Skip to main content

Հայաստանի հարաբերությունները Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ

 

Չնայած աշխարհագրական հեռավորությանն ու տարբերություններին, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան ունեն մի շարք ընդհանրություններ՝ պայմանավորված պատմությամբ ու Մեծ Բրիտանիայի գաղութ, ապա դոմինիոն լինելու հանգամանքով: Այսօր էլ այս 3 երկրներն Ազգերի համագործակցության անդամ պետություններ են: Ի՞նչ դերակատարում ունի համատեղ անցյալի ու բրիտանական ժառանգության հանգամանքը, և ի՞նչ ընդհանուր օրակարգ է թելադրում:

Եթե դիտարկենք այն տեսանկյունից, թե այդ հանգամանքն ինչ դերակատարում ունի երկրներից յուրաքանչյուրի համար, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի տարանջատենք ներքին ու արտաքին օրակարգերը: Բնականաբար, այս 3 պետությունների ներքին կյանքում սա խիստ արտահայտված է՝ լեզվից ու քաղաքակրթական ընդհանուր առանցքից մինչև իրավական համակարգեր:

Ինչ վերաբերում է արտաքին օրակարգերին, ապա, իհարկե, նմանություններն այստեղ ևս բավական շատ են: Բայց մինչև դրանց մասին խոսելը, կուզեի ընդգծել նաև, որ այս պարագայում հարցն անգամ չի սկսվում ու ավարտվում այդ նմանություններով: Սրանք այն երկրներն են, որոնք ունեն փոխգործակցության, խորհրդակցությունների միջոցով միասնական օրակարգեր ձևավորելու, այդ օրակարգերում իրար հնարավորինս աջակցելու լուրջ ավանդույթ, և սա միշտ պետք է աչքի առաջ ունենալ: Ավելին, եթե փորձենք մի փոքր ավելի խորանալ, կտեսնենք, որ անգամ այդ օրակարգերի առաջմղման հարցերում ունեն «աշխատանքի բաժանման» շատ յուրօրինակ պրակտիկա՝ կախված նրանից, թե ընդհանուր շահերի կամ ընդհանուր տեսլականի ներքո յուրաքանչյուրն ինչ դերակատարում կարող է ստանձնել: Բայց այդ դերակատարումը ստանձնում են առաջ մղելու ոչ թե սեփական, այլ ընդհանրական շահը: Սա շատ կարևոր հանգամանք է:

Սրա ներքո ինչ-որ փուլից, հավանաբար, հարկավոր է ընդլայնել հայացքը՝ տեսադաշտում ներառելով նաև Միացյալ Թագավորությանը և Միացյալ Նահանգներին, դիտարկելով Ազգերի համագործակցությունը: Ընդհանրապես, այդ հնգյակը՝ Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, իհարկե, ունի իր օրակարգը, որն, այո, շատ ավելի լայն է, շատ ավելի ընդգրկուն: Եվ այդ օրակարգը տեսանելի է աշխարհում՝ շնորհիվ միասնական ճակատով գործելու, համագործակցված դերաբաշխման՝ այդ թվում և առաջին հերթին՝ ըստ տարածաշրջանների:

Ձեր նշած համագործակցության երևի թե ամենահայտնի դրսևորումներից մեկն այս 5 պետությունների համատեղ հետախուզական դաշինքն է, որ ստացել է «Հինգի աչք» անվանումը, թեև շատ օրինակներ էլ կարող ենք բերել: Հետաքրքիր է՝ նման լայն օրակարգերում Կանադան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան ունե՞ն հստակ տարբերակիչներ, առանձնահատկություններ:

Չեն կարող չունենալ: Դրանցից ամենաառանցքայիններից կամ ամենատեսանելիներից է Կանադայի օրինակը, որը թեև հաջող կերպով փոխգործակցում է այս ձևաչափի ներքո, բայց ունի յուրահատկություններ, օրինակ՝ ի դեմս իր ներսում առկա ֆրանսիական գործոնի՝ ի հաշիվ Քվեբեկի:

Ձեր նշած առանձնահատկության կարևոր ցուցիչ է նաև նախաձեռնողականությունը. մի բան է, երբ երկիրը միանում է նախաձեռնությանը, այլ բան է, երբ երկիրն ինքն է նախաձեռնում: Այս տեսակետից Կանադան, իհարկե, չի կարելի համեմատել Միացյալ Նահանգների կամ Միացյալ Թագավորության հետ, բայց եթե համեմատելու լինենք Նոր Զելանդիայի հետ, իհարկե, շատ ավելի նախաձեռնող է:

Մյուս էական գործոնը տարածաշրջաններն են և ազդեցության իմաստով՝ տարբեր երկրների դերակատարումը կամ կարևորությունը: Օրինակ՝ բարդ է չէ՞ պատկերացնել Կանադայի ուղիղ դերակատարում Հարավարևելյան Ասիայում: Իսկ Ավստրալիան այնտեղ շատ լուրջ դերակատարում ունի: Սրանից ելնելով էլ արդեն գործ ունենք աշխարհագրական դիրքից, հարևանությունից, տարածաշրջանից եկող խնդիրների, մարտահրավերների, դրանից բխող նախաձեռնողականության, բանակցային տարաբնույթ գործընթացների, սեփական կարճաժամկետ, բավական լոկալիզացված շահերի և դրանց հատման հետ, որոնք այս երկրները համատեղ են առաջ մղում:

Լրիվ տարբերվող է Նոր Զելանդիան՝ ելնելով առաջին հերթին սեփական նախաձեռնողականությունից ու, առնվազն, ոչ մեծ ակտիվությունից: Պարզագույն օրինակ բերեմ՝ Նոր Զելանդիայի մասին հաճա՞խ եք հանդիպում որևէ տեղեկատվության միջազգային լրահոսում: Եթե գործ չունենանք, Աստված չանի, ֆորս-մաժորի, բնական աղետների, լուրջ իրադարձությունների հետ, կարող է անգամ ամիսներ, տարիներ շարունակ Նոր Զելանդիայի մասին որևէ լուր չհանդիպենք: Սա ոչ միայն երկրի որդեգրած քաղաքականության մասին է խոսում, այլ, առաջին հերթին, իր տարածաշրջանի մասին, նրա աշխարհագրական տեղի՝ դրանից բխող բաղադրիչներով: Պատահական չէ, որ ինչ-որ իմաստով նաև հումորով, բայց ընդունված է ասել, որ աշխարհում ամենահանգիստ տեղը Նոր Զելանդիան է: Սա այն դեպքն է, երբ տարածաշրջանը երկրին տալիս է աշխարհի ամեն ինչով «չեփվելու» հնարավորություն ու որոշակի նախադրյալներ՝ կենտրոնանալու դեպի ներս՝ իր զարգացման խնդիրների վրա: Պարզ է չէ՞, որ այն համադրելի չէ որևէ թեժ տարածաշրջանի հետ:

Հետևաբար, Կանադան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան, չնայած իրենց ընդհանրություններին, ունեն նաև շատ լուրջ ու շատ օբյեկտիվ տարբերություններ, որոնք, սակայն, ոչ միայն չեն խոչընդոտում այդ համագործակցությանը, այլ նոր հնարավորություններ են բացում: Որպես տարբերակիչ, այս դեպքում՝ ուղղակիորեն առնչվող մեզ, կարող ենք նշել նաև դեպի Հայաստան ու հայություն այս երկրների հետաքրքրվածության, ակտիվության աստիճանը, որտեղ, անշուշտ, Կանադան ու Ավստրալիան մի հարթության մեջ պիտի դիտարկենք, Նոր Զելանդիան՝ մեկ այլ:

Խոսեցիք Քվեբեկի խնդրից՝ ինքնորոշման իրավունքի հարց, որը յուրահատուկ ընթացք, զարգացումներ ունեցավ: Որքանո՞վ Կանադային հաջողվեց այս հարցին լուծում տալ, և արդյո՞ք այդ լուծումը վերջնական է:

Այդ հարցը, թեման ժամանակ առ ժամանակ ունենում է վայրիվերումներ. ինչ-որ պահի ավելի ակտուալ և օրակարգային է դառնում, այնուհետև՝ հետ մղվում, հանդարտվում: Իհարկե, սա, առաջին հերթին, պայմանավորված է ժողովրդավարության մակարդակով, արդեն կայացած մշակույթով, ավանդույթներով, որոնց պարագայում ինքնորոշման հարցն անգամ չի հանգեցնում այն կարգի սուր դրսևորումների, ինչի ականատեսը կարող ենք լինել աշխարհի այլ տարածաշրջաններում: Բայց, մյուս կողմից, այն նաև չի կորցնում իր յուրահատկությունը, և այստեղ կա որոշակի տարբերություն, որը պետք է հաշվի առնել և քաղաքականություն մշակելիս մշտապես աչքի առաջ ունենալ: Տեսե՛ք, Կանադան այս հարցի նկատմամբ անտարբեր չէ և չի կարող անտարբեր լինել, ինչն իր պրոյեկցիան է ունենում արդեն քաղաքականության վրա: Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆրանկոֆոն քաղաքը Մոնրեալն է, որը համարվում է նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս ֆրանկոֆոն բնակչության մշակութային կենտրոնը: Այո, այսօր Կանադան, առաջին հերթին, իր ժողովրդավարական ավանդույթների շնորհիվ, կարողացել է, կարողանում է քաղաքակիրթ լուծումներ ապահովել, բայց հետևո՞ւմ է արդյոք այստեղից, որ երաշխավորված ենք, որ այս հարցը երբևէ չի ստանա տարաբնույթ սրացումներ, իհարկե՝ ո՛չ: Տեսնում ենք, թե աշխարհն ինչ արագությամբ է փոխվում, ինչ վայրիվերումներ կան:

Անդրադարձաք դեպի Հայաստան ու հայություն այս երկրների հետաքրքրվածության, այս ուղղությամբ ակտիվության թեմային: Եթե փորձենք առավել մանրամասն անդրադառնալ այս հարցին, ապա ինչպիսի՞ տեղ ունենք մենք այս պետությունների արտաքին քաղաքական օրակարգերում, թե՞ մոտեցումները դեպի մեզ տեղավորվում են առավելապես ընդհանուր արևմտյան կամ բրիտանա-ամերիկյան ուղղության շրջանակներում:

Շատ կարևոր է, որ 2 մոտեցում իրարից տարանջատենք: Միանգամայն տարբեր հարցեր են՝ նախաձեռնությունն իրենցի՞ց է, թե՞ մեզնից: Եթե նախաձեռնությունը մեզնից է, ապա, կարծում եմ, առավել քան հասկանալի է. մեզ նման փոքր երկրների համար շատ կարևոր է այլ երկրների հետ զարգացնել հարաբերություններ, հասկանալ, թե այդ հարաբերությունների ներուժը որտեղ իրացման ավելի լավ հնարավորություն ունի և փորձել այն կյանքի կոչել: Դժվար է իրականում գտնել որևէ երկիր կամ տարածաշրջան, որտեղ փոխադարձ շահերի կամ փոխադարձ համագործակցության ներուժ չլինի, հետևաբար՝ պետք չէ մտքում երկրագնդի վրա «սև խոռոչներ» պատկերացնել ու խուսափել գործելուց: Սա առավել քան կարևոր է: Ի դեպ, նման նախաձեռնողականությունն իր հիմքում կարող է չունենալ քաղաքական կամ անվտանգային բաղադրիչը, փոխարենը կարող է լինել տնտեսականը, մշակութայինը: Առավել ևս մեզ նման երկրների պարագայում, որոնք ունեն դրան նպաստող շատ օբյեկտիվ գործոն՝ ի դեմս Սփյուռքի: Կապ չունի, թե կոնկրետ երկրում հայկական սփյուռքի թվաքանակը որքան է: Ցանկացած պարագայում համայնքի առկայությունը կարող է կամրջող դերակատարում ունենալ:

Միևնույն ժամանակ չպետք է անտեսել մի շատ կարևոր հանգամանք: Պարզ է, չէ՞ որ փոքր երկրի համար այդքան հեռու տարածաշրջանների հետ հարաբերվելը ռեսուրսի խնդիր է, հետևաբար, հնարավորություններն էլ պետք է բավարարեն նման նախաձեռնողականության համար: Առաջին հայացքից թվում է՝ կարելի է այս օրակարգը, ուղղությունը թողնել, պայմանական ասած, «լավ օրվա»: Բայց կա երկրորդ խնդիրը՝ եթե այդ հարաբերությունները չես զարգացնում այսօր, քո փոխարեն դա անում են ուրիշները՝ առաջ մղելով քեզ հետ կապված հակադիր օրակարգեր: Այսինքն, մի կողմից դժվար է այդ ամենն իրականացնել բոլոր ուղղություններով, մյուս կողմից՝ չիրականացնելն իր մեջ հնարավոր չստեղծած կամ կորցրած օգուտի խնդիրն ունի: Եվ այդտեղ այդ բալանսները, ճիշտ ժամանակը գտնելը հեշտ չէ, պարզապես պետք է մշտապես մտքում ունենալ այն, որ երկրագնդի վրա չի կարելի թողնել «սև խոռոչներ»: Սա շատ կարևոր է:

Անդրադառնալով այս պետությունների՝ Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի կողմից նախաձեռնություններին՝ կարևոր է առանձնացնել 2 հարթություն՝ տարածաշրջան և Հայաստան: Հասկանալիորեն, դեպի տարածաշրջան կտրվածքը շատ ավելի լայն է, և եթե այս 3 պետության մեջ փորձենք համեմատական վերլուծություն անել, ապա Կանադան, իհարկե, առավել ակտիվ դերակատարում ունի, իսկ այս «եռյակից» համեմատաբար ավելի պասիվը Նոր Զելանդիան է: Եվ, անշուշտ, ինչպես մնացած պետությունների պարագայում, այստեղ ևս դեպի Հայաստան մշակվող քաղաքականության մեջ իր ուրույն դերն ունի հայկական սփյուռքը՝ ի դեմս Կանադայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայ համայնքների:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ ընդհանուր արևմտյան կամ բրիտանա-ամերիկյան օրակարգերի ներքո մեր տարածաշրջանը և/կամ Հայաստանը դիտարկելուն, ապա, իհարկե, ոչ ոք չի կարող բացառել ընդհանուր այդ օրակարգի շրջանակներում «պատվերի» կամ «պատվիրակման» գործոնը: Եվ սա գործոն է, որի դեմ ոչ թե խնդիր կա պայքարելու, դրան հակազդելու, դրանից լավ կամ վատ զգալու, այլ սա իրողություն է, իրական քաղաքականություն: Հետևաբար, սա պետք է իմանալ, հաշվի առնել և հետևություն անելով կառուցել սեփական քաղաքականությունը՝ դրանից եկող հնարավորությունները մեծացնելով, մարտահրավերներին ադեկվատ, օպտիմալ դիմագրավելով: Դիտարկենք, թեկուզ Երևանում Կանադայի դեսպանության բացման փաստը: Հետաքրքիր է, չէ՞, թե որ պահին առաջացավ Հայաստանում ռեզիդենտ դեսպանատուն ունենալու խնդիրը: «Օդից ընկա՞վ», հարաբերությունների զարգացո՞ւմը դրան հանգեցրեց, թե՞ գործ ունեցանք պատվիրակման կիրառման գործողության հետ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հստակ ամրագրումներ ունեն իրենց մեջ, հստակ ուղերձներ: Իսկ առհասարակ անհրաժեշտ է ոչ թե պատնեշներ գծել, այլ հասկանալ ցանկացած իրավիճակի ու գործոնի հետ աշխատելու ձևը: Օրինակ, մեզ համար չափազանց կարևոր էր Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը՝ հիշատակող թե՛ Արցախի շրջափակման փաստը, թե՛ միջազգային իրավունքի ու Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտումներն Ադրբեջանի կողմից, դատապարտող տեղի ունեցածն ու արցախահայության անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման կոչ անող: Կարևո՞ր է. իհա՛րկե: Ցանկացած իրավիճակում այս կամ այն քայլի, հայտարարության առիթը կարող է լինել միանգամայն այլ բան, բայց եթե հետևողական, թիրախային աշխատանք իրականացվի, հնարավոր է արդյունքում ստանալ բոլորովին ուրիշ բան:

2018 թվականից հետո Հայաստան-Կանադա հարաբերություններում ջերմացման ինչ-ինչ նշույլներ ի հայտ եկան: Ոմանք սա կարող են դիտարկել Ձեր նշածի ներքո, այսինքն՝ այն տրամաբանությամբ, որ դա Հայաստանի նոր ձևավորված իշխանությունների կողմից այդ «սև խոռոչները» վերացնելու քաղաքականության դրսևորում էր: Իսկ միգուցե պարզապես անձնական համակրանքի հա՞րց էր, որը կոնկրետ Կանադայի պարագայում նման դրսևորումներ ստացավ:

Իրականում, հայ-կանադական հարաբերությունների ջերմացումը 2 հիմնական բաղադրիչի հատում էր: Առաջին՝ 2018 թվականից հետո Հայաստանի գործող իշխանությունների կողմից երկրի արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք փոխելու ուղղությամբ քայլերի, փոխակերպումների ներքո էր: Չգիտեմ, գուցե տրամաբանությունն այն էր, որ եթե այդ փոփոխությունն անմիջականորեն չի արվում հիմնական գերակա ուժի ուղղությամբ, ապա նկատվելու և ուշադրություն գրավելու քիչ ռիսկեր է պարունակում:

Երկրորդ բաղադրիչը Կանադայի ակտիվությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և մեր՝ որպես ազգ, հանրություն, Ֆրանսիայի, ֆրանսերենի նկատմամբ ջերմ վերաբերմունքը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում շփումները հիմնականում դրական զգացողությունների, հույզերի առիթ տվեցին և արդյունքում դրսևորվեցին նաև հայ-կանադական հարաբերությունների վրա: Այս 2 հարթությունը, կուզեք՝ այս 2 գործոնը, բաղադրիչը, շատ հստակ աշխատել է: Եվ երբ դրանց համադրման պայմաններում 2 երկրների ղեկավարների շփում տեղի ունեցավ, պարզվեց, որ ինչ-որ յուրահատուկ համակրանք էլ կա, ինչը շատ արագ փոխանցվեց հանրությանը: Տեղի ունեցածը մոտավորապես այս տրամաբանության ներքո էր, և եթե վերադառնանք մեր զրույցի նախորդ հատվածին, ապա, այս դեպքում նաև «պատվիրակված էր»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ի դեպ, սա չի նշանակում, որ որևէ բացասական տրամադրվածություն կա Կանադայի կամ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի նկատմամբ: Մեր ու մեր տարածաշրջանի նկատմամբ վերջիններիս «պատվիրակված», «պատվիրված» քաղաքականությունը նորմալ է: Եվ ընդհանրապես, ոչ մի երկիր «լավը» կամ «վատը» չէ, պարզապես պետք է կարողանալ յուրաքանչյուրի հետ ադեկվատ աշխատել: Եթե դիմացի կողմի նպատակը տեսանելի է, անհրաժեշտ է այն հաշվի առնելով համարժեք աշխատանք իրականացնել՝ սեփական ազգային, պետական շահերն առաջնահերթ դասելով: Սա է խնդիրը և ոչ երբեք այս կամ այն երկրին էմոցիոնալ գնահատական տալը:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...