Skip to main content

Սեյյեդ Աբբաս Արաղչի

 

Երբ խոսում ենք դիվանագիտական բանակցությունների մասին, շատերի երևակայության մեջ մի պատկեր է ստեղծվում. կոկիկ հագնված, խնամված մարդիկ, ովքեր նստած են շքեղ սեղանների շուրջ՝ թանկարժեք սուրճ խմելով ու ժպտալով քննարկում են այն թեմաները, որոնք իրենց վստահվել են: Սակայն իրական պատկերը բոլորովին այլ է:

Երբ լրագրողները դուրս են գալիս բանակցությունների սրահից, ամեն ինչ հանկարծակի փոխվում է: Ժպտացող դեմքերը լրջանում են և երբեմն՝ նույնիսկ խոժոռվում: Այն փաստաթղթերը, թղթապանակներն և ժամանակակից դյուրակիր համակարգիչները, որոնք մինչ այդ հեռու էին հետաքրքրասեր լրագրողների աչքերից, հայտնվում են սեղանների վրա: Սկսվում է «կամքի և հմտությունների պատերազմը», և ի վերջո՝ բանակցությունների սրահից դուրս են գալիս հոգնած, կարծես փլուզված շինությունների տակից դուրս եկած դիվանագետներ:

Դիվանագիտական բանակցությունները մարտադաշտ են, իսկ դրանց միջոցով անցնելը նման է ականապատ տարածքը հաղթահարելուն՝ լարված ու վտանգավոր. ամենափոքր անուշադրությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նման դաշտում գտնվելը պահանջում է երկար և մանրակրկիտ նախապատրաստություն՝ ժամեր ու ժամեր շարունակ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 40 տարվա ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում անցել է զարգացումներով լի ճանապարհ: «Արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության» 3 հիմնարար սկզբունքների վրա խարսխված արտաքին քաղաքականության կառույցը, մի կողմից՝ հավատարիմ մնալով Իսլամական Հանրապետության արժեքային համակարգին, որն ամրագրված է Սահմանադրությամբ, մյուս կողմից՝ հաշվի առնելով միջազգային համակարգի բարդ զարգացումները և ժամանակի պահանջները, մշտապես կարևորել է ադապտացումն ու ճկունությունը: Այս ամբողջ ժամանակահատվածում բանակցությունը, որպես արտաքին քաղաքականության իրականացման մեթոդներից մեկը, առանցքային դեր է խաղացել Իրանի դիվանագիտության առաջմղման գործում: Դրա դրսևորումները տեսանելի են եղել արտաքին քաղաքականության բոլոր կարևոր հարցերում՝ սկսած Իրանի Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգի միջազգային ճանաչումից, մինչև Ամերիկայի դեսպանատան 444-օրյա պաշարման ավարտը, 598-րդ բանաձևի շուրջ բանակցությունները, Իրան-Իրաք պարտադրված պատերազմի ավարտը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից պատերազմը սկսող կողմի որոշարկումը, Իրանի ակտիվ մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպիսիք են Չմիավորված երկրների շարժումը և ներգրավվածությունը միջազգային ճգնաժամերի լուծման գործում, օրինակ՝ Ղարաբաղի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Տաջիկստանի, Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Կովկասի և այլ ճգնաժամերի պարագայում, և, ի վերջո, Իրանի և «5+1» խմբի միջև միջուկային բանակցությունները մոտ 1 տասնամյակ տևած ճգնաժամից հետո:

Այս գրքում նպատակ ունենք բացահայտելու և վերլուծելու բանակցությունների և մասնավորապես, քաղաքական բանակցությունների բնույթը, դրանց ձևավորման պատճառները և տեսակները, բանակցային ինտերակտիվ մոդելն ու ազգային կարողականության դերը՝ թե՛ կոշտ, թե՛ փափուկ մոտեցումներով: Կներկայացվեն քաղաքական բանակցությունների հմտություններն ու փուլերը՝ նախաբանակցային, բանակցային և հետբանակցային մակարդակներում: Վերջապես, կքննարկվեն բանակցողներին անհրաժեշտ գիտական, բարոյական և վարքագծային հատկանիշներն ու պահանջները:

Այս առանցքների շրջանակում համապատասխանաբար կդիտարկվի նաև հեղինակի սեփական բանակցային փորձը, այդ թվում՝ Իրանի և «5+1» խմբի միջև միջուկային բանակցությունների գործում, ընթերցողին այդ գործընթացներին առավել մոտիկից ծանոթացնելու համար:

«Բանակցության ուժը» վերնագրված այս գիրքը միանգամից ընդգրկում է 3 կարևոր ասպեկտ.

1.այն ուժը, որը բանակցությունները կարող են ապահովել երկրի համար

2.այն ուժը, որը պահանջվում է բանակցություններ վարելու համար

3.այն ուժն ու հմտությունը, որը պետք է ունենա բանակցողը

Աշխատությունը նախատեսված է անդրադառնալու հիմնականում հենց այս 3 հարցերին:

«Բանակցության ուժը» գիրքը հիմնված է ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձի վրա, որը ձեռք է բերվել Արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև վերջին 2 տարիների ընթացքում նույն թեմայով դասավանդման արդյունքում: Հույս ունեմ, որ այն օգտակար կլինի իմ գործընկերների համար արտաքին գործերի նախարարությունում, հատկապես երիտասարդ դիվանագետների համար, ովքեր երկրի դիվանագիտության ապագա հենասյուներն են: Գիրքը նաև կարող է օգտակար լինել այն հաստատությունների համար, որոնք իրենց արտաքին հարաբերություններում բախվում են քաղաքական և ոչ քաղաքական բնույթի բանակցությունների հետ:

Անհրաժեշտ եմ համարում երախտիքիս խոսքը հղել իմ սիրելի եղբորը՝ պարոն դոկտոր Մեհդի Սոբհանին, և տիկին դոկտոր Զահրա Բահրամիին, ովքեր էական ներդրում են ունեցել այս գրքի ստեղծման գործում: Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում «Էթթելաաթ» հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և տարածելու համար, և հատկապես «Էթթելաաթ» ինստիտուտում Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ պարոն դոկտոր Սեյյեդ Աբբաս Սաղեհիին, ում հովանավորությունն անգնահատելի է:

Վերջապես, խորին երախտագիտություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարներ՝ պարոնայք Ալի Աքբար Վելայաթիին, Սեյյեդ Քամալ Խարազիին, Մանուչեհր Մոթթաքիին, Ալի Աքբար Սալեհիին և Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որոնց հետ տարբեր պաշտոններում աշխատելու պատիվ եմ ունեցել: Լինելով նրանցից երեքի տեղակալը, շատ բան եմ սովորել նրանցից, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունում իմ մյուս ավագ գործընկերներից: Հատկապես երախտապարտ եմ պարոն դոկտոր Զարիֆին, ով վստահեց ինձ Իրանի Իսլամական Հանրապետության երկու ավագ բանակցողներից մեկի պաշտոնը միջուկային բանակցություններում: Նրա և պարոն դոկտոր Մաջիդ Թախթռավանչիի հետ աշխատելու փորձն անգնահատելի է և միշտ կմնա իմ հիշողության մեջ: Այս համագործակցությունը հարստացրեց իմ մասնագիտական փորձը, որի մի մասը ներկայացված է այս աշխատության մեջ: Պարոն դոկտոր Մոհամմադ Ջավադ Զարիֆի կողմից գրված առաջաբանն այս գրքի համար մեծ պատիվ է ինձ համար:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...