Skip to main content

Կյանքը կրակի տակ

 

Այդ ամբողջ ընթացքում Ստեփանակերտի հրետակոծությունը շարունակվում էր: Սկզբում կրակում էին հակակարկտային «Ալազան» կայանքներով: Սովորական հրթիռի գլխիկը փոխում էին՝ դատարկելով ամպերը ցրելու համար նախատեսված նյութը, ու փոխարինում ամոնիտով. այդպիսով, դաշտերն ու բերքը պաշտպանելու համար արված գյուտը վերածվում էր ավերի ու սպանության գործիքի: Հետագայում, մեր դառը փորձից սովորելով, մենք էլ որպես հրետանի կօգտագործենք «Ալազանը», բայց մինչ այդ այն ուղղված էր մեր դեմ: Քաղաքին խփում էին Շուշիից ու մերձակա ադրբեջանական գյուղերից. դիրքի շնորհիվ Ստեփանակերտին մոտ ու բարձր լինելով՝ դրանք իդեալական կրակակետեր էին դարձել, որտեղից անպաշտպան քաղաքն ասես ափի մեջ լիներ: Այդ զենքը նշանառու հեռահարություն չուներ, դրա համար էլ պարզապես կրակի տակ էին առնում տարածքները:

Շատ շուտով «Ալազանին» փոխարինելու եկավ մարտական հրետանին: Ադրբեջանի բախտը բերել էր. նրա տարածքում տեղակայված էին բազմաթիվ զորամասեր, 3 զինվորական օդանավակայան ու Անդրկովկասի զինվորական օկրուգի զինամթերքի պահեստը: Այնտեղ բազմապատիկ ավելի սպառազինություն կար, քան Հայաստանում, և այդ ամենը միանգամից Ադրբեջանի սեփականությունն էր դարձել:

Բաքվից տեխնիկան ու զինամթերքը Լաչինով տեղափոխվում էր Շուշի և Ստեփանակերտի շրջակա սարերի վրա գտնվող ադրբեջանական գյուղերը: Ամեն նոր առաքում անմիջապես զգում էինք մեզ վրա. լսում ու տեսնում էինք հրետակոծությունների ավելի ու ավելի ավերիչ դարձող հետևանքներով: Հրանոթների տրամաչափն անընդհատ խոշորանում էր: Շուտով ԼՂՀ քաղաքների ու գյուղերի վրա սկսեցին կրակ տեղալ «Գրադ»-ները, իսկ 1992 թվականին հրետանուն գումարվեցին նաև ավիագրոհները: Որոշ օրերի Ստեփանակերտի վրա 3-4 հարյուր արկ էր ընկնում և ավերածությունները քաղաքում շատ էին:

Միայն Շուշին ազատագրելուց հետո Ստեփանակերտն անհասանելի դարձավ հրետանու բազմաթիվ տեսակների համար, ու հրետակոծությունների խտությունն անմիջապես նվազեց: Բայց քաղաքը դրանից լրիվ ազատվեց միայն 1993 թվականի ամռանը՝ Աղդամի ուղղությամբ մեր զորքերի հաջող հարձակումից հետո: Ճիշտ է, այդ ժամանակ հաճախակի էին դարձել ավիահարվածները՝ ինչպես սովորական, այնպես էլ գնդիկավոր ռումբերով:

Հիմա լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվում զինված հակամարտությունների գոտիներում. իրավիճակն ամենուր զարգանում է նույն տրամաբանությամբ: Առանձնակի տարբերություն չկա, թե որտեղ է ծագում հակամարտությունը՝ Ուկրաինայում, Դոնեցկում, թե Սիրիայում: Հասկանում եմ, թե իրենց ինչպես են պահում և ինչ են զգում տևական ժամանակ հրետակոծությունների տակ, մարտական գործողությունների գոտում ապրող մարդիկ: Կողքից կարող է թվալ, թե մշտական սարսափի մթնոլորտում են: Գուցեև իմ զգացողությունները սուբյեկտիվ են, բայց վստահ եմ, որ այնքան էլ այդպես չէ: Հակամարտության, լարվածության, հրետակոծությունների ուժգնության աճը միանգամից չի լինում: Սովորական կենսակերպը վատանում է աստիճանաբար, վտանգը դառնում է առօրյայի մաս, բնական միջավայր: Մարդիկ ապրում են տագնապի մշտական զգացողությամբ, բայց դա արդեն վախ չէ:

Այդպես էր զարգանում իրավիճակը նաև մեզ մոտ:

Սկզբում, երբ մեզ խփում էին «Ալազան»-ներից ու հիմնականում գիշերը, քաղաքը դեռ փորձում էր ապրել սովորական կյանքով, մեծերն առաջվա պես գործի էին գնում, երեխաները՝ դպրոց: Ճիշտ է, այդ հրետակոծություններն ապրածները մինչ օրս էլ ցնցվում են ընկնող ու պայթող «Ալազանի» յուրահատուկ չպպոցի հիշողությունից՝ «Տսչյա՛կ»: Հետո ավելի հզոր զենք հայտնվեց, մեծացավ հրետակոծության հաճախականությունն ու խտությունը, վտանգի աստիճանն էլ աճեց, բայց մարդիկ դրան էլ էին վարժվում. տեղափոխվում էին պակաս վտանգավոր շրջաններ, իջնում էին նկուղներում ապրելու:

Մենք էլ երեխաների հետ, Ստեփանակերտի շատ ու շատ ընտանիքների պես, մի քանի տարի ապրեցինք նկուղում: Քչերը կարող էին հարազատներին տեղափոխել անվտանգ գյուղեր: Նկուղ չունեցող կամ առավել կրակավտանգ գոտում հայտնված շենքերի բնակիչները տեղափոխվում էին հարևանների մոտ, ավելի անվտանգ տեղեր: Մեր ոչ մեծ, ընդամենը 4 բնակարան ունեցող երկհարկանի շենքը համեմատաբար հաջող տեղում էր: Չնայած արկերը մի 2 անգամ հասել էին, բայց լուրջ ավերածություններ չպատճառեցին: Ամեն բնակարան իր տեղն ուներ նկուղում, ու մեզ մոտ մշտապես 3-4 ընտանիք էր ապրում հարևան շենքերից:

Ավելի անվտանգ դարձնելու համար նկուղի փոքրիկ պատուհանները ներսից պատել էինք ավազի պարկերով, որոնք պաշտպանում էին բեկորներից: Մահճակալները, իհարկե, բոլորին չէին հերիքում, դրանց վրա քնում էին երեխաները: Մյուսները տեղավորվում էին՝ ինչպես կարող էին: Օրինակ, հանած դուռը մահճակալ էր ծառայում կնոջս համար, նրա քույրը քնում էր թենիսի սեղանի վահանակին. ժամանակին՝ խաղաղ տարիներին, մենք դրա վրա պինգ-պոնգ էինք խաղում: Կանայք փորձում էին նույնիսկ այդ պայմաններում հարմարավետություն ստեղծել. պատերին գորգեր էին կախել, իսկ նոր տարուն տոնածառ զարդարեցին: Գորգերը որպես լրացուցիչ ջերմամեկուսիչ էին ծառայում. ձմռանը մեզ մոտ խոնավ է, ու պատերը ցրտից սառցակալում էին: Հագուստներով էինք քնում, սառչում էինք, չնայած նկուղում թիթեղյա վառարան էինք դրել: Քաղաքում արդեն էլեկտրականություն չկար, նավթավառ էինք օգտագործում: Այդպես էլ բոլորս միասին ապրեցինք 2 տարի: Ասենք, մեր կոմունան ամենից բազմամարդը չէր. ընդարձակ նկուղներ ունեցող որոշ շենքերում միաժամանակ 15-20 ընտանիք էլ էր տեղավորվում:

Մարդն ամեն ինչին սովորում ու հարմարվում է:

Հրետակոծությունների ժամանակ բոլորը թաքնվում էին նկուղներում, ու հենց լռություն էր տիրում, կյանքը վերադառնում էր: Մարդիկ դուրս էին գալիս փողոց և, ասես ոչինչ չէր եղել, անցնում իրենց գործերին. որևէ բան էին նորոգում, վերականգնում ավերվածը, հավաքում աղբը: Այդ կարճ դադարներին կանայք, նկուղից տուն բարձրանալով, հասցնում էին արագ հաց թխել: Թխում էին՝ տանը երկյուղած հետուառաջ անելով, շտապելով, որ հասցնեն մինչև նոր հրետակոծությունը:

Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ: Կնոջս հարցրի՝ ինչ է հիշում այդ ժամանակից, սարսափելի՞ էր: Ասաց. «Երևի վախ կար: Բայց ոչ միայն վախ. դրա հետ մեկտեղ նաև հաղթանակի հավատ կար, վստահություն, որ պիտի անցնենք այդ ամենի միջով: Հիշում եմ ծննդյանս օրը՝ 1992 թվականի հունվարի 31-ին: Ես ու քույրերս փլավ էինք եփել, ընկերուհիներիս էի սպասում, և այդ ժամանակ ուժեղ հրետակոծություն սկսվեց: Ահավո՛ր: Սարսափելի էր: Իհարկե, ոչ մեկը չեկավ: Մենք իջանք նկուղ, ու հանկարծ մտածում եմ. «Ինչի՞ց եմ վախենում: Չէ՞ որ բոլորս երբևէ մեռնելու ենք…»: Ու դա օգնեց: Իրականում ամենասարսափելին վախն է, որովհետև կաշկանդում, կաթվածահար է անում մարդուն: Հաջորդ օրը բարձրացա վերև ու սկսեցի սպիտակեղենն արդուկել՝ քթիս տակ դնդնալով, ասես ոչինչ էլ չէր եղել: Ինձ շատ կարևոր էր թվում, որ ամեն ինչ առաջվա պես լինի: Երեխաները միշտ խնամված տեսք ունենան: Չնայած ջուրը չէր հերիքում, լողացնում էինք երեխաներին, հետո այդ ջրով լվանում սպիտակեղենը և նույնիսկ արդուկում: Պետք է ազատագրես քեզ ահա այդպիսի արտակարգ վիճակներում, ազատես վախից: Բայց երեխաների համար, իհարկե, վախենում էի…»:

Երեխաները պատերազմի ժամանակ արագ են մեծանում: Իմ 10 տարեկան տղան հրետակոծության տակ գնում էր ջրի: Հարմարացրել էր հին մանկասայլակը. վերևը հանել էր, տեղը մի մեծ ալյումինի բիդոն դրել, ու ձեռնասայլակի պես բան էր ստացվել, որը միանգամայն կարողանում էր կառավարել: Գյուտը նոր չէր. սայլակներով դույլեր ու բիդոններ տանող երեխաների կադրեր վաղուց էինք տեսել՝ Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմերում:  Պատահում էր՝ տղաս ընկերների հետ ջրի գնացած էր լինում, հանկարծ Շուշիից սկսում էր աշխատել հրետանին: Երեխաներն ակնթարթորեն էին կողմնորոշվում, շատ արագ սովորել էին հարմար թաքստոցներ գտնել: Թաքնվում էին, սպասում ու երբ ամեն ինչ խաղաղվում էր, շարունակում էին իրենց ճանապարհը:

Մի այդպիսի, առանձնակի ուժեղ հրետակոծության ժամանակ՝ 1992 թվականի փետրվարի 20-ին, կինս արկի բեկորից վիրավորվեց: Կրակում էին Քյոսալար գյուղից: Բելլան ինչ-որ բան պիտի վերցներ տնից, նկուղից դուրս էր եկել, բարձրացել աստիճաններով, սկսվել էր հերթական հրետակոծությունը: Արկը բակում էր պայթել, բայց բեկորը բաց դռնից ընկել էր ներս, հետ թռել պատից ու դիպել Բելլային: Այդ պահին հենց մեր հարևանուհու դռան առաջ էր եղել, ու նա վիրավորին տարել էր ներս: Պարզվել էր՝ ազդրն է վնասվել: Թափանցող, լուրջ վերք: Բարեբախտաբար ոսկորը չէր վնասվել: Արագ տեղափոխել էին հոսպիտալ, ռադիոկապով հայտնեցին ինձ: Շտապ հասա այնտեղ, երբ արդեն վիրահատում էին: Փոքրիկ շարժիչի տված հոսանքը միայն վիրահատության սենյակն էր լուսավորում,նկուղի մնացած մասում,- մարզկոմի շենքի ռմբապաստարանի, որտեղ այդ ժամանակ հոսպիտալն էր,- առկայծում էր նավթի լամպի աղոտ լույսը:

Մի քանի օրից, երբ Բելլան մի քիչ ուշքի եկավ, նրան երեխաների հետ ուղարկեցի գյուղ՝ հարազատների մոտ, որ կազդուրվի ու վերականգնվի: Ուղարկեցի մի քանի ամսով, չնայած նրա դիմադրությանը. Ստեփանակերտն այդ ժամանակ առանձնակի դաժանությամբ էր հրետակոծվում, ես համարյա տուն չէի գալիս, իսկ Բելլան խնամքի կարիք ուներ:

Այդ բոլոր տարիներին ընտանիքս կողքիս է եղել: Իհարկե, կարող էի նրանց տեղափոխել հարազատներիս մոտ՝ Հայաստան, որտեղ անվտանգ էր: Այդպիսի հնարավորություն շատերն ունեին, համարյա ամեն ընտանիք ազգականներ ուներ Հայաստանում: Այդ հարցը քննարկել էինք շարժման ղեկավարների շրջանում: Ոմանք ասում էին՝ եթե ընտանիքն անվտանգության մեջ լինի, տղամարդը կարող է լիովին նվիրվել ծառայությանը: Իսկ ես կարծում էի, որ ընտանիքների տարհանումը կխախտի ղարաբաղցիների հավատը հաջողության հանդեպ. եթե ղեկավարները երեխաներին ու հարազատներին դուրս են բերում, ուրեմն հենց իրենք կասկածում են հաղթանակին: Ճգնաժամային իրավիճակներում, մանավանդ պատերազմի ժամանակ, մարդկանց վստահությունը չափազանց կարևոր է, ու մենք չէինք ցանկանում այն կորցնել: Բացի դրանից՝ չկա մինչև վերջին շունչը կռվելու ավելի ուժեղ ազդակ, քան զգացումը, որ զենքը ձեռքիդ պաշտպանում ես ընտանիքդ: Մենք որևէ հատուկ որոշում չկայացրինք, բայց մեր մեջ պայմանավորվեցինք ընտանիքները դուրս չբերել:

Ադրբեջանը կռվում էր տարածքի համար, որտեղ մենք ապրում էինք: Մենք՝ ղարաբաղցիներս, նրան պետք չէինք: Բնակավայրերի հրետակոծությունը Ղարաբաղի ներսում պետք է վախեցներ մեզ ու ստիպեր լքել մեր հողը: Հենց այդպես էլ ընկալում էինք տեղի ունեցողը: Այսօր կարող եմ խոստովանել, որ պատերազմի տարիներին երեխաներիս, կնոջս ու մորս Ղարաբաղում թողնելու որոշումը ամենածանրն է եղել երբևէ ընդունած իմ բոլոր որոշումներից:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...