Skip to main content

Հայաստան-Մերձավոր Արևելք

 

Ավանդաբար ընդունված է համարել, որ այս տարածաշրջանը Հայաստանի համար ունի յուրահատուկ նշանակություն, և Հայաստանը սերտորեն կապված է այս տարածաշրջանի հետ: Արդյո՞ք կապող գործոնը միայն Սփյուռքն է, որին առանձին կանդրադառնանք: Ընդհանրապես նորանկախ շրջանում այս տարածաշրջանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների դինամիկան ինչպե՞ս կգնահատեք:

Գործոնները բազմաթիվ են: Եթե փորձենք պարզապես թվարկել և ոչ թե դրանցից յուրաքանչյուրի արժեքը գնահատել ու հերթականություն սահմանել, իհարկե, տարբեր երկրներում Ձեր նշած Սփյուռքի գործոնն իր դերակատարությունն ունի, բայց երբևէ չի կարելի ասել, որ սա միակ, անգամ ամենակարևոր և առաջնահերթ գործոնն է: Ես այդ գործոնների մեջ հավանաբար առաջնահերթություն կտայի «դոմինոյի էֆեկտին»՝ տարածաշրջանը մեզ աշխարհագրորեն մոտ է այնքան, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող որևէ զարգացում հնարավոր չէ, որ իր պրոյեկցիան, իր հետ բերած հետագիծը չթողնի նաև մեր տարածաշրջանի վրա: Այսինքն, մենք այստեղ իրապես գործ ունենք, ամեն ինչից զատ, աշխարհագրական դիրքի և մասշտաբի էֆեկտի հետ, որովհետև այստեղ խնդիրները բավական ավելի մեծ են, ավելի մեծ ներգրավմամբ են, ավելի շատ շահերի բախմամբ են: Եվ եթե այստեղ ինչ-որ բան «եփվում» է, ինչ-որ բան հասնում է տարաբնույթ կուլմինացիաների կամ էսկալացիաների, այն միանգամից ազդեցություն է թողնում հարևան տարածաշրջանների վրա, իսկ մենք իրականում գտնվում ենք հարևանությամբ:

Դեռ իրաքյան խնդիրների ժամանակ, խոսքը վերաբերում է թե՛ Իրան-իրաքյան պատերազմին, թե՛ Իրաք-Քուվեյթ ռազմական հակամարտությանը, թե՛ Իրաքի դեմ իրականացված ռազմական գործողություններին, մեր հայրենակիցներից շատ քչերն էին պատկերացնում, որ Իրաքում տեղի ունեցողը շատ մոտ է մեր տարածաշրջանին, օրինակ՝ Երևանից Բաղդադ ուղիղ գծով մոտավորապես 800 կմ է:

Մենք խոսում ենք առավելապես մուսուլմանական ազգաբնակչության մասին՝ իր ճյուղավորումներով՝ շիաներ, սուննիներ, ալավիներ, սակայն սա արդեն Հայաստանի անկախանալուն զուգահեռ դեպի մեզ ունեցել է նաև լիովին այլ դրսևորում: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը մշտապես փորձել է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն և այդ գործընթացում բավական լուրջ ակնկալիքներ է ունեցել Մերձավոր Արևելքի երկրներից, այսինքն՝ մուսուլմանական երկրներից: Հետևաբար, այս հանգամանքը ժամանակի ընթացքում սկսել է լրացուցիչ ուրույն բնույթ կրել, որովհետև փորձ է արվել այս երկրներին դարձնել հակամարտության հետ առնչվող և դրանով տրամադրություններ ստեղծել: Դա եղել է մշակված քաղաքականություն: Պատահական չէ, որ իր կազմում բազմաթիվ երկրներ ընդգրկող Իսլամական համագործակցության կազմակերպությունը ՀՀ անկախության ողջ շրջանում ընդունել է բազմաթիվ հակահայկական բանաձևեր արցախյան հակամարտության, դրա կարգավորման գործընթացի հետ կապված:

Այս ամենին գումարած այն, որ մեր անմիջական հարևանները՝ Թուրքիան և Իրանը, շատ լուրջ շահեր ունեն Մերձավոր Արևելքում: Սա էլ արդեն ածանցյալ որոշակի ազդեցություն է ունենում Հայաստանի ունեցած հարաբերությունների կամ Հայաստանի կողմից վարվող քաղաքականության վրա:

Այսինքն, սրանք գործոններ են, որոնք մեզ համար՝ որպես նորանկախ երկիր, դեռ ԽՍՀՄ փլուզումից ի վեր չէին կարող իրենց դերն ու նշանակությունը չունենալ և չէին կարող որևէ կերպ դեպի այս ուղղություն ուշադրություն չսևեռել:

Իսկ ի՞նչ դրսևորում է ունեցել այդ ուշադրությունը և ներկայումս մեր հարաբերություններն այդ երկրների հետ ի՞նչ մակարդակի վրա են՝ հատկապես հաշվի առնելով նաև Ձեր նշածը, որ Ադրբեջանին հաջողվել է կոնսոլիդացնել այդ երկրներին իր մոտեցումների շուրջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հաջողելուն, մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արդյունքները 0-1-ով կամ հաղթելով-պարտվելով չեն չափում: Ինչ-որ հարցերում հաջողել է, ինչ-որ հարցերում չի հաջողել, հնարավոր է եղել դիմագրավել: Եթե հակառակ կողմից օրինակը բերեմ, նորանկախ Հայաստանին 30 տարիների ընթացքում տարբեր փուլերով, տարբեր ժամանակահատվածներում հաջողվել է բնականոն հարաբերություններ զարգացնել արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ՝ անգամ Ադրբեջանի այդ մշտական աշխատանքը հաշվի առնելով: Եվ ընդամենը մեկ երկիր այդ տարածաշրջանից՝ Սաուդյան Արաբիան, շատ երկար ժամանակ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չէր ցանկանում հաստատել՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հակամարտությամբ և Ադրբեջանի դիրքորոշմանը սատար կանգնելով: Չեմ ցանկանում որևէ կերպ նսեմացնել Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում և նրա ուժն ու կարողությունը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը լիարժեք հաջողել է միայն կոնկրետ այդ երկրի պարագայում: Այսինքն, մնացած ողջ դաշտի հետ՝ մի տեղ ավելի սերտ՝ կրկին ելնելով բազմաթիվ գործոններից, մի տեղ ավելի քիչ, բայց Հայաստանին հաջողվել է հարաբերություններ զարգացնել:

Տնտեսական կապերը տարածաշրջանի հետ նույնպես բավական մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Ո՞ր երկրներն են այս համատեքստում հատկապես կարևոր մեզ համար:

Եթե դիտարկենք տնտեսական ցուցանիշները, օրինակ, ապրանքաշրջանառությունը, ականատես կլինենք, որ ԱՄԷ-ն վերջին տարիներին Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական գործընկեր է դառնում:

Տարածաշրջանի երկրներից հայ-եգիպտական տնտեսական համագործակցությունը մշտապես եղել է երկու երկրների ուշադրության կենտրոնում և շարունակական աճ է արձանագրում: Համագործակցության հնարավորություններ ընդգծվել են զբոսաշրջության, առևտրատնտեսական, ներդրումների, ՏՏ ոլորտում: Հայաստանը դերակատարություն ունի Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության խորացման, առևտրի ազատականացման հարցում, ինչն ընդգծվել է նաև Եգիպտոսի վարչապետի կողմից:

Ավանդաբար ամուր են եղել կապերը Սիրիայի հետ: Տնտեսական բազմաթիվ համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր, հուշագրեր, արձանագրություններ կան՝ տրանսպորտի, արդյունաբերության, հարկային, մաքսային համագործակցության և այլ ուղղություններով:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...