Մարդկության
պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր աշխարհակարգ արտացոլում էր այն, ինչի համար
մղվել էր իր հաստատմանը նախորդող պատերազմը, ինչպես նաև դրա արդյունքների շուրջ վերջնական
համաձայնության եկած հաղթած և պարտված ուժերի միջև ստեղծված նոր ստատուս քվոն: Ձևավորված
հավասարակշռությունը պահպանվում էր այնքան, մինչև վերջին պատերազմում հաղթողները ցանկություն
չցուցաբերեին, իսկ պարտվածներն ի վիճակի չլինեին ավելի շահեկան ստատուս քվո հաստատելու
նպատակով նոր պատերազմ մղել: Ասածն ամենևին չի նշանակում, որ մեծ պատերազմներից հետո
ձևավորված աշխարհակարգերը մնում էին ստատիկ վիճակում: Հակառակը, միջազգային համակարգն
անընդհատ փոփոխության մեջ է, իսկ նրա ներսում անդադար տեղի են ունենում բազմաբնույթ
գործընթացներ: Այդուհանդերձ, յուրաքանչյուր մեծ ու փոքր փոփոխություն սահմանափակվում
է ձևավորված համակարգի կողմից նվազեցնելու նրա ազդեցությունը և այդ կերպ պահպանելու
հավասարակշռությունն ու կայունությունը:
Երկրորդ
համաշխարհային պատերազմին հաջորդած և իր որոշ մնացորդային հատկանիշներով գործող հետսառըպատերազմյան
աշխարհը ստեղծված էր եզակի և սահմանափակ տեղաշարժերը կառավարելու համար: Ներկայիս գլոբալիզացված
և փոխկապակցված աշխարհակարգն իր դրական հետևանքներով հանդերձ անխուսափելի է դարձրել
այն իրականությունը, որ մարտահրավերներն ու շահերի բախումներն էլ են գլոբալիզացված
և փոխկապակցված, երբ աշխարհագրությունը սեղմվել է, իսկ ներազդեցության ճակատը բազմակիորեն
ընդարձակվել: Հետևաբար, անչափ ավելի բարդ է դարձել համեմատաբար հանկարծակի և համատարած
տեղաշարժերը կառավարելը, ինչը հենց այն է, ինչ տեղի է ունենում ներկայումս: Այսօր մեզ
վիճարկվել է ապրել նոր համաշխարհային հավասարակշռության ձևավորման համար մղվող արմատական
վերափոխումների ժամանակաշրջանում: Որոշ աշխարհամասերում ռազմական գործողությունների
և այլ տարածաշրջաններում հետ կամ նախապատերազմական իրականությունը բխում է այն տրամաբանությունից,
թե ով ինչ չափաբաժին կկարողանա ձեռք բերել ապագա աշխարհակարգի ճարտարապետության մեջ,
և որքանով հնարավոր կլինի նրանում տեղավորել սեփական ռազմավարական տեսլականների իրականացումը:
Բեռլինի
պատի վերացումը, «սառը պատերազմի» ավարտը և Խորհրդային Միության փլուզումն ազդարարեցին
«երկաթե վարագույրի» չեղարկումը, որի արդյունքում Եվրոպայի և Եվրասիայի միջև արձանագրվեց
հանդիպակաց ակտիվ շարժի և դինամիկ փոխգործակցության աննախադեպ աճ: Սակայն «երկաթե վարագույրը»
շարունակում էր մասամբ պահպանվել՝ ի դեմս Հայաստան-Թուրքիա փակ սահմանի, իսկ Հարավային
Կովկասի տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, իր ազգամիջյան հակամարտությունների հետևանքով
ապրում էր «սառը պատերազմի» տրամաբանությամբ: Քանի որ միջազգային առանցքային դերակատարները
որպես միջնորդ ներգրավվել էին պատմական կնճիռների հաղթահարման գործում, թվում էր, թե
միջազգային կոնսենսուս կար տարածաշրջանը պահել ռազմավարական «կոնսերվացիայի» մեջ մինչև
ավելի հարմար պահը: Ճիշտ է, ընթացքում 2000-ականների սկզբից կառուցվեցին նավթա և գազատարներ,
երկաթուղիներ, բայց նկատենք, որ դրանց իրական արտատարածաշրջանային ռազմավարական կարևորությունը
պետք է բացահայտվեր հետագայում: Այսքանով հանդերձ, միևնույն է, Հայաստան-Թուրքիա փակ
սահմանը վճռորոշ ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ընդհանուր
մթնոլորտի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության «սառեցված» վիճակում պահելու վրա՝ մինչև
ստատիկ համաշխարհային հավասարակշռության արմատական փոփոխությունը կազդարարեր տարածաշրջանում
նոր «աշխարհակարգի» ի հայտ գալը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան կարողացավ տևական
ժամանակ փակ պահել Հայաստանի հետ սահմանը, քանի որ դա ձեռնտու էր ոչ միայն պաշտոնական
Անկարային:
Հետսառըպատերազմյան
ստատուս քվոն պահպանվեց սպասվածից երկար՝ հաշվի առնելով ընթացքում տեղի ունեցած շոշափելի
փոփոխությունների ծավալներն ու հետևանքները և «նոր աշխարհակարգի» կանոնների չհստակեցված
լինելու հանգամանքը: Այդուհանդերձ, ի վերջո, նուրբ հավասարակշռությունը սկսեց վտանգավոր
և ավելի շատ ճաքեր տալ, որոնք գնալով պարուրաձև արագությամբ պետք է բերեին ճակատագրական
հանգուցալուծմանը՝ մեծ պատերազմի տեսքով: Շատ հաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում
կամ հետևում են փոքր պատերազմները: Որպես այդպիսին պետք է դիտարկել 2016 թվականի քառօրյան,
որն ավելի շատ կողմերի պատրաստվածության յուրատեսակ ստուգում էր: Այդ կերպ Լեռնային
Ղարաբաղի «սառեցված հակամարտության» ջերմաստիճանը 2020 թվականին կտրուկ բարձրացավ և
վերածվեց 44-օրյա լայնածավալ պատերազմի: Միջազգային դեռ գործող համակարգը չարգելակեց
այդ արմատական փոփոխության վտանգը, որը պետք է քայքայեր տարածաշրջանային հավասարակշռությունն
ու կայունությունը:
44-օրյայի
արդյունքներն ու հետևանքներն արագացրին ավելի լայն իմաստով արմատական վերափոխումների
թափը, քանի որ գործող միջազգային համակարգն ի վիճակի չէր և ցանկություն էլ չուներ այլևս
կառավարել համատարած տեղաշարժերը. այդ փոփոխությունների արդյունքները դեռ ամբողջովին
ընկալելի կամ չափելի չեն: Բայց զուգահեռաբար, կարծես, միջազգային կոնսենսուս է հասունացել
Հարավային Կովկասի լիակատար «ապակոնսերվացման» վերաբերյալ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի
մնացորդային «երկաթե վարագույրի» հնարավոր վերացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
Ինչո՞վ է պայմանավորված նման արմատական փոփոխությունը:
Պատմության
ընթացքում համաշխարհային տերությունների հզորությունը ռազմական, քաղաքական, տեխնոլոգիական
առաջնորդության հետ մեկտեղ խարսխված է եղել ընդարձակ պետությունները տնտեսապես արդյունավետ
կառավարելու կարողության վրա: Այդ բարդագույն խնդիրը տարբեր ժամանակներում իր լուծումն
է գտել հիմնական ռազմավարական կարևորության տարածաշրջաններ տանող ուղիների տնօրինման
և վերահսկման միջոցով, որոնք յուրատեսակ սնուցող զարկերակներ էին ծավալապաշտական քաղաքականության
և դրա արդյունքում ձևավորված համակարգի գործունեության համար:
Դիտարկենք
ընդամենը մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե պատմական տարբեր փուլերում ինչպես
են օգտագործվել լոգիստիկ հանգույցների ձևավորումն ու կառավարումը ցամաքային և ծովային
տերությունների կողմից իրենց գերիշխանությունն ու ռազմավարական նպատակներն ապահովելու
համար:
Հունաստանի
և Չինաստանի միջև Արևելք-Արևմուտք առևտրային ճանապարհները սկսեցին բացվել մ.թ.ա. առաջին
և երկրորդ դարերում: Հռոմեական կայսրությունը և Քուշան կայսրությունը (որն իշխում էր
ներկայիս հյուսիսային Հնդկաստանի տարածքներում) նույնպես օգուտ քաղեցին Մետաքսի ճանապարհի
երկայնքով երթուղու միջոցով ստեղծված առևտրից: Մետաքսի ճանապարհի երթուղիները ներառում
էին ռազմավարական նշանակության առևտրային կետերի, շուկաների և մայրուղիների մեծ ցանց,
որոնք նախատեսված էին ապրանքների փոխադրման, փոխանակման, բաշխման և պահպանման համար:
Պատմաբանները
կարծում են, որ Մետաքսի ճանապարհով Չինաստանն արտահանում էր վառոդ դեպի Եվրոպա, որտեղ
այն հետագայում՝ 14-րդ դարից, զտվում էր Անգլիայում, Ֆրանսիայում և այլուր՝ թնդանոթներում
օգտագործելու համար: Այն ներմուծող պետություններն ակնհայտ առավելություններ ունեին
պատերազմում, և, հետևաբար, վառոդի արտահանումը հսկայական ազդեցություն ունեցավ Եվրոպայի
քաղաքական պատմության վրա:
18-րդ
դարի ավարտին Բրիտանիայում սկսված Արդյունաբերական հեղափոխությունն ամրապնդեց վերջինիս
կարգավիճակը որպես առաջատար ծովային տերություն: Ավելին՝ Բրիտանական կայսրությունը
գնալով ավելի մեծ չափերի էր հասել, քանի որ իր նավատորմի կարողությունների շնորհիվ
միակողմանիորեն վերահսկում էր Համաշխարհային օվկիանոսի բոլոր հիմնական ծովային ուղիները:
Դրա արդյունքում Բրիտանիան կարողացավ ոչ միայն պաշտպանել և շահագործել իր հսկայական
արտերկրյա կայսրությունը, այլ դառնալ գերիշխող առևտրային և ծովային հզորություն:
Տնօրինելով
ծովերը՝ բրիտանական թագավորական նավատորմը դաշնակիցներին հնարավորություն տվեց
1914-1918 թվականներին հաղթել երկարատև քայքայիչ պատերազմում: Առաջին համաշխարհայինը
մրցակցող ռեսուրսների պատերազմ էր: Ծովում տիրելը նշանակում էր, որ դաշնակիցները կարող
էին օգտագործել ամբողջ աշխարհի ակտիվները, որոնք հասանելի էին ծովով, և որոնցից զրկված
էին առանցքի ուժերը:
19-րդ
դարի ավարտին Պանամայի ապագա ջրանցքը որակվեց որպես «աշխարհի մեծ մայրուղիներից մեկը»,
ինչը դրդեց Միացյալ Նահանգներին հզորացնել իր նավատորմն ու ձեռք բերել տարածաշրջանում
ռազմական բազաներ: Արհեստական այս ճանապարհը ԱՄՆ-ին հնարավորություն տվեց մրցակցել
Եվրոպայի հետ՝ Արևելյան Ասիայի շուկաների համար: Պանամայի ջրանցքի կառուցման արդյունքում
Միացյալ Նահանգներն առաջին քայլերն արեց հետագայում Մեծ Բրիտանիայից ծովային առաջնորդությունը
վերցնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ջրանցքը կենսական նշանակություն
ունեցավ ամերիկյան ռազմական քաղաքականության համար՝ թույլ տալով նավերին հեշտությամբ
տեղափոխվել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս:
2013
թվականին Չինաստանի կառավարությունն ընդունեց ենթակառուցվածքների զարգացման գլոբալ
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը, որը երբեմն կոչվում է Նոր մետաքսի ճանապարհ:
Այն նախատեսում է ներդրումներ կատարել ավելի քան 150 երկրներում և միջազգային կազմակերպություններում:
Նախաձեռնությունը ծրագրում է ցամաքային և ծովային համալիր կապուղիների ձևավորումը:
«Գոտին» վերաբերում է առաջարկվող ցամաքային ուղիներին՝ ավտոմոբիլային և երկաթուղային
փոխադրումների համար դեպի ծով ելք չունեցող Կենտրոնական Ասիայի արևմտյան շրջաններ:
«Ճանապարհը» վերաբերում է Հնդկական-խաղաղօվկիանոսյան ծովային ուղիներին Հարավարևելյան
Ասիայի միջով դեպի Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա: Կասկածից վեր է, որ հավակնոտ
այս ծավալապաշտական ռազմավարության կենսագործումն աննախադեպ փոփոխության կենթարկի համաշխարհային
համակարգը:
Ուկրաինայում
առճակատումը հաստատում է, որ աշխարհագրության խիստ սեղմված լինելու պարագայում հակամարտության
հետևանքներն անդրադառնում են եվրասիական և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանների վրա՝
առաջացնելով ոմանց համար լրջագույն մարտահրավերներ, իսկ ուրիշների համար բացելով խոստումնալից
հնարավորությունների պատուհան: Հակամարտությունը գնալով նմանվում է առաջին աշխարհամարտի
քայքայման պատերազմին՝ վերածվելով մրցակցող ռեսուրսների հակադրության: Այսօրվա հսկայական
երկարաժամկետ պաշարման պատերազմի ելքը մեծապես պայմանավորված է լինելու նոր իրավիճակում
հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ունակությունից տնօրինել և կառավարել մայրցամաքային
կապուղիները, որոնք կենսական նշանակություն են ստացել դիմադրողականությունն ապահովելու
համար: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի արևմտյան սահմանները կողպված են, մրցապայքարը
վաղ թե ուշ տեղափոխվելու է բնական ռեսուրսներով հարուստ և տարանցման կենսական հանգույց
հանդիսացող Կենտրոնական Ասիայի երկրներ: Այդ համատեքստում Ռուսաստանի և Չինաստանի կարևոր
ներկայությունն ու ազդեցությունը միջնաժամկետում կարող են վիճարկվել Թուրքիայի կողմից,
որին «սառը պատերազմի» ավարտից հետո Արևմուտքը հետևողականորեն դրդում էր մոռանալ եվրաինտեգրման
պատրանքներն ու հայացքը սևեռել դեպի Արևելք: Եթե սկսած 1990-ականներից Թուրքիան իր
ազդեցությունը կենտրոնասիական պետություններում հիմնականում փորձում էր աննկատ հաստատել
«փափուկ ուժի» միջոցով, ապա 2021 թվականին նա լուրջ հայտ ներկայացրեց միասնական թյուրքական
աշխարհի ձևավորման համար՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման միջոցով:
Վերջինի շրջանակներում գնալով ավելի հստակ ուրվագծվում է ինստիտուցիոնալ կարողությունների
զարգացման ու հատկապես ռազմաքաղաքական բաղադրիչի ներդրման կարևորությունը:
2020
թվականի և հետագա տարիների արմատական տեղաշարժերը նպաստավոր են Թուրքիայի համար, քանի
որ նրա վաղեմի ռազմավարական նպատակները գլոբալ հավասարակշռության փլուզման պայմաններում
համընկնում են առանցքային դերակատարների մի մասի ռազմավարական ծրագրերի հետ: Մեծ Թուրանի
ձևավորումն ընթացող Մեծ խաղի կարևոր մասն է, որը կարող է վճռորոշ դեր ունենալ ներկայիս
երկարատև ու քայքայող առճակատման ելքի և առաջնային մարտահրավերների չեզոքացման համար:
Այդ հավակնոտ ծրագրի առաջին փուլն արդեն իսկ իրականացվել է՝ Թուրքիան գրեթե ամբողջությամբ
մուտք է գործել Հարավային Կովկաս, որի յուրացումը «ոստիկանի» կարգավիճակով, կազդարարի
տարածաշրջանի ամբողջական «ապակոնսերվացումը» և սահմանների բացումը: Միջերկրականից մինչև
Չինաստան ձգվող մեկ միասնական, չընդհատվող և փոխկապակցված թուրանական տարածքի ներդրման
առանցքային օղակն է «Զանգեզուրի միջանցքը»: Վերջինիս մայրցամաքային կարևորությունը
հավասարազոր է Սուեզի ջրանցքի ռազմավարական նշանակությանը: Ուշագրավ է, որ պաշտոնական
և փորձագիտական որոշ շրջանակներ քարոզչական գովաբանական արշավ են սկսել այս ուղղությամբ:
Մինչդեռ բուն «միջանցքը» և այն տնօրինելու չափորոշիչները չափազանց խնդրահարույց են
ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր դերակատարների համար: Եթե մի կողմ դնենք ակնհայտ հակափաստարկները,
ինքնին «միջանցք» ձևակերպումն արդեն իսկ իր մեջ պարունակում է կոնֆլիկտոգեն տարրեր՝
հանդիսանալով վատ լուծում բարդ խնդիրների համար: Միջանցքների արդյունքում առաջացող
էքսկլավներն ու անկլավները կոնֆլիկտի աղբյուր են, քանի որ դրանք հրահրում են իռեդենտիզմ
կամ ներխուժում: Նրանց ուղղակի գոյությունը մարտահրավեր է ներգրավված պետությունների
կամ ազգերի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Պատմության
ընթացքում տարբեր ժողովուրդներ և պետություններ դառը դասեր են քաղել պետական գործիչների
սխալ կամ չհաշվարկված որոշումներից: Դիտարկենք ընդամենը մեկ օրինակ. առաջին համաշխարհային
պատերազմից հետո Վերսալի պայմանագրով Լեհաստանին տրամադրվեց միջանցք, որը Գերմանիայի
հիմնական տարածքից անջատում էր Արևելյան Պրուսիայի գերմանական էքսկլավը: Լեհական միջանցքը
գործեց երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում: 1930-ականներին
տեղեկացված եվրոպացիների շրջանում մտավախություն կար, որ լեհական միջանցքը կարող է
հաջորդ համաշխարհային պատերազմի բռնկման պատճառ դառնալ: Մասնավորապես, բրիտանացի գրող
Հերբերտ Ուելսը 1933 թվականի սեպտեմբերին մարգարեաբար կանխատեսել էր, որ երկրորդ համաշխարհային
պատերազմը կսկսվի արյունալի բախումով գերմանացիների և լեհերի միջև Դանցիգում՝ 1940
թվականի հունվարին: Անվանի գրողը ընդամենը 4 ամսով էր սխալվել:
«Զանգեզուրի
միջանցքի» մասին Անկարայի և Բաքվի համառ խոսույթները ոչ այլ ինչ են, քան աշխարհաքաղաքական
ներկա վերափոխումների ժամանակաշրջանում ուժի կիրառմամբ ծավալապաշտական քաղաքականության
միջոցով մայրցամաքային հզոր թուրանական ամրոց կառուցելու անհրաժեշտ պայման: Ամերիկացի
ռազմածովային տեսաբան, պատմաբան, աշխարհաքաղաքականության հիմնադիրներից մեկը՝ Ալֆրեդ
Թայեր Մեհենը, դեռևս 1880 թվականին գրել էր, որ Պանամայի ջրանցքը «կարող է առաջացնել
մեր և օտար ազգերի շահերի բախում»: Նույն կերպ «Զանգեզուրի միջանցքի» կենսագործումը
չի նպաստի տարածաշրջանի կայունացմանը, հակառակը, տարբեր կարևոր դերակատարների շահերի
բախման կիզակետ կդառնա՝ պատճառ հանդիսանալով Հարավային Կովկասում ու ավելի ընդարձակ
տարածաշրջանում ուժի և սպառնալիքի միջոցով նորանոր տեղաշարժերի առաջացման համար:
Comments
Post a Comment