, ունեք տարբեր պետություններում, տարբեր մակարդակներով շփումների փորձ: Պիտի խնդրեմ այս թեմայի շրջանակներում նաև Ձեր անձնական մոտեցումներն ու դիտարկումները ներկայացնեք:

Այո, ժամանակին առիթ ունեցել եմ անմիջական շփվելու հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների հետ և տեղում հասկանալու ու ուսումնասիրելու Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Այդ երկրների շարքում կարող ենք առանձնացնել Ինդոնեզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները, Արևելյան Թիմորը: Սրանք երկրներ են, որոնց հետ կապված մեր հանրության ներսում նաև որոշակի կարծրատիպեր կան: Օրինակ, տեսեք, Ինդոնեզիան մուսուլման ազգաբնակչությամբ աշխարհի ամենամեծ երկիրն է, և տարիներ շարունակ մեզ մոտ եղել է կարծրատիպային ընկալում, թե Հայաստանն այնտեղ անելիք չունի: Ինդոնեզիան ներսից ճանաչելու արդյունքում այս կարծրատիպը կոտրվում է: Այնտեղ կրոնական գործոնն էապես տարբերվում է նրանից, ինչ տեսանելի է մեր անմիջական հարևանությամբ: Ինդոնեզիայի պարագայում, ըստ էության, իսլամը պրոյեկտվում է քաղաքակրթական և մշակութային միանգամայն այլ դաշտի վրա՝ ինչ-որ յուրօրինակ խառնուրդի վերածվելով: Ինդոնեզիան երկիր է բավական մեծ պոտենցիալով, յուրահատուկ փորձով, այդ թվում՝ հակամարտությունների հետ կապված: Բավական է հիշել, որ Նոր Գվինեա կղզին կիսված է Ինդոնեզիայի և անկախ պետություն Պապուա Նոր Գվինեայի միջև, բավական է հիշել լուրջ կոնֆլիկտային իրավիճակն Աչեհի հետ կապված, որը տարիներ ձգվող հակամարտություն է, և ասել, որ հաղթահարված է, այնքան էլ ճիշտ չի լինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդտեղ մեծ դերակատարում է ունեցել բնական աղետը, ինչն ինքնին հուշում է, որ երկարաժամկետ և կայուն քաղաքական լուծումների հետ կապված անելիքներ առնվազն դեռ կան և լինելու են: Չենք կարող այստեղ չնշել միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ կարգավորման բավական երկար գործընթացն Արևելյան Թիմորի շուրջ, որն ավարտվեց վերջինիս անկախացմամբ: Այսինքն՝ մենք խոսում ենք մեծ պոտենցիալով, աշխարհում, մասնավորապես՝ իսլամական աշխարհում զգալի ազդեցություն ու կշիռ ունեցող պետության մասին: Եվ եթե հիշենք, թե Ադրբեջանի ջանքերով որքան խնդիրներ են մեզ համար ստեղծվել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից, ապա պարզ կդառնա, թե որքան կարևոր է այստեղ բալանսների պահպանումը: Սա բավական լուրջ ու կարևոր խնդիր է, որի լուծմանը կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել: Այն հետևողական աշխատանք է պահանջում:

Բավական հետաքրքիր է իրավիճակը Ֆիլիպինների հետ կապված: Ֆիլիպիններում մարդկանց հետ շփվելիս հաճախ կարելի է հանդիպել հարցադրման, թե արդյոք մենք հասկանո՞ւմ ենք իրենց վիճակի ծանրությունը, քանի որ իրենք այդքան փոքր երկիր են: Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ փոքր երկիրը մոտ 117 միլիոն բնակչություն ունի: Առաջին հայացքից կարող է զվարճալի թվալ, բայց քանի որ ամեն ինչը հարաբերական է, հարկավոր է համեմատականների մեջ դիտարկել: Ֆիլիպիններից ոչ հեռու հարևանությամբ գտնվում են Ինդոնեզիան, Չինաստանը… Եվ հասկանալի է չէ՞ փոքր երկիր լինելու զգացողությունը որտեղից է գալիս: Միաժամանակ, Ֆիլիպինները քրիստոնյա ազգաբնակչությամբ պետություն է, քրիստոնեության շատ յուրահատուկ ավանդույթներով, աշխարհի հետ հարաբերվելու, շփվելու պատրաստակամությամբ և, իհարկե, շատ լուրջ ներուժով՝ այդ տարածաշրջանում համագործակցային խարիսխներ գցելու:

Հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն է Մալայզիան: Իր անցած ճանապարհով, կայացրած որոշումներով յուրահատուկ մոդել է Սինգապուրը, որն օրինակ կարող է հանդիսանալ աշխարհի բազմաթիվ պետությունների համար: Այդ երկրին նայելով՝ հասկանում ես, որ շատ բան կա դիտարկելու, խորհելու, ուսումնասիրելու, առավել ևս, երբ հաշվի ես առնում այն փաստը, որ տարածքով շատ փոքր պետության հետ գործ ունենք:

Պատահական չէ, որ հաճախ են համեմատում, զուգահեռներ անցկացնում Հայաստանի հետ:

Այո: Բայց թե՛ իրական վիճակով, թե՛ աշխարհում ունեցած իմիջով էապես տարբերվում են: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանն առավել քան հետաքրքիր է, օգտակար և հարաբերություններ զարգացնելու, միացյալ օրակարգեր փնտրելու լուրջ պոտենցիալով: Եվ ամենասխալ մոտեցումն այս ամենը լրիվ կամ մասնակի անտեսելն է:

Այսինքն՝ բանաձևը նույնն է, պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ:

-Այո՛:

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ տարածաշրջանային այս ներկապնակում էապես տարբերվող երանգ, տեսակ է Ճապոնիան: Ո՞րն է, ըստ Ձեզ, Ճապոնիայի առանձնահատկությունը:

-Ճապոնիան որպես պետություն, ազգ և հանրություն, առաջին հերթին բոլորից առանձնանում է իր յուրահատուկ ավանդույթներով և քաղաքակրթական շատ ուրույն «ձեռագրով»:

Տարբերվում է ոչ միայն իր տարածաշրջանի, այլ աշխարհի՞ երկրներից:

-Այո՛, ոչ միայն իր տարածաշրջանից: Երկիր, որն այսօր էլ ունի շատ լուրջ ազդեցություն իր շրջապատում և աշխարհում: Երկիր, որն անցել է շատ լուրջ փորձությունների միջով և ունի հարուստ պատմություն: Երկիր, որը բավական մեծ ուշադրություն է գրավում. ես չգիտեմ այնպիսի տարածաշրջան աշխարհում, որը չունի որոշակի հետաքրքրություն Ճապոնիայի նկատմամբ: Եվ դա պատահական չէ: Ավանդույթների, մշակույթի միախառնումը բավական լուրջ գրավչություն է առաջացնում: Ի հավելումն այդ ամենի, Ճապոնիան ունի զարգացվածության բարձր աստիճան՝ սկսած նորագույն տեխնոլոգիաներից մինչև տնտեսական բավական լուրջ ցուցանիշներ: Վերջիվերջո պատահական չէ, որ աշխարհի խոշորագույն 7 տնտեսությունները միավորող Մեծ յոթնյակի անդամ երկիր է:

Երբ դիտարկում ենք աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, երկրի մասշտաբները և արձանագրած արդյունքները, իհարկե, հասկանալի է դառնում, որ այստեղ ոչ միայն հարգանքի արժան շատ բան կա, այլև շատ բան մանրակրկիտ դիտարկելու, ուսումնասիրելու, օրինակ վերցնելու: Միևնույն ժամանակ Ճապոնիան աչքի է ընկնում իր բավական սերտ կապերով Միացյալ Նահանգների հետ: Այստեղ էլ, իհարկե, կան յուրահատկություններ՝ Ճապոնիան դաշնակից է երկրի հետ, որն իրեն ժամանակին միջուկային հարված է հասցրել: Հետաքրքիր է՝ Ճապոնիան, անցնելով տարբեր, այդ թվում՝ շատ ծանր փորձությունների միջով, հնարավորինս պահել ու պահում է սեփական դիմագիծը:

Միաժամանակ, Ճապոնիան գտնվում է կոնֆլիկտային վիճակում Ռուսաստանի հետ: Առ այսօր այս երկրները չեն կնքել խաղաղության պայմանագիր և վիճարկում են Կուրիլյան կղզիների պատկանելությունը: Ճապոնիայի տարբեր կառավարություններ փորձում են տարբեր կերպ մոտենալ այս հարցին: Ինչ-որ պահի կարող է թվալ, որ երկխոսություն է սկսվում, բայց նորից ինչ-որ բան խոչընդոտում է, և հարցը կրկին մղվում է հետին պլան:

Երբ խոսում ենք Ճապոնիայի մասին, չպետք է մոռանանք նաև Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան: Ճապոնիան բավական սերտ հարաբերություններ ունի Հարավային Կորեայի հետ՝ միասնական օրակարգերով: Սրան հակառակ՝ Հյուսիսային Կորեան փորձում է Չինաստանի ու Ռուսաստանի աջակցությունը ստանալ, ունի թշնամական վերաբերմունք Հարավային Կորեայի նկատմամբ: Պարզ է, չէ՞, որ այս երկրներից յուրաքանչյուրը հարուստ է իր պատմությամբ, այդ պատմության վայրիվերումներով, ելևէջներով: Եվ մյուս կողմից, դրանք երկրներ են, որոնցից յուրաքանչյուրն իրական քաղաքականության հետ շատ ուրույն և շատ դեպքերում բավական ծանր ձևերով է բախվել: Ճապոնիան միջուկային հարված է կրել, Կորեան բաժանված է 2 մասի:

Ի դեպ, չմոռանանք ևս մի գործոն. Ճապոնիան բավական լուրջ բացասական հետևանք է թողել տարածաշրջանի այլ երկրների վրա պատմության տարբեր շրջաններում ունեցած դրվագներով, որոնք չեն կարող հարևանների մոտ մտահոգությունների տեղիք չտալ ու լարում չստեղծել: Սա էլ իր որոշակի հետքերն է թողել Ճապոնիայի վրա: Այնուամենայնիվ, այս ամենը հաշվի առնելով, նորից պիտի ամրագրենք՝ Ճապոնիան շատ լուրջ գրավչություն ունեցող երկիր է քաղաքակրթության բարձր մակարդակով, յուրահատուկ մշակույթով:

Դեպի Հայաստան ու հայություն Ճապոնիայի առնչություններն ինչպիսի՞ն են:

Նախ, Ճապոնիայում ունենք հայկական համայնք, ինչն, անկախ իր թվաքանակից, կարևոր գործոն է: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատված են 1992 թվականից, 2010 թվականից Տոկիոյում գործում է Հայաստանի դեսպանությունը, իսկ 2015 թվականից՝ Երևանում Ճապոնիայի դեսպանությունը: Ոչ քաղաքական օրակարգերի ներքո Ճապոնիան տարբեր ժամանակահատվածներում փորձել է որոշակի օժանդակություն տրամադրել ինչ-ինչ հարցերի հետ կապված՝ դրանով ինչ-որ իմաստով ներգրավվածություն ապահովելով: Սա արդեն խոսում է վերաբերմունքի մասին: Բնականաբար, նման տնտեսական հզորությամբ օժտված երկիրը նաև շահերի ավելի լայն բաշխում ունի: Մյուս կողմից կան և՛ կիսաբարձրաձայնվող, և՛ չբարձրաձայնվող հակասությունների, հակադրումների դաշտեր, որոնք իրենց հետ բերում են այդ ներգրավվածության հարցերը՝ կապված, այս դեպքում Ռուսաստանի, Չինաստանի դերակատարման հետ:

Երբ խոսում էինք Հարավային Ամերիկայի մասին, զրույցի մի զգալի հատված նվիրվեց այնտեղի հայ համայնքին, սփյուռքի ներկայությանը և ազդեցությանը: Ի տարբերություն Հարավային Ամերիկայի՝ այս տարածաշրջաններում հայերը կարծես այդքան էլ ակտիվ չեն: Տարածաշրջանի ո՞ր երկրներում են սփյուռքի գաղթօջախներն առավել ակտիվ, կայացած՝ չհաշված Հնդկաստանն ու Չինաստանը:

Սկսենք նրանից, որ համայնքը սակավաթիվ է, բայց կա: Անձամբ առիթ եմ ունեցել այդ երկրներում հանդիպելու հայերի, որոնք հիմնականում ավստրալահայեր են եղել և այդտեղ, օրինակ, բիզնես գործունեությամբ են զբաղվել: Այո, քանակապես մեծ թիվ չեն կազմում, բայց փաստն այն է, որ ունենք հայրենակիցներ, որոնք ինչ-որ գործունեություն, այնուամենայնիվ, ծավալում են: Եթե անդրադառնանք ճանաչելիության խնդրին, ապա այն, իհարկե, կախված կոնկրետ երկրից՝ տարբեր է: Օրինակ, Ֆիլիպիններում զգացել եմ, որ բավական լուրջ ճանաչելիություն կա: Սա առավելապես կապում եմ կրոնական գործոնի և Ֆիլիպինների՝ Սուրբ Աթոռի հետ ունեցած լուրջ կապերի հետ: Օրինակ, բարձր գիտական կամ կրթական աստիճան ունեցող մարդիկ Հայաստանի անունը լսելիս և՛ ճանաչում էին, և՛ անմիջապես նշում էին Հայաստանի՝ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած լինելու փաստը:

Սինգապուրն ունեցել է շատ հայ ընտանիքներ, որոնց ողջ երկիրն է ճանաչում և որոնց անուններն ազգային խորհրդանիշների հետ են կապված: Օրինակ, Սինգապուրում դժվար է գտնել մեկին, ով չգիտի, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը:

Ամեն դեպքում, այո, այստեղ իրավիճակը տարբեր է և այն, օրինակ, երբեք չես համեմատի Հարավային Ամերիկայի հետ, որտեղ համայնքի հետ կապված էապես ավելի դրական վիճակ ունենք թե՛ ճանաչելիության իր չափով, աստիճանով, թե՛ ակտիվությամբ ու գործունեությամբ: Բայց, ցանկացած պարագայում, միևնույն է, սա շատ կարևոր գործոն է:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...