Skip to main content

Ինքնապաշտպանության կոմիտեն

 

Գերագույն խորհուրդը ձևավորեց Նախարարների խորհուրդ, որի նախագահ նշանակվեց Օլեգ Եսայանը: Ծանրագույն խնդիրներ էին կանգնած կառավարության առաջ, իսկ դրանց լուծման հնարավորությունները ծայրահեղ սուղ էին: Հետաքրքիր է, որ Գերագույն խորհրդում Դաշնակցության մեծամասնության պարագայում կառավարությունում դաշնակցականներ չկային: Բոլոր հայտնի կուսակցական ակտիվիստները նախընտրել էին առանցքային դիրքեր գրավել Գերագույն խորհրդի նախագահությունում:

Օլեգը լավ կրթություն ստացած, շփվող, հումորի անզուգական զգացումով, անձնական հարաբերություններ հաստատելու ունակությամբ օժտված մարդ էր, մասնագիտությամբ տնտեսագետ: Նախկինում դասավանդել էր բուհում, մարզային մասշտաբի կառավարչական փորձ ուներ: Կառավարության ղեկավարի պաշտոնում Եսայանի առաջին որոշումներից մեկը Ինքնապաշտպանության կոմիտեի ստեղծումն էր, որի ղեկավար նշանակվեց Սերժ Սարգսյանը, տեղակալ՝ Սամվել Բաբայանը: Այդպես առաջին անգամ պաշտոնական տեսք ստացավ ինքնապաշտպանության ուժերի համակարգումը. աշխատանք, որով և՛ Սերժը, և՛ Սամվելը վաղուց էին զբաղվում՝ առանց պաշտոնական կարգավիճակի: Այդ ժամանակ Ինքնապաշտպանության կոմիտեն ամենից ազդեցիկ ու նշանակալի կառույցն էր Ղարաբաղում. այնտեղ էին կենտրոնացվել բոլոր հիմնական ռեսուրսները, և քաղաքացիական իշխանությունները բազում հարցերում նրա աջակցության կարիքն ունեին:

Կոմիտեն սկզբում  գործում էր քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում, բայց շուտով տեղափոխվեց Ստեփանակերտի ծայրամաս՝ տեղավորվելով վաղուց չաշխատող մանկապարտեզի շենքում: Մարտական գործողություններին զուգահեռ, տառացիորեն հընթացս, մենք ստեղծում էինք Լեռնային Ղարաբաղի բանակը: Պահանջվում էր կենտրոնացնել մեր բոլոր կարողությունները, միավորել բոլոր ջոկատներն ու դրանց հիմքի վրա ստեղծել բանակային կառույցներ՝ վաշտեր, գումարտակներ, գնդեր: Բոլորին պետք էր ենթարկեցնել միասնական հրամանատարության: Զինված ուժերի կազմը շարունակում էր խիստ անմիատարր մնալ: Հիմնական միջուկը ժամանակին իրենց գյուղերը պաշտպանելու համար բնակիչների կազմած ինքնապաշտպանության ջոկատներն էին: Պատերազմի սկզբին այդ տղաներն արդեն ընդհատակի մի քանի տարվա կենսագրություն, նաև պաշտպանական գործողությունների, պարտիզանական պատերազմի փորձ ունեին: Նրանցից շատերը շուտով վաշտերի, գումարտակների, գնդերի հրամանատարներ դարձան ԼՂՀ պաշտպանության բանակում: Մեր տեղացիներից բացի, մեզ մոտ կռվում էին նաև մշտապես իրար փոխարինող կամավորական ջոկատներ Հայաստանից: Սովորաբար գալիս էին հատուկ կոնկրետ գործողության մասնակցելու, որի ավարտից հետո մարտիկների մի մասը մեկնում էր, մի մասը՝ մնում: Այդ ֆիդայական մոտեցումը հիմա, երբ մարտական գործողությունների ուժգնությունը սրընթաց աճում էր, անարդյունավետ էր դառնում, ու պետք էր շտապ հրաժարվել դրանից:

1992 թվականի սկզբին մեր զորքերում սկսեցին պրոֆեսիոնալ զինվորականներ հայտնվել: Պատկերացրեք՝ մարդն ամբողջ կյանքում ծառայել է Սովետական Միության որևէ անկյունում, ու հանկարծ երկիրը փլուզվել է, այլևս գոյություն չունի, նրա զորամասը լուծարել են: Միակ բանը, որ գիտի ու որին սովոր է, բանակում ծառայելն ու հրամանատարությանը ենթարկվելն է, իսկ հիմա չես հասկանում՝ որտե՞ղ ծառայես, ո՞ւմ համարես հրամանատարություն, ո՞ւմ ենթարկվես: Այլևս ոչ մի միութենական պաշտպանության նախարարություն չկա, և ի՞նչ անի մարդը: Վերադառնում է տուն՝ Հայաստան, գնում է պաշտպանության նախարարություն, ու նրան ուղարկում են Ղարաբաղ: Ոմանք էլ ինքնուրույն էին գալիս, առանց որևէ նշանակման, որովհետև ծնունդով Ղարաբաղից էին: Այդպես մեզ մոտ հայտնվեցին Արկադի Տեր-Թադևոսյանը, հրետանավոր Ժորա Գասպարյանը, տեխնիկայի գծով տեղակալ Վյաչեսլավ Հյուսնունցը և շատ ուրիշներ: Արտասովոր համադրություն էր. ժամկետային ծառայությունը սովետական բանակում անցկացրած և պարտիզանական պատերազմի մարտական փորձ ունեցող մեր մարտիկներն ու պրոֆեսիոնալ զինվորականները, որոնք զինվորական արվեստ էին սովորել, բայց երբեք չէին կռվել այդպիսի պայմաններում: Նրանց լրիվ ուրիշ պատերազմների էին պատրաստել: Բայց մի բան է, երբ բախվում են 2 բանակներ, և լրիվ ուրիշ, երբ գործողություններին մասնակցում են և՛ բանակը, և՛ տարանջատ ջոկատները, և՛ աշխարհազորայինները: Զինվորականների պրոֆեսիոնալ գիտելիքները, զինվորական տեխնիկան օգտագործելու ունակությունը, մարտավարական սկզբունքների իմացությունը աստիճանաբար սինթեզվում էին պարզ հնարամտության ու ողջամտության հետ, որոնցով լիուլի օժտված էին մեր տեղական մարտիկները, և որոնք անհրաժեշտ էին այդ՝ առայժմ «կիսապարտիզանական» պատերազմում:

Փոխներգործության ընթացք էր. նախկին պարտիզանները փորձ էին ձեռք բերում՝ հայտնվելով իրենց համար նոր ու անծանոթ իրավիճակում, սովորում էին դրան համապատասխանող մարտական գործողությունների ռազմավարությունը: Հետաքրքիր արդյունք ստացվեց. ուղղակի աչքի առաջ մեր տղաները դառնում էին պրոֆեսիոնալ զինվորականներ, իսկ պրոֆեսիոնալ զինվորականները մի քիչ պարտիզան էին դառնում: Եվ էլի որոշ ժամանակ անց ամեն ինչ վերջնականապես խառնվեց, և պրոֆեսիոնալների ու ոչ պրոֆեսիոնալների բաժանումը վերացավ: Դա բնական էր, եթե նույնիսկ զինվորական կրթություն չունեցող մարդը արդեն 1-1.5 տարի կռվում է, անխուսափելիորեն պրոֆեսիոնալ է դառնում: Հնարավոր է, որ չկարողանա հաշվարկներ անել, զինվորական տեղագրության մասնագետ այդ ընթացքում հաստատ չի դառնա, բայց քարտեզ կարդալ իմացողից լավ գիտի տեղանքը:

Երբ մեզ մոտ ՀՕՊ-ի միջոցներ հայտնվեցին, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ու ֆիզիկայի ամբիոնի բոլոր դասախոսներն անխտիր հօպական կամ հրետանավոր դարձան: Հրետանային հաշվարկներ անելու համար մաթեմատիկայի իմացությունը շատ տեղին էր: Արագ վերաորոկավորվեցին. ահա թե ինչ է տեխնիկական կրթությունը: Վերցրին դասագրքերն ու յուրացրին այդ գիտության այբուբենը, իսկ մնացած հարցերում շատ օգնեցին մեզ մոտ եկած հայ սպաներն ու միութենական զորքերի դուրսբերումից հետո մնացած մեր բարեկամ զինվորականները: Իսկ քիչ ավելի անց մեզ մոտ մի եզակի և արտակարգ մասնագետ հայտնվեց, ում շնորհիվ միանգամայն այլ մակարդակի բարձրացրինք հրետանին:

Քրիստափոր Իվանի Իվանյանը սովետական գեներալ, հրետանավոր, Լենինգրադից մեզ մոտ էր եկել պատերազմի հենց սկզբին: Եկել էր, ինչպես ինքն էր ասում, պարզապես տեսնի, թե ինչ է կատարվում մեզ մոտ, բայց մնաց մի քանի տարի: Ահռելի փորձ ուներ, անցել էր ամբողջ հայրենական մեծ պատերազմը, պարգևատրված էր շքանշաններով ու մեդալներով: Պատերազմից հետո ծառայել էր որպես դիվիզիայի հրետանու պետ, տարբեր բարձր հրամանատարական պաշտոններ զբաղեցրել: Իսկապես բացառիկ մարդ էր: Իր 70 տարեկանում,- թվում է՝ ծեր մարդ է,- այնպիսի անսպառ էներգիա ուներ, որ ջահելները կարող էին նախանձել: Գեներալը մտնում էր բոլոր գործերի մեջ, մասնակցում բոլոր իրադարձություններին, նրա մեքենան 2 անգամ պայթեց ականի վրա, բայց հենց ուշքի էր գալիս, անմիջապես նորից մղվում էր մարտի ու, չնայած տարիքին, անձամբ մասնակցում գործողություններին: Իվանյանը հրետանային արվեստի վարպետ էր, ակտիվորեն զբաղվում էր մեր մարտիկների ուսուցումով, ու մինչև օրս էլ հենց նրա շնորհիվ Ղարաբաղը կարող է հպարտանալ իր հրետանային դպրոցով:

Ընդհանուր առմամբ, պատկերը, որ ներկայացնում էին մեր զինված ուժերը 1992 թվականի սկզբին, բավական խայտաբղետ էր, և Ինքնապաշտպանության կոմիտեն պետք է իր ղեկավարության տակ կենտրոնացներ ու միավորեր բոլոր ջոկատները: Կոմիտեի պարտականությունների մեջ էր մտնում նաև ջոկատներին զենք ու զինամթերք մատակարարելը, ինչպեսև մարտական գործողությունների պլանավորումն ու համակարգումը:

Զարմանալի չէ, որ կոմիտեի նախագահ ընտրեցին Սերժ Սարգսյանին. նա արդեն 3 տարի ակտիվորեն զբաղվում էր ինքնապաշտպանության ջոկատներով, լավ գիտեր բոլոր հրամանատարներին ու նրանց փոխհարաբերությունների նրբությունները: Կուսակցական-կոմերիտական աշխատանքի փորձն ու համբերատար բնավորությունը նրան թույլ էին տալիս փոխվստահելի հարաբերություններ հաստատել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ Հայաստանից եկող ջոկատների բարդ ու տարաբնույթ հրամանատարական կազմի հետ: Աշխատասիրությունն ու մանրամասների մեջ խորանալու պատրաստակամությունը օգնում էին կառավարել նյութատեխնիկական մատակարարման բարդ գործընթացն այնպիսի պայմաններում, երբ բանակը կառուցվածքային առումով դեռ չէր ձևավորվել, բայց ջոկատներն արդեն պետք էր ապահովել ամեն ինչով:

Նույնքան բնական էր նաև Սամվել Բաբայանի նշանակումը: Սամվելը զինվորական կրթություն չուներ, բայց օժտված էր առանձնահատուկ ներքին ուժով, խարիզմայով, որը մարդկանց ստիպում էր ենթարկվել, խնդիրները հստակ դնելու կարողություն ու դրանց կատարումն ամենայն խստությամբ պահանջելու ունակություն ուներ: Այդ հատկություններն առանձնապես կարևոր են պատերազմի ժամանակ, մանավանդ երբ բոլոր ջոկատները բանակային խիստ կառույցի մեջ միավորելու մեծ անհրաժեշտություն կա: Մյուս հրամանատարները հարգում էին ու վախենում Սամվելից: Մասնագիտական գիտելիքների բացակայությունը փոխհատուցվում էր նրա բնազդով ու խիզախությամբ: Գործողությունները մշակելիս հաճախ անսպասելի ու հանդուգն լուծումներ էր առաջարկում, որոնք ոչ մեկի մտքով չէին անցնի. «Այ, կարելի է էսպես գնալ, այ եկեք էսպես անենք, իսկ հետո՝ այ էսպես»: Նրա բացարձակ վստահությունը հաջողության հանդեպ վարակում էր բոլորին, չնայած հիմա, հետ նայելով, տեսնում եմ, որ Սամվելի շատ գաղափարներ արկածախնդրության զգալի բաժին ունեին: Ազարտը նրա բնավորության մեջ էր, իսկ ռիսկի աստիճանը հաճախ շատ բարձր էր լինում. բայց, չնայած դրան, նրա առաջարկած պլանն ինչ-որ հրաշքով բերում էր հաջողության: Կոմիտեում Սամվելն էր անմիջաբար աշխատում ջոկատների հետ՝ ռազմական գործողությունների մշակման ու կազմակերպման ուղղությամբ: Պարտականությունների բաժանումը նրա ու Սերժի միջև ինքնին էր տեղի ունեցել, բնականորեն, ընթացող իրադարձությունների ազդեցության տակ:

Հետագայում՝ 1993 թվականի սկզբին, երբ ջոկատները բանակային կառույցների վերակազմելու ակտիվ գործընթաց էր գնում, նրանց հարաբերությունները բարդացան: Որոշ հրամանատարներ սկսեցին խուսանավել Սերժի ու Սամվելի միջև, ինչը լրիվ հակասում էր միանձնյա ղեկավարման բանակային սկզբունքին: Իրավիճակն ինքնին հանգուցալուծվեց, երբ Վազգեն Սարգսյանը խնդրեց Սերժին մի քանի ամսով ուղարկել Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի հետ համակարգված հարաբերություններ հաստատելու համար: Իսկ երբ 1993 թվականի օգոստոսին Վազգեն Մանուկյանը թողեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, Տեր-Պետրոսյանը զանգեց ինձ. «Ի՞նչ կասես, եթե Սերժ Սարգսյանին տեղափոխեմ Հայաստան՝ որպես պաշտպանության նախարար»: Ես, իհարկե, ուրախացա և անմիջապես համաձայնեցի. որքան շատ ղարաբաղցիներ պաշտպանության հետ կապված պաշտոններ զբաղեցնեն Հայաստանում, այնքան սերտ կլինի մեր համագործակցությունը:

Ճիշտ է, ռազմական հաջողությունների ու ձախողումների պատասխանատվությունն էլ լրիվ ընկնում էր ղարաբաղցիների վրա:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...