Skip to main content

Հին Եգիպտոս

 

Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը սկիզբ է առել 5000 տարի առաջ, մ.թ.ա. 3000 թվականին

Հին Եգիպտոսը տարածվում էր Նեղոս գետի ափերին, որը նրա զարգացման օրրանն էր: 3000 տարվա զարգացման ընթացքում Հին Եգիպտոսն ունեցավ փարավոնների թագավորության 3 շրջան՝ Հին թագավորություն, Միջին թագավորություն, Նոր թագավորություն:

Հին Եգիպտոսը 3 կողմից շրջապատված էր անապատներով

Մուտքի միակ ճանապարհը Նեղոսի գետաբերանն էր հյուսիսում, որն ամուր պաշտպանված էր հնարավոր հարձակումներից: Եգիպտացիների կյանքն ամբողջապես գետից էր կախված՝ կենցաղը, հողագործությունը, առևտուրը, տաճարներն ու պալատները, բուրգերը… ամեն ինչ:

Նեղոսը աշխարհի երկրորդ ամենաերկար գետն է և ունի 6700 կմ երկարություն:

Անապատի տիրակալները

Արտաքին սպառնալիքների բացակայության և առատ բերք ապահովող հողագործության շնորհիվ՝ եգիպտացիները հնարավորություն ունեին ավելի շատ ժամանակ ու միջոցներ հատկացնելու մշակույթին, արվեստին ու տեխնոլոգիաների զարգացմանը:

Ջոսերի աստիճանաձև բուրգը՝ աշխարհի ամենահին քարե կառույցը

Այս բուրգը դարձավ հետագայում կառուցված բոլոր բուրգերի նախատիպը: Կառույցի հեղինակը՝ Իմհոթեպը, պատմության մեջ է մտել ոչ միայն որպես մարդկությանը հայտնի առաջին ճարտարապետ, այլև որպես նշանավոր բժիշկ և աստղագետ: Ավելին, եգիպտացիները նրան բժշկության և գիտության աստված կոչեցին:

Շինարարություն

Փարավոններն ապրում էին վիթխարի չափերի քարե պալատներում: Հարուստ ընտանիքներն ապրում էին բարձր պարիսպներով, շրջապատված այգիներով տներում: Իսկ աղքատ բնակչությունն ապրում էր խախուտ աղյուսե տնակներում և աշխատում մի քանի մետր այն կողմ գտնվող հսկայական շինհրապարակներում:

Նեղոսն ամեն տարի վարարում էր ու հեղեղում ափերը

Ամեն անգամ գետի ջրերն իրենց հետ բերում էին չափազանց բերրի սև տիղմի հաստ շերտ, որը թույլ էր տալիս եգիպտացիներին առանց դժվարության առատ բերք ստանալ: Գետից ստանում էին նաև կավ, իսկ նավարկելի ջրանցքներն ունեին առևտրային մեծ նշանակություն: Եգիպտոսի գյուղատնտեսությունը հարևան երկրների նախանձի առարկան էր:

Նեղոսի պաշտամունքի աստվածը՝ Հապին

Հապին Նեղոսի պաշտամունքն անձնավորող աստվածն էր, ուստի եգիպտացիները ջերմեռանդորեն երկրպագում էին նրան և աղոթում, որ գետի վարարումները ժամանակին լինեն, որպեսզի նպաստեն հողային աշխատանքներին և աղետալի հետևանքներ չունենան:

Նեղոսի ջուրն արյան վերածվեց

Ռամզես 2-րդ փարավոնի օրոք Եգիպտոսի մայրաքաղաք Պի-Ռամզեսում Նեղոսի ջրերը ցամաքեցին, ինչից գետի հոսքը դանդաղեց ու կեղտոտվեց: Արդյունքում ի հայտ եկավ թունավոր ջրիմուռի մի տեսակ, որից ջուրն արյան պես կարմիր էր ներկվում: Դրան հաջորդեցին ևս մի շարք աղետներ, որոնք ի վերջո կործանեցին քաղաքը:

Փարավոնը թագավորության գերագույն անհատն էր

Փարավոններին վերաբերվում էին որպես գրեթե աստվածային էակների, որոնք հիմնականում տղամարդիկ էին, սակայն եղել են դեպքեր, երբ գահակալել են կանայք, ինչպես օրինակ՝ Կլեոպատրան: Միայն փարավոնները կարող էին հաղորդակցվել աստվածների հետ:

Մահվան պաշտամունք

Եգիպտական հասարակությունում արմատացած էր մահվան պաշտամունքը, քանի որ նրանք անկեղծորեն հավատում էին անդրշիրիմյան կյանքի գոյությանը:

Աշխարհի հնագույն գիրը

Հին եգիպտացիները գրում էին մեհենագրերով, որոնք խորհրդանշաններ էին՝ բաղկացած պատկերագրից ու հնչյունագրից: Իսկական գլուխկոտրուկ:

Հռոմեական պրովինցիա

Մ.թ.ա. 30 թվականի հուլիսի 30-ին Հռոմի Օկտավիանոս կայսրը վերջ դրեց Եգիպտոսի քաղաքական անկախությանը՝ դարձնելով այն հռոմեական պրովինցիա:

Անձեռնմխելիները… որոնց նայել անգամ չէր կարելի

Փարավոններին աստվածների պես էին վերաբերվում, ուստի յուրաքանչյուր ոք պետք է ծնկի գար նրանց առջև: Ոչ ոք իրավունք չուներ նայելու նրանց դեմքին կամ դիպչելու մարմնին, նրանց հանդեպ գերագույն հարգանք էին տածում:

Մոգական զորություն

Փարավոններին մոգական զորություն էին վերագրում: Հավատում էին, որ նրանք կարող են այնպես անել, որ Նեղոսը վարարի: Հավատում էին նաև, որ աստվածներն անմիջականորեն հովանավորում են նրանց:

Առավել զորեղ, քան Կլեոպատրան

Առաջին կին փարավոնը Խատշեպսուտն էր՝ Թութմոս 1-ինի դուստրը, որին հատուկ կրթել էին հորը հաջորդելու համար: Նա դարձավ պատմության ամենազորեղ կին փարավոնը, շատ ավելի զորեղ, քան հանրահայտ Կլեոպատրան:

31 դինաստիա

Եգպտոսի 3000-ամյա պատմության ընթացքում թագավորել են ոչ ավել, ոչ պակաս 31 դինաստիա: Դրանց գոյության մասին տեղեկանում ենք հնագիտական պեղումների ու գտածոների շնորհիվ:

Կյանքը մահվանից հետո

Անդրշիրիմյան կյանքը բոլոր փարավոնների մեծագույն ցանկությունն էր: Դրան հասնելու համար հարկավոր էր հուղարկավորվել «Մեռյալների գրքի» կանոնների համաձայն, հաջողությամբ անցնել Մեռյալների դատաստանը և անբիծ պահել մարմինը, որպեսզի հոգին կարողանա բնակվել դրա մեջ:

Քրմերի վերելքը

Թեև փարավոնը միակն էր, ով ունակ էր հաղորդակցվելու աստվածների հետ, տաճարներում աղոթելու գործը քրմերին էր վստահված: Սկզբում նրանք ծեսերը փարավոնի անունից էին կատարում, բայց ի վերջո շատ մեծ ազդեցություն ձեռք բերեցին:

Քրմերը ներկայացնում էին փարավոնին, բայց ոչ բոլորն էին դա բարեխղճորեն անում: Նրանցից ոմանք իսկական գողեր էին:

Քրմերի վերելքը: Մենես և Ամենոփիս 3-րդ

Հին Եգիպտոսի առաջին փարավոնը Նարմերն էր, որը թագավորեց մինչև մ.թ.ա. 3050 թվականը ու միավորեց Եգիպտոսի տարածքները: Նշանավոր փարավոն էր նաև Ամենոփիս 3-րդը, որը գահակալեց մ.թ.ա. 1390-1353 թվականներին: Նրա թագավորության շրջանն ամենածաղկունն էր Եգիպտոսի ողջ պատմության ընթացքում:

Գլխավոր քուրմը

Եգիպտացիները կարծում էին, թե փարավոնը միակ մարդն է, որը կարող է խոսել աստվածների հետ, ուստի անսահմանորեն պաշտում էին նրան:

Մեծն նվաճող Ռամզես 2-րդը

Ռամզեսն ընդամենը 25 տարեկան էր, երբ գահին փոխարինեց հորը: Ռամզես 2-րդը կառավարեց երկիրը 66 տարի, մ.թ.ա. 1279-1213 թվականներին: Նրա կառավարման շրջանից բազմաթիվ հնագիտական նմուշներ են հայտնաբերվել:

Ռամզես 2-րդի կինը՝ Նեֆերտարիին

19-րդ դինաստիայի թագուհի Նեֆերտարիին, որին կոչում էին նաև «Նա, ում համար փայլում է արևը», աստվածացրել են դեռ կյանքի օրոք, ինչը հազվագյուտ երևույթ էր: Ամուսինը նրան իսկական պաշտամունքի առարկա էր դարձրել՝ հասցնելով փարավոնի կարգավիճակի: Ռամզես 2-րդի բացակայությամբ՝ նա էր կառավարում երկիրը: Խելացի էր և հստակ ձևավորված քաղաքական հայացքներ ուներ: Ըստ էության՝ հենց նրա միջնորդությամբ հաջողվեց խաղաղություն կնքել Եգիպտոսի և դարավոր թշնամի խեթական կայսրության միջև: Նրա դամբարանը հայտնաբերված ամենագեղեցիկ դամբարաններից մեկն է:

Հին թագավորության մեծն փարավոնը

Ջոսերը Եգիպտոսի ծաղկման առաջին շրջանի՝ Հին թագավորության ամենաազդեցիկ փարավոնն էր: Նրա օրոք մայրաքաղաքը տեղափոխվեց Մեմֆիս, և ընդլայնվեցին թագավորության սահմանները: Այդ փուլում ամրապնդվեց վաղ շրջանում հաստատված քաղաքական, կրոնական և մշակութային համակարգը: Սկսեցին անխտիր աստվածացնել բոլոր փարավոններին, որոնց ձեռքում էր կենտրոնացած քաղաքական իշխանությունը:

Եգիպտոսը միավորած Մենտուհոտեպ փարավոնը

Մենտուհոտեպը Միջին թագավորության հիմնադիրն է համարվում: Գահակալել է մոտ 50 տարի, ինչն արտառոց երևույթ էր այն ժամանակներում, քանի որ կյանքի տևողությունն այնքան էլ բարձր չէր: Հանուն Եգիպտոսի միավորման՝ բազում պատերազմներ է մղել, ճնշել է ապստամբություններ ու քաղաքական մայրաքաղաք հռչակել Թեբեն՝ վերահաստատելով թագավորական իշխանությունը:

Փառապանծ վերելքի սկիզբը

Երկրորդ անցումային շրջանը միջանկյալ փուլ էր Միջին և Նոր թագավորությունների միջև, որը բնութագրվեց քաղաքական անկայունությամբ և օտար զավթիչների ներխուժմամբ, ինչպիսին էին հիքսոսները, որոնք իրենց փարավոն հռչակեցին: Նրանք իրենց հետ որոշ գիտատեխնիկական նորամուծություններ բերեցին, սակայն, ի վերջո վտարվեցին, և իշխանությունը կրկին անցավ եգիպտական միապետերին: Սկսվեց Նոր թագավորության ոսկե դարաշրջանը:

Մեծն նվաճող Ռամզես 2-րդը

Կառուցվել է Ռամզես 2-րդի օրոք՝ Նոր թագավորության շրջանում: Փորված է հենց ավազաքարե ժայռի մեջ: Մուտքը պահպանող վիթխարի արձանները փարավոնի՝ քարից քանդակված պատկերներն են: Տաճարը Եգիպտոսի ծաղկման շրջանի խորհրդանիշն է:

Եգիպտոսի պատմության ամենաազդեցիկ թագուհիներից մեկը՝ Նեֆերտիտին

Նեֆերտիտի նշանակում է «Աթոնի շնորհը, գեղեցկուհին եկավ»: Նա Ախնաթոն փարավոնի գլխավոր կինն էր: Կարծիք կա, որ այնքան մեծ է եղել նրա ազդեցությունն ամուսնու վրա, որ հենց նրա դրդմամբ որոշում է կայացվել արգելել արևի աստված Աթոնից բացի՝ որևէ այլ աստվածության պաշտամունքը Եգիպտոսում: Այս թագուհու մասին շատ բան հայտնի չէ, բայց որոշ հետազոտողներ պնդում են, որ ամուսնու մահից հետո կառավարել է երկիրը Սմենխքարե անվան տակ, ինչը, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել ապացուցել:

Կլեոպատրա 7-րդ

Նա վերջին կին փարավոնն էր, որ թագավորեց մ.թ.ա 51-30 թվականները: Ամուսնանալով Մարկոս Անտոնիոսի հետ՝ ի վերջո գերի է ընկնում հռոմեացիներին, որոնք կամենում էին ի ցույց դնել նրան՝ որպես ռազմավար: Իմանալով ամուսնու ինքնասպանության լուրը՝ Կլեոպատրան վերջ է տալիս կյանքին՝ պարանոցի շուրջը փաթաթելով թունավոր օձին, որը Եգիպտոսի խորհրդանիշն էր համարվում:

Բազմաստվածություն, առասպելաբանություն

Եգիպտացիների կրոնն իր բնույթով առասպելաբանական էր և բազմաստված (երկրպագում էին տարբեր աստվածների)՝ բացառությամբ Ամենհետեպ 4-րդի թագավորության մի կարճ շրջանի, երբ ներդրվեց Դա աստծու մարմնավորումներից մեկի՝ Աթոնի պաշտամունքը՝ որպես միակ աստծու, իսկ ինքը՝ փարավոնը, համարվում էր միակ միջնորդը աստծու և մարդկանց միջև:

Միայն ընտրյալների համար…

Տաճարներում կարող էին բնակվել միայն աստվածները, ուստի դրանց մուտքը փակ էր մարդկանց առջև: Միայն քրմերն ու փարավոնը կարող էին մուտք գործել այնտեղ: Մյուսները մնում էին բակում և իրավունք չունեին տաճարի դռան շեմը հատելու:

Ամոն աստծու պաշտամունքը

Թեբեում բազմամարդ երթեր էին կազմակերպվում՝ ի պատիվ երկնքի և օդի աստծու: Օպետը և Գետահովտի գեղեցիկ տոնը ամենամյա շքեղ տոնակատարություններ էին, որոնց ժամանակ մեծ նավերով Ամոնի արձանը Կառնակի տաճարից Լուքսորի տաճար էին տեղափոխում: Այդ ընթացքում հասարակ ժողովրդին հյուրասիրում էին հաց, գարեջուր ու մսեղեն: Այդ տոնակատարությունները սովորաբար մոտ 3 շաբաթ էին տևում:

Հանդերձյալ կյանք

Հնում միայն փարավոնները կարող էին հավակնել հանդերձյալ կյանքի: Սակայն Նոր թագավորության շրջանում բոլոր եգիպտացիները ձգտում էին դրան և պատրաստվում՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում:

Կույր հավատ

Երբ թաղման թափորն անցնում էր հավատացյալների մոտով, վերջիններս իրենց ապագայի մասին հարցմունք էին անում եգիպտական պանթեոնի գլխավոր աստված «Ռայի որդուն»՝ Ամոնին:

Դիակը ջուրը կամ կրակը նետելն ամենադաժան պատիժն էր, որ կարող էր բաժին հասնել եգիպտացուն:

Օդի աստծու մոլեռանդ պաշտամունքը

Ամեն օր քրմերը մաքրում, հագցնում, գովերգում ու անուշահամ կերակուրներ էին մատուցում Ամոն աստծու արձանին:

Մարդակերպ աստվածներ

Աստվածները մարդակերպ էին, մարդկային կերպարանք ունեին, սակայն ներառում էին կենդանական որոշ տարրեր, որոնք խորհրդանշում էին նրանց զորությունը:

Հորի 4 որդիները և «Բա»-յի հոգու պահապանները

Նրանք էին Դուամուտեպը (շնագայլի գլխով), Քեբենսենուֆը (բազեի գլխով), Հապին (կապիկի գլխով) և Ամսեթը (մարդու գլխով): Խորհրդանշում էին աշխարհի 4 կողմերը և քամիները ու հանդիսանում զմռսված հանգուցյալների մարմինների պահապանները:

3 հասկացություն՝ Կա, Բա և Ախ

«Կա»-ն էներգիան է, որ գոյություն ունի բոլոր իրերի, կենդանիների ու մարդկանց մեջ: «Բա»-ն՝ հոգին, որ մնում է մահվանից հետո, «Ախ»-ը պայծառակերպ ու հավերժական ոգին է:

Մեռյալների արքա Օսիրիսը

Օսիրիսը հարության, բերրիության և Նեղոսի վերածնման աստվածն էր: Դուատում (դժոխքի անվանումը եգիպտական առասպելաբանության մեջ) մեռյալները կանգնում էին նրա դատաստանի առջև: Սպանվում է երկվորյակ եղբոր՝ Սեթի կողմից, որը չարի մարմնացումն էր, սակայն կարողանում է հարություն առնել: Նրա պատմությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ:

Հրաշակերտ կառույցները

Անցել է ավելի քան 4500 տարի, բայց շատ բուրգեր դեռ կանգուն են: Եթե մտածենք դրանց կառուցման ժամանակաշրջանի և այն մասին, թե ինչ հնարավորություններ են ունեցել եգիպտացիները, կհասկանանք, որ տաժանակիր աշխատանք է եղել, թեև հանգեցրել է հրաշալի արդյունքի, քանի որ այժմ դրանք աշխարհի ամենահին ու լավագույնս պահպանված հրաշալիքներն են: Այդ դամբարան-հուշարձաններն ի հայտ են եկել 3-րդ դինաստիայի օրոք և խորհրդանշել են արևի պաշտամունքը:

Հավերժական կառույցները

Բուրգերը փարավոնների դամբարաններն էին: Դրանց հիմնական գործառույթը արքայի մարմինը հավիտյան պահպանելն էր, ուստի պետք է անանցանելի լինեին:

Փակուղի միջանցքներ

Յուրաքանչյուր բուրգ ուներ միջանցքների բարդագույն ցանց, որոնք փակուղի էին տանում, քանի որ հանգուցյալը պետք է պաշտպանված լիներ արտաքին աշխարհից, և ոչ ոք իրավունք չուներ խախտելու նրա անդորրը: Շինության մտահղացումն այնպիսին էր, որ դիմանար ցանկացած արհավիրքի և հավիտյան կանգուն մնար:

Մեռյալների գիրքը

«Մեռյալների գիրքը» անվանում են նաև «Բուրգերի տեքստեր», հմայախոսքերի ու մոգական բանաձևերի ժողովածու է, որի նպատակն էր օգնել հանգուցյալի հոգուն հաջողությամբ հասնել անդրշիրիմյան աշխարհ և հաղթահարել Օսիրիսի դատաստանը: Գիրքն օգնում էր նաև կողմնորոշվել, թե որոնք են այն աստվածները, որոնք առավել բարեհաճ կլինեին հանգուցյալի հանդեպ: Վերոհիշյալ բովանդակությամբ պապիրուսը դրվում էր դամբարանում՝ մումիայի կողքին, որպեսզի օգներ նրան մահվան դժվարին ճանապարհին, իսկ մահը եգիպտացիների համար ոչ այլ ինչ էր, քան վերածնունդ:

Առասպելներ

Մումիան տեղադրում էին բուրգի կենտրոնում, այնուհետև՝ մուտքը փակում: Ասում են՝ բուրգերի շինարարության ավարտին բազմաթիվ ճարտարապետներ են զոհաբերվել՝ թաքցնելու համար դեպի փարավոնը և նրա հետ թաղված գանձերը տանող ուղին:

Համեստ հուղարկավորություններ

Համեստ հնարավորությունների տեր մարդիկ ստիպված էին թաղել իրենց հարազատներին անապատի ավազների մեջ: Հաճախ քամին բացում էր մարմինները, և դրանք ի վերջո անհետանում էին՝ քայքայվելով կամ կեր դառնալով գիշատիչ կենդանիներին:

Մաստաբա. առաջին փարավոնների դամբարանները

Այս դամբարանները 2 հարկ ունեին՝ ստորգետնյա, որտեղ գտնվում էր բուն տապանատունը, և վերգետնյա, որտեղ պահվում էին նվիրաբերությունները: Տարիների հետ այդ շինությունների կառուցվածքը գնալով բարդացավ, ավելացան սենյակները, սանդուղքներն ու ծուղակները, որպեսզի կողոպտիչները չգտնեն փարավոնին: Որոշ շինությունների չափերը հասան 50 մետր երկարության և 7 մետր բարձրության:

Գիզայի բուրգերը՝ Քեոփս, Քեֆրեն և Միկերին

Խոսքը վերաբերում է մինչև օրս պահպանված ամենամեծ բուրգերին: Հետաքրքրական է, որ դրանց դիրքն այնպիսին է, որ համընկնում են Օրիոն համաստեղության 3 կենտրոնական աստղերի հետ, իսկ Օրիոնը եգիպտացիների դիցարանում համապատասխանում է Օսիրիսին:

Մեծ բուրգը, Քեոփսի դամբարանը

Բուրգի մակերեսը հավասար է 8 ֆուտբոլի դաշտի մակերեսի, իսկ բարձրությունը՝ 40 հարկանի շենքի բարձրության: Շուրջը պտույտ տալու համար հարկավոր է քայլել 1 կիլոմետրից ավելի: Շինարարությունը տևել է մոտ 23 տարի, իսկ աշխատանքներին ոչ ավել, ոչ պակաս 100 հազար մարդ է մասնակցել:

Դամբարանները կառուցվում էին Նեղոսի վարարումների սահմանից այն կողմ, գետից արևմուտք ընկած հատվածում, քանի որ արևն այդ կողմում էր մայր մտնում և հենց այնտեղից էր հանգուցյալը սկսում իր երկար ճամփորդությունը դեպի անդրշիրիմյան աշխարհ:

Անմարդկային աշխատանք

Մեծ բուրգը բաղկացած է 2.5 տոննա կշռող 2 300 000 սալաքարից: Պատկերացրու՝ ինչպես են կարողացել տեղաշարժել այդ հսկայական քարաբեկորները՝ առանց ժամանակակից շինարարական մեքենաների:

Քարհանքեր

Սալաքարերը հանում էին հսկայական քարհանքերից: Ծանր աշխատանք էր, որը հազարավոր աշխատողներից համատեղ ջանքեր էր պահանջվում: Ի տարբերություն ֆիլմերում նկարագրված փաստերի՝ աշխատողները ոչ թե ստրուկներ էին, այլ բարձրակարգ մասնագետներ, որոնց հարգանքով էին վերաբերվում:

Անձեռնմխելի անգամ մահվանից հետո

Հանդերձյալ կյանքի հանդեպ անխախտ հավատը խթանեց մումիֆիկացման ու զմռսման տեխնիկայի զարգացմանն ու կատարելագործմանը: Անդրշիրիմյան աշխարհ անցնել կարողանալու համար մարմինը պետք է լավ վիճակում պահպանվեր: Եգիպտացիները հասան կատարելության այնպիսի աստիճանի, որ այժմ որոշ մումիաների նայելով՝ դժվար է հավատալ, որ ավելի քան 4000 տարվա պատմություն ունեն:

Սկիզբը

Զմռսման տեխնիկան հայտնագործվեց լիովին պատահաբար: Դիակները, որոնք թաղվում էին անապատի տաք ավազների մեջ, ենթարկվում էին բնական ջրազրկման և չէին քայքայվում: Հետագայում եգիպտացիները արհեստականորեն նմանակեցին այդ գործընթացը շնորհիվ մի աղի, որ կոչվում էր նատրոն:

Առանց ուղեղի

Քթի միջով զգուշորեն դուրս էին հանում ուղեղը բրոնզե կեռիկների միջոցով:

Հանգուցյալի հետ թաղվում էին…

…«կանոպա» կոչվող անոթները, որոնց մեջ մարմնից հանված ներքին օրգաններն էին: Թաղվում էին նաև ծիսական բնույթի ցուցումներ պարունակող պապիրուսներ և հմայիլներ՝ հանգուցյալին պաշտպանելու և անդրշիրիմյան աշխարհի ճանապարհին օգնելու համար:

Մումիֆիկացման դանդաղ և մանրակրկիտ գործընթացը

Նախ խնամքով հանում էին ներքին օրգանները և մարմինը 40 օրով ընկղմում «նատրոն» կոչվող աղի մեջ: Ապա լցնում էին փայտի թեփով ու բուսական խեժերով: Վերջում փաթաթում էին կտորներով ու վուշե երիզներով:

Մահից հետո ամենակարևորը մարմինն անձեռննմխելի պահելն էր

Այդ կերպ հանգուցյալի «Կա»-ն կամ «կենսական էներգիան» կարող էր մահվանից հետո ապրելու տեղ ունենալ: Այդտեղից էլ առաջացավ մոլուցքը զմռսման մանրակրկիտ գործընթացի հանդեպ:

Մի սարկոֆագը մյուսի մեջ, դա էլ՝ մեկ ուրիշի

Եգիպտացիները խնամքով զարդարում էին սարկոֆագների ներսի մասը, քանի որ մտածում էին, որ հանգուցյալը կարող է տեսնել այն: Առաջին քարե դագաղը դնում էին ուրիշ էլ ավելի զարդարուն դագաղների մեջ՝ ճիշտ ռուսական մատրյոշկաների նման:

Սեթի առաջին՝ ամենալավ պահպանված մումիան

Զարմանալի է, թե որքան լավ է պահպանվել այդ մումիան, որի նկարը տարածվել է աշխարհով մեկ՝ առասպելների ու ֆանտաստիկ ֆիլմերի ներշնչման աղբյուր դառնալով: Նրա դամբարանը, որ մոտ 100 մետր է, ամենաերկարներից մեկն է:

Սիրտը միակ ներքին օրգանն էր, որին սովորաբար ձեռք չէին տալիս, քանի որ կարծում էին, թե մարդու խելքն այնտեղ է ամփոփված:

Եգիպտոսում հարյուրից մեկը կարդալ գիտեր

Ուստի կար «ընթերցող քուրմ», որը կարդում էր այն պապիրուսը, որտեղ մանրամասն նկարագրված էին այն քայլերը, որ հարկավոր էր անել՝ ծեսը բարեհաջող ավարտին հասցնելու համար:

Շատ օգտակար արձանիկներ

Նոր թագավորության շրջանում սկսեցին դամբարաններում տեղադրել «ուշեբտի» կոչվող փոքրիկ արձանիկներ, որոնք հանդերձյալ կյանքում պետք է աշխատեին հանգուցյալի փոխարեն: Որոշ դամբարաններում ավելի քան 400 ուշեբտիներ են հայտնաբերվել:

Մեռյալների տիրակալ Անուբիսը

Անուբիսը դամբարանների տիրակալն էր: Նա էր ուղեկցում հանգուցյալի հոգուն հանդերձյալ աշխարհ՝ Դուատ: Պատկերվում էր սև շնագայլի կամ եգիպտական շան գլխով մարդու կերպարանքով, քանի որ սևը նեխած մարմնի և բերրի հողի գույնն էր: Խորհրդանշում էր հարությունը:

Մահվան երթը մինչև դամբարան

Զմռսման գործընթացից հետո մահվան երթով փարավոնին տեղափոխում էին բուրգ, որը նրան որպես գերեզման էր ծառայում: «Ստորին տաճարից», որը հանգուցյալի համար կառուցված ժամանակավոր օթևանն էր, անապատի միջով քայլում էին մինչև «վերին տաճարը», որը տեղակայված էր բուրգի կողքին: Տանում էին սնունդ, բուրանյութեր ու ծաղիկներ, որպեսզի տաճարում փարավոնի կողքին դնեն: Ճանապարհին կանանցից ոմանք պետք է պարեին, իսկ մյուսները՝ լաց լինեին:

Արքաների հովիտը

Խոսքը վերաբերում է Լուքսորի մոտակայքում գտնվող դամբարանադաշտին, որտեղ տեղակայված է Եգիպտոսի փարավոնների, թագուհիների, իշխանների և ազնվականների դամբարանների մեծ մասը:

Մումիայի վերակենդանացումը

Նախքան հուղարկավորությունը, կատարվում էր Բերանի բացման ծեսը, որը թույլ էր տալիս զմռսման երկարատև գործընթացից հետո կրկին գործի դնել հանգուցյալի բերանը, աչքերը, ականջներն ու քիթը: Այդպիսով նա կարող էր օգտագործել իր զգայարանները հանդերձյալ կյանքում:

Ճանապարհ դեպի տաճար

Փարավոնին տաճար էին տեղափոխում ցլերին լծված սահնակով: Որպեսզի սահնակը լավ սահեր, մի քանի քուրմ առջևից կաթ էին լցնում անապատի ավազը խոնավեցնելու համար:

Երբեմն հանգուցյալին նավով էին տեղափոխում

Հայտնի չէ, թե ինչու էին հուղարկավորության օրը հանգուցյալին տաճար տեղափոխելու այս կամ այն ձևն ընտրում, բայց հայտնի է, որ երբեմն մահվան երթը ջրերի վրայով էր տեղաշարժվում:

Եղերամայրերը

Այս կանանց վարձում էին հանգուցյալի մահը սգալու համար: Նրանք ողբում էին ոչ թե հանգուցյալի մահը, այլ այն, որ մեկնում էր երկար ճամփորդության, որտեղից վերադարձ չկար:

Որպեսզի հանդերձյալ աշխարհում ոչ մի բանի պակաս չունենա

Մահվան թափորի հետ սովորաբար տեղափոխում էին նաև հանգուցյալին պատկանող ամենաարժեքավոր իրերը, որպեսզի թաղեն նրա հետ, և այդպիսով հանդերձյալ կյանքն ավելի հարմարավետ դարձնեն: Զարդեր, կահույք, հագուստ, գավաթներ, սանրեր, որպեսզի ոչ մի բանի պակաս չունենա:

Երկար սպասված արարողություն

Հանգուցյալի հուղարկավորությունը տեղի էր ունենում մահվանից 70 օր անց: Այսինքն՝ մոտավորապես 2.5 ամիս անց: Այդքան ժամանակ էր անհրաժեշտ դիակի լիարժեք զմռսման համար:

Սրբազան ցլի պաշտամունքը

«Կա» նշանակում էր ինչպես «կենսական էներգիա», այնպես էլ «ցուլ»: Եգիպտոսում երկրպագում էին Ապիս ցուլին՝ որպես կյանք պարգևող Պտահ աստծու, իսկ հետագայում նաև Օսիրիսի վերամարմնավորում: Հայտնաբերվել են հատուկ ծիսակարգով վիթխարի սարկոֆագներով թաղված բազմաթիվ զմռսված ցլեր:

Անցումը Հին թագավորությունից Նորին

Բուրգերի ծավալները գնալով փոքրացան, և ի հայտ եկան վիթխարի արևային տաճարները: Հուղարկավորման ծեսը հետզհետե դարձավ փարավոնի բացառիկ մենաշնորհը, քանի որ միայն նրանք, ովքեր ի վիճակի էին վճարելու դրա համար, կարող էին իրենց նման շքեղություն թույլ տալ:

Մաատի փետուրով դատաստանը

Ճշմարտության, արդարության և ներդաշնակության աստվածուհի Մաատի խորհրդանիշը ջայլամի երկար փետուրն էր: Նախքան կյանքի ու մահվան շեմը հատելը բոլոր մեռյալները կանգնում էին Օսիրիսի դատաստանի առջև: Հանգուցյալի հոգին կշեռքին էր դրվում: Եթե ծանրաբեռնված չէր մեղքերով, պետք է փետուրից թեթև լիներ: Իսկ եթե ծանր էր, ապա հանգուցյալը չէր կարող այն աշխարհ անցնել:

Կրճատ գահակալություն

Թութանհամոնը 18-րդ դինաստիայի փարավոններից էր, որը գահ բարձրացավ մոտավորապես մ.թ.ա. 1360 թվականին: Իր թագավորության շրջանում վերականգնեց բազմաստվածության ավանդույթները, որոնք տապալվել էին նախորդ դարաշրջանում՝ մեծ իշխանությամբ օժտելով Ամոնի քրմերին: Փարավոնի աթոռանիստը կրկին տեղափոխեց Թեբե: Մահացավ, երբ դեռ ընդամենը 18 տարեկան էր: Նրա մահվան պատճառը մինչ օրս առեղծված է մնում:

Թութանհամոնից առաջ

Նրա նախորդը՝ Էխնաթոնը, ով երկրպագում էր միայն արևի աստված Աթոնին, կրոնական ու քաղաքական հեղափոխություն իրագործեց, որին վերջ դրեց Թութանհամոնը գահ բարձրանալուց հետո:

Արքաների հովտի միակ չկողոպտված դամբարանը

1922 թվականին Հովարդ Քարտերը հայտնաբերեց Թութանհամոնի շքեղ դամբարանը, որն ըստ էության միակն է, որ առանց կողոպտվելու հասել է մինչև մեր օրերը: Դա թույլ տվեց արժեքավոր տվյալներ ձեռք բերել եգիպտական մշակույթի և տվյալ դարաշրջանի մասին ընդհանրապես:

Արև արքայի անեծքը

Դամբարանում արձանագրություն կար. «Թող մահը վրա հասնի նրան, ով կհամարձակվի խաթարել փարավոնի հավիտենական անդորրը»: Հետաքրքրական է, որ դամբարանի հայտնագործմանը հաջորդող տարիներին այդ աշխատանքներում ներգրավված բազմաթիվ մարդիկ մահացան: Նրանց մեջ էր նաև անգլիացի ազնվական լորդ Քարնարվոնը, ով ֆինանսավորել էր փորման աշխատանքները, և որը մահացավ դամբարանը բացելուց ընդամենը 4 ամիս անց:

Արվեստի գործերով լի դամբարանը

Հարթաքանդակներ, նկարներ, ոսկեպատ փայտե տապաններև կարմիր կվարցից սարկոֆագ, որը պարունակում էր մարդաձև 3 դագաղ:

Կողոպտված դամբարաններ

Թութանհամոնից բացի՝ ոչ մի փարավոնի դամբարան չի խուսափել թալանից: Ո՛չ գաղտնի անցուղիները, ո՛չ ելք չունեցող սենյակները, ո՛չ գրանիտե սալիկներով փակված դռները չէին կարող մոլորեցնել կողոպտիչներին: Կարծիք կա, որ նրանցից շատերը գաղտնի համաձայնության էին գալիս դամբարանը կառուցողների հետ, որպեսզի վերջիններս ցույց տան ավարտին հասնելու ճանապարհը: Հնարավոր է նաև, որ կողոպուտը պատվիրում էին որոշ ազնվականներ և նույնիսկ միապետեր՝ ագահությունից դրդված կամ սեփական հուղարկավորման օժիտը լրացնելու միջոցներ չունենալու պատճառով:

Խիստ պատիժ

Բռնված կողոպտիչները ենթարկվում էին անտանելի կտտանքների, որպեսզի մատնեն հանցակիցներին: Այնուհետև նրանց նկատմամբ պատիժ էր սահմանվում՝ խեղում էին ականջները, քիթը, շուրթերը… կարող էին անգամ ցից հանել:

Այդ կողոպուտների հիմնական պատճառը սովն էր:

Հարուստ հող

Դրամական արժույթի բացակայության պատճառով՝ առևտուրը Եգիպտոսում իրականացվում էր փոխանակման միջոցով: Փարավոնը վերահսկում էր ամբողջ առևտուրը, նույնիսկ հարկահավաք ուներ: Եգիպտացիներն աճեցնում և արտադրում էին ավելին, քան անհրաժեշտ էր, ուստի այլ երկրներ էին արտահանում խեցեղեն, վուշ, բամբակ, բալասաններ, պապիրուս և չոր ձուկ: Ներկրում էին այնպիսի ապրանքներ, ինչպիսիք էին խունկը, ձիթայուղը և մայրու փայտը, իսկ թանկարժեք ապրանքներից՝ ոսկի, արծաթ, մարմար և նույնիսկ ձիեր:

Հացահատիկի արքաները

Եգիպտոսում ցորենի պակաս չկար, ինչի շնորհիվ երկիրը դարձավ մեծությամբ չորրորդ հացահատիկի շտեմարանն աշխարհում: Յուրաքանչյուր ընտանիք իր հացը թխում էր սեփական տան կավե փռում:

Նեղոսը հարստության աղբյուր

Եգիպտացիներին շատ բերրի հողեր էին բաժին հասել՝ շնորհիվ Նեղոսի մշտական վարարումների, որոնք ոռոգում էին մշակաբույսերի դաշտերը: Բացի այդ՝ մեծ զարգացում ապրեց գետային առևտուրը՝ չնայած փարավոններն ամեն գնով փորձում էին սահմանափակել շփումն օտարների հետ: Առևտրի համար մեծ խոչընդոտ էր այն, որ եգիպտացիները ծովի ջրերն անմաքուր էին համարում, ինչը դժվարացնում էր ձկան ու աղի փոխանակումը:

Գետային ուղիները

Նավարկումը Նեղոսի ու վտակների ջրերով կենսական էր ներքին փոխադրումների հարուստ ցանցը պահպանելու համար: Ալեքսանդրիան, որ գտնվում էր գետաբերանին, դարձավ երկրի ամենամեծ ու գործուն նավահանգիստը, ուր նավեր էին ժամանում ողջ Միջերկրածովյան շրջանից:

Ցամաքային առևտուր

Գործում էր նաև ցամաքային առևտուրը, որն իրականացվում էր կամ սահնակների, կամ բեռնակիր կենդանիների միջոցով հատկապես այն շրջանում, երբ Նեղոսը ցամաքում էր:

Սպիտակազգեստ եգիպտացիները

Եգիպտացիները բարձրորակ գործվածքներ, ներկեր, բուրանյութեր, բալասաններ ու բյուրեղապակի էին արտադրում և արտահանում, բայց իրենց հագուստը չէին ներկում: Սպիտակ գույնը խորհրդանշում էր մաքրությունը, ուստի բոլորը նույն գույնի տունիկաներ էին կրում:

Չգնահատված արհեստավորները

Հին Եգիպտոսում արհեստավորներն անանուն էակներ էին, որոնց ծաղրում էին ավելի բարձր խավի ներկայացուցիչները: Արհեստավորների մեծ մասին վարձում էր փարավոնը, և նրանք խմբերով աշխատում էին մեծ արհեստանոցներում:

Նեղոսի ափերի կավը

Նեղոսի ափերից կավ էին հանում, որով պատրաստում էին սափորներ և աղյուսներ՝ շինարարության համար:

Փայտը կոծկելու եղանակները

Փայտանյութը այնքան էլ լավ որակի չէր, ուստի կոծկում էին բրոնզե կամ պղնձե շերտերով, վրան եբենոսից ու մարմարից նախշազարդեր էին կպցնում կամ մեխում: Սովորություն կար նաև հենց փայտի երեսը կամ վրայի գիպսի բարակ շերտը ներկելու:

Մետաղների օգտագործումը

Եգիպտացիներն օգտագործում էին ակնամոմի տեխնիկան: Ակնամոմից կաղապար էին սարքում և գիպսապատում: Երբ կարծրանում էր, դնում էին վառարանը, որպեսզի ակնամոմը հալչի: Այնուհետև քերում էին ու փոխարինում որևէ մետաղով, հիմնականում՝ բրոնզով: Սառչելուն պես՝ առանձնացնում էին գիպսից:

Սոցիալական կաստաները

Եգիպտոսի հասարակությունը բաժանված էր տարբեր խմբերի կամ կաստաների, որոնցից յուրաքանչյուրն իր գործառույթն ուներ: Քրմերը, դպիրները, պաշտոնյաներն ու զինվորականները կազմում էին վերին խավը և օգտվում արտոնություններից: Նրանց ստորադասվում էին հողագործները, արհեստավորները, հովիվները, ձկնորսները, առևտրականներն ու թարգմանիչները: Ամենաստորին խավը ստրուկների կաստան էր:

Եգիպտացիներն են ստեղծել առևտուրը, և հենց նրանք են համարվում աշխարհի առաջին նավագնացները:

Մինչև 10 տարեկան երեխաները տանն էին կրթվում

Երեխաները կրթվում էին տանը՝ հետևելով մեծահասակների պահվածքին: Սովորաբար մայրերը զբաղվում էին աղջիկների դաստիարակությամբ, իսկ հայրերը՝ տղաների: Տղաները պետք է սովորեին հոր գործը, իսկ աղջիկները հմտանային կենցաղային գործերում: Բացի այդ՝ նրանց սովորեցնում էին երկրպագել աստվածներին, ծանոթացնում բարոյականության կանոններին ու ավանդույթներին: Սովորեցնում էին նաև քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլ գիտություններ… և այդ ամենը՝ հայրերի կամ հարազատների միջոցով:

Դպրոցը

Վճարունակ ընտանիքներն իրենց զավակներին դպրոց էին տանում՝ սկսած 9 կամ 10 տարեկանից:

Ժառանգական մասնագիտություն

Երեխաները չէին կարող ընտրել, թե ինչ մասնագիտություն են ուզում ուսումնասիրել, քանի որ դրանք ավանդաբար ժառանգական էին: Օրինակ՝ բանակի սպայի որդին մեխանիկորեն հաջորդում էր հորը:

Արտոնյալները

Բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար այցելում էին դպրոցներ՝ գտնելու լավագույն աշակերտներին և նրանց սեփական մասնագիտությունն ընտրելու հնարավորություն տալու: Ամենացանկալին վարչական աշխատանք կատարելու հնարավորությունն էր:

Խոսքի վարպետները

Եգիպտոսում ուսուցչի մասնագիտություն չկար, քանի որ դրան կարևորություն չէին տալիս: Ամենակարևորը խոսքն էր և գրավոր տեքստն անգիր անելու ունակությունը: Դպրոցներում կային մարզիչներ, որոնց ներկայությամբ աշակերտներն արտասանում էին սերտած տեքստերը: Այդպիսով, սրբազան տեքստերը և օրենքները փոխանցվում էին բերնեբերան և կորչում ժամանակի քառուղիներում:

Դպիրի հեղինակավոր մասնագիտությունը

Դպիր լինելը ամենաբարդ և հասարակության մեջ ամենապատվելի մասնագիտությունն էր: Կառավարիչներն իրենց հրամանները թելադրում էին դպիրներին, որպեսզի վերջիններս փոխանցեն մյուսներին: Նրանք գրառում ու վերահսկում էին նաև տնտեսական գործունեությունը: Թեբեում դպիրների 2 մեծ դպրոց կար, ուր ընդունվում էին 4 և ավարտում՝ 17 տարեկանում:

Ռոզեթյան արձանագրություն

1799 թվականին մի ֆրանսիացի սպա հայտնաբերեց գրանոդիորիտե քարակոթողի մի մեծ բեկոր, որի վրա մ.թ.ա. 196 թվականի արձանագրություն էր: Հայտնագործության կարևորությունն այն էր, որ միևնույն տեքստը գրված էր 3 տարբեր լեզուներով: Այդպիսով հնարավոր եղավ վերծանել եգիպտական մեհենագրերը, որոնց առեղծվածը մինչ այդ բացահայտված չէր:

Անգրաճանաչություն

Զարմանալի է, որ ո՛չ փարավոնները, ո՛չ ազնվականները գրել-կարդալ չգիտեին: Չէին հասկանում անգամ այն նախադասությունները, որոնք գրել էին տալիս իրենց տաճարներում: Եգիպտոսում կարդալ գիտեին 100-ից ընդամենը 2-ը, իսկ գրել իմացողների թիվն ավելի փոքր էր:

Պապիրուսներ

Պապիրուսի ստեղծման գործընթացն այնքան բարդ էր, որ դպրոցներում, բացառությամբ որոշ դեպքերի, չէին օգտվում դրանցից: Աշակերտները գրում էին փայտե սեղանների վրա, իսկ գրչին եղեգնի ցողունն էր փոխարինում: Օգտագործում էին 2 ներկ՝ սև ու կարմիր, վերջինը՝ միայն որոշ հատվածներ ընդգծելու համար:

Կատուն սրբազան կենդանի էր համարվում: Եթե ինչ-որ մեկը կատու էր սատկացնում, մահվան էր դատապարտվում: Իսկ եթե կատուն բնական մահով էր սատկում, ընտանիքի անդամները հոնքերն էին սափրում:

Պապիրուս. բույս, որը ծառայում էր գրելուն

Նախ բույսը թրջում էին, որպեսզի փափկի: Այնուհետև կլպում էին ցողունը և շատ բարակ շերտերով տաշում, ապա փռում կտորի վրա: Շերտերը ծածկում էին մեկ այլ կտորով և տրորում՝ հարթացնելու և չորացնելու համար: Չորանալուց հետո պապիրուսի թերթերը պատրաստ էին:

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը

Եգիպտոսում բազում տեսարժան վայրեր կան, որոնք գրավում են հազարավոր զբոսաշրջիկների: Բայց ամենաուշագրավը Գիզայի բուրգերն են, որոնք համարվում են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը և ամենահինը:

Մեծ ժառանգություն

Այնպիսի առարկաներ, ինչպիսիք են եռանկյուն քանոնը, կշեռքը, ավելը, հայելին ու ածելին, մեզ են հասել եգիպտական հին քաղաքակրթությունից, և այժմ էլ շատ արդիական են համարվում:

Եգիպտոսի տարածքի 95 տոկոսը զբաղեցնում է չոր անապատը: Բնակչության 90 տոկոսն էլ կենտրոնացած է տարածքի 3 տոկոսի վրա:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...