Skip to main content

Շրջափակման ճեղքումը

 

Շուշին կորցնելով՝ թշնամին բարոյալքվել էր, իսկ մենք, հակառակը, հաղթանակից ոգևորված՝ առաջ էինք մղվում ու շարունակեցինք հարձակումը Լաչինի ուղղությամբ: Մեզ համար կենսականորեն կարևոր էր միջանցք բացել դեպի Հայաստան ու երկիրը դուրս բերել շրջափակումից: Պետք էր պահել տեմպը, որպեսզի թույլ չտանք թշնամին ուշքի գա ու վերախմբավորվի՝ պաշտպանություն կազմակերպելու համար: Հարձակումը սրընթաց էր, մեր ջոկատները գյուղ գյուղի ետևից էին գրավում՝ համարյա ոչ մի տեղ դիմադրության չհանդիպելով: Հակառակորդը խուճապահար նահանջում էր՝ թողնելով ամեն ինչ՝ զենքը, տեխնիկան, զինամթերքը: Դրա շնորհիվ անընդհատ համալրում էինք մեր պաշարները, ընդ որում՝ ոչ միայն զինվորական. բոլոր բնակավայրերում հայտնաբերում էինք սննդամթերքի, վառելիքի պաշարներ, լքված անասուններ, այն ամենը, ինչի կարիքը ծայրահեղ զգում էինք: Խաղաղ բնակչությունը հետևում էր գյուղի պաշտպանների հետ. այդպիսին էր այդ պատերազմի յուրահատկությունը. ահռելի թվով փախստականներ՝ 2 կողմերից: Մարդկանց մի մասը ներքև էր իջնում՝ դեպի Արաքս գետը, մյուսները՝ հյուսիս՝ Քելբաջարի շրջան, ու հետո անցնում էին Ադրբեջան:

Մեր զորքերն ընդամենը մեկ շաբաթում ազատագրեցին Լաչինի շրջանն ու մայիսի 18-ին գրավեցին Լաչինը: Գրավեցին համարյա առանց կռվի, նույնիսկ որևէ գործողություն չմշակեցինք: Ամեն ինչ կատարվեց Շուշիի սցենարով. Լաչինը պաշտպանողները պարզապես մեր գրոհի նախօրեին լքեցին այն, ու մենք մտանք դատարկ քաղաք:

Շուշիից Լաչինով Հայաստան տանող ճանապարհը վերջապես բաց էր՝ փռված մեր առաջ: Ավելի քան 3 տարի տևած շրջափակումն այլևս չկար: Այդ օրը համընդհանուր տոն դարձավ: Ով ինչպես կարող էր՝ նշում էր, օդում տարածվել էր խորովածի հոտը, շուրջը՝ ուրախությունից շողացող դեմքեր: Ավարային գառները բոլորին հերիքում էին, իսկ թթի օղի ղարաբաղցու մոտ միշտ կճարվի, միայն թե առիթ լինի:

Արդեն հաջորդ օրը այդ ճանապարհով Ստեփանակերտ շարժվեցին մարդասիրական օգնության շարասյուները: Առաջին հերթին ամենաանհրաժեշտն էին բերում՝ սննդամթերք ու դեղամիջոցներ: Վերականգնվեց Ղարաբաղի մատակարարումը, որ մեր ուղղաթիռների օդաչուների հերոսական աշխատանքի շնորհիվ մի կերպ պահպանվում էր այդ բոլոր տարիներին: Մենք նորից կարող էինք Հայաստանից ուղիղ տեղ հասցնել և՛ ռազմական, և՛ տնտեսական բեռները:

Մի շարք փայլուն ու արագ հաղթանակներից հետո լռություն հաստատվեց: Ռազմական հաջողություններից բոլորին պատած էյֆորիան, շրջափակման ճեղքման ու Հայաստանի հետ վերամիավորման ցնծությունը բթացրել էին վտանգի զգացումը: Շատերը՝ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, հավատացած էին, որ դա պատերազմի վերջն է: Հայաստանից եկած ջոկատների մեծ մասը վերադարձավ տուն, իսկ մեր մարտիկները հաճախակի մեկնում էին Երևան, որտեղ մարդիկ նրանց որպես հերոսների էր ընդունում: Ջոկատներից խիստ ուղղաձիգ կառավարմամբ բանակ կազմավորելու նոր-նոր սկսված գործընթացը կանգ առավ. այլևս առաջնահերթ չէր թվում:

Ռազմական հաջողությունը չամրապնդվեց Քելբաջարի շրջանի վրա հարձակումով: Ավելին, ոչինչ չարեցինք Լաչինի ու Քելբաջարի շրջանները բաժանող պաշտպանական բնագիծ ստեղծելու համար, չնայած այդ պահին դրա համար կատարյալ պայմաններ էին ստեղծվել: Մեր կողմից դեպի Հայաստան միջանցք բացելուց հետո ադրբեջանցիներն այնպիսի խուճապի մեջ էին, որ լրիվ թողեցին ամբողջ Լաչինի շրջան, ու այդ հսկա տարածքը դատարկ էր: Անարգել, առանց մարտերի, առանց դիմադրության հանդիպելու կարող էինք մեզ համար խիստ նպաստավոր դիրք գրավել լեռնաշղթայով, ինչը թույլ կտար հետագայում վերահսկել ամբողջ շրջանն ու ապահովել Հայաստանի ճանապարհի անվտանգությունը:

Ասենք, եթե այն ժամանակ նույնիսկ այդպիսի որոշում ընդունեինք էլ, ռեսուրսները թույլ չէին տա իրագործել. դա միանգամայն այլ ուժեր ու մեծ հնարավորություններ էր պահանջում: Պետք էր կանոնավոր բանակ, կառուցիկ լոգիստիկա, բոլոր գործողությունների ընդհանուր համակարգում՝ մշտական մատակարարում, պահակակետերի հերթափոխում: Բանակը, որ ունեինք այդ պահին, պատրաստ չէր դրան թե՛ թվակազմով, թե՛ կառուցվածքով:

Ի վերջո, այդպես էլ ոչինչ չձեռնարկեցինք, և այդ գոտու պատասխանատվությունն այն ժամանակ դրվեց Հայաստանի վրա, իսկ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը պատասխանատու էին ԼՂՀ մնացած շրջանների համար:

Իհարկե, ես վայելում էի հաղթանակը բոլորի հետ միասին, բայց ուրախությունը չէր կարող խլացնել աճող տագնապը. հասկանում էի, որ Ադրբեջանը չի հաշտվի Ղարաբաղի կորստի հետ, և այս ամենն ընդամենը մարտական գործողությունների կարճատև դադար է: Շփման գծում հաստատված անդորրը զուտ Ադրբեջանի կատարյալ բարոյալքման հետևանքն էր, ծանր պարտությունների հետևանքը, որոնք ներքաղաքական ցնցումների պատճառ էին դարձել: Լայնածավալ պատերազմի սկիզբն ընդամենը ժամանակի հարց էր:

Մտահոգություններս հայտնում էի և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում, բոլոր մակարդակներում, բոլորին, ում հետ շփվում էի: Համարյա ամենուր ըմբռնում էի գտնում, միայն թե այդ ըմբռնումը գործնական քայլերի չէր վերածվում: Բոլորին թվում էր, թե շատ ժամանակ ունենք, և Ադրբեջանը շուտ ուշքի չի գա: Գուցեև մի քանի տարվա գերլարումից հետո մեր կոլեկտիվ կամքը հանգստի կարիք ուներ: Մի խոսքով, մեզ այդպես էլ չհաջողվեց ժամանակին թոթափել հաղթանակի էյֆորիան, ինչի համար շուտով թանկ վճարեցինք:

Բացի դրանից՝ Ղարաբաղի համար լուրջ խնդիր էր դարձել բուն կառավարման մոդելը, որը բացարձակ համարժեք չէր մեր գլխին կախված վտանգին. կիսասովետական տիպի խորհրդարանական հանրապետության, սովետական տիպի տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանցից լրիվ անկախ գործող ինքնապաշտպանության ջոկատների խառնուրդ: Ստեղծված իրավիճակը բացատրվում էր ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով: Մեզնից ոչ մեկը պետականաշինության փորձ չուներ. մարդիկ անում էին մի բան, որի մասին աղոտ պատկերացում ունեին, բայց սովորելու հնար չկար. աղետալի կերպով չէր հերիքում ժամանակը՝ անհետաձգելի գործերը խժռում էին այն: Իշխանության ճյուղերի միջև լարվածություն էր զգացվում, ԳԽ-ի ղեկավարության կուսակցականությունը միանշանակ չէր ընդունվում, համագործակցությունը նվազագույն էր: Այդ արտակարգ ժամանակներում միանգամայն այլ մեթոդներ էին պահանջվում, համախմբման ջանքերի այլ մակարդակ, և, բնականաբար, այլ ղեկավարներ: Հանրապետությունն իշխանության միախմբման սուր պահանջ ուներ, որպեսզի կարողանար բոլոր ռեսուրսները կենտրոնացնել մեկ գլխավոր նպատակի՝ ապրել ու հաղթել:

Գերագույն խորհրդի մեր նախագահությունը Շուշին ու Լաչինը գրավելուց հետո լրիվ կտրվել էր իրականությունից, խորհրդարանում այնպիսի անամպ ու լավատեսական մթնոլորտ էր, ասես պատերազմն անցյալում էր մնացել, ու պետք էր զուտ ծրագրել խաղաղ կյանքը: Ես այն ժամանակ խորհրդարանի պատգամավոր էի ու հիշում եմ՝ նիստերից մեկին ինչպես էի վիճում զինվորական ծառայության մասին օրենքի շուրջ, որն ընդունվում էր հունիսի սկզբին: Խորհրդարանն ամենայն լրջությամբ քննարկում էր բանակում ծառայելու ժամկետը 2 տարուց 1.5 տարվա կրճատելու հարցը՝ առաջարկելով անհասկանալի և այդ պայմաններում բացարձակապես անհարիր պատմություններ մտցնել զորակոչիկների համար:

-Տղե՛րք, ի՞նչ եք խոսում: Ի՞նչ եք անում: Կարծում եք պատերազմը վերջացե՞լ է: Ախր մենք հիմա համընդհանուր զորակոչ պիտի հայտարարենք, ռազմական դրության մասին օրենք ընդունենք, զինվորական դատախազություն ու տրիբունալ ստեղծենք: Պիտի ռազմական դրություն մտցնենք, վերջապես, ոչ թե զորակոչի արտոնություններ տանք:

Հիշում եմ, որ չկարողացա նստել մինչև նիստի վերջը, զայրացած ու անտրամադիր հեռացա:

Մեր դիրքորոշումները չէին համընկնում նաև բազմաթիվ այլ հարցերում, բայց անվտանգության խնդիրն ինձ համար այդ ժամանակ գլխավորն էր: Իրավացի լինելու համոզմունքս ավելի ամրացավ, երբ հուլիսին Հռոմում բանակցությունների էի մասնակցում որպես Ղարաբաղի ներկայացուցիչ: Բանակցությունների առաջին փուլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցել էին առանց մեր մասնակցության: ԼՂՀ ԳԽ նախագահությունը, չնայած Հայաստանի ղեկավարության հետևողական պնդումներին, չգիտես ինչու, կտրականապես հրաժարվել էր բանակցություններին մասնակցելուց: Ես համարում էի, որ մեր մասնակցությունն անհրաժեշտ է. սեփական դիրքորոշում արտահայտելու և պաշտպանելու հնարավորություն է, եթե մտադիր ենք ձգտել մեր անկախության ճանաչմանը: Պատվիրակություն ուղարկել՝ շրջանցելով Գերագույն խորհուրդը, ճիշտ չէր լինի, ու ես որոշեցի հանդիպել ԳԽ նախագահության անդամների հետ: Հիշում եմ, որ նրանց փաստարկներն ապշեցրին ինձ, իբր, ղարաբաղյան պատվիրակությանը կստիպեն մեզ համար անընդունելի փաստաթուղթ ստորագրել: Ինչպե՞ս կստիպեն: Ո՞վ կստիպի: Ինձ թվաց՝ ուղղակի ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել, ու պնդեցի, որ ավելի լայն քննարկում լինի: Հավաքվեցին նախագահության անդամները, կառավարության մի մասը, պատգամավորներ, 20-25 մարդ: Ես ու Օլեգ Եսայանը ստիպված էինք մեծ ջանքեր գործադրել ու համառություն դրսևորել նրանց համոզելու համար, որ անհրաժեշտ է ներկայացուցիչներ ուղարկել Հռոմ: Երբ խոսք եղավ այն մասին, թե ով է գնալու, մի շատ պարզ գաղափար հնչեց. ով դա ճիշտ է համարում, թող նա էլ գնա: Ասացի, որ պատրաստ եմ գնալու ու Բորիս Առուշանյանի՝ նախարարների խորհրդի նախագահի թեկնածությունն առաջարկեցի որպես պատվիրակության ղեկավարի: Այդպես ղարաբաղցիներն առաջին անգամ հայտնվեցին Հռոմում՝ բանակցությունների սեղանի շուրջը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Հանդարտ զրույցների 2 օրերը՝ լանչերով ու կոֆե-բրեյքներով, ավելի շուտ բանավիճային ակումբ էին հիշեցնում, քան ղարաբաղյան հակամարտությամբ լրջորեն մտահոգ մարդկանց հանդիպում: Ասես Ղարաբաղում ամեն ինչ հանգիստ էր, և առանձնակի ոչինչ չէր կատարվում: Այդ հանդիպման ձևաչափն էլ՝ 9 երկրների դեսպանների մասնակցությամբ, և այն, թե ինչպես էր անցնում, վերջնական դարձրեց համոզմունքս, որ միայն ռազմաճակատներում ունեցած հաջողությունները հաջողության կբերեն բանակցություններում:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...