Skip to main content

Հայաստանից անդին. թուրանական վտանգն ու Իրանը

 

Նախիջևան-Սյունիք-Արցախ գոտիով թուրանական «միջանցք» ձևավորելու նախաձեռնությունը առաջին հերթին թիրախավորում է Հայաստանը՝ որպես դրա իրականացման հիմնական աշխարհագրական և քաղաքական խոչընդոտ: Սակայն Թուրքիայի կողմից տարածաշրջանում սեփական ազդեցության գոտու ստեղծումն ու ընդլայնումն աշխարհաքաղաքական սպառնալիք է ձևավորում տարածաշրջանային այլ դերակատարների համար ևս: Ընդ որում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասն այդ ազդեցության գոտու միայն մեկ՝ սկզբնական օղակն է, 2020 թվականից հետո թուրքական սպառնալիքն անհանգստություն է հարուցել եվրասիական լայն տարածքի մի շարք դերակատարների համար: Միանգամայն բնականորեն, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իր հստակ պանթյուրքական բնույթով առաջին հերթին մտահոգություն է առաջացրել Իրանի Իսլամական Հանրապետության համար: Հատկապես հաշվի առնելով Սյունիքի մարզի հանդեպ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական գործուն նկրտումները՝ Իրանը գնահատում է իրավիճակն ու այդ նախաձեռնությունները որպես հակաիրանական: Այս տեսանկյունից պատահական չէ, որ դեռևս 19-րդ դարասկզբին, երբ Ռուսական կայսրությունը նվաճեց Մեղրին, Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Տորմասն իր հեռագրերից մեկում անթույլատրելի էր համարում դրա հետհանձնումը, պատճառաբանելով, որ «… պարսիկները Մեղրին համարում են Ղարադաղի և Թավրիզի բանալին»: Դատելով 2020 թվականից ի վեր իրանական կողմի վարած համալիր քաղաքականությունից՝ այսօր էլ Մեղրին և, ընդհանրապես, Սյունիքը շարունակում են այդպես ընկալվել:

2020 թվականի արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից և Արցախի վրա վերահսկողության հաստատումից հետո Սյունիքն ու հայ-իրանական սահմանը հայտնվեցին պանթյուրքական թիրախում: Ինչպես նշում է քաղաքագետ Այվազյանը, 20-րդ դարում «Նախիջևանի լիակատար հայաթափությունից հետո Ղարաբաղն այլևս միակ դիրքն էր Սյունիքն ու Սյունիքի հետ միասին Իրանի հետ Հայաստանի կենսատու սահմանը պահպանելու և պաշտպանելու համար»: Ուստի պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ Իրանում արդեն իսկ առկա էին որոշ լուրջ մտահոգություններ, որոնք առնչվում էին Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմական անմիջական ներգրավմանը և դրա հենքի վրա պանթյուրքական նախաձեռնությունների հնարավոր ակտիվացմանը: Այս առումով հատուկ ուշադրության է արժանի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը, որտեղ նա ոչ միայն հիշատակել էր պանթյուրքիստ գործիչներ Էնվեր և Նուրի փաշաներին ու վերջիններիս կազմած ու ղեկավարած «Կովկասի իսլամական բանակը», այլև անդրադարձել էր պանթյուրքական ևս մի խոսույթի: Մասնավորապես, Էրդողանն իր խոսքում մեջբերել էր պանթյուրքական մի բանաստեղծությունից հետևյալ քառատողը.

Բաժանեցին Արաքսը,

Ու այն լցրին քար ու ճյուղով:

Ես քեզանից չեմ բաժանվի,

Նրանք են մեզ բաժանում ուժով:

Իրանի ու Ադրբեջանի պանթյուրքական շրջանակներին քաջ հայտնի այս բանաստեղծության հիշատակությունը, որը բխում է «Արաքս գետով բաժանված Հյուսիսային և Հարավային Ադրբեջանների» պանթյուրքական խոսույթից, անմիջապես սուր արձագանք և քննադատության արժանացավ պաշտոնական Թեհրանի կողմից: Իրանական կողմը մեկնաբանեց ելույթի այդ հատվածը որպես Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր պաշտոնական թվիթերյան էջում կիսասարկաստիկ գրառում արեց. «Նախագահ Էրդողանը տեղյակ չէ, որ այն, ինչ ինքը վատ ձևով մեջբերեց Բաքվում, նկատի ունի այն բռնի բաժանումը, որ տեղի է ունեցել Արաքսից հյուսիս ընկած տարածքների և իրանական հայրենիքի միջև: Արդյո՞ք նա չի հասկանում, որ այդպիսով խախտում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»: Միաժամանակ Թուրքիայի դեսպանը կանչվեց Իրանի արտգործնախարարություն և այդ գերատեսչության խոսնակն իր հերթին հայտարարեց, որ «Թուրքիայի դեսպանին ասվել է, որ պատրանքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը խելամիտ չէ՝ հավելելով, որ թուրք պաշտոնյային խորհուրդ է տրվել պատմություն կարդալ»:

Թեև այս դիվանագիտական լարվածությունը շուտով հարթվեց, սակայն այն երևան հանեց կարևոր իրողություններ, որոնք հաջորդիվ դարձան հարավկովկասյան քաղաքականության առանցքային խթանները: Դրանցից գլխավորը Էրդողանի ելույթում առկա շեշտադրումներն էին, որոնք ունեին հստակ պանթյուրքական և ծավալապաշտական բնույթ, վկայում էին այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի կողմից Արցախի օկուպացիան դիտարկվում է որպես պանթյուրքական շարունակական առաջխաղացման համար առաջին անհրաժեշտ պայման, որը ծրագրվում է ունենալ շարունակականություն՝ հաջորդիվ ծավալվելով «Թյուրքական աշխարհի» այլ հատվածներում: Վերոնշյալ բանաստեղծության մեջբերումով որպես այդպիսի առաջնային թիրախ ուրվագծվում են թյուրքախոս իրանցիներով բնակեցված Իրանի հյուսիսարևմտյան շրջանները (պատմական Ատրպատականը): Այդպիսի մոտեցման հիմքում ընկած է «Մեծ Ադրբեջանի» հայեցակարգը, որը Հարավային Կովկասի թուրքական նվաճման ծրագրային դրսևորումն է և որի առաջնային քայլն այս տարածաշրջանում թյուրքական պետության՝ Ադրբեջանի Հանրապետության ստեղծումն էր, ինչը հաջողվեց անել 1918 թվականին: Կասպից ծովից արևմուտք ընկած շրջանների համար «Ադրբեջան» անվան ընտրությունն օսմանյան և կովկասյան թաթարական վերնախավի կողմից ենթադրում էր, որ ի վերջո թյուրքական վերահսկողությունը պետք է հաստատվի նաև իրանական Ատրպատական-Ադրբեջանի վրա՝ այդպիսով ձևավորելով «Մեծ Ադրբեջանը» Թավրիզ կենտրոնով:

Ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ մեր օրերում թուրքական քաղաքական միտքը շարունակում է պահպանել այն պատկերացումը, որ վերոնշյալ ծրագիրը կամբողջանա, երբ Արաքսից հարավ՝ Իրանի հյուսիսային՝ թյուրքախոս բնակչություն ունեցող շրջանները միանան Արաքսից հյուսիս ընկած տարածքին: Ուստի պատահական չէ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի կողմից իրականացվում է «Հարավային Ադրբեջանի» գաղափարի հիմքով Իրանի տարածքի հանդեպ ծավալապաշտական քաղաքականություն և քարոզչություն, որն ունի տարբեր դրսևորումներ և շարունակվում է մինչ օրս: Այդ քաղաքականության առանցքային ուղղություններից է անջատողական տրամադրությունների քարոզն ու խրախուսումը թյուրքախոս իրանցիների շրջանում, որոնք ներկայացվում են որպես «մի քանի տասնյակ միլիոն թյուրքեր կամ ադրբեջանցի թուրքեր»: Այդպիսի մոտեցման վառ վկայություններից է 2022 թվականի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի ԹՊԿ գագաթնաժողովում արած հետևյալ հայտարարությունը. «Ցավոք սրտի, Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Կազմակերպության օրակարգում միշտ էլ պետք է լինի թյուրքական պետություններից դուրս ապրող մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով կրթությունը:… Ադրբեջան պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտար երկրներում ապրող ադրբեջանցիների իրավունքների ու ազատությունների անվտանգության ապահովմանը»: Նշված պանթյուրքական (հակաիրանական) գործողությունները, թեև երբեմն իրականացվում են ավելի քողարկված և ոչ շատ բացահայտ, սակայն ունեն ստաբիլ բնույթ և շարունակականության ակնհայտ միտումներ: Ուստի Հարավային Կովկասում և մասնավորապես Սյունիքի շուրջ թուրք-ադրբեջանական առաջխաղացումները Թեհրանը գնահատում է նաև որպես Իրանը ներսում ապակայունացման և ծավալուն անջատողականության խրախուսման համար անհրաժեշտ նախապատրաստական քայլ, որն ի վերջո միտված է լինել «Մեծ Ադրբեջանի» ստեղծմանը:

Վերոնշյալ հանգամանքները դրդեցին Իրանին առավել մեծ ծավալով ներգրավվել հարավկովկասյան քաղաքականության մեջ՝ դառնալով նախաձեռնող ու հակաթուրանական քաղաքական գծի առաջամարտիկը: Բացի այդ, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում Արաքս գետի երկայնքով թուրք-ադրբեջանական ռազմական ներկայության հաստատումը և Սյունիքի նկատմամբ բացահայտ հավակնություններն իրանական կողմում սկսեցին դիտարկվել որպես Իրանի թուրքական շրջափակման և Եվրոպային կապող գլխավոր ճանապարհի կորստի սպառնալիք: Հենց այս համատեքստում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն հստակ սկսեց բարձրաձայնել տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության մասին՝ այդպիսով ակնարկելով Սյունիքի ու ՀՀ այլ տարածքների հանդեպ ադրբեջանա-թուրքական հավակնությունների անթույլատրելիությանը, այլև գրեթե անմիջապես կտրուկ հանդես եկավ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի դեմ: Մասնավորապես, 2020-2025 թվականների ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մի քանի անգամ անձամբ անդրադարձավ Իրան-Հայաստան ընդհանուր սահմանի և «Զանգեզուրի միջանցքի» խնդրին՝ նշելով, որ «Թեհրանն «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել իր այդ դիրքորոշմանը»: Իրանի հոգևոր առաջնորդի կողմից թեմային պարբերաբար անդրադարձերը վկայում են հարցի կարևորության մասին: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Իրանի նախագահ Փեզեշքիանին. «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար: Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»: Կարելի է պնդել, որ այս հայտարարությունն ակնարկի տեսքով թիրախավորում է «միջանցքի» իրական շահառուներին՝ Թուրքիային և Ադրբեջանին:

«Զանգեզուրի միջանցքը» դիտարկելով որպես Սյունիքի տարածքի մասնակի կամ ամբողջական նվաճման գործիք, հետևաբար, Իրան-Հայաստան սահմանի կորստի ու թուրքական սպառնալիքի ուժեղացման միջոց՝ 2020 թվականից ի վեր Իրանը պարբերաբար շեշտում է, որ սահմանների ու հայ-իրանական սահմանի փոփոխությունը իր «կարմիր գիծն է»: Այսպես, դեռևս 44-օրյա պատերազմի օրերին Խամենեին հայտարարեց, որ «եթե ահաբեկիչները մոտենան իրանական սահմանին, նրանց հետ դաժան հաշվեհարդար կտեսնեն»: Այս հայտարարությունն արված էր այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ Թուրքիայի օժանդակությամբ Արցախում՝ Արաքսի հովտի երկայնքով տեղակայվել են Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ:

Պատերազմի ավարտից հետո, երբ Ադրբեջանի կողմից պարբերաբար դիվանագիտական ու ռազմական գործիքակազմերով թիրախավորվում էր և է Սյունիքի մարզը, Իրանից հնչող դիրքորոշումն ու հայտարարություններն ավելի կոշտացան: 2022 թվականի հուլիսին Խամենեին հայտարարեց, որ «Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»: Նման դիրքորոշումը պահպանվել է 2024 թվականի կեսին Իրանում տեղի ունեցած կառավարության փոփոխությունից հետո ևս: Նորանշանակ արտգործնախարար Արաղչին 2024 թվականի սեպտեմբերին հայտարարել է. «Սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ է» Իրանի համար»: Սահմանների փոփոխությունից զատ «կարմիր գիծ է» բնութագրվում նաև բուն «միջանցքի» հարցը: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը 2024 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության:

Վերոնշյալ մոտեցումները պարբերաբար հնչեցվում են իրանական գրեթե բոլոր պետական գերատեսչությունների, հասարակական-քաղաքական գործիչների, գիտական ու փորձագիտական շրջանակների ու ԶԼՄ-ների կողմից: Իրանում «միջանցքի» ստեղծման և սահմանների փոփոխության մասին առկա կոնսենսուսային դիրքորոշման մասին է վկայում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոբհանիի՝ 2024 թվականի ապրիլին արված հետևյալ հայտարարությունը. «Մեր կարմիր գծերը չեն փոխվել: Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ ներկայացրել, մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և հնարավոր չէ անտեսել այն: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»:

«Միջանցքի»՝ որպես պանթյուրքական ծրագրի ընկալման մասին է վկայում մեկ այլ հանգամանք ևս. Իրանում քաղաքական և գիտական մակարդակներում «միջանցքը» հաճախ կոչում են «թուրանական միջանցք»՝ այդպիսով ընդգծելով դրա էությունը: «Զանգեզուրի միջանցքի» քաղաքական նախագիծ լինելու մասին է վկայում նաև այն, որ դա պարբերաբար բնութագրվում է որպես «կեղծ միջանցք»՝ նկատի ունենալով, որ իրականության մեջ այն ոչ թե լոգիստիկ-տրանսպորտային կամ տնտեսական ծրագիր է, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն: Ընդ որում՝ իրանական կողմը հստակորեն նշում է, որ «միջանցքի» անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու նախագծեր կան:

Փաստացի, «միջանցքի» հարցում իրանական դիրքորոշումը բխում է այդ երկրի ազգային անվտանգության գերակա շահերից: Իրանական կողմի դիմադրությունը «միջանցքի» բացման ծրագրերին չի սահմանափակվում միայն քաղաքական և դիվանագիտական աշխատանքով: Սյունիքի հանդեպ ռազմական գործողություններ ծավալվելու խոսույթի ինտենսիվացմանը զուգահեռ Իրանը չի բացառում սահմանների փոփոխության փորձի դեպքում ռազմական միջամտություն: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել իրանական կողմում՝ Հայաստան-Իրան-Ադրբեջան սահմանային գծի երկայնքով 2022 թվականից ի վեր զորավարժությունների անցկացումը: Այս տեսանկյունից կարևոր էր նաև ԻԻՀ հյուպատոսության բացումը Կապան քաղաքում 2022 թվականի հոկտեմբերին, ինչը հավելյալ ընդգծում է Սյունիքի մարզի կարևորությունը Իրանի համար:

Ռազմական և քաղաքական աշխատանքից զատ Իրանն առաջարկում է Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանով միացնող այլընտրանքային ուղի, որը ստացել է «Արաքսի միջանցք» անվանումը: Ընդ որում՝ այս ճանապարհային ենթակառուցվածքը փաստացի գործում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հիմնական կապը: 2020 թվականից սկսած «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի ակտիվացումից հետո Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին պարբերաբար առաջարկում է օգտվել իր տարածքով անցնող ճանապարհային ենթակառուցվածքից, որն ավելի նպատակահարմար է՝ հաշվի առնելով աշխարհագրական պայմանները (Սյունիքի մարզով նախատեսվող ճանապարհը, որն առաջ են մղում Թուրքիան և Ադրբեջանը, շատ ավելի դժվարամատչելի է): Իրանը 2024 թվականին սկսել է արդիականացնել արդեն գործող ճանապարհը՝ այդպիսով պնդելով, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրականում միմիայն նպատակ ունեն լավ ու արագ ճանապարհով կապվել միմյանց հետ, ապա «Զանգեզուրի միջանցքի» կարիք չկա և կարելի է օգտվել իրանական «Արաքսի միջանցքից»՝ այդպիսով վերջիններիս դնելով բավական բարդ վիճակի մեջ: Թուրք-ադրբեջանական կողմը, չնայած նշում է, որ օգտվելու է այդ ճանապարհից, սակայն չի դադարեցնում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ իր ջանքերը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ վերջինս ոչ թե տնտեսական, այլ լիովին քաղաքական նախագիծ է՝ հստակ պանթյուրքական նպատակներով: Հետաքրքրական է, որ ժամանակ առ ժամանակ Թուրքիայից և Ադրբեջանից նշում են, որ եթե Հայաստանը հրաժարվի «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելուց, ապա իրենք կընտրեն Իրանով անցնող ուղին: Կարելի է ենթադրել, որ այդ թեզի շահարկումները նպատակ ունեն հավելյալ ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ակնարկելով, որ «Հայաստանը տնտեսապես կկորցնի և կմնա շրջափակման մեջ»: Եթե Իրանով անցնող երթուղին լիարժեք գործում է այդ երկրի օրենսդրությանը համահունչ, ապա Հայաստանից Բաքուն և Անկարան պահանջում են տրամադրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ: Ուստի այդ առումով ևս դրանք որևէ կերպ համազոր նշանակություն չունեն:

Իրանի կողմից «միջանցքի» իրականացմանը ցուցադրած հսկայական դիմադրության մասին խոստովանում են հենց դրա շահառուները՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները և Թուրքիայի նախագահ Էրդողանի 2023 թվականի հունիսին արված հետևյալ հայտարարությունը դրա խոսուն ապացույցներից է. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ: «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է: Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր: Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»:

Թուրք-ադրբեջանական տանդեմի չքողարկված ձգտումների հստակ պատասխանն ամփոփված է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սոբհանիի՝ 2025 թվականի փետրվարին արված հետևյալ հայտարարության մեջ. «Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»:

Այսպիսով, Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կտրուկ, աներկբա և հետևողական դիրքորոշումը, այդ դիրքորոշումը սպասարկող գործողությունները հստակ վկայում են, որ ի դեմս այդ ծրագրի՝ գործ ունենք ոչ թե պարզապես ճանապարհային ենթակառուցվածքի, այլ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնության հետ, որն ունի անթաքույց պանթյուրքական բնույթ և ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև առավել լայն տարածաշրջանի դեմ:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...