Skip to main content

Խորհրդարանական ընտրություններ

 

1991 թվականի դեկտեմբերի վերջին տեղի ունեցան ԼՂՀ խորհրդարանի ընտրությունները: Չնայած դրանք ընթանում էին ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին, մշտական հրետակոծությունների տակ, շատերը եկան քվեարկելու, և պատգամավորների մեծ մասն ընտրվեց հենց առաջին փուլում: Ադրբեջանական շրջանները, որոնց ներկայացուցիչների համար 10 տեղ էր նախատեսված 81-ից, հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Իհարկե, խորհրդարանական կառավարումը լավագույն ձևը չէր այդ շրջանում, բայց քննարկումների համար ժամանակ չէր մնացել, ու մենք պարզապես պատճենեցինք Հայաստանում գործող մոդելը: Երկրում իրական պատերազմ էր, և չէինք կարող կռահել, թե որքան արդյունավետ կլինի այդպիսի մոտեցումը: Նախկինում գործ չէինք ունեցել պետական կառավարման հետ. զբաղվում էինք կուսակցական աշխատանքով, ունեինք մարդկանց հետ համագործակցելու փորձ, կազմակերպչական հմտություններ ու՝ վերջ: Հասկանում էինք, որ երկրին շտապ սեփական օրինական իշխանության մարմիններ են հարկավոր, բայց դրանց մասին մեր բոլոր պատկերացումները հիմնված էին անցյալի, սովետական փորձի վրա:

Ես նախընտրական գործընթացներին չէի մասնակցում. ընտրություններով զբաղվելու ժամանակ չկար: Զբաղված էի Մարտունու շրջանի պաշտպանությունը կազմակերպելով և այդ ամբողջ ընթացքում այնտեղ էի: Ընտրողների հետ հանդիպումների ոչ թե պարզապես չէի կարող գնալ, նույնիսկ չէի հասցնում հիշել նրանց մասին: Միայն հիշում եմ, որ ստորագրեցի առաջադրվելու համաձայնության մասին թուղթը, որ բերել էին Ստեփանակերտի շրջաններից մեկի բնակիչների անունից: Բայց չնայած դրան՝ ինձ, համենայն դեպս, պատգամավոր ընտրեցին: Մրցակիցս՝ մի աղջիկ, որի անունն արդեն չեմ հիշում, ձայն չէր հավաքել: Խորհրդարանի առաջին նիստից ուշացա. ուղիղ Մարտունուց Ստեփանակերտ շտապելով՝ նույնիսկ չհասցրի տուն մտնել՝ շորերս փոխելու, հենց այդպես, զինվորական հագուստով էլ մտա դահլիճ: Այդ օրը խորհրդարանի նախագահ էին ընտրում, ու հենց քննարկումն էր: Մթնոլորտը դահլիճում մի քիչ լարված թվաց, տարօրինակ, բայց միանգամից չհասկացա՝ ինչո՞ւ: Նստեցի, հետևում եմ՝ ինչ է կատարվում, ամբիոնից հնչող ելույթներն եմ լսում, դահլիճի խոսակցությունները, ու հանկարծ, առանձին ռեպլիկներից, արձագանքներից, ելույթներից հասկանում եմ՝ տես, է՜, պարզվում է՝ մեր խորհրդարանի մեծամասնությունը դաշնակցականներ են:

Դա ինձ համար միանգամայն անսպասելի էր:

Հայկական ամենահին կուսակցություններից մեկը՝ մոտ 100 տարի առաջ հիմնադրված Դաշնակցությունը, մեզ մոտ հայտնվել էր 1988 թե 1989 թվականին: Անընդհատ Ղարաբաղ էին գալիս նրանց էմիսարները, իրենց կառույցները ստեղծում, բջիջներ ձևավորում, ակտիվորեն զբաղվում էին կուսակցական շինարարությամբ: Այդ գործընթացը շատ կարևոր էր նրանց համար, քանի որ սովետական շրջանում Դաշնակցությունը գործել էր միայն արտասահմանում: Նրանց ջանքերը հիմնականում կենտրոնացած էին համայնքային աշխատանքի վրա, դաշնակցականները հայկական այլ կուսակցությունների հետ հաջողությամբ մրցում էին հայ համայնքի վրա ազդեցություն ունենալու համար և գերիշխում էին: Երկար տասնամյակների այդպիսի գոյաձևը Դաշնակցության մեջ պատկերացում էր ստեղծել, որ կուսակցությունը ազգային իշխանության յուրատեսակ ձև է, ու դրա մեջ ճշմարտության մաս կար: Դաշնակցականներն անկասկած կարևոր դեր էին ունեցել ազգային իղձերն ու ավանդույթները Սփյուռքում պահպանելու գործում: Հիմա նրանք իշխանության էին մղվում անկախ Հայաստանում, և նրանց ռազմավարության մի մասը Ղարաբաղն էր:

Հեղափոխական գաղափարախոսություն կրող կուսակցության տևական աշխատանքն արտասահմանում, ընդ որում՝ Մերձավոր Արևելքից մինչև ԱՄՆ՝ պետական կառավարման խիստ տարբեր մոդելներ ունեցող երկրներում, որոշակի յուրահատկություն էր հաղորդել ինչպես նրա կառուցվածքին, այնպես էլ աշխատանքի եղանակներին: Կար անդամության 2 տիպ՝ բաց ու ծպտյալ կուսակցականներ, գործում էին զենքի վրա երդվելով Դաշնակցության մեջ ընդունվելու գաղտնի ծեսեր՝ պահպանված դեռևս 20-րդ դարի սկզբից: Հեղափոխական ռոմանտիկայով սնվող հնավանդ սովորույթներն անհեթեթ էին թվում մեր ժամանակներում, մեր երկրում, այն էլ պատերազմող երկրում, և աստիճանաբար մարում էին: 90-ականների դաշնակցականների համար կուսակցական կառուցվածքի նշանակությունը հոգեբանորեն այդպես էլ առաջնային էր մնացել, իսկ իշխանության հավակնությունը բնական բան էր ընկալվում. ուրիշ ո՞վ պիտի ստանձնի Հայաստանի ապագայի պատասխանատվությունը, եթե ոչ Դաշնակցությունը՝ հնագույն հայկական կուսակցությունը:

Իսկ մենք ոչ մի կուսակցություն չէինք հիմնել ու չէինք պատրաստվում: Ես դա այդ իրավիճակում բացարձակապես անընդունելի էի համարում. պետք էր պաշտպանել Ղարաբաղը, ոչ թե իրար հետ կռիվ տալ իշխանության համար: Բացի դրանից՝ մեր ամբողջ ժամանակը գնում էր անվտանգության հարցերը լուծելուն: Անկասկած՝ մեզ խորհրդարան պետք էր, բայց որպես իշխանության սեփական օրինական մարմին, ոչ թե ներքաղաքական պայքարի ասպարեզ: Բազմիցս քննարկել էինք այդ հարցը, և մեր մեծ մասը հասկանում էր, որ պատերազմից հետո, իհարկե, կստեղծվեն կուսակցություններ, կլինի քաղաքական մրցակցություն, բայց՝ ոչ հիմա:

Ինչպես պարզվեց՝ Դաշնակցությունն այլ կերպ էր մտածում: Նրանք ակտիվորեն զբաղվում էին կուսակցական շինարարությամբ՝ կառույցներ ստեղծելով հանրապետության բոլոր շրջաններում: Ի տարբերություն մեզ՝ իրենց համար առաջնահերթություն էին դարձրել հաղթանակը ընտրություններում, իսկ մենք, ինչպես պարզվեց, լրիվ աչքաթող էինք արել ընտրությունները, չնայած մեր ազդեցությունը ԼՂՀ-ում գերակայող էր: Դաշնակցականները ընտրատարածքների մեծ մասում թեկնածուներ էին առաջադրել՝ չբացահայտելով նրանց կուսակցական պատկանելությունը: Նրանցից շատերին մենք աջակցել էինք՝ չիմանալով, որ ծպտյալ դաշնակցականներ են, և ընդհանրապես, չկռահելով՝ ինչ է կատարվում: Այդ խաբեությունն ակնհայտորեն նախընտրական ռազմավարության մասն էր ու մեզ շատ վիրավորեց: Այդ պատմությունը տհաճ նստվածք թողեց մեր մեջ, ու չնայած շարունակում էինք շփվել դաշնակցականների հետ, նրանց հանդեպ վստահություն չկար. հարաբերությունները սկսեցին նորմալ բնույթ կրել:

Երբ սկսվեց Գերագույն խորհրդի նախագահության նախագահի ընտրությունը, ինչ-որ մեկը փորձեց առաջադրել իմ թեկնածությունը, բայց ես կտրականապես հրաժարվեցի: Առաջ էլ ինձ չէի պատկերացնում խորհրդարանի անդամի դերում, իսկ հիմա միանշանակ որոշել էի, որ չեմ ուզում ու չեմ աշխատի այդպիսի մթնոլորտում: Մեր կողմից առաջարկեցինք Լեոնարդ Պետրոսյանին, մարդու, որը կառավարչական մեծ փորձ ուներ, բայց ձայների մեծամասնությամբ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

Արթուրին լավ էի ճանաչում:

Լավ տղա էր, դրական, շատ  պայծառ, համակրելի, մեղմ, ինտելիգենտ: Ինքնին հետաքրքիր անհատականություն, բայց, ինչպես ինձ էր թվում, միանգամայն անհամապատասխան առաջնորդի դերին, մանավանդ հիմա՝ պատերազմական ժամանակներում: Գիտությունների թեկնածու, պատմաբան Արթուրը մինչև պատերազմը փոքրիկ թանգարանի տնօրեն էր Հադրութում, որն ընդամենը 2 աշխատակից ուներ: Մարդկանց վրա ազդելու համար անհրաժեշտ խարիզման, կառավարման փորձն ու կամային հատկանիշները ակնհայտորեն չէին բավականացնում: Խորհրդարանի նախագահի պաշտոնում շատ դժվար էր նրա համար: Չիմանալով՝ ինչպես լուծել իր առջև ծառացած խնդիրները, Արթուրը հաճախ խորհուրդ էր հարցնում ինձնից, հետաքրքրվում, թե ինչ կարծիքի եմ այս կամ այն հարցի վերաբերյալ: Խելացի, նրբամիտ ու նրբազգաց մարդ լինելով՝ անշուշտ անհարմարավետ էր զգում ստեղծված իրավիճակում:

Ոչ միայն խորհրդարանի նախագահն էր իրեն անօգնական զգում, ընտրված Գերագույն խորհուրդն էլ խորհրդանշական մարմին եղավ: Այդպես էլ իրական իշխանություն չստացավ, քանի որ հնարավորություն չուներ կառավարելու իրադարձությունները կամ գոնե ազդելու դրանց վրա: Նույնիսկ իր իսկ ձևավորած գործադիր իշխանության վրա զուտ ֆորմալ ազդեցություն ուներ: Հայաստանի ղեկավարության հետ հարաբերություններն էլ չստացվեցին իշխող ՀՀՇ կուսակցության ու Դաշնակցության միջև հակամարտության պատճառով: Արդյունքում՝ բոլորս տեսնում էինք, որ Գերագույն խորհուրդ անվանապես կարծես թե կա, բայց Ղարաբաղում ոչինչ վերահսկել չի կարողանում, բացի իր իսկ գործունեությունից: Խորհրդարանը գոյություն ուներ իր համար, իրադարձությունները՝ իրենց համար:

Մի քանի անգամ ինձ հետ հանդիպում ունեցան տարբեր պատվիրակություններ, մի անգամ տուն եկավ մեր Պարգև սրբազանը, համոզում էր, որ ԳԽ նախագահության նախագահի տեղակալ դառնամ: Նույնպիսի առաջարկով անձամբ Արթուրն էլ դիմեց: Ես չէի համաձայնում. «Ո՛չ, չեմ ուզում: Ինքներդ եք հասկանում, որ պաշտոնապես կարծես թե տեղակալ եմ լինելու, իսկ փաստացի, իմ ազդեցության աստիճանով՝ ղեկավար: Հենց հայտնվեմ այնտեղ, ամբողջ իշխանությունը կկենտրոնանա ինձ վրա, ու պարզապես կխախտեմ ԳԽ նախագահության հիերարխիան»:

Դա ճիշտ էր, բայց իմ մերժման հիմնական ներքին դրդապատճառն այլ էր: Չէի կարող հաղթահարել ընտրությունների պատմությունից հետո հայտնված ու հաջորդ օրերին խորացած անվստահությունը: Արթուրն ինձ հրավիրեց հանդիպման և ակնհայտորեն ցանկանում էր շտկել վիճակը, վերականգնել նախկին փոխվստահությունը: Ես սևեռուն նայեցի նրա աչքերի մեջ և ուղիղ հարց տվեցի. «Արթո՛ւր, չեմ կարողանում հասկանալ և ուզում եմ քեզնից լսել, դու, համեյնայն դեպս, դաշնա՞կ ես, թե ոչ»: Նա մի քիչ տատանվեց ու պատասխանեց, որ՝ ոչ: Իսկ ես արդեն հասցրել էի պարզել, որ կուսակցության անդամ է, ընդ որում՝ վաղուց: Նրա պատասխանն ինձ ավելի հիասթափեցրեց: Բնականաբար, վստահությունը վերականգնել չհաջողվեց, իսկ առանց դրա նորմալ հարաբերություններն ու համագործակցությունն անհնար են:

Գուցե՝ եթե Արթուրն ազնվորեն պատասխաներ, այլ որոշում ընդունեի:

Արթուրը երկար չմնաց խորհրդարանի նախագահ: Ընտրվելուց մի քանի ամիս անց՝ 1992 թվականի գարնանը, զոհվեց տանը, դժբախտ պատահարի հետևանքով, կնոջ ներկայությամբ: Նախորդ օրը թիրախին կրակելուց հետո զենքը մաքրելիս չէր նկատել, որ մեջը փամփուշտ է մնացել…

ԳԽ նախագահության նախագահի պաշտոնակատար դարձավ Գեորգի Պետրոսյանը:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...