Skip to main content

Սովետական զորքերի դուրսբերումը

 

Զորքերը մեզ մոտ մնացին ամբողջ աշուն, իսկ 366-րդ մոտոհրաձգային գունդը՝ մինչև 1992 թվականի փետրվար: Չնայած Սովետական Միությունն այլևս գոյություն չուներ, զորքերը չէին կարող հեռանալ «ոչ մի տեղ», իրավունք չունեին սեփական ցանկությամբ լքել զորամասերը: Զինվորականները ենթարկվում են հրամաններին և սպասում էին տարհանման հրամանի ու բարձր հրամանատարության՝ տեխնիկան ու սպառազինությունը դուրս բերելու կարգադրությանը՝ ինչպես և ուր տանել: Բայց երկիրը փլուզվում էր, ու համատարած քաոսի մեջ անհասկանալի էր՝ ով և երբ կարող է այդպիսի հրաման տալ, իսկ զինվորականներին հասնող կարգադրությունները հաճախ հակասում էին իրար:

Պոլյանիչկոն, իր կազմկոմիտեով հանդերձ, դեռ մինչև ներքին զորքերի դուրսբերումն էր փախել, չնայած Ստեփանակերտի հրետակոծությունների սկզբից էլ արդեն հազվադեպ էր հայտնվում կուսակցության մարզկոմի շենքում: Ըստ երևույթին զգացել էր, որ իրադարձությունները լիովին դուրս են եկել վերահսկողությունից, և իրավիճակը վտանգավոր է դառնում: Ճիշտ էր զգացել. մի քիչ էլ մնար մեզ մոտ, դժվար թե ընդհանրապես կարողանար մեկնել: Նույնիսկ չգիտեմ՝ հատկապես երբ չքվեց: Ըստ ամենայնի՝ փախուստը տեղի էր ունեցել գիշերը. չնայած մեր մշտական հսկողությանը, այդ հապշտապ տարհանումը չէինք նկատել: Պարզապես մի պահի տեսանք, որ շենքի շուրջը շարժումն ընդհանրապես դադարել է. ո՛չ այնտեղ են գնում, ո՛չ այնտեղից ու հասկացանք, որ ներսում դատարկություն է: Նրան պահպանող ստորաբաժանման զինվորականները դեռ որոշ ժամանակ հսկում էին, բայց հետո նրանք էլ հեռացան: Շուտով մարզկոմի շենքի ներքնահարկում տեղավորվեց Ղարաբաղի առաջին զինվորական հոսպիտալը:

Զորքերի պաշտոնական դուրսբերումը սկսվեց 1991 թվականի դեկտեմբերին, երբ նախկին խորհրդային հանրապետությունների գերագույն խորհուրդները հայտարարեցին, որ այդ պահին իրենց տարածքում գտնվող ամբողջ սովետական սպառազինությունը ինքնորոշված հանրապետությունների սեփականությունն է դառնում: Լեռնային Ղարաբաղում տեղակայված էր 4 զինվորական ստորաբաժանում՝ 366-րդ մոտոհրաձգային գունդը, որն ավանդաբար մեզ մոտ էր 50-ական թվականներից. դեռ երեխա ժամանակ էի հիշում, արդեն հակամարտության ժամանակ տեղակայված միլիցիայի գունդը, քիմիական պաշտպանության գումարտակն ու Հադրութի սահմանապահ ջոկատը, որը սպասարկում էր սովետա-իրանական սահմանը:

Նախ մեկնեցին պարետատներն ու ներքին զորքերը: Ի տարբերություն 366-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողներին, նրանք ո՛չ հատուկ զինվորական գույքով էին ծանրաբեռնված, ո՛չ ծանր սպառազինությամբ, ո՛չ էլ ընտանիքներով ու կահկարասիով: Քաղաքից դուրս՝ երկաթուղային կայարանից ոչ հեռու, վրանային ավանում տեղակայված հատուկ նշանակության ջոկատն էլ արագ հավաքվեց ու աննկատ չքացավ:

Ադրբեջանը, որը շարունակում էր Լեռնային Ղարաբաղն իրենը համարել, բնականաբար հավակնում էր մեզ մոտ տեղակայված զորամասերի սպառազինությանը: Իսկ մենք համարում էինք, որ այն մեզ է պատկանում: Բացի դրանից՝ սովետական զորքերի հեռանալով վերանում էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան ինչ-որ կերպ զսպող վերջին գործոնը, ու մենք հասկանում էինք, որ կանգնած ենք պատերազմի շեմին: Այդպիսի իրավիճակում չէինք կարող դուրս թողնել մեզ մոտ տեղակայված ստորաբաժանումների սպառազինությունը. այն բաժին կընկներ Ադրբեջանին, ու կորուստը կրկնակի կլիներ:

Մեր ջոկատները նախ հսկողության տակ առան միլիցիայի գունդը: Ամեն ինչ առանց միջադեպերի անցավ, շատ խաղաղ, պարզապես մտանք և առանց որևէ դիմադրության հանդիպելու վերցրինք զենքերը: Պարզվեց՝ գունդը վատ չէր սպառազինված, 4 ԴՄՄ ունեցանք, որ մեզ շատ պետք եկան պատերազմի առաջին ամիսներին, մոտ 600 միավոր հրաձգային զենք՝ ավտոմատներ, գնդացիրներ ու դիպուկահար հրացաններ: Ստույգ թվերն արդեն ջնջվել են հիշողությունից, բայց փոխարենը լավ եմ հիշում, թե ոնց էր այլայլվել նրանց հրամանատարը. տեղեկանք էր խնդրում, որ սպառազինությունն ընդունել ենք իրենից: Հարցնում եմ.

-Ինչի՞դ է պետք տեղեկանքը:

-Որ դատախազության հետ խնդիրներ չծագեն, մեկ էլ տեսար՝ դատի տվեցին…

-Լա՛վ,- ասում եմ:

Նստեցինք, միասին ցուցակ կազմեցինք՝ այսքան ավտոմատ, գնդացիր, ԴՄՄ: Գրեցինք, որ այդ ամենը հանձնել է տեղական իշխանություններին, ինչ-որ մեկը դրեց իր ստորագրությունը, հարցնում ենք. «Հը՞, վե՞րջ: Սա քեզ կօգնի՞»: «Հույս ունենամ, որ կօգնի»,- ասում է: Իրար ձեռք սեղմեցինք, ու նա մեկնեց:

Քիմգումարտակի ու սահմանապահ ջոկատի հետ էլ խնդիրներ չծագեցին: Մնաց 366-րդ մոտոհրաձգային գունդը՝ ամենալուրջ ու խոշոր ստորաբաժանումը: Հրաձգային զենքից բացի՝ գնդում մոտ 100 հետևակի մարտական մեքենա կար, 9 տանկ, գնդային հրետանի, հակատանկային միջոցներ, «Շիլկա» ու ԶՀՇԿ-ներ: Գնդի հրամանատարի՝ Յուրա Զարվիգորովի հետ լավ հարաբերություններ ունեի: Միանգամայն ադեկվատ մարդ էր, սթափ էր գնահատում տեղի ունեցողը ու չէր միջամտում քաղաքական գործերին: Նրա հիմնական հոգսը անձնակազմն էր, ու Յուրան ջանում էր այնպես գործել, որ նրանց բան չպատահի: Յուրայից բացի՝ էլի շատ ընկերներ ունեինք գնդում. սպաների մեջ հայեր էլ կային: Օրինակ, Սեյրան Օհանյանը, որը հետագայում դարձավ Ղարաբաղի, ապա՝ Հայաստանի պաշտպանության նախարար, այդ ժամանակ գումարտակի հրամանատար էր: Էլի մի սպա՝ Մովսես Հակոբյանը, որ հետախուզական վաշտի հրամանատար էր, հետո դարձավ ԼՂՀ պաշտպանության նախարար, ապա՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նրանց շնորհիվ մենք ժամանակին տեղեկություն ստացանք ստորաբաժանման ծրագրված դուրսբերման մասին: Հասկանում էինք, որ ոչ մի դեպքում չենք կարող ձեռքից բաց թողնել այդ սպառազինությունը: Բայց չէինք ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրա համար էլ ձգտում էինք խնդիրն առանց բախումների լուծել:

Ադրբեջանն, ըստ երևույթին, օգնության խնդրանքով դիմել էր Ռուսաստանին, և ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանում ուղարկվեց Ղարաբաղ՝ գեներալի գլխավորությամբ, ում անունն արդեն չեմ հիշում: 366-րդ մոտոհրաձգային գնդի մեր ընկերներից տեղեկացանք, որ նրանց խնդիրն է՝ դուրս բերել գունդը, անձնակազմն ուղարկել տուն, իսկ սպառազինությունը հանձնել Ադրբեջանին: Մենք Ադրբեջանին մտադիր չէինք որևէ բան տալ: Այդ զենքն արդեն պատկանում էր ԼՂՀ-ին ու պետք էր մեր պաշտպանության համար:

Զորամասից մի քանի ՀՄՄ դուրս բերելու՝ հատուկջոկատայինների առաջին իսկ փորձը մեր ջոկատներին ստիպեցին շտապ գրավել գունդը: Ցավոք, այդ ընթացքում մի զոհ եղավ, բայց 366-րդ մոտոհրաձգային գունդն այդ օրը ամբողջովին անցավ հանրապետության ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ: Հատուկջոկատայինների դուրս բերած ՀՄՄ-ները չէին հասցրել հեռու գնալ. դրանք շրջափակեցինք Բալուջա գյուղի մոտ, ուր զինվորականները փորձում էին տեղափոխել մարտական տեխնիկան՝ հետագայում Ղարաբաղից դուրս բերելու համար: Ի վերջո, հատուկջոկատայինները պարզապես վառեցին այդ մեքենաները. եթե դուրս բերել չի հաջողվում, ավելի լավ է՝ պարզապես ոչնչացնել: Իրավիճակը կարող էր մեծ արնահեղությամբ ավարտվել, քանի որ մտադիր չէինք հրաժարվել մեր նպատակներից: Որոշեցինք հանդիպել գեներալ Գրեկովի գլխավորությամբ Ղարաբաղ ժամանած ռուս բարձրաստիճան զինվորականների հետ ու պայմանավորվել: Առաջին հանդիպմանը, որ մեր տղաներից մեկի տանն էինք կազմակերպել, գնացինք ես ու Սերժ Սարգսյանը:

Նստեցինք, խոսեցինք: Խմեցինք էլ, իհարկե: Հասկանալ տվեցինք, որ ամեն դեպքում տեխնիկան չեն կարողանալու հանել, հենց այնպես բաց չենք թողնի: Եթե այդպիսի փորձ անեն՝ կկռվենք: Ես հարցրի՝ պատրա՞ստ են նրանք՝ ռուս զինվորականները, կռվել հանուն իրենց համար կասկածելի նպատակի, ըստ էության՝ Ադրբեջանի մարտական հզորության ամրապնդման: Պատասխանն ինձ չզարմացրեց. նրանցից ոչ ոք պատերազմել չէր ուզում: Պայմանավորվեցինք, որ կսահմանափակվեն արդեն արվածով՝ մեկ տասնյակ այրված ՀՄՄ-ներով, իսկ թե թղթերով ինչ ցույց կտան՝ մեր գործը չէ: Կարող են հաշվետվություն ներկայացնել, որ ամբողջ տեխնիկան ոչնչացրել են, որովհետև անհնար էր դուրս բերել Ղարաբաղից: Այնպես որ, ընդհանուր առմամբ, միանգամից հաջողվեց պայմանավորվել, որ գնդի սպառազինությունը մնում է մեզ: Հետագայում մի հանդիպում էլ եղավ, որին ես արդեն չէի մասնակցում, ու մեր կողմից բանակցությունները վարում էր Սերժ Սարգսյանը: Այդ հանդիպման ընթացքում մանրամասն արձանագրել էին բոլոր փոխգործողությունների հաջորդականությունը:

366-րդ գնդի անձնակազմը մեկնեց. զինվորականներին ավտոբուսներով կազմակերպված հասցրին Կիրովաբադ և այնտեղից, արդեն ինքնաթիռներով, ուղարկեցին Ռուսաստան: Իսկ զենքն ու տեխնիկան մնաց. դրանից սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ծնունդ առնող Պաշտպանության բանակի սպառազինումը: Օգտագործեցինք նաև զինվորական ստորաբաժանումների՝ ժառանգություն ստացած ամբողջ ենթակառուցվածքը՝ պահեստներ, զորանոցներ. հիմա այնտեղ արդեն մեր զինվորներն էին տեղավորվել: Մի քանի սովետական սպաներ չցանկացան մեկնել. հիմնականում մարդիկ էին, որոնք Ղարաբաղում անցկացրած տարիներին սերտ բարեկամություն էին հաստատել մերոնց հետ: Կամավոր մնացին նաև Սեյրան Օհանյանի և Մովսես Հակոբյանի որոշ ծառայակիցներ: Մենք այդ ժամանակ պրոֆեսիոնալ զինվորականների խիստ կարիք ունեինք, իսկ այդ մարդիկ անկեղծորեն ուզում էին օգնել: Նրանցից ոմանք մեկնեցին մի քանի ամիս անց, ոմանք ավելի երկար մնացին, և նույնիսկ, երբ արդեն սկսվել էր լայնածավալ պատերազմը, մասնակցում էին մեր կողմից:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...